ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հոկտեմբերի 9-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 307.1-307.4-րդ հոդվածներով.
«Հոդված 307.1. | Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը |
1. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Հոդված 307.2. | Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների և ուժերի գործունեությունը խոչընդոտելը |
1. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների և ուժերի գործունեությունը խոչընդոտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց տարի ժամկետով:
Հոդված 307.3. | Ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման արդյունքում կասեցված տնտեսական գործունեության իրականացումը շարունակելը |
1. Ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման արդյունքում կասեցված տնտեսական գործունեության իրականացումը շարունակելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 307.4. | Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը |
1. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը, որն էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հոկտեմբերի 10 Երևան ՀՕ-457-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2020 թվական: