Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-144-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (09.01.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.03.21/20(1378) Հոդ.310
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
07.03.2018
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
21.03.2018
Дата вступления в силу
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 7-ին

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.  Հանրային խորհուրդը

 

1. Հանրային խորհուրդը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածին համապատասխան, Կառավարության խորհրդակցական մարմին է:

2. Հանրային խորհրդի գործունեությունը հիմնված է կամավորության սկզբունքի վրա:

 

ԳԼՈՒԽ 2

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

Հոդված 2. Հանրային խորհրդի խնդիրները

 

1. Հանրային խորհրդի խնդիրներն են`

1) քաղաքականության մշակման և իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելը.

2) պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելը, այդ թվում` քաղաքացիական հասարակության զարգացման քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ Կառավարությանն առաջարկություններ ներկայացնելը.

3) Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը.

4) հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելը.

5) սոցիալական գործընկերների (արհմիության, գործատուների, Կառավարության) միջև սոցիալական երկխոսությանն աջակցելը.

6) ընդհանուր ազգային խնդիրների շուրջ Հայաստանի և սփյուռքի հայության ջանքերի համախմբմանն իր գործառույթների շրջանակներում աջակցելը.

7) մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2023 թվականը ներառյալ ժամանակահատվածի (այսուհետ՝ Ուսումնասիրվող ժամանակահատված) իրադարձությունների և դեպքերի շրջանակում կամ դրանց հետևանքով տեղի ունեցած մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների բացահայտմանը, հնարավոր խախտումների կանխարգելմանը, կրկնության բացառմանը, հասարակության սոցիալական վերափոխմանը, սոցիալական արդարության վերականգնմանը, հաշտեցմանը, խախտումներից և իրադարձություններից տուժած կամ դրանց բացասական հետևանքները այլ կերպ կրած (կրող) անձանց իրավունքների ճանաչմանը, վերականգնմանը և պաշտպանությանը նպաստող գործունեություն (այսուհետ՝ փաստահավաք գործունեություն) իրականացնելը:

(2-րդ հոդվածը լրաց. 04.12.24 ՀՕ-527-Ն)

(04.12.24 ՀՕ-527-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 3. Հանրային խորհրդի գործառույթները

 

1. Հանրային խորհուրդն իր առջև դրված խնդիրների կենսագործման նպատակով` սույն օրենքով և Հանրային խորհրդի կանոնադրությամբ սահմանված կարգով`

1) վարչապետի առաջարկությամբ`

ա. կազմակերպում է հանրային լսումներ կամ քննարկումներ` հասարակական հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև հասարակական կյանքի կարևորագույն ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ,

բ. իրականացնում է գործող օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի հասարակական փորձաքննություն և տալիս է եզրակացություն, ներառյալ` դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկությունները.

2) սեփական նախաձեռնությամբ`

ա. իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված միջոցառումները,

բ. հասարակական փորձաքննության է ենթարկում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետում նշված իրավական ակտերը, իրավական ակտերի նախագծերն ու փաստաթղթերը և տալիս է եզրակացություն, եթե Հանրային խորհրդի գնահատմամբ դրանք ձեռք են բերել կամ կարող են ձեռք բերել հանրային հնչեղություն,

գ. իրականացնում է հանրային հնչեղության այլ հարցերի, ինչպես նաև հանրության բարձրացրած հիմնահարցերի վերլուծություններ և տալիս եզրակացություն,

դ. հասարակության տարբեր շերտերի հետաքրքրությունների և շահերի միջև առկա հակասությունների բացահայտման նպատակով, կարևորելով սոցիալական գործընկերների միջև սոցիալական երկխոսությանն աջակցելը, խորհրդակցություններ կամ քննարկումներ է կազմակերպում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ` արդյունքների մասին տեղեկացնելով Կառավարությանը,

ե. իր ձևավորած փաստահավաք գործունեություն իրականացնող ժամանակավոր հանձնաժողովի (այսուհետ՝ Փաստահավաք հանձնաժողով) միջոցով իրականացնում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված փաստահավաք գործունեություն:

2. Կառավարության և հասարակության միջև արդյունավետ երկխոսության կայացմանը նպաստելու նպատակով Հանրային խորհուրդն իր նախաձեռնությամբ, յուրաքանչյուր դեպքում գնահատելով անհրաժեշտությունը, կարող է դիմել վարչապետին` սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» և «դ» ենթակետերում նշված միջոցառումներին Կառավարության ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու խնդրանքով:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում Հանրային խորհուրդն իր եզրակացությունը ներկայացնում է վարչապետին, որը որոշում է դրանց հետագա ընթացք տալու հարցը:

4. Հանրային խորհուրդը կարող է անդամակցել համապատասխան միջազգային հասարակական կազմակերպություններին և իրականացնել միջազգային համագործակցություն` իր գործունեությանն առնչվող ոլորտի մարմինների հետ:

(3-րդ հոդվածը լրաց. 04.12.24 ՀՕ-527-Ն)

(04.12.24 ՀՕ-527-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

ԳԼՈՒԽ 3

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 4. Հանրային խորհրդի կառուցվածքը

 

1. Հանրային խորհուրդը կազմված է 45 անդամից:

2. Հանրային խորհրդի անդամ կարող է լինել 25 տարին լրացած, Հայաստանի Հանրապետությանը ծառայություններ մատուցած, հանրային կամ իր մասնագիտական ոլորտում հեղինակություն վայելող, ինչպես նաև Հանրային խորհրդի առջև դրված խնդիրների կենսագործման համար անհրաժեշտ հմտություններ ունեցող յուրաքանչյուր անձ:

3. Հանրային խորհրդի անդամ չեն կարող լինել`

1) քաղաքական, վարչական կամ ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձինք, զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության և քննչական մարմինների ծառայողները, հանրային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող անձինք.

2) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.

3) հանցագործության համար դատապարտված անձինք, որոնց դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ.

4) օրենքի խախտմամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձինք:

4. Հանրային խորհրդի անդամն իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում պարտավոր է պահպանել չեզոքություն:

5. Հանրային խորհրդին կից գործում են 15 ոլորտային մշտական հանձնաժողովներ:

6. Հանրային խորհրդին առընթեր գործում է Ազգային փոքրամասնությունների պալատ, որի կազմավորման կարգը և գործառույթները սահմանվում են օրենքով:

7. Հանրային խորհուրդը ձևավորում է Փաստահավաք հանձնաժողով, որի կազմավորման կարգը և գործառույթները սահմանվում են սույն օրենքով:

(4-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-189-Ն, լրաց. 04.12.24 ՀՕ-527-Ն)

(04.12.24 ՀՕ-527-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 5. Հանրային խորհրդի կազմավորումը և գործունեության ժամկետը

 

1. Հերթական Հանրային խորհրդի կազմավորումն սկսվում է ոչ ուշ, քան Ազգային ժողովի հերթական ընտրությանը հաջորդող Կառավարության կազմավորումից հետո՝ 30-օրյա ժամկետում:

2. Հանրային խորհուրդը կազմավորվում է հետևյալ կարգով.

1) 15 անդամ նշանակվում է Կառավարության կողմից.

2) 15 անդամ ընտրվում է սույն հոդվածի 4-րդ մասում նշված կառույցների ներկայացրած թեկնածություններից (մշտական հանձնաժողովների նախագահներ).

3) 15 անդամ ընտրվում է սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգով նշանակված կամ ընտրված անդամների կողմից:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում վարչապետը՝ նրանց համաձայնությամբ, Կառավարությանն է առաջարկում Հանրային խորհրդի 15 անդամների թեկնածությունները: Կառավարությունը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո իր առաջիկա նիստում քննարկման է դնում Հանրային խորհրդի՝ սույն մասով նախատեսված անդամների նշանակման հարցը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով Հանրային խորհրդի անդամների նշանակումից հետո վարչապետի աշխատակազմի՝ Հանրային խորհրդի քարտուղարությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումը Հանրային խորհրդի անդամների անունից անհապաղ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակում է հայտարարություն՝ հասցեագրված տեղական ինքնակառավարման մարմիններին, համապատասխան ոլորտների հասարակական կազմակերպություններին, հայրենակցական և ստեղծագործական միություններին, երիտասարդական և ուսանողական կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, վետերանների միություններին, գիտակրթական կազմակերպություններին, սպառողների իրավունքների պաշտպանության, գործարարների և արդյունաբերողների միություններին, կրոնական կազմակերպություններին, սփյուռքի կառույցներին և քաղաքացիական հասարակության այլ կառույցներին՝ Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջարկելու նպատակով:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կազմակերպությունները սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հայտարարությունը տեղադրելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, կարող են գրավոր եղանակով վարչապետի աշխատակազմի՝ Հանրային խորհրդի քարտուղարությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանում ներկայացնել մշտական հանձնաժողովների անդամների իրենց թեկնածությունները՝ ներկայացնելով նաև նրանց գրավոր համաձայնությունը Հանրային խորհրդի անդամ նշանակվելու վերաբերյալ: Ներկայացված թեկնածուների և նրանց ներկայացրած կազմակերպությունների ցանկը թեկնածությունները ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, հրապարակվում է Կառավարության պաշտոնական համացանցային կայքում:

6. Վարչապետի աշխատակազմի՝ Հանրային խորհրդի քարտուղարությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումը, Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովների անդամների թեկնածությունները ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո՝ երեքշաբաթյա ժամկետում, կազմակերպում է մշտական հանձնաժողովների նախագահների գաղտնի քվեարկությամբ ընտրությունը, որը կատարում են սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով նշանակված անդամները: Ընտրությունը կարող է կայանալ, եթե դրան մասնակցում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով նշանակված Հանրային խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը: Ընտրությունն իրականացվում է քվեաթերթիկում քվեարկություն կատարելու միջոցով: Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը՝ նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունում: Քվեարկության մասնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ, իսկ դեմ քվեարկելիս որևէ նշում չի կատարում: Քվեարկության յուրաքանչյուր մասնակից կարող է կողմ քվեարկել առավելագույնը 15 թեկնածուի: Քվեարկության արդյունքներով ընտրված են համարվում առավել կողմ ձայներ ստացած 15 թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է վիճակահանություն: Մշտական հանձնաժողովների ընտրված նախագահների կազմը, որոնք ընտրվում են նաև որպես Հանրային խորհրդի անդամներ, անհապաղ ներկայացվում է վարչապետին և հրապարակվում է Կառավարության պաշտոնական համացանցային կայքում:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով Հանրային խորհրդի մյուս 15 անդամների կազմը վարչապետին ներկայացնելուց հետո՝ 20-օրյա ժամկետում, Հանրային խորհրդի 30 անդամներից յուրաքանչյուրը, նպատակ ունենալով ապահովել հասարակության տարբեր ոլորտների մասնագետների հնարավորին չափ լայն ներկայացվածությունը Հանրային խորհրդում, կարող է առաջադրել Հանրային խորհրդի անդամի մեկական թեկնածու՝ մնացյալ 15 տեղերի համար ( թեկնածուների ընդհանուր թիվը չի կարող պակաս լինել 15-ից)՝ ստանալով նրանց գրավոր համաձայնությունը Հանրային խորհրդի անդամ նշանակվելու վերաբերյալ: Թեկնածուների վերաբերյալ տվյալները ներկայացվում են վարչապետի աշխատակազմի՝ Հանրային խորհրդի քարտուղարությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանում, իսկ թեկնածուների առաջադրումից հետո՝ եռօրյա ժամկետում, ներկայացված թեկնածուների ցանկը հրապարակվում է Կառավարության պաշտոնական համացանցային կայքում:

8. Ներկայացված թեկնածուների ցանկը Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վարչապետի աշխատակազմի՝ Հանրային խորհրդի քարտուղարությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումը կազմակերպում է սույն մասով առաջադրված անդամների ընտրությունը: Սույն մասով նախատեսած Հանրային խորհրդի անդամների ընտրությունը կատարում են սույն հոդվածի 3-րդ և 6-րդ մասերով սահմանված կարգով նշանակված և ընտրված անդամները: Ընտրությունը կարող է կայանալ, եթե դրան մասնակցում է արդեն իսկ նշանակված և ընտրված Հանրային խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը: Սույն մասով նախատեսված ընտրության և դրա արդյունքների ամփոփման նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգավորումները:

9. Հանրային խորհրդի 30 անդամներն անհապաղ վարչապետին են ներկայացնում սույն հոդվածի 8-րդ մասին համապատասխան ընտրված 15 անձանց կազմը, որից հետո՝ եռօրյա ժամկետում, վարչապետը բոլոր 45 անդամների կազմից Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը ներկայացնում է Կառավարություն:

10. Կառավարությունն իր առաջիկա նիստում քննարկում է Հանրային խորհրդի նախագահ նշանակելու հարցը:

11. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված որոշման ընդունման հաջորդ օրը Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված, որի մասին նույն օրը վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրում է վարչապետը և հրապարակում Կառավարության պաշտոնական համացանցային կայքում:

12. Հանրային խորհրդի գործունեության ժամկետն ավարտվում է Ազգային ժողովի հերթական ընտրությունից հետո կազմավորված Կառավարության վարչապետի կողմից սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու օրը:

13. Ազգային ժողովի լիազորությունների ժամկետում նոր Կառավարություն կազմավորվելու դեպքում այն իր կազմավորումից հետո՝ 30-օրյա ժամկետում, վարչապետի առաջարկության հիման վրա կարող է վաղաժամկետ դադարեցնել Կառավարության նշանակած անդամների գործունեությունը և նշանակել Հանրային խորհրդի նոր նախագահ և անդամներ:

14. Նոր կազմավորված Կառավարության կողմից սույն հոդվածի 13-րդ մասում նշված ժամկետում Կառավարության նշանակած առաջին 15 անդամների կազմի ոչ ավելի, քան կեսը փոխվելու դեպքում սույն հոդվածի 8-րդ մասին համապատասխան ընտրված վերջին 15 անդամների կազմը մնում է անփոփոխ: Իսկ եթե Կառավարությունը, սույն մասին համապատասխան, փոխում է Կառավարության նշանակած առաջին 15 անդամների կազմի կեսից ավելիին, ապա այդ նոր կազմը երկրորդ 15 անդամների հետ համատեղ, սույն հոդվածի 8-րդ մասին համապատասխան, իրականացնում է վերջին 15 անդամների նոր ընտրություն: Սույն մասով նախատեսված դեպքում նշանակված Հանրային խորհրդի նախագահը և անդամները պաշտոնավարում են մինչև Հանրային խորհրդի գործունեության ժամկետի ավարտը:

15. Հանրային խորհրդի՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով նշանակված անդամների, ինչպես նաև Հանրային խորհրդի նախագահի գործունեության վաղաժամկետ դադարեցման հարց կարող է քննարկվել նրանց նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո, և նշված անդամներին նշանակած Կառավարության գործունեության ընթացքում ոչ ավելի, քան մեկ անգամ: Ընդ որում, եթե վաղաժամկետ դադարեցվում է միայն Հանրային խորհրդի նախագահի գործունեությունը, ապա նա շարունակում է իր գործունեությունը որպես Հանրային խորհրդի անդամ:

(5-րդ հոդվածը խմբ. 04.12.24 ՀՕ-527-Ն)

(04.12.24 ՀՕ-527-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 6. Հանրային խորհրդի գործունեության կարգը

 

1. Հանրային խորհրդի գործունեությունն իրականացվում է Հանրային խորհրդի, ինչպես նաև նրա մշտական հանձնաժողովների և Փաստահավաք հանձնաժողովի նիստերի միջոցով:

2. Առանձին հարցերի քննարկման, այդ թվում` հասարակական փորձաքննություն իրականացնելու համար և դրանց վերաբերյալ Հանրային խորհրդի որոշումների նախապատրաստման նպատակով Հանրային խորհուրդը, ներգրավելով մասնագետների (փորձագետների), կարող է ձևավորել ժամանակավոր հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր:

3. Հանրային խորհրդի նիստերը հրավիրվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ: Նոր ձևավորված Հանրային խորհրդի առաջին նիստը գումարվում է ոչ ուշ, քան Հանրային խորհրդի ձևավորումից 10 օր հետո:

4. Հանրային խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Հանրային խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

5. Հանրային խորհրդի արտահերթ նիստերը հրավիրում է Հանրային խորհրդի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ Հանրային խորհրդի անդամների առնվազն մեկ քառորդի պահանջով: Հանրային խորհրդի արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի օրակարգով:

6. Հանրային խորհրդի նիստերին Հանրային խորհրդի նախագահի կամ անդամների առնվազն մեկ քառորդի առաջարկությամբ կարող են հրավիրվել այլ անձինք:

7. Հանրային խորհրդի նախագահը Հանրային խորհրդի նիստի օրակարգի, ժամանակի և վայրի մասին Հանրային խորհրդի կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետում ծանուցում է Հանրային խորհրդի անդամներին, նիստին մասնակցող այլ անձանց:

8. Օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ նյութերը Հանրային խորհրդի անդամներին տրամադրվում են հարցի քննարկումից առնվազն երկու օր, իսկ հրատապ հարցերի քննարկման դեպքում` ոչ ուշ, քան նիստից առնվազն մեկ ժամ առաջ:

9. Հանրային խորհրդի նիստերը դռնբաց են, եթե Հանրային խորհուրդը նիստերը դռնփակ անցկացնելու մասին որոշում չի կայացնում:

10. Հանրային խորհուրդն ընդունում է որոշումներ, որոնք կարող են լինել առաջարկությունների, եզրակացությունների ձևով և կրում են խորհրդատվական բնույթ: Հանրային խորհուրդն իր որոշումները կարող է տեղադրել իր պաշտոնական համացանցային կայքում:

11. Հանրային խորհրդի նիստում որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

12. Հանրային խորհրդի նախագահն անհրաժեշտ նյութեր և փաստաթղթեր ստանալու նպատակով իրավասու է հարցումներ ուղղելու պետական կառավարման համակարգի մարմիններին:

13. Հանրային խորհրդի գործունեության ընթացակարգային դրույթները, մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտները, դրանց գործունեության, ինչպես նաև ժամանակավոր հանձնաժողովների, բացառությամբ Փաստահավաք հանձնաժողովի, աշխատանքային խմբերի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են Հանրային խորհրդի կանոնադրությամբ:

14. Հանրային խորհրդի կանոնադրությունը, ինչպես նաև դրանում փոփոխություններն ընդունվում են Կառավարության որոշմամբ: Հանրային խորհուրդը կարող է առաջարկություններ ներկայացնել կանոնադրության, ինչպես նաև դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

15. Սույն հոդվածի կանոնները կիրառելի են սույն օրենքի 5.1-ին գլխով կարգավորվող հարաբերությունների նկատմամբ այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքի 5.1-ին գլխով սահմանված կարգավորումներին:

(6-րդ հոդվածը լրաց. 04.12.24 ՀՕ-527-Ն)

(04.12.24 ՀՕ-527-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 7. Հանրային խորհրդի նախագահը

 

1. Հանրային խորհուրդը գլխավորում է Հանրային խորհրդի նախագահը:

2. Հանրային խորհրդի նախագահը ղեկավարում է Հանրային խորհրդի գործունեությունը, հրավիրում և վարում է Հանրային խորհրդի նիստերը, Հանրային խորհրդի անունից ստորագրում է պետական մարմիններին, պաշտոնատար կամ այլ անձանց հասցեագրվող գրությունները, ապահովում է Հանրային խորհրդի բնականոն գործունեությունը:

3. Հանրային խորհրդի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև փետրվարի 15-ը, հաշվետվություն է ներկայացնում Կառավարություն Հանրային խորհրդի նախորդ տարվա գործունեության մասին` զուգահեռաբար այն հրապարակելով Հանրային խորհրդի պաշտոնական համացանցային կայքում:

3.1. Հանրային խորհրդի նախագահը Հանրային խորհրդի կողմից Փաստահավաք հանձնաժողովի եզրափակիչ զեկույցը հաստատվելուց հետո այն Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնում է Կառավարություն:

4. Հանրային խորհրդի նախագահի բացակայության կամ պարտականությունները ժամանակավորապես կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Հանրային խորհրդի անդամներից մեկը` Հանրային խորհրդի նախագահի որոշմամբ: Նման որոշման բացակայության դեպքում Հանրային խորհրդի նախագահին փոխարինում է Հանրային խորհրդի տարիքով ավագ անդամը:

(7-րդ հոդվածը լրաց. 04.12.24 ՀՕ-527-Ն)

(04.12.24 ՀՕ-527-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

ԳԼՈՒԽ 4

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

Հոդված 8. Հանրային խորհրդի անդամների գործունեության դադարեցումը

 

1. Հանրային խորհրդի անդամի գործունեությունը դադարեցվում է վարչապետի առաջարկությամբ` Կառավարության որոշմամբ, եթե`

1) նշանակումից հետո ի հայտ են եկել փաստեր, որոնք հավաստում են նրա` սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջներին անհամապատասխանությունը.

2) նշանակվել կամ ընտրվել է սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված որևէ պաշտոնում.

3) վերջին մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով չի մասնակցել Հանրային խորհրդի երկու անընդմեջ կամ ընդհանուր առմամբ երեք նիստերին:

2. Հանրային խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են նաև սույն օրենքի 5-րդ հոդվածի 12-րդ և 14-րդ մասերով նախատեսված դեպքերում:

 

Հոդված 9. Հանրային խորհրդի անդամների գործունեության դադարումը

 

1. Հանրային խորհրդի անդամի լիազորությունները դադարում են, եթե`

1) նա այդ մասին դիմում է ներկայացրել.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

3) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, որով նա դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, կամ որով նշանակվել է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ.

4) Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակվել է վարչապետի` սույն օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված գրավոր հայտարարությունը.

5) նա մահացել է:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում Հանրային խորհրդի անդամի լիազորությունները դադարում են նրա կողմից դիմումը ներկայացվելու օրվան հաջորդող օրը, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում` համապատասխան դատական ակտն ուժի մեջ մտնելու օրը, 4-րդ կետով նախատեսված դեպքում` վարչապետի գրավոր հայտարարությունը Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակվելու օրը, իսկ 5-րդ կետով նախատեսված դեպքում` նրա մահվան օրը:

3. Հանրային խորհրդի նախագահի լիազորությունները դադարեցվում են սույն օրենքի 5-րդ հոդվածի 12-րդ և 14-րդ մասերով նախատեսված դեպքերում, իսկ դադարում են` նրա` որպես Հանրային խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու կամ դադարելու դեպքերում:

(9-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-189-Ն)

 

Հոդված 10. Հանրային խորհրդի նոր անդամի նշանակման (ընտրության) կարգը

 

1. Հանրային խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ դադարման օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Հանրային խորհրդում ընդգրկվում է նոր անդամ` սույն օրենքով տվյալ անդամի նշանակման կամ ընտրության համար սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 5

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 11. Հանրային խորհրդի քարտուղարությունը

 

1. Հանրային խորհրդի գործունեությունն ապահովում է նրա քարտուղարությունը, որը վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է:

2. Հանրային խորհրդի ֆինանսավորումն իրականացվում է վարչապետի աշխատակազմի միջոցով` պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակներում:

3. Հանրային խորհրդի ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում և պետական բյուջեում` առանձին տողով:

(11-րդ հոդվածը խմբ. 11.02.21 ՀՕ-73-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5.1

(գլուխը լրաց. 04.12.24 ՀՕ-527-Ն)

(04.12.24 ՀՕ-527-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

Հոդված 11.1. Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման և գործունեության նպատակները

 

1. Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման և գործունեության նպատակներն են՝

1) Ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում սույն գլխով նախատեսված դեպքերի և իրադարձությունների շրջանակում կամ դրանց հետևանքով տեղի ունեցած՝ մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների բացահայտմանը նպաստելը.

2) սույն մասի 1-ին կետով սահմանված հնարավոր խախտումների կանխարգելմանը, կրկնության բացառմանը նպաստելը.

3) հասարակության սոցիալական վերափոխմանն ու սոցիալական արդարության վերականգնմանն ու հաշտեցմանը նպաստելը և աջակցելը.

4) սույն մասի 1-ին կետով սահմանված խախտումներից և իրադարձություններից տուժած կամ դրանց բացասական հետևանքները այլ կերպ կրած (կրող) անձանց իրավունքների ճանաչմանը, վերականգնմանը և պաշտպանությանը նպաստելը:

2. Փաստահավաք հանձնաժողովի անդամին վճարվում է հատուցում՝ Կառավարության սահմանած կարգով և չափով:

 

Հոդված 11.2. Փաստահավաք հանձնաժողովի իրավասությունը և գործունեության ուղղությունները

 

1. Փաստահավաք հանձնաժողովի գործունեությունն ուղղված է՝

1) Ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում տեղի ունեցած՝ սույն հոդվածով նախատեսված դեպքերի և իրադարձությունների (այսուհետ նաև՝ դեպքեր և իրադարձություններ) շրջանակում կամ դրանց հետևանքով կատարված՝ մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների (այսուհետ նաև՝ խախտումներ) վերաբերյալ փաստերի հավաքագրմանը և ուսումնասիրմանը.

2) պատմական, քաղաքական, տնտեսական, իրավական համատեքստում խախտումների կատարման առիթների, պատճառների, հանգամանքների բացահայտմանն ու նկարագրմանը.

3) խախտումների կատարմանը նպաստած (նպաստող) կամ դրանց կատարման պատճառ հանդիսացած ինստիտուցիոնալ մեխանիզմների, համակարգային կապերի, խախտումների կատարմանը նպաստած և դրանց կատարման գործընթացում ներգրավված, այդ թվում՝ էական ու որոշիչ մասնակցություն կամ ազդեցություն ունեցած անձանց, կազմակերպությունների, մարմինների հնարավոր շրջանակի բացահայտմանը.

4) ինստիտուցիոնալ բարեփոխումների և այլ առաջարկությունների ներկայացմանը՝ ուղղված հնարավոր խախտումների կրկնությունը բացառելուն, դրանց հետևանքով տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը, անձանց խախտված իրավունքների վերականգնմանը և փոխհատուցման եղանակների ու միջոցների սահմանմանը:

2. Ուսումնասիրվող ժամանակահատվածի դեպքերը և իրադարձությունները ներառում են՝

1) համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպում և անցկացում.

2) հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ.

3) պետության կարիքների անվան տակ, ինչպես նաև հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներ.

4) անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումներ.

5) ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր.

6) հավաքների ազատության իրավունքի խախտումների դեպքեր:

3. Սույն գլխի շրջանակում խախտում հասկացությունը կիրառվում է բացառապես որպես դեպքերի և իրադարձությունների շրջանակում կամ դրանց հետևանքով տեղի ունեցած գործողություն կամ դրսևորված անգործություն և ինքնին չի կարող համարվել որպես այլ օրենքով կամ այլ իրավական ակտով որակվող խախտում, այդ թվում՝ որպես հանցագործություն կամ այլ իրավախախտում:

4. Փաստահավաք հանձնաժողովն իր գործունեությունը պատշաճ իրականացնելու համար մշակում է իր գործունեության իրականացման, ներառյալ՝ իր իրավասության ներքո ընդգրկված հարցերի ուսումնասիրման ծավալը՝ հաշվի առնելով ուսումնասիրման ենթակա հարցերի բնույթը, անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման մեթոդաբանությունը, Հանրային խորհրդի գործունեությունն ապահովող քարտուղարության միջոցով աշխատանքների կազմակերպման կարգը, ինչպես նաև իր գործունեությանն առնչվող այլ հանգամանքներ:

 

Հոդված 11.3. Փաստահավաք հանձնաժողովի գործունեության սկզբունքները

 

1. Փաստահավաք հանձնաժողովը գործում է օբյեկտիվության և անկողմնակալության, քաղաքական չեզոքության և զսպվածության, կոլեգիալության, հանրային հաշվետվողականության և թափանցիկության, համագործակցության սկզբունքների հիման վրա:

 

Հոդված 11.4. Օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը

 

1. Փաստահավաք հանձնաժողովն իր գործունեության ընթացքում բոլոր ուսումնասիրությունները պետք է իրականացնի և դրանց շրջանակում բոլոր փաստաթղթերը, նյութերը, տվյալները, տեղեկությունները և դրանցով հաստատվող կամ հերքվող փաստական հանգամանքները պետք է քննի, ուսումնասիրի, հետազոտի օբյեկտիվորեն և անկողմնակալ՝ առանց որևէ փաստի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի:

2. Փաստահավաք հանձնաժողովին հայտնի դարձած որևէ հանգամանք նախապես հաստատված փաստի ուժ չունի:

 

Հոդված 11.5. Քաղաքական չեզոքությունը և զսպվածությունը

 

1. Փաստահավաք հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս պահպանում է քաղաքական չեզոքություն և զսպվածություն:

 

Հոդված 11.6. Կոլեգիալությունը

 

1. Փաստահավաք հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է, այդ թվում՝ աշխատակարգային որոշումներ և եզրակացություններ ընդունում է կոլեգիալ:

 

Հոդված 11.7. Հանրային հաշվետվողականությունը և թափանցիկությունը

 

1. Փաստահավաք հանձնաժողովը սույն օրենքի 11.27-րդ հոդվածով նախատեսված զեկույցները նույն հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնում է Հանրային խորհուրդ:

2. Փաստահավաք հանձնաժողովի, Հանրային խորհրդի բոլոր անդամները և Հանրային խորհրդի գործունեությունն ապահովող քարտուղարության աշխատակիցները, ինչպես նաև փաստահավաք գործունեության իրականացման համար Փաստահավաք հանձնաժողովի ներգրաված բոլոր մասնագետները, փորձագետները և փաստահավաք գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են պահպանել իրենց կողմից ուսումնասիրված և ուսումնասիրվող բոլոր փաստաթղթերի, նյութերի, տվյալների, տեղեկությունների, խախտում կատարած, տուժած և տեղեկություններ հաղորդած անձանց գաղտնիությունը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված կարգով համապատասխան տեղեկությունների հանրայնացման, այդ թվում՝ դրանք Փաստահավաք հանձնաժողովի զեկույցներում ներառելու և հրապարակելու, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում և կարգով այլ մարմիններին և անձանց տրամադրելու դեպքերի: Սույն մասով նախատեսված սահմանափակումը տարածվում է նաև Հանրային խորհրդի և Փաստահավաք հանձնաժողովի նախկին անդամի, Փաստահավաք հանձնաժողովի գործունեության ընթացքում աշխատանքներ կատարած Հանրային խորհրդի գործունեությունն ապահովող քարտուղարության և փաստահավաք գործունեության իրականացման համար ներգրավված և փաստահավաք աշխատանքներին մասնակցած վերը թվարկված բոլոր անձանց վրա:

 

Հոդված 11.8. Համագործակցությունը

 

1. Փաստահավաք հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և այլ կազմակերպությունների, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ:

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների շրջանակում, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք սույն գլխով նախատեսված դեպքերում և կարգով օժանդակում են Փաստահավաք հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը:

 

Հոդված 11.9. Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգը

 

1. Փաստահավաք հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Փաստահավաք հանձնաժողովի կազմը հաստատում է Հանրային խորհուրդը:

2. Փաստահավաք հանձնաժողովի անդամներն ընտրվում են մրցութային բաց ընթացակարգի միջոցով՝ Փաստահավաք հանձնաժողովի գործունեության ողջ ժամանակահատվածի համար:

3. Փաստահավաք հանձնաժողովի անդամներին ընտրում է Հանրային խորհուրդը՝ բաց քվեարկությամբ՝ Հանրային խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

4. Փաստահավաք հանձնաժողովը համարվում է ձևավորված անդամների կեսից ավելիի ընտրվելու պահից:

 

Հոդված 11.10. Փաստահավաք հանձնաժողովի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները

 

1. Փաստահավաք հանձնաժողովի անդամի թեկնածու կարող է լինել բարձրագույն կրթությամբ և հայերենին տիրապետող, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը, որն ունի մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն, օժտված է բարձր մասնագիտական որակներով, իր ոլորտի հեղինակավոր մասնագետ կամ հանրային հեղինակություն վայելող անձ է և մինչև Փաստահավաք հանձնաժողովի անդամ ընտրվելը չի զբաղեցրել «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված որևէ քաղաքական պաշտոն և իր մասնագիտական գործունեության ընթացքում դրսևորել է քաղաքական չեզոքություն և զսպվածություն:

2. Փաստահավաք հանձնաժողովի անդամի թեկնածու կարող են առաջադրել այն ոչ առևտրային կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներից են մարդու իրավունքների պաշտպանությունը, Փաստահավաք հանձնաժողովի իրավասության ոլորտներում գործունեությունը, և որոնք վերջին հինգ տարիներին իրականացնում են նման գործունեություն: Յուրաքանչյուր ոչ առևտրային կազմակերպություն կարող է առաջադրել առավելագույնը մեկ թեկնածու:

3. Փաստահավաք հանձնաժողովի անդամի թեկնածու չի կարող լինել այն անձը՝

1) որը դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ հանված (վերացված) չէ.

2) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործության կատարման համար կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է կրել՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված (վերացված) լինելու հանգամանքից.

3) որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով (ոչ ռեաբիլիտացնող հիմքերով).

4) որը Հանրային խորհրդի կամ Հանրային խորհրդի մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովի անդամ է:

 

Հոդված 11.11. Փաստահավաք հանձնաժողովի անդամի ընտրության կարգը

 

1. Փաստահավաք հանձնաժողովի կազմում թեկնածուների ներգրավումն իրականացվում է երկու փուլով:

2. Առաջին փուլի ընթացքում թեկնածուներին ներգրավելու նպատակով Փաստահավաք հանձնաժողովի անդամների ընտրությունից առնվազն 30 օր առաջ Հանրային խորհրդի գործունեությունն ապահովող քարտուղարության օժանդակությամբ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակվում է մրցույթի հայտարարություն, որի շրջանակում սույն օրենքի 11.10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ոչ առևտրային կազմակերպությունները առաջադրում են սույն օրենքի 11.10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին համապատասխանող թեկնածուին: Փաստահավաք հանձնաժողովում ընտրվելու նպատակով ոչ առևտրային կազմակերպությունների կողմից թեկնածուների ներկայացման կարգը, ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման և ուսումնասիրման կարգը սահմանում է Կառավարությունը:

3. Առաջին փուլի ընթացքում սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը Հանրային խորհրդի գործունեությունն ապահովող քարտուղարության կողմից ուսումնասիրվելուց հետո սույն օրենքի 11.10-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխանող ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացրած՝ սույն օրենքի 11.10-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանող անձինք ներառվում են Փաստահավաք հանձնաժողովի անդամների թեկնածուների շարքում:

4. Երկրորդ փուլում գնահատվում է թեկնածուի համապատասխանությունը սահմանված պահանջներին: Երկրորդ փուլի ընթացքում առաջին փուլը հաղթահարած թեկնածուները հրավիրվում են բանավոր հարցազրույցի: Հարցազրույցն անցկացվում է Հանրային խորհրդի՝ այդ նպատակով հրավիրված նիստում: Հարցազրույցը կարող է անցկացվել Հանրային խորհրդի կողմից մեկից ավելի նիստերի գումարման միջոցով: Հարցազրույցի անցկացման նպատակով գումարվող Հանրային խորհրդի նիստի ողջ ընթացքը տեսաձայնագրվում է, որը Փաստահավաք հանձնաժողովի անդամի թեկնածուի գրավոր համաձայնությամբ և Հանրային խորհրդի որոշմամբ կարող է տրամադրվել այլ անձանց՝ վերջիններիս պահանջով: Հանրային խորհրդի յուրաքանչյուր անդամ ազատ է թեկնածուին ուղղելու հարցադրումներ: Թեկնածուների ընտրության ընթացքում հաշվի են առնվում առաջադրված թեկնածուի փորձառությունը, ծավալած մասնագիտական գործունեությունը, նրա կողմից կամ մասնակցությամբ իրականացված ծրագրերի, հրապարակված աշխատանքների, կատարված հետազոտությունների բնույթը, քանակը, ճանաչվածության աստիճանը, սեռերի հավասար ներկայացվածության և Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից ու համայնքներից ներգրավվածության ապահովման անհրաժեշտությունը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

5. Փաստահավաք հանձնաժողովը ձևավորվելուց հետո Փաստահավաք հանձնաժողովի անդամներն իրենց կազմից ձայների մեծամասնությամբ ընտրում են Փաստահավաք հանձնաժողովի նախագահին:

 

Հոդված 11.12. Փաստահավաք հանձնաժողովի անդամի անհամատեղելիությունը և նրա նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները

 

1. Փաստահավաք հանձնաժողովի անդամը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում:

2. Փաստահավաք հանձնաժողովի անդամը իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ:

 

Հոդված 11.13. Փաստահավաք հանձնաժողովի նախագահը և անդամները

 

1. Փաստահավաք հանձնաժողովի նախագահը՝

1) հանդես է գալիս Փաստահավաք հանձնաժողովի անունից.

2) համակարգում է Փաստահավաք հանձնաժողովի գործունեությունը և կազմակերպում նրա բնականոն աշխատանքը.

3) հրավիրում և վարում է Փաստահավաք հանձնաժողովի նիստերը, ստորագրում է Փաստահավաք հանձնաժողովի որոշումները և նիստերի արձանագրությունները: Փաստահավաք հանձնաժողովի նախագահը պատասխանատվություն է կրում նիստի արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար.

4) ներկայացնում է Փաստահավաք հանձնաժողով Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և այլ կազմակերպությունների, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ համագործակցելիս.

5) իրականացնում է սույն օրենքով և Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Փաստահավաք հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրա հանձնարարությամբ նրան փոխարինում է Փաստահավաք հանձնաժողովի անդամներից որևէ մեկը, իսկ հանձնարարություն տալու անհնարինության դեպքերում՝ Փաստահավաք հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

3. Փաստահավաք հանձնաժողովի անդամը՝

1) համակարգում է Փաստահավաք հանձնաժողովի գործունեության՝ իրեն վերապահված ոլորտում աշխատանքների կատարման գործընթացը.

2) Հանրային խորհրդի գործունեությունն ապահովող քարտուղարության օգնության անհրաժեշտության դեպքում դիմում է Փաստահավաք հանձնաժողովի նախագահին.

3) ներկայացնում է առաջարկություն Փաստահավաք հանձնաժողովի նիստերի օրակարգում ընդգրկվող հարցերի վերաբերյալ.

4) մասնակցում է Փաստահավաք հանձնաժողովի նիստերին.

5) ապահովում է սույն օրենքից և Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգից բխող՝ Փաստահավաք հանձնաժողովի նախագահի հանձնարարությունների կատարումը.

6) իրականացնում է սույն օրենքով և Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

4. Փաստահավաք հանձնաժողովի անդամը պետք է ձեռնպահ մնա մինչև Փաստահավաք հանձնաժողովի միջանկյալ և եզրափակիչ զեկույցների հրապարակումը դրանց վերաբերյալ տեղեկություններ բացահայտելուց:

5. Փաստահավաք հանձնաժողովի անդամների միջև համակարգման ոլորտների բաշխման հետ կապված հարցերը որոշում է Փաստահավաք հանձնաժողովի նախագահը:

 

Հոդված 11.14. Փաստահավաք հանձնաժողովի անդամի վարքագծի և էթիկայի կանոնները

 

1. Փաստահավաք հանձնաժողովի անդամը ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում պարտավոր է՝

1) զերծ մնալ Փաստահավաք հանձնաժողովի անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց.

2) մասնակցել Փաստահավաք հանձնաժողովի աշխատանքներին, բարեխղճորեն և լիարժեք կատարել իր պարտականությունները.

3) դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն.

4) թույլ չտալ շահերի բախում, բացառել ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունների՝ իր լիազորությունների իրականացման վրա որևէ ազդեցություն.

5) ձեռնպահ մնալ Փաստահավաք հանձնաժողովի գործունեությունը և զեկույցները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, բացառությամբ Փաստահավաք հանձնաժողովի որոշումների և զեկույցների կապակցությամբ հատուկ կարծիք ներկայացնելու դեպքերի.

6) իր լիազորությունները և, որպես Փաստահավաք հանձնաժողովի անդամ, իր իրավունքներն իրականացնելու կապակցությամբ իր գործունեությանը միջամտելու կամ այլ ներգործության վերաբերյալ անհապաղ հայտնել Փաստահավաք հանձնաժողովի նախագահին:

2. Սույն գլխի իմաստով՝ շահերի բախումն իրավիճակ է, երբ Փաստահավաք հանձնաժողովի անդամի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս՝ սույն օրենքով սահմանված լիազորությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա:

3. Փաստահավաք հանձնաժողովը սահմանում է Փաստահավաք հանձնաժողովի անդամի էթիկայի կանոնները: Փաստահավաք հանձնաժողովի անդամի էթիկայի կանոնները Փաստահավաք հանձնաժողովի անդամի անձնական և վարքագծային սահմանափակումներ են, որոնք նա ընդունում է գիտակցաբար և ինքնակամ՝ նպատակ ունենալով բարձր պահել Փաստահավաք հանձնաժողովի անդամի և Փաստահավաք հանձնաժողովի հեղինակությունը, ապահովել իր արդարամտության, բարեկրթության և հավասարակշռվածության հասարակական ընկալումը, նպաստել Փաստահավաք հանձնաժողովի գործունության չեզոքության և օբյեկտիվության սկզբունքների ապահովմանը:

4. Փաստահավաք հանձնաժողովի անդամի կողմից սույն հոդվածով սահմանված վարքագծի կանոնները խախտելը առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:

5. Փաստահավաք հանձնաժողովի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննում է Հանրային խորհուրդը՝ Փաստահավաք հանձնաժողովի նախագահի կամ առնվազն երեք անդամի միջնորդության հիման վրա:

6. Փաստահավաք հանձնաժողովի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումն ընդունվում է Հանրային խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

7. Փաստահավաք հանձնաժողովի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու արդյունքում Հանրային խորհուրդը կարող է նրա նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում:

8. Էական կարգապահական խախտում է համարվում երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող Փաստահավաք հանձնաժողովի անդամի կողմից կարգապահական խախտում կատարելը:

 

Հոդված 11.15. Փաստահավաք հանձնաժողովի անդամի ինքնաբացարկը և բացարկ հայտնելը

 

1. Փաստահավաք հանձնաժողովի անդամը չի կարող մասնակցել հարցի քննարկմանը և քվեարկությանը, եթե առկա են նրա անկողմնակալության վրա ազդող հանգամանքներ:

2. Փաստահավաք հանձնաժողովի անդամը պարտավոր է ինքնաբացարկի հիմքն իրեն հայտնի դառնալու պահից անհապաղ Փաստահավաք հանձնաժողովին գրավոր կամ բանավոր ինքնաբացարկ ներկայացնել՝ շարադրելով ինքնաբացարկի հիմք հանդիսացող հանգամանքները:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում Փաստահավաք հանձնաժողովի անդամը կարող է քննարկման առարկա դարձնել Փաստահավաք հանձնաժողովի այլ անդամին բացարկ հայտնելու հարցը:

4. Փաստահավաք հանձնաժողովի նախագահը քննարկման է ներկայացնում ինքնաբացարկի կամ բացարկի հարցը, որը քննարկվում է Փաստահավաք հանձնաժողովի ինքնաբացարկ հայտնած կամ բացարկվող անդամի մասնակցությամբ:

5. Հարցի քննարկումից հետո Փաստահավաք հանձնաժողովը կայացնում է որոշում: Փաստահավաք հանձնաժողովի ինքնաբացարկ հայտնած կամ բացարկվող անդամը, ինչպես նաև բացարկ հայտնած անդամը չեն մասնակցում ինքնաբացարկի կամ բացարկի հարցով քվեարկությանը: Ձայների հավասարության դեպքում Փաստահավաք հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

 

Հոդված 11.16. Փաստահավաք հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը և դադարեցումը

 

1. Փաստահավաք հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետը լրանում է Փաստահավաք հանձնաժողովի գործունեության ժամկետը լրանալու օրը:

2. Փաստահավաք հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե՝

1) նա դիմում է ներկայացրել Փաստահավաք հանձնաժողովի նախագահին.

2) նա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ ճանաչվել է մահացած.

3) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

4) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող (ոչ ռեաբիլիտացնող) հիմքով.

5) նա մահացել է.

6) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

7) լրացել է նրա լիազորությունների ժամկետը:

3. Փաստահավաք հանձնաժողովի անդամի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարած՝ Հանրային խորհրդի նախագահի կողմից փաստն արձանագրվելու և այդ մասին անհապաղ հայտարարությամբ հանդես գալու պահից:

4. Փաստահավաք հանձնաժողովի անդամի լիազորությունները Փաստահավաք հանձնաժողովի եզրակացության հիման վրա Փաստահավաք հանձնաժողովի նախագահի կողմից դադարեցվում են, եթե՝

1) նա երկարատև անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում բացակայել է Փաստահավաք հանձնաժողովի նիստերի կեսից ավելիից.

2) նա մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ առանց հարգելի պատճառի բացակայել է Փաստահավաք հանձնաժողովի նիստերից.

3) նա խախտել է Փաստահավաք հանձնաժողովի անդամի գործունեության անհամատեղելիության պահանջները.

4) ի հայտ են եկել փաստեր առ այն, որ նա նշանակման պահին չի համապատասխանել ներկայացվող պահանջներին կամ ներկայացրել է կեղծ փաստաթղթեր:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված եզրակացությունը ընդունվում է Փաստահավաք հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6. Փաստահավաք հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում Փաստահավաք հանձնաժողովի նախագահը հնգօրյա ժամկետում դիմում է Հանրային խորհրդի նախագահին՝ սույն օրենքով սահմանված կարգով Փաստահավաք հանձնաժողովի նոր անդամի ընտրություն կազմակերպելու համար: Փաստահավաք հանձնաժողովի նոր անդամի ընտրությունը կազմակերպվում և իրականացվում է Փաստահավաք հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարումից կամ դադարեցումից հետո՝ երկամսյա ժամկետում:

 

Հոդված 11.17. Համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպման և անցկացման գործընթացները

 

1. Փաստահավաք հանձնաժողովն իր իրավասության շրջանակում անդրադառնում է Ուսումնասիրվող ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, համայնքների ավագանիների, համայնքների ղեկավարների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպման և անցկացման ընթացքում տեղի ունեցած հետևյալ խախտումներին.

1) այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքեր.

2) նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության ընթացքում տեղի ունեցած խախտումներ, այդ թվում՝ ֆինանսական թափանցիկությունը չապահովելու, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելու, ֆիզիկական, հոգեբանական կամ այլ ձևով դրսևորվող ճնշումներ կիրառելու, նյութապես կամ այլ կերպ խրախուսելու, շահագրգռելու, որևէ այլ առավելություն առաջարկելու, խոստանալու կամ տրամադրելու միջոցով քվեարկության ուղղորդման դեպքեր.

3) ընտրական իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքները, թեկնածուների, վստահված անձանց, դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքների իրացումը և լիազորությունների իրականացումը խոչընդոտելու դեպքեր.

4) ընտրությունների, հանրաքվեի կամ քվեարկության արդյունքները կեղծելու դեպքեր.

5) ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին և կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելու դեպքեր.

6) քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքեր.

7) ընտրատեղամասերում ընտրական օրենսդրությամբ նախատեսված վստահված անձանց, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների գործունեությունը խոչընդոտելու դեպքեր.

8) ընտրությունների արդյունքները ամփոփելու, այդ թվում՝ քվեաթերթիկների թիվը հաշվարկելու վերաբերյալ հանձնաժողովների որոշումների ակնհայտ հակասության դեպքեր:

 

Հոդված 11.18. Հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները

 

1. Փաստահավաք հանձնաժողովն իր իրավասության շրջանակում անդրադառնում է Ուսումնասիրվող ժամանակահատվածում տեղի ունեցած՝ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, համայնքների ավագանիների, համայնքների ղեկավարների ընտրություններից և հանրաքվեներից հետո և դրանց կապակցությամբ անձանց նկատմամբ կիրառված ֆիզիկական, հոգեբանական կամ այլ ձևով դրսևորվող ճնշումների, աշխատանքից կամ զբաղեցրած պաշտոնից ազատելուն կամ հեռանալուն (հրաժարվելուն) հարկադրելու, ինչպես նաև հավաքների ազատության իրավունքի իրականացումը խոչընդոտելու դեպքերին, որոնք ուղղված են եղել այդ անձանց քաղաքական համոզմունքների դեմ կամ դրանց փոփոխմանը, հրապարակային ելույթների և կարծիքների արտահայտումը կանխելուն, խոչընդոտելուն կամ դրանց համար պատասխանատվության ենթարկելուն, այդ թվում՝ այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդում, վարչական կամ կարգապահական պատասխանատվության վարույթ հարուցելու միջոցով:

 

Հոդված 11.19. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման գործընթացները և անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումները

 

1. Փաստահավաք հանձնաժողովն իր իրավասության շրջանակում անդրադառնում է Ուսումնասիրվող ժամանակահատվածում հանրության գերակա շահերի (պետության կամ հասարակության կարիքների) ապահովման նպատակով սեփականության օտարումների գործընթացում տեղի ունեցած հետևյալ խախտումներին.

1) հանրության գերակա շահերի և հասարակության ու պետության հիմնավորված կարիքների բացակայության և հանրության շահը օտարվող սեփականության սեփականատիրոջ շահից ոչ գերակա լինելու պայմաններում, ինչպես նաև հանրության գերակա շահերի և հասարակության ու պետության կարիքների ներքո սեփականության օտարումները բացառապես կամ առավելապես մասնավոր շահերին և կարիքներին ծառայեցնելու, հանրության գերակա շահ չհետապնդող նպատակներով սեփականության օտարման գործընթացներ նախաձեռնելու և իրականացնելու դեպքեր.

2) օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման նվազ չափ սահմանելու նպատակով գույքի շուկայական արժեքի ակնհայտ ցածր գնահատման դեպքեր և գնահատման կարգի այնպիսի այլ խախտումներ, որոնք ազդել են օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման համարժեք չափի վրա.

3) սեփականության օտարման դիմաց փոխհատուցում չտրամադրելու կամ ոչ համարժեք փոխհատուցում տրամադրելու դեպքեր.

4) սեփականության օտարման գործընթացում անձանց չհիմնավորված վնաս պատճառելու դեպքեր:

2. Փաստահավաք հանձնաժողովն իր իրավասության շրջանակում անդրադառնում է նաև Ուսումնասիրվող ժամանակահատվածում անձի սեփականության իրավունքն այլ անձի փոխանցելու միջոցով սեփականությունից զրկվելու այնպիսի դրսևորումների`

1) որոնք ողջամիտ ենթադրությամբ տեղի են ունեցել առանց անձի իրական համաձայնության կամ նրա իրական կամքի խաթարմամբ՝ բռնության, սպառնալիքի, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելու միջոցով, առանց փոխհատուցման տրամադրման կամ ակնհայտ նվազ փոխհատուցմամբ կամ ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, և

2) որոնց կազմակերպման և իրականացման գործընթացում ներգրավված են եղել կամ ողջամտորեն կարող էին ներգրավված լինել հանրային պաշտոն զբաղեցնող կամ նրանց հետ փոխկապակցված անձինք՝ նման դրսևորումները օգտագործելով իրենց մասնավոր շահերի բավարարման նպատակով:

3. Փաստահավաք հանձնաժողովը սույն հոդվածով նախատեսված խախտումներն ուսումնասիրելիս հաշվի է առնում նաև դրանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանների դատական ակտերով բացահայտված (հաստատված) դեպքերը և մեկնաբանությունները:

4. Սույն գլխի իմաստով՝ փոխկապակցված անձ է համարվում անձի հետ փոխկապակցված իրավաբանական անձը («Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ և 26-րդ կետերի իմաստով), մերձավոր ազգականը (ամուսինը, անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, անձի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները, անձի ամուսնու ծնողները, վերջիններիս համար՝ փեսան և հարսը), ժառանգը կամ ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որի հետ տվյալ անձը վարում է կամ դեպքերի և իրադարձությունների ժամանակահատվածում վարել է ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն:

 

Հոդված 11.20. Ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը

 

1. Փաստահավաք հանձնաժողովն իր իրավասության շրջանակում անդրադառնում է Ուսումնասիրվող ժամանակահատվածում զինծառայողների՝ ոչ մարտական պայմաններում (մարտական ծառայության հետ կապ չունեցող) մահվան հետևյալ դեպքերին.

1) բժշկական օգնություն և սպասարկում չիրականացնելու կամ ոչ պատշաճ իրականացնելու հետևանքով վրա հասած մահվան դեպքեր, ներառյալ՝ երբ զորակոչի ժամանակ մահվան պատճառ հանդիսացած հիվանդությունը իրավասու մարմնի կողմից բացահայտված կամ մատնանշված չի եղել, կամ զինվորական ծառայության ընթացքում ակնհայտ է եղել, որ անձը տառապում է զինվորական ծառայություն իրականացնելու հետ անհամատեղելի հիվանդությամբ.

2) զինծառայողների՝ քրեական հետապնդման մարմինների կողմից որպես ինքնասպանություն որակված դեպքերը, որոնք ողջամիտ ենթադրությամբ կարող էին տեղի ունենալ ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով.

3) ծառայության ընթացքում ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու հետևանքով տեղի ունեցած դժբախտ պատահարների հետևանքով մահվան դեպքեր.

4) մահվան իրական հանգամանքների պարզման և դրանց պատճառները վերացնելու ուղղությամբ իրավասու անձանց կողմից անգործություն ցուցաբերվելու դեպքեր.

5) մահվան իրական պատճառների և հանգամանքների վերաբերյալ պատասխանատու անձանց և մարմինների կողմից ոչ հավաստի տեղեկությունների տրամադրման դեպքեր:

 

Հոդված 11.21. Հավաքների ազատության իրավունքի խախտումների դեպքերը

 

1. Փաստահավաք հանձնաժողովն իր իրավասության շրջանակում անդրադառնում է Ուսումնասիրվող ժամանակահատվածում տեղի ունեցած հավաքների ազատության իրավունքի հետևյալ խախտումներին.

1) օրինական հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու դեպքեր.

2) օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելու, անձին կամ նրա մերձավոր ազգականին կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքեր.

3) արգելված հավաքին մասնակցել քարոզելու դեպքեր:

 

Հոդված 11.22. Փաստահավաք հանձնաժողովի լիազորությունները

 

1. Փաստահավաք հանձնաժողովը՝

1) դեպքերի, իրադարձությունների և դրանց շրջանակում կատարված խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրման և ուսումնասիրության նպատակով դիմում է Հանրային խորհրդի նախագահին հետևյալ լիազորությունների իրականացման համար.

ա. անձից դեպքերի և իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններ հայցելու,

բ. պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ստորաբաժանումների գտնվելու վայրեր՝ նրանց համաձայնությամբ, ինչպես նաև անձանց մշտական բնակության վայրեր՝ այդ անձանց համաձայնությամբ, իսկ իրավաբանական անձանց գտնվելու վայրեր՝ իրավասու մարմնի համաձայնությամբ այցելություններ կազմակերպելու,

գ. ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրանց պաշտոնատար անձանցից, օրենքով պահպանվող գաղտնիքի վերաբերյալ օրենսդրության սահմաններում, դեպքերին, իրադարձություններին և խախտումներին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր հայցելու ՝ անկախ նյութական կրիչի ձևից և տեսակից,

դ. ծանոթանալու քրեական, քաղաքացիական, վարչական և կարգապահական իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռները, վճիռները և որոշումներն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաև այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է այդ գործերի հարուցումը (չի նախաձեռնվել քրեական վարույթ), կամ կարճվել է գործի (քրեական) վարույթը.

2) կարող է իր գործունեությանը սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգով ներգրավել փորձագետների և մասնագետների, այդ թվում՝ միջազգային.

3) կազմակերպում և անցկացնում է հանրային քննարկումներ և լսումներ.

4) իրավասու մարմիններին առաջարկություն է ներկայացնում խախտումներից տուժած անձանց իրավունքների պաշտպանության միջոցների կիրառման վերաբերյալ.

5) կազմում է զեկույցներ իր գործունեության և դրա արդյունքների վերաբերյալ.

6) համագործակցում է այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ.

7) դիմում է Հանրային խորհրդի նախագահին՝ ներկայացնելու Փաստահավաք հանձնաժողովի առաջարկությունները Կառավարություն՝ խախտումների հետևանքների վերացման, դրանց հետևանքով տուժած անձանց փոխհատուցման տրամադրման, խախտված իրավունքների, պատվի և արժանապատվության վերականգնման ուղղությամբ անհրաժեշտ և հնարավոր միջոցառումների իրականացման ուղղությունների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ սույն գլխով նախատեսված նպատակների իրականացմամբ պայմանավորված անհրաժեշտ և հրատապ միջանկյալ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին.

8) դիմում է Հանրային խորհրդի նախագահին՝ ներկայացնելու Փաստահավաք հանձնաժողովի առաջարկությունները իրավասու մարմիններ՝ տուժած կամ տեղեկություններ հաղորդող անձանց պաշտպանության ծրագրերի մշակման և իրագործման համար:

 

Հոդված 11.23. Լսումների և հանրային քննարկումների անցկացումը

 

1. Իր լիազորությունների իրականացման նպատակով Փաստահավաք հանձնաժողովը կարող է իր սահմանած կարգով և ձևով անցկացնել բաց և փակ լսումներ, ինչպես նաև հանրային քննարկումներ:

2. Լսումների ընթացքում ներկայացվում են Փաստահավաք հանձնաժողովի իրավասության շրջանակում որևէ իրադարձության կամ դեպքի վերաբերյալ կատարված հետազոտությունները՝ Փաստահավաք հանձնաժողովի սահմանած ծավալով և շրջանակում:

3. Լսումներն անցկացվում են իրադարձության կամ դեպքի կապակցությամբ ենթադրյալ խախտում կատարած և դրանց հետևանքով տուժած անձանց հաղորդած տեղեկությունները, լսումներին հրավիրված այլ անձանց կարծիքները, տեղեկությունները, պարզաբանումները քննարկվող դեպքի կամ իրադարձության վերաբերյալ քննարկելու, դրանց վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու, կատարված հետազոտությունների արդյունքները Փաստահավաք հանձնաժողովի որոշած ծավալով և շրջանակում հանրայնացնելու և դրանք լսումներին հրավիրված անձանց ներկայացնելու, իրադարձության կամ դեպքի կապակցությամբ ենթադրյալ խախտում կատարած և դրանց հետևանքով տուժած անձանց հաշտեցման, տուժած անձանց իրավունքները վերականգնելու և հատուցման միջոցներ սահմանելու վերաբերյալ առաջարկություններ ստանալու նպատակով:

4. Փաստահավաք հանձնաժողովի կողմից անցկացվող լսումները բաց են: Լսումներն ամբողջությամբ կամ դրանց մի մասը Փաստահավաք հանձնաժողովի որոշմամբ կարող են անցկացվել փակ՝ մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների շահերի, պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության, ինչպես նաև մասնակիցների և նրանց մերձավոր ազգականների պաշտպանության նպատակով:

5. Փաստահավաք հանձնաժողովի կազմած միջանկյալ և եզրափակիչ զեկույցների վերաբերյալ կարող են իրականացվել հանրային քննարկումներ՝ սույն հոդվածով նախատեսված կարգով:

6. Հանրային քննարկումներն իրականացվում են հրապարակայնության, մատչելիության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների հիման վրա:

7. Փաստահավաք հանձնաժողովի կողմից հանրային քննարկումներ կարող են իրականացվել տվյալ ոլորտում մասնագիտացված կամ շահագրգիռ անձանց հետ հանդիպումների, լսումների, հարցումների, ինչպես նաև հեռահաղորդակցության հնարավոր միջոցներով:

 

Հոդված 11.24. Համագործակցությունն ու փոխօգնությունը

 

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք իրենց իրավասության սահմանում, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք սույն օրենքով նախատեսված դեպքերում օժանդակում են Փաստահավաք հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը:

2. Փաստահավաք հանձնաժողովը և պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են փոխադարձ օգնություն տրամադրել միմյանց՝ իրենց լիազորություններն իրականացնելու համար:

3. Փաստահավաք հանձնաժողովն իր գործունեության ընթացքում հայտնաբերված այնպիսի տեղեկությունները, որոնք առնչվում են կամ կարող են առնչվել պետական կառավարման համակարգի մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց գործունեությանը, առերևույթ չեն պարունակում հանցագործության կամ վարչական իրավախախտման հատկանիշներ, սակայն Փաստահավաք հանձնաժողովի գնահատմամբ կարող են հետագայում հանգեցնել Փաստահավաք հանձնաժողովի իրավասությունների ներքո ընդգրկվող խախտումների և իրադարձությունների կրկնության, ներկայացնում է Հանրային խորհրդի նախագահին, որը անհրաժեշտության դեպքում ներկայացնում է վարչապետին՝ դիմելով դրանց համապատասխան ընթացք տալու միջնորդությամբ:

 

Հոդված 11.25. Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կազմակերպումը

 

1. Փաստահավաք հանձնաժողովն իր բնականոն գործունեությունն իրականացնում է Հանրային խորհրդի գործունեությունն ապահովող քարտուղարության միջոցով:

2. Փաստահավաք հանձնաժողովի կողմից իր գործունեության ընթացքում ձեռք բերված տեղեկությունները և նյութերը հավաքում և պահում է Հանրային խորհրդի գործունեությունն ապահովող քարտուղարությունը:

 

Հոդված 11.26. Փաստահավաք հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման կարգը

 

1. Փաստահավաք հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են նիստերի միջոցով:

2. Փաստահավաք հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ: Փաստահավաք հանձնաժողովի նիստը հրավիրում է Փաստահավաք հանձնաժողովի նախագահը՝ իր նախաձեռնությամբ կամ Փաստահավաք հանձնաժողովի առնվազն երկու անդամի պահանջով: Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգը հաստատում է Կառավարությունը:

3. Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է Փաստահավաք հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

4. Նիստին հրավիրված անձինք մասնակցում են համապատասխան հարցի քննարկմանը Փաստահավաք հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ:

5. Փաստահավաք հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ ընդունում է որոշում կամ եզրակացություն՝ Փաստահավաք հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6. Փաստահավաք հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է անձամբ՝ տվյալ որոշմանը կամ եզրակացությանը կողմ, դեմ կամ ձեռնպահ:

7. Փաստահավաք հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:

8. Փաստահավաք հանձնաժողովի որոշումները կամ եզրակացությունները դրանց ընդունման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում կարող են տեղադրվել Հանրային խորհրդի պաշտոնական համացանցային կայքում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջների պահպանմամբ՝ ներառելով միայն հանրամատչելի անձնական տվյալներ:

 

Հոդված 11.27. Փաստահավաք հանձնաժողովի զեկույցների կազմումը և հրապարակումը

 

1. Փաստահավաք հանձնաժողովը իր գործունեության արդյունքում կազմում է միջանկյալ և եզրափակիչ զեկույցներ:

2. Բացի եզրափակիչ զեկույցից, Փաստահավաք հանձնաժողովը կազմում է նաև եզրափակիչ զեկույցի սեղմագիր:

3. Միջանկյալ և եզրափակիչ զեկույցները հաստատվում են Փաստահավաք հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ ձայների հավասարության դեպքում Փաստահավաք հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Զեկույցները ներառում են նաև Փաստահավաք հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները՝ դրանց առկայության դեպքում:

4. Միջանկյալ զեկույցները կազմում է Փաստահավաք հանձնաժողովը իր ընթացիկ գործունեության արդյունքներն ամփոփելու նպատակով: Միջանկյալ զեկույցներում ներառվում են տեղեկություններ Փաստահավաք հանձնաժողովի ընթացիկ գործունեության ուղղությունների և արդյունքների մասին:

5. Փաստահավաք հանձնաժողովի միջանկյալ զեկույցները կազմվում և Հանրային խորհուրդ են ներկայացվում Փաստահավաք հանձնաժողովի կազմավորումից սկսած՝ յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ՝ մինչև Փաստահավաք հանձնաժողովի եզրափակիչ զեկույցի հրապարակումը:

6. Փաստահավաք հանձնաժողովի եզրափակիչ զեկույցը Փաստահավաք հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգով սահմանված ժամկետում ներկայացվում է Հանրային խորհրդի հաստատմանը:

7. Եզրափակիչ զեկույցը կազմվում է Փաստահավաք հանձնաժողովի ողջ գործունեության և դրա արդյունքների ամփոփման նպատակով: Այն ներառում է՝

1) Ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ սույն օրենքի իմաստով՝ դեպքերի և իրադարձությունների համառոտ շարադրանքը.

2) Փաստահավաք հանձնաժողովի բացահայտած խախտումներին վերաբերող փաստերի շարադրանքը՝ ըստ ժամանակագրության.

3) ենթադրյալ խախտումներ կատարած և տուժած անձանց վերաբերյալ տվյալներ, բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան տվյալներին հանրության հասանելիությունը սահմանափակված է սույն օրենքի համաձայն.

4) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այլ անձանց հետ համագործակցության ձևերը և դրանց արդյունքները.

5) խախտումների և իրադարձությունների բացահայտման մեթոդաբանությունը.

6) Փաստահավաք հանձնաժողովի եզրակացությունն ու առաջարկությունները, որոնք ներառում են տեղեկություններ՝

ա. դեպքերի և իրադարձությունների առաջացման և խախտումների կատարման պատճառների վերաբերյալ,

բ. դեպքերի և իրադարձությունների առաջացման և խախտումների կատարման քաղաքական, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական հետևանքների վերաբերյալ,

գ. համանման իրադարձությունների, դեպքերի առաջացման և խախտումների կատարման կրկնությունը կանխելուն և կանխարգելելուն, այդ թվում՝ ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղղված առաջարկությունների վերաբերյալ,

դ. պատմական, քաղաքական, տնտեսական, իրավական համատեքստում խախտումների կատարման առիթների, պատճառների, հանգամանքների վերաբերյալ,

ե. խախտումների կատարմանը նպաստող ինստիտուցիոնալ մեխանիզմների, համակարգային կապերի և անձանց, կազմակերպությունների, մարմինների հնարավոր շրջանակի վերաբերյալ,

զ. խախտումների հետևանքով տուժած անձանց իրավունքների պաշտպանության, անձանց խախտված իրավունքների վերականգնման և փոխհատուցման եղանակների ու միջոցների վերաբերյալ առաջարկություններ,

է. Փաստահավաք հանձնաժողովի գործունեության ընթացքում ձեռք բերված և այդ գործունեությանն առնչվող այլ տեղեկություններ և այլն:

8. Հանրային խորհրդի կողմից հաստատվելուց հետո եզրափակիչ զեկույցը Հանրային խորհրդի նախագահը ներկայացնում է Կառավարություն՝ նրա իրավասությունների շրջանակում համապատասխան բարեփոխումներին ուղղված ռազմավարություններ և գործողությունների ծրագրեր ընդունելու հարցը դիտարկելու նպատակով: Եզրափակիչ զեկույցը Հանրային խորհրդի կողմից չհաստատվելու դեպքում հրապարակվում է Հանրային խորհրդի պաշտոնական համացանցային կայքում՝ ներառելով միայն հանրամատչելի անձնական տվյալներ:

9. Եզրափակիչ զեկույցին կից հավելվածները կարող են ներառել Փաստահավաք հանձնաժողովի ձեռք բերած ապացույցները:

10. Եզրափակիչ զեկույցը Կառավարություն ներկայացվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակվում է Հանրային խորհրդի պաշտոնական համացանցային կայքում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջների պահպանմամբ՝ ներառելով միայն հանրամատչելի անձնական տվյալներ:

11. Եզրափակիչ զեկույցը Փաստահավաք հանձնաժողովը պարտավոր է հրապարակել սույն օրենքով սահմանված կարգով իր կազմավորումից հետո՝ երկու տարվա ընթացքում: Փաստահավաք հանձնաժողովը ոչ ավելի, քան մեկ անգամ իրավունք ունի իր անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով կայացված պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով երկարաձգելու եզրափակիչ զեկույցի հրապարակման ժամկետը:

 

Հոդված 11.28. Ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունները

 

1. Փաստահավաք հանձնաժողովը փաստահավաք գործունեության ընթացքում և արդյունքում ուսումնասիրված դեպքերի և իրադարձությունների շրջանակում և դրանց կրկնությունը կանխելու նպատակով մշակում է ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղղված առաջարկություններ, այդ թվում՝ ուղղված՝

1) քաղաքական, տնտեսական, դատաիրավական ոլորտներում օրենսդրական փոփոխություններին.

2) մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցների, հանցագործությունների և իրավախախտումների բացահայտմանը և անձանց պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը.

3) պետական և տեղական ինքնակառավարման ոլորտի արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը.

4) հանրային ծառայողների բարեվարքության ամրապնդմանն ու բարելավմանը.

5) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարման, կառավարման, վերահսկողության մեթոդների և միջոցների արդյունավետության բարձրացմանը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նշված առաջարկները Հանրային խորհրդի նախագահի միջոցով ներկայացվում են Կառավարություն:

 

Հոդված 11.29. Փաստահավաք հանձնաժողովի գործունեության ժամկետը

 

1. Փաստահավաք գործունեություն իրականացնող Փաստահավաք հանձնաժողովի գործունեությունը դադարում է եզրափակիչ զեկույցը Կառավարություն ներկայացվելուց հետո:

2. Փաստահավաք հանձնաժողովի գործունեության ընթացքում Հանրային խորհրդի գործունեության ժամկետի ավարտի դեպքում Փաստահավաք հանձնաժողովը շարունակում է իր գործունեությունը նոր ձևավորված Հանրային խորհրդի կազմում:

 

ԳԼՈՒԽ 6

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 12. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

2. Սույն օրենքի հիման վրա Հանրային խորհրդի առաջին կազմը ձևավորում է նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնումից հետո կազմավորված Կառավարությունը` սույն օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան: Նոր կազմավորված Հանրային խորհուրդը վարչապետի` սույն օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված գրավոր հայտարարությունը Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակվելուց հետո` մեկամսյա ժամկետում, Կառավարության հաստատմանն է ներկայացնում Հանրային խորհրդի կանոնադրությունը:

3. 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան կազմավորված Հանրային խորհուրդը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում է գործել որպես Կառավարության խորհրդակցական մարմին` սույն օրենքին համապատասխան, և ավարտում է գործունեությունը սույն օրենքի համաձայն նոր Հանրային խորհրդի կազմավորման վերաբերյալ վարչապետի գրավոր հայտարարությունը Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակվելու օրը:

4. Սույն օրենքի համաձայն կազմավորված նոր Հանրային խորհրդի 15 մշտական հանձնաժողովների իրավասությանը վերապահված ոլորտների ցանկը մինչև հանձնաժողովների նախագահների ընտրության անցկացումը սահմանում է վարչապետը` խորհրդակցելով Հանրային խորհրդի` Կառավարության նշանակած անդամների հետ: 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. մարտի 21

Երևան

ՀՕ-144-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.12.2024, ՀՕ-527-Ն 09.01.2025, ՀՕ-144-Ն
09.06.2022, ՀՕ-189-Ն 01.07.2022, ՀՕ-144-Ն
11.02.2021, ՀՕ-73-Ն 14.03.2021, ՀՕ-144-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան