ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2024 թվականի N 393-Լ
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (Պ-782-22.02.2024-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
21.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-782-22.02.2024-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է անընդմեջ երկու անգամ ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի արդյունքներով օրենքով սահմանված պահանջները բավարարող անձով չհամալրվելու դեպքում տվյալ տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին մասնակցելու հնարավորություն տալ նաև ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության առնվազն բակալավրի կրթական ծրագրով ուսումնառող ավարտական կուրսի ուսանողին։
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է հետևյալը:
Նախագծի հիմնավորման համաձայն՝ ՀՀ գյուղական բնակավայրի ուսումնական հաստատություններում ուսուցչի թափուր տեղը համալրելը խնդրահարույց է, սակայն անթույլատրելի է խնդրի լուծման համար օրենքի մակարդակով սահմանել ՀՀ Սահմանադրության հետ առերևույթ հակասություն ունեցող (ըստ հիմնավորման՝ առկա է խտրականության դրսևորում), ինչպես նաև ՀՀ կառավարության ծրագրին և ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրին առերևույթ հակասող գործողություններ:
Այս առումով հարկ է նշել, որ գործող օրենքի կարգավորումները ոչ միայն Սահմանադրության հետ որևէ հակասություն չունեն, այլ միտված են ապահովելու քաղաքացիների կրթություն ստանալու սահմանադրական իրավունքի իրացումը, քանի որ այն ևս մեկ հնարավորություն է գյուղական համայնքներում դասավանդման պրոցեսի անխափան ապահովման համար: Հարկ է նշել նաև, որ դասավանդման տեսանկյունից գյուղական և քաղաքային բնակավայրերի ուսումնական հաստատություններում որևէ տարբերակում չի կարող դրսևորվել, քանի որ դասավանդման չափորոշիչները և առարկայական ծրագրերը նույնն են: Այդ առումով դասավանդման որակի ցածր արդյունավետության և խտրականության դրսևորման խնդիր բարձրացնելը հիմնավորված չէ:
Միաժամանակ հայտնում ենք, որ գործող կարգավորումները ոչ թե ուսուցչի թափուր տեղի համալրման հիմնական ձև են համարվում, այլ պարտադրված, իրավիճակային քայլ կամ լուծում, հարկադրված մեխանիզմ այն դեպքերի համար, երբ ուսուցչի թափուր տեղը տևական ժամանակ չի համալրվում ուսուցչի մրցույթի ստանդարտ ընթացակարգով:
Այս առումով հարկ է նշել, որ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմամբ՝ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում, և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանի համաձայն՝ մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր տեղին ներկայացվող` «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող անձը: Այսինքն՝ այս տեսանկյունից ստեղծված իրավիճակում ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության առնվազն բակալավրի կրթական ծրագրով ուսումնառող ավարտական կուրսի ուսանողի որակավորման պահանջը հաշվի առնելիս որակի նվազեցում չկա. գործընթացն իրականացվում է գրեթե նույն որակավորման պահանջով:
Ուսուցչի թափուր տեղի չհամալրման խնդիրն արդիական է հատկապես գյուղական բնակավայրերի այն ուսումնական հաստատություններում, որտեղ ժամաքանակի սղություն կա: Այս առումով հարկ է նշել, որ գյուղական բնակավայրերի ուսումնական հաստատությունների ուսուցիչների չհամալրվող հաստիքները համալրելու ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝
1. Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված հաստատությունների այն ուսուցիչներին (նաև դասավանդող նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչներին (զինղեկներին), իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հետո՝ ուսուցչի օգնականներին և հատուկ մանկավարժներին), 2025 թվականի հունվարի 1-ից հետո՝ նաև հոգեբաններին, որոնք հանդիսանում են իրենց փաստացի բնակության վայրից տարբերվող այլ բնակավայրում տեղակայված (որի հեռավորությունը իրենց բնակության վայրից ավելի է 5 կմ-ից) հաստատության ուսուցիչ 0.5 և ավելի հաստիքային դրույքով, տրամադրվում է տրանսպորտային ծախսերի փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 47-Ն հրամանի համաձայն:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանով սահմանված էր, որ համապատասխան մասնագետները գործուղվում են սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ: Սակայն «Հանրակրթության մասին» օրենքում կատարվել էր փոփոխություն, որի համաձայն՝ «սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի» բառերը փոխարինվել են «մարզերի» բառով՝ հստակություն մտցնելով ոչ միայն գործընթացի ֆինանսավորման համար, այլև կարգավորելով ուսուցչի բնակության վայրից կոնկրետ ՀՀ մարզեր գործուղվելու հարցը: Նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանում կատարվող փոփոխությունը նպատակ ուներ համապատասխանեցնելու նախարարի հրամանով գործող կարգավորումը «Հանրակրթության մասին» օրենքին: Փոփոխությունը պայմանավորված էր նաև մարզերի դպրոցներում առկա մանկավարժների մեծաթիվ թափուր հաստիքները համալրելու անհրաժեշտությամբ:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12015․ ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանում» միջոցառման ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 108-Ն և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12016. ՀՀ գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչներին լրավճարի սահմանում» միջոցառման ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 103-Ն հրամանների համաձայն՝ գյուղական բնակավայրերի ուսուցիչները հնարավորություն ունեն օգտվելու ներդրված ծրագրերից:
4. «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածով սահմանվում են ուսուցչին, նրա վերապատրաստմանը, ատեստավորմանը և տարակարգի շնորհմանը ներկայացվող պահանջները: Նույն հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթություն ստացած մասնագետները, որոնք ձեռք են բերել 30 կրեդիտ, հնարավորություն կստանան դասավանդելու դպրոցներում։
Սա մարզերի դպրոցների թափուր հաստիքների համալրմանն ուղղված ևս մեկ քայլ է:
5. Մարզերի դպրոցների մանկավարժների թափուր հաստիքների համալրմանն է ուղղված նաև էլեկտրոնային դասավանդման հնարավորությունը: Էլեկտրոնային դասավանդում իրականացվում է ՀՀ 95 գյուղական դպրոցներում, որի շահառու սովորողների թիվը 5420 է: Էլեկտրոնային դասավանդում իրականացնում է 237 ուսուցիչ: Շաբաթական կտրվածքով իրականացվում է 1652 ժամ էլեկտրոնային դասավանդում:
Միաժամանակ, նախարարության կողմից ձեռնարկվող ծրագրերը և միջոցառումները միտված են ոլորտի խորքային բարեփոխումների շրջանակում կրթական համակարգի բարելավմանը զուգահեռ ուսուցչի աշխատանքի գրավչության բարձրացմանը:
Բացի այդ, «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների համար աշխատանքը շարունակելու ևս մեկ հնարավորություն ընձեռվեց կամավոր ատեստավորման միջոցով մասնագիտական կարողությունների բարձր ցուցանիշներ ապահովելու արդյունքում: Կարգավորման նպատակն ուսումնական հաստատություններում աշխատող մասնագետների բարձր որակավորումը հիմնավորող գործունեության իրականացումն է:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին պարբերությամբ սահմանված՝ «Կառավարության համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, ինչի շնորհիվ է միայն հնարավոր հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության: Մարդկանց գիտելիքների և հմտությունների ուղղությամբ ներդրումները երկրի զարգացման գրավականն են: Կրթության ոլորտում նախատեսվող աշխատանքները միտված են լինելու քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ և ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղաքացու ձևավորմանը: Ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զարգացման ռազմավարությանը և գերակայություններին:» ռազմավարական նպատակի կատարման պահանջը՝ հայտնում ենք, որ կրթական բարեփոխումների շրջանակում ուսուցիչների համար սահմանվող մասնագիտական չափանիշների կարևորագույն սկզբունքներից է համարվում ուսումնական հաստատություններում բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատանքային գործունեության և վերջիններիս ներգրավվածության ապահովման համար օրենսդրական հիմքերի ստեղծումը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագիծը խնդրահարույց է, և կատարվող փոփոխությունների անհրաժեշտությունը բացակայում է: