Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.18-2022.05.01 Պաշտոնական հրապարակման օրը 27.04.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.02.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

 Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/0855/02/19

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/0855/02/19

Նախագահող դատավոր՝  Հ. Ենոքյան

Դատավորներ՝

 Ն. Մարգարյան

 Կ. Համբարձումյան 

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Ս. անտոնյան

Ա. բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան

 

2022 թվականի փետրվարի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով Էդուարդ Սախկալյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.04.2021 թվականի որոշման դեմ ըստ հայցի Մայիս Պատուրյանի ընդդեմ Էդուարդ Սախկալյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Մայիս Պատուրյանը պահանջել է Էդուարդ Սախկալյանից հօգուտ իրեն բռնագանձել 160.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 10.12.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի, Էդուարդ Սախկալյանից հօգուտ Մայիս Պատուրյանի բռնագանձվել է 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես վերջինիս իրավանախորդ Համլետ Մայիսի Պատուրյանի հաշվին անհիմն հարստացման գումար, հայցը՝ 50.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.04.2021 թվականի որոշմամբ Էդուարդ Սախկալյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.12.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էդուարդ Սախկալյանը (ներկայացուցիչ՝ Արմեն Թևանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մայիս Պատուրյանը (ներկայացուցիչ՝ Վահե Սեդրակյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ, 298-րդ, 331-րդ, 332-րդ, 335-րդ, 337-րդ, 345-րդ, 347-րդ, 447-րդ, 1092-րդ և 1226-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ, 62-րդ, 66-րդ, 167-րդ և 379-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, քննարկել է պայմանագրի հիմքով ծագող պարտավորաիրավական հարաբերության ծագման փաստը, մինչդեռ այդ առումով բացակայել են վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները, իսկ հայցվորի կողմից էլ պարտավորության ծագման հիմքում դրվել է բացառապես պատասխանողի կողմից անհիմն հարստացումը։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը տվյալ գործով հայցային վաղեմության ժամկետը պետք է հաշվարկեր 2016 թվականի հունվարի մեկից և արձանագրեր հայցվորի կողմից հայցային վաղեմության ժամկետը բաց թողնված լինելու փաստը, ինչը չի կատարել:

Վերաքննիչ դատարանի դատական ակտը նաև առերևույթ հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով 27.05.2010 թվականի, թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով 08.05.2014 թվականի և թիվ ԵԿԴ/2082/02/08 քաղաքացիական գործով 29.06.2012 թվականի որոշումներին: Վերաքննիչ դատարանի դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով 26.12.2018 թվականի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:

Առկա է նաև իրավունքի զարգացման խնդիր Վերաքննիչ դատարանի կիրառած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի, 167-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 447-րդ և 1092-րդ հոդվածների կապակցությամբ, քանի որ անհրաժեշտություն է առաջացել, որ Վճռաբեկ դատարանը պատասխանի այն հարցադրմանը, թե արդյոք Վերաքննիչ դատարանն իրավասու է կիրառել հայցի իրավական հիմքում չդրված և առաջին ատյանի դատարանի կողմից որպես այդպիսին չքննարկված իրավական նորմերն այն դեպքում, երբ հայցվորը Վերաքննիչ դատարանի կիրառած իրավական նորմերով չի պայմանավորել իր հայցի առարկան:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.04.2021 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության։

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Սույն գործով առկա է հայցվորի կողմից գույքի (դրամական միջոցների տեսքով) հանձնում, որը հիմնված չէ ոչ օրենքի, ոչ իրավական այլ ակտի և ոչ էլ գործարքի վրա, առկա չէ նաև այդ գումարը վերադարձնելու փաստը։ Այսինքն՝ այս փաստական տվյալները վերաբերելի իրավակարգավորումների հետ համադրելիս մեկ անգամ ևս կարող ենք փաստել, որ առկա է անհիմն հարստացման իրավաբանական նշանակություն ունեցող փաստը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Թիվ ԱԲ245195 մահվան վկայականի համաձայն՝ Համլետ Մայիսի Պատուրյանը մահացել է 05.06.2016 թվականին։

2. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ռ. Վարդանյանին 15.04.2020 թվականին հասցեագրված գրությամբ Էդուարդ Վարդանի Սախկալյանը հայտնել է, որ թիվ 57115216 քրեական գործով երկու անգամ հարցաքննվել է որպես վկա և հարցաքննության ընթացքում հայտնել է, որ 2013 թվականի վերջին ամիսներին Համլետ Պատուրյանը իրեն տվել է 40.000 և 105.000 ԱՄՆ դոլար, ընդհանուր առմամբ 145.000 ԱՄՆ դոլար: Ինչպես նաև հայտնել է, որ 2015 թվականի հունվարի 30-ից հետո տաս օրվա ընթացքում Համլետ Պատուրյանն իրեն փոխանցել է 90.000 ԱՄՆ դոլար: Բացի այդ, 06.06.2016 թվականի լրացուցիչ հարցաքննության ընթացքում հայտարարել է, որ Համլետ Պատուրյանին ինքը պետք է տար 110.000 ԱՄՆ դոլար կամ 160.000 ԱՄՆ դոլարի տարածք, ինչից հետո հայտարարել է, որ 160.000 ԱՄՆ դոլարի տարածք կանվանափոխի Համլետ Պատուրյանի կնոջ կամ երեխաների անվամբ: Հայտնել է, որ վերոնշյալ հայտարարությունների մասով թիվ 57115216 քրեական գործով տված իր ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ ցուցմունք տալու պահին եղել է շփոթված և ցնցված տիրող իրավիճակից, բացի այդ, տղային ձերբակալելու հանգամանքը մթագնել է գիտակցությունը, այսինքն՝ նշված մասով չի գիտակցել հայտարարությունների նշանակությունը և չի պատկերացրել հայտարարությունների արդյունքում հնարավոր առաջացող բացասական հետևանքները՝ իր մոտ առկա է եղել վախի և տագնապի զգացողություն: Ավելին, վերոնշյալ ցուցմունքներն, ըստ էության, տվել է ինքն իր վերաբերյալ, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի ուժով ինքն իրավունք ուներ հրաժարվել ցուցմունք տալ իր, իր ամուսնու կամ մերձավոր ազգականի վերաբերյալ, ուստի նշյալով պայմանավորված և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի դրույթներով՝ վերը նշված հայտարարությունների մասով հրաժարվել է թիվ 57115216 քրեական գործով 05.06.2016 թվականի և 06.06.2016 թվականի իր կողմից տրված ցուցմունքներից:

3. Մայիս Պատուրյանը 28.03.2019 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան և հայտնել է, որ. «() առկա է Հայցվորի կողմից գույքի (դրամական միջոցների տեսքով) հանձնում, որը հիմնված չէ ոչ օրենքի, ոչ իրավական այլ ակտի և ոչ էլ գործարքի վրա, առկա չէ նաև այդ գումարը վերադարձնելու փաստը։

 Այսինքն այս փաստական տվյալները վերաբերելի և վկայակոչված իրավակարգավորումների հետ համադրելիս գտնում ենք, որ առկա է անհիմն հարստացման իրավաբանական նշանակություն ունեցող փաստը» (հատոր 1-ին, գ.թ. 4-6)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք Վերաքննիչ դատարանն իրավասու է արձանագրել այնպիսի խախտման առկայությունը, որը դուրս է վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների, և ընդհանրապես հայցի իրավական հիմքի շրջանակներից։

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են:

«ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանում գործերի քննության կարգը, ինչպես նաև վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ հայցի առարկան այն նյութաիրավական պահանջն է, որը հայցվորը ներկայացնում է պատասխանողի դեմ, և որի վերաբերյալ դատարանը որոշում է կայացնում: Ընդ որում, հայցի առարկայից պետք է տարբերել հայցի օբյեկտը, այսինքն` այն առարկան, որին ուղղված է հայցի առարկայի բովանդակությունը կազմող պահանջը: Հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար: Միաժամանակ, հայցի փաստական հիմքը վերջնականորեն որոշում է դատարանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ հայցի փաստական հիմքից բացի հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերն են, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը: Չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցվորից չի պահանջում հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը, այնուամենայնիվ, հայցվորը բացի փաստական հանգամանքներից կարող է հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց հիման վրա կողմերի միջև ծագել են համապատասխան իրավահարաբերություններ, և որը վերջինիս հիմք է տալիս առկա փաստական հանգամանքների հետ միասին ներկայացնել համապատասխան պահանջ (տե՛ս, Վիգեն Ուրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի, և Սուրիկ Սեդրակյանն ընդդեմ Վիգեն Ուրուշանյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ օրենսդրությունը հայցի հիմքը և առարկան փոխելու լիազորությունը վերապահում է միայն հայցվորին, և տվյալ դեպքում դատարանն ուղղակի հայցվորի համապատասխան միջնորդության առկայության դեպքում կարող է որոշում կայացնել բավարարելու կամ մերժելու հայցվորի` հայցի հիմքը կամ առարկան փոխելու վերաբերյալ միջնորդությունը, սակայն սեփական նախաձեռնությամբ վերոնշյալ գործողությունները կատարելու լիազորություն դատարանը չունի: Բոլոր դեպքերում, եթե հայցի հիմքում ներառված են փաստական և իրավական հիմքերը, դատարանը գործով ապացուցման առարկան որոշում է հայցվորի վկայակոչած և ենթադրյալ կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմի և փաստական հանգամանքների համադրության հիման վրա: Հակառակ դեպքում, երբ դատարանը փոխում է հայցվորի վկայակոչած և ենթադրաբար կիրառման ենթակա նորմերը, դուրս է գալիս հայցի իրավական հիմքի շրջանակից (տե՛ս, Էդմոնդ Ասատրյանը և Կարինե Բաղջյանն ընդդեմ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/2924/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով կայացված որոշմամբ նշել է, որ յուրաքանչյուր գործով ներկայացված հայցապահանջի շրջանակը ոչ միայն էական նշանակություն ունի առաջին ատյանի դատարանում գործի ըստ էության քննության և լուծման համար, այլև` կարևորվում է դատական ակտերի վերանայման փուլերում: Մասնավորապես` վերաքննիչ դատարանի գործունեությունն ուղղված է վերաքննիչ բողոքի քննության արդյունքում առաջին ատյանի դատական ակտը վերանայելուն, որը ներառում է ստորադաս դատարանի գործողությունները (անգործությունը) ստուգելը: (…) (տե՛ս, Գևորգ Ալեքյանն ընդդեմ Վերգուշ, Արայիկ Բոզանյանների, Ջուլիետա Հովհաննիսյանի թիվ ԵԱԴԴ/0976/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում քննելը մրցակցության սկզբունքի դրսևորում է քաղաքացիական դատավարությունում: Վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում (տե՛ս, «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ սահմանափակ վերաքննության պայմաններում վերաքննության փուլում՝

1. վերանայման օբյեկտը պետք է լինի ստորադաս դատարանի կողմից կայացված և բողոքարկվող դատական ակտը, այլ ոչ՝ գործն ընդհանրապես,

2. բողոքարկվող դատական ակտը պետք է վերանայվի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում,

3. վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և դրանց հիմնավորումներին՝ քննարկման առարկա դարձնելով դրանցից յուրաքանչյուրը և կատարելով եզրահանգում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ:

ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է նաև, որ վերաքննության սահմանների վերաբերյալ վերը նշված ընդհանուր կանոններին զուգահեռ օրենսդիրը նախատեսել է նաև որոշ բացառություններ: Այսպես.

«1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի և 365-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները հիմք ընդունելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում առկա է 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, որի հիման վրա վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի), վերաքննիչ դատարանը չի առաջնորդվում ընդհանուր կանոնով և վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերը չի քննում, այլ անդրադառնում է միայն վերաքննիչ բողոքում տեղ գտած՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված համապատասխան հիմքին, որի հիման վրա բեկանել է դատական ակտը: (…) նման դեպքերում վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու ընդհանուր կանոնն այլևս չի գործում:

2. (…) օրենսդրի կողմից նախատեսվել է մեկ այլ բացառություն ևս, որը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ և 379-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորումներից: Մասնավորապես՝ եթե առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, ապա վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով: Այսինքն՝ անդրադառնալով միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքին, որի հիման վրա բեկանում է դատական ակտը, վերաքննիչ դատարանը մյուս հիմքերին այլևս չի անդրադառնում: (…) վկայակոչված կարգավորման ուժով վերաքննիչ դատարանը ոչ միայն չի անդրադառնում վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, այլև չի սահմանափակվում բողոքի հիմքերով և հիմնավորումներով, և անկախ այն բանից՝ բողոքում տեղ է գտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, թե՝ ոչ, վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը:

3. (…) վերաքննիչ դատարանի կողմից բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու կանոնից բացառություն է նաև այն դեպքը, երբ բողոք բերած անձը բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում` միաժամանակ զրկված չլինելով նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Ուստի, (…) նման իրավիճակում վերաքննիչ դատարանը ոչ թե իրավասու է չանդրադառնալու, այլ պարտավոր է չանդրադառնալ վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքերի, ի հիմնավորումն որոնց բողոք բերած անձը հայտնում է այնպիսի դիրքորոշում, որը կարող էր հայտնել, սակայն չի հայտնել առաջին ատյանի դատարանում։

(…) եթե առկա չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված որոշ բացառություններ, ապա ընդհանուր կանոնի համաձայն՝ վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում» (տե՛ս, Վարդանուշ Բեժանյանն, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյաններն ընդդեմ Վաչագան Հակոբյանի թիվ ԼԴ1/0188/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2020 թվականի որոշումը):

Վերոշարադրյալի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ելնելով քաղաքացիական դատավարությունում գործող տնօրինչականության և մրցակցության սկզբունքներից՝ հայցադիմում ներկայացնելիս անձը ազատ է հայցադիմումում նշելու կամ չնշելու հայցի իրավական հիմքը։ Բոլոր այն դեպքերում, երբ հայցադիմումը չի պարունակում որևէ նշում հայցի իրավական հիմքի վերաբերյալ, դատարանը ազատ է ամբողջությամբ որոշելու կիրառման ենթակա իրավական նորմերի շրջանակը։ Իսկ հակառակ դեպքում, երբ անձն օգտվում է տնօրինչականության սկզբունքից և հստակ նշում է հայցի իրավական հիմքը, դատարանը կաշկանդված է գործը քննելու անձի վկայակոչած իրավական հիմքի շրջանակներում։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ սահմանափակ վերաքննության պայմաններում Վերաքննիչ դատարանը բողոքը պետք է քննի միայն բողոքում ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում, եթե առկա չեն օրենքով նախատեսված բացառություններ, և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում։

Այսպիսով Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նաև նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը քննելիս Վերաքննիչ դատարանը սահմանափակված է ներկայացված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և իրավասու չէ արձանագրել այնպիսի խախտման առկայությունը, որը դուրս է և հայցի իրավական հիմքի և վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներից։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Մայիս Պատուրյանը դիմել է դատարան և պահանջել է Էդուարդ Սախկալյանից բռնագանձել գումար՝ որպես իր իրավանախորդ Համլետ Մայիսի Պատուրյանի հաշվին անհիմն հարստացման գումար։

Դատարանը 10.12.2020 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակի՝ Էդուարդ Սախկալյանից հօգուտ Մայիս Պատուրյանի բռնագանձվել է 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես վերջինիս իրավանախորդ Համլետ Մայիսի Պատուրյանի հաշվին անհիմն հարստացման գումար, հայցը՝ 50.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու մասով, մերժվել է:

Վերաքննիչ դատարանը 16.04.2021 թվականի որոշմամբ Էդուարդ Սախկալյանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 10.12.2020 թվականի վճիռը թողել է անփոփոխ հետևյալ պատճառաբանությամբ. «(...) ներկայացված ցուցմունքներով Էդուարդ Սախկալյանն ընդունել է Համլետ Պատուրյանի հանդեպ ունեցած և չկատարված պարտավորություն առ այն, որ Էդուարդ Սախկալյանը Համլետ Պատուրյանից վերցրել է 110 000 ԱՄՆ դոլար և պարտավորվել է վերադարձնել այն կամ դրա փոխարեն վերջինիս հանձնել 160 000 ԱՄՆ դոլար արժողությամբ տարածք։

Նշված ապացույցների ուսումնասիրությունից հետևում է, որ կողմերի միջև առկա պարտավորական իրավահարաբերությունների ծագման հիմք է հանդիսացել Համլետ Պատուրյանի և Էդուարդ Սախկալյանի բանավոր համաձայնությունը, ըստ որի՝ կողմերը բանավոր կերպով ձեռք են բերել պայմանավորվածություն գումար տրամադրելու, այն վերադարձնելու կամ դրա դիմաց տարածք տալու մասով, հետևաբար տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ անհիմն հարստացման բացակայության մասով բողոքաբերի փաստարկները հիմնավոր են, քանի որ օրենքի իմաստով անհիմն հարստացումն առկա է այն դեպքում, երբ առհասարակ բացակայում է դրա վերաբերյալ որևէ գործարք, այդ թվում՝ բանավոր կերպով ձևակերպված։

Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը սույն գործով հաստատված է համարել 110 000 ԱՄՆ դոլարի չափով պարտավորության առկայությունը, այն, որ Էդուարդ Սախկալյանը Համլետ Պատուրյանից վերցրել է 110 000 ԱՄՆ դոլարի չափով գումար և պարտավորվել է այն հետ վերադարձնել, ընդ որում՝ գործով հաստատվել է նաև պարտավորության չկատարման փաստը։

Այսինքն՝ տվյալ դեպքում առկա է և հաստատված է 110 000 ԱՄՆ դոլարի չափով չկատարված պարտավորություն (...)»։

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Ի սկզբանե դիմելով դատարան Մայիս Պատուրյանը որպես հայցի իրավական հիմք նշել է անհիմն հարստացմանը վերաբերող նորմերը, և պահանջել է Էդուարդ Սախկալյանից գումարը բռնագանձել՝ որպես անհիմն հարստացում։ Դատարանի կողմից գործի քննությունն իրականացվել է նշված իրավական հիմքի սահմաններում և հայցը բավարարվել է։

Բողոք տանելով Վերաքննիչ դատարան՝ Էդուարդ Սախկալյանը պահանջել է բեկանել Դատարանի վճիռը, բողոքի հիմքում դնելով նաև անհիմն հարստացման բացակայության վերաբերյալ հիմնավորումներ։

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը թեև բողոքաբերի պնդումները՝ կապված անհիմն հարստացման բացակայության հետ, համարել է հիմնավոր, այնուամենայնիվ գտել է, որ Էդուարդ Սախկալյանը պարտավոր է վճարել այդ գումարը Մայիս Պատուրյանին որպես բանավոր պայմանավորվածության հիման վրա առաջացած և չկատարված պարտավորության գումար։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ անհիմն հարստացումը բացակայում է, բայց առկա է պայմանագրային հարաբերություններից բխող պարտավորաիրավական հարաբերություններ և կիրառելով համապատասխան կարգավորումները՝ վճիռը թողել է անփոփոխ։ Նման եզրահանգման գալ այն պայմաններում, երբ հայցվորը օգտվելով տնօրինչականության սկզբունքից ի սկզբանե որպես հայցի իրավական հիմք հստակ նշել է անհիմն հարստացմանը վերաբերող նորմերը, իրավաչափ չէ։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ Վերաքննիչ դատարանի կողմից վիճարկվող որոշումը կայացվելուց հետո ևս ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանում անգամ Մայիս Պատուրյանը արտահայտել է դիրքորոշում, որ տվյալ գործով առկա է անհիմն հարստացում։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներից։ Տվյալ դեպքում վերաքննիչ բողոքի հիմքը վերաբերել է անհիմն հարստացման բացակայությանը, ուստի Վերաքննիչ դատարանը պետք է քններ բողոքը և կա՛մ հաստատեր կա՛մ մերժեր դրա առկայությունը։

Այսպես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 4-րդ կետի կարգավորմանը, արձանագրել է, որ նշված իրավանորմով սահմանված իրավահարաբերության առկայությունը պարզելիս անհրաժեշտ է հաջորդաբար գնահատել հետևյալ հանգամանքները՝

1) արդյո՞ք առկա է անհիմն հարստացում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի իմաստով, այսինքն՝ գույքի խնայում կամ ձեռքբերում՝ առանց իրավական հիմքի,

2) արդյո՞ք այդ գումարները և այլ գույքը տրվել են ի կատարումն գոյություն չունեցող պարտավորության,

3) արդյո՞ք ձեռք բերողն ապացուցել է, որ գույքը վերադարձնելու պահանջով դիմած անձը (տուժողը) գիտեր պարտավորության բացակայության մասին կամ գույքը տրամադրել է բարեգործական նպատակներով:

Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը գտնել է նաև, որ յուրաքանչյուր նախորդ հանգամանքի բացակայության դեպքում դատարանն այլևս չի անդրադառնում մյուս հանգամանքների գնահատմանը (տե՛ս, «Հունակոմ» ՍՊ ընկերությունն ընդդեմ Ա/Ձ Գևորգ Հայրապետյանի, Գևորգ Ղափլանյանի թիվ ԵԱՆԴ/0606/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.02.2021 թվականի որոշումը):

Տվյալ դեպքում քրեական գործի շրջանակներում առկա ցուցմունքներով Էդուարդ Սախկալյանն ընդունել է, որ Համլետ Պատուրյանի և իր միջև առկա է եղել բանավոր համաձայնություն, ըստ որի՝ իրենք բանավոր կերպով ձեռք են բերել պայմանավորվածություն` գումար տրամադրելու, այն վերադարձնելու կամ դրա դիմաց տարածք տալու մասով։ Նշվածը չի հերքվել նաև Մայիս Պատուրյանի և Համլետ Պատուրյանի կնոջ ցուցմունքներով։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհիմն հարստացման իրավահարաբերության առկայության վերոնշյալ առաջին վավերապայմանը՝ առանց իրավական հիմքի գույքի խնայման կամ ձեռքբերման վերաբերյալ, արդեն իսկ բացակայում է։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը թեև իրավացիորեն գտել է, որ տվյալ դեպքում առկա չէ անհիմն հարստացման դեպք, սակայն այն արձանագրելու հետ միաժամանակ փաստել է նաև, որ առկա է բանավոր պայմանավորվածության հիման վրա առաջացած և չկատարված պարտավորություն, և վճիռը թողնելով անփոփոխ՝ դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակից և թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի խախտում։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Ուստի վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար Վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու համար և հարկ չի համարում անդրադառնալ վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները հերքվում են սույն որոշմամբ նշված պատճառաբանություններով։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է (…) դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` (...) պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով (...)

1. հայցադիմումների (...) համար`

ա) դրամական պահանջով՝ հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից։

(...)

6. դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար`

ա) դրամական պահանջի գործերով՝ վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով։

(...)

7. դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար`

ա) դրամական պահանջի գործերով` հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից։

 Սույն գործով Մայիս Պատուրյանը դատարան ներկայացրած հայցադիմումի համար սահմանված 1.556.192 ՀՀ դրամից (160.000$ * 2% = 3.200$ * 486,31 (հայցադիմումը ներկայացնելու դրությամբ դոլարի փոխարժեքը ՀՀ դրամով) = 1.556192 ՀՀ դրամ) վճարել է միայն 35.000 ՀՀ դրամը, իսկ մնացած՝ 1.521.192 ՀՀ դրամի (1.556.192 – 35.000 = 1.521.192) մասով պետական տուրքի վճարումը ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 08.04.2019 թվականի որոշմամբ հետաձգվել է (հատոր 1-ին, գթ 20)։

Էդուարդ Սախկալյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք և բողոքի համար սահմանված 1.732.830 ՀՀ դրամից (110.000$ * 3% = 3.300$ * 525,10 (վերաքննիչ բողոքը ներկայացնելու դրությամբ դոլարի փոխարժեքը ՀՀ դրամով) = 1.732.830 ՀՀ դրամ) վճարել է միայն 100.000 ՀՀ դրամը, իսկ մնացած՝ 1.632.830 ՀՀ դրամի (1.732.830 – 100.000 =1.632.830) մասով պետական տուրքի վճարումը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02032021 թվականի որոշմամբ հետաձգվել է (հատոր 4-րդ, գթ 77)։

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Էդուարդ Սախկալյանը և վճարել է բողոքի համար սահմանված պետական տուրքի գումարը՝ 1.000.000 ՀՀ դրամը (110.000$ * 3% = 3.300$ * 495,84 (վճռաբեկ բողոքը ներկայացնելու դրությամբ դոլարի փոխարժեքը ՀՀ դրամով) = 1.636.272 ՀՀ դրամ, սակայն հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ դրամական պահանջի գործերով վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը ենթակա է վճարման հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից՝ 1.000.000 ՀՀ դրամ)։

Հաշվի առնելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մայիս Պատուրյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 3.154.022 ՀՀ դրամ (1.521.192 ՀՀ դրամ (հայցադիմումի համար սահմանված և ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 08.04.2019 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար) + 1.632.830 ՀՀ դրամ (վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.03.2021 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար) = 3.154.022 ՀՀ դրամ):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Մայիս Պատուրյանից հօգուտ Էդուարդ Սախկալյանի ենթակա է բռնագանձման 1.100.000 ՀՀ դրամ՝ որպես վերջինիս կողմից վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.04.2021 թվականի որոշումը և այն փոփոխել. Մայիս Պատուրյանի հայցն ընդդեմ Էդուարդ Սախկալյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, մերժել:

2. Մայիս Պատուրյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 3.154.022 ՀՀ դրամ։

Մայիս Պատուրյանից հօգուտ Էդուարդ Սախկալյանի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի և 1.000.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և Զեկուցող

Ռ. Հակոբյան

 

Ս. Անտոնյան

Ա. բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԱՐԴ1/0855/02/19 քաղաքացիական գործով 2022 թվականի փետրվարի 04-ի կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

04.02.2022 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի փետրվարի 04-ին գրավոր ընթացակարգով քննելով Էդուարդ Սախկալյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.04.2021 թվականի որոշման դեմ ըստ հայցի Մայիս Պատուրյանի ընդդեմ Էդուարդ Սախկալյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16042021 թվականի որոշումը և այն փոփոխել. Մայիս Պատուրյանի հայցն ընդդեմ Էդուարդ Սախկալյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, մերժել:

Վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս, Ս Անտոնյանս, Ա Բարսեղյանս, Տ Պետրոսյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1.Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մայիս Պատուրյանը պահանջել է Էդուարդ Սախկալյանից հօգուտ իրեն բռնագանձել 160.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 10.12.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի, Էդուարդ Սախկալյանից հօգուտ Մայիս Պատուրյանի բռնագանձվել է 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես վերջինիս իրավանախորդ Համլետ Մայիսի Պատուրյանի հաշվին անհիմն հարստացման գումար, հայցը՝ 50.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.04.2021 թվականի որոշմամբ Էդուարդ Սախկալյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.12.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էդուարդ Սախկալյանը (ներկայացուցիչ՝ Արմեն Թևանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մայիս Պատուրյանը (ներկայացուցիչ՝ Վահե Սեդրակյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ, 298-րդ, 331-րդ, 332-րդ, 335-րդ, 337-րդ, 345-րդ, 347-րդ, 447-րդ, 1092-րդ և 1226-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ, 62-րդ, 66-րդ, 167-րդ և 379-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, քննարկել է պայմանագրի հիմքով ծագող պարտավորաիրավական հարաբերության ծագման փաստը, մինչդեռ այդ առումով բացակայել են վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները, իսկ հայցվորի կողմից էլ պարտավորության ծագման հիմքում դրվել է բացառապես պատասխանողի կողմից անհիմն հարստացումը։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը տվյալ գործով հայցային վաղեմության ժամկետը պետք է հաշվարկեր 2016 թվականի հունվարի մեկից և արձանագրեր հայցվորի կողմից հայցային վաղեմության ժամկետը բաց թողնված լինելու փաստը, ինչը չի կատարել:

Վերաքննիչ դատարանի դատական ակտը նաև առերևույթ հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով 27.05.2010 թվականի, թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով 08.05.2014 թվականի և թիվ ԵԿԴ/2082/02/08 քաղաքացիական գործով 29.06.2012 թվականի որոշումներին: Վերաքննիչ դատարանի դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով 26.12.2018 թվականի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:

Առկա է նաև իրավունքի զարգացման խնդիր Վերաքննիչ դատարանի կիրառած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի, 167-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 447-րդ և 1092-րդ հոդվածների կապակցությամբ, քանի որ անհրաժեշտություն է առաջացել, որ Վճռաբեկ դատարանը պատասխանի այն հարցադրմանը, թե արդյոք Վերաքննիչ դատարանն իրավասու է կիրառել հայցի իրավական հիմքում չդրված և առաջին ատյանի դատարանի կողմից որպես այդպիսին չքննարկված իրավական նորմերն այն դեպքում, երբ հայցվորը Վերաքննիչ դատարանի կիրառած իրավական նորմերով չի պայմանավորել իր հայցի առարկան:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.04.2021 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Սույն գործով առկա է հայցվորի կողմից գույքի (դրամական միջոցների տեսքով) հանձնում, որը հիմնված չէ ոչ օրենքի, ոչ իրավական այլ ակտի և ոչ էլ գործարքի վրա, առկա չէ նաև այդ գումարը վերադարձնելու փաստը։ Այսինքն՝ այս փաստական տվյալները վերաբերելի իրավակարգավորումների հետ համադրելիս մեկ անգամ ևս կարող ենք փաստել, որ առկա է անհիմն հարստացման իրավաբանական նշանակություն ունեցող փաստը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Թիվ ԱԲ245195 մահվան վկայականի համաձայն՝ Համլետ Մայիսի Պատուրյանը մահացել է 05.06.2016 թվականին:

2) 06.05.2019 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ 05.06.2016 թվականին մահացած Համլետ Մայիսի Պատուրյանի գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում հայրը` Մայիս Պատուրի Պատուրյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը, բաղկացած է մեկ հատ «ULLYSSE NARDIN» ընկերության արտադրության ժամացույցից, մեկ հատ «Զիլլի» ընկերության տարբերանշանով ոսկեգույն և սև գույներով մետաղյա շղթայից:

3) ՀՀ քննչական կոմիտեից ստացված՝ Համլետ Պատուրյանի սպանության դեպքի առթիվ հարուցված թիվ 57115216 քրեական գործով վկա Էդուարդ Սախկալյանի 05.06.2016 թվականի հարցաքննության արձանագրության համաձայն՝ «....Էջմիածին քաղաքի բնակիչ Համլետ Պատուրյանին ճանաչում եմ մոտ երեք տարի, նրա հետ գտնվել եմ ինչ ոչ չափով մտերիմ փոխհարաբերությունների մեջ: Մոտ մեկ տարի առաջ 2015 թ-ի հունվար ամսին ինձ հանդիպեց Համլետը և ցանկություն հայտնեց Էջմիածին քաղաքի Շահումյան 75 հասցեում գտնվող իմ տարածքը և կիսակառույց շինությունը գնելու վերաբերյալ: Մենք եկել ենք բանավոր համաձայնության, որ իմ նշված տարածքը, որը բանկում գրավի տակ էր (եղել) և գրավից հանելու համար ինչքան գումար կպահանջվի ինքը կմուծի այդ գումարը, որը կազմում էր մոտավոր 720000-760000 դոլար: Նա համաձայնվել է իմ պայմանին, իսկ դրա դիմաց ես պետք է անվանափոխում անեի նրա անվամբ: Դրանից հետո Համլետը մինչև հունիս ամիսը մաս-մաս գումար էր տալիս, որը ես մուծում էի բանկ: Այդ ամբողջ գումարը կազմել է մոտ 110.000 դոլար: Ինչպես նաև ինձ տվել է 2013 թ-ի արտադրության Մերսեդես 222 մոդելի մեքենա, որը գույքի դիմաց հաշվել եմ ես 200000 դոլար: Այդ ամբողջ ընթացքում ես փաստացի սպասել եմ մինչ մնացած 420000 դոլարը մուծենք բանկ Համոյի հետ: Այդ գումարը պետք է մուծեր Համլետը, որը 2015թ-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ասաց որ խնդիրներ ունի ֆինանսական և հնարավոր է չվերցնի: Ես առաջարկեցի տարածքի փոխարեն վերցնել ... տարածքը, կամ մեքենան հետ վերցնել: Համլետը մեքենան ասաց ինձ պետք չի, ես նորը գնել եմ պահի քեզ 200000-ին համարժեք դոլար տուր ինձ: Ես ասացի, որ ժամանակ է պետք որ ես կարողանամ դա անել: Պայմանավորվեցինք մի քանի գույք գրանցել փետրվարին, մնացածը մայիսին: Նա եկավ մեզ հետ համաձայնության եկավ 2016 մայիս-հունիս ամիսներին գրանցենք հաջորդ հատվածը, որը համարժեք էր մոտ կանխիկ 100000 դոլարի կամ հողով 160000 դոլար: Այս խոսակցությունը պայմանավորվածություն է դարձել իմ տան անդամների ներկայությամբ և այդ օրը մեքենան վերադարձրել ենք»:

4) Թիվ 57115216 քրեական գործով վկա Էդուարդ Սախկալյանի 06.06.2016 թվականի լրացուցիչ հարցաքննության արձանագրության համաձայն՝ «...Ի զարմանս ինձ, հաջորդ օրը ինձ զանգահարեց Համլետը, հանդիպեցինք նույն կաֆեում, նա ինձ տվեց 40 000 ԱՄՆ դոլար առձեռն և ասաց, որ դա իրեն շատ հարկավոր չէ, իր գործերը լավ են, այսինքն ժամկետ չդրեց ինձ վրա: Ես էլ ուրախ-ուրախ տարա այդ գումարով իմ բանկային հարցերը լուծեցի: Ուզում եմ նշել, որ գումարը վերցնելու ժամանակ ես նրան ասացի, որ Էջմիածին քաղաքում գտնվող պլաստմասի գործարանը պատկանում է ինձ, այն վաճառում եմ և հասկանալով, որ նա գործարար մարդ է և մեծ հնարավորությունների տեր, առաջարկեցի այդ թեմայով մտածել, նաև կարծեմ դա եղավ մեր հարաբերությունների սկիզբը ու մենք սկսեցինք մտերմություն անել: Երբ 2013 թվականի վերջին ամիսներին նա ինձ հետ միասին ինձ հետ եկավ նշված տարածք և ամբողջությամբ ուսումնասիրեց տարածքը, ասաց որ այդ պահին ինքը ուզում է մի մասնաշենք գնել սպորտ դպրոց դնելու համար: Ես այն գնահատեցի 125 000 դոլար, ինչին նա համաձայնվեց: Փաստացի նա ինձ մոտ ուներ 40 000 դոլար: Մեր խոսակցությունների ընթացքում տվեց 105 000 դոլար մինչև 2014 թվականի դեկտեմբեր: Գումարը տալուց հետո նա այդ մի մասնաշենքը, որը արդեն իրենն էր (փաստացի) սկսեց շինարարական աշխատանքները: Մի մեջբերում անեմ, որ իմ ամբողջ տարածքը ունեցել է մեկ սեփականության վկայական: Այդ տարածքը ամբողջությամբ գրավադրված էր բանկում....առանձին վկայական հանեցի նրա տարածքին, որը Համլետի պահանջով գրանցեցի նրա կնոջ անվամբ (2015 թ. փետրվար): Այդ ընթացքում Համլետը ցանկություն հայտնեց գնել ամբողջ տարածքը գնել (առաջարկված), որը ես գնահատեցի 760 000, քանի որ հենց նույն չափով գրավադրված էր բանկում: Նա համաձայնվեց, ասաց, որ ունի մերսեդես S 2013 թվականի արտադրության մեքենա, որը ինքը կգնահատի 200 000 դոլար և ես պետք է իրենից վերցնեի մնացած տարբերությունը՝ 560 ԱՄՆ դոլար: Երկուսով տղամարդու պես ձեռք ձեռքի տվեցինք և քանի որ կար արդեն փոխադարձ վստահություն, որևէ փաստաթղթային ձևակերպում չտվեցինք: Նա ինձ տվեց իր Մերսեդես մեքենան, որ իր անունով էլ մնաց, սակայն չգրանցեցինք, կարևորություն չտալով, ինձ տվեց լիազորագիր, քանի որ այն ռուսական գրանցում ուներ, մենք որոշեցինք մի օր միասին կգնանք Ռուսաստան: Դա 2015 թվականի հունվարի 30 էր: 10 օրվա մեջ տվեց (խոսքը Համլետ Պատուրյանի մասին է) 10 000, իսկ մինչև օգոստոս ամիսը՝ 80 000, այսինքն ընդհանուր 90 000: Սեպտեմբերի վերջ հանդիպեցինք միասին, նա ասաց, որ գործերը լավ չեն … կարող է չկարողանա մնացած փողերս տա, որ ես խոստացել էի բանկին: Ճիշտն ասած դա իմ դուրը չեկավ, բայց քանի որ արդեն բավականին մտերմացել էինք ես չուզեցի նրան նեղացնել, առաջարկեցի ետ տալ իր մեքենան և իր վերցրած 90 000 դոլարի դիմաց էլ տարածք տամ: Նա համաձայնվեց ետ տամ իր մերսեդես մեքենան և ամիսների քշելու համար, որպես մաշվածություն, ինձ վրա թողեց 20 000 դոլար, այսինքն ես նրան պետք է տայի կամ 110 000 դոլար կանխիկ գումար, կամ 160 000 դոլարի տարածք: Բնականաբար ես համաձայնվեցի 160 000 դոլարի տարածքին: Դրա համար ես նրանից խնդրեցի մի քանի ամիս ժամանակ, որպեսզի գումարի ճարեի վճարում կատարեի բանկին կամ վերցնեի առանձին վկայական գրավից հանված և գրանցեի նրա անունով: Նա համաձայնվեց և ես դա պետք է կատարեի մինչև 2016 թվականի հունիսի վերջ: Դա եղել է իմ և Համլետի միջև պայմանավորվածություն…», ...«Ես հիմա էլ պաշտոնապես հայտարարում եմ, որ 160 000 դոլարի տարածք տամ նրա կնոջը կամ երեխաներին որևէ տարբերություն չկա այդ առումով թե նա սաղ է կամ մահացած: Ես պատրաստ եմ այս ամսի վերջ անվանափոխություն կատարելու»:

5) Թիվ 57115216 քրեական գործով վկա Անուշ Հովհաննիսյանի (տուժող Համլետ Պատուրյանի կինը) 02.08.2019 թվականի հարցաքննության արձանագրության համաձայն՝ «...Խոսակցությունն ավարտելուց հետո Համլետը եկավ տուն և ասաց, որ մեր «Մերսեդես Բենց S500» մակնիշի ավտոմեքենան Էդոյից հետ է վերցնում, բայց 100.000 (հարյուր հազար) ԱՄՆ դոլարի փոխարեն, քանի որ մոտ մեկ տարի, դեռ ավելին, այն շահագործել են և Էդոյի հետ պայմանավորվել են, որ նա Համլետին կտա նույն նշված տարածքը՝ 120.000 դոլարի փոխարեն, իսկ մեքենայի 100.000 դոլարն առձեռն կտա մինչև 2016թ. հունիսի 10-ը: Նույն ժամկետը վերաբերում էր նաև տարածքի փաստաթղթերի ձևակերպմանը»:..... «2017 թվականի մայիսին, կոնկրետ օրը չեմ հիշում, տեսա որ այն տարածքում, որն ըստ Համլետի և Էդուարդ Սախկալյանի պայմանավորվածության՝ արդեն մեզ է պատկանում և դրա փաստաթղթերը Էդուարդը պետք է ձևակերպեր մինչև 2016 թվականի հունիսի 10-ը, ինչ-որ ապամոնտաժման աշխատանքներ էին կատարվում, ուստի ամուսնուս հորը Մայիսին տեղյակ պահեցի և նա եկավ այդ տարածք, բանվորներին ասաց, որ տարածքը պատկանում է իր որդուն՝ Համլետին և նրանք որևէ աշխատանք կատարելու իրավունք չունեն: Այդ ժամանակ ես էլ գնացի այդ տարածք և այնտեղ էի նշված խոսակցության ընթացքում: Այդ պահին եկան նաև Էդուարդ Սախկալյանն ու նրա քույրը՝ Մարիամը, ով բնակվում է հարևանությամբ: Մինչ այդ ես Էդուարդին՝ Էդոյին չէի հանդիպել ամուսնուս մահից հետո, սակայն սկեսրայրս ինձ պատմել է, որ նա Էդոյին ամեն տեսնելիս կանգնեցրել և պահանջել էր իր պարտավորությունները կատարել, այսինքն 100.000 ԱՄՆ դոլարը տալ, ինչպես նաև տարածքի փաստաթղթերի հարցը լուծել և այն ձևակերպել մեր անվամբ: Էդոն սկեսրայրիս ասել էր, որ ինքն ու Համլետը պայմանավորվել են, որ միայն տարածքը մեր սեփականությունը դարձնելով ինքը այլևս պարտք չի լինի Համլետին և գումարի մասին խոսք չի եղել: Ես չէի կարող ապացուցել, որ լսել եմ Համլետի և Էդոյի խոսակցությունը և որ Էդոն խոստացել էր Համլետին բացի տարածքը հանձնելուց, նաև 100.000 դոլար գումար տալ առձեռն, ուստի այդ գումարի հարցը մնաց առկախված»:....«Իմ ու Էդոյի միջև վերջնական խոսակցության իմաստն այն էր, որ նա այդ տարածքը կձևակերպի իմ անվամբ, որ ապամոնտաժումներ չի կատարվի, սակայն չի ասել, թե երբ այդ հարցին լուծում կտա: Դրանից հետո այդպես էլ Էդոն իր խոստումը չի կատարել մինչև օրս: Սույն թվականի գարնանը իմացա, որ այն տարածքները, որոնք Էդուարդ Սախկալյանը մեզ էր խոստացել, արդեն ուրիշի անվամբ են ձևակերպվել, ուստի և փաստաբան վարձեցի, ով Համլետի իրավահաջորդ ճանաչված սկեսրայրիս անունից դիմել է դատարան՝ Էդուարդ Սախկալյանից մեզ պարտք գումարը ստանալու պահանջով»:

6) Նոտարական կարգով 30.01.2015 թվականի լիազորագրով Համլետ Մայիսի Պատուրյանը լիազորել է Էդուարդ Վարդանի Սախկալյանին վարելու իրեն պատկանող Mersedes Benc S 500 մակնիշի ավտոմեքենան, (....) կատարելու լիազորությունից բխող բոլոր գործողությունները:

7) Նոտարական կարգով 03.09.2015 թվականի լիազորագրով Էդուարդ Վարդանի Սախկալյանի լիազորել է Մայիս Պատուրի Պատուրյանին իր փոխարեն անհատույց օգտագործելու Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Շահումյան թիվ 75 հասցեում գտնվող գործարանը, (....) կատարելու լիազորությունից բխող բոլոր գործողությունները:

8) Էդուարդ Վարդանի Սախկալյանի (վաճառող) և Անուշ Երեմի Հովհաննիսյանի (գնորդ) միջև 09.03.2016 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով վաճառողը 45.000.000 ՀՀ դրամով գնորդին է վաճառել Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Շահումյան թիվ 75 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ գործարանը:

9) ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ռ. Վարդանյանին 15.04.2020 թվականին հասցեագրված գրությամբ Էդուարդ Վարդանի Սախկալյանը հայտնել է, որ թիվ 57115216 քրեական գործով երկու անգամ հարցաքննվել է որպես վկա և հարցաքննության ընթացքում հայտնել է, որ 2013 թվականի վերջին ամիսներին Համլետ Պատուրյանը իրեն տվել է 40.000 և 105.000 ԱՄՆ դոլար, ընդհանուր առմամբ 145.000 ԱՄՆ դոլար: Ինչպես նաև հայտնել է, որ 2015 թվականի հունվարի 30-ից հետո տաս օրվա ընթացքում Համլետ Պատուրյանն իրեն փոխանցել է 90.000 ԱՄՆ դոլար: Բացի այդ, 06.06.2016 թվականի լրացուցիչ հարցաքննության ընթացքում հայտարարել է, որ Համլետ Պատուրյանին ինքը պետք է տար 110.000 ԱՄՆ դոլար կամ 160.000 ԱՄՆ դոլարի տարածք, ինչից հետո հայտարարել է, որ 160.000 ԱՄՆ դոլարի տարածք կանվանափոխի Համլետ Պատուրյանի կնոջ կամ երեխաների անվամբ: Հայտնել է, որ վերոնշյալ հայտարարությունների մասով թիվ 57115216 քրեական գործով տված իր ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ ցուցմունք տալու պահին եղել է շփոթված և ցնցված տիրող իրավիճակից, բացի այդ, տղային ձերբակալելու հանգամանքը մթագնել է գիտակցությունը, այսինքն՝ նշված մասով չի գիտակցել հայտարարությունների նշանակությունը և չի պատկերացրել հայտարարությունների արդյունքում հնարավոր առաջացող բացասական հետևանքները՝ իր մոտ առկա է եղել վախի և տագնապի զգացողություն: Ավելին, վերոնշյալ ցուցմունքներն ըստ էության տվել է ինքն իր վերաբերյալ, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի ուժով ինքն իրավունք ուներ հրաժարվել ցուցմունք տալ իր, իր ամուսնու կամ մերձավոր ազգականի վերաբերյալ, ուստի նշյալով պայմանավորված և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի դրույթներով՝ վերը նշված հայտարարությունների մասով հրաժարվել է թիվ 57115216 քրեական գործով 05.06.2016 թվականի և 06.06.2016 թվականի իր կողմից տրված ցուցմունքներից:

 

4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`

Դատարանը 10.12.2020 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակի՝ Էդուարդ Սախկալյանից հօգուտ Մայիս Պատուրյանի բռնագանձվել է 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես վերջինիս իրավանախորդ Համլետ Մայիսի Պատուրյանի հաշվին անհիմն հարստացման գումար, հայցը՝ 50.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու մասով, մերժվել է:

Վերաքննիչ դատարանը 16.04.2021 թվականի որոշմամբ Էդուարդ Սախկալյանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 10.12.2020 թվականի վճիռը թողել է անփոփոխ հետևյալ պատճառաբանությամբ. «(...) ներկայացված ցուցմունքներով Էդուարդ Սախկալյանն ընդունել է Համլետ Պատուրյանի հանդեպ ունեցած և չկատարված պարտավորություն առ այն, որ Էդուարդ Սախկալյանը Համլետ Պատուրյանից վերցրել է 110 000 ԱՄՆ դոլար և պարտավորվել է վերադարձնել այն կամ դրա փոխարեն վերջինիս հանձնել 160 000 ԱՄՆ դոլար արժողությամբ տարածք։

Նշված ապացույցների ուսումնասիրությունից հետևում է, որ կողմերի միջև առկա պարտավորական իրավահարաբերությունների ծագման հիմք է հանդիսացել Համլետ Պատուրյանի և Էդուարդ Սախկալյանի բանավոր համաձայնությունը, ըստ որի՝ կողմերը բանավոր կերպով ձեռք են բերել պայմանավորվածություն գումար տրամադրելու, այն վերադարձնելու կամ դրա դիմաց տարածք տալու մասով, հետևաբար տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ անհիմն հարստացման բացակայության մասով բողոքաբերի փաստարկները հիմնավոր են, քանի որ օրենքի իմաստով անհիմն հարստացումն առկա է այն դեպքում, երբ առհասարակ բացակայում է դրա վերաբերյալ որևէ գործարք, այդ թվում՝ բանավոր կերպով ձևակերպված։

Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը սույն գործով հաստատված է համարել 110 000 ԱՄՆ դոլարի չափով պարտավորության առկայությունը, այն, որ Էդուարդ Սախկալյանը Համլետ Պատուրյանից վերցրել է 110 000 ԱՄՆ դոլարի չափով գումար և պարտավորվել է այն հետ վերադարձնել, ընդ որում՝ գործով հաստատվել է նաև պարտավորության չկատարման փաստը։

Այսինքն՝ տվյալ դեպքում առկա է և հաստատված է 110 000 ԱՄՆ դոլարի չափով չկատարված պարտավորություն (...)»։

Վճռաբեկ դատարանը դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել և Վերաքննիչ դատարանի 16.04.2021 թվականի որոշումը բեկանել, փոփոխել հայցը՝ մերժել, արձանագրելով որ տվյալ դեպքում քրեական գործի շրջանակներում առկա ցուցմունքներով Էդուարդ Սախկալյանն ընդունել է, որ Համլետ Պատուրյանի և իր միջև առկա է եղել բանավոր համաձայնություն, ըստ որի՝ իրենք բանավոր կերպով ձեռք են բերել պայմանավորվածություն` գումար տրամադրելու, այն վերադարձնելու կամ դրա դիմաց տարածք տալու մասով։ Նշվածը չի հերքվել նաև Մայիս Պատուրյանի և Համլետ Պատուրյանի կնոջ ցուցմունքներով։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անհիմն հարստացման իրավահարաբերության առկայության վերոնշյալ առաջին վավերապայմանը՝ առանց իրավական հիմքի գույքի խնայման կամ ձեռքբերման վերաբերյալ, արդեն իսկ բացակայում է։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը թեև իրավացիորեն գտել է, որ տվյալ դեպքում առկա չէ անհիմն հարստացման դեպք, սակայն այն արձանագրելու հետ միաժամանակ փաստել է նաև, որ առկա է բանավոր պայմանավորվածության հիման վրա առաջացած և չկատարված պարտավորություն, և վճիռը թողնելով անփոփոխ՝ դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակից և թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի խախտում։

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս,Ս Անտոնյանս, Ա Բարսեղյանս, Տ Պետրոսյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են նաև անհիմն հարստացման հետևանքով:

Վերը նշված պարտավորությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` «Անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորություններ» վերտառությամբ 61-րդ գլխով նախատեսված նորմերով: Այսպես՝

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը), բացառությամբ նույն օրենսգրքի 1099-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Վկայակոչված նորմի բովանդակությունից բխում է, որ անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորության բովանդակությունն են կազմում անհիմն հարստացողից անհիմն ձեռք բերածը պահանջելու՝ տուժողի իրավունքը և անհիմն ձեռք բերածը կամ անհիմն խնայածը վերադարձնելու` անհիմն հարստացողի պարտականությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով անհիմն հարստացման ինստիտուտին, փաստել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածից հետևում է, որ անհիմն հարստացման առկայության համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը.

1. անձը (ձեռք բերողը) այլ անձի (տուժողի) հաշվին պետք է ձեռք բերի կամ խնայի գույք, այսինքն` ձեռք բերողի մոտ գույքի ավելացումը պետք է պայմանավորված լինի տուժողի մոտ գույքի պակասեցմամբ,

2. գույքը պետք է ձեռք բերվի կամ խնայվի առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի, այսինքն` հարստացումն անօրինական ձևով (տե´ս, Անժելիկա Գասպարյանն ընդդեմ Զելիմ Սիմոնյանի թիվ ԵԱՔԴ/0455/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ օրենսդիրը տարբերակում է անհիմն հարստացման երկու տեսակ`

1) առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի գույքի ձեռքբերում,

2) առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի գույքի խնայում:

Ըստ այդմ, գույքի ձեռքբերման դեպքում տեղի է ունենում անհիմն հարստացողի գույքի ավելացում` տուժողի գույքի հաշվին, իսկ գույքի խնայումը նշանակում է, որ անձը պետք է իր գույքի հաշվին կատարեր որոշակի ծախսեր, սակայն դա չի անում՝ ի հաշիվ տուժողի ծախսերի, որի արդյունքում անհիմն հարստացողի գույքի ծավալային փոփոխություն տեղի չի ունենում:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ անհիմն հարստացման հետևանքով պարտավորությունների ծագման համար էական չէ ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց կամքը: Այլ կերպ ասած` անհիմն հարստացում կարող է տեղի ունենալ ինչպես ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետևանքով, այնպես էլ` նրանց կամքից անկախ: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված նորմի վերլուծությունից, որի համաձայն` նույն գլխի կանոնները կիրառվում են անկախ այն բանից՝ անհիմն հարստացումը ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետևանք է եղել, թե կատարվել է նրանց կամքից անկախ:

 Վերոգրյալ իրավական վերլուծություններից հետևում է, որ անհիմն հարստացման ինստիտուտը կարգավորող նորմերի կիրառման համար անհրաժեշտ և բավարար է օբյեկտիվ արդյունքի առկայությունը, այն է` անձն առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի տուժողի հաշվին ձեռք է բերել կամ խնայել է գույք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին կետի և 1099-րդ հոդվածի 4-րդ կետի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ անհիմն հարստացման հատկանիշների առկայության դեպքում անհիմն հարստացման արդյունքում ձեռքբերված կամ խնայված գույքը, որպես կանոն, ենթակա է վերադարձման, սակայն միաժամանակ օրենսդիրը նախատեսում է դեպքեր, երբ նույնիսկ անհիմն հարստացման հատկանիշների առկայության դեպքում ձեռքբերված կամ խնայված գույքը չի կարող վերադարձվել (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդված): Անդրադառնալով հատկապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածով նախատեսված դեպքերից 4-րդ կետով նկարագրվածին՝ Վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրն այդ կանոնի կիրառման համար սահմանել է մի քանի պայմանի միաժամանակյա առկայություն, որոնք հանգում են հետևյալին՝

1. գույքը ձեռք բերողի և գույքը վերադարձնելու պահանջով դիմած անձի միջև պետք է առկա չլինեն ձեռք բերված կամ խնայված գույքի կապակցությամբ պարտավորական հարաբերություններ,

2. գույքը վերադարձնելու պահանջով դիմած անձը գույքը ձեռք բերողին գույքը պետք է փոխանցած լինի՝ իմանալով, որ գոյություն չունի պարտավորություն, կամ որ փոխանցում է բարեգործական նպատակներով

3. գույքը ձեռք բերողը պետք է ապացուցի 2-րդ պայմանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 4-րդ կետով օրենսդիրը կարևորել է գույքը փոխանցողի ներքին վերաբերմունքը գույքի փոխանցման գործողության կապակցությամբ: Այսինքն՝ օրենսդիրը գտել է, որ այդ կանոնի կիրառման համար հատկապես կարևոր է, թե անձն ինչ գիտակցմամբ է կատարել գույքի փոխանցումը: Այլ կերպ ասած՝ եթե գույքը վերադարձնելու պահանջով դիմած անձը գույքը փոխանցելիս ի սկզբանե գիտակցում էր և գիտեր, որ իր և գույքը ձեռքբերողի միջև չկան պարտավորական հարաբերություններ, սակայն ամեն դեպքում նա ցանկացել է փոխանցել համապատասխան գույքը, ապա օրենսդիրը, կարևորելով նրա կողմից դրսևորած կամահայտնությունը, այլևս իրավունք չի տալիս գույքը վերադարձնելու պահանջով դիմած անձին հետ ստանալու փոխանցված գույքը: Վերոնշյալից հետևում է, որ օրենսդիրը գույքն անհիմն հարստացման արդյունքում ձեռք բերված լինելու կամ չլինելու հարցի լուծման փուլում չի կարևորում տուժողի կամքը, սակայն գույքը որպես անհիմն հարստացման արդյունքում ձեռքբերված կամ խնայված որակելուց հետո՝ այն տուժողին հետ վերադարձնելու հարցի լուծման փուլում, արդեն արժևորում է գույքը վերադարձնելու պահանջով դիմած անձի ներքին վերաբերմունքը գույքն ուրիշին փոխանցելու գործողության վերաբերյալ: Վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդրի այդ մոտեցումը որոշակիություն է մտցնում գույքի բնականոն շրջանառության մեջ, քանի որ հնարավորություն է ստեղծում այս կամ այն գույքին տալու անհիմն հարստացման արդյունքում ձեռք բերված գույքի իրավական կարգավիճակ: Միաժամանակ սահմանելով նման հնարավորություն՝ օրենսդիրը վերոնշյալ գույքը վերադարձնելու հարցի լուծման փուլում ընդունելի է համարում այն մոտեցումը, որ թեև գույքը կարող է ունենալ անհիմն հարստացման արդյունքում ձեռք բերված գույքի կարգավիճակ, սակայն այն կարող է և ենթակա չլինել վերադարձման:

Վճռաբեկ դատարանը նշել է, որ ի թիվս այլ պայմանների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 4-րդ կետով ամրագրված կարգավորման կիրառման համար հարկավոր է հետևյալ պայմանը. գույքը ձեռք բերողը պետք է ապացուցի, որ գույքը վերադարձնելու պահանջով դիմած անձը գիտեր իր և գույքը ձեռք բերողի միջև պարտավորության բացակայության մասին: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապացուցման բաշխման սույն կանոնը ենթադրում է, որ գույքը ձեռքբերողը ոչ թե պետք է այդ մասին ուղղակի հայտարարի, այլ ներկայացնի այդ փաստը հիմնավորող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ապացույցներ:

Տվյալ դեպքում, նշված հանգամանքները պարզելու համար դատարանն օժտված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան լիազորություններով, որոնց լիարժեք իրացման պայմաններում միայն կարելի է դատողություն անել անհիմն հարստացման առկայության կամ բացակայության, ինչպես նաև անհիմն հարստացման արդյունքում ձեռքբերված կամ խնայված գույքը վերադարձման ենթակա լինելու վերաբերյալ: Այսպես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերը նշված իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող յուրաքանչյուր փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նույնանման դրույթներ պարունակող 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանությանը, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Սույն գործով Մայիս Պատուրյանը 28.03.2019 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան և հայտնել է, որ. «() առկա է Հայցվորի կողմից գույքի (դրամական միջոցների տեսքով) հանձնում, որը հիմնված չէ ոչ օրենքի, ոչ իրավական այլ ակտի և ոչ էլ գործարքի վրա, առկա չէ նաև այդ գումարը վերադարձնելու փաստը։

Այսինքն այս փաստական տվյալները վերաբերելի և վկայակոչված իրավակարգավորումների հետ համադրելիս գտնում ենք, որ առկա է անհիմն հարստացման իրավաբանական նշանակություն ունեցող փաստը» (հատոր 1-ին, գ.թ. 4-6)։

 Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ քննչական կոմիտեից ստացված՝ Համլետ Պատուրյանի սպանության դեպքի առթիվ հարուցված թիվ 57115216 քրեական գործով վկա Էդուարդ Սախկալյանի 05.06.2016 թվականի հարցաքննության արձանագրության համաձայն՝ «... Մոտ մեկ տարի առաջ 2015 թ-ի հունվար ամսին ինձ հանդիպեց Համլետը և ցանկություն հայտնեց Էջմիածին քաղաքի Շահումյան 75 հասցեում գտնվող իմ տարածքը և կիսակառույց շինությունը գնելու վերաբերյալ: Մենք եկել ենք բանավոր համաձայնության, որ իմ նշված տարածքը, որը բանկում գրավի տակ էր (եղել) և գրավից հանելու համար ինչքան գումար կպահանջվի ինքը կմուծի այդ գումարը, որը կազմում էր մոտավոր 720000-760000 դոլար: Նա համաձայնվել է իմ պայմանին, իսկ դրա դիմաց ես պետք է անվանափոխում անեի նրա անվամբ: Դրանից հետո Համլետը մինչև հունիս ամիսը մաս-մաս գումար էր տալիս, որը ես մուծում էի բանկ: Այդ ամբողջ գումարը կազմել է մոտ 110.000 դոլար: Ինչպես նաև ինձ տվել է 2013 թ-ի արտադրության Մերսեդես 222 մոդելի մեքենա, որը գույքի դիմաց հաշվել եմ ես 200000 դոլար: Այդ ամբողջ ընթացքում ես փաստացի սպասել եմ մինչ մնացած 420000 դոլարը մուծենք բանկ Համոյի հետ: Այդ գումարը պետք է մուծեր Համլետը, որը 2015թ-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ասաց որ խնդիրներ ունի ֆինանսական և հնարավոր է չվերցնի: Ես առաջարկեցի տարածքի փոխարեն վերցնել ... տարածքը, կամ մեքենան հետ վերցնել: Համլետը մեքենան ասաց ինձ պետք չի, ես նորը գնել եմ պահի քեզ 200000-ին համարժեք դոլար տուր ինձ: Ես ասացի, որ ժամանակ է պետք որ ես կարողանամ դա անել: Պայմանավորվեցինք մի քանի գույք գրանցել փետրվարին, մնացածը մայիսին: Նա եկավ մեզ հետ համաձայնության եկավ 2016 մայիս-հունիս ամիսներին գրանցենք հաջորդ հատվածը, որը համարժեք էր մոտ կանխիկ 100000 դոլարի կամ հողով 160000 դոլար:…», իսկ Էդուարդ Սախկալյանի 06.06.2016 թվականի լրացուցիչ հարցաքննության արձանագրության համաձայն՝ «...Դա 2015 թվականի հունվարի 30 էր: 10 օրվա մեջ տվեց (խոսքը Համլետ Պատուրյանի մասին է) 10 000, իսկ մինչև օգոստոս ամիսը՝ 80 000, այսինքն ընդհանուր 90 000: Սեպտեմբերի վերջ հանդիպեցինք միասին, նա ասաց, որ գործերը լավ չեն … կարող է չկարողանա մնացած փողերս տա, որ ես խոստացել էի բանկին: Ճիշտն ասած դա իմ դուրը չեկավ, բայց քանի որ արդեն բավականին մտերմացել էինք ես չուզեցի նրան նեղացնել, առաջարկեցի ետ տալ իր մեքենան և իր վերցրած 90 000 դոլարի դիմաց էլ տարածք տամ: Նա համաձայնվեց ետ տամ իր մերսեդես մեքենան և ամիսների քշելու համար, որպես մաշվածություն, ինձ վրա թողեց 20 000 դոլար, այսինքն ես նրան պետք է տայի կամ 110 000 դոլար կանխիկ գումար, կամ 160 000 դոլարի տարածք: Բնականաբար ես համաձայնվեցի 160 000 դոլարի տարածքին: Դրա համար ես նրանից խնդրեցի մի քանի ամիս ժամանակ, որպեսզի գումարի ճարեի վճարում կատարեի բանկին կամ վերցնեի առանձին վկայական գրավից հանված և գրանցեի նրա անունով: Նա համաձայնվեց և ես դա պետք է կատարեի մինչև 2016 թվականի հունիսի վերջ: Դա եղել է իմ և Համլետի միջև պայմանավորվածություն…», ...«Ես հիմա էլ պաշտոնապես հայտարարում եմ, որ 160 000 դոլարի տարածք տամ նրա կնոջը կամ երեխաներին որևէ տարբերություն չկա այդ առումով թե նա սաղ է կամ մահացած: Ես պատրաստ եմ այս ամսի վերջ անվանափոխություն կատարելու»: Ընդ որում, Անուշ Հովհաննիսյանի 02.08.2019 թվականի հարցաքննության արձանագրության համաձայն՝ «...Խոսակցությունն ավարտելուց հետո Համլետը եկավ տուն և ասաց, որ մեր «Մերսեդես Բենց S500» մակնիշի ավտոմեքենան Էդոյից հետ է վերցնում, բայց 100.000 (հարյուր հազար) ԱՄՆ դոլարի փոխարեն, քանի որ մոտ մեկ տարի, դեռ ավելին, այն շահագործել են և Էդոյի հետ պայմանավորվել են, որ նա Համլետին կտա նույն նշված տարածքը՝ 120.000 դոլարի փոխարեն, իսկ մեքենայի 100.000 դոլարն առձեռն կտա մինչև 2016թ. հունիսի 10-ը: Նույն ժամկետը վերաբերում էր նաև տարածքի փաստաթղթերի ձևակերպմանը»: Բացի այդ, սույն գործով չի վիճարկվել մինչև 2016 թվականի հունիսի վերջը Էդուարդ Սախկալյանի կողմից Համլետ Պատուրյանի կամ նրա կնոջ, երեխաների, իրավահաջորդի անվամբ 160.000 ԱՄՆ դոլար արժեքով տարածք ձևակերպված չլինելու փաստը:

 

Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի դատական ակտը, բեկանել և փոփոխել է այն շարժառիթներից ելնելով, որ բացակայում է անհիմն հարստացման իրավահարաբերության առկայության վերոնշյալ առաջին վավերապայմանը՝ առանց իրավական հիմքի գույքի խնայման կամ ձեռքբերման վերաբերյալ, քանի որ Համլետ Պատուրյանի և Էդուարդ Սախկալյանի միջև պարտավորական հարաբերություններ են ծագել բանավոր պայմանավորվածության հիման վրա:

Նախ ցանկանում ենք նշել, որ Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն՝ անհիմն հարստացման առկայությունը հաստատված համարելու համար միաժամանակ անհրաժեշտ է նաև այն պայմանի առկայությունը, որ տվյալ դեպքում գույքը պետք է խնայված լինի առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի, այսինքն` առկա լինի անօրինական ձևով հարստացում։ Մինչդեռ սույն գործով Վճռաբեկ դատարանն իր որոշման մեջ եզրահանգում է կատարել անհիմն հարստացման առկայության բացակայության մասին՝ առանց պատճառաբանելու, թե փաստական կամ իրավական որ հիմքերի առկայության պայմաններում է հանգել նման հետևության։

Տվյալ դեպքում գործով ապացուցված է, որ Էդուարդ Սախկալյանը Համլետ Պատուրյանից ստացել է 110.000 ԱՄՆ դոլար, այսինքն` Համլետ Պատուրյանի մոտ գույքի պակասեցում է տեղի ունեցել նշված գումարի չափով: Ընդ որում, տվյալ պարագայում իրավաբանական նշանակություն չի կարող ունենալ այն հանգամանքը, որ գումարի փոխանցումը եղել է կողմերի բանավոր պայմանավորվածության հետևանք: Ավելին, Էդուարդ Սախկալյանն անհիմն հարստացել է առանց օրենքով, գործարքով սահմանված հիմքերի, քանի որ գործով հիմնավորվել է, որ գումարը տրվել է անշարժ գույք գնելու նպատակով, սակայն կողմերի միջև անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքված չի եղել: Հետևաբար առկա է անհիմն հարստացման իրավահարաբերության առկայության առաջին վավերապայմանը՝ առանց իրավական հիմքի գույքի խնայման կամ ձեռքբերման վերաբերյալ: Հարկ ենք համարում նշել նաև, որ օրենսդիրը չի նախատեսել բանավոր պայմանավորվածությունը՝ որպես կողմերի միջև պարտավորական իրավահարաբերությունների ծագման օրինական հիմք: Ուստի միայն այն հանգամանքը, որ կողմերը որոշակի վարքագիծ են դրսևորել, չի կարող մեկնաբանվել որպես անհիմն հարստացման պայմաններից` անհիմն հարստացողի մոտ գույքի ավելացման հանգամանքի բացակայություն: Միանշանակ է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանք է այն, որ Համլետ Պատուրյանի կողմից Էդուարդ Սախկալյանին գումար տալը չի ունեցել որևէ իրավական հիմք, այլ ոչ թե այն, որ 2016 թվականին Էդուարդ Սախկալյանը պարտավորվել է վերադարձնել 110000 ԱՄՆ դոլարը կամ 160000 ԱՄՆ դոլար արժեքով տարածք, վերոնշված հանգամանքները հիմք են անհիմն հարստացման իրավահարաբերությունը հաստատված համարելու, այլ ոչ թե ընդհանրապես ինչ-որ վերացական պարտավորությունների ծագման համար։

 Նման պայմաններում հիմնավոր ենք համարում Դատարանի այն պատճառաբանությունը, որ Էդուարդ Սախկալյանը Համլետ Պատուրյանի հաշվին ձեռք է բերել գույք, իսկ Էդուարդ Սախկալյանի մոտ գույքի` 110․000 ԱՄՆ դոլարի ավելացումը պայմանավորվել է հայցվորի իրավանախորդի մոտ նշված գումարի պակասեցմամբ, այսինքն` Էդուարդ Սախկալյանն առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ձեռք է բերել դրամական միջոցներ և պարտավոր է վերադարձնել գումարի չվերադարձված մասը` 110.000 ԱՄՆ դոլարը:

Գտնում ենք, որ սույն գործում առկա ապացույցներով հիմնավորվել է, որ Էդուարդ Սախկալյանը Համլետ Պատուրյանի հաշվին ձեռք է բերել 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, պատասխանողի մոտ գույքի ավելացումը պայմանավորվել է տուժողի գույքի պակասեցմամբ, և նշված դրամական միջոցները պատասխանողի կողմից ձեռք են բերվել առանց օրենքով կամ գործարքով սահմանված հիմքի: Այսինքն՝ Էդուարդ Սախկալյանի հանդեպ նշված գումարի չափով Համլետ Պատուրյանի ունեցած գույքային իրավունքը ներառվել է վերջինիս ժառանգական զանգվածում և համապարփակ իրավահաջորդության կարգով փոխանցվել նրա ժառանգ Մայիս Պատուրյանին: Հետևաբար հայցը ենթակա է բավարարման մասնակիորեն՝ 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու մասով, քանի որ ըստ գործի նյութերի՝ դրամային տեսքով անհիմն հարստացումը տեղի է ունեցել այդ չափով:

Վերոգրյալի հիման վրա որպես անհիմն հարստացում խնայած գույքը վերադարձման ենթակա չլինելու պարտադիր պայման հանդիսացող` գույքը տրամադրած անձի և վերջինիս հաշվին գույքը խնայած անձի միջև պարտավորական հարաբերությունների բացակայության մասին տեղյակ լինելու փաստերի ապացուցման պարտականությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 4-րդ կետի ուժով կրում է գույքը կամ դրամական այլ միջոցներ ձեռքբերած կամ խնայած անձը, մինչդեռ պատասխանողը սույն գործով չի ներկայացրել որևէ ապացույց, որով կհավաստվեր այն փաստը, որ հայցվորը գիտեր այդ մասին և հետևաբար պետք է կրեր այն ռիսկը, որ իր իրավանախորդի կողմից հայցվորին տրված միջոցներն այլևս ենթակա չեն վերադարձման պատասխանողի կողմից: Ավելին` սույն գործում առկա ապացույցներից հետևում է, որ Էդուարդ Սախկալյանը պարտավորվել է Համլետ Պատուրյանի կնոջը և երեխաներին վերադարձնել իր կողմից ստացված գումարները կամ տարածքը: Մասնավորապես` գործում առկա ՀՀ քննչական կոմիտեից ստացված՝ Համլետ Պատուրյանի սպանության դեպքի առթիվ հարուցված թիվ 57115216 քրեական գործով վկա Էդուարդ Սախկալյանի հարցաքննության արձանագրություններից հետևում է, որ Էդուարդ Սախկալյանն ընդունել է այն փաստը, որ հանգուցյալ Համլետ Պատուրյանից առանց որևէ գործարք կնքելու գումարներ է ստացել և հայտարարել է, որ ամբողջ գումարը պատրաստ է վերադարձնել վերջինիս կնոջն ու երեխաներին: Ընդ որում, տվյալ պարագայում նշանակություն չի կարող ունենալ այն հանգամանքը, որ կողմերի միջև առկա են եղել որոշակի պայմանավորվածություններ` նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 2-րդ կետի իրավակարգավորումը: Ավելին` Էդուարդ Սախկալյանի վարքագծից հետևում է, որ վերջինս ընդունել է առանց կոնկրետ գործարքի կամ օրենքով սահմանված որևէ հիմքի գումարներ ստանալու հանգամանքը և խոստացել է այն վերադարձնել, ինչը պետք է գնահատվի որպես պատասխանողի կողմից անհիմն հարստացման փաստի ընդունում և պարտավորություն է ստանձնում՝ անհիմն հարստացման գումարը վերադարձնելու:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ գտնում ենք որ չնայած Վերաքննիչ դատարանի հետևությունները իրավաչափ չեն՝ սույն գործով անհիմն հարստացման իրավահարաբերության առկայության կապակցությամբ, այնուամենայնիվ, Վերաքննիչ դատարանը մերժելով ներկայացված վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Նման պայմաններում վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված սխալը չի հանգեցրել գործի սխալ լուծման, առավել ևս արդարադատության բուն էության խաթարման:

Վերոնշյալ հիմնավորմամբ և միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը սխալ է պատճառաբանված՝ գտնում ենք, որ սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված լիազորությունը և սույն հատուկ կարծիքում նշված պատճառաբանություններով Վերաքննիչ դատարանի դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ:

 

Դատավորներ`

Էդ. Սեդրակյան

 

Ս. Անտոնյան

Ա. բարսեղյան

Տ. Պետրոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 ապրիլի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան