Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.11.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.03.25/17(820).1 Հոդ.313.9
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
05.11.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
05.11.2010
Дата вступления в силу
05.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության 

վերաքննիչ քրեական դատարանի ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾ ԹԻՎ ԵԷԴ/0032/01/10

ԵԷԴ/0032/01/10

Նախագահող դատավոր՝  Հ. Տեր-Ադամյան

Դատավորներ՝ Ռ. Ազարյան

                  Ա. Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

 

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

   
քարտուղարությամբ

Կ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

 

 

մասնակցությամբ պաշտպան

Կ. ԱՂԱՋԱՆՅԱՆԻ

   
ամբաստանյալ

Ս. ԴԱՎԹՅԱՆԻ

2010 թվականի նոյեմբերի 5-ին

 ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սերյոժա Գերասիմի Դավթյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի օգոստոսի 9-ի որոշման դեմ ամբաստանյալի պաշտպան Կարապետ Աղաջանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Թիվ 12143709 քրեական գործը հարուցվել է 2009 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 Նախաքննական մարմնի 2009 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ Սերյոժա Գերասիմի Դավթյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

 2010 թվականի մարտի 17-ի որոշմամբ Ս.Դավթյանին առաջադրված մեղադրանքի ծավալը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

 2010 թվականի մարտի 23-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

 2. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 11-ի դատավճռով ամբաստանյալ Ս.Դավթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Ս.Դավթյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով:

3. Մեղադրող Ս.Մկրտչյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2010 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 11-ի դատավճիռը, վերացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը և Ս.Դավթյանին թողել է կրելու դատավճռով նշանակված պատիժը` ազատազրկում 3 (երեք) տարի ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի օգոստոսի 9-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ս.Դավթյանի պաշտպան Կ.Աղաջանյանը:

Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ բողոքն ընդունվել է վարույթ:

 Դատավարության մասնակիցները` տուժող Արսեն Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Արուսիկ Գևորգյանը, վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել՝ հայտնելով, որ ամբաստանյալը հոգացել է տուժողի բուժման ծախսերը, իրենք հաշտվել են, և չեն առարկում, որպեսզի Ս.Դավթյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվի:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

5. Ս.Դավթյանը դատապարտվել է հետևյալ արարքի համար.

2009 թվականի դեկտեմբերի 18-ին` ժամը 1400-ի սահմաններում, Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 87 հասցեում գտնվող «Էրեբունի» թաղապետարանի դիմաց նա հանդիպել է իր ծանոթ Արսեն Գևորգյանին: Մոտակա սննդի խանութից օղի, հաց և այլ մթերքներ գնելով` նրանք գնացել են նույն հասցեում գտնվող «Վարդավառի» զբոսայգի, որտեղ օղի խմելուց հետո` նրանց միջև ծագած վիճաբանության ընթացքում, Ս.Դավթյանն իր մոտ եղած դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է Ա.Գևորգյանի կրծքավանդակի շրջանին` վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. «Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում արարքի հասարակական վտանգավորությունը, ամբաստանյալի ինքնությունը և գործի ողջ հանգամանքները: Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում այն, որ վերջինս մեծահասակ է (74 տարեկան), նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, մասնակիորեն ընդունել է մեղքը և զղջացել է կատարած արարքի համար: Ս.Դավթյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան» (տե´ս քրեական գործ, 1-ին հատոր, էջ 214):

Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում նշել է նաև. «Դատարանը նկատի է առնում նաև տուժող Ա.Գևորգյանի կողմից դրսևորված հակաօրինական վարքագիծը, որով պայմանավորվել է Ս.Դավթյանի կատարած արարքը» (տե´ս քրեական գործ, 1-ին հատոր, էջ 214):

7. Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. «Հանցավորի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, որոնք հաշվի են առնվել Առաջին ատյանի դատարանի կողմից, անիրական են և բավարար չեն հանգելու այն հետևության, որ ամբաստանյալ Ս.Դավթյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու» (տե´ս քրեական գործ, 2-րդ հատոր, էջ 31):

Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև. «Առաջին ատյանի դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ս.Դավթյանը հանցանքը կատարել է ալկոհոլի ազդեցության տակ, այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների առկայության պայմաններում, նշել է, որ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան, հիմնավորված է համարել, որ տուժողը դրսևորել է հակաօրինական վարքագիծ, սակայն չի կոնկրետացրել, թե տուժողի որ գործողությունն է համարվում հակաօրինական, իսկ քրեական գործի նյութերում նման ապացույց ձեռք չի բերվել: Ըստ էության պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրվել է միայն ամբաստանյալի տարիքը» (տե´ս քրեական գործ, 2-րդ հատոր, էջ 31):

8. Սույն գործում առկա են ինչպես ամբաստանյալի, այնպես էլ տուժողի ցուցմունքները տուժողի կողմից ամբաստանյալին հրելու և վերջինիս վայր ընկնելու վերաբերյալ (ամբաստանյալ Ս.Դավթյանի ցուցմունքը` տե´ս քրեական գործ, 1-ին հատոր, 13 և 17 էջեր, տուժող Ա.Գևորգյանի ցուցմունքը` տե՛ս քրեական գործ, 1-ին հատոր, էջ 35, ինչպես նաև առերեսման մասին արձանագրությունը` տե´ս քրեական գործ, 1-ին հատոր, էջ 87):

9. Սույն գործում առկա է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ Ավանի հոգեբուժական կլինիկայի տեղեկանքն առ այն, որ Ս.Դավթյանը կլինիկայում հաշվառված է «Փսիխապաթիա հիստերիկ շրջանի» ախտորոշմամբ (տե´ս քրեական գործ, 1-ին հատոր, էջ 62):

10. Սույն գործում առկա է նաև թիվ 3 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Խ.Ավետիսյանի կողմից տրված բնութագիրն այն մասին, որ Ս.Դավթյանին ճանաչում է շուրջ 50 տարի, հանգիստ անձնավորություն է (տե´ս քրեական գործ, 1-ին հատոր, էջ 123):

11. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի նկարագրական մասում նշված է, որ Ս.Դավթյանը ծնվել է 1936 թվականի հուլիսի 13-ին (տե՛ս քրեական գործ, 1-ին հատոր, էջ 213):

12. Առաջադրված մեղադրանքում Ս.Դավթյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն (տե´ս քրեական գործ, 1-ին հատոր, 14, 17 և 213 էջեր):

13. Ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պահանջագրի` Ս.Դավթյանը դատվածություն չունի (տե´ս քրեական գործ, 1-ին հատոր, էջ 40):

14. Առաջին ատյանի դատարանի դատական նիստի արձանագրման համառոտագրում նշված է, որ տուժող Ա.Գևորգյանն ամբաստանյալի նկատմամբ որևէ պահանջ չունի (տե´ս քրեական գործ, 1-ին հատոր, էջ 204): Իսկ ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում տուժող Արսեն Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Արուսիկ Գևորգյանը հայտնել են, որ ամբաստանյալ Ս.Դավթյանը հոգացել է տուժողի բուժման ծախսերը, իրենք հաշտվել են, և չեն առարկում, որպեսզի վերջինիս նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվի:

15. Գործի նյութերից երևում է, որ Ս.Դավթյանը 2-րդ կարգի հաշմանդամ է:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

16. Բողոք բերած անձը փաստարկել է, որ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունած որոշմանը, և վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:

17. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, այն է` խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների պահանջները:

Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է, այն չի համապատասխանում քրեական գործի հանգամանքներին, բացի այդ, դատարանի կողմից նշանակված պատիժը չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանը և ամբաստանյալի անձին:

Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ս.Դավթյանը 74 տարեկան է, թոշակառու, նախկինում դատապարտված չի եղել, վատառողջ է` տառապում է ծանր հիվանդությամբ, 2-րդ կարգի հաշմանդամ է, բնութագրվում է դրական, իրեն մեղավոր է ճանաչել և անկեղծորեն զղջացել կատարածի համար, աջակցել է նախաքննությանը` տալով ինքնախոստովանական ցուցմունքներ և օգնել քրեական գործի բացահայտմանը: Ըստ բողոքաբերի` դատարանի կողմից հաշվի չի առնվել նաև այն հանգամանքը, որ դեպքը տեղի է ունեցել տուժող Ա.Գևորգյանի հակաօրինական գործողությունների հետևանքով, բացի այդ, քրեական գործում բացակայում են Ս.Դավթյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները:

18. Վերոգրյալի հիման վրա` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի օգոստոսի 9-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 20-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I.Վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափությունը.

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն Առաջին ատյանի դատարանի կողմից հաշվի առնված ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներն անիրական գնահատելու վերաբերյալ:

20. ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների ցանկը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն սույն հոդվածի առաջին մասում»:

Դատարանի կողմից պատիժ նշանակելիս հաշվի առնվող մեղմացնող հանգամանքների չափանիշների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել Պ.Բայրամյանի վերաբերյալ գործով որոշման մեջ: Համաձայն այդ որոշման` «(…) Դատարանի լայն հայեցողության շրջանակներում է (...) անձի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների կիրառման հարցը, քանի որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն նույն հոդվածի առաջին մասում: Այնուհանդերձ, դատարանի այս լիազորությունը բացարձակ չէ, և որպես մեղմացնող հաշվի առնվող հանգամանքները պետք է բավարարեն որոշակի չափանիշների: Դրանք են.

ա) հանգամանքը պետք է իրական լինի, այսինքն՝ գործով ձեռք բերված ապացույցները պետք է հաստատեն դրա առկայությունը,

(…)» (տե´ս Պարույր Բայրամյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունիսի 1-ի թիվ ՎԲ-84/07 որոշումը):

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ վերջինս մեծահասակ է (74 տարեկան), նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, մասնակիորեն ընդունել է մեղքը և զղջացել է կատարած արարքի համար, ինչպես նաև հաշվի է առել տուժող Ա.Գևորգյանի կողմից դրսևորված հակաօրինական վարքագիծը, որով պայմանավորվել է Ս.Դավթյանի կատարած արարքը (տե´ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի հաշվի առած` ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներն անիրական են, ինչպես նաև նշել է, որ Առաջին ատյանի դատարանը չի հիմնավորել, թե տուժողի ո´ր գործողությունն է համարվում հակաօրինական (տե´ս սույն որոշման 7-րդ կետը):

22. Նախորդ կետում շարադրված` Վերաքննիչ դատարանի հետևության իրավաչափությունը գնահատելու համար Վճռաբեկ դատարանը նպատակահարմար է գտնում Առաջին ատյանի դատարանի կողմից Ս.Դավթյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի առնված հանգամանքներին անդրադառնալ առանձին:

Այսպես` սույն գործով մեղադրական եզրակացության և Առաջին ատյանի դատարանի դատական ակտի ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Դավթյանը ծնվել է 1936 թվականին (տե´ս սույն որոշման 11-րդ կետը), այսինքն` գործի քննության պահին նա եղել է 74 տարեկան: Ուստի նշված հանգամանքը չի կարող անիրական գնահատվել: Առաջին ատյանի դատարանի կողմից մատնանշված ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հաջորդ հանգամանքը` դրական բնութագրվելը, հիմնավորվում է թիվ 3 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Խ.Ավետիսյանի կողմից տրված բնութագրով, հետևաբար այս հանգամանքը ևս չի կարող անիրական գնահատվել: Մասնակիորեն մեղքն ընդունելու և կատարած արարքի համար զղջալու հանգամանքները հիմնավորվում են ամբաստանյալի թե´ նախաքննական և թե´ դատաքննական ցուցմունքներով (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը): Իսկ արատավորված լինելու վերաբերյալ գործով որևէ ապացույց ձեռք չի բերվել (տե´ս սույն որոշման 13-րդ կետը):

Ինչ վերաբերում է տուժողի հակաիրավական գործողությունների բացակայության մասին Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը, ապա գործում առկա են ինչպես ամբաստանյալի, այնպես էլ տուժողի ցուցմունքները տուժողի կողմից ամբաստանյալին հրելու և վերջինիս վայր գցելու վերաբերյալ (տե՛ս, սույն որոշման 8-րդ կետը):

23. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում շարադրված հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից մատնանշված պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները` 74 տարեկան լինելը, նախկինում արատավորված չլինելը, դրական բնութագրվելը, մասնակիորեն մեղքն ընդունելը և կատարած արարքի համար զղջալը, իրական են և սույն գործով կարող են դիտվել որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ:

Հետևաբար, անհիմն է Վերաքննիչ դատարանի հետևությունն Առաջին ատյանի դատարանի կողմից հաշվի առնված ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներն անիրական լինելու վերաբերյալ:

24. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի պահպանման տեսանկյունից արդյո՞ք հիմնավորված է Ս.Դավթյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

 25. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին»: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները»:

26. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել մի շարք որոշումներում: Մասնավորապես, Հ. Բաղդասարյանի վերաբերյալ որոշման մեջ արձանագրվել է, որ «(...) պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել, եթե առկա է դատարանի համոզվածությունը, վստահությունն առանց իրական պատիժ նշանակելու ամբաստանյալի ուղղվելու հնարավորության մասին: Դատարանը նման հետևության հանգում է միայն օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում են պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին (...)» (տե´ս Հուսիկ Բաղդասարյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԱՎԴ2/0059/01/08 որոշումը): Նույնանման մոտեցում է արտահայտվել նաև Վճռաբեկ դատարանի ՎԲ-50/07, ՎԲ-192/07, ՎԲ-01/08 որոշումներում:

Թ. Տեր-Գրիգորյանի վերաբերյալ որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը հաշվի է առնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Հանցակազմի սահմաններից դուրս գտնվելով դրանք բնութագրում են ինչպես կատարված հանցագործությունը, այնպես էլ հանցավորի անձնավորությունը, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին` համապատասխանաբար բարձրացնելով կամ իջեցնելով այն: Դրանց գնահատմամբ է հնարավոր յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատական մոտեցում ցուցաբերել ինչպես պատժի տեսակը և չափը որոշելիս, այնպես էլ այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս:

(…) Նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշումը պետք է հիմնված լինի կատարած հանցագործության, դրա առանձնահատկությունների, գործի կոնկրետ հանգամանքների, հանցավորի անձի, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա` նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը» (տե´ս Թամարա Տեր-Գրիգորյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ ՎԲ-192/07 որոշումը): Նույնանման մոտեցում է արտահայտվել նաև Ռոբերտ Խատոյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի մայիսի 4-ի թիվ ՎԲ-55/07 որոշմամբ:

27. Այսպիսով, վերը նշված օրենսդրական կարգավորումներից և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներից հետևում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու համար անհրաժեշտ է դատարանի համոզվածությունը, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատժատեսակն իրական կրելու: Ընդ որում, այդ համոզվածությունը պետք է հիմնված լինի գործի օբյեկտիվ տվյալների վրա, և պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը պետք է հանգամանորեն քննության առնի ինչպես հանցագործության կատարման, այնպես էլ հանցավորի անձին վերաբերող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

28. Զարգացնելով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցավորի անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների կոնկրետ համակցությունը կարող է բավարար լինել հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար` անկախ պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող որևէ հանգամանքի առկայությունից: Այլ կերպ` պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող որևէ հանգամանքի առկայությունն ինքնին չի բացառում ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը, եթե դատարանը հանգում է հիմնավոր եզրակացության, որ հանցանք կատարած անձի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու:

29. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը Ս.Դավթյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել կատարված արարքի հասարակական վտանգավորությունը, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները և գործի մյուս վերաբերելի հանգամանքները: Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել վերջինիս տարիքը (74 տարեկան), նախկինում արատավորված չլինելը, դրական բնութագրվելը, կատարած արարքի համար զղջալը (տե´ս սույն որոշման 6-րդ կետը):

Բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից հաշվի առնված` ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները բավարար չեն հանգելու այն հետևության, որ վերջինիս ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ Առաջին ատյանի դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ս.Դավթյանը հանցանքը կատարել է ալկոհոլի ազդեցության տակ (տե´ս սույն որոշման 7-րդ կետը):

30. Հիմք ընդունելով սույն որոշման 26-28 կետերում վկայակոչված և սահմանված հիմնավորումները և դրանք համադրելով 29-րդ կետում շարադրված փաստական հանգամանքների հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած Ս.Դավթյանի կողմից իրեն մեղսագրվող արարքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելու հանգամանքին, այնուամենայնիվ, հանցավորի անձը բնութագրող տվյալների և պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող կոնկրետ հանգամանքների համակցությունը (հատկապես հանցանք կատարած անձի տարիքը, այդ տարիների ընթացքում արատավորված չլինելը և առողջական վիճակը), ինչպես նաև այն հանգամանքը, որ տուժողը չի առարկում Ս.Դավթյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դեմ (տե´ս սույն որոշման 14-րդ կետը), սույն գործով բավարար են հանգելու այն հետևության, որ Ս.Դավթյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու և հիմք են ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման համար:

Նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ Ս.Դավթյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով սույն գործով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը: Վճռաբեկ դատարան գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի այս հետևությունը բխում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից:

Հետևաբար Ս.Դավթյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չպետք է կիրառել:

31. Վերացնելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Ս.Դավթյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելը` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի նորմերի, մասնավորապես` 5-րդ, 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված` քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող՝ անօրինական և չհիմնավորված որոշման կայացմանը:

Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են: Քանի որ գործի նյութերով հերքվում են ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները և միաժամանակ հաստատվում է Առաջին ատյանի դատարանի դատավճռի օրինականությունը և հիմնավորվածությունը, ուստի անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա բեկանել վերաքննիչ դատարանի դատական ակտը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին:

32. Սույն որոշման նախորդ կետում նշված նկատառումներով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում բեկանել Ս.Դավթյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի օգոստոսի 9-ի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 11-ի դատավճռին` սույն որոշմամբ շարադրված հիմնավորումներով և պատճառաբանություններով հանդերձ:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Սերյոժա Գերասիմի Դավթյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի օգոստոսի 9-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 11-ի դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

 

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան