ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի ապրիլի 19-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 2018 թվականի փետրվարի 9-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 102-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ մասով.
«12. Եթե գործը պարզեցված վարույթի կարգով քննելու ընթացքում դատարանը որոշում է կայացնում այն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին, ապա հայցվորը պարտավոր է վճարել օրենքով ընդհանուր հայցային վարույթի կարգով հայցադիմում ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի չափը։ Այս դեպքում դատարանը դատական ակտով անդրադառնում է ընդհանուր հայցային վարույթի կարգով հայցադիմում ներկայացնելու համար սահմանված չափին համապատասխան լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցին:»:
Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Վճարման կարգադրություն արձակվելու դեպքում պարտապանը կրում է դիմողի վճարած պետական տուրքի հատուցման պարտականությունը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 301-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին որոշման մեջ դատարանը նշում է կատարում եզրափակիչ դատական ակտով լրացուցիչ պետական տուրք գանձելու հնարավորության վերաբերյալ:»:
Հոդված 4. Օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասը «ապացույցները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, կամ օրենքով նախատեսված դեպքերում` պետական տուրքի վճարման արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) եզրահանգումներ պետական տուրքի վճարման կամ դիմողի վճարած պետական տուրքի հատուցման վերաբերյալ:»:
Հոդված 6. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների (դիմումների) հիման վրա հարուցված գործերի վրա։
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումները պարզեցված վարույթի կարգով քննելու ընթացքում պարզեցված վարույթը դադարեցնելու դեպքում կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող նորմերը։
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. ապրիլի 28 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 ապրիլի 2021 թվական: