ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 17-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 76-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը «393-րդ» բառից հետո լրացնել «, 393.1-ին» բառով:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 393.1-ին հոդվածով.
«Հոդված 393.1. | Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը |
1. Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը`
պատժվում է ազատազրկմամբ` ութից տասը տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնչորս տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) կազմակերպված խմբի կողմից,
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում է ազատազրկմամբ` տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. սեպտեմբերի 28 Երևան ՀՕ-425-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2020 թվական: