Գլխավոր տեղեկություն
Համար
N 835-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.30-2022.06.12 Պաշտոնական հրապարակման օրը 09.06.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունիսի 2022 թվականի N 835-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՒՌՆՈՒՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԱՐՁԱԳԱՆՔ» ՔԱՆԴԱԿԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ հոդվածներով և «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրի «Արձագանք» քանդակի հարակից տարածքի` քաղաքացու սեփականությունը հանդիսացող՝ 0,16 հեկտար 07-051-0315-0003 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ճանաչել հանրության գերակա շահ:

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրի «Արձագանք» քանդակի հարակից` քաղաքացու սեփականությունը հանդիսացող հողամասի (այսուհետ՝ գույք) նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել հետևյալ հիմնավորումներով.

1) պատմության և մշակույթի անշարժ նորահայտ հուշարձան (այսուհետ՝ հուշարձան) համարվող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող «Արձագանք» քանդակի հարակից տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելը հնարավորություն կտա ապահովելու հուշարձանի և դրա պատմական միջավայրի պահպանությունը, քանդակի անխոչընդոտ վերականգնումը, պատմագեղարվեստական արժեքի բացահայտումը, պահպանական գոտում օգտագործման պայմանակարգի (ռեժիմի) պահպանումը և շրջակա տարածքի կառուցապատման կանոնակարգման ու բարեկարգման աշխատանքները.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված նպատակների իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից, քանի որ`

ա. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրի հանրապետական նշանակության «Արձագանք» քանդակ» նորահայտ հուշարձանի հարակից տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու դեպքում հնարավոր կլինի հուշարձանն օգտագործել իր սկզբնական և մշակութային, ինչպես նաև գիտական, կրթական ու ճանաչողական նպատակներով,

բ. հնարավոր կլինի ապահովել հուշարձանի պատմամշակութային արժեքի նախնական տեսքի պահպանման և հետագա նորոգման աշխատանքների իրականացումն ու խնամքը,

գ. իր գործառնական նշանակությամբ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով` հնարավորություն կստեղծվի լուծելու հուշարձանի զբոսաշրջային նպատակով հետագա օգտագործման հարցը,

դ. հուշարձանի հարակից տարածքի օտարումը հնարավորություն կտա մոտակա համայնքների բնակչությանը լիարժեք մասնակցելու մշակութային և զբոսաշրջային ծրագրերի իրականացմանը:

3. Սահմանել, որ`

1) գույքը ձեռք բերող է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետը.

2) գույքի օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է, իսկ օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետը.

3) գույքի օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2022 թվականի հուլիսի 1-ն է.

4) հանրության գերակա շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտի նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել գույքի նկատմամբ գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում գույքի անկախ գնահատող կազմակերպության միջոցով ճշտել գույքի համարժեք փոխհատուցման ենթակա գումարի չափը և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից այն փոխհատուցելու համար.

4) գույքի ձեռքբերումից հետո միջոցներ ձեռնարկել հանրապետական նշանակության նորահայտ հուշարձանի գույքային գրանցման և դրա սպասարկման նպատակով առանձնացվող հողամասի նպատակային նշանակության փոփոխման ուղղությամբ՝ հողի նպատակային նշանակությունը փոխադրելով հատուկ պահպանվող տարածքների հողերի պատմական և մշակութային գործառնական նշանակության հողի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

09.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան