ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ ականդատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/4748/05/23 2024 թ. | ||
Վարչական գործ թիվ ՎԴ/4748/05/23 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով
նախագահող |
Հ. Բեդևյան | |
զեկուցող |
Ա. Թովմասյան | |
ռ. Հակոբյան |
2024 թվականի մարտի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով Աշոտ Քոչարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.08.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Աշոտ Քոչարյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի՝ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի թիվ 109/59878-23 գրություն-ծանուցումները և պայմանագրերի նախագծերը՝ հայցվորի իրավունքին միջամտության ոչ իրավաչափ և ոչ համաչափ լինելու հիմքով անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը․
Դիմելով դատարան` Աշոտ Քոչարյանը պահանջել է անվավեր ճանաչել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի թիվ 109/59878-23 գրություն-ծանուցումները և պայմանագրերի նախագծերը՝ հայցվորի իրավունքին միջամտության ոչ իրավաչափ և ոչ համաչափ լինելու հիմքով:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 19.06.2023 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.08.2023 թվականի որոշմամբ Աշոտ Քոչարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.06.2023 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Քոչարյանը (ներկայացուցիչ՝ Տիգրան Եգորյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 79-րդ, 81-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը քննարկել է պահանջի՝ միայն վիճարկման հայցի առարկա լինելու կամ չլինելու հանգամանքը։ Այնինչ, խնդրո առարկա հարցը պետք է քննարկվեր նաև այլ հայցատեսակների շրջանակում՝ հաշվի առնելով այն, որ իրավահարաբերությունն ունի հանրային բնույթ:
Դատարանը սահմանափակել է անձի՝ դատարան դիմելու իրավունքը։ Դատարանը պետք է որոշեր, թե որ հայցատեսակի շրջանակում է քննության ենթակա խնդրո առարկա հարցը, և այդ տեսանկյունից ինչպիսի ձևակերպմամբ պահանջն է այդ հայցի արդյունավետ քննության տեսանկյունից նպատակահարմար, այլ ոչ մերժեր հայցադիմումի ընդունումը։
Նշված հանգամանքներն անտեսվել են նաև Վերաքննիչ դատարանի կողմից, ուստի վերջինիս կայացրած որոշումը նույնպես ոչ իրավաչափ է և ենթակա է վերացման:
Վերոգրյալից հետևում է, որ Դատարանը պետք է Աշոտ Քոչարյանի կողմից ներկայացված հայցն ընդուներ վարույթ կամ առնվազն ըստ ենթակայության ուղարկեր ընդհանուր իրավասության դատարան՝ հիմք ընդունելով ՎԴ/4770/05/23 գործով Վճռաբեկ դատարանի նախագահի կայացրած որոշումը, այնինչ խախտելով հայցվորի Սահմանադրությամբ երաշխավորված իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը՝ մերժել է հայցադիմումի ընդունումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 23.08.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
- արդյո՞ք վիճարկվող անհատական իրավական ակտի վարչական ակտ չհանդիսանալու հանգամանքը միայն բավարար պայման է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու համար,
- արդյո՞ք վեճը ՀՀ վարչական դատարանին ընդդատյա չլինելու հանգամանքն ինքնին բավարար պայման է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա հայցադիմումի ընդունումը մերժելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հստակեցնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածով սահմանված լիազորության իրացման պայմանները՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է իր` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ու հասցեատեր և կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը:
Այսպիսով, ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է ընդհանուր կանոն, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ (տե´ս, Կարինե Ջլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Դատական պաշտպանության իրավունքի իրականացումը հիմնված է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի վրա, որն անձի՝ օրենքով տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ու դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները, անձն ինքն է որոշում իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար դիմել, թե չդիմել դատարան, իրականացնել, թե չիրականացնել իր դատական պաշտպանության իրավունքը, ինքնուրույն որոշել հարուցված հայցով իր պահանջների առարկան՝ ծավալը, հիմքը և այլն:
Միաժամանակ անձն իր դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս, պետք է առաջնորդվեն տվյալ դատական պաշտպանության ձևի համար օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) տեսանկյունից` դատարան դիմելու մատչելիության իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե'ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռ, կետ 59): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե'ս, Khalfaoui v. France թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռ, կետ 36):
Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե'ս, Dumitru Gheorghe v. Romania թիվ 33883/06 գանգատով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռ, կետ 28)։
Դատարանի մատչելիության, մասնավորապես, ՀՀ վարչական դատարանի մատչելիության իրավունքի իրավաչափ սահմանափակումներն օրենսդիրը սահմանել է՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) հայցադիմում ներկայացնելու համար որոշակի իրավական պահանջներ ու պայմաններ ամրագրելու միջոցով, որոնք վերաբերում են ինչպես հայցադիմումի ներկայացման կարգին ու ժամկետներին, այնպես էլ ձևին և բովանդակությանը: Միաժամանակ սահմանված են այդ պահանջներն ու պայմանները չպահպանելու իրավական հետևանքները, այն է՝ Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և 80-րդ հոդվածի 1-ին մասն սպառիչ կերպով սահմանում են համապատասխանաբար հայցադիմումը վերադարձնելու և հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը: Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են այն պայմանները, որոնց առկայությունն օրենքի ուժով անհնարին է դարձնում տվյալ հայցադիմումի հիման վրա արդարադատության իրականացումը։
Միաժամանակ, օրենսդիրը ՀՀ վարչական դատարանին վերապահել է հայցադիմումը վերահասցեագրելու լիազորություն։ Օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը, գործի քննության ցանկացած փուլում պարզելով, որ տվյալ հայցադիմումի պահանջն ընդդատյա չէ իրեն, այն պատճառաբանված որոշմամբ վերահասցեագրում է ըստ ընդդատության:
Հայցադիմումի ընդունելիության փուլում ՀՀ վարչական դատարանի խնդիրն է պարզել հայցադիմումը վերադարձնելու, հայցադիմումի ընդունումը մերժելու և վերահասցեագրելու՝ համապատասխանաբար Օրենսգրքի 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներով նախատեսված հիմքերի առկայությունը (բացակայությունը). դրանց բացակայության դեպքում ծագում է ՀՀ վարչական դատարանի՝ տվյալ հայցը վարույթ ընդունելու պարտականությունը (Օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մաս)։
Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության։
ՀՀ վճռաբեկ դատարանը, բացահայտելով հայցադիմումը մերժելու նշված հիմքի բովանդակությունը, արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը որդեգրել է այն կառուցակարգը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված՝ «հայցը ենթակա չէ դատարանում քննության» արտահայտությունը և նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված՝ «վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության» արտահայտությունն ունեն միևնույն նշանակությունը, որը հանգում է հետևյալին. վարչական դատարանում գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված գործի վարույթը ենթակա է կարճման, եթե այդ գործի հիմքում ընկած վեճը (հայցապահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունը, հայցադիմումով դատարանի առջև բարձրացված հարցը) ենթակա չէ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի որևէ (ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ մասնագիտացված) դատարանում քննության: Հետևաբար վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելիս կամ այդ հիմքով գործի վարույթը կարճելիս վարչական դատարանը պարտավոր է ցույց տալ այն իրավական և փաստական հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված բոլոր դատարաններն իրավասու չեն քննելու և լուծելու տվյալ վեճը (տե՛ս, «Օլիմպ» արտադրական կոոպերատիվն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0998/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը)։
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա կարող է հայցադիմումի ընդունումը մերժել միայն այն պարագայում, երբ վեճը ենթակա չէ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված որևէ դատարանի քննությանը, իսկ վեճի՝ միայն ՀՀ վարչական դատարանի քննությանը ենթակա չլինելու պարագայում ՀՀ վարչական դատարանը պետք է հայցադիմումը պատճառաբանված որոշմամբ վերահասցեագրի համապատասխան դատարանին։ Այլ կերպ՝ հայցադիմումը վերահասցեագրելու՝ Օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքի առկայությունը բացառում է Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու հնարավորությունը։ Եթե ՀՀ վարչական դատարանի որոշման պատճառաբանական մասում շարադրված հիմնավորումներն ու փաստարկները հանգում են նրան, որ տվյալ վեճը ոչ թե հանրային, այլ մասնավոր իրավահարաբերությունների տիրույթում է, ապա հայցադիմումի ընդունումը չի կարող մերժվել Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով․ նման պատճառաբանության ու փաստարկման պայմաններում կիրառելի է վերահասցեագրման լիազորությունը։ Ընդ որում, վերահասցեագրման լիազորությունն իրացնելիս ՀՀ վարչական դատարանը ելնում է միայն տվյալ իրավական վեճի՝ ՀՀ վարչական դատարանի քննությանը ենթակա չլինելու և այլ դատարանի ընդդատյա լինելու իրողությունից, և վերահասցեագրման լիազորությունը ենթակա է իրացման՝ անկախ իրավասու դատարանի կողմից կիրառելի դատավարական նորմերով նախատեսված ընդունելիության պայմանները, այդ թվում՝ դատավարական ժամկետների վերաբերյալ պահանջները բավարարելու (չբավարարելու) հանգամանքից։
Ըստ այդմ՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ի կատարումն դատական ակտերը պատճառաբանելու պարտականության, Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելիս ՀՀ վարչական դատարանից պահանջվում է փաստարկել ու հիմնավորել տվյալ վեճի՝ որևէ դատարանի քննության ենթակա չլինելու հանգամանքը։ Հետևաբար, ՀՀ վարչական դատարանն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելիս չի կարող սահմանափակվել և բավարարվել միայն տվյալ վեճի հանրային իրավահարաբերություններից ծագող վեճ չլինելու, ըստ այդմ նաև՝ ՀՀ վարչական դատարանի քննությանը ենթակա չլինելու հանգամանքի հիմնավորմամբ և փաստարկմամբ։ Նշված իրավական հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելիս առավել ևս անընդունելի է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը փաստարկել ու պատճառաբանել վիճարկվող իրավական ակտի վարչական ակտ չլինելու հիմնավորմամբ։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճարկվող իրավական ակտի իրավական բնույթը (վարչական ակտ է, թե ոչ) չի կարող կանխորոշել տվյալ վեճի բնույթն ու բովանդակությունը (վեճը բխում է հանրային իրավահարաբերություններից, թե ոչ)՝ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատարանին գործերի առարկայական ընդդատության ընդհանուր շրջանակը սահմանվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածով։ Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը, վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով, հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, ներառյալ` արհեստակցական միությունների գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (…) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը։
Վարչական դատարանին գործերի առարկայական ընդդատության ընդհանուր կանոնի համաձայն՝ վարչական դատարանի ընդդատությանն են վերապահված հանրային իրավահարաբերություններից ծագող գործերը։ Այսինքն՝ վարչական դատարանին ընդդատյա գործերի առաջնային տարբերակիչ հատկանիշը վիճելի իրավահարաբերության հանրային բնույթն է։ Միաժամանակ նշված ընդհանուր կանոնից կատարված են հետևյալ բացառությունները. վարչական դատարանին ընդդատյա չեն հանրային իրավահարաբերություններից ծագող՝
- ՀՀ սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերը,
- ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը,
- պատժի կատարման հետ կապված գործերը։
Այսինքն՝ վարչական դատարանի իրավասության տիրույթում են հանրային իրավահարաբերություններից ծագող այն բոլոր գործերը, որոնց ընդդատությունն օրենքով վերապահված չէ ՀՀ սահմանադրական դատարանին, ընդհանուր իրավասության դատարանին և որոնք կապված չեն պատժի կրման հետ։ Այլ կերպ՝ վարչական դատարանին ընդդատյա չեն հանրային հարաբերություններից բխող այն գործերը, որոնց քննության իրավասությունն օրենքով հատուկ վերապահված է այլ դատարանի:
Օրենսդիրը, Օրենսգրքի 10-րդ հոդվածում եզրագծելով ՀՀ վարչական դատարանի առարկայական ընդդատության սահմանները, միաժամանակ Օրենսգրքի 66-69-րդ հոդվածներում առանձնացրել է այն հայցատեսակները, որոնց շրջանակներում քննվում և լուծվում են ՀՀ վարչական դատարանին ընդդատյա վեճերը։ Միաժամանակ, գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի ամրագրմամբ օրենսդիրը ՀՀ վարչական դատարանին պարտավորեցնում է ՀՀ վարչական դատարանին ընդդատյա վեճը սխալ հայցատեսակի շրջանակներում ներկայացվելու դեպքում մատնանշել ճիշտ հայցատեսակը։ Ըստ այդմ՝ հանրային իրավահարաբերություններից բխող վեճը սխալ հայցատեսակով ներկայացվելու հանգամանքը որևէ կերպ չի կարող ենթադրել Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքի առկայություն։
Վարչական ակտը հանդիսանում է Օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված վիճարկման հայցի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ճանաչման հայցի (այլևս իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասով) նյութական օբյեկտ։ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվող ակտը վարչական ակտ չէ, այսինքն՝ առկա չէ նշված հայցատեսակների նյութական օբյեկտը, սակայն վեճը ՀՀ վարչական դատարանին ընդդատյա հանրային իրավահարաբերություններից բխող վեճ է, դատարանի մատչելիության և օրինական դատարանի իրավունքների իրացումը երաշխավորելու նպատակից ելնելով պետք է ապահովվի տվյալ վեճի քննությունը վարչադատավարական կարգով՝ անկախ վիճարկվող ակտի բնույթից։ ՀՀ վճռաբեկ դատարանի հետևողականորեն ձևավորած իրավակիրառ պրակտիկայի համաձայն՝ առանձին դեպքերում վիճարկվող ակտի՝ վարչական ակտ չհանդիսանալու պայմաններում հանրային իրավահարաբերություններից բխող տվյալ վեճը կարող է քննության առնվել կա՛մ վիճարկման հայցի կանոններով, կա՛մ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցի շրջանակներում (տե՛ս, Սյուզաննա Գևորգյանն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի թիվ ՎԴ/3560/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2023 թվականի որոշումը)։
Այսպես, օրինակ, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թեև հարկադիր էլեկտրոնային աճուրդն օժտված չէ վարչական ակտին բնորոշ հատկանիշներով, և իր բնույթով որոշակի հաջորդական գործողություններից բաղկացած գործընթաց է, այնուամենայնիվ, օրենքով հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու իրավական հնարավորությունը պետք է երաշխավորված իրացվի՝ անկախ վարչադատավարական օրենսդրությամբ աճուրդի իրավաչափությունը դատական քննության անմիջական առարկա դարձնելու պատշաճ կառուցակարգի բացակայության հանգամանքից: Ըստ այդմ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու հայցապահանջով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառվեն վիճարկման հայցի կանոնները՝ ապահովելով դատական պաշտպանության իրավունքի և դրա իրացման համար անհրաժեշտ դատավարական ընթացակարգերի կիրառման արդյունավետությունը։
Նշված գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշումներ առ այն, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցի տեսակները և դրանց օրենսդրական բնորոշումները չեն կարող խոչընդոտել անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կենսագործումը: Հայցի տեսակների գոյության նպատակն այն է, որ հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերն արդյունավետ կերպով քննության առնվեն վարչական դատարանի կողմից՝ հաշվի առնելով միայն տվյալ հայցատեսակին բնորոշ առանձնահատուկ հատկանիշները: (…) Հայցի տեսակների՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բնորոշումները չեն կարող մեկնաբանվել կամ կիրառվել որպես գործիք՝ անձին դատական պաշտպանություն փաստացի չտրամադրելու և վարչական արդարադատությունից հրաժարվելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ (…) հանրային իրավահարաբերություններից բխող, սակայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցատեսակների կամ հատուկ վարույթների կարգով քննությանը ներկայացվող պահանջներին չհամապատասխանող վեճերը ևս պետք է քննվեն անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի պահպանմամբ: (…) հաշվի առնելով վիճելի իրավահարաբերության բնույթը, դատական պաշտպանության ենթակա սուբյեկտիվ իրավունքը, ինչպես նաև տվյալ իրավունքի վերականգնման հնարավոր եղանակի առանձնահատկությունները, դատարանը կարող է որոշել, թե որ հայցատեսակին բնորոշ կանոնների կիրառումը կարող է առավելագույնս արդյունավետորեն ապահովել անձի խախտված իրավունքների վերականգնումը՝ ապահովելով դատարանի մատչելիության իրավունքը, մասնագիտացված արդարադատության նպատակայնությունը և սուբյեկտիվ իրավունքների ճիշտ պաշտպանության համար անհրաժեշտ և բավարար իրավական գործիքակազմը (տե՛ս, Շուշանիկ Վարդանյանը, Թորոս Վարդանյանը և Արարատ Խառատյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/10875/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2022 թվականի որոշումը):
Մեկ այլ դեպքում վիճարկվող անհատական ակտի վարչական ակտ չլինելու պարագայում ՀՀ վճռաբեկ դատարանը հանրային իրավահարաբերություններից բխող վեճի քննությունը հնարավոր է համարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցի շրջանակներում։ ՀՀ վճռաբեկ դատարանը, գտնելով, որ հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումը ՀՀ իրավական համակարգում չի կարող համարվել վարչական ակտ, հանգել է այն եզրակացության, որ իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանա այն ուղղությամբ, որ այդ որոշումը վերացնելուն ուղղված հայցապահանջը վարչական դատարանում ենթակա լինի քննության ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցի կանոններով (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):
Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալ իրավակարգավորումները և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վիճարկվող անհատական իրավական ակտի՝ վարչական ակտ չհանդիսանալը, դեռևս չի բացառում հանրային իրավահարաբերություններից բխող վեճի վարչադատավարական կարգով քննության հնարավորությունը։ Ուստի, ՀՀ վարչական դատարանի կողմից զուտ տվյալ անհատական իրավական ակտի վարչական ակտ լինել կամ չլինելու հարցի քննարկումը դեռևս բավարար չէ պարզելու համար արդյոք տվյալ վեճը ենթակա է ՀՀ վարչական դատարանի քննությանը, թե՝ ոչ։ Ավելին, վիճարկվող ակտի՝ վարչական ակտ չլինելու, սակայն տվյալ վեճի՝ ՀՀ վարչական դատարանին ընդդատյա լինելու պայմաններում ՀՀ վարչական դատարանն Օրենսգրքով ամրագրված «ex officio» սկզբունքի իրացման միջոցով պարտականություն ունի առաջարկելու ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինել պատշաճ հայցատեսակով։ Ըստ այդմ՝ Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված լիազորության իրացման համար անհրաժեշտ է, որ դատարանն իր հիմնավորումներով ու փաստարկներով բացառի տվյալ վեճի որևէ դատարանին ընդդատյա (ենթակա) լինելը, իսկ տվյալ վեճի՝ այլ դատարանի քննությանը ենթակա լինելու դեպքում, Օրենսգրքի 81-րդ հոդվածով նախատեսված լիազորության շրջանակում պատճառաբանված որոշմամբ վերահասցեագրի հայցադիմումը համապատասխան դատարանին։ Ընդ որում, Օրենսգրքի 81-րդ հոդվածով սահմանված վերահասցեագրման լիազորության իրացման միակ նախապայմանը՝ տվյալ վեճի այլ դատարանին ընդդատյա լինելու հանգամանքն է.
ՀՀ վարչական դատարանը նշված լիազորությունն իրացնելիս իրավասու չէ ստուգել իրավասու դատարանի կողմից տվյալ հայցադիմումը վարույթ ընդունելու համար անհրաժեշտ պահանջներին համապատասխանությունը (տե՛ս, Սյուզաննա Գևորգյանն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի թիվ ՎԴ/3560/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2023 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Աշոտ Քոչարյանը պահանջել է անվավեր ճանաչել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի թիվ 109/59878-23 գրություն-ծանուցումները և պայմանագրերի նախագծերը՝ հայցվորի իրավունքին միջամտության ոչ իրավաչափ և ոչ համաչափ լինելու հիմքով:
Դատարանը հայցադիմումի ընդունումը մերժել է Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով այն պատճառաբանությամբ, որ «(...) թիվ 109/59878-23 գրությունից հետևում է, որ այն կրում է տեղեկատվական բնույթ, այդ գրությամբ հայցվորին է ուղարկվել «Անշարժ գույքը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով վերցնելու և դրա դիմաց փոխհատուցում վճարելու մասին» պայմանագրի նախագիծը և ըստ էության առաջարկվել հայտնել դիտողություններ ու առաջարկություններ այդ նախագծի դրույթների վերաբերյալ: Այսինքն՝ այդ գրությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ վարչական ակտ չի հանդիսանում: Նույնը վերաբերում է նաև վիճարկվող՝ պայմանագրի նախագծին:
Այսպիսով, հայցադիմումին կից ներկայացված՝ թիվ 109/59878-23 գրությունը և պայմանագրի նախագիծը չեն հանդիսանում վարչական ակտեր և դրանք անվավեր ճանաչելու պահանջը չի կարող հանդիսանալ Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վիճարկման հայցի առարկա:
Ամփոփելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ ներկայացված հայցը ենթակա չէ Դատարանի քննությանը, ինչն էլ հիմք է հայցադիմումի ընդունումը մերժելու համար»:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Աշոտ Քոչարյանի վերաքննիչ բողոքը, նշել է, որ «(…) Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի թիվ 109/59878-23 գրություն-ծանուցումները և պայմանագրերի նախագծերը չեն հանդիսանում վարչական ակտեր, հետևաբար չի կարող լինել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վիճարկման հայցի առարկա։
Այսպիսով, վերոգրյալ իրավանորմերի, եզրահանգումների և պատճառաբանությունների հաշվառմամբ` Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, որ տվյալ դեպքում բողոքում նշված հիմքերը և հիմնավորումները չեն կարող հիմք հանդիսանալ Դատարանի թիվ ՎԴ/4748/05/23 վարչական գործով 2023 թվականի հունիսի 19-ի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար»:
Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի նշված դիրքորոշումը, գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:
Դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումների պատճառաբանական մասի ուսումնասիրությունը վկայում է, որ և՛ Դատարանը, և՛ Վերաքննիչ դատարանը հայցադիմումի ընդունումը Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով մերժման ենթակա են համարել միայն այն փաստարկմամբ ու հիմնավորմամբ, որ Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի թիվ 109/59878-23 գրություն-ծանուցումները և պայմանագրերի նախագծերը չեն համարվում վարչական ակտեր:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը, Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելիս, սահմանափակվել է միայն Աշոտ Քոչարյանի ներկայացրած հայցի օբյեկտ հանդիսացող անհատական իրավական ակտերի վարչական ակտեր լինել-չլինելու հանգամանքը գնահատելով՝ առանց անդրադառնալու խնդրո առարկա իրավահարաբերությունների բնույթին, վիճարկման հայցից զատ այլ հայցատեսակով վեճը քննելու հնարավորությանը և այլ դատարանի տվյալ վեճի առարկայական ընդդատությանը (ենթակայությանը)։ Մինչդեռ, Վճռաբեկ դատարանի վերը նշված դիրքորոշումներին համապատասխան՝ անհրաժեշտ էր գնահատել իրավահարաբերության բնույթը, և, եթե վեճը բխում է մասնավոր իրավահարաբերություններից, ապա հայցադիմումը վերահասցեագրել ըստ ընդդատության։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, սույն գործով 19.06.2023 թվականին կայացնելով «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, սահմանափակել է Աշոտ Քոչարյանի դատարանի մատչելիության իրավունքը՝ սխալ մեկնաբանելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.08.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 19.06.2023 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող ա. Թովմասյան ռ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2024 թվական: