ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
19 մայիսի 2015 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Միրումյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի մարտի 25-ին Պեկինում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի՝ 2015 թվականի ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը։
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով շրջանակային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին շրջանակային համաձայնագիրը (Շրջանակային համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության (Կողմեր) միջև ստորագրվել է 2015 թվականի մարտի 25-ին` Պեկինում։
2. Շրջանակային համաձայնագրով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունն սկզբունքային համաձայնություն է տալիս, որ Չինաստանի ներմուծման-արտահանման բանկը (Վարկատու) կտրամադրի արտոնյալ վարկ (Վարկ)` ոչ ավել, քան 156,000,000.00 չինական յուան ընդհանուր գումարի չափով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը (Վարկառու), որը նշանակված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, Կողմերի միջև համաձայնեցված «Հայաստանի մաքսային կառավարման, տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագրի» իրականացման համար:
Վարկի տրամադրման ժամկետը, ներառյալ օգտագործման ժամկետը, արտոնյալ ժամկետը և մարման ժամկետը, կազմում է 20 տարի (այդ թվում` արտոնյալ ժամկետը չի գերազանցում 5 տարին): Վարկի տոկոսադրույքը կազմում է տարեկան 2 տոկոս:
Վարկի հաշվին իրականացվող ծրագրերը կքննարկվեն, կգնահատվեն և կհաստատվեն Վարկատուի կողմից Կողմերի հաստատմամբ:
3. Շրջանակային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
ա) Վարկատուի հետ կոնկրետ համաձայնեցնել և ստորագրել Վարկի օգտագործման մասին վարկային համաձայնագրեր` Շրջանակային համաձայնագրի դրույթների համաձայն ենթավարկային ծրագրերի հաստատումից հետո.
բ) այն դեպքում, երբ հատուկ հանգամանքներում Շրջանակային համաձայնագրի դրույթների իրականացման ընթացքում անհրաժեշտ է փոփոխել Վարկի գումարը, Վարկի տոկոսադրույքը, Վարկի ժամկետը կամ արտոնյալ ժամանակահատվածը, ապա Վարկատուի հետ ստորագրել լրացուցիչ վարկային համաձայնագիր, եթե այդպիսի փոփոխությունները դուրս չեն գալիս Շրջանակային համաձայնագրի շրջանակներից: Այն դեպքում, երբ այդպիսի փոփոխությունները դուրս են գալիս Շրջանակային համաձայնագրի շրջանակներից, ապա Կողմերը կստորագրեն լրացուցիչ համաձայնագիր.
գ) Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության հետ ժամանակին ստուգել Վարկի իրականացման ընթացքը, ինչպես նաև խորհրդակցություններ անցկացնել համապատասխան հարցերի և վեճերի շուրջ, որոնք կարող են ծագել Շրջանակային համաձայնագրի իրականացման ընթացքում:
4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Շրջանակային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ հոդվածի դրույթներին, կոչված են զարգացնելու Կողմերի միջև բարեկամական և տեխնիկատնտեսական համագործակցությունը, ինչպես նաև ստեղծելու բարենպաստ պայմաններ տնտեսական զարգացման համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2015 թվականի մարտի 25-ին Պեկինում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող 19 մայիսի 2015 թ. ՍԴՈ-1208
Վ. Հովհաննիսյան