ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունվարի 2022 թվականի N 51-Ա
ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով և 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված աշխատակարգի 124-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ պետական ոչ առևտրային կազմակերպությանը» (այսուհետ՝ ՊՈԱԿ) անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ քաղաք Երևան, Պարույր Սևակի 1 հասցեում գտնվող շինության 2-րդ հարկի 38, 39 և 40 սենյակները 68.3 քառ. մետր մակերես տարածքով (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով 10 տարի ժամկետով հանձնել «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամ) (գրանցման համար՝
N 222.160.974576)՝ իր կողմից ներկայացված ծրագրին համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կնքել համաձայնագիր ՊՈԱԿ-ի հետ 2011 թվականի մարտի 15-ին կնքված տարածքի անհատույց օգտագործման թիվ 09/0011 պայմանագրում որոշումից բխող փոփոխություններ կատարելու և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը հիմնադրամի միջոցների հաշվին իրականացնելու վերաբերյալ.
2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում կնքել հիմնադրամի հետ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր) դրանում նախատեսելով, որ՝
ա. հիմնադրամը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում,
բ. հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում հիմնադրամը պարտավորվում է փոխհատուցել չիրականացված Միջոցառման չափով և վճարել տուգանք` չիրականացված Միջոցառման համար նախատեսված գումարի 1 տոկոսի չափով: Ընդ որում, տուգանքի վճարումը հիմնադրամին չի ազատում իր պարտավորությունները կատարելու և խախտումները վերացնելու պարտականությունից,
գ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի N 1417-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
20.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |