102.0189.04.06.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
4 հունիսի 2001 թ. |
N 189 |
ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՆՈՏԱՐԻ ՄՈՏ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Պետական նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 532 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրության 5-րդ կետի ժզ ենթակետի համապատասխան
հրամայում եմ`
1. Հաստատել`
ա) «Պետական նոտարական գրասենյակում նոտարի մոտ ստաժավորում անցկացնելու կարգը»,
բ) «Նոտարի ստաժորների թեկնածուների որակավորման ստուգման կարգը»:
2. Սույն հրամանով հաստատված կարգերի պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գ. Մալխասյանի վրա:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2000 թվականի փետրվարի 21-ի «Պետական նոտարական գրասենյակում նոտարի մոտ ստաժավորում անցնելու կարգը» հաստատելու մասին» թիվ 67 հրամանը:
Դ. Հարությունյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՆՈՏԱՐԻ ՄՈՏ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ
1. «Պետական նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի համաձայն նոտարի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, անցել է առնվազն մեկ տարի տևողությամբ ստաժավորում պետական նոտարական գրասենյակում, հանձնել է որակավորման քննություն:
Առանձին դեպքերում, երբ ստաժավորում անցնող անձը, ունենալով բավարար գիտելիքներ կարող է հանձնել որակավորման քննություններ, ստաժավորման ժամկետը կարող է կրճատվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետև արդարադատության նախարար) կողմից: Եթե կարճաժամկետ ստաժավորում անցած անձը չի հանձնում որակավորման քննությունները, ապա նա իրավունք ունի շարունակել ստաժավորումը մինչև ժամկետի ավարտը:
Ստաժավորման տևողությունը կարող է երկարացվել ստաժավորումն անցնողի հիվանդության կամ այլ հարգելի պատճառներով նրա բացակայության ժամկետով` արդարադատության նախարարի հրամանով:
Ստաժավորումը դադարեցվում է «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
2. Պետական նոտարական գրասենյակում ստաժավորում անցնողի պաշտոնում նշանակումը կատարվում է արդարադատության նախարարի հրամանով` ստաժորների թեկնածուների որակավորումն ստուգող հանձնաժողովի առաջարկության համաձայն:
3. Ստաժավորում անցնող անձինք չեն վարձատրվում և նրանք այդ ընթացքում իրավունք ունեն աշխատել: Ստաժավորում անցկացնելու հետ կապված նոտարական գրասենյակների լրացուցիչ ծախսերը կատարվում են ստաժավորում անցնող անձանց կողմից, որը չի կարող ամսական քսան հազար դրամից ավելի լինել:
Ստաժավորում անցնելու պայմանները և ժամերը սահմանվում են ստաժավորում անցնող անձի և նրա ղեկավար պետական նոտարի փոխադարձ համաձայնությամբ: Անհամաձայնության դեպքում ստաժավորման ժամկետն ու պայմանները սահմանում է արդարադատության նախարարի համապատասխան տեղակալը:
Ստաժավորում անցնող անձինք պարտավոր են պահպանել նոտարական գրասենյակի աշխատանքային ներքին կարգապահության կանոնները:
4. Պետական նոտարական գրասենյակում ստաժավորում անցնող անձի ստաժավորման աշխատանքները ղեկավարում է արդարադատության նախարարի հրամանով նշանակված պետական նոտարը: Հնարավորության դեպքում արդարադատության նախարարը ստաժավորման աշխատանքների ղեկավարին նշանակելիս հաշվի է առնում նաև նրա կարծիքը:
Ստաժավորում անցնող անձի դիմումի համաձայն արդարադատության նախարարը փոխում է ստաժավորում անցնող անձի ղեկավարին:
5. Պետական նոտարական գրասենյակում աշխատող նոտարը միաժամանակ կարող է իրականացնել ոչ ավելի, քան մեկ ստաժավորում անցնողի ղեկավարման աշխատանք:
6. Ստաժավորում անցնողի անձը կարող է իրականացնել հետևյալ գործառույթները`
ա) նոտարական փաստաթղթերի նախագծերի պատրաստումը.
բ) քաղաքացիների ընդունելության կազմակերպումը.
գ) նոտարական գործողությունների համար ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրումը և դրանք օրենսդրության համապատասխանությանը վերաբերյալ եզրակացությունը նոտարին ներկայացնելը.
դ) նոտարական գրասենյակում պահվող իրավական ակտերի համակարգումը և վերահսկչական վիճակում պահումը.
ե) իրավաբանական բնույթի գրավոր հարցումների կամ դրանց պատասխանների նախագծերի նախապատրաստումը.
զ) նոտարական գործերը արխիվ հանձնելուն նախապատրաստելը.
է) նոտարի հանձնարարությամբ գործավարական աշխատանքների իրականացումը:
Ստաժավորում անցնողը կարող է մասնակցել նոտարական պրակտիկայի ամփոփման աշխատանքներին:
Սույն կետով նախատեսված գործառույթների իրականացման կարգը որոշում է ստաժավորում անցնող անձի աշխատանքները ղեկավարող նոտարը:
7. Ստաժավորման ընթացքում ստաժավորում անցնողը պարտավոր է յուրացնել նոտարիատի հետ առնչվող հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը:
8. Ստաժավորման ավարտին ստաժավորում անցած անձի աշխատանքները ղեկավարող պետական նոտարը կազմում է եզրակացություն ստաժավորման արդյունքների մասին, որում պետք է նշվի ստաժավորում անցած անձի ընդհանուր պատրաստվածության մակարդակը, ստաժավորման ընթացքում նրա կողմից ստացված պրակտիկ հմտությունները և գիտելիքները, ինչպես նաև ինքնուրույն աշխատանքի համար ստաժավորում անցած անձի պատրաստության աստիճանը: Եզրակացության մեկ օրինակը պահվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում (այսուհետև` նախարարություն), իսկ մյուսը տրվում է ստաժավորում անցած անձին:
9. Ստաժավորման արդյունքների մասին եզրակացությունը կցվում է որակավորման քննություններ հանձնելու դիմումին: Քննությանը մասնակցել թույլատրվում է ստաժավորում անցած բոլոր անձանց, անկախ ստաժավորման ղեկավարի եզրակացության գնահատականից:
10. Նոտարական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող և նոտարական գործունեության ղեկավարման գործառույթներ իրականացնող նախարարության պաշտոնատար անձինք նոտարի պաշտոնում նշանակվում են առանց ստաժավորում անցնելու և որակավորման քննություններ հանձնելու:
Նոտարական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող նախարարության այն աշխատողները (մասնագետներ), որոնց աշխատանքային գործառույթները կապված են նոտարիատի կամ նոտարիատի հետ առնչվող օրենսդրական հարցերի հետ (նախագծերի նախապատրաստում, փորձաքննություն և այլն) ստաժավորում են անցնում արդարադատության նախարարի կողմից սահմանված կրճատ ժամկետներում:
11. Ստաժավորում անցնող անձի ստաժավորումը կարող է վաղաժամկետ դադարեցվել արդարադատության նախարարի հրամանով`
ա) նրա դիմումի համաձայն.
բ) անհարգելի պատճառով տաս օր անընդմեջ ստաժավորում չանցնելու.
գ) նոտարական գրասենյակի աշխատանքային ներքին կարգապահության կանոնները կոպիտ խախտելու.
դ) որակավորման ստուգման համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելու:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՆՈՏԱՐԻ ՍՏԱԺՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ
1. Նոտարի ստաժոր դառնալու համար համար կարող են դիմել գործունակ այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն իրավաբանական կրթություն:
2. Որակավորման ստուգման համար դիմողը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն (այսուհետև նախարարություն) ներկայացնում է`
1) դիմում, որում պետք է նշվեն`
ա) նրա անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում).
բ) դիմողի բնակության վայրը, հեռախոսի համարը` դրա առկայության դեպքում.
2) երկու գունավոր լուսանկար 4 X 6 չափսի.
3) անձնագիր.
4) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
5) լրացված անձնական թերթիկ:
Սույն կետի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերից կազմված դիմողների անձնական գործերը վերցվում են հաշվառման և պահվում են նախարարությունում: Ստուգման անցկացման հետ կապված ծախսերը կատարում է դիմողը, որը չափը սահմանում է հանձնաժողովը:
3. Դիմողների որակավորման ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետև` արդարադատության նախարար) կողմից ստեղծած հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով):
4. Հանձնաժողովը`
1) կազմակերպում է դիմողների ստուգման աշխատանքները.
2) ընտրում է ստուգման համար կիրառելի հարցերը.
3) որոշում է ստուգման վայրը, ժամանակը և դրա մասին հայտնում դիմողներին.
4) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.
5) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ լիազորություններ:
5. Դիմողների որակավորումը որոշելու համար ստուգման համար կիրառելի հարցերը մշակվում են նկատի ունենալով դիմողների մասնագիտական կարողություններն իրավունքի հետևյալ բնագավառներում`
ա) քաղաքացիական իրավունք.
բ) հողային իրավունք.
գ) նոտարիատի մասին օրենսդրություն.
դ) սահմանադրական իրավունք:
6. Ստուգումներն անցկացվում են արդարադատության նախարարի կողմից սահմանված ժամկետներում:
7. Որակավորման ստուգումն անցկացվում է հայերեն լեզվով:
8. Ստուգման արդյունքների գնահատումն իրականացնում է հանձնաժողովը: Ստուգման արդյունքների գնահատումն իրականացվում է 20 միավոր համակարգով: Դրական են համարվում տաս և բարձր միավորները:
9. Ստուգումների արդյունքների մասին դիմողին պատշաճ ձևով հայտնվում է կամ դրանք նրան են ուղարկվում ոչ ուշ քան ստուգման անցկացման հաջորդող օրը:
10. Ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել արդարադատության նախարարին տասնօրյա ժամկետում:
11. Եթե արդարադատության նախարարը բավարարում է դիմողի բողոքը, ապա այդ որոշման հիման վրա դիմողի գնահատականը համապատասխանաբար ավելացվում է:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
4 հունիսի 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10201097
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.03.2018, N 107-Ն | 13.04.2018, N 189 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|