Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-457-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (30.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 20.12.2022
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.12.2022
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
20.12.2022
Дата вступления в силу
30.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին

 

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.

«6.1) ներքին գործերի նախարարությունը,»:

 

Հոդված 2. Օրենքի հավելվածում՝

 1) 1-ին կետը «տարեցների սոցիալական պաշտպանության» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների, տեղահանվածների, երկարաժամկետ միգրանտների և հարկադիր վերադարձող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինտեգրման կամ վերաինտեգրման» բառերով.

 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.

«6.1. Ներքին գործերի նախարարությունը մշակում և իրականացնում է հասարակական կարգի և հասարակական անվտանգության պահպանության, մարդու անվտանգության, սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանության, հանցանքների և վարչական իրավախախտումների նախականխման, կանխման, հայտնաբերման, խափանման և բացահայտման, հետախուզվող անձանց և տրանսպորտային միջոցների հայտնաբերման, ճանապարհային երթևեկության անվտանգության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների պահպանման ապահովման, միգրացիոն գործընթացների կառավարման, համակարգման և իրավիճակի մոնիտորինգի, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաների տրամադրման, կացության կարգավիճակների տրամադրման, քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի որոշման գործընթացի, փախստականի կարգավիճակի ճանաչման և ապաստանի տրամադրման, քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման, անձնագրային միասնական համակարգի գործունեության կազմակերպման, անձանց փաստաթղթավորման և նույնականացման, օտարերկրացիների կամավոր վերադարձի և արտաքսման, Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու հետ կապված հարաբերություններում տեղեկատվության փոխանակման, բնակչության պետական և ընտրողների ռեգիստրների վարման ու ընտրողների ցուցակների կազմման, տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման, հաշվառման համարանիշների և վարորդական իրավունքի տրամադրման, մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզավորման, զենքի առևտրի, զենքի հարդարման, հրաձգարանների գործարկման լիցենզավորման և շրջանառության մեջ գտնվող ապօրինի զենքի առգրավման, առանց հսկողության մնացած գույքի պահպանության հետ կապված հարաբերությունների կարգավորման ոլորտներում, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, բնածին և տեխնածին աղետների ռիսկերի, հետևանքների նվազեցմանն ու վերացմանն ուղղված աշխատանքների իրականացման, արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների կազմակերպման, փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման և առաջնային, անհետաձգելի, վթարավերականգնողական աշխատանքների իրականացման, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության տարահանման գործընթացների պետական կարգավորման ու դրա իրականացման աշխատանքների ապահովման, նշված ոլորտների խնդիրները լուծելու նպատակով տեղեկատվության ստացման, ամփոփման, միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և կազմակերպման, նշված ոլորտներում կառավարման իրականացման, հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման, նյութական պահուստի պաշարների ձևավորման, պահպանման ու սպասարկման, սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացման, պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության ապահովման, պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիաների տրամադրման, արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարման, տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող անձանց հաշվառման, ինչպես նաև լիցենզավորման ծառայությունների մատուցման ապահովման, արտակարգ իրավիճակների, աղետների, կոնֆլիկտների տարածքից տուժածների բուժօգնության ցուցաբերման և բուժտարահանման միջոցառումների կառավարման օպերատիվ, կազմակերպչական և ռազմավարական հիմունքների մշակման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման մասնակցության (խաղաղ ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման ուղղությամբ քաղաքացիական պաշտպանության և փրկարարական ստորաբաժանումների ստեղծումը, զարգացումը, դրանց ծավալման և կիրառման պլանավորումը և Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության և ռազմական գործողությունների պայմաններում այդ ուժերի փոխադրումն անհրաժեշտ մարտական պատրաստականության վիճակի, պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի) ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը։»։

 

Հոդված 3. Օրենքի հավելվածի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ՝

1) սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երրորդ ամսվա վերջին աշխատանքային օրը.

2) սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի, որն ուժի մեջ է մտնում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայության պաշտոններում վերապատրաստման արդյունքներով պաշտոնների նշանակման վերջին օրվան հաջորդող աշխատանքային օրվանից.

3) սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարար նշանակելու օրվան հաջորդող աշխատանքային օրը, բացառությամբ գործունեության հիմնական այն ոլորտների, որոնք վերապահված են արտակարգ իրավիճակների նախարարությանը, և չեն առնչվում Փրկարար ծառայության իրավասությանը վերապահված գործունեության ոլորտին վերաբերող գործառույթներին, որոնք ուժի մեջ են մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երրորդ ամսվա վերջին աշխատանքային օրը.

4) սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երրորդ ամսվա վերջին աշխատանքային օրը։

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված կարգով վարչապետը Հանրապետության նախագահին է ներկայացնում ներքին գործերի նախարարի թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն։

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, վարչապետը հաստատում է ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքների թվաքանակը՝ միաժամանակ սահմանելով նախարարի տեղակալների, նրանց օգնականների, նախարարի խորհրդականի, օգնականի հաստիքների թվաքանակը։

4. Ներքին գործերի նախարարը լիազորություններն ստանձնելու պահից մեկ ամսվա ընթացքում վարչապետին է ներկայացնում նախարարի տեղակալների և ենթակա մարմինների ղեկավարներ նշանակելու մասին առաջարկություն։

5. Ներքին գործերի նախարարը լիազորություններն ստանձնելու պահից՝

1) հինգ աշխատանքային օրվա ընթացքում վարչապետի աշխատակազմ է ներկայացնում գլխավոր քարտուղարի՝ իր կողմից՝ այլ նախարարության գլխավոր քարտուղարի համար սահմանված պահանջների հաշվառմամբ հաստատված պաշտոնի անձնագիրը։ Գլխավոր քարտուղարի հետ կնքվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով մինչև տվյալ պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքով նշանակում կատարելը.

2) 10 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է նախարարության կազմավորման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքացուցակը, որում ներառվում են գլխավոր քարտուղարի, նախարարի տեղակալների, նրանց օգնականների, նախարարի խորհրդականի, օգնականի պաշտոնները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնները՝ հիմք ընդունելով վարչապետի կողմից ներքին գործերի նախարարության համար սահմանված նախնական քանակը.

3) 10 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորում է փորձագիտական խմբեր՝ անձնակազմի կառավարման, իրավական ապահովման և կազմակերպաֆինանսական։ Փորձագիտական խմբերի համար սահմանում է գործողությունների ժամանակացույց.

4) մեկ ամսվա ընթացքում վարչապետի աշխատակազմ է ներկայացնում ներքին գործերի նախարարության կանոնադրության՝ վարչապետի որոշման նախագիծը և Ոստիկանության կանոնադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին վարչապետի որոշման նախագիծը.

5) վարչապետի կողմից Ոստիկանության կանոնադրությունն ուժը կորցրած ճանաչելու օրը ներքին գործերի նախարարը հաստատում է Ոստիկանության կանոնադրությունը և կառուցվածքը՝ կառուցվածքում չներառելով այն հիմնական կառուցվածքային ստորաբաժանումները, որոնց գործառույթները փոխանցվում են ներքին գործերի նախարարությանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։ Այդ ստորաբաժանումների գործունեությունը դադարեցվում է.

6) ներքին գործերի նախարարության կանոնադրության նախագծի հետ միաժամանակ վարչապետի աշխատակազմ է ներկայացնում նաև ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական հիմնարկների ցանկը (առկայության դեպքում) և համապատասխան որոշումներում փոփոխություն կատարելու մասին Կառավարության որոշումների նախագծերը.

7) գլխավոր քարտուղարի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ապահովում է ներքին գործերի նախարարության հաշվառումն իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնում.

8) 12 ամսվա ընթացքում ապահովում է Ոստիկանության կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության գործառույթների փոխանցումը ներքին գործերի նախարարությանը և Ոստիկանության աջակցող մասնագիտական ստորաբաժանումների (բացառությամբ հանցանքների և վարչական իրավախախտումների ոլորտում պետական վիճակագրություն ձևավորող ստորաբաժանման) գործունեության դադարեցումը։

6. Սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով սահմանված փորձագիտական խմբերում նախատեսված պաշտոնները համալրվում են Կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի «Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանելու մասին» 878-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Այն դեպքերում, երբ այդ պաշտոններն զբաղեցնում են պետական ծառայության պաշտոն զբաղեցրած այն անձինք, որոնք տվյալ պաշտոններին նշանակվել են իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվելուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, տվյալ անձինք պահպանում են իրենց աշխատավարձը։ Այն դեպքերում, երբ այդ պաշտոնում նշանակվում են մինչև այդ պետական ծառայության պաշտոն չզբաղեցնող անձինք կամ այն անձինք, որոնք պաշտոնից ազատվել են ավելի վաղ ժամկետում, տվյալ անձանց վարձատրությունը սահմանվում է քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների երկրորդ ենթախմբին համապատասխանող սանդղակի առաջին մակարդակի հիմնական աշխատավարձի չափով։

7. Ներքին գործերի նախարարի լիազորություններն ստանձնելու օրվան հաջորդող երկրորդ շաբաթվա Կառավարության նիստի օրը Կառավարությունը լուծում է ներքին գործերի նախարարության կազմավորման համար անհրաժեշտ գումարի հատկացման հարցերը։

8. Ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երրորդ ամսվա վերջին աշխատանքային օրը դադարեցնել արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը: Դրանով պայմանավորված՝ մինչև այդ ժամկետը՝

1) արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարն իրականացնում է գույքագրում և կազմում Կառավարությանը փոխանցվող գույքի ցանկը, ինչպես նաև անձնական ոչ գույքային իրավունքների ցանկը.

2) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիական ծառայության պաշտոնները համալրելու գործընթացը դադարեցվում է, իսկ հայտարարված մրցույթներն անցկացվում են սահմանված կարգով.

3) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարը արտակարգ իրավիճակների նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների (այդ թվում՝ քաղաքական, հայեցողական պաշտոններ, ինչպես նաև քաղաքացիական աշխատանք կատարողներ, փորձագետներ, տեխնիկական սպասարկում իրականացնողներ)՝ իրենց պաշտոններից ազատելու մասին ժամանակացույց (ժամանակացույցով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձինք կարող են մինչև ժամանակացույցով սահմանված ժամկետն ազատվել իրենց զբաղեցրած պաշտոններից օրենքով սահմանված կարգով իրենց դիմումի համաձայն կամ օրենքով սահմանված այլ կարգով)՝ հաշվի առնելով ընթացիկ աշխատանքների առաջնահերթությունները և արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության դադարեցմամբ պայմանավորված գործառույթների իրականացման անհրաժեշտությունը.

4) արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարը սահմանված կարգով կազմակերպում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու գործընթացը, ինչպես նաև քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների ծանուցման գործընթացը՝ հաշվի առնելով սույն հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամանակացույցը.

5) վարչապետին է ներկայացնում արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին համապատասխան որոշման նախագիծ՝ հաշվի առնելով սույն հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամանակացույցը.

6) արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիաիրավական իրավունքները, պարտականությունները և ամրացված գույքը, նախարարության կնիքը և առկա ձևաթղթերը փոխանցվում են Կառավարության սահմանած լիազոր մարմնին։ Փոխանցումն իրականացնում են արտակարգ իրավիճակների նախարարի (անհնարինության դեպքում՝ պարտականությունները կատարողի) և գլխավոր քարտուղարի (անհնարինության դեպքում՝ փոխարինողի) պաշտոններն զբաղեցրած անձինք պաշտոնից ազատվելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում.

7) գաղտնիության ռեժիմին առնչվող տեղեկատվության փոխանցումն իրականացվում է՝ համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության հետ։ Այն փաստաթղթերը, որոնք պետք է փոխանցվեն ներքին գործերի նախարարությանը, ի պահ են տրվում Ազգային անվտանգության ծառայությանը մինչև ներքին գործերի նախարարության համապատասխան պաշտոնների համալրումը։

9. Ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի հաստատման օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք Ոստիկանության ծառայողներին, Ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին, Փրկարար ծառայողներին և արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական ծառայողներին (այդ թվում՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից վարվող քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողներին, որոնք գրանցվել են ռեզերվում արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության դադարեցման հիմքով՝ գրանցման օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում) կարող են նշանակել ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում։ Այս դեպքում թեկնածուի հետ անցկացվում է հարցազրույց, որի անցկացման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը՝ ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում։

10. Ոստիկանության ծառայողը, փրկարար ծառայողը, քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողը (եթե նրա վրա տարածվում է հավասարեցման պահանջը), որն օրենքով սահմանված կարգով կզբաղեցնի ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոն, նշանակվելու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, օգտվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից։ Այս դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ: Պետական կենսաթոշակ ստանալու պահից տվյալ քաղաքացիական ծառայողի աշխատավարձի հաշվարկն իրականացվում է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար օրենքով սահմանված կարգով։ Նախկինում հաշվարկվող հավելումները և լրավճարներն այլևս չեն հաշվարկվում:

11. Եթե քաղաքացիական ծառայողը սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով զբաղեցնում է քաղաքացիական ծառայության պաշտոն, ապա վերջինիս հետ վերջնահաշվարկ չի կատարվում։

12. Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում պահպանվում և հաշվի են առնվում նախկինում կիրառված կարգապահական տույժերը, խրախուսանքի միջոցները, կատարողականի գնահատման արդյունքները, և պահպանվում է ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի իրացման իրավունքը:

13. Ներքին գործերի նախարարը իրավահաջորդ է արտակարգ իրավիճակների նախարարի՝ ոլորտային օրենսդրության շրջանակներում ընդունված իրավական ակտերի մասով։

14. Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության դադարեցման գործընթացը չի կարող գերազանցել ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երրորդ ամսվա վերջին աշխատանքային օրվա ժամկետը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 20

Երևան

ՀՕ-457-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան