Գլխավոր տեղեկություն
Համար
N 264-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (13.02.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.02.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 2014 թվականի N 264-Ա

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով և Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոլորտի կառավարումն արդյունավետ իրականացնելու և համակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել ճանապարհային ոլորտը համակարգող խորհուրդ:

2. Հաստատել`

1) ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի նախագահին` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի աշխատանքների վերաբերյալ:

(3-րդ կետը փոփ. 11.02.21 N 177-Ա)

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպել Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի առաջին նիստը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 18

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 13-ի N 264-Ա որոշման

Կ Ա Զ Մ

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (խորհրդի նախագահ) 
Ք. Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ա. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Բալյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Տ. Սիմոնյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Վ. Դանիելյան  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ն.Պետրոսյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
Ս. Մաչյան - «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)
Պ. Շահինյան - Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի տնօրեն (համաձայնությամբ)
Է. Բեզոյան - Ճանապարհաշինարարական հայկական ասոցիացիայի խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ. 30.10.14 N 1181-Ա, խմբ. 23.02.17 N 182-Ա, 23.08.18 N 935-Ա, փոփ. 12.09.19 N 1230-Ա, խմբ. 11.02.21 N 177-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 13-ի N 264-Ա որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1. Սույն աշխատակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի (այսուհետ` խորհուրդ) գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Խորհուրդը միջգերատեսչական խորհրդակցական մարմին է, որի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային ոլորտի իրականացման վերաբերյալ առաջարկությունները պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններ ներկայացնելն է:

(2-րդ կետը խմբ. 23.08.18 N 935-Ա)

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

3. Խորհրդի գործառույթներն են`

1) ընդհանուր օգտագործման բոլոր ճանապարհների (ներառյալ համայնքային ենթակայության) նկատմամբ սահմանված ստանդարտների միասնական իրականացման, ինչպես նաև ճանապարհային ոլորտի քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

2) ճանապարհների, այդ թվում՝ արհեստական կառույցների, կառուցման, շահագործման և պահպանման տարեկան և հեռանկարային զարգացման ծրագրերի կազմման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

3) ճանապարհային ոլորտի միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

4) ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի ներդրման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

5) ճանապարհային ոլորտի բնագավառում միջոցառումների իրականացման գործընթացում պետական և մասնավոր, ինչպես նաև միջազգային համագործակցության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

6) ճանապարհների կառուցման նախագծերում քաղաքացիական պաշտպանության նորմատիվ պահանջների նախատեսման և ներառման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

7) ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության համակարգի ներդրման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

8) հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական, ռազմավարական, սոցիալական և տարածքների համաչափ զարգացման չափորոշիչները միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, այդ թվում՝ արհեստական կառույցների, պահպանման, զարգացման և բարելավման առաջնահերթությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

(3-րդ կետը խմբ. 23.08.18 N 935-Ա, փոփ., լրաց. 11.02.21 N 177-Ա)

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 5-րդ կետին համապատասխան:

(4-րդ կետը փոփ. 11.02.21 N 177-Ա)

5. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է հրատապ հարցերի ու խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

5.1. Խորհրդի նախագահի կամ նախագահի տեղակալի նախաձեռնությամբ խորհրդի նիստերը՝ այդ թվում նաև արտահերթ նիստերը, կարող են անցկացվել հեռակա՝ գրավոր հարցման կարգով:

(5.1-ին կետը լրաց. 11.02.21 N 177-Ա)

5.2. Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող նյութերը, ինչպես նաև խորհրդի նիստերի որոշումները և արձանագրությունները խորհրդի անդամներին տրամադրվում են էլեկտրոնային ընդհանուր փաստաթղթաշրջանառության համակարգով կամ էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով։

(5.2-րդ կետը լրաց. 11.02.21 N 177-Ա)

6. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի կազմի առնվազն 2/3-ը:

7. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նիստի նախագահողի ձայնը վճռորոշ է:

8. Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է որոշմանը:

9. Խորհրդի անդամներն օրակարգի ձևավորման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնում են խորհրդի քարտուղարություն նիստից առնվազն 7 աշխատանքային օր առաջ: Խորհրդի նիստի օրակարգը տրամադրվում է խորհրդի անդամներին և սույն աշխատակարգի 11-րդ կետով նախատեսված անձանց` նիստից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:

10. Խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է խորհրդի քարտուղարը:

11. Խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են հրավիրվել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև շահառու խմբերի ներկայացուցիչներ:

(11-րդ կետը լրաց. 11.02.21 N 177-Ա)

12. Խորհրդի նիստերին կարող են ներկա լինել զանգվածային լրատվության միջոցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

13. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին քարտուղարի զեկուցմամբ:

14. Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացնում է խորհրդի քարտուղարը:

15. Հարցի քննարկման ընթացքում խորհրդի անդամների կողմից նոր առաջարկներ ներկայացնելու կամ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն առաջանալու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է հաջորդ նիստ: Քարտուղարությունը պարտավոր է ապահովել պահանջվող տեղեկատվությունը, ինչպես նաև ներկայացված առաջարկությունների վերլուծությունը:

16. Խորհրդի նիստերն արձանագրվում են քարտուղարության կողմից:

17. Խորհրդի նիստերի արձանագրություններն ստորագրում է խորհրդի նիստը նախագահողը և քարտուղարը:

18. Խորհրդի արձանագրությունը և որոշումները նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարությունը տրամադրում է խորհրդի անդամներին:

19. Խորհուրդը կարող է ստեղծել աշխատանքային խմբեր:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

20. Խորհրդի նախագահը`

1) հրավիրում է խորհրդի նիստերը.

2) վարում է խորհրդի նիստերը.

3) ստորագրում է խորհրդի որոշումները.

4) (ենթակետն ուժը կորցրել է 11.02.21 N 177-Ա)

5) հանձնարարականներ է տալիս քարտուղարությանը.

6) (ենթակետն ուժը կորցրել է 11.02.21 N 177-Ա)

7) ներկայացնում է խորհուրդն այլ կազմակերպություններում կամ հանձնարարում է խորհրդի անդամներին խնդիրները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին կամ միջազգային կազմակերպությունների հետ իրականացնել քննարկումներ:

(20-րդ կետը փոփ. 11.02.21 N 177-Ա)

20.1. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում խորհրդի նախագահի պարտականությունները կատարում է խորհրդի նախագահի տեղակալը:

(20.1-ին կետը լրաց. 11.02.21 N 177-Ա)

 

V. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

21. Խորհրդի գործունեության կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է խորհրդի քարտուղարությունը, որը գլխավորում է խորհրդի քարտուղարը: Խորհրդի քարտուղարի պարտականությունները իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության (այսուհետ՝ վարչություն) պետը, իսկ նրա բացակայության դեպքում՝ վարչության բաժնի պետերից մեկը: Խորհրդի քարտուղարության հետ կապված աշխատանքներն իրականացվում են վարչության կողմից:

(21-րդ կետը խմբ. 11.02.21 N 177-Ա)

22. Խորհրդի քարտուղարությունը`

1) նախապատրաստում է նիստի, այդ թվում՝ հեռակա գրավոր հարցման միջոցով իրականացվող նիստի, օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը, կազմակերպում է նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին, ինչպես նաև խորհրդի անդամներից դիրքորոշումների ստացումը։

2) ապահովում է խորհրդի նիստի որոշումների նախագծերի մշակումը.

3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած առաջարկությունները.

6) կազմակերպում է խորհրդի որոշումների տրամադրումը խորհրդի անդամներին և համապատասխան կազմակերպություններին:

7) իրականացնում է սույն որոշմամբ սահմանված այլ լիազորություններ:

(22-րդ կետը խմբ. 11.02.21 N 177-Ա)

(հավելվածը խմբ. 23.08.18 N 935-Ա, փոփ., լրաց., խմբ. 11.02.21 N 177-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան