ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Գործ թիվ ԵԿԴ/0043/11/14 |
ԵԿԴ/0043/11/14 |
Նախագահող դատավոր՝ Հ. Տեր-Ադամյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. ԴԱնիելյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ս. Ավետիսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Հ. Պետրոսյանի | |
2015 թվականի փետրվարի 27-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հուլիսի 4-ի որոշման դեմ դիմող Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչ Կ. Թումանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը
1. 2012 թվականի նոյեմբերի 28-ին ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում ԼՂՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 12200712 քրեական գործը` Հ.Մովսիսյանի ինքնասպանության դեպքի առթիվ:
2013 թվականի մարտի 28-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի (այսուհետ նաև՝ ՀԿԳ) վարչությունում թիվ 12200712 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62202513 քրեական գործը` Հ. Մովսիսյանի վերաբերյալ քրեական գործի վարույթն իրականացնող պաշտոնատար անձանց պաշտոնեական անփութության ենթադրյալ դեպքի առթիվ: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ թիվ 12200712 քրեական գործը միացվել է թիվ 62202513 քրեական գործին:
1.1. 2013 թվականի մայիսի 29-ին դիմող Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա. Սաքունցն ու Ա.Զալյանը դիմում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին տրամադրել քրեական գործ հարուցելու մասին որոշումը և դիմող Հ. Պետրոսյանին ճանաչել տուժողի իրավահաջորդ:
2013 թվականի հունիսի 5-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Մ. Բաբայանը կայացրել է Հ. Պետրոսյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու և միջնորդությունը մնացած մասով մերժելու մասին որոշում:
2013 թվականի հունիսի 27-ին դիմող Հ. Պետրոսյանը դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել պահանջի լուծումը հետաձգելու և միջնորդությունը մերժելու մասին ավագ քննիչ Մ. Բաբայանի 2013 թվականի հունիսի 5-ի որոշումը:
Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ դիմող Հ. Պետրոսյանի դիմումը մերժվել է:
1.2. 2013 թվականի հուլիսի 17-ին դիմող Հ. Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա. Սաքունցը, Ա. Զալյանը դիմում են ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն` խնդրելով դիմող Հ. Պետրոսյանին թիվ 62202513 քրեական գործով ճանաչել տուժողի իրավահաջորդ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Մ. Բաբայանի 2013 թվականի հուլիսի 23-ի գրությամբ հայտնվել է, որ ներկայացված դիմումը չի քննարկվել՝ նկատի ունենալով, որ չեն բերվել նոր փաստարկներ և քրեական դատավարության ընթացքում չի հաստատվել պահանջի բավարարման անհրաժեշտությունը:
1.3. 2013 թվականի օգոստոսի 16-ին դիմող Հ. Պետրոսյանի ներկայացուցիչ Ա. Սաքունցը դիմում է ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազություն` խնդրելով վերացնել պահանջի լուծումը հետաձգելու և միջնորդությունը մերժելու մասին ավագ քննիչ Մ. Բաբայանի 2013 թվականի հունիսի 5-ի որոշումը, ինչպես նաև պարտավորեցնել նախաքննության մարմնին Հ. Մովսիսյանին ճանաչել տուժող, իսկ դիմող Հ. Պետրոսյանին` տուժողի իրավահաջորդ:
Վերոհիշյալ դիմումին ՀՀ գլխավոր դատախազությունը 2013 թվականի օգոստոսի 22-ին պատասխանել է գրությամբ:
1.4. 2013 թվականի դեկտեմբերի 18-ին դիմող Հ. Պետրոսյանի ներկայացուցիչները միջնորդություն են ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Մ. Բաբայանին` խնդրելով թիվ 62202513 քրեական գործով Հայկ Մովսիսյանին ճանաչել տուժող, իսկ դիմող Հ. Պետրոսյանին` տուժողի իրավահաջորդ:
Քննիչի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի գրության համաձայն` դիմող Հ. Պետրոսյանի ներկայացուցիչների 2013 թվականի դեկտեմբերի 18-ի միջնորդությունը չի քննարկվել:
2013 թվականի դեկտեմբերի 28-ին դիմող Հ. Պետրոսյանի ներկայացուցիչները դիմում են ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին` խնդրելով իրենց տրամադրել քրեական գործի վարույթը կարճելու մասին 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը և կարճված գործի նյութերի պատճենները, որը Քննիչի 2014 թվականի հունվարի 22-ի գրությամբ մերժվել է:
2. 2014 թվականի փետրվարի 24-ին դիմող Հ. Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա. Սաքունցն ու Ա. Զալյանը դիմում են ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով թիվ 62202513 քրեական գործով դիմող Հ. Պետրոսյանին ճանաչել դատավարության կողմ, ինչպես նաև պարտավորեցնել նախաքննության մարմնին տրամադրել քրեական գործի վարույթը կարճելու մասին 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը և կարճված գործի նյութերի պատճենները:
Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մայիսի 19-ի որոշմամբ դիմող Հ. Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա. Սաքունցի ու Ա. Զալյանի բողոքը մերժվել է:
3. Դիմող Հ. Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա. Սաքունցի ու Ա. Զալյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մայիսի 19-ի որոշումը:
4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հուլիսի 4-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Հ. Պետրոսյանի ներկայացուցիչ Կ. Թումանյանը:
Վճռաբեկ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ դիմող Հ. Պետրոսյանի ներկայացուցիչ Կ. Թումանյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
5. Քննիչի 2013 թվականի հունիսի 5-ի որոշման համաձայն՝ «Իրեն դատավարության մասնակից` տուժողի իրավահաջորդ ճանաչելու Հեղինե Հարությունի Պետրոսյանի պահանջի լուծումը հետաձգել մինչև որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը (...)» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 23):
6. Քննիչի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 18-58կգ-13 գրության համաձայն` ««Հայկ Մովսիսյանին տուժող` Հեղինե Պետրոսյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու պահանջների մասին» վերտառությամբ [Ա. Սաքունցի և Ա. Զալյանի] 2013թ. դեկտեմբերի 18-ի միջնորդությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում չի քննարկվել, քանի որ թիվ 62202513 քրեական գործով վարույթն արդեն իսկ 2013թ. դեկտեմբերի 10-ի որոշմամբ կարճվել է» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 76):
7. Քննիչի 2014 թվականի հունվարի 8-ի թիվ 18-59կգ-13 գրության համաձայն` «ՀՀ գլխավոր դատախազին ուղղված [Ա. Սաքունցի և Ա. Զալյանի] 18.12.2013թ. դիմումը` «պարտավորեցնել նախաքննության մարմնին` Հայկ Մովսիսյանին տուժող, Հեղինե Պետրոսյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելուն» վերտառությամբ, ստացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Կրկին հայտնում եմ, որ թիվ 62202513 քրեական գործով վարույթն արդեն իսկ 2013թ. դեկտեմբերի 10-ի որոշմամբ կարճվել է, ուստի Ձեր դիմումում նշված հանգամանքները քննարկման չեն ենթարկվել» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 77):
8. Քննիչի 2014 թվականի հունվարի 22-ի գրության համաձայն` «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենը ուղարկվում է կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկայացուցչին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված թիվ 62202513 քրեական գործով [դիմող Հ. Պետրոսյանը և նրա ներկայացուցիչները] չեն հանդիսացել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով նշված դատավարության մասնակից, ուստի քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման և այդ նյութերի պատճենները չեն կարող տրամադրվել» (տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 36):
9. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մայիսի 19-ի որոշման համաձայն` «(…) Դատարանը գտնում է, որ սույն գործի շրջանակներում քննիչի գործողությունները պետք է բողոքարկվեին համապատասխան դատախազին, այնուհետև` դատարան, մինչդեռ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Մ. Բաբայանի (…) գրությունները համապատասխան դատախազին չեն բողոքարկվել, ինչի արդյունքում Հ. Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա. Սաքունցի և Ա. Զալյանի կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի խախտում» (տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 47):
10. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հուլիսի 4-ի որոշման համաձայն` «Այսպիսով հիմք ընդունելով դատական ակտում շարադրված իրավական վերլուծությունները, համաձայնվելով դատարանի եզրահանգումնների հետ, վերլուծելով և գնահատելով նյութերում առկա փաստական տվյալները, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ չի տվել դատական սխալ՝ նյութական կամ դատավարական իրավունքի խախտում, որը կարող է հիմք հանդիսանալ բողոքը բավարարելու համար, հետևաբար վերաքննիչ բողոքում նշված հիմքերով նյութական և դատավարական օրենքի էական խախտում թույլ չի տրվել, այդ առումով դատարանի որոշումը օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, լիովին համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին, ուստի վերաքննիչ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ» (տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 132):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
11. Բողոքաբերը նշել է, որ սույն քրեական գործով ստորադաս դատարանները որոշում կայացնելիս թույլ են տվել դատավարական իրավունքի էական խախտում, մասնավորապես` քրեադատավարական օրենքը հնարավորություն է տալիս նաև դատավարության մասնակից չհանդիսացող անձին մասնակցելու քրեադատավարական իրավահարաբերություններին, եթե դրանք առնչվում են այդ անձի իրավունքներին և օրինական շահերին, իսկ դիմողին դատավարության մասնակից ճանաչելուց հրաժարվելու համապատասխան մերժումն առանց վերադաս դատախազին բողոքարկելու` բողոքարկել դատարան: Մինչդեռ ստորադաս դատարանները, շրջանցելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, մերժել են բողոքն այն պատճառաբանությամբ, որ դիմումատուն վարույթ իրականացնող մարմինների մերժումները չի բողոքարկել դատախազին:
12. Ըստ բողոքաբերի` սույն գործով դիմող Հ. Պետրոսյանին տուժողի իրավահաջորդ չճանաչելը եղել է նախաքննության մարմնի կամայական և սուբյեկտիվ որոշումը, հետևաբար թիվ 62202513 քրեական գործով Հ. Պետրոսյանը համապատասխանել է տուժողի իրավահաջորդի կարգավիճակին և հետևաբար իրավունք ունի տվյալ վարույթի արդյունքում կայացված որոշումը բողոքարկելու:
13. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հուլիսի 4-ի դատական ակտը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակից ճանաչելու պահանջի կապակցությամբ վարույթն իրականացնող մարմնի անգործության նկատմամբ դատական վերահսկողության ընթացակարգի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:
15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է՝ հիմնավորված են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Հ. Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա. Սաքունցի և Ա. Զալյանի կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսվա՞ծ ընթացակարգի խախտում այն պատճառաբանությամբ, որ Քննիչի գործողությունները (գրությունները) դատախազին չեն բողոքարկվել:
16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն. «Դատարանի լիազորություններն են, մասնավորապես` (…) օրենքով նախատեսված դեպքերում քննել և լուծել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքները»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը սահմանում է.
«1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:
(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է. «Դիմողն իրավունք ունի իրեն դատավարության մասնակից ճանաչելուց հրաժարվելու կամ այդ պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշման պատճենն ստանալուց 5 օրվա ընթացքում համապատասխան մերժումը բողոքարկել դատարան կամ, եթե քրեական վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման պատճենը չի ստացվել բողոք տալու պահից մեկ ամսվա ընթացքում դիմել դատարան` իրեն դատավարության մասնակից ճանաչելու մասին պահանջով»:
Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում օրենսդիրը դատարանին լիազորել է քննելու ոչ միայն քրեական վարույթ իրականացնող իրավասու մարմինների ու պաշտոնատար անձանց որոշումների և գործողությունների, այլև անգործության դեմ բերված բողոքները: Չնայած անգործության և ոչ իրավաչափ գործողության դատական բողոքարկումը հետապնդում է իրավունքների պաշտպանության համանման նպատակ, սակայն «գործողություն» և «անգործություն» իրավական եզրույթները նույնաբովանդակ մեկնաբանվել չեն կարող այն պայմաններում, երբ օրենսդիրը սահմանել է դրանց բողոքարկման տարբեր ընթացակարգեր: Մասնավորապես վարույթն իրականացնող մարմինների գործողությունների (որոշումների) դատական բողոքարկման համար նախատեսված է դրանք դատախազին բողոքարկելու պարտադիր պահանջ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մաս), ինչպիսին բացակայում է անգործության բողոքարկման` ՀՀ քրեական դատավարության 100-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ընթացակարգում:
Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ եթե վարույթն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների դատական վերահսկողության իրավական կառուցակարգերի տեսանկյունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասը և 290-րդ հոդվածի 1-ին մասը հարաբերակցվում են ինչպես, համապատասխանաբար, հատուկ և ընդհանուր նորմեր (մանրամասն տե՛ս Աշոտ Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԵԿԴ/0064/11/14 որոշման 15-16-րդ կետերը), ապա անգործության դատական վերահսկողության կառուցակարգերի առումով դրանք որևէ ձևով չեն հարաբերակցվում, քանի որ կարգավորում են իրենց բնույթով տարբեր օբյեկտներ: Հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ նախապես դատախազին բողոքարկելու պահանջը կիրառելի չէ դատավարության մասնակից ճանաչելու պահանջը լուծելու կապակցությամբ վարույթն իրականացնող մարմնի անգործությունը բողոքարկելու իրավահարաբերությունների նկատմամբ:
17. Բարձրացված իրավական հարցին պատասխանելու և օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված` Վճռաբեկ դատարանն ահնրաժեշտ է համարում անդրադառնալ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով վարույթն իրականացնող մարմնի անգործության բովանդակությանը:
Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասի «Դիմողն իրավունք ունի (…) եթե քրեական վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման պատճենը չի ստացվել բողոք տալու պահից մեկ ամսվա ընթացքում դիմել դատարան` իրեն դատավարության մասնակից ճանաչելու մասին պահանջով» ձևակերպումից հետևում է, որ վարույթն իրականացնող մարմնի անգործության առումով դրա կարգավորման առարկան է դատավարության մասնակից ճանաչելու պահանջի կապակցությամբ համապատասխան որոշում չկայացնելը: Այլ խոսքով՝ քննարկվող հոդվածի իմաստով անգործություն պետք է գնահատել վարույթն իրականացնող մարմնի կողմից դատավարության մասնակից ճանաչելու պահանջը բավարարելու, դատավարության մասնակից ճանաչելուց հրաժարվելու կամ պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշում չկայացնելը: Ընդ որում պահանջի լուծումը հետաձգելու որոշում կայացնելուց հետո մինչև դատավարության համապատասխան փուլի ավարտը վարույթն իրականացնող մարմնի կողմից այդ պահանջը վերջնական լուծելու (մերժելու կամ բավարարելու) վերաբերյալ որոշում չկայացնելը հավասարազոր է դրա կապակցությամբ անգործություն դրսևորելուն: Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը հիմնավորվում նրանով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ. «Միջնորդությունները և պահանջները պետք է քննության առնվեն և լուծվեն դրանք հայտարարելուց անմիջապես հետո, եթե սույն օրենսգրքի դրույթներով այլ կարգ սահմանված չէ: Միջնորդության լուծումը կարող է հետաձգվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից մինչև միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը», իսկ «անգործություն» եզրույթն իրավակիրառական պրակտիկայում պետք է ընկալվի որպես վարույթն իրականացնող համապատասխան մարմնի՝ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորությունների (որոշումների ընդունում, իրենց լիազորություններից բխող գործունեության իրականացում) չկատարում («անգործություն» եզրույթի նման մեկնաբանումը բխում է ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՈ-844 որոշման 7-րդ կետից): Այսինքն՝ միջնորդությունը կամ պահանջը լուծելու վերաբերյալ որոշում կայացնելը վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն է, որի չկատարումը պետք է գնահատվի որպես անգործություն:
18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ 2013 թվականի մայիսի 29-ին դիմող Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա. Սաքունցը, Ա. Զալյանը դիմում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին տրամադրել քրեական գործ հարուցելու մասին որոշումը և դիմող Հ. Պետրոսյանին ճանաչել որպես տուժողի իրավահաջորդ: 2013 թվականի հունիսի 5-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Մ. Բաբայանը կայացրել է պահանջի լուծումը հետաձգելու և միջնորդությունը մերժելու մասին որոշում (տե՛ս սույն որոշման 1.1-րդ կետը):
Քննիչի 2013 թվականի հունիսի 5-ի «Պահանջի լուծումը հետաձգելու և միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ դիմողի ներկայացուցիչների բողոքը դատարանի կողմից մերժվել է, իսկ դատախազության կողմից չի քննարկվել (տե՛ս սույն որոշման 1.1-րդ և 1.3-րդ կետերը): Հ. Պետրոսյանի կողմից հետագայում ներկայացված դատավարության մասնակից ճանաչելու մասին միջնորդությունները վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն քննարկվել (տե՛ս սույն որոշման 1.2-րդ, 1.4-րդ կետերը):
Քննիչի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի և 2014 թվականի հունվարի 8-ի գրությունների համաձայն` քրեական գործի վարույթը կարճվել է 2013 թվականի դեկտեմբերի 10-ին (տե՛ս սույն որոշման 6-7-րդ կետերը): Իսկ գործի նյութերում առկա չէ վարույթ իրականացնող մարմնի որոշում՝ դատավարության մասնակից ճանաչելու դիմողի պահանջը լուծելու մասին:
Դիմող Հ. Պետրոսյանի ներկայացուցիչները դիմում են ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին` խնդրելով իրենց տրամադրել քրեական գործի վարույթը կարճելու մասին 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը և կարճված գործի նյութերի պատճենները, որը Քննիչի 2014 թվականի հունվարի 22-ի գրությամբ մերժվել է (տե՛ս սույն որոշման 1.4-րդ և 8-րդ կետերը):
Այնուհետև Հ. Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա. Սաքունցը, Ա. Զալյանը դիմում են ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով թիվ 62202513 քրեական գործով դիմող Հ. Պետրոսյանին ճանաչել դատավարության կողմ, ինչպես նաև պարտավորեցնել նախաքննության մարմնին տրամադրել քրեական գործի վարույթը կարճելու մասին 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը և կարճված գործի նյութերի պատճենները (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանը բողոքը մերժել է այն պատճառաբանությամբ, որ դատավարության մասնակից ճանաչելու, քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման պատճենը և նյութերը տրամադրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունների կապակցությամբ Քննիչի գրությունները նախ պետք է բողոքարկվեին համապատասխան դատախազին, այնուհետև` դատարան (տե՛ս սույն որոշման 2-րդ և 9-րդ կետերը):
Վերաքննիչ դատարանը, քննության առնելով Հ. Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա. Սաքունցի, Ա. Զալյանի վերաքննիչ բողոքը, մերժել է այն՝ արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել դատական սխալ՝ նյութական կամ դատավարական իրավունքի խախտում, հետևաբար Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված (տե՛ս սույն որոշման 3-րդ և 10-րդ կետերը):
19. Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-17-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմինը, հետաձգելով դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը և առանց այդ պահանջին լուծում տալու կարճելով գործի վարույթը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով դրսևորել է անգործություն, որի հետևանքով էլ Հ. Պետրոսյանն իրեն դատավարության մասնակից ճանաչելու պահանջով դիմել է դատարան: Մինչդեռ ստորադաս դատարանների պատճառաբանություններից հետևում է, որ նրանք Հ. Պետրոսյանի՝ իրեն դատավարության մասնակից ճանաչելու պահանջը դիտարկել են որպես քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունների դեմ ներկայացված բողոք և այն քննել են համապատասխան ընթացակարգով:
Ստորադաս դատարանների՝ Քննիչի գործողությունները (համապատասխան գրությունները) դատախազին բողոքարկված չլինելու հիմքով Հ. Պետրոսյանի բողոքը մերժելու պատճառաբանության կապակցությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում մասնավորապես նշել, որ.
ա) քրեական հետապնդում իրականացնող մարմինների գրությունները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով որոշում չեն հանդիսանում և հետևաբար չեն կարող առաջացնել նույն դատավարական հետևանքները, ինչ որոշումները, մասնավորապես չեն կարող հանդիսանալ դատական բողոքարկման առարկա (Վճռաբեկ դատարանը նմանաբովանդակ դիրքորոշում է ձևավորել Մյասնիկ Ավետիսյանի գործով 2009 թվականի հունիսի 29-ի թիվ ԵԿԴ/0019/11/09 որոշմամբ (տե՛ս, mutatis mutandis, 15-16-րդ կետերը)),
բ) վարույթն իրականացնող մարմնի անգործության դատական բողոքարկման իրավական ընթացակարգը չի նախատեսում այն նախապես դատախազին բողոքարկելու պահանջ:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Հ. Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա. Սաքունցի և Ա. Զալյանի կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի խախտում այն պատճառաբանությամբ, որ Քննիչի գործողությունները (գրությունները) դատախազին չեն բողոքարկվել, հիմնավորված չեն:
20. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները հանգել են սխալ եզրակացության այն մասին, որ դիմողի ներկայացուցիչները խախտել են դատավարության մասնակից ճանաչելու մասին նախաքննության մարմնի գործողությունների (անգործության) բողոքարկման դատավարական կարգը: Արդյունքում ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտում:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:
Վերոնշյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ իրավասու չէ անդրադառնալ Հ. Պետրոսյանի՝ տուժողի իրավահաջորդի կարգավիճակին համապատասխանելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին, քանի որ դրանք ըստ էության չեն քննարկվել և լուծվել ստորադաս դատարանների կողմից: Հետևաբար այդ փաստարկները պետք է քննարկման առարկա դառնան գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա. Սաքունցի, Ա. Զալյանի բողոքը մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մայիսի 19-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հուլիսի 4-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Ե. Դանիելյան |
Հ. ԱսատրՅԱՆ | |
Ս. Ավետիսյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |