ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 1994 թ. N 312
Քաղ. Երևան
«ԵՐԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՀՆՊՁ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ՎԱՌԵԼԻՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի «Երէլեկտրացանց» ՀՆՊՁ-ն հանձնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության ենթակայությանը:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը և պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին` մինչև 1994 թվականի օգոստոսի 10-ն ավարտել նշված ձեռնարկության գույքի սահմանված կարգով հաշվեկշռից հանձնում-ընդունումը,
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայէներգոարդ» ՀՆՊՁ-ի Երքաղէլեկտրացանցը պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմին հանձնելու մասին» N 533 որոշումը:
4. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 22-ի N 642 որոշմամբ հաստատված «Երէլեկտրացանց» ՀՆՊՁ-ի կանոնադրության նոր խմբագրությունը (կցվում է):
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի N 399 որոշմամբ սահմանված հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկում`
ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության ենթակա ձեռնարկությունների բաժինը լրացնել «Երէլեկտրացանց» բառով.
բ) պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի և «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման ենթակա ձեռնարկությունների բաժնից հանել «Երքաղէլեկտրացանց» բառը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ՎԱՌԵԼԻՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության Երևանի ցանցերի պետական ձեռնարկությունը (այսուհետև` ձեռնարկություն) հատուկ նշանակության պետական ձեռնարկության կարգավիճակ է ստացել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի N 399 որոշմամբ` հաշվի առնելով ձեռնարկության դերն ու նշանակությունը մայրաքաղաքի կենսագործունեության համար:
2. Ձեռնարկության լրիվ ֆիրմային անվանումն է` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության Երևանի էլեկտրական ցանցերի հատուկ նշանակության պետական ձեռնարկություն:
Ձեռնարկության կրճատ ֆիրմային անվանումն է` «Երէլեկտրացանց»:
3. Ձեռնարկությունը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, իսկ էլեկտրական ցանցերի, հատկապես կաբելային գծերի վերափոխման հարցերում ղեկավարվում է նաև պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի համապատասխան ակտերով:
Ձեռնարկության դիսպետչերական ծառայությունն իր գործունեությունն իրականացնելիս օպերատիվ կառավարման հարցերով ենթարկվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության «Հայէներգո» ՊԿ-ի կենտրոնական դիսպետչերական ծառայությանը:
4. Ձեռնարկությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը պատկերող և իր անվամբ կլոր կնիք, բլանկ և դրոշմակնիք` հայերեն, անգլերեն և ռուսերեն:
5. Ձեռնարկությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության, պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի և նրա գործադիր կոմիտեի որոշումներով, հրամաններով ու կարգադրություններով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:
6. Ձեռնարկության գտնվելու վայրն է Երևան քաղաքը:
II. Ձեռնարկության խնդիրները և գործառույթները
7. Ձեռնարկության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`
ա) Երևան քաղաքի էլեկտրամատակարարումը` էլեկտրաէներգիայի ստացումը, փոխանցումը, բաշխումը և իրացումն ըստ ոլորտների բաշխված սահմանաքանակների շրջանակներում, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հաստատված սակագներին համապատասխան.
բ) պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքների կատարումը, ցանցի աշխատունակ վիճակի ապահովումը, վթարների կանխումն ու վերացումը.
գ) էլեկտրասարքավորումների նորոգման, համակարգող դետալների պատրաստման աշխատանքների իրականացումը.
դ) սպառիչներին հատկացված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների գանձման ապահովումը.
ե) Երևան քաղաքի էլեկտրամատակարարման համակարգի հեռանկարային զարգացման պլանի մշակումը, դրա համաձայնեցումը պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի հետ և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության կողմից հաստատվելուց հետո` իրականացումը.
զ) էլեկտրաէներգիայի լարման որակի բարձրացման և կորուստների նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
է) էներգետիկական կարևորագույն օբյեկտների ռազմականացված պաշտպանության ապահովումը.
ը) նյութերի ու սարքավորումների վթարային-պահուստային ֆոնդի ստեղծումը.
թ) էլեկտրաէներգիայի և հզորությունների պակասի պայմաններում բնակչությանը տրվող էլեկտրաէներգիայի համամասնական բաշխման համար հովհարային անջատումների գրաֆիկների մշակումը, իրականացումը և պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով զանգվածային լրատվության միջոցներով բնակչությանը պարբերաբար իրազեկումը.
ժ) էլեկտրաէներգիայի և հզորությունների պակասի պայմաններում սահմանված էլեկտրասպառման սահմանաքանակների հսկողության իրականացումը, առանց թույլտվության ցանցին միացումների հայտնաբերումը, կանխումը և վերացումը, ինչպես նաև Երևան քաղաքի համար հաստատված սահմանաքանակների պահպանման համար պատասխանատվությունը:
III. Ձեռնարկության գույքը և ֆինանսատնտեսական գործունեությունը
8. Ձեռնարկության գույքը պատկանում է ձեռնարկությանը` լրիվ տնտեսավարման իրավունքով: Գույքի կազմում տարբերակվում են նյութական և ոչ նյութական օբյեկտները:
9. Ձեռնարկության գույքի, այդ թվում ֆինանսական ռեսուրսների գոյացման աղբյուրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության և պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմի դրամական և նյութական ներդրումները, շենքերը, շինությունները, մեքենաները, սարքավորումները և ձեռնարկության հաշվեկշռում գտնվող հիմնական ու շրջանառու այլ միջոցներ.
բ) աշխատանքների կատարումից, ծառայությունների մատուցումից և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները.
գ) բանկային հիմնարկներից և այլ վարկատուներից ստացված վարկերը, սեփական միջոցները բանկային հիմնարկների հաշիվներում պահելու համար տոկոսները.
դ) կանոնադրական նպատակներն իրականացնելու համար բյուջեից հատկացվող միջոցները.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների համար չարգելված այլ աղբյուրներ:
10. Ձեռնարկության գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո, որի նկատմամբ բռնագանձում կարող է կատարվել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Ձեռնարկության գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշը կանոնադրական գործունեությունից ստացված շահույթն է:
Հարկեր և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումներ կատարելուց հետո մնացած շահույթը գտնվում է ձեռնարկության տրամադրության տակ և տնօրինվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. Ձեռնարկությունն իրականացնում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում է վիճակագրական ու օրենսդրությամբ նախատեսված այլ հաշվետվություններ, կազմում է հաշվեկշիռ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարություն.
13. Ձեռնարկությունն իր միջոցներից կազմավորում է պահուստային ֆոնդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմատիվներին համապատասխան:
14. Ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային և այլ հաշիվներ է բացում Հայաստանի Հանրապետության բանկային հիմնարկներում` իր դրամական միջոցները պահելու և օգտագործելու համար:
15. Ձեռնարկությունը`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր կանոնադրական խնդիրներն իրականացնելու համար հիմնադրում է դուստր ձեռնարկություններ, բաժանմունքներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների համար չարգելված կարգով ձեռք է բերում գույք, գույքային և ոչ գույքային իրավունքներ, այդ թվում ֆինանսական միջոցներ ցանկացած տարադրամով, տնօրինում, օգտագործում է դրանք և դրանցից ստացված արդյունքը.
գ) ինքնուրույն կազմավորում է սեփական ֆինանսական ռեսուրսները, վճարումներն իրականացնելու համար բանկային հիմնարկներից և ֆինանսական հաստատություններից ստանում է վարկեր.
դ) ինքնուրույն պլանավորում և կազմակերպում է տնտեսական գործունեությունը, մատուցում է ծառայություններ, կատարում աշխատանքներ, օգտվում է մատուցված ծառայություններից և կատարված աշխատանքներից, կնքում է պայմանագրեր և կրում պարտավորություններ.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարում, վարձակալության է տալիս և օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով փոխանցում է գույքը և գույքային իրավունքները.
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է իր կողմից կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների ծավալները և դրանց գները.
է) դատական և արբիտրաժային կարգով վիճարկվում է իր շահերին վնաս հասցրած անձանց և մարմինների գործողությունները, հանդես է գալիս որպես հայցվոր և պատասխանող դատարանում, միջնորդ` դատարանում և արբիտրաժում.
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում և փոխհատուցում իր հասցրած վնասը` կնքած պայմանագրերը չկատարելու կամ ոչ պատշաճ կարգով կատարելու, այլ անձանց ու կազմակերպությունների օրենքով պաշտպանվող իրավունքները խախտելու համար.
թ) կատարում է սոցիալական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր ապահովագրություն, ապահովում աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանները.
ժ) որոշում է իր աշխատողների վարձատրության եղանակը, հաստիքները, աշխատանքի վարձատրության ֆոնդը և վճարման կարգը:
16. Ձեռնարկությունը չի կարող իրականացնել այնպիսի կոմերցիոն գործունեություն, որն ուղղակիորեն կապված չէ իր կանոնադրական խնդիրների հետ:
17. Ձեռնարկությունում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
IV. Ձեռնարկության կառավարումը
18. Ձեռնարկության ղեկավար մարմիններն են վարչությունը և դրա տնօրենը:
19. Ձեռնարկության վարչությունը կազմված է 11 անդամից, այդ թվում` երկուսը պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմից, երեքը ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարությունից:
20. Վարչության անդամներն իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական հիմունքներով:
21. Ձեռնարկության վարչության իրավասություններն են`
ֆինանսատնտեսական և սոցիալ-մշակութային զարգացման հիմնական ուղղությունների որոշումը և աշխատանքային պլանների հաստատումը.
ձեռնարկության կանոնադրության մեջ փոփոխությունների ու լրացումների կատարման, դուստր ձեռնարկությունների հիմնադրման, վերակազմավորման, լուծարման, դրանց կանոնադրությունների հաստատման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարություն.
ձեռնարկության և դուստր ձեռնարկությունների ներքին կազմակերպական կառուցվածքի, կառուցվածքային ստորաբաժանումների ցանկի և դրանց լիազորությունների որոշումը.
ձեռնարկության և դուստր ձեռնարկությունների գործունեությունից գոյացած շահույթի բաշխումը և վերաբաշխումը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության կողմից սահմանված կարգով:
22. Ձեռնարկության գործունեությունը վերահսկում է վերահսկիչ հանձնաժողովը, որը կազմվում է վարչության կողմից: Վերահսկիչ հանձնաժողովը հետևում է վարչության որոշումների կատարմանը, գույքի պահպանմանը, ստուգում է ձեռնարկության փաստաթղթերը, այդ թվում` հաշվեկշիռը:
Վերահսկիչ հանձնաժողովն իրավունք ունի ցանկացած տվյալներ և փաստաթղթեր պահանջելու ձեռնարկության ղեկավարից և մյուս աշխատողներից ձեռնարկության գործունեության արդյունքների, շահույթի բաշխման, գույքի պահպանման ու այլ հարցերի մասին և իր հաշվետվությունը ներկայացնում է ձեռնարկության վարչությանը:
23. Ձեռնարկության տնօրենը նշանակվում է աշխատանքի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության ներկայացմամբ, պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Տնօրենը հանդիսանում է ձեռնարկության վարչության նախագահ և վերջինիս կողմից որոշումներ ընդունելիս ունի վճռորոշ ձայնի իրավունք: Տնօրենին նշանակելիս նրա ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության միջև կնքվում է կոնտրակտ, որտեղ սահմանվում են տնօրենի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության, ձեռնարկության վարչության և աշխատավորական կոլեկտիվի հետ, նրա աշխատանքի վարձատրման պայմանները, կոնտրակտի ժամկետը և այլ դրույթներ, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը: Կոնտրակտում նշվում է նաև ձեռնարկության գործունեությունն արտացոլող հիմնական ցուցանիշների համակարգը, այդ թվում նաև կարևորագույն ցուցանիշը` էլեկտրաէներգիայի փոխանցման ժամանակ պլանային կորուստների չափի չգերազանցումը:
24. Տնօրենը կազմակերպում է ձեռնարկության գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն: Տնօրենն առանց լիազորագրի գործում է ձեռնարկության անունից, ներկայացնում նրա շահերը, տնօրինում ձեռնարկության գույքը, այդ թվում ֆինանսական ռեսուրսները, կնքում է պայմանագրեր, ձեռնարկության բոլոր աշխատողների համար իրագործում է գործատուի ֆունկցիաներ, բանկային հիմնարկներում բացում է հաշվարկային և այլ հաշիվներ, հաստատում է հաստիքները, սահմանում է աշխատանքի վարձատրության եղանակը, աշխատավարձի չափերը և վճարման կարգը, արձակում է հրամաններ, աշխատողներին տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ, խրախուսում է նրանց և նրանց նկատմամբ կիրառում կարգապահական տույժեր, կատարում է աշխատանքի բաշխում տնօրենի տեղակալների և ղեկավար այլ աշխատողների միջև ըստ բնագավառների, ինչպես նաև իրականացնում է ձեռնարկության ֆունկցիոնալ գործունեությունից բխող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:
25. Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը կազմում են բոլոր աշխատողները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա մասնակցում են նրա գործունեությանը:
Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը ձեռնարկության ղեկավար մարմինների հետ լուծում է կոլեկտիվ պայմանագիր կնքելու հետ կապված Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ իրեն վերապահված հետևյալ հարցերը`
կոլեկտիվ պայմանագրի նախագծի նախապատրաստում, իր ներկայացուցիչների միջոցով բանակցությունների վարում ձեռնարկության ղեկավար մարմինների հետ կոլեկտիվ պայմանագրի կնքման վերաբերյալ, վերջիններիս հետ կոլեկտիվ պայմանագրի հաստատում:
V. Ձեռնարկության գործունեության դադարեցումը
26. Ձեռնարկությունը կարող է վերակազմավորվել կամ նրա գործունեությունը կարող է դադարեցվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
