ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
22 հոկտեմբերի 2019 թ. |
2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Գյուլումյանի (նախագահող), Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վ. Աբրահամյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի նոյեմբերի 6-ին Մոսկվայում ստորագրված «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, գործում առկա եզրակացությունները և մյուս փաստաթղթերը, ինչպես նաև ՀՀ կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 6-ին Մոսկվայում, որի նպատակներն են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկա ստեղծելը, ծառայությունների ոլորտներում (բանկային, ապահովագրության, արժեթղթերի շուկայի ծառայությունների ոլորտներում) գործունեության տեսակների իրականացման լիցենզիաների փոխադարձաբար ճանաչումը և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ֆինանսական շուկաներ ոչ խտրական հասանելիությունն ապահովելը:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.
- ապահովել Համաձայնագրի 3-րդ հոդվածում շարադրված օրենսդրության ներդաշնակեցման միջոցների կիրառումը (հոդված 3),
- ապահովել, որ ֆինանսական շուկայի ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման միջոցների իրագործումը կատարվի «Ֆինանսական ծառայությունների մասին» արձանագրության 22-26-րդ և 30-րդ կետերով սահմանված ուղղություններով (2014 թվականի մայիսի 29-ի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի թիվ 17 հավելված) (հոդված 4, կետ 1),
- ապահովել, որ իրականացվի ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության մասով պահանջների ներդաշնակեցումը (հոդված 4, կետ 2),
- ապահովել, որ ֆինանսական շուկայում գործունեության իրականացման կոնկրետ պահանջների ներդաշնակեցումը իրականացվի այն պայմանով, որ պահպանվող տարբերությունները չխոչընդոտեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկայի արդյունավետ գործունեությանը (հոդված 4, կետ 3),
- ապահովել, որ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը ավարտվի ֆինանսական ոլորտում ՀՀ օրենսդրության ներդաշնակեցման գործընթացը՝ Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ուղղություններին համապատասխան (հոդված 4, կետ 4),
- որպես Համաձայնագրի մասնակից, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ, Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 9 ամսվա ընթացքում մշակել ՀՀ օրենսդրության ներդաշնակեցման պլանը՝ նշելով այդ գործընթացի կոնկրետ փուլերն ու ժամկետները, որը հաստատվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից (հոդված 6, կետ 1),
- ապահովել, որ Համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվեն Հայաստանի Հանրապետության կողմից 2014 թվականի դեկտեմբերի 4-ին վավերացված «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով (հոդված 8)։
3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 68-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2018 թվականի նոյեմբերի 6-ին Մոսկվայում ստորագրված «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Ա. Գյուլումյան |
22 հոկտեմբերի 2019 թվականի ՍԴՈ-1485 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|