ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 փետրվարի 2015 թվականի N 89-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 657-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ռազմավարական ծրագրերի իրականացման աշխատանքները համակարգող խորհուրդ և հաստատել դրա կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ռազմավարական ծրագրերի իրականացման աշխատանքները համակարգող խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում անցկացնել Հայաստանի Հանրապետության ռազմավարական ծրագրերի իրականացման աշխատանքները համակարգող խորհրդի առաջին նիստը։
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի օգոստոսի 4-ի «Կայուն զարգացման ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հունվարի 25-ի N 43-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 657-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2015 թ. փետրվարի 10-ի N 89-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
Խորհրդի նախագահ |
- ՀՀ վարչապետ | |
Խորհրդի նախագահի տեղակալ |
- ՀՀ ֆինանսների նախարար | |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար | ||
Խորհրդի քարտուղար |
- քաղաքացիական համագործակցության ցանցի խորհրդի նախագահ (համաձայնությամբ) | |
Խորհրդի անդամներ |
- ՀՀ արդարադատության նախարար | |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
- ՀՀ կրթության և գիտության նախարար
- ՀՀ բնապահպանության նախարար
- ՀՀ գյուղատնտեսության նախարար
- ՀՀ առողջապահության նախարար
- ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
- ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
- Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության ռազմավարական ծրագրերի սոցիալական գործընկերության համաձայնագրով նախատեսված կազմակերպական կառույցի քաղաքացիական համագործակցության ցանցի ներկայացուցիչներ`
- քաղաքացիական համագործակցության ցանցի խորհրդի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
- տնտեսական զարգացման և գործարարության հարցերով ոլորտային խմբի 2 ներկայացուցիչ (համաձայնությամբ)
- կրթության, կանանց, երեխաների և երիտասարդության հիմնահարցերի ոլորտային խմբի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
- մարդու իրավունքների ոլորտային խմբի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
- բնապահպանական և առողջապահության հարցերի ոլորտային խմբի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
- սոցիալական և բնակչության հատուկ կարիքավորների հիմնահարցերի ոլորտային խմբի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
- մշակույթի և զբոսաշրջության հարցերով ոլորտային խմբի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
- գյուղատնտեսության և գյուղի զարգացման հիմնախնդիրների ոլորտային խմբի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
- համայնքային և տարածքային համաչափ զարգացման հիմնախնդիրների ոլորտային խմբի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2015 թ. փետրվարի 10-ի N 89-Ն որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ռազմավարական ծրագրերի (այսուհետ՝ ՀՀ ՌԾ) իրականացման աշխատանքները, համակարգող խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները։
2. Խորհրդի հիմնական նպատակը ՀՀ ՌԾ-ի իրականացման աշխատանքների համակարգումն է և աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացումը:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
3. Խորհրդի խնդիրներն են`
1) ՀՀ ՌԾ-ի և ՀՀ ՌԾ-ի սոցիալական գործընկերության համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) դրույթների իրականացումը, ինչպես նաև դրանց մոնիթորինգի և գնահատման աշխատանքների համակարգումը.
2) ՀՀ ՌԾ-ի իրականացման մասին տարեկան հաշվետվությունների մշակման աշխատանքների համակարգումը.
3) ՀՀ ՌԾ-ի ճշգրտման, վերանայման, ինչպես նաև դրա շրջանակներում ռազմավարական և մարտավարական փաստաթղթերի մշակման ու իրականացման աշխատանքների համակարգումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
4) ՀՀ ՌԾ-ի իրականացման տարեկան և միջնաժամկետ միջոցառումների ծրագրերի մշակման աշխատանքների համակարգումը.
5) ՀՀ ՌԾ-ի իրականացման գործընթացում միջազգային համագործակցության համակարգումը.
6) ՀՀ ՌԾ-ի իրականացման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովումը՝ քաղաքացիական համագործակցության ցանցի միջոցով.
7) ՀՀ ՌԾ-ի աշխատանքային խմբի գործունեության ղեկավարումը.
8) ՀՀ ՌԾ-ի աշխատանքային խմբի աշխատակարգի և անհատական կազմի հաստատումը:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ, ինչպես նաև՝ արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան։
5. Խորհրդի նիստերը հրավիրում է խորհրդի նախագահը։
6. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ՀՀ ՌԾ-ի և համաձայնագրի դրույթների իրականացման աշխատանքների ընթացքում առաջացած հարցերի ու խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ։
7. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի կազմի առնվազն 2/3-ը։
8. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է։
9. Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը։
10. Խորհրդի նիստի օրակարգը տրամադրվում է խորհրդի անդամներին և սույն աշխատակարգի 14-րդ կետով նախատեսված անձանց՝ խորհրդի նիստից առնվազն 2 օր առաջ։
11. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը կարող է տեղափոխվել խորհրդի հաջորդ նիստ։
12. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին տեղեկատվություն ներկայացնելով։
13. Խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են ՀՀ ՌԾ-ի աշխատանքային խմբի ղեկավարը և խորհրդի քարտուղարության ներկայացուցիչը։
14. Խորհրդի աշխատանքներին մասնակցելու համար խորհրդակցական ձայնի իրավունքով մշտապես հրավիրվում են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի, Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության, Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի, Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության ներկայացուցիչները։
15. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ, փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
16. Խորհրդի նախագահը`
1) վարում է խորհրդի նիստերը.
2) ստորագրում է խորհրդի որոշումները.
3) իր բացակայության դեպքում իր տեղակալին հանձնարարում է վարել խորհրդի նիստերը.
4) հավանության է արժանացնում խորհրդի նիստի օրակարգը։
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
17. Խորհրդի անդամը պաշտոնից ազատվելու պահից կորցնում է խորհրդին անդամակցությունը։ Նրա փոխարեն խորհրդին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը՝ բացառությամբ հասարակական կազմակերպությունների խմբերի ներկայացուցիչների։ Խորհրդի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչը փոփոխվում է քաղաքացիական համագործակցության ցանցի խորհրդի որոշմամբ:
18. Խորհրդի նիստին խորհրդի անդամի մասնակցության անհնարինության դեպքում խորհրդի նիստին մասնակցում է խորհրդի տվյալ անդամի լիազորած ներկայացուցիչը:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
19. Խորհրդի քարտուղարը քաղաքացիական համագործակցության ցանցի խորհրդի նախագահն է: Խորհրդի քարտուղարությունը նշանակվում է խորհրդի քարտուղարի կողմից:
20. Խորհրդի քարտուղարությունը՝
1) նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու կազմակերպում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.
2) ապահովում է խորհրդի նիստի որոշումների նախագծերի կազմումը.
3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.
4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
6) կազմակերպում է խորհրդի որոշումների տրամադրումը խորհրդի անդամներին և համապատասխան կազմակերպություններին:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |