Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1467
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.07.17/46(1499).1 Հոդ.619.2
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
02.07.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

2 հուլիսի 2019 թ.

 

ԱՇՈՏ ԿՈՒՅՈՒՄՋՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 16-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի ներկայացուցիչ` փաստաբան Կ. Մեժլումյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ Ա. Քոչարյանի,
       համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Աշոտ Կույումջյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի և 172-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

Օրենսգրքի «Դատական վարույթի հրապարակայնությունը» վերտառությամբ 16-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է.

«2. Քրեական դատավարությանը մասնակցող անձանց մասնավոր կյանքի, պատվի և արժանապատվության, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության, վարույթի մասնակիցների կամ նրանց մերձավոր ազգականների պաշտպանության նպատակով դատարանը դատավարության մասնակիցների միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ գործը կամ դրա մի մասը կարող է քննել դռնփակ դատական նիստում: Դատարանը դռնփակ դատական նիստում քննություն իրականացնում է նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում»:

Օրենսգրքի հիշյալ հոդվածը ենթարկվել է փոփոխությունների և լրացումների համապատասխանաբար` 25.05.2006 թ. ՀՕ-91-Ն, 17.03.2010 թ. ՀՕ-33-Ն, 16.01.2018 թ. ՀՕ-69-Ն, 23.03.2018 թ. ՀՕ-211-Ն օրենքներով:

Օրենսգրքի «Ծառայողական և առևտրային գաղտնիքի ստացումը և պահպանումը» վերտառությամբ 172-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է.

«5. Ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ ապացույցներն այն անձանց պահանջով, որոնց սպառնում է նշված տեղեկությունների հրապարակումը, կարող են հետազոտվել դռնփակ դատական նիստում»:

Օրենսգրքի հիշյալ հոդվածը ենթարկվել է փոփոխությունների և լրացումների համապատասխանաբար` 14.12.2004 թ. ՀՕ-28-Ն, 27.02.2007 թ. ՀՕ-114-Ն, 22.10.2008 թ. ՀՕ-196-Ն, 24.06.2010 թ. ՀՕ-103-Ն, 21.06.2014 թ. ՀՕ-115-Ն օրենքներով:

Գործի քննության առիթը Աշոտ Կույումջյանի՝ 2019 թվականի մայիսի 2-ին Սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև Օրենսգիրքը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը նշում է, որ իր գործով առաջին ատյանի դատարանում քրեական գործի դատաքննությունն ամբողջությամբ իրականացվել է դռնփակ, առևտրային գաղտնիքի պահպանման պատրվակով, ինչով խախտվել է իր գործի հրապարակային քննության՝ Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը:

Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 16-րդ և 172-րդ հոդվածներն այնքանով, որքանով քրեական գործի ամբողջ դատաքննությունը դռնփակ իրականացնելու հնարավորություն են տալիս Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով չնախատեսված դեպքերում, մասնավորապես՝ առևտրային գաղտնիքի պաշտպանության համար, հակասում են Սահմանադրության 63-րդ հոդվածին, քանի որ նշված նորմում որևէ խոսք չկա առևտրային գաղտնիքի պաշտպանության մասին, որը, փաստորեն, ստորադասվում է անձի արդար և հրապարակային դատաքննության իրավունքին:

Ելնելով վերոգրյալից՝ դիմողը խնդրում է Օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը և 172-րդ հոդվածի 5-րդ մասը՝ առևտրային գաղտնիքի և Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով չնախատեսված այլ դեպքերում գործը դռնփակ քննելու հնարավորության մասով, ճանաչել Սահմանադրության 63-րդ հոդվածին հակասող և անվավեր:

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը, վկայակոչելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ «յուրաքանչյուր ոք …. ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից .... հրապարակային դատաքննության իրավունք: Դատավճիռը հրապարակվում է դռնբաց նիստում, սակայն մամուլի ներկայացուցիչների և հանրության ներկայությունը կարող է չթույլատրվել ամբողջ դատաքննության կամ դրա մի մասի ընթացքում՝ ժողովրդավարական հասարակության մեջ բարոյականության, հասարակական կարգի, կամ պետական անվտանգության շահերից ելնելով, երբ դա են պահանջում անչափահասների շահերը կամ կողմերի մասնավոր կյանքի պաշտպանությունը, կամ՝ այնքանով, որքանով դա, դատարանի կարծիքով, հատուկ հանգամանքների բերումով խիստ անհրաժեշտ է, եթե հրապարակայնությունը կխախտեր արդարադատության շահերը»:

Հղում կատարելով Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասին՝ պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի վիճարկվող դրույթները բխում են հիշյալ սահմանադրական պահանջներից, ուստի վերջիններիս կարգավորման շրջանակները ինքնին չեն կարող չհամապատասխանել Սահմանադրությամբ ամրագրված հիշյալ դրույթին:

Պատասխանողը նաև նշում է, որ դիմողի վերաբերյալ 22.09.2017 թ. կայացված դատավճռի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հիշյալ քրեական գործով դռնփակ պայմաններում տեղի է ունեցել ընդամենը մեկ դատաքննության փուլ:

Պատասխանողը գտնում է, որ դիմողի մատնանշած իրավունքների ենթադրյալ խախտումը պայմանավորված չէ վիճարկվող նորմերի սահմանադրականությամբ, այլ բացառապես վիճարկվող նորմերի կիրառման իրավաչափության հարց է: Պատասխանողի կարծիքով՝ դիմողը համապատասխան հիմնավորումներ չի ներկայացրել վիճարկվող դրույթների հակասահմանադրականության վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պատասխանողը կարծում է, որ Օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը և 172-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում են Սահմանադրությանը, ուստի գործի վարույթը ենթակա է կարճման:

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը որոշելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում քննել միայն առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ ապացույցների հետազոտումը դռնփակ դատական նիստում անցկացնելու հարցը՝ հաշվի առնելով դիմողի նկատմամբ այդ դրույթը միայն հիշյալ մասով կիրառված լինելու հանգամանքը, ինչպես նաև այն, որ Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով դռնփակ դատական նիստ անցկացնելու իրավաչափությունը կախված է օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկատվության կոնկրետ տեսակից:

Ելնելով վերոգրյալից՝ վիճարկվող դրույթների սահմանադրականությունը որոշելու համար Սահմանադրական դատարանը կարևոր է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

- արդյո՞ք առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ ապացույցների հետազոտումը դռնփակ դատական նիստում համապատասխանում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պահանջներին,

- արդյո՞ք առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ ապացույցների՝ դռնփակ դատական նիստում հետազոտումը՝ որպես դատարանի կողմից իր գործի հրապարակային քննության իրավունքի սահմանափակման համար ընտրված միջոց, պիտանի և անհրաժեշտ է Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված նպատակներից որևէ մեկին հասնելու համար, արդյո՞ք այն համարժեք է գործի հրապարակային քննության իրավունքի նշանակությանը (Սահմանադրության 78-րդ հոդված), ինչպես նաև արդյո՞ք այն համապատասխանում է իրավական որոշակիության սկզբունքին (Սահմանադրության 79-րդ հոդված):

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է դատական վարույթի կամ դրա մի մասի՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ դռնփակ անցկացնելու հնարավորությունը՝ ելնելով հետևյալ սահմանադրական նպատակների իրականացման անհրաժեշտությունից.

1) վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի պաշտպանություն,

2) անչափահասների շահերի պաշտպանություն,

3) արդարադատության շահերի պաշտպանություն,

4) պետական անվտանգության պաշտպանություն,

5) հասարակական կարգի պաշտպանություն,

6) բարոյականության պաշտպանություն:

Սահմանադրական դատարանը բազմիցս անդրադարձել է արդար դատաքննության հիմնական իրավունքի բաղադրատարր հանդիսացող հրապարակային քննության իրավունքի կարևորությանը՝ հայտնելով, ի թիվս այլնի, հետևյալ սկզբունքային իրավական դիրքորոշումները.

1. «ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու համար անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք: Այդ իրավունքը երաշխավորված է նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա), որի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Ընդ որում, այդ իրավունքի իրացման նվազագույն և կարևոր երաշխիքներն են՝ հրապարակային դատաքննությունը (մասնավորապես` գործը քննող դատարանի, քննության առարկա գործի, քննության վայրի, ժամանակի, դատաքննության կարգի և այլնի մասին հրապարակային տեղեկությունները), ինչպես նաև դատական ակտի պարտադիր հրապարակումը:

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում պետության խնդիրն է օրենսդրությամբ ապահովել արդարադատության իրականացումն ընթացակարգային այնպիսի կանոններով, որոնցով երաշխավորվեն հրապարակային դատաքննության իրավունքի իրացման անհրաժեշտ իրավական պայմաններ, այդ թվում` նաև դատարանում գործերի քննության դատավարական ձևերի բազմազանության կիրառմամբ, ելնելով քննվող գործերի առանձնահատկություններից և դրանց արդար, արագ ու արդյունավետ լուծման անհրաժեշտությունից»: (11 ապրիլի 2012 թ. ՍԴՈ-1020),

2. «….Սահմանադրական դատարանն իրավաչափ է համարում քննչական գործողություններ կատարելու և դատավարական հարկադրանքի միջոցներ (այդ թվում՝ կալանավորում) կիրառելու մասին միջնորդությունները դռնփակ դատական նիստում քննելու կարգը:

.…Դատավարական ընթացակարգերի հրապարակայնության սահմանափակումն ուղղակիորեն պայմանավորված  է  վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության՝ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասում նախանշված պայմաններով»: (2 սեպտեմբերի 2016 թ. ՍԴՈ- 1295):

Սույն սահմանադրաիրավական վեճին վերաբերող իրավական ակտերի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ Օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ մասն ամրագրում է, ի թիվս օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների, առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ ապացույցները դռնփակ դատական նիստի շրջանակներում հետազոտելու հնարավորություն:

Օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության շրջանակներում օրենսդիրը, ըստ էության, վերարտադրելով Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասի հրապարակային դատաքննության իրավունքի սահմանափակման հիմքերը, նախատեսել է դատարանի կողմից դռնփակ դատական վարույթ անցկացնելու հնարավորություն ինչպես դատավարության մասնակիցների միջնորդությամբ, այնպես էլ՝ դատարանի նախաձեռնությամբ: Մինչդեռ Օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված իրավակարգավորման շրջանակներում օրենսդիրն ամրագրել է դատարանի կողմից դռնփակ դատական վարույթ անցկացնելու հնարավորություն այն անձանց պահանջով, որոնց սպառնում է օրենքով պաշտպանվող տեղեկությունների հրապարակումը:

Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ օրենսդրական կարգավորումներից հետևում է, որ դռնփակ դատական նիստի շրջանակներում օրենքով պաշտպանվող գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ ապացույցների հետազոտման նպատակը այն անձանց շահերի պաշտպանությունն է, որոնց սպառնում է նշված տեղեկությունների հրապարակումը:

Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը փաստում է, որ առևտրային գաղտնիքի պաշտպանությունը նյութական իրավունքում հիմնականում իրականացվում է քաղաքացիական, քրեական, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության շրջանակներում:

Այսպես՝ առևտրային գաղտնիքի պաշտպանության վերաբերյալ իրավակարգավորումներ առկա են Քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հոդվածում, Քրեական օրենսգրքի՝ սեփականության, տնտեսության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ բաժնի 21-րդ գլխում ամրագրված 199-րդ հոդվածում, ինչպես նաև Աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածում:

Դիտարկելով սույն սահմանադրաիրավական վեճի առարկան դատավարական օրենսգրքերի համատեքստում՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ըստ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի՝ դատավարության մասնակիցների մասնավոր կյանքի, ներառյալ` առևտրային գաղտնիքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ գործը կամ դրա մի մասը կարող է քննել դռնփակ դատական նիստում:

Նույնաբովանդակ իրավակարգավորում առկա է նաև Վարչական դատավարության օրենսգրքում, մասնավորապես՝ Վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, ներառյալ` առևտրային գաղտնիքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով դատարանը վարչական դատավարության մասնակցի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ գործը կամ դրա մի մասը կարող է քննել դռնփակ դատական նիստում:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ առևտրային գաղտնիքը դատավարական օրենսդրության շրջանակներում ենթակա է պաշտպանության հիմնականում որպես վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի բաղադրատարր, քանի որ առևտրային գաղտնիքը, ունենալով իրական կամ պոտենցիալ տնտեսական նշանակություն (առևտրային արժեք), ներառում է որևէ մասնավոր անձի առնչվող այնպիսի տեղեկություններ, որոնք հանրամատչելի չեն, հասանելի չեն այլ անձանց, իսկ դրանց գաղտնիությունն օրենքով երաշխավորված է և պաշտպանվում է տվյալ մասնավոր անձի կողմից: Ընդսմին, Քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ այն տեղեկությունները, որոնք չեն կարող լինել առևտրային գաղտնիք, սահմանվում են օրենքով:

Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով այն, որ սույն գործի շրջանակներում չեն վիճարկվում առևտրային գաղտնիքը սահմանող իրավակարգավորումները, այնուամենայնիվ փաստում է, որ առկա է դատավարական շրջանակներում առևտրային գաղտնիքի՝ որպես որևէ դատավարության մասնակցի մասնավոր կյանքին առնչվող տեղեկություններ պաշտպանելու՝ Սահմանադրության տեսանկյունից արդարացված անհրաժեշտություն:

Հետևապես, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավարության վարույթի մի մասը՝ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ ապացույցների հետազոտումը, դռնփակ դատական նիստում անցկացնելու անհրաժեշտությունը միանգամայն համահունչ է վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի պաշտպանության նպատակին:

Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի պաշտպանության սահմանադրական նպատակն իր մեջ ներառում է նաև առևտրային գաղտնիքի պաշտպանությունը, այսինքն՝ պետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել մասնավոր կյանքի մաս կազմող առևտրային գաղտնիքի պաշտպանության համար:

Ի լրումն վերոգրյալի՝ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակումը կարող է բացասական հետևանք ունենալ ոչ միայն կոնկրետ անձի շահերի պաշտպանության տեսանկյունից, այլ նաև մի շարք սահմանադրական արժեքների պաշտպանության, մասնավորապես՝ տնտեսական կարգի հիմք հանդիսացող ազատ տնտեսական մրցակցության տեսանկյունից, ինչպես նաև խոչընդոտել տնտեսական ոլորտում պետության՝ Սահմանադրությամբ ամրագրված քաղաքականության հիմնական նպատակների իրականացմանը:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև «առևտրային գաղտնիք» եզրույթը Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասում ուղղակիորեն ամրագրված չէ, սակայն այն անձանց մասնավոր կյանքի և տնտեսական գործունեության համար հիմնարար նշանակություն ունի, և դրա պաշտպանությունը իրավաչափ հիմք է հրապարակային քննության հիմնական իրավունքը սահմանափակելու համար:

Այդ առումով Օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և 172-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված դրույթներն այնքանով, որքանով ամրագրում են դռնփակ դատական նիստում առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ ապացույցների հետազոտման հնարավորություն, համապատասխանում են Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասին:

4.2. Անդրադառնալով իրավունքների սահմանափակման համաչափության և որոշակիության սկզբունքների պահպանվածության հարցին՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ վիճարկվող կարգավորումներն առնչվում են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ ապացույցները դռնփակ դատական նիստում հետազոտելուն, այսինքն՝ սահմանափակումը վերաբերում է գործի մաս կազմող կոնկրետ դատական նիստին, որի ընթացքում առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ ապացույցները պետք է հետազոտվեն:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատական նիստը՝ ապացույցների հետազոտման մասով, դռնփակ անցկացնելը պիտանի միջոց է, քանի որ հնարավոր է դարձնում վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի պաշտպանության նպատակի կենսագործումը, անհրաժեշտ է այդ նպատակին հասնելու համար, քանի որ պիտանի միջոցներից նվազագույն կերպով է միջամտում հրապարակային քննության հիմնական իրավունքին, ինչպես նաև, կանխելով առևտրային գաղտնիք պարունակող տվյալների՝ լայն հասարակությանը հայտնի դարձնելը և դրանով ապահովելով նաև տնտեսական կարգի բաղադրատարր հանդիսացող ազատ տնտեսական մրցակցության հիմնարար սկզբունքի իրացումը, համարժեք է սահմանափակվող հրապարակային քննության հիմնական իրավունքի նշանակությանը:

Սահմանադրական դատարանը նաև փաստում է, որ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ ապացույցները դռնփակ դատական նիստում հետազոտելու կարգը հրապարակային քննության իրավունքի սահմանափակման հիմքերի և ծավալի առումով որոշակի է, և այդ իրավունքի կրողներն ի վիճակի են իրենց վարքագիծը համապատասխանեցնել վիճարկվող իրավակարգավորումների պահանջներին:

Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ ապացույցները դռնփակ դատական նիստում հետազոտելը՝ որպես հրապարակային քննության հիմնական իրավունքի սահմանափակման համար ընտրված միջոց, սույն գործի շրջանակներում համապատասխանում է համաչափության և իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքներին:

4.3. Անդրադառնալով առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ ապացույցների՝ դռնփակ դատական նիստում հետազոտելու խնդրին՝ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում այն դիտարկել նաև միջազգային իրավական պրակտիկայում հաստատագրված սկզբունքների պահպանման տեսանկյունից (Սահմանադրության 81-րդ հոդված):

Այս առումով Սահմանադրական դատարանը կարևորում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) կողմից արտահայտված հետևյալ իրավական դիրքորոշումները.

1. Դատական քննության հրապարակայնության սկզբունքը ժողովրդավարական հասարակությունում արդարադատության իրականացման հիմնարար սկզբունքներից է, որի դերն ու նշանակությունն այն է, որ այս սկզբունքը լուրջ երաշխիք է դատարանի օրինական գործունեության ապահովման համար, հասարակության և զանգվածային լրատվամիջոցների ներկայությունը դատական գործի քննությանը զսպիչ գործոն է դատարանի համար: Ըստ ՄԻԵԴ-ի՝ այդ սկզբունքը դատավարության կողմերին պաշտպանում է գաղտնի, հանրության հսկողությունից զուրկ արդարադատության իրականացումից, ինչպես նաև ապահովում է վստահությունը դատարանների նկատմամբ: Արդարադատության հրապարակայնությունը և թափանցիկությունը նպաստում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի նպատակների, մասնավորապես, արդարացի դատաքննության իրականացմանը: (Gautrin and Others v. France, Judgment of 20 May 1998,  Pretto and Others v. Italy, Judgment of 8 December 1983, Krestovskiy v. Russia, Judgment of 28 October 2010),

2. Սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում քննարկվող հարցի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունները հանրության համար չբացահայտելու նպատակով քրեական գործով դատաքննության դռնփակ անցկացնելն ինքնին արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից խնդրահարույց չի դիտարկվում:

Այսպես, օրինակ՝ Shenoyev v. Russia գործի շրջանակներում ՄԻԵԴ-ը թեև հաստատել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված հրապարակային դատաքննության իրավունքի խախտման փաստը, սակայն հիմնավոր է համարել ներպետական դատարանի՝ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունները չհրապարակելու նպատակով դատաքննությունը հասարակության համար փակ դարձնելը (Shenoyev v. Russia, Judgment of 25 September 2018):

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ ապացույցների՝ դռնփակ դատական նիստում հետազոտելը համահունչ է ՄԻԵԴ-ի պրակտիկային:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից, հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 170-րդ հոդվածը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածների՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը` առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ ապացույցների հետազոտումը դռնփակ դատական նիստում անցկացնելու մասով, համապատասխանում է Սահմանադրությանը:

2. Քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ մասը` առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ ապացույցների հետազոտումը դռնփակ դատական նիստում անցկացնելու մասով, համապատասխանում է Սահմանադրությանը:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

     

2 հուլիսի 2019 թվականի

ՍԴՈ-1467

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան