ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 18-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18 -ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 332.3-րդ հոդվածում`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 332.3. |
Փաստաբանի գործունեությանը միջամտելը». |
2) 1-ին մասի «Պաշտոնատար անձի կողմից փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը» բառերը փոխարինել «Գործի քննությանը խոչընդոտելու նպատակով փաստաբանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը» բառերով.
3) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է փաստաբանի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով՝».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:»:
Հոդված 2. Օրենսգրքի 332.5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 332.5. |
Նոտարի գործունեությանը միջամտելը |
1. Նոտարին նոտարական գործողություններ կատարելուն հարկադրելը կամ նրա գործունեությանը ցանկացած այլ եղանակով միջամտելը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է նոտարի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. սեպտեմբերի 28 Երևան ՀՕ-427-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2020 թվական: