ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի ապրիլի 14-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 2.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2․1․Սույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում (այսուհետ՝ հակակոռուպցիոն դատարան) պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի քննության, ինչպես նաև մինչև գործի հարուցումն առանձին դատավարական գործողությունների կատարման նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով:»։
Հոդված 2. Օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասը «նախատեսված դեպքերի» բառերից հետո լրացնել «և հակակոռուպցիոն դատարանին ենթակա գործերի» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Դատարանը գործը հանձնում է հակակոռուպցիոն դատարանի քննությանը, եթե գործը քննելիս պարզվել է, որ այն ենթակա է քննության հակակոռուպցիոն դատարանում:»:
Հոդված 4. Օրենսգրքի 26-րդ հոդվածի 4-րդ մասում «վարչական կամ սնանկության» բառերը փոխարինել «վարչական, հակակոռուպցիոն կամ սնանկության» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «սնանկության» բառից հետո լրացնել «կամ հակակոռուպցիոն» բառերով:
Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հակակոռուպցիոն դատարանի գործելու պահից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների վարույթում գտնվող պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը վերաբաշխվում են հակակոռուպցիոն դատարանի դատավորների միջև, եթե տվյալ գործերով անցում չի կատարվել դատաքննության փուլ:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հոկտեմբերի 15 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական: