Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1493
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.12.20/31(667) Հոդ.1157.4
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
03.12.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

  

Քաղ. Երևան

3 դեկտեմբերի 2019 թ.

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՎԱՐԿ - ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ - BMZ 3010 00 579, ՎԱՐԿ N 29426» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Հայրապետյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

 դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ - Շրջակա միջավայրի պահպանություն - BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի նոյեմբերի 22-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով սույն համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ - Շրջակա միջավայրի պահպանություն - BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի նոյեմբերի 11-ին Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության բարեփոխումներին աջակցելու նպատակով (Ծրագիր): Ծրագրի մանրամասները սահմանվելու են առանձին համաձայնագրով, որը պետք է ստորագրվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, որպես Ծրագրի իրականացման գրասենյակ՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից (այսուհետ՝ ՎՎԲ):

 

2. Համաձայնագրի անբաժան մասն են կազմում երեք հավելվածները, որոնցով սահմանվում են, համապատասխանաբար՝ տոկոսի փոփոխման հայտի ձևը, Վարկառուի իրավախորհրդատուի իրավաբանական եզրակացության ձևը և համապատասխանության մասով պարտավորությունները:

 

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է 40 000 000.00 եվրոն (քառասուն միլիոն եվրո) չգերազանցող գումարի վարկ՝ սույն համաձայնագրի 4.1 կետով հաշվարկված տոկոսադրույքին համապատասխան:

 

4. Վարկը Հայաստանի Հանրապետությանը (այսուհետ նաև՝ Վարկառու) տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 5 տարին` արտոնյալ, ընդ որում, վարկի մայր գումարի մարման գծով առաջին մարումը կատարվելու է 2024 թվականի նոյեմբերի 15-ին, իսկ վերջինը՝ 2034 թվականի նոյեմբերի 15-ին:

 

5. Համաձայնագրով ՎՎԲ-ն կարող է հիմնավոր հիմք հանդիսացող ցանկացած իրադարձություն առաջանալու դեպքում դադարեցնել Համաձայնագրի շրջանակներում մասհանումները: Մասնավորապես, այդպիսի իրադարձություններ են՝ ա) Վարկառուն ժամանակին չի կատարում ՎՎԲ-ի հանդեպ իր վճարային պարտավորությունները, բ) խախտվում են սույն Համաձայնագրով կամ Առանձին համաձայնագրով, ինչպես նաև սույն Համաձայնագրի ցանկացած իրավաբանորեն պարտադիր լրացուցիչ համաձայնագրով նախատեսված պարտավորությունները, գ) սույն Համաձայնագիրը կամ դրա որևէ մաս այլևս պարտադիր չէ Վարկառուի համար կամ չի կարող հարկադիր կարգով կատարվել Վարկառուի հանդեպ, դ) պարզվել է, որ որևէ հայտարարություն, հավաստում, տեղեկություն, ներկայացում կամ երաշխիք, որը ՎՎԲ-ն համարել է էական վարկը տրամադրելու և սպասարկելու համար, կեղծ է, ապակողմնորոշող կամ ոչ ամբողջական, ե) տեղի են ունենում այլ արտակարգ իրադարձություններ, որոնք հետաձգում կամ խոչընդոտում են սույն Համաձայնագրի շրջանակներում պարտավորությունների կատարումը, զ) Վարկառուն չի կարողանում ապացուցել, որ Վարկի միջոցներն օգտագործվել են սահմանված նպատակների իրականացման համար, է) Վարկառուն դադարում է իր վճարումները վարկատուներին, անվճարունակ է կամ սկսում է բանակցություններ իր մեկ կամ մի քանի վարկատուների հետ՝ մորատորիումի, չվճարված պարտքի մասով պարտավորություններից ազատելու, վճարումները հետաձգելու կամ պարտքի մասով սպասարկում դադարեցնելու վերաբերյալ (կետ 11.1):

 

6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- Վարկի գումարի մասհանումը չեղարկելու, որի համար արդեն տոկոսադրույք է որոշվել, կամ Վարկի գումարն ընդհանրապես չմասհանելու, կամ մինչև մասհանման հայտ ներկայացնելու վերջնաժամկետը չմասհանելու դեպքում ՎՎԲ-ի պահանջով անմիջապես նրան վճարել այնքան գումար, որքան ՎՎԲ-ին անհրաժեշտ կլինի Վարկի գումարի մասհանում չկատարելու արդյունքում կրած բոլոր կորուստները, ծախքերը կամ ծախսերը փոխհատուցելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ մասհանում չկատարելը համարվում է ՎՎԲ-ի կողմից Համաձայնագրի խախտում (կետ 2.6),

- Համաձայնագրի ստորագրումից սկսած եռամսյա ժամանակահատվածի ընթացքում մինչև Վարկի լրիվ մասհանումը, կամ եթե կիրառելի է` մինչև Վարկից մասհանումների վերջնական դադարեցման ամսաթիվը կիսամյակային մուծումներով՝ յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին վճարել չվերադարձվող պարտավորության վճար՝ տարեկան 0.25% չափով (կետ 3.1),

- նախքան առաջին մասնահանումը կամ Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց մեկ ամիս հետո, որը կհանդիսանա ավելի վաղ ամսաթիվ, ՎՎԲ-ին վճարել չվերադարձվող մեկանգամյա միանվագ կառավարման վճար` Վարկի գումարի 1,00%-ի չափով՝ անկախ այն հանգամանքից, թե Վարկը մասհանվել է ամբողջությամբ, միայն մասամբ, թե ընդհանրապես չի մասհանվել (կետ 3.2),

- ՎՎԲ-ին վճարել տոկոս՝ Համաձայնագրի 4.1-րդ կետի դրույթներին համապատասխան (կետ 4.1), իսկ վարկի մարումը կատարել մարման ժամանակացույցին համապատասխան (կետ 5.1),

- վճարվելիք տոկոսը վճարել մինչև մարման առաջին գումարի վճարումը կատարելու սահմանված ամսաթիվը՝ յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին, այնուհետև՝ ըստ մարման ժամանակացույցի՝ մարման առաջին գումարի վճարումը կատարելու սահմանված ամսաթվին, դրանից հետո՝ ըստ մարման ժամանակացույցի՝ մարման գումարների վճարումը կատարելու սահմանված ամսաթվին (կետ 4.3),

- կրել Վարկի մասհանման և մարման առնչությամբ առաջացած բոլոր ծախսերն ու ծախքերը, մասնավորապես` ուղարկման և փոխանցման հետ կապված ծախսերը (ներառյալ՝ փոխարկման վճարները), ինչպես նաև Համաձայնագրի սպասարկման և կատարման ապահովման հետ կապված և Համաձայնագրի հետ առնչվող ցանկացած այլ փաստաթղթի, ինչպես նաև դրանից բխող բոլոր իրավունքների առնչությամբ առաջացած բոլոր ծախսերն ու ծախքերը (կետ 9.2),

- կրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից դուրս Համաձայնագրի կնքման և իրականացման առնչությամբ գոյացող հարկերը և այլ պետական գանձումները, իսկ դրանք ՎՎԲ-ի կողմից նախապես վճարված լինելու դեպքում դրանք ՎՎԲ-ի պահանջով, առանց ուշացման, փոխանցել ՎՎԲ-ի հաշվեհամարին կամ ՎՎԲ-ի կողմից նշված այլ հաշվեհամարի (կետ 9.3),

- նախապատրաստել, իրականացնել, գործարկել և սպասարկել Ծրագիրը՝ հիմնավոր ֆինանսական և տեխնիկական գործելակերպերին, բնապահպանական և սոցիալական ստանդարտներին համապատասխան և ըստ էության` Հայաստանի Հանրապետության և ՎՎԲ-ի միջև համաձայնեցված Ծրագրի հայեցակարգի համաձայն, անհրաժեշտության դեպքում և ՎՎԲ-ի համար ընդունելի պայմաններով և դրույթներով անմիջապես մատչելի դարձնել Ծրագրի իրականացման և Ծրագրի շինությունների օգտագործման և պահպանման համար պահանջվող միջոցները, շինությունները, ծառայությունները՝ ի լրումն Վարկից առաջացող հասույթների, ապահովել, որ Ծրագրի իրականացման հետ առնչվող ստորաբաժանումների և գործակալությունների աշխատանքներն իրականացվեն և համակարգվեն վարչական հիմնավոր քաղաքականություններին և ընթացակարգերին համապատասխան, վարել հաշվապահական գրքեր և գրանցումներ, կամ պահել այնպիսի հաշվապահական գրքեր և գրանցումներ, որոնք միանշանակ ցույց կտան Ծրագրի իրականացումը և առաջընթացը, հնարավորություն տալ ՎՎԲ-ին և նրա գործակալներին ցանկացած պահի ստուգելու այդ գրքերը և գրանցումները, ինչպես նաև Ծրագրի իրականացման հետ առնչվող բոլոր մնացած փաստաթղթերը, ՎՎԲ-ի պահանջով նրան տրամադրել Ծրագրի և դրա հետագա առաջընթացի վերաբերյալ ցանկացած և ամբողջ տեղեկությունները և գրանցումները, սեփական նախաձեռնությամբ անմիջապես ծանուցել ՎՎԲ-ին ցանկացած և բոլոր այն հանգամանքների մասին, որոնք խոչընդոտում կամ լրջորեն վտանգում են Ծրագրի իրականացումը կամ նպատակը, սեփական նախաձեռնությամբ և առանց անհարկի ուշացման՝ տեղեկացնել ՎՎԲ-ին ցանկացած և բոլոր այն հանգամանքների մասին, որոնք խոչընդոտում կամ լրջորեն վտանգում են Ծրագրի նպատակի իրագործումը (կետ 10.1),

- ողջ ընթացքում պահպանել Համաձայնագրի Հավելված 3-ում (Համապատասխանության մասով պարտավորություններ) սահմանված պարտավորությունները (կետ 10.3),

- երաշխավորել, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության պարտավորությունները կսպասարկվեն մյուս այլ չապահովված և ոչ սուբորդինացված պարտավորություններին (Արտաքին պարտք) առնվազն համարժեք, և Հայաստանի Հանրապետությունը, օրենքով թույլատրելի սահմաններում, կապահովի այդ համարժեքությունը նաև բոլոր հետագա չապահովված և ոչ սուբորդինացված պարտավորությունների (Արտաքին պարտք) համեմատ (կետ 10.5),

- Համաձայնագիրը մասամբ կամ ամբողջությամբ դադարեցվելու դեպքում, վճարել վարկի չօգտագործման վճար և (կամ) վաղաժամկետ մարման վճար՝ սույն համաձայնագրի 2.6 կետի և 5.4 կետի «գ» ենթակետով սահմանված դրույթներին համապատասխան (կետ 11.3),

- չհանձնարարել, չփոխանցել, չզիջել կամ չգրավադրել Համաձայնագրից բխող որևէ պահանջ (կետ 14.5),

- դատական կարգով հետապնդումից, դատական որոշումների իրականացումից, կալանքից և այլ իրավական գործընթացներից Հայաստանի Հանրապետությանը կամ Հայաստանի Հանրապետության ակտիվներին անձեռնմխելիություն տրամադրվելու դեպքում առանց հետկանչման իրավունքի հրաժարվել այդպիսի անձեռնմխելիությունից՝ այն պահանջների մասով, որոնք բխում են սույն համաձայնագրից կամ կապված են դրա հետ (կետ 14.8),

- Համաձայնագրից բխող կամ դրա հետ կապված ցանկացած վեճ լուծել բացառապես արբիտրաժային տրիբունալի կողմից, որը պետք է բաղկացած լինի մեկ կամ երեք արբիտրներից, որոնք պետք է նշանակվեն և գործեն Առևտրի միջազգային պալատի արբիտրաժային կանոնների համաձայն, իսկ արբիտրաժային վարույթը պետք է իրականացվի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում (կետ 14.9),

- ՎՎԲ-ի պահանջով՝ անհապաղ հասանելի դարձնել բոլոր վերաբերելի՝ «իմացեք ձեր հաճախորդին» կամ նմանատիպ այլ տեղեկությունները Վարկառուի մասին, ՎՎԲ-ի պահանջով՝ անհապաղ տրամադրել Ծրագրին առնչվող ամբողջ տեղեկությունները և Հայաստանի Հանրապետության ու նրա (ենթա)կապալառուների և այլ փոխկապակցված կողմերի այն փաստաթղթերը, որոնք ՎՎԲ-ին անհրաժեշտ կլինեն իր պարտավորությունների կատարման համար՝ ուղղված պատժելի գործելակերպերի, փողերի լվացման և (կամ) ահաբեկչության ֆինանսավորման դեպքերի կանխարգելմանը, ինչպես նաև Վարկառուի հետ բիզնես հարաբերությունների շարունակական մոնիթորինգի համար, անհապաղ և սեփական նախաձեռնությամբ ՎՎԲ-ին տեղեկացնել Ծրագրի հետ առնչվող՝ պատժելի գործելակերպի, փողերի լվացման և (կամ) ահաբեկչության ֆինանսավորման ցանկացած դեպքի մասին, ՎՎԲ-ին տրամադրել Ծրագրի և դրա առաջընթացի վերաբերյալ ցանկացած և ամբողջ տեղեկություններն ու հաշվետվությունները, հնարավորություն տալ ՎՎԲ-ին և իր գործակալներին ցանկացած ժամանակ ստուգելու Հայաստանի Հանրապետության և իր (ենթա)կապալառուների և այլ փոխկապակցված կողմերի փաստաթղթերը, որոնք վերաբերում են Ծրագրին, (Հավելած 3, կետ 2),

- անհամապատասխանության դեպքը պարզելու մասով լիովին համագործակցել ՎՎԲ-ի և նրա գործակալների հետ` անմիջապես, երբ ՎՎԲ-ն կամ Հայաստանի Հանրապետությունը կտեղեկանան կամ կասկածներ կունենան պատժելի գործելակերպերի, փողերի լվացման և (կամ) ահաբեկչության ֆինանսավորման որևէ դեպքի մասին։ Մասնավորապես, անհապաղ և ողջամիտ մանրամասնությամբ պատասխանել ՎՎԲ-ի ցանկացած ծանուցմանը և ՎՎԲ-ի պահանջով տրամադրել այդ պատասխանի համար փաստաթղթային հիմնավորումներ (Հավելած 3, կետ 4),

- չկնքել որևէ գործարք կամ չներգրավվել Ծրագրի հետ կապված որևէ գործունեության մեջ, որը կհամարվի պատժամիջոցների խախտում (Հավելված 3, կետ 5) և այլն:

 

7. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն Համաձայնագրի շրջանակում Կառավարության դիմումին կից փաստաթղթերում առկա ՀՀ ֆինանսների նախարարության հիմնավորման և 2019 թվականի նոյեմբերի 27-ին Կառավարության պաշտոնական ներկայացուցչի 04/5-2/19671-2019 թվակիր գրությամբ Սահմանադրական դատարան ներկայացված բացատրության մեջ նշվում է. «Վարկային միջոցներն ուղղվելու են «2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասորդի ֆինանսավորմանը (պակասուրդի ընդհանուր գումարը՝ 151 600 000.0 հազ. ՀՀ դրամ), ուստի վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից»:

 

 8. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է բյուջետային աջակցության վարկ և դրա հետ կապված Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող միջազգային պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը կապահովվի բյուջետային վերահսկողության ընդհանուր կարգի շրջանակներում:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2019 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ - Շրջակա միջավայրի պահպանություն - BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

3 դեկտեմբերի 2019 թվականի

ՍԴՈ-1493

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան