ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 26-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածի 1.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1. Խնամքի նպաստի իրավունք ունի նաև Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող (այսուհետ՝ գյուղական բնակավայրում բնակվող) ծնողը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով: Սույն մասով ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք, եթե խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:
Օտարերկրյա քաղաքացի ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք, եթե բավարարում է սույն հոդվածով սահմանված պայմանները, և երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:»:
Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 2.1-ին մասի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օտարերկրյա քաղաքացի ծնողին խնամքի նպաստը նշանակվում է սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում և 2.1-ին մասի 1-3-րդ կետերում նշված ժամկետների հաշվառմամբ, սակայն Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառվելու երեք տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից ոչ շուտ:»:
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասը «սույն» բառից հետո լրացնել «օրենքի 28.1-ին» բառերով:
Հոդված 4. Օրենքի 28.1-ին հոդվածի 2-րդ մասում «4-րդ և 5-րդ կետերում» բառերը փոխարինել «4-րդ կետում» բառերով:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին գլխով.
«Գ Լ ՈՒ Խ 7.1
ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԸ
Հոդված 28.2. |
Սույն գլխի դրույթների կիրառումը |
1. Սույն գլխի դրույթները կիրառվում են, երբ երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո:
Հոդված 28.3. | Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքը |
1. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ՝ խնամքի նպաստ) իրավունք ունի երեխայի ծնողներից մեկը կամ որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ՝ ծնող) մինչև երեխայի երկու տարեկանը լրանալու ամիսը ներառյալ, եթե խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ՝
1) ծնողը և երեխան Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.
2) երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում.
3) երեխան չի գտնվում բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) կամ չունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ:
2. Օտարերկրյա քաղաքացի ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք, եթե բավարարում է սույն հոդվածով սահմանված պայմանները, և երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:
3. Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև երկու տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար:
4. Խնամքի նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
1) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ) գտնվող ծնողի համար՝ տոկոսով՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի նկատմամբ.
2) խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափի 85 տոկոսը չգերազանցող չափով:
5. Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող, խնամքի արձակուրդում գտնվող ծնողին (այսուհետ՝ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող) խնամքի նպաստը վճարվում է սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված չափերով միաժամանակ, եթե խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ՝
1) առնվազն մեկ տարի անընդմեջ ծնողը հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով, և
2) խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ երեխան հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով:
6. Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու (վճարելու) համար հիմք են «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տվյալները ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ: Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում խնամքի նպաստ նշանակելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 28.4. | Խնամքի նպաստ նշանակելը և վճարելը |
1. Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է (ծնողը խնամքի նպաստ ստանալու իրավունք է ձեռք բերում) դիմումը, ծնողի և երեխայի (երեխաների) անձը հաստատող փաստաթղթերը (տվյալները), իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նաև մյուս անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո՝ ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա՝ խնամքի նպաստի իրավունք ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառման հասցեի մասին տվյալների:
2. Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում է դիմումը խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում ներկայացվելու դեպքում՝
1) խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.
2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո:
3. Խնամքի արձակուրդում չգտնվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում է դիմումը մինչև երեխայի երկու տարին լրանալը ներկայացվելու դեպքում՝
1) երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.
2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված տասներկուամսյա ժամկետը լրանալուց հետո:
4. Խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին խնամքի նպաստը նշանակվում է դիմումը խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում ներկայացվելու դեպքում՝
1) խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողի՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրացել է դիմելու օրվա դրությամբ, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.
2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողի՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրացել է դիմելու օրվա դրությամբ, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո:
5. Օտարերկրյա քաղաքացի ծնողին խնամքի նպաստը նշանակվում է սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերում նշված ժամկետների հաշվառմամբ, սակայն Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառվելու երեք տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից ոչ շուտ:
6. Եթե խնամքի նպաստը նշանակվել է խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափով, ապա այդ չափով խնամքի նպաստը վճարվում է մինչև խնամքի արձակուրդն ավարտվելու ամիսը ներառյալ, բայց ոչ ավելի, քան մինչև խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը: Խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու ամսվան նախորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստը վճարվում է սույն հոդվածի 10-րդ մասի համաձայն: Սույն հոդվածում խնամքի արձակուրդն ավարտվելու օր է համարվում աշխատանքը վերսկսելու օրվան նախորդող օրը:
7. Մեկից ավելի գործատուների մոտ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք կատարող անձին խնամքի նպաստը նշանակվում է սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված չափով, եթե այդ գործատուներից որևէ մեկի մոտ ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում և վճարվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով:
8. Եթե խնամքի նպաստը նշանակվել է խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար սահմանված չափով, ապա այդ չափով խնամքի նպաստը վճարվում է մինչև խնամքի արձակուրդն սկսվելու ամիսը ներառյալ, բայց ոչ ավելի, քան մինչև խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը: Խնամքի նպաստի նշանակման համար դիմելու ամսվան նախորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստը վճարվում է սույն հոդվածի 10-րդ մասի համաձայն:
9. Եթե խնամքի նպաստը նշանակվել է խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին, ապա այդ չափով խնամքի նպաստը վճարվում է մինչև խնամքի արձակուրդն ընդհատվելու կամ գյուղական բնակավայրի հաշվառումից դուրս գալու ամիսը ներառյալ, բայց ոչ ավելի, քան մինչև խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը: Խնամքի նպաստի նշանակման համար դիմելու ամսվան նախորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստը վճարվում է սույն հոդվածի 11-րդ մասի համաձայն:
10. Եթե խնամքի նպաստ նշանակվել է սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված չափերից որևէ մեկով, ապա խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու ամսվան նախորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստը վճարվում է սույն օրենքի 28.3-րդ հոդվածի՝
1) 4-րդ մասի 1-ին կետով սահմանված չափով, եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ ծնողը գտնվել է խնամքի արձակուրդում և խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող չէ.
2) 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված չափով, եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ ծնողը չի գտնվել խնամքի արձակուրդում:
11. Եթե խնամքի նպաստ նշանակվել է խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին, ապա խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու ամսվան նախորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստը վճարվում է սույն օրենքի 28.3-րդ հոդվածի՝
1) 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված չափով, եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ ծնողը չի գտնվել խնամքի արձակուրդում.
2) 5-րդ մասով սահմանված չափով, եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ ծնողը գտնվել է խնամքի արձակուրդում:
12. Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է մինչև երեխայի երկու տարին լրանալը, բայց ոչ ավելի, քան մինչև խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելը:
13. Եթե խնամքի նպաստը նշանակվել է (վճարվում է) խնամքի արձակուրդում գտնվող ծնողին (այդ թվում՝ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին), և խնամքի նպաստ նշանակվելուց հետո խնամքի արձակուրդն ընդհատվել է, ապա խնամքի արձակուրդն ավարտվելու ամսվան հաջորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստի չափը ինքնաշխատ եղանակով փոխվում է, և խնամքի նպաստը վճարվում է խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար սահմանված չափով:
14. Եթե խնամքի նպաստը նշանակվել է (վճարվում է) խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար սահմանված չափով, և խնամքի նպաստ նշանակվելուց հետո ծնողը ձեռք է բերել խնամքի արձակուրդում գտնվող ծնողի կարգավիճակ, ապա խնամքի արձակուրդում գտնվելու ամսվան հաջորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստի չափը ինքնաշխատ եղանակով փոխվում է, և խնամքի նպաստը վճարվում է՝
1) գյուղաբնակ ծնողի դեպքում՝ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված չափով.
2) գյուղաբնակ չհանդիսացող ծնողի դեպքում՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված չափով:
15. Եթե խնամքի նպաստը նշանակվել է (վճարվում է) խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար սահմանված չափով, և խնամքի նպաստ նշանակվելուց հետո ծնողը կամ երեխան դուրս է եկել գյուղական բնակավայրի հասցեով հաշվառումից, ապա հաշվառումից դուրս գալու ամսվան հաջորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստի չափը ինքնաշխատ եղանակով փոխվում է, և խնամքի նպաստը վճարվում է խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված չափով:
16. Եթե խնամքի նպաստը նշանակվել է (վճարվում է) խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափով, և խնամքի նպաստ նշանակվելուց հետո լրանում է գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին, և խնամքի նպաստ նշանակվելուց հետո ծնողը ձեռք է բերել խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի կարգավիճակ, ապա գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստի չափը ինքնաշխատ եղանակով փոխվում է, և խնամքի նպաստը վճարվում է խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված չափով:
17. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային կենտրոնը ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում նշանակել խնամքի նպաստ կամ մերժել խնամքի նպաստի նշանակումը: Ընդունած որոշման, իսկ խնամքի նպաստի նշանակումը մերժելու դեպքում նաև մերժման հիմքերի վերաբերյալ հինգ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնը ծանուցում է դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով:
18. Տարածքային կենտրոնը մերժում է խնամքի նպաստ նշանակելը, եթե՝
1) ծնողը չունի խնամքի նպաստի իրավունք (չի բավարարում սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված պայմանները), կամ
2) չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները):
19. Յուրաքանչյուր ամսվա խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ անկանխիկ եղանակով: Եթե ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, ապա խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ ծնողի դիմումի հիման վրա:
20. Խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարելը գումարի տրամադրումն է անձամբ ծնողին կամ նրա փոխարեն խնամքի նպաստը ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:
21. Խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարվում է նաև ծնողի տված և նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով խնամքի նպաստը վճարելու մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են տարածքային բաժին:
22. Խնամքի նպաստը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածում՝ սկսած խնամքի նպաստը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով խնամքի նպաստ չի վճարվում:
23. Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո խնամքի նպաստը տվյալ լիազորագրով չի վճարվում:
24. Խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարելը նպաստի գումարը ծնողի անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված սոցիալական ապահովության հաշվին կամ Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորի (այսուհետ՝ Ազգային օպերատոր) անկանխիկ փոստային վճարային ծառայությունների միջոցով խնամքի նպաստի գումարը ծնողի հաշվարկային հաշվին փոխանցելն է: Խնամքի նպաստ նշանակելը մերժելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ խնամքի նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, խնամքի նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:
Հոդված 28.5. | Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելը և վերսկսելը, չվճարված խնամքի նպաստի գումարը վճարելը |
1. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է՝
1) երեխայի երկու տարեկանը լրանալու դեպքում.
2) երեխայի՝ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություն ընդունվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում.
3) անձին Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ խնամքի նպաստ նշանակված լինելու դեպքում.
4) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ երեխայի կամ ծնողի՝ օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում.
5) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ծնողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու դեպքում.
6) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող կամ փախստականի կարգավիճակ ունեցող ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու կամ բնակվելու իրավունքը դադարելու կամ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու դեպքում.
7) երեխայի կամ ծնողի մահվան դեպքում.
8) երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ տասներկու ամիս և ավելի ժամկետով բացակայելու դեպքում:
2. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան հանգամանքն առաջանալու (հայտնաբերվելու) օրվան հաջորդող ամսվա 1-ից:
3. Խնամքի նպաստ վճարելը դադարեցվում է՝
1) ծնողի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու օրվանից.
2) խնամքի նպաստը լիազորագրով վճարվելու դեպքում (ներկայացվել է խնամքի նպաստը լիազորագրով վճարելու դիմում)՝ լիազորագրի գործողության ժամկետը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո՝ այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից.
3) ծնողին կամ նրա լիազորած անձին տասներկու ամիս անընդմեջ խնամքի նպաստ չվճարելու դեպքում՝ տասներկուերորդ ամիսը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
4. Ծնողի մահվան դեպքում երեխայի մյուս ծնողին նշանակվում է խնամքի նպաստ, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ այդ ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք: Այս դեպքում սույն օրենքի 28.4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով սահմանված տասներկուամսյա ժամկետները կիրառվում են ծնողի մահվան ամսվանից:
5. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում խնամքի նպաստ ստանալու իրավունքը չի վերականգնվում: Այս դեպքում նույն երեխայի համար խնամքի նպաստի իրավունք կրկին ձեռք բերելու դեպքում խնամքի նպաստ նշանակվում է դիմելու և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
6. Խնամքի նպաստը վճարելը վերսկսվում է սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերով դադարեցվելու դեպքում՝ խնամքի նպաստ վճարելը վերսկսելու դիմումի հիման վրա, դիմումը ներկայացնելու հաջորդ ամսվա 1-ից:
7. Խնամքի նպաստ վճարելը վերսկսվում է, եթե ծնողը դիմելու օրվա դրությամբ ունի խնամքի նպաստի իրավունք:
8. Չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա խնամքի նպաստի գումարի հետ մինչև սույն օրենքով սահմանված կարգով խնամքի նպաստ վճարելը դադարեցնելը: Եթե խնամքի նպաստ վճարելը դադարեցվել է, ապա չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է դիմումի հիման վրա՝ դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող ամբողջ ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում անձն ունեցել է խնամքի նպաստ ստանալու իրավունք: Խնամքի նպաստ վճարելը վերսկսելու դեպքում չվճարված խնամքի նպաստի գումարը (այդ թվում՝ դիմելու ամսվա խնամքի նպաստի գումարը) վճարվում է միանվագ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում: Չվճարված նպաստի գումարը նախորդող ժամանակահատվածի ամիսների համար վճարվում է սույն օրենքի 28.4-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով սահմանված չափով:
9. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է ծնողի դիմումի հիման վրա, դիմումը մինչև երեխայի երեք տարեկանը լրանալը ներկայացնելու դեպքում՝ անկանխիկ եղանակով, դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:
10. Նշանակված, սակայն ծնողի մահվան պատճառով չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է երեխայի օրինական ներկայացուցչին (ծնողին, խնամակալին, որդեգրողին), եթե խնամքի նպաստն ստանալու համար երեխայի օրինական ներկայացուցիչը դիմել է խնամքի նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում ծնողի մահվան պատճառով չվճարված խնամքի նպաստի գումարը ենթակա է ժառանգման:
11. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու, վերականգնելու, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելու, վերսկսելու և չվճարված խնամքի նպաստը վճարելու պայմաններն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ համապատասխան դիմումին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի (տվյալների) ցանկը՝ սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:»:
Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
2. Օրենքի 7-րդ գլխի դրույթները կիրառվում են, երբ երեխան ծնվել է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը: Այս դեպքում Օրենքի 27-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգավորումը կիրառվում է, եթե դիմումը ներկայացվել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը: Սույն օրենքից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
3. Օրենքի 7-րդ գլուխը 2025 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-392-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 նոյեմբերի 2022 թվական: