Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (12.03.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.06.17/62(1617).1 Հոդ.763.12
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
12.03.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
12.03.2020
Дата вступления в силу
12.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3200/02/16

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3200/02/16
2020 թ.

Նախագահող դատավոր՝ Ս. Թորոսյան  

Դատավորներ՝

Ն. Բարսեղյան

 

Ա. Մկրտչյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. հակոբյան

 

զեկուցող

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

   

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

   

Ե. Խունդկարյան

Գ. հակոբյան

 

 

ս. Միքայելյան

 

 

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

2020 թվականի մարտի 12-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ՄԱՆԱՆԱ ԳՐԵՅՆ» ՍՊԸ-ի իրավահաջորդ «ՄՈԴՈՒՍ ԳՐԱՆՈՒՄ» ՍՊԸ-ի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.07.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «ՄԱՆԱՆԱ ԳՐԵՅՆ» ՍՊԸ-ի իրավահաջորդ «ՄՈԴՈՒՍ ԳՐԱՆՈՒՄ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Վարդան Դարբինյանի, Արմենակ Խաչատրյանի, երրորդ անձինք «Տեղական» ՍՊԸ-ի և «Անդրե-Րենթեր» ՍՊԸ-ի` ի դեմս սնանկության գործով կառավարչի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Վարդան Դարբինյանից և Արմենակ Խաչատրյանից բռնագանձել 430.000 ԱՄՆ դոլարին համարժեք 206.541.900 ՀՀ դրամ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 12.03.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.07.2018 թվականի որոշմամբ Վարդան Դարբինյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 12.03.2018 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վարդան Դարբինյանի ներկայացուցիչ Ռոմեն Ահարոնյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 13-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 379-րդ հոդվածի 6-րդ մասը, որի հետևանքով սխալ է մեկնաբանել և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 381-րդ հոդվածի 5-րդ մասը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածը, ինչի արդյունքում սխալ է կիրառել 380-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Ընկերության ներկայացուցիչը Դատարանում գործի քննության ժամանակ, ինչպես նաև Վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ ի պատասխան դատավորների հարցին, թե որն է համարվում կիրառելի օրենսդրությունը սույն գործով, նշել է, որ սույն գործով կիրառելի է համարում ամբողջ ՀՀ քաղաքացիաիրավական օրենսդրությունը: Այս փաստը հաստատվում է դատական նիստերի արձանագրության կրիչների միջոցով: Հետևաբար Ընկերության այդ դիրքորոշումը հիմք է տալիս փաստելու, որ սույն գործով ներկայացված հայցի իրավական հիմք են հանդիսանում ոչ միայն հայցադիմումի մեջ վկայակոչված, այլև ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առկա և սույն իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի այլ իրավանորմերը: Հետևաբար Դատարանը, իրավահարաբերությունը որակելով որպես երաշխավորություն և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածը կիրառելով, դուրս չի եկել հայցի իրավական հիմքի շրջանակներից: Ընկերության դատավարական պարտականությունն է եղել հստակ ներկայացնել իր պահանջները, իր պահանջի հիմքում ընկած փաստերը, այդ փաստերը հիմնավորող ապացույցները, ինչը Ընկերությունը կատարել է պատշաճ կերպով: Հետևաբար նույնիսկ եթե Դատարանը վճիռը կայացնելիս դուրս է եկել Ընկերության ներկայացրած իրավական հիմքի շրջանակից, դրանով որևէ դատավարական նորմի խախտում թույլ չի տրվել և Վերաքննիչ դատարանը, այդ հիմքով բեկանելով Դատարանի վճիռը՝ կայացրել է չհիմնավորված և օրենքի պահանջներին չհամապատասխանող որոշում:

Գործում առկա ապացույցների համակողմանի վերլուծության դեպքում Վերաքննիչ դատարանը պետք է հանգեր այն իրավաչափ եզրակացությանը, որ Դատարանի կողմից Ընկերության և պատասխանողների միջև պարտավորական իրավահարաբերությունների առկայության հավաստումը հիմնվել է գործով ներկայացված ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտության վրա: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ գործով պատասխանող Արմենակ Խաչատրյանի կողմից հայցադիմումին չառարկելու, գործով ներկայացված մատակարարման հաշիվների, պատասխանող Վարդան Դարբինյանի կողմից պարտքի մարման վերաբերյալ համաձայնագիրը ստորագրելու փաստն ըստ էության չվիճարկելու, վկաների ցուցմունքով հիմնավորված՝ վերոնշյալ համաձայնագրի հիման վրա Վարդան Դարբինյանի կողմից հօգուտ Ընկերությանը վճարում կատարելու փաստի համադրված վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ սույն գործով Ընկերությունը և պատասխանողները, կամավոր կերպով մտնելով պարտավորաիրավական հարաբերությունների մեջ, ստանձնել են համապատասխան պարտավորություններ: Այս փաստը չի վիճարկվել պատասխանողների կողմից, քանի որ պատասխանող Վարդան Դարբինյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Վարդան Դարբինյանը վիճարկում է ոչ թե իր կողմից պարտավորություն ստանձնելու փաստը, այլ դրա իրավական գնահատականի հարցը:

Վերաքննիչ դատարանը, իր որոշմամբ Դատարանի հաստատած փաստերին չանդրադառնալով և Դատարանի վճռի բեկանման հիմքում դնելով բացառապես հայցի իրավական հիմքի շրջանակներից դուրս գալու փաստարկը, գործով չի իրականացրել օբյեկտիվ և բազմակողմանի քննություն և մի շարք այլ դատավարական նորմերի խախտումներ թույլ տալով՝ կայացրել է չհիմնավորված և օրենքի պահանջներին հակասող ակտ, ինչի արդյունքում խախտվել են բողոքաբերի իրավունքները:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող և Դատարանի կողմից հաստատված այն փաստերին, որոնք չեն վիճարկվել վերաքննիչ բողոքում, չի անդրադարձել այն փաստերին, որոնք հաստատել է Դատարանը, և վերաքննիչ բողոքում դրանք վիճարկվել են, սակայն Վերաքննիչ դատարանը դրանց վերաբերյալ հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս Դատարանը սխալ թույլ չի տվել:

Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում անդ­րա­դարձ չի կատարել վերաքննիչ բողոքի պատասխանի վերաբերյալ փաստարկներին՝ դրանով իսկ թույլ տալով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների խախտում:

Վերաքննիչ դատարանը, չնայած իր որոշման նկարագրական մասում անդրադարձ է կատարել նաև բողոքաբերի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի պատասխանի փաստարկներին, սակայն Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական մասում որևէ անդրադարձ չկա վերաքննիչ բողոքի պատասխանի փաստարկներին: Վերաքննիչ բողոքի պատասխանին չանդրադառնալով՝ Վերաքննիչ դատարանը բողոքաբերին դրել է այնպիսի պայմաններում, որոնք նրան պատասխանողների նկատմամբ դրել են էականորեն անբարենպաստ իրավիճակում: Ուստի Վերաքննիչ դատարանն այս մասով ևս թույլ է տվել դատավարական և նյութական իրավունքի մի շարք նորմերի խախտում և Վերաքննիչ դատարանի որոշումն այս մասով ևս չի համապատասխանում օրենքի պահանջներին:

Այսպիսով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնցով խաթարել է արդարադատության բուն էությունը: Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատավարական խախտումները իրենց բնույթով այնպիսին են, որ կասկածի տակ են դնում գործով արդարադատություն իրականացված լինելու հանգամանքը և անհամատեղելի են արդարադատության բուն էության հետ, իսկ նման ակտն օրինական ուժի մեջ մտնելը կարող է հանգեցնել բողոքաբերի իրավունքների ավելի մեծ խախտման, ինչն առավել ևս անհամատեղելի է դատարանի` արդարադատության իրականացնող մարմնի դերի ու նշանակության հետ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.07.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 12.03.2018 թվականի վճռին կամ ամբողջությամբ բեկանել և փոփոխել` կայացնելով նոր դատական ակտ:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է, և դրա վարույթ ընդունելը ենթակա է մերժման: Բողոքաբերը ոչ միայն խեղաթյուրել է գործի փաստերը, այլև արել է հետևություններ, որոնք որևէ կերպ չեն բխում գործի նյութերից և ամբողջությամբ հիմնված են իրականությանը չհամապատասխանող փաստերի վրա: Բողոքաբերը նշել է, թե «Արմենակ Խաչատրյանի կողմից հայցադիմումի դեմ չառարկելու, Վարդան Դարբինյանի կողմից վճարում կատարելու, պատասխանողների կողմից կամավոր պարտավորաիրավական իրավահարաբերությունների մեջ մտնելու և համապատասխան պարտավորություն ստանձնելու հանգամանքները պատասխանողների կողմից չեն վիճարկվել, քանի որ Վարդան Դարբինյանը վիճարկում է ոչ թե պարտավորության ստանձնելու փաստը, այլ դրա իրավական գնահատականի հարցը: Հետևաբար, հայցվորի և պատասխանողների միջև պարտավորաիրավական հարաբերությունների ծագման փաստը վերաքննիչ բողոքում չվիճարկելու պայմաններում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր առաջին ատյանի դատարանի հաստատված փաստը հիմք ընդունել»:

Մինչդեռ ակնհայտ է, որ նշված փաստերից իրականությանը համապատասխանում է միայն մեկը` այն, որ Արմենակ Խաչատրյանը հայցի դեմ չի առարկել: Մյուս փաստերի մասով նշել է, որ բողոքաբերն ամբողջությամբ չի կարդացել վերաքննիչ բողոքը և Վերաքննիչ դատարանի որոշումը: Վերաքննիչ բողոքում վիճարկվել են հայցվորի վկայակոչված բոլոր փաստարկները, այդ թվում կողմերի միջև որևէ իրավահարաբերության առկայությունը, վերաքննիչ բողոքում հստակ նշված է, որ Վարդան Դարբինյանը չի ընդունում իր կողմից համաձայնագիր ստորագրելու փաստը, վերաքննիչ բողոքում վիճարկվել է վճարում կատարելու փաստը, քանի վճարումը հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացվել: Վճռաբեկ բողոքում ներկայացված է մի տեքստ, որը որևէ կապ չունի գործի նյութերի հետ, ավելին գործի նյութերով հիմնավորվում է ուղիղ հակառակը: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշմամբ նաև անդրադարձել է վճարման փաստը հիմնավորող ապացույցների թույլատրելիությանը:

Վերաքննիչ դատարանը կայացրել է օրինական և հիմնավորված դատական ակտ և իրավացիորեն բեկանել է առաջին ատյանի դատարանի ակնհայտ չհիմնավորված ակտը, որի գոյությունը խաթարում է արդարադատության ողջ հիմքերը, ի ցույց դնելով արատավոր իրողություն, որ հնարավոր է դատարանում բերել վկաներ և այդ կարգով անձանցից կորզել գումարներ, չունենալով որևէ ապացույց, սակայն ունենալով որոշ մարդկանց բարեհաճությունը և շահագրգռվածությունը:

Վերոգրյալի հիման վրա խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:

 

 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ընկերության և պատասխանողների միջև 20.07.2017 թվականին կնքվել է «Ձևավորված պարտքի մարման ժամանակացույցի մասին» համաձայնագիր, ըստ որի՝ 01.03.2016 թվականի դրությամբ պատասխանողները պետք է ամբողջությամբ մարեն պայմանագրի հիման վրա ձևավորված պարտքը, որը կազմում է 660.000 ԱՄՆ դոլար պարտք (1-ին հատոր գ. թ. 83-84):

2) Պատասխանողներից Արմեն Խաչատրյանն ընդունել է հայցապահանջն ամբողջությամբ (1-ին հատոր գ. թ. 68):

3) «ՄԱՆԱՆԱ ԳՐԵՅՆ» ՍՊԸ-ն անվերապահորեն հաստատել և ընդունել է Ընկերության անունից Տիգրան Մազմանյանի կատարած իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունները (1-ին հատոր գ. թ. 74):

4) Պատասխանող Վարդան Դարբինյանի ներկայացուցիչ Ռ. Ահարոնյանը դիրքորոշում է հայտնել, որ իր վստահորդը պայմանագիր չի ստորագրել: Այդուհանդերձ Դատարանին հայտնել է դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու հարցին չանդրադառնալ:

5) 23.11.2016 թվականին Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից որպես հայտատու տեղադրվել է ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից սնանկ ճանաչված «Տեղական» ՍՊ ընկերության նկատմամբ գրանցված պահանջի մասին տեղեկություն, այն է` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածով սահմանված կարգով «ՄԱՆԱՆԱ ԳՐԵՅՆ» ՍՊ ընկերությունը ներկայացրել է 351.510.820,10 ՀՀ դրամի պահանջ (1-ին հատոր գ.թ. 104): 

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից նոր քննության ծավալ սահմանելիս հայցի իրավական հիմքն անտեսելու վերաբերյալ իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք դրամական պարտավորության ստանձնման իրավահարաբերությունների առկայության պայմաններում էական է այլ ընկերությունների սնանկության վարույթներում նույն հիմքով պահանջի գրանցումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան, իսկ նույն օրենսգրքի 348-րդ հոդվածը նախատեսում է, որ պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվել և դրա պայմանները միակողմ փոփոխել չի թույլատրվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվելը` կապված դրա կողմերի ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ, և նման պարտավորության պայմանների միակողմ փոփոխելը թույլատրվում է նաև պայմանագրով նախատեսված դեպքերում, եթե այլ բան չի բխում օրենքից կամ պարտավորության էությունից:

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ պարտավորության ուժով պարտապանը պարտավոր է պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջելու կատարել իր պարտականությունը: Ընդ որում, պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ, հակառակ դեպքում պարտավորությունը խախտողի նկատմամբ առաջանում են որոշակի բացասական հետևանքներ: 

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներից մեկով անդրադառնալով պարտավորական հարաբերությունների էությանը, արձանագրել է, որ գույքի փոխանցման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման հետ կապված հարաբերությունները հանդիսանում են պարտավորական իրավահարաբերություններ։ Ընդ որում, ձևավորված պարտավորաիրավական հարաբերությունների շրջանակում կողմերից մեկը հանդես է գալիս իրավազոր անձ՝ «պարտատեր», իսկ մյուս կողմը՝ պարտավոր անձ՝ «պարտապան»։ Ուստի իրավազոր անձի՝ պահանջի սուբյեկտիվ իրավունքին համապատասխանում է պարտապանի՝ պարտավորությունը պատշաճ կատարելու պարտականությունը։ Այսպիսով, պարտավորական իրավահարաբերության մեջ պարտատիրոջ սուբյեկտիվ իրավունքը պահանջի իրավունքն է, որը կարող է իրացվել միայն այն ժամանակ, երբ պարտապանը պատշաճ կատարի իր վրա դրված պարտավորությունը (տե՛ս, Քարոլին Բաղումյանն ընդդեմ Նունուֆար Հովհաննիսյանի թիվ ԵԿԴ/1447/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը)։

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը, հարկ է համարում նշել, որ պարտավորական են այն իրավահարաբերությունները, որոնք կապված են գույքի փոխանցման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման հետ:

Վերոգրյալից ակնհայտ է, որ պարտավորաիրավական հարաբերություններից բխող հայց հարուցված լինելու պայմաններում դատարանները պետք է նախևառաջ բացահայտեն պարտավորության բնույթը և ծագման հիմքը, ըստ այդմ` որոշեն վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա օրենսդրությունը, հատկապես այն պարագայում, երբ վիճելի է իրավահարաբերության բնույթը: Նշված գործառույթն իրականացնելու համար դատարանն օժտված է համապատասխան լիազորություններով, որոնք նախատեսված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով: 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` համապարտ պարտականությունը (պատասխանատվությունը) կամ համիրավ պահանջը ծագում է, եթե պարտականության համապարտությունը կամ պահանջի համիրավությունը նախատեսված է պայմանագրով կամ սահմանված է օրենքով, մասնավորապես, եթե անբաժանելի է պարտավորության առարկան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ձեռնարկատիրական գործունեության հետ կապված պարտավորությամբ մի քանի պարտապանների պարտականությունները համապարտ են, իսկ պարտատերերի պահանջները` համիրավ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պարտավորության պայմաններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` համապարտ պարտապաններից մեկից լրիվ բավարարում չստացած պարտատերն իրավունք ունի չստացած մասը պահանջել մյուս համապարտ պարտապաններից:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` համապարտ պարտապանները պարտական են մնում այնքան ժամանակ, քանի դեռ պարտավորությունը լրիվ չի կատարվել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-362-րդ հոդվածները կարգավորում են համապարտ պարտականությունների հետ կապված իրավահարաբերությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտել է այն իրավական դիրքո­րո­շումը, որ հայցի փաստական հիմքից բացի հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերն են, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը: Չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցվորից չի պահանջում հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը, այնուամենայնիվ, հայցվորը, բացի փաստական հանգամանքներից, կարող է հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց հիման վրա կողմերի միջև ծագել են համապատասխան իրավահարաբերություններ, և որը վերջինիս հիմք է տալիս առկա փաստական հանգամանքների հետ միասին ներկայացնել համապատասխան պահանջ (տե՛ս, Վիգեն Ուրուշանյանի ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը 06.12.2011 թվականի թիվ ՍԴՈ-1004 որոշ­մամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ օրենսդիրը դատարանից պահանջում է կայացնել օրինական և հիմնավորված վճիռ, իսկ դրա համար դատարանին անհրաժեշտ է ճիշտ ընտրել և կիրառել օրենքը` անկախ նրանից, թե կողմերն ինչ դիրքորոշում են արտահայտել կիրառելի նորմերի վերաբերյալ: Դատարանը կաշկանդված չէ կողմերի` վիճելի իրավահարաբերության որակման և դրա նկատմամբ կիրառելի նորմերի վերաբերյալ դիրքորոշումներով: Հայցվորի դատավարական պարտականությունն է հստակ ներկայացնել իր պահանջները, իր պահանջի հիմքում ընկած փաստերը, այդ փաստերը հիմնավորող ապացույցները, պատասխանողի պարտականությունն է հստակ դիրքորոշում արտահայտել հայց­վորի ներկայացրած պահանջներից յուրաքանչյուրի, հայցապահանջի/ների հիմքում ընկած փաստերի վերաբերյալ, այդ փաստերի դեմ առարկելու դեպքում ներկայաց­նել դրանք հերքող ապացույցներ: Մինչդեռ դատարանի խնդիրն ու գործառույթն է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա որոշել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող` ապացուցման ենթակա փաստերը, կողմերի ներկայացրած ապացույցների հիման վրա հաստատված կամ չհաստատված համարել այս կամ այն փաստը և ըստ այդմ որոշել վիճելի իրավահա­րա­բե­րության բնույթը և դրա նկատմամբ կիրառելի իրավանորմը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն`եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ անդրադարձել է պայմանագրի մեկնաբանման հարցին և արձանագրել է, որ վերոնշյալ հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե´ս, «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը): 

Դատարանը հայցը բավարարել է այն հիմնավորմամբ, որ «(...) ընկերությունները նշված իրավահարաբերություններում հանդես են եկել որպես փաստացի գնորդ՝ ապրանք ձեռք բերող, իսկ Վարդան Դարբինյանը և Արմենակ Խաչատրյանը, որպես ֆիզիկական անձինք ստանձնել են գնորդի փոխարեն ապրանքի դիմաց վճարման պարտականություն, որպիսի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի են դառնում երաշխավորության իրավանորմերը: (...)»:

Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատական ակտը բեկանել է այն հիմնավորմամբ, որ «() Դատարանը հաշվի չի առել, որ գործով կողմերի միջև վեճը վերաբերում է հօգուտ երրորդ անձանց կնքված մատակարարման պայմանագրի հիմքով մատակարարված ապրանքի դիմաց չվճարված գումարի բռնագանձմանը, որպիսի պայմաններում իրավահարաբերության նկատմամբ պետք է կիրառելի համարեր այդ իրավահարաբերությունների կարգավորման հիմքում ընկած նորմերը: Վերոգրյալից բխում է, որ Դատարանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի երաշխավորությանը վերաբերող իրավանորմերը կիրառելով, դուրս է եկել ներկայացված հայցապահանջի շրջանակից, որպիսի իրավունքը չուներ, այսինքն, ըստ էության թույլ է տվել նյութական իրավունքի խախտում` կիրառելով այն նորմը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման»:

Միաժամանակ որպես գործի նոր քննության ծավալ Վերաքննիչ դատարանը սահմանել է, որ «գործի նոր քննության ընթացքում Դատարանը պարտավոր է առաջնորդվել հայցվորի կողմից արդեն իսկ կանխորոշված հայցի առարկայի և հիմքի սահմաններով և ելնելով գործում եղած ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու և գնահատելու նկատառումներից, պայմանագրային դրույթները պետք է գնահատի պայմանագրերի մեկնաբանման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով սահմանված կանոններով` գնահատելով նույն օրենսգրքի 446-րդ և 521-րդ, 524-րդ հոդվածների իրավակարգավորումների համատեքստում: Ընդ որում Դատարանը պետք է հաշվի առնի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի մեկնաբանության կանոնների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումն առ այն, որ վերոնշյալ հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը` կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե'ս «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011թ. որոշումը): Բացի այդ Դատարանը պետք է հաշվի առնի նաև այն հանգամանքը, որ իրավակիրառ պրակտիկայում հնարավոր են դեպքեր, երբ պայմանագրի համապատասխան պայմանը, թեև դրանում շարադրված բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ հստակ է, սակայն կողմերի կամ կողմի իրական կամքին չի համապատասխանում, որպիսի իրավիճակում միայն պայմանագրի մեկնաբանման տառացի կանոնը կիրառելով ոչ միայն կարող է սահմանափակվել շահագրգիռ անձի` գործի լրիվ և բազմակողմանի քննության իրավունքը (ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014թ. թիվ ԵԱՆԴ/0976/02/13 որոշում): 

Բացի այդ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի կողմից վճարման պարտավորություն ստանձնած լինելու փաստի առկայությունը կամ բացակայությունը պարզելիս, Դատարանը պետք է ղեկավարվի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի (փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով) և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի (գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից) իրավակարգավորումներով»:

 Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները հիմնավոր են մասնակի` հայցի հիմքը սահմանելիս առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հայցի հիմքից դուրս գալու և երաշխավորության իրավահարաբերություններ կարգավորող նորմերի կիրառման մասով: Միևնույն ժամանակ նոր քննության ծավալ սահմանելով` Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ իր վկայակոչված նորմերն արդեն իսկ դրված են եղել հայցի իրավական հիմքում, ուստիև գործով հաստատված փաստերի ամբողջությունը թույլ է տալիս անդրադառնալ իրավահարաբերության բնորոշմանը և կարգավորող նորմերի կիրառելիությանը:

Ակնհայտ է, որ հայցի հիմքում ընկած պարտքի մարման համաձայնագիրը կնքած կողմերը ստանձնել են որոշակի իրավունքներ և պարտավորություններ, որը համընկնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի, 360-361-րդ հոդվածների հատկանիշներին:

Կողմերի միջև մատակարարման իրավահարաբերությունների առկայության բացակայությունն ինքնին, ինչպես նաև ապրանք ստացած ընկերությունների սնանկության վարույթներում հայցվորի կողմից հաշիվ-ապրանքագրի հիմքով պահանջների գրանցումը որևէ կերպով չի բացառում սույն գործով հայցի բավարարումը հայցադիմումում նշված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-348-րդ, 360-րդ, 361-րդ հոդվածների հիմքով, քանի որ սնանկության վարույթում գրանցված պահանջը չի ազդում հայցի հիմքում դրված համաձայնագրի վավերականության և պարտավորության ծավալի վրա:

Մասնավորապես` սույն քաղաքացիական գործով հայցի փաստական հիմքը կազմում է Համաձայնագիրը, որի տառացի մեկնաբանությունը վկայում է այն մասին, որ հայցվորի՝ ի դեմս լիազորված անձ Տիգրան Մազմանյանի, և պատասխանողներ Վարդան Դարբինյանի և Արմենակ Խաչատրյանի միջև կազմվել է գրավոր փաստաթուղթ՝ պարտքի մարման վերաբերյալ: Փաստաթղթի տառացի մեկնաբանությունը վկայում է նաև այն մասին, որ հայցվորը հանդես է եկել որպես ապրանքը վաճառող, իսկ պատասխանողները՝ հանդես են եկել որպես գնորդ:

Համաձայնագրով պարտավորություն ստանձնել են անձամբ պատասխանողները՝ որպես ինքնուրույն սուբյեկտներ, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-348-րդ, 360-րդ, 361-րդ հոդվածների հիմքով կրում են Համաձայնագրով սահմանված պարտավորության կատարման պարտականությունը, քանի դեռ պարտավորությունը չի դադարել օրենքով նախատեսված որևէ հիմքով:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված լիազորությունը, որի համաձայն` Վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով Վճռաբեկ դատարանը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` ամբողջությամբ կամ մասնակիորեն օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը սխալ է պատճառաբանված, ուստի Դատարանի վճռին պետք է տալ օրինական ուժ` սույն որոշման պատճառաբանություններով:

Միաժամանակ վերոհիշյալ դիրքորոշման համար Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [«Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է դրամական պահանջի գործերով՝ հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ Վարդան Դարբինյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 6.046.257 ՀՀ դրամ (հետևյալ հաշվարկով` 430.000 ԱՄՆ դոլարին համարժեք 206.541.900 ՀՀ դրամ x 3%-150.000) ՀՀ դրամ, որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և Վերաքննիչ դատարանի 04.06.2018 թվականի որոշմամբ չվճարված մասով հետաձգված պետական տուրքի գումար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Վարդան Դարբինյանից հօգուտ Ընկերության ենթակա է բռնագանձման 1.000.000 ՀՀ դրամ, որպես Ընկերության կողմից վճռաբեկ բողոքի համար սահմանված և նախապես վճարված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1.Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.07.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 12.03.2018 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով։

2. Վարդան Դարբինյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 6.046.257 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2018 թվականի որոշմամբ չվճարված մասով հետաձգված պետական տուրքի գումար:

Վարդան Դարբինյանից հօգուտ «Մանանա-Գրեյն» ՍՊԸ-ի իրավահաջորդ «ՄՈԴՈՒՍ ԳՐԱՆՈՒՄ» ՍՊԸ-ի բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ, որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
 

Մ. Դրմեյան

 

Ե. Խունդկարյան

  Գ. Հակոբյան
 

Տ. Պետրոսյան

 

Է. Սեդրակյան

  Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան