ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
6 հոկտեմբերի 2015 թ. |
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԻԱՀ-Ի, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԵՎ ՄԱԼԱՐԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳԼՈԲԱԼ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի հունիսի 30-ին և 2015 թվականի հուլիսի 7-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի միջև շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի՝ 2015 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը։
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով շրջանակային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի միջև շրջանակային համաձայնագիրը (Շրջանակային համաձայնագիր) ստորագրվել է 2015 թվականի հունիսի 30-ին և 2015 թվականի հուլիսի 7-ին։
Շրջանակային համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային կանոնակարգը:
Շրջանակային համաձայնագրով նախատեսվում է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության միջև մեկ կամ ավելի դրամաշնորհների հաստատումների կնքում:
Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրության համաձայն` ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի կողմից 2015-2018թթ. ժամանակահատվածում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագրերի համար Հայաստանի Հանրապետությանը հատկացման ենթակա դրամաշնորհային գումարը կազմում է շուրջ 15 միլիոն ԱՄՆ դոլար:
2. Շրջանակային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
ա) յուրաքանչյուր ծրագրի համար ապահովել և ձեռնարկել բոլոր համապատասխան ու անհրաժեշտ միջոցառումները` երաշխավորելու, որ Շրջանակային համաձայնագրով նախատեսված հիմնական ստացողը և վերջինիս բոլոր ենթաստացողներն ապահովեն.
- դրամաշնորհային համաձայնագրի համաձայն վճարվող դրամաշնորհային միջոցների խելամիտ կառավարումը և դրանց օգտագործումը բացառապես ծրագրային գործունեության նպատակով,
- դրամաշնորհային միջոցներով ֆինանսավորվող բոլոր ապրանքները, ծառայությունները և գործողությունները, այդ թվում` նաև ենթաստացողների կողմից ձեռք բերված ապրանքները և ծառայություններն օգտագործվեն բացառապես ծրագրի իրականացման նպատակներով.
բ) դրամաշնորհային միջոցներով ապրանքների գնումը և/կամ ներմուծումն ազատել հարկերից.
գ) յուրաքանչյուր ծրագրի համար ձեռնարկել համապատասխան և անհրաժեշտ միջոցառումներ` երաշխավորելու, որ հիմնական ստացողը վերահսկի և գնահատի ծրագրի ընթացքը` ներառյալ ենթաստացողների իրականացրած գործողությունները:
3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Շրջանակային համաձայնագրի հիման վրա կնքվող դրամաշնորհների հաստատումներով Հայաստանի Հանրապետության կողմից սահմանադրաիրավական պարտավորություններ ստանձնվելու դեպքում դրանք ենթակա են վավերացման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2015 թվականի հունիսի 30-ին և 2015 թվականի հուլիսի 7-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի միջև շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
6 հոկտեմբերի 2015 թ. ՍԴՈ-1232 |