Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-46-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (23.12.2022-14.06.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.26/7(379) Հոդ.120
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
14.12.2004
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
15.01.2005
Дата вступления в силу
05.02.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան


Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի բնագավառում գործունեության իրականացման իրավական հիմքերը, փոստային կապի գործունեության կարգավորմանն ուղղված պետական կառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև փոստային կապի գործունեությանը մասնակցող կամ փոստային կապի և սուրհանդակային կապի ծառայություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները:

Պետական սուրհանդակային կապի բնագավառի հարաբերությունները սույն օրենքով չեն կարգավորվում:

(1-ին հոդվածը խմբ. 11.05.11 ՀՕ-157-Ն)


Հոդված 2.

Փոստային կապի բնագավառում հարաբերությունների իրավական կարգավորումը

 

Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի բնագավառում հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական այլ ակտերով:

Եթե միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

փոստային կապ` փոստային առաքանու ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումն ապահովող կապի տեսակ, որը տեխնիկական և տրանսպորտային միջոցների միասնական արտադրատեխնոլոգիական համալիր է.

փոստային առաքանի` հասցեագրված նամակագրական թղթակցություն, փոստային ծանրոցներ ու փոստային բեռնարկղեր, համապատասխան փաթեթավորումով տպագիր հրատարակություններ.

փոստային առաքում` փոստային առաքանու ընդունում, մշակում, փոխադրում և հանձնում հասցեատիրոջը.

միջազգային փոստային կապ` տարբեր պետությունների իրավասության ներքո գտնվող փոստային կապի օպերատորների միջև փոստային առաքանու փոխանակում.

նամակագրական թղթակցություն` հասարակ և գրանցվող նամակներ, փոստային բացիկներ, սեկոգրամներ, փաթեթներ և փոքր փաթեթներ.

գնահատված փոստային առաքանի` փոստային առաքանի, որն ընդունվում է ուղարկողի կողմից ներդրվածքի արժեքի գնահատմամբ, ուղարկողին անդորրագրի հանձնումով, և հասցեատիրոջը հանձնվում է ստորագրությամբ: Գնահատված արժեքի գումարի առավելագույն չափը սահմանում է փոստային կապի օպերատորը.

սեկոգրամ` բացառապես կույրերի համար նախատեսված փոստային առաքանի, որը հանձնվում է բաց տեսքով, սեկոգրաֆիայի եղանակով գրված նամակագրական հաղորդակցություններով և հրատարակություններով, սեկոգրաֆիայի նշաններով` կլիշեներով, ձայնագրություններով, տիֆլոտեխնիկական միջոցներով.

դրամական միջոցների փոստային փոխադրություններ` «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն դրամական (փողային) փոխանցումներ.

փոստային կապի ծառայություններ` գործողություն կամ գործունեություն փոստային առաքանու ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման գծով.

փոստային կապի ունիվերսալ ծառայություններ` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում փոստային կապի ծառայություններ` նամակագրական թղթակցության, մինչև 20 կիլոգրամ քաշով ծանրոցների և գյուղական բնակավայրերում պաշտոնական պարբերականների առաքման գծով, ինչպես նաև «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փաստաթղթերի հատուկ առաքում.

սուրհանդակային կապի ծառայություն` փոստային կապի գործունեության տեսակ, որի դեպքում փոստային առաքանին առաքման ամբողջ ժամանակահատվածում` ուղարկողից մինչև հասցեատեր, ուղեկցվում է միևնույն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից.

հատուկ կապի ծառայություն` սուրհանդակային կապի ծառայության տեսակ, որի դեպքում իրականացվում է հատուկ առաքանիների ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումը.

հատուկ առաքանի` փոստային առաքանի, որը պարունակում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով պահպանվող գաղտնի տեղեկություններ և առարկաներ, թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր, ինչպես նաև դրանցից պատրաստված զարդեր, որոնք ուղարկվում կամ ստացվում են իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից.

փոստային կապի ծառայություններից օգտվող` ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման կամ պետական կառավարման մարմիններ, որոնք օգտվում են փոստային կապի ծառայություններից կամ փոստային կապի օպերատորի կողմից մատուցվող դրամական փոստային փոխադրությունների ծառայություններից.

սուրհանդակային կապի ծառայություններից օգտվող` ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման կամ պետական կառավարման մարմիններ, որոնք օգտվում են սուրհանդակային կապի ծառայություններից.

փոստային կապի ծառայությունների մատուցման ժամկետ` փոստային կապի որոշակի ծառայությունների մատուցման ժամկետներից և նորմատիվներից բաղկացած ամբողջություն՝ փոստային կապի օպերատորի սահմանած առանձին տեխնոլոգիական գործողությունների կատարման համար.

սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման ժամկետ` սուրհանդակային կապի որոշակի ծառայությունների մատուցման ժամկետներից և նորմատիվներից բաղկացած ամբողջություն՝ սուրհանդակային կապի օպերատորի սահմանած առանձին տեխնոլոգիական գործողությունների կատարման համար.

հսկիչ ժամկետներ` փոստային առաքանու և դրամական միջոցների փոստային փոխադրությունների` փոստային կապի ընդունման վայրից մինչև փոստային կապի օբյեկտի հանձնման վայրն առաքման, ինչպես նաև փոստային կապի օբյեկտներում դրանց վերամշակման առանձին գործառնությունների համար սահմանված ժամանակ.

փոստային կապի ծառայությունների մատուցման սակագին` փոստային կապի ծառայությունների մատուցման վճարման համար սահմանված չափ.

սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման սակագին` սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման վճարման համար սահմանված չափ.

փոստային կապի օպերատոր` փոստային կապի ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իր գործունեությունն իրականացնում է փոստային կապի գործունեության լիցենզիայի համաձայն` պահպանելով սույն օրենքով սահմանված փոստային կապի օպերատորի կանոնակարգով սահմանված պայմանները և պահանջները.

սուրհանդակային կապի օպերատոր` սուրհանդակային կապի ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իր գործունեությունն իրականացնում է փոստային կապի գործունեության լիցենզիայի համաձայն` պահպանելով սույն օրենքով սահմանված սուրհանդակային կապի օպերատորի կանոնակարգով սահմանված պայմանները և պահանջները.

կանոնակարգ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած փոստային կապի գործունեության լիցենզիայի շրջանակներում փոստային կապի օպերատորի կամ սուրհանդակային կապի օպերատորի գործունեություն իրականացնող անձանց` տվյալ գործունեությանը վերաբերող տարածքային, տրանսպորտային միջոցների, տեխնիկական և տեխնոլոգիական նվազագույն չափանիշներ, ինչպես նաև սույն օրենքից և այլ իրավական ակտերից բխող պարտադիր պայմաններ և պահանջներ սահմանող իրավական ակտ.

փոստային կապի ազգային օպերատոր` փոստային կապի օպերատոր, որը մատուցում է փոստային կապի ունիվերսալ ծառայություններ և կրում է Հայաստանի Հանրապետության փոստի խորհրդանիշը.

փոստային կապի օբյեկտներ` փոստային կապի օպերատորի առանձնացված ստորաբաժանումներ` փոստի տեսակավորման և փոխադրման կենտրոն, օդանավակայաններին կամ երկաթուղային կայարաններին կից փոստի փոխադրման բաժանմունքներ, փոստափոխանակման կետեր, փոստային բաժանմունքներ, փոստային շարժական կետեր և այլն.

փոստային կապի երթուղի` փոստային կապի օբյեկտների միջև փոստային տրանսպորտի երթուղի.

փոստային կապի ցանց` փոստային կապի օբյեկտների և փոստային երթուղիների ամբողջություն.

փոստային կապի միջոցներ` փոստային կապի ծառայություններ մատուցելու համար օգտագործվող շենքեր, շինություններ, ոչ բնակելի տարածքներ, սարքավորումներ և փոստային տրանսպորտ, փոստային ծրարներ, բացիկներ և փոստային տարա.

սուրհանդակային կապի միջոցներ` սուրհանդակային կապի ծառայություններ մատուցելու համար օգտագործվող շենքեր, շինություններ, ոչ բնակելի տարածքներ, սարքավորումներ և տրանսպորտ.

փոստային վճարման պետական նշաններ (նիշեր)` փոստային նամականիշեր, ֆրանկոմեքենաների և նիշավորող մեքենաների դրոշմներ կամ այլ նիշեր, որոնք գործողության մեջ են դրվում փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից և հաստատում են փոստային կապի ծառայությունների մատուցման վճարումը.

ֆրանկոմեքենա և նիշավորող մեքենա` նամակագրական թղթակցության վրա փոստային կապի ծառայությունների մատուցման վճարումը, տվյալ թղթակցության ընդունման ամսաթվերը և այլ տեղեկատվություն հաստատող փոստային վճարման պետական նշաններ դրոշմելու համար նախատեսված մեքենաներ.

փոստային դասիչ` փոստային կապի օբյեկտին տրվող փոստային հասցեի պայմանական թվային նիշավորում, որը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և պարտադիր է փոստային կապի օպերատորների համար.

անվանական իր` սարք (դրոշմ), որը նախատեսված է փաստաթղթերի և փոստային առաքանիների դրոշմվածքների համար` նշելով փոստային կապի օբյեկտի անվանումը, փոստային առաքանու ընդունման և հանձնման ամսաթիվը և այլ տեղեկատվություն.

փոստարկղ` հասարակ նամակների և փոստային բացիկների հավաքման համար նախատեսված հատուկ փակվող արկղ.

հասցեատեր (ստացող)` փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվող, որին հասցեագրված են փոստային առաքանի, դրամական միջոցների փոստային փոխադրություններ, հեռագրային կամ այլ հաղորդագրություններ.

փոստային բաժանորդային արկղ` հասցեատերերի կողմից փոստային առաքանի ստանալու համար նախատեսված հատուկ փակվող արկղ.

փոստային բաժանորդային պահարան` հասցեատերերի կողմից փոստային առաքանի ստանալու համար բնակելի շենքերում, ինչպես նաև հանձնման տեղամասերում տեղադրվող փակվող խցիկներով հատուկ պահարան.

փոստային անվանական պահարան` հասցեատերերի կողմից փոստային առաքանի ստանալու համար որոշակի ժամկետով տրամադրվող` փոստային կապի օբյեկտներում տեղադրվող փակվող խցիկներով հատուկ պահարան.

հենակետային փոստարկղ` փոստային առաքանին ժամանակավորապես պահելու կամ հասցեատերերի կողմից փոստային առաքանի ստանալու համար հանձնման կետերում նախատեսվող հատուկ փակվող պահարան:

Սույն օրենքով սահմանված դրամական փոստային փոխադրություններին վերաբերող դրույթները չեն տարածվում սուրհանդակային կապի օպերատորի վրա:

(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.04.07 ՀՕ-173-Ն, խմբ. 11.05.11 ՀՕ-157-Ն)

Հոդված 3.1.  Փոստային կապի գործունեության տեսակները

Փոստային կապի գործունեության տեսակներն են փոստային կապի, պետական սուրհանդակային կապի և սուրհանդակային կապի ծառայությունները:

(3.1-ին հոդվածը լրաց. 11.05.11 ՀՕ-157-Ն)

 

Հոդված 4.

Փոստային կապի բնագավառում գործունեության սկզբունքները

Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի բնագավառում գործունեության սկզբունքներն են՝

ա) փոստային կապի կամ սուրհանդակային կապի հաղորդակցության ազատության և գաղտնիության ապահովումը. 

բ) փոստային կապի ունիվերսալ ծառայություններից օգտվելու մատչելիությունը.

գ) փոստային առաքանիների տարանցման ազատությունը.

դ) փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողների իրավունքների հավասարությունը.

ե) փոստային կապի կառավարելիության և հուսալիության ապահովումը:

(4-րդ հոդվածը փոփ. 11.05.11 ՀՕ-157-Ն)

Հոդված 5.

Փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողի իրավունքները

(վերնագիրը փոփ. 11.05.11 ՀՕ-157-Ն)

 

Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներն ունեն փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվելու հավասար իրավունքներ:

Փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողն իրավունք ունի ստանալու մատչելի տեղեկատվություն մատուցվող փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայությունների, փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայությունների սակագների, փոստային առաքանիների առաքման հսկիչ ժամկետների, առաքման համար արգելված առարկաների և նյութերի, փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման լիցենզիայի գործողության ժամկետի վերաբերյալ:

Փոստային կապի ծառայություններից օգտվողն իրավունք ունի ցպահանջ կամ փոստային բաժանորդային պահարանի օգտագործմամբ իր հասցեով ստանալու փոստային առաքանիները և դրամական միջոցների փոստային փոխադրությունների ծանուցումները: Հասցեատերն իրավունք ունի հրաժարվելու իր հասցեով ստացված փոստային առաքանիներից կամ փոստային դրամական միջոցների փոստային փոխադրություններից:

Փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներն ինքնուրույն են որոշում գնահատված փոստային առաքանու ներդրվածքի արժեքը, որը պետք է համապատասխանի ներդրվածքի իրական արժեքին, իրենց հայտարարագրով ընտրում են փաթեթավորման տեսակը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

(5-րդ հոդվածը փոփ. 11.05.11 ՀՕ-157-Ն)

Հոդված 6.

Փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի օպերատորի և ազգային օպերատորի պարտականությունները

(վերնագիրը փոփ. 11.05.11 ՀՕ-157-Ն)

 

Փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի օպերատորը և ազգային օպերատորը պարտավոր են`

ա) ունենալ անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներ` փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողի համար.

բ) ապահովել հսկիչ ժամկետներում նամակագրական թղթակցության առաքումը փոստային կապի ծառայություններից օգտվողներին.

գ) ապահովել փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից ընդունված փոստային առաքանու և դրամական միջոցների փոստային փոխադրությունների պահպանությունը.

դ) ապահովել փոստային կապի կամ սուրհանդակային կապի գործունեությունը կանոնակարգող նորմատիվ փաստաթղթերով սահմանված ստանդարտներին համապատասխան` փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայությունների որակը, ինչպես նաև դրա համապատասխանությունը պայմանագրի պայմաններին և տվյալ ծառայությունների մատուցման պայմանների վերաբերյալ տեղեկատվությանը.

ե) ապահովել փոստային կապի կամ սուրհանդակային կապի գաղտնիության պահպանումը.

զ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով աջակցել իրավապահ մարմիններին օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման և դատավարական գործողությունների կատարման ժամանակ.

է) ապահովել մատչելի տեղեկատվություն փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայությունների սակագների, փոստային առաքանու առաքման ժամկետների, աշխատանքի ռեժիմի վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտ այլ տեղեկություններ, որ մատչելի է դարձնում փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայությունների մատուցումը:

Փոստային կապի ազգային օպերատորը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ապահովել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցումը:

(6-րդ հոդվածը փոփ. 11.05.11 ՀՕ-157-Ն)

 

Հոդված 6.1.

Փոստային կապի ազգային օպերատորի գործունեությունը

(հոդվածն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-157-Ն)
 

Հոդված 7.

Փոստային առաքանու և դրամական միջոցների փոստային փոխադրությունների պահպանությունը


Փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի օպերատորների միջև փոստային առաքանիների և դրամական միջոցների ընդունումը և հանձնումն իրականացվում են պայմանագրային հիմունքներով` ապահովելով հանձնվող և ընդունվող փոստային առաքանիների և դրամական միջոցների ճշգրիտ հաշիվը:

Թերություններով (ուղեկից փաստաթղթերում նշված քաշից տարբերություն, փաթեթավորման, կնիքների, կապերի և այլ թերություններ) փոստային առաքանու հայտնաբերման դեպքում փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի օպերատորը պարտավոր է ձևակերպել և այդպիսի փոստային առաքանին հանձնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փոստային կապի ազգային օպերատորն օրենքով սահմանված կարգով իրավասու է ունենալու քաղաքացիական և ծառայողական զենք, որն անհրաժեշտ է պահպանելու համար փոստային առաքանին և դրամական միջոցները, ինչպես նաև փոստային կապի օբյեկտները:  

Շինությունները, որտեղ իրականացվում են փոստային առաքանու մշակումը և դրամական միջոցների պահպանումը, պետք է կահավորված լինեն պաշտպանական և հակահրդեհային միջոցներով:

Ինքնաթիռները, փոստային վագոնները, ավտոմեքենաները և տրանսպորտային այլ միջոցներ, որոնք փոխադրում են փոստային առաքանի ու դրամական միջոցներ, պետք է սարքավորված լինեն այնպես, որ բացառվի համապատասխան տարածքներ կողմնակի անձանց մուտքի հնարավորությունը:

Փոստային կապի օպերատորն իրավասու է ունենալու փոստային անվտանգության ստորաբաժանումներ և պաշտպանության միջոցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(7-րդ հոդվածը խմբ. 11.05.11 ՀՕ-157-Ն)

(11.05.11 ՀՕ-157-Ն օրենքի 8-րդ հոդվածի փոփոխությունը սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասում հնարավոր չէ կատարել, քանի որ «Փոստային կապի» բառերը բացակայում են)

Հոդված 8.

Փոստային կապի ծառայությունների հատուկ պայմանները


Փոստային առաքանին կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունները, որոնք հնարավոր չէ տեղ հասցնել (հանձնել) փոստային ծառայություններից օգտվողների հասցեի անճշտության կամ դրա անհրաժեշտ տվյալների բացակայության, հասցեատիրոջ` այլ բնակավայր մեկնելու կամ ուրիշ հանգամանքների պատճառով, որոնք բացառում են փոստային կապի ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված` փոստային կապի օպերատորի կողմից իր պարտականությունների կատարումը, ողջամիտ ժամկետներում վերադարձվում են ուղարկողին: Վերադարձվող փոստային առաքանին կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունները ուղարկողի կողմից ստանալու մերժման դեպքում դրանք հանձնվում են փոստային կապի օպերատորին ժամանակավոր պահպանման` որպես չպահանջված փոստային առաքանի և դրամական միջոցների փոստային փոխադրություններ:

Չպահանջված փոստային առաքանիների և չպահանջված դրամական միջոցների ժամանակավոր պահումը վեց ամսվա ընթացքում իրականացնում է փոստային կապի օպերատորը:

Պահման սահմանված ժամկետի ընթացքում դրամական միջոցները կարող են հանձնվել հասցեատիրոջը կամ ուղարկողին նրանց դիմումի հիման վրա` փոստային կապի օպերատորի թույլտվությամբ:

Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետի ավարտից հետո չպահանջված նամակագրական հաղորդակցությունը ենթակա է առգրավման և ոչնչացման: Չպահանջված փոստային առաքանիների մյուս ներդրվածքները` որպես տիրազուրկ գույք, դառնում են փոստային կապի օպերատորի սեփականությունը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Եթե չպահանջված փոստային առաքանու ներդրվածքի արժեքը կամ չպահանջված դրամական միջոցների գումարը պակաս է նվազագույն աշխատավարձի հնգապատիկից, ապա փոստային առաքանու ներդրվածքը և դրամական միջոցները ակտով հանձնվում են փոստային կապի օպերատորի հաշվեկշռին: Եթե չպահանջված փոստային առաքանու ներդրվածքի արժեքը կամ չպահանջված դրամական միջոցների գումարը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հնգապատիկը, ապա փոստային առաքանու ներդրվածքը և դրամական միջոցները դատարանի որոշման հիման վրա հանձնվում են փոստային կապի օպերատորի հաշվեկշռին` ըստ փոստային կապի օպերատորի հայցի:

Եթե փոստային կապի ծառայություններից օգտվողի հասցեի անհրաժեշտ տվյալների բացակայության պատճառով տեղ չհասցված (չհանձնված) փոստային առաքանին կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունները հնարավոր չէ վերադարձնել ուղարկողին, ապա դրանք հանձնվում են ժամանակավոր պահպանման. փոստային առաքանին` որպես չհանձնված փոստային առաքանի, իսկ դրամական միջոցների փոստային փոխադրությունները` որպես չպահանջված դրամական միջոցների փոստային փոխադրություններ:

Փոստային կապի ծառայություններից օգտվողի հասցեի տվյալները ճշտելու կամ հասցեատիրոջը հանձնելու կամ ուղարկողին վերադարձնելու համար այլ տվյալներ ստանալու նպատակով չհանձնված փոստային առաքանիները ենթակա են բացման: Չհանձնված փոստային առաքանիների բացումը կատարվում է դատարանի որոշման հիման վրա:

Չհանձնված փոստային առաքանին բացելիս պետք է պահպանել անվտանգության անհրաժեշտ միջոցները: Եթե փոստային կապի օպերատորը նախնական հետազոտմամբ պարզել է, որ չհանձնված փոստային առաքանու ներդրվածքը պարունակում է առարկաներ կամ նյութեր, որոնք չհանձնված փոստային առաքանին բացելիս կարող են վնաս հասցնել մարդկանց կյանքին և առողջությանը, ապա փոստային տվյալ առաքանին կարող է սույն օրենքով սահմանված կարգով առգրավվել և ոչնչացվել առանց բացելու:

 Չհանձնված փոստային առաքանիները բացվում են դատարանի վճռի հիման վրա` հասցեատիրոջը հանձնելու կամ ուղարկողին վերադարձնելու համար անհրաժեշտ այլ տվյալներ պարզելու նպատակով:

Փոստային կապի օպերատորը պարտավոր է չհանձնված փոստային առաքանիների ժամանակավոր պահման համար, բայց եռամսյակը մեկ անգամից ոչ պակաս, դիմել դատարան` փոստային առաքանիները բացելու թույլտվություն ստանալու նպատակով:

Չհանձնված փոստային առաքանիները բացելու վերաբերյալ նյութերի քննարկումը հնգօրյա ժամկետում իրականացնում է փոստային առաքանիների ժամանակավոր պահումն իրականացնող փոստային կապի օբյեկտի գտնվելու վայրի դատարանը:

Չհանձնված փոստային առաքանիների բացումը, նախնական հետազոտումը և ոչնչացումը կատարում է փոստային կապի օպերատորի ղեկավարի կամ տեղակալի կազմած հանձնաժողովը, որի ձևավորման կարգը, ինչպես նաև աշխատակարգը սահմանում է փոստային կապի օպերատորի ղեկավարը: Չհանձնված փոստային ծանրոցների, գնահատված նամակների և գնահատված փաթեթների բացման դեպքում փոստային կապի օպերատորի կազմած հանձնաժողովների կազմում ընդգրկվում են նաև ոստիկանության կամ ազգային անվտանգության ծառայության մարմինների ներկայացուցիչներ:

Չհանձնված փոստային առաքանին բացելու, առգրավելու կամ ոչնչացնելու վերաբերյալ նշված հանձնաժողովը կազմում է ակտ:

Եթե չհանձնված փոստային առաքանին բացելիս հաջողվել է պարզել փոստային կապի ծառայությունից օգտվողի հասցեի տվյալները, ապա փոստային կապի օպերատորը փոստային առաքանին առաքում է հասցեատիրոջը կամ վերադարձնում ուղարկողին: Եթե չհանձնված փոստային առաքանին բացելիս չի հաջողվել պարզել փոստային կապի ծառայությունից օգտվողի հասցեի տվյալները, ապա այդպիսի փոստային առաքանին դասվում է չպահանջվածների թվին:

Չհանձնված փոստային առաքանին սահմանված հասցեով առաքելու կամ վերադարձնելու համար փոստային կապի ծառայությունից օգտվողից գանձվում է գումար, որի չափը որոշվում է վերադարձի օրը գործող սակագներով:

Չհանձնված միջազգային փոստային առաքանին պահման ժամկետի լրանալու դեպքում ուղարկվում է միջազգային փոստափոխանակման վայր, որտեղից այն ստացվել է:

Հասցեատիրոջը չգտնելու կամ նրա մահվան, ստանալուց հրաժարվելու և այլ պատճառներով վերադարձված փոստային առաքանին ուղարկվում է օրենքով սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ  2

ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 9.

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները փոստային կապի բնագավառում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոստային կապի բնագավառում`

ա) (կետն ուժը կորցրել է 09.04.07 ՀՕ-173-Ն)

բ) սահմանում է փոստային կապի ազգային օպերատոր.

գ) լիազորում է փոստային կապի ազգային օպերատորին մատուցելու փոստային կապի ունիվերսալ ծառայություններ և կրելու Հայաստանի Հանրապետության փոստի խորհրդանիշը.

դ) սահմանում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների կարգավորման հետևանքով փոստային կապի ազգային օպերատորի չստացած եկամուտների փոխհատուցման կարգը.

ե) սահմանում է փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին.

զ) իրականացնում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ.

է) հաստատում է փոստային կապի բնագավառում մոնիտորինգի իրականացման կարգը:

(9-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-173-Ն, լրաց. 07.12.22 ՀՕ-507-Ն)

(07.12.22 ՀՕ-507-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 10.

Փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները

Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի բնագավառում պետական կառավարումը և կարգավորումն իրականացնում է փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):

Լիազորված մարմինը՝

ա) իրականացնում է փոստային կապի բնագավառում պետական քաղաքականություն.

բ) օրենքով սահմանված կարգով իրականացնում է փոստային կապի գործունեության լիցենզավորում.

գ) սահմանում է Հայաստանի Հանրապետության փոստային նամականիշերի պատկերը, թեման.

դ) սահմանում է փոստային վճարման պետական նշանների նմուշները, անվանագները, տպաքանակը, գործողության ժամկետները և կազմակերպում է դրանց հրատարակումն ու տարածումը. 

ե) սահմանում է փոստային օբյեկտների դասիչները.

զ) սահմանում է նամակագրական թղթակցության` փոստարկղերից հավաքման հաճախականությունը և փոստային առաքանիների անցման, դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման հսկիչ ժամկետները.

է) ապահովում է գործող փոստային կապի ցանցերի գործունեությունն արտակարգ իրավիճակներում.

ը) իրականացնում է գործող լիցենզիաների պահանջների և փոստային կապի ծառայությունների մատուցման կանոնների կիրառման նկատմամբ հսկողություն.

թ) իր իրավասության սահմաններում իրականացնում է փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահերը փոստային կապի միջազգային կազմակերպություններում.

ժ) աջակցում է փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների շուկայում ազատ և հավասար մրցակցությանը.

ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.

ժբ) հաստատում է փոստային կապի օպերատորների փոստային կապի երթուղիները և չվացուցակները.

ժգ) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում փոստային կապի օպերատորի գործունեության և սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգերը:

(10-րդ հոդվածը փոփ., լրաց. 11.05.11 ՀՕ-157-Ն)

 

Հոդված 11.

Փոստային կապի բնագավառում գործունեությունը և դրա լիցենզավորումը

(վերնագիրը խմբ. 11.05.11 ՀՕ-157-Ն)

 

Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի գործունեությունը ենթակա է լիցենզավորման, բացառությամբ պաշտպանության, ոստիկանության և ազգային անվտանգության, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, դիվանագիտական և հյուպատոսական կարիքների համար նախատեսված փոստային կապի ցանցերի։

Փոստային կապի գործունեության լիցենզիայի շրջանակներում լիցենզավորվում է ինչպես փոստային կապի ծառայությունների գործունեությունը, այնպես էլ սուրհանդակային կապի ծառայությունների գործունեությունը: Փոստային կապի գործունեության լիցենզիա ունեցող անձը կարող է այդ լիցենզիայի շրջանակներում զբաղվել փոստային կապի ծառայությունների և սուրհանդակային կապի ծառայությունների գործունեություններից որևէ մեկով կամ միաժամանակ երկուսով: Ընդ որում, լիցենզավորվող անձը լիցենզիա ստանալու հայտ ներկայացնելիս պարտավոր է լիազոր մարմնին հայտնել իր զբաղվելիք գործունեության (գործունեությունների) մասին` լիազոր մարմնի համաձայնեցմանը ներկայացնելով իր կողմից տվյալ գործունեության (գործունեությունների) իրականացման կանոնները:

Լիազոր մարմինը համաձայնություն չի տալիս սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված կանոններին կամ այդ կանոնների փոփոխություններին, եթե դրանք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ այլ իրավական ակտերին։

Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի գործունեության լիցենզիան տալիս է լիազորված մարմինը` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Փոստային կապի օպերատորները կարող են իրականացնել նաև դրամական միջոցների փոստային փոխադրություններ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տրամադրած դրամական (փողային) փոխանցումների լիցենզիայի հիման վրա «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի համաձայն: Եթե «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով այլ բան նախատեսված չէ, ապա դրամական միջոցների փոստային փոխադրություններն իրականացվում են սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով:

Փոստային կապի ազգային օպերատորը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և պայմաններով կարող է իրականացնել դրամական միջոցների փոստային փոխադրություններ առանց դրամական (փողային) փոխանցումների լիցենզիայի առկայության:

Փոստային կապի ազգային օպերատորը, որպես վճարահաշվարկային կազմակերպություն, կարող է իրականացնել առևտրային և ցանկացած այլ գործունեություն, որի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Փոստային կապի գործունեության համար տրամադրված լիցենզիայի գործունեությունը կասեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած փոստային կապի օպերատորի գործունեության և սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգերով սահմանված պայմանների և պահանջների խախտման դեպքում:

Փոստային կապի գործունեության համար տրամադրված լիցենզիայի գործունեությունը դադարեցվում է, եթե լիցենզավորված անձը մեկ տարվա ընթացքում երկու անգամ խախտում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած փոստային կապի օպերատորի գործունեության և սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգերով սահմանված պայմանները և պահանջները:

Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար վճարվում են տարեկան տուրքեր` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

(11-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 11.05.11 ՀՕ-157-Ն)

 

Հոդված 12.

Փոստային կապի բնագավառում գործունեության կառավարումն արտակարգ իրավիճակներում

Արտակարգ իրավիճակներում փոստային կապի բնագավառում գործունեության համակարգումն ու կառավարումն իրականացնում է լիազորված մարմինը` համագործակցելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության պետական կառավարման լիազորված մարմնի և այն մարմինների հետ, որոնց տնօրինության տակ գտնվում են փոստային կապի ցանցեր։

 

Հոդված 13.

Փոստային կապի բնագավառում լեզուների օգտագործումը


Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային առաքանու հասցեները ձևակերպվում են հայերենով, իսկ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ այլ լեզուներով:

 

Հոդված 14.

Հաշվառման ժամանակը փոստային կապի բնագավառում

Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի բնագավառում տեխնոլոգիական գործունեություն իրականացնելիս հաշվառման ժամանակը ընդունվում է տեղական ժամանակը:

Միջազգային փոստային կապի հաղորդակցության հաշվառման ժամանակը սահմանվում է համաշխարհային համակարգված ժամանակով, եթե միջազգային պայմանագրերով այլ հաշվառման ժամանակ սահմանված չէ:

Գ Լ ՈՒ Խ  3

 

 ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 15.

Փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի գործունեության ֆինանսավորումը

(վերնագիրը փոփ. 11.05.11 ՀՕ-157-Ն)


Փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի օպերատորների գործունեության ֆինանսավորումը կատարվում է՝

ա) փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի օպերատորների կողմից փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին.

բ) սույն օրենքով նախատեսված պայմանագրային ծառայությունների մատուցումից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ գործունեությունից ստացվող միջոցների հաշվին:

(15-րդ հոդվածը փոփ. 11.05.11 ՀՕ-157-Ն)

Հոդված 16.

Փոստային առաքանու փոխադրման համար տրանսպորտային միջոցների օգտագործումը

Փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի օպերատորի տրանսպորտը պետք է ունենա հատուկ տարբերանշան:

Փոստային կապի ազգային օպերատորի տրանսպորտային միջոցները շահագործվում են հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված կարգով և պայմաններով:

Փոստային կապի ազգային օպերատորի տրանսպորտը, որպես տարբերանշան, ունի դեղին հենք և «Հայաստանի փոստ» մակագրություն և կարող է սարքավորված լինել լուսային ազդանշաններով:

Փոստային կապի ազգային օպերատորի փոստային տրանսպորտն իրավունք ունի անարգել անցնելու Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի փողոցներով ու ճանապարհներով, ինչպես նաև օպերատիվ և հատուկ ծառայությունների ավտոմեքենաների հետ միաժամանակ առանց հերթի լիցքավորվել վառելանյութով:

Փոստային կապի ազգային օպերատորի փոստային տրանսպորտը չի կարող առանց այդ կազմակերպությունների համաձայնության ներգրավվել իր գործունեությանը չառնչվող ծառայությունների և աշխատանքների կատարման համար:

Փոստափոխանակման համար փոստային կապի օպերատորի փոստային տրանսպորտի անցումը դեպի փոստային օբյեկտներ և բեռնային համալիրներ կատարվում է առաջնահերթ և անվճար:

(16-րդ հոդվածը փոփ. 11.05.11 ՀՕ-157-Ն)


Հոդված 17.

Փոստային կապի օբյեկտների և միջոցների տեղաբաշխումը

Բնակավայրերի զարգացումը պլանավորելիս քաղաքային և գյուղական համայնքների, մարզերի, ինչպես նաև բնակելի շենքերի և պլանավորման կառուցվածքի այլ տարրերի շինարարության և վերակառուցման ժամանակ պետական քաղաքաշինության նորմատիվներին և կանոններին համապատասխան պետք է նախատեսվեն փոստային կապի օբյեկտների տեղակայման համար շենքերի, ինչպես նաև տարածքների նախագծում և շինարարություն:

Փոստային կապի օբյեկտների տեղակայման համար նախատեսված հողամասերը հատկացվում են պետական կարիքների համար` հողերի հատկացման կարգով:

Փոստային կապի ազգային օպերատորին փոստային կապի օբյեկտների տեղակայման համար հողամասերի հատկացումն իրականացվում է լիազորված մարմնի միջնորդությամբ: Լիազորված մարմինը հանդես է գալիս որպես համապատասխան աշխատանքների պատվիրատու:

Փոստային կապի ազգային օպերատորին փոստային կապի օբյեկտների համար հատկացված հողամասերը կարող են տրամադրվել մշտական (անժամկետ) անհատույց օգտագործման համար:

Փոստային կապի ազգային օպերատորը ազատվում է գույքահարկից, հողի հարկից, տեղական հարկերից և տեղական ինքնակառավարման մարմինների սեփականությունը համարվող տարածքների վարձակալման համար նախատեսված վճարներից և վարձավճարներից:

Փոստային կապի ազգային օպերատորին փոստային կապի օբյեկտների շինարարության համար հողամասերը պետք է տրամադրվեն բնակավայրերի կենտրոնական մասում` ապահովելով համապատասխան պայմաններ տրանսպորտային միջոցներով փոխադրվող փոստային առաքանու փոստափոխանակման համար:

Փոստային կապի ազգային օպերատորի փոստային կապի օբյեկտների տեղակայումն ավտոկայանների, երկաթուղային կայանների և օդակայանների մոտ կատարվում է տեխնոլոգիական նորմաներին համապատասխան:

Տեղական ինքնակառավարման մարմինները փոստային կապի ազգային օպերատորին տրամադրում են գործող (կամ կառուցվող) բնակելի կամ այլ շենքերում ոչ բնակելի տարածքներ, ըստ տեխնոլոգիական նորմաների՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից որոշվող կարգով և պայմաններով:

Փոստային բաժանորդային պահարանները բազմահարկ բնակելի շենքերում տեղադրում են շինարարական կազմակերպությունները: Փոստային բաժանորդային պահարանների ձեռքբերման և տեղադրման ծախսերը ներառվում են այդ շենքերի շինարարության նախահաշվում:

Բնակելի շենքերում փոստային կապի ծառայություններից օգտվողները փոստային առաքանի ստանալու համար փոստային բաժանորդային արկղերը տեղադրում են սեփական միջոցների հաշվին:

Փոստային կապի ազգային օպերատորը իրավունք ունի հասարակ նամակների և փոստային բացիկների հավաքման համար անհատույց փոստարկղեր տեղադրելու բնակելի և վարչական շենքերի պատերին և հարմար այլ վայրերում` նախապես համաձայնեցնելով բնակելի և վարչական շենքերի սեփականատիրոջ հետ:

Փոստային կապի օբյեկտներում այլ կազմակերպությունների տեղակայումը թույլատրվում է փոստային առաքանու և դրամական միջոցների պահման անվտանգության և փոստային կապի գաղտնիության ապահովման պայմանով, ինչպես նաև եթե այդ տեղակայումը չի խաթարում և չի խոչընդոտում փոստային կապի ծառայությունների մատուցումը:

(17-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-32-Ն)

Հոդված 18.

Փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայությունների սակագները

(վերնագիրը փոփ. 11.05.11 ՀՕ-157-Ն)

 

Փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայությունների սակագները, բացառությամբ փոստային կապի ունիվերսալ ծառայությունների, սահմանում է փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի օպերատորը:

(մասն ուժը կորցրել է 09.04.07 ՀՕ-173-Ն)

(մասն ուժը կորցրել է 09.04.07 ՀՕ-173-Ն)

Առաքվող նամակագրական թղթակցության վճարը հաստատող փոստային վճարման պետական վաճառված նշանները հետ չեն ընդունվում և չեն փոխանակվում:

(18-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-173-Ն, փոփ., խմբ. 11.05.11 ՀՕ-157-Ն)

 

Հոդված 181. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագները և դրանց ձևավորման սկզբունքները

 

1. Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագները սահմանում և վերանայում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` Կարգավորող հանձնաժողով):

2. Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների ձևավորման սկզբունքներն են`

ա) փոստային կապի ունիվերսալ ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ` հիմնավորված շահագործման և պահպանման ծախսերի, հիմնական միջոցների մաշվածության և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի փոխհատուցման ապահովումը.

բ) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը.

գ) հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի ներառումը.

դ) ծառայությունների տեսակներով և առանձնահատկություններով պայմանավորված սակագների տարբերակումը.

ե) հիմնավորված և անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` հիմնավորված և անհրաժեշտ այլ ծախսերի ներառումը:

3. Փաստաթղթերի հատուկ առաքման սակագնի ձևավորման հիմքում ընկած է ծախսածածկման սկզբունքը:

(181-րդ հոդվածը լրաց. 09.04.07 ՀՕ-173-Ն)

 

Հոդված 182. Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանումը և կիրառումը

 

1. Սակագների սահմանման և վերանայման կարգը, այդ առնչությամբ փոստային կապի ազգային օպերատորի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ցանկը (հայտի փաթեթը) սահմանում է Կարգավորող հանձնաժողովը:

2. Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց 30 օր հետո: Սակագների գործողության ժամկետը 6 ամսից պակաս չի կարող լինել, բացառությամբ այն դեպքի, երբ սահմանված սակագների մեծությունների` դատական կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա Կարգավորող հանձնաժողովը ընդունում է սակագնի սահմանման վերաբերյալ նոր որոշում:

3. Կարգավորող հանձնաժողովը կարող է սահմանել փոստային կապի ազգային օպերատորի կողմից մատուցվող փոստային կապի ունիվերսալ ծառայության երկարաժամկետ սակագին, իսկ անհրաժեշտության դեպքում` դրա ճշգրտման սկզբունքները:

4. Սահմանված սակագինը կարող է արտահայտել ինչպես որոշակի թվային արժեք, այնպես էլ որոշակի մեծություններից կախված հաշվարկային բանաձև:

5. Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես փոստային կապի ազգային օպերատորի, այնպես էլ Կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ: Կարգավորող հանձնաժողովը սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում փոստային կապի ազգային օպերատորի վերանայման հայտի փաթեթն ընդունելուց հետո` 90-օրյա ժամկետում:

6. Փոստային կապի ազգային օպերատորը կարող է փոստային կապի ունիվերսալ ծառայությունները մատուցել Կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր սակագնով` բացառելով գնային խտրականությունը: Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս Կարգավորող հանձնաժողովը հաշվի չի առնում սակագների իջեցման հետևանքով փոստային կապի ազգային օպերատորի վնասները:

7. Կարգավորող հանձնաժողովին հաշվետվություններ ներկայացնելու նպատակով Կարգավորող հանձնաժողովը փոստային կապի ազգային օպերատորի համար սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, ազգային հաշվային պլանին և իրավական այլ ակտերին համապատասխանող հաշիվներ և ենթահաշիվներ:

8. Փոստային կապի ազգային օպերատորը իր ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող հաշվետվությունները, այլ տեղեկատվությունը (անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերով) ներկայացնում է Կարգավորող հանձնաժողով՝ վերջինիս սահմանած ձևերով և կարգով:

9. Ներկայացված հաշվետվությունների ու տեղեկատվությունների հավաստիության ճշգրտման նպատակով Կարգավորող հանձնաժողովն իրավասու է իրականացնելու կամ կազմակերպելու ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրություններ՝ պահանջելով հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթեր:

(182-րդ հոդվածը լրաց. 09.04.07 ՀՕ-173-Ն, փոփ. 11.05.11 ՀՕ-157-Ն)


Գ Լ ՈՒ Խ  4

 

 ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 19.

Փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորի պատասխանատվությունը

(վերնագիրը փոփ. 11.05.11 ՀՕ-157-Ն)

 

Փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորը փոստային առաքանու կորստի, վնասվածքի, ներդրվածքի պակասորդի, առաքման, դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման հսկիչ ժամկետների ուշացման, փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի գաղտնիությունը չպահպանելու համար, որոնց հետևանքով վնաս է պատճառվել այդ ծառայություններից օգտվողներին, պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

Փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորը փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներին զանգվածային լրատվության միջոցներով տեղեկացնում է իր գործունեության, նոր ծառայությունների, սակագների, փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի բնագավառում նվաճումների վերաբերյալ:

Փոստային կապի օպերատորը պարտավոր է փոստային կապի ծառայություններից օգտվողի պահանջով տրամադրել տեղեկություններ փոստային նամակագրական թղթակցությունների առաքման հսկիչ ժամկետների մասին:

Փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման ժամանակ փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունից օգտվողին պատճառած վնասները փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի օպերատորը հատուցում է հետևյալ չափերով.

ա) գնահատված փոստային առաքանու կորստի կամ ներդրվածքը փչացնելու (վնասելու) դեպքում` գնահատված արժեքի և սակագնային վճարի գումարի չափով, բացառությամբ հայտարարված արժեքի համար սակագնային վճարից.

բ) ներդրվածքի հայտարարագրով առաքման ժամանակ գնահատված փոստային առաքանու ներդրվածքի մի մասը կորցնելու կամ փչացնելու (վնասելու) դեպքում` ուղարկողի կողմից նշված ներդրվածքի պակասող կամ փչացած (վնասված) մասի գնահատված արժեքի չափով.

գ) առանց հայտարարագրի առաքվող գնահատված փոստային առաքանու ներդրվածքի մի մասի կորստի կամ փչացնելու (վնասելու) դեպքում` գնահատված փոստային առաքանու ներդրվածքի մասի արժեքի չափով, որը որոշվում է ներդրվածքի պակասող կամ փչացած (վնասված) զանգվածի և առաքվող ներդրվածքի զանգվածի համամասնությամբ, առանց փոստային առաքանու փաթեթավորման զանգվածի.

դ) դրամական միջոցների փոստային փոխադրությունները չվճարելու (չիրականացնելու) դեպքում` փոխադրության գումարի և սակագնային վճարի գումարի չափով.

ե) գրանցվող փոստային այլ առաքանու կորստի կամ փչացնելու (վնասելու) դեպքում` սակագնային վճարի գումարի կրկնապատիկի չափով, իսկ ներդրվածքի մի մասի կորստի կամ փչացնելու (վնասելու) դեպքում` սակագնային վճարի գումարի չափով.

 զ) փոստային առաքանու առաքման և դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման հսկիչ ժամկետները խախտելու դեպքում փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի օպերատորները վճարում են փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի ծառայության դիմաց վճարի 3 տոկոսի չափով տուժանք` չառաքված յուրաքանչյուր օրվա համար, բայց ոչ ավելի տվյալ ծառայության դիմաց վճարված գումարից, ինչպես նաև օդային տրանսպորտով փոստային առաքանու առաքման հսկիչ ժամկետները խախտելու համար` օդային և վերգետնյա տրանսպորտով առաքման միջև տարբերության գումարի չափով:

Միջազգային փոստային առաքանու կորստի կամ վնասվածքի համար պատասխանատվության հարցերը կարգավորվում են օրենքով և միջազգային պայմանագրերով:

(19-րդ հոդվածը փոփ. 11.05.11 ՀՕ-157-Ն)


Հոդված 20.

Փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողի պատասխանատվությունը և գործողությունների սահմանափակումը

(վերնագիրը խմբ. 11.05.11 ՀՕ-157-Ն)

 

Փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողն օրենքով սահմանված դեպքերում պատասխանատվություն է կրում այն վնասի համար, որը հասցվել է փոստային առաքանու մշակմամբ զբաղվող աշխատողներին կամ փոստային ուրիշ առաքանու, եթե այդ վնասն առաջացել է օգտվողի կողմից արգելված առարկաների ներդրման կամ առաքվող ներդրվածքի թերի փաթեթավորման հետևանքով:

Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային առաքանիներով առաքման համար արգելված առարկաներն են՝

ա) հրազեն, գազային զենք, նետողական զենք, ազդանշանային զենք, օդաճնշիչ զենք, ռազմամթերք, սառը զենք, էլեկտրաշոկային սարքեր և կայծահաններ, ինչպես նաև զենքի և հրազենի հիմնական մասեր.

բ) թմրամիջոցներ կամ հոգեներգործուն, ռադիոակտիվ, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ և այլ վտանգավոր նյութեր.

գ) թունավոր կենդանիներ և բույսեր.

դ) Հայաստանի Հանրապետության դրամական նիշեր և տարադրամ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և դրա մասնաճյուղերի կողմից ուղարկվողների).

ե) շուտ փչացող սննդամթերք.

զ) առարկաներ, որոնք իրենց բնույթով կամ փաթեթավորմամբ կարող են վնաս հասցնել փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորի աշխատողներին, աղտոտել փոստային կապի մյուս առաքանիներն ու սարքավորումները:

Փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորն իրավունք ունի փոստային առաքանին, որի ներդրվածքը արգելված է առաքման Հայաստանի Հանրապետության տարածքում, չառաքելու և այն պահելու հայտնաբերման վայրում:

Այդպիսի փոստային առաքանիների ժամանակավոր պահումն իրականացվում է փոստային կապի օբյեկտում կամ սուրհանդակային կապի ծառայություններ մատուցելու համար օգտագործվող շենքերում` ապահովելով դրանց հաշվառումը և պահպանվածությունը: Արգելվում է կողմնակի անձանց մուտքն այդպիսի առաքանիների պահոց:

Փոստային առաքանիներում սույն հոդվածի «ա» և «բ» կետերում նշված առարկաները և նյութերը հայտնաբերելու և այդ փոստային առաքանին չառաքելու փաստի մասին փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորն անհապաղ հաղորդում է ոստիկանության կամ ազգային անվտանգության ծառայության մարմիններին: Հիշյալ մարմինների աշխատակիցները փոստային կապի օբյեկտի ղեկավարի կամ նրա տեղակալի կամ սուրհանդակային կապի օպերատորի ղեկավարի ներկայությամբ առգրավում են արգելված առարկան կամ նյութը և այդ մասին կազմված ակտի մեկ օրինակն ուղարկում են առաքանին ուղարկողին:

Փոստային առաքանու մեջ հայտնաբերված թունավոր կենդանիները և բույսերը ակտով հանձնվում են համապատասխան անասնաբուժական կամ ֆիտոսանիտարական վերահսկողության մարմիններին:

Փոստային առաքանու մեջ հայտնաբերված Հայաստանի Հանրապետության դրամական նիշերը վերադարձվում են ուղարկողին կամ փոստային փոխադրությամբ առաքվում են հասցեատիրոջը, ընդ որում, հայտնաբերված գումարից պահվում է առաքման համար վճարին համարժեք գումար: Փոստային առաքանուց առգրավված տարադրամն առաքվում է ուղարկողին կամ հասցեատիրոջը` գնահատված նամակով: Առաքման համար գանձվում է սահմանված սակագնով հաշվարկված գումար:

Շուտ փչացող սննդամթերքը, ինչպես նաև այն առարկաները, որոնք իրենց բնույթով կամ փաթեթավորմամբ կարող են վնաս հասցնել փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորի աշխատողների կամ երրորդ անձանց կյանքին և առողջությանը, աղտոտել կամ վնասել փոստային մյուս առաքանիները կամ սարքավորումները, առգրավում է փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորը և ոչնչացնում է սույն օրենքով սահմանված կարգով, եթե այդ վտանգը չի կարելի չեզոքացնել այլ եղանակով:

Այս կապակցությամբ կազմվում է ակտ, և մեկ օրինակն առաքվում է ուղարկողին:

Առաքման համար արգելված առարկաների և նյութերի առգրավման կամ ոչնչացման մասին փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորը 10-օրյա ժամկետում գրավոր հաղորդում է ուղարկողին կամ հասցեատիրոջը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված առարկաների և նյութերի առգրավման փաստի առթիվ ոստիկանության կամ ազգային անվտանգության ծառայության մարմինը որոշում է ընդունում օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին:

Միջազգային փոստային առաքանու արգելվող առարկաների և նյութերի ցանկը, դրանց հանման ու ոչնչացման կարգը և Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային հսկողությունը և ձևակերպումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

Փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորը սույն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի զննելու փոստային առաքանին և հանելու արգելված ներդրվածքը, ինչպես նաև ոչնչացնելու կամ թույլատրելու ոչնչացնել փոստային առաքանին, որի ներդրվածքի պարունակությունը վտանգ է սպառնում փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորի աշխատողների կամ երրորդ անձանց առողջությանն ու կյանքին, և եթե այդ վտանգը հնարավոր չէ չեզոքացնել այլ եղանակով:

(20-րդ հոդվածը խմբ. 11.05.11 ՀՕ-157-Ն)

 

Հոդված 21.

Պատասխանատվությունը փոստային վճարման պետական նշանների և անվանական իրերի կեղծման, օգտագործման կամ թողարկման դեպքում


Փոստային վճարման պետական նշանների և միջազգային պատասխան կտրոնների պատրաստումը կամ դրանք կեղծելով իրացումը, ինչպես նաև ֆրանկոմեքենաների և նիշավորող մեքենաների կեղծված դրոշմվածքների և անվանական իրերի օգտագործումն առաջացնում են օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն:

 

Հոդված 22.

Պատասխանատվությունը

(վերնագիրը փոփ. 11.05.11 ՀՕ-157-Ն)


Սույն օրենքի դրույթները խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Փոստարկղերի, փոստային բաժանորդային պահարանների, փոստային անվանական պահարանների, հենակետային փոստարկղերի փչացման, փոստային առաքանու թալանի, ոչնչացման կամ վնասման մեջ մեղավոր անձինք, ինչպես նաև փոստային տրանսպորտին, գույքին և փոստային կապի օպերատորների մյուս սարքավորումներին վնաս պատճառող մեղավոր անձինք օրենքով սահմանված կարգով ենթարկվում են պատասխանատվության:

Փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորները պատասխանատվություն չեն կրում փոստային առաքանու կորստի, փչանալու (վնասվածքի), չհանձնելու կամ դրա առաքման հսկիչ ժամկետները խախտելու համար, եթե դրանք կատարվել են անհաղթահարելի ուժի ազդեցությամբ կամ պայմանավորված են փոստային առաքանու ներդրվածքի հատկանիշներով, որն ապացուցվել է հետագայում:

Միջազգային փոստային առաքանու կորստի կամ փչանալու (վնասվածքի) դեպքում պատասխանատվության հարցերը կարգավորվում են օրենքով սահմանված կարգով և միջազգային պայմանագրերով:  

(22-րդ հոդվածը փոփ. 11.05.11 ՀՕ-157-Ն)

 

Հոդված 23.

Փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորին պահանջներ և բողոքներ ներկայացնելու կարգը

(վերնագիրը փոփ. 11.05.11 ՀՕ-157-Ն)

 

Փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորի կողմից փոստային կապի և դրամական փոստային փոխադրությունների ծառայությունների մատուցման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում փոստային կապի ծառայությունից օգտվողն իրավունք ունի փոստային առաքանու և դրամական միջոցների հանձնման օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջելու պատճառված վնասի փոխհատուցում:

Փոստային առաքանու ընդունման և ուղարկման վայրի փոստային կապի օպերատորին ներկայացված պահանջները և բողոքները օրենքով սահմանված կարգով ենթակա են պարտադիր գրանցման և քննարկման:

Միջազգային փոստային առաքանու որոնման պահանջներն ընդունվում և քննարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ու ժամկետներում:

(23-րդ հոդվածը փոփ. 11.05.11 ՀՕ-157-Ն)


Գ Լ ՈՒ Խ  5

 

 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ 

Հոդված 24.

Միջազգային համագործակցությունը

Փոստային կապի բնագավառում միջազգային համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:

Փոստային կապի բնագավառում միջազգային գործունեություն իրականացնելիս լիազորված մարմինը հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության փոստային կապի ադմինիստրացիա և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած իրավասության շրջանակներում ներկայացնում և պաշտպանում է Հայաստանի Հանրապետության շահերն օտարերկրյա պետությունների փոստային կապի ադմինիստրացիաների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելիս:


Գ Լ ՈՒ Խ  6

 

 ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

 

Հոդված 25.

Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

2. Սույն օրենքով լիցենզավորման հարաբերությունները կարգավորող դրույթները ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ      

Ռ. Քոչարյան


2005 թ. հունվարի 15
Երևան
ՀՕ-46-Ն

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան