ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի ապրիլի 29-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» 2019 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-277-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 20-րդ կետում «պետական բյուջեով նախատեսված այլ ծրագրերով սահմանված հատկացումները» բառերը փոխարինել «պետական բյուջեով նախատեսված կամ սույն օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ կետով հաստատված այլ ծրագրերով սահմանված հատկացումները» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-21-րդ կետերով.
«19) 2019 թվականի դեկտեմբերին Չինաստանում բռնկված և կարճ ժամանակահատվածում տարբեր երկրներում տարածված և 2020 թվականի մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես պանդեմիա ճանաչված կորոնավիրուսային վարակի (2019n-CoV) դեմ պայքարի, հիվանդության հետևանքների (այդ թվում՝ տնտեսական) չեզոքացման և վերացման նպատակով փոփոխություններ կատարել սույն օրենքի N 1 և N 3 հավելվածներում, այդ թվում, բայց չսահմանափակվելով սույն օրենքով չնախատեսված լրացուցիչ մուտքեր ներգրավելու, նշված, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված եկամուտների հաշվին սույն օրենքով նախատեսված բյուջետային ծախսերը և ելքերն ավելացնելու, սույն օրենքով չնախատեսված ծրագրեր և միջոցառումներ հաստատելու, սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը ոչ ավելի, քան Կառավարության 2020 թվականի բյուջետային ուղերձում նշված 2020 թվականի համախառն ներքին արդյունքի վերանայված (կանխատեսվող) անվանական արժեքի` 6,485 մլրդ դրամի 5.0 տոկոսն ավելացնելու եղանակներով: Ընդ որում` սույն կետով նախատեսված նպատակներով իրականացվող բյուջետային ելքերի ֆինանսավորման համար, ըստ անհրաժեշտության, դրանց ֆինանսավորմանն ուղղել առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) և պետական արժեթղթերի (այդ թվում` պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնետոմսերի) իրացումից ստացված միջոցների` սույն օրենքով նախատեսված բյուջետային ելքերի ֆինանսավորման համար չնախատեսված գումարները, սույն օրենքի 3-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների կազմում չնախատեսված, սակայն 2020 թվականի բյուջետային տարվա ընթացքում փաստացի ստացված վարկային գումարները և պետական գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխումից զուտ մուտքերը, ինչպես նաև 2020 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի գումարները.
20) կորոնավիրուսային վարակի (2019n-CoV) դեմ պայքարին, հիվանդության հետևանքների (այդ թվում նաև` տնտեսական) չեզոքացմանը և վերացմանն ուղղված ծրագրերի ու միջոցառումների իրականացման նպատակով Կառավարության որոշումների հիման վրա բյուջետային վերաբաշխումներ կատարելիս գերազանցել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանաչափերը.
21) կորոնավիրուսային վարակի (2019n-CoV) դեմ պայքարին, հիվանդության հետևանքների (այդ թվում նաև` տնտեսական) չեզոքացմանը և վերացմանն ուղղված ծրագրերի ու միջոցառումների իրականացման նպատակով Կառավարության որոշումների հիման վրա Կառավարության պահուստային ֆոնդից հատկացումներ կատարելիս գերազանցել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանաչափը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. մայիսի 5 Երևան ՀՕ-235-Ն |