ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԳԴ/7498/02/23 2024 թ. | ||
Քաղաքացիական գործ թիվ ԳԴ/7498/02/23 | |||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող |
Գ. Հակոբյան | |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ | ||
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Է. Սեդրակյան Վ․ ՔՈՉԱՐՅԱՆ |
2024 թվականի դեկտեմբերի 16-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ «Հովիկ Շաբոյան» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) և Վարազդատ Շաբոյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Վարազդատ Շաբոյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ
Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից և Վարազդատ Շաբոյանից համապարտության կարգով բռնագանձել 637.000 ՀՀ դրամ, այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած հայցադիմումը դատարանի կողմից վարույթ ընդունվելու օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, ինչպես նաև 95.550 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 26.03.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.05.2024 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ Վարազդատ Շաբոյանի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարազդատ Շաբոյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ, 302-րդ ու 372-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թեև Դատարանի վճիռը կայացվել է 26.02.2024 թվականին, սակայն ինքը տվյալ դեպքում այն ստացել է միայն 03.04.2024 թվականին և ողջամտորեն պետք է բավարար ժամկետ ունենար վերաքննիչ բողոքը գրելու համար, առավել ևս, որ պարզեցված վարույթով քննվող գործերով բողոքարկման ժամկետ է սահմանված ընդամենը տասնհինգ օր։ Նման պայմաններում իր միջնորդությունը ենթակա էր բավարարման, և բաց թողնված ժամկետը պետք է վերականգնվեր իրավունքի ուժով, քանի որ առկա է եղել իրենից անկախ պատճառներով դատական ակտն իրեն ուշ հասու լինելու հանգամանքը։
Վերաքննիչ դատարանը սահմանափակել է իր բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում իրեն զրկելով վերադաս դատարանի մատչելիության իրավունքից։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 23.05.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ, 302-րդ և 372-րդ հոդվածների այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները (տե՛ս նաև Տիգրան Մարգարյանն ընդդեմ Մելիք Մակարյանի թիվ ԿԴ/0887/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2019 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Եվրոպական դատարանը բազմիցս ընդգծել է, որ իր առջև դրված չէ ազգային դատարանների փոխարեն գործելու խնդիր: Ներպետական օրենսդրության մեկնաբանության խնդիրների լուծումը նախ և առաջ ազգային դատարանների գործառույթն է, իսկ Եվրոպական դատարանի դերակատարումը պարզելն է, թե արդյոք ազգային դատարանների կողմից տրված մեկնաբանությունները համատեղելի են Կոնվենցիայի հետ: Վերոշարադրյալը հատկապես վերաբերում է դատարանների կողմից դատավարական այնպիսի նորմերի մեկնաբանությանը, ինչպիսիք են, օրինակ, դատավարական փաստաթղթեր կամ բողոք ներկայացնելու ժամկետների սահմանափակումները (տե՛ս Pérez de Rada Cavanilles v. Spain գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետ 43):
Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայցևայնպես այդ կանոնները և դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս Magomedov and others v. Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):
Բացի այդ, Եվրոպական դատարանը նշել է, որ նաև բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ՝ բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):
Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս Zavodnik v. Slovénie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):
Կողմերը պետք է ունենան հայց կամ բողոք բերելու հնարավորություն այն պահից սկսած, երբ նրանք արդյունավետ կերպով տեղեկացվել են դատական ակտի մասին, որը նրանց համար առաջացնում է հետևանքներ կամ շոշափում է նրանց իրավունքները կամ օրինական շահերը: Որպես դատարանի և դատավարության կողմի միջև կապի միջոց՝ ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին և նրա հիմքերին՝ դրանով անձին ընձեռելով հնարավորություն ներկայացնելու բողոք, եթե նա անհրաժեշտ կհամարի (տե՛ս Miragall Escolano and others v. Spain գործով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռը, կետ 37):
Իր հերթին Սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում արձանագրել է, որ՝
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման (տե՛ս թիվ ՍԴՈ-652, թիվ ՍԴՈ-690, թիվ ՍԴՈ-719, թիվ ՍԴՈ-765, թիվ ՍԴՈ-844, թիվ ՍԴՈ-873, թիվ ՍԴՈ-890, թիվ ՍԴՈ-932, թիվ ՍԴՈ-942, թիվ ՍԴՈ-1037, թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-1115, թիվ ՍԴՈ-1127, թիվ ՍԴՈ-1190, թիվ ՍԴՈ-1192, թիվ ՍԴՈ-1196, թիվ ՍԴՈ-1197, թիվ ՍԴՈ-1220, թիվ ՍԴՈ-1222, թիվ ՍԴՈ-1257, թիվ ՍԴՈ-1289 որոշումները):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվել իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն:
ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ գլուխ] դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում, բացառությամբ նույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով պարզեցված վարույթ կիրառելու դեպքերի, որոնց պարագայում եզրափակիչ դատական ակտը կայացվում և հրապարակվում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից երեք ամսվա ընթացքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ են մտնում այն հրապարակելու օրվանից տասնհինգ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռը նույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: (…):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի` եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` (…) պարզեցված վարույթի կարգով կայացված գործի վարույթը կարճելու մասին որոշման կամ վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում բաց թողնված ժամկետը ենթակա չէ վերականգնման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
Սահմանադրական դատարանը 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ երբ վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (ex jure)՝ համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ըստ Սահմանադրական դատարանի դիրքորոշման՝ բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը և ապացույցները գնահատելը, պարտադիր է: Այն դեպքում, երբ պատշաճ ապացուցված է բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը և բողոքը ներկայացվել է դատական ակտն ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բացթողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (ex jure) (տե՛ս «ՍԵՖ Ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Մարինե Ասրյանի, Ասատուր Գրիգորյանի, անհատ ձեռնարկատեր Սալվինա Հայրապետյանի, Նարինե Բաբայանի, Հովհաննես Խաչիկյանի թիվ ԵԴ/14539/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.01.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում և 179-րդ հոդվածում նշված նորմերը, մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ վճիռը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով և վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Փաստորեն, եթե վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելուց հետո դրա օրինակը չի հանձնվել անձին, ապա հրապարակման հաջորդ օրն այն պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը որդեգրել է այն մոտեցումը, որի համաձայն՝ առձեռն հանձնվելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պայմաններում վճռի հրապարակումն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, այսինքն՝ դատական նիստ հրավիրելու և նիստում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելու փոխարեն դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: Հրապարակման նոր կարգ սահմանելն ուղղված է հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով սահմանել է նոր կարգ, սակայն դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակն անձին առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից: Օրենսդիրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը չի դիտարկել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ իրականացում, քանի որ հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հրապարակման այդ կարգին զուգահեռ դատական ակտի հանձնման կամ ուղարկման եղանակների պահպանումը: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխող հրապարակման նոր կարգը չի բացառում և չի դադարեցնում դատարանի՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն նրանց չի հանձնվել:
Բացի այդ, նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով մինչև 27.07.2019 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորմանը, գտել է, որ վերոնշյալ մոտեցումը կիրառելի է նաև պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտի նկատմամբ, այսինքն՝ այն դեպքում, երբ առկա է պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտ, դրա օրինակն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն կողմերին չի հանձնվել: Ինչ վերաբերում է դատական իշխանության կայքի միջոցով պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտի հրապարակմանը, ապա այս եղանակը չի կարող դադարեցնել վճռի օրինակն առձեռն հանձնելու կամ պատվիրված նամակի միջոցով գործին մասնակցող անձանց ուղարկելու դատարանի պարտականությանը՝ հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները (տե՛ս «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավակարգավորումների լույսի ներքո վերահաստատելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ բողոք ներկայացրած անձը բաց է թողել բողոքարկման համար օրենքով նախատեսված դատավարական ժամկետը, ապա պարտավոր է ներկայացնել ոչ միայն բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, այլ նաև՝ իր կողմից ներկայացված միջնորդությամբ վկայակոչված հանգամանքները հավաստող համապատասխան ապացույցներ, որոնք հնարավորություն կընձեռեն դատարաններին գնահատելու ներկայացված միջնորդության հիմնավորվածությունը: Չնայած այն հանգամանքին, որ օրենսդիրը չի հստակեցրել և չի սահմանել դատավարական ժամկետի բաց թողնման պատճառների հարգելի լինելու հիմքերը, այնուամենայնիվ, այդ պատճառները պետք է հանդիսանան ժամկետը բաց թողնելու օբյեկտիվ և (կամ) սուբյեկտիվ այնպիսի պատճառներ, որոնց առկայությունը պայմանավորել է անձի՝ դատավարական ժամկետների ավարտից հետո բողոքարկման իրավունքի իրացման իրավաչափությունը: Դատավարական ժամկետի բաց թողնման պատճառները հարգելի գնահատելիս դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեն այն հարցը, թե անձի կողմից վկայակոչված պատճառները որքանո՞վ են իրական խոչընդոտ հանդիսացել դատական ակտը բողոքարկելու իրավունքի իրացման համար (տե՛ս «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն ընդդեմ «ՍԱԳ» Արտադրական կոոպերատիվի թիվ ԵԴ/17246/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.10.2023 թվականի որոշումը):
Սահմանադրական դատարանը, քննելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի ու 391-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 02.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-1575 որոշմամբ արձանագրել է, որ «դատական ակտի բողոքարկման ժամկետի հաշվարկումը հրապարակման պահից սահմանելու իրավաչափության հարցը պետք է գնահատել այն երաշխիքների համատեքստում, որոնք Օրենսգրքով ապահովվում են բողոք բերող անձանց համար և, մասնավորապես, բողոքարկվող դատական ակտի՝ գործին մասնակցող անձին հասանելիության և բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքով՝ վերջինիս վերականգնելիության կառուցակարգերի առկայության առումներով: Հակառակ պարագայում, եթե, մի կողմից՝ բողոք բերելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով դատական ակտը վերջինիս հասանելի չլինի, իսկ, մյուս կողմից, շարունակեն հոսել դատական ակտի բողոքարկման ժամկետները, կստացվի, որ ընթացակարգային կանոններով անհամաչափորեն սահմանափակվում է անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը՝ խաթարելով այդ իրավունքի բուն էությունը»:
Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ դատարանի կողմից վերոնշյալ երկու պարտականությունների [դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը և դատարանի դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելը] պատշաճ կատարումը, այդուհանդերձ, չի կարող ամբողջ ծավալով երաշխավորել անձի՝ դատական բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացումը՝ հաշվի առնելով դատական ակտի հրապարակման, այն հասցեատիրոջն ուղարկելու (եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել) և հասցեատիրոջ կողմից այն փաստացիորեն ստանալու պահերի միջև առկա ժամանակային գործոնը և դրանով պայմանավորված՝ դատական ակտը բողոքարկելու իրական հնարավորության ապահովման անհրաժեշտությունը: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062, ՍԴՈ-1249 և ՍԴՈ-1254 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի հիմնախնդրին առնչվող` Եվրոպական դատարանի պրակտիկայի վերլուծության հիման վրա նույն գործի քննության շրջանակներում վերահաստատել է նախկինում իր կողմից արտահայտված իրավական դիրքորոշումն այն մասին, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքներն արդյունավետ իրացնելու համար։
Սահմանադրական դատարանը, քննելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 380-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 16.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1052 որոշմամբ արձանագրել է, որ եթե օրենսդիրը, հիմք ընդունելով բողոքարկվող դատական ակտի բնույթը, հաշվի առնելով դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների իրացման անհրաժեշտությունը, տվյալ ակտի բողոքարկման համար բավարար է համարել տվյալ ժամկետը, կոնկրետ դեպքում` հնգօրյա և տասնօրյա ժամկետները, ապա նշված ժամկետները պետք է մեկնարկեն բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից, առավել ևս, որ օրենսդիրը մի շարք դեպքերում ոչ միայն չի բացառում, այլև որպես դատական ակտի բողոքարկման ժամկետի մեկնարկի սկիզբ ուղղակիորեն նախատեսում է տվյալ դատական ակտը հասցեատիրոջ կողմից ստանալու պահը:
Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1052 որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումների համատեքստում Սահմանադրական դատարանը, քննելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 18.12.2012 թվականի թիվ ՍԴՈ-1062 որոշմամբ արձանագրել է, որ «նույն գործով օրենսգրքի վիճարկվող դրույթով գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման ժամկետը դատական ակտի հրապարակման պահից հաշվարկելն ինքնին չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, եթե առկա են դատական ակտին ծանոթանալու և դրա բողոքարկման իրավունքն արդյունավետ իրականացնելու համար բավարար ժամանակ ապահովող երաշխիքներ: Ինչպես արդեն նշվեց, սահմանադրական դատարանի կողմից որպես այդպիսի երաշխիք է ճանաչվել օրենսգրքի 402-րդ հոդվածը և այն էլ միայն այն դեպքում, երբ նշված հոդվածի 2-րդ մասով նախատեսված եռօրյա ժամկետում դատական ակտը տրամադրվի (հասանելի դարձվի) անձին: Այսինքն, համաձայն գործող օրենսդրության` անձն առնվազն 27 օր ժամանակ պետք է ունենա հիմնավոր բողոք ներկայացնելու համար»:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 28.12.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Ընկերության հայցն ընդդեմ Կազմակերության և Վարազդատ Շաբոյանի՝ համապարտության կարգով գումար բռնագանձելու պահանջի մասին։ Միաժամանակ Դատարանը որոշել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով՝ դրանում որպես դատական ակտի հրապարակման ժամանակ նշելով 26.03.2024 թվականը, իսկ որպես հրապարակման միջոց՝ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքը (գ. թ. 25):
Դատարանի 26.03.2024 թվականի վճիռը նույն օրը հրապարակվել է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով (հիմք` «www.court.am»), և նույն օրն էլ ուղարկվել է նաև պատասխանող Վարազդատ Շաբոյանին (գ. թ. 58, 60)։
Դատարանի 26.03.2024 թվականի վճիռը պատասխանող Վարազդատ Շաբոյանն ստացել է 03.04.2024 թվականին (գ. թ. 63), իսկ նշված դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը փոստային առաքման եղանակով ներկայացրել է 23.04.2024 թվականին, և պատճառաբանելով, որ «Դատարանի վճիռը ստացվել է փոստային ծառայության միջոցով՝ 2024 թվականի ապրիլի 3-ին: Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «հրապարակման պահից» բացակապակցությունը պետք է մեկնաբանվի որպես դատական ակտը ստանալու պահը, և ժամկետների հաշվարկման ելակետ պետք է համարել որոշումը շահագրգիռ անձին հանձնելու պահը (այս դեպքում՝ 2024 թվականի ապրիլի 3-ը)», միջնորդել է վերականգնել վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը (գ. թ. 83-99):
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ՝
- «սույն գործով Դատարանը վճռի հրապարակման օր է նշանակել 26.03.2024 թվականը, Դատարանի վճիռը նույն օրը՝ 26.03.2024 թվականին հրապարակվել է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, վճռի օրինակն էլ հանձնվել է փոստային կապի ծառայությանը դատական ակտի հրապարակման նույն օրը՝ 26.03.2024 թվականին (գ.թ. 60-ում առկա փոստային թիվ 121916719 անդորրագիր), Վարազդատ Շաբոյանն էլ այն ստացել է 03.04.2024 թվականին (գ.թ. 60)»,
- «սույն գործով վճռի բողոքարկման ժամկետի հոսքն օրենքի ուժով սկսվել է 27.03.2024 թվականից և ավարտվել է 17.04.2025 թվականին: Նման պայմաններում բողոք բերող անձը կարող էր նշված ժամանակահատվածում բողոքարկել դատական ակտը, իսկ վճիռը 03.04.2024 թվականին ստացած լինելու վերաբերյալ վկայակոչված միակ փաստարկն ինքնին բավարար չէ այն եզրակացության հանգելու համար, թե բողոք բերած անձն իրենից անկախ պատճառներով, կամ Դատարանի անգործությամբ պայմանավորված զրկված է եղել օրենքով սահմանված եղանակով բողոքարկելու հնարավորությունից։
Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտականության պահպանման պայմաններում, գործում է դատական ակտը հրապարակելուց հետո 15-օրյա ժամկետում բողոքարկելու պահանջը»,
եզրահանգել է, որ «առկա չեն բավարար հիմքեր օրենքով սահմանված ժամկետի բաց թողնմամբ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը հիմնավորելու համար, ուստի միջնորդությունը չի կարող բավարարվել»։
Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են, քանի որ դրանք չեն բխում ինչպես Եվրոպական դատարանի, այնպես էլ Սահմանադրական դատարանի ու ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումներից այն առումով, որ թեև Դատարանի 26.03.2024 թվականի վճիռը նույն օրը հրապարակվել է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով և նույն օրն ուղարկվել է նաև պատասխանող Վարազդատ Շաբոյանին, սակայն վերջինս Դատարանի 26.03.2024 թվականի վճռի հետ ծանոթանալու իրական հնարավորություն է ձեռք բերել միայն 03.04.2024 թվականին, այսինքն՝ դատական ակտը հրապարակվելու օրվանից ութ օր հետո, երբ փոստային առաքման եղանակով ստացել է այն, որ պահից սկսած վերը նշված դիրքորոշումների համատեքստում նա համարվում է այդ դատական ակտի մասին արդյունավետ կերպով տեղեկացված՝ նկատի ունենալով, որ նաև այդ պայմանի միաժամանակյա առկայությունն է լիարժեք նախադրյալներ ստեղծում բողոքարկման իրավունքի իրականացման համար: Այսինքն՝ բողոքարկման իրավունքի լիարժեք իրացումն ապահովելու տեսանկյունից կարևոր է հաշվի առնել բողոք բերած անձի կողմից դատական ակտին իրապես ծանոթացած լինելու հանգամանքը, ինչը կարող է հաստատվել այն դեպքում, երբ դատական ակտը տվյալ անձին հասանելի է դարձել այնպիսի եղանակով, որն իրական հնարավորություն է ստեղծել տվյալ դատական ակտին ծանոթանալու, բովանդակությունը բացահայտելու և դրա դեմ համապատասխան բողոք ներկայացնելու համար։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված դատավարական ժամկետը ենթակա էր վերականգման՝ նկատի ունենալով Դատարանի դատական ակտը հրապարակելու և այն վերջինիս կողմից փաստացիորեն ստանալու պահերի միջև առկա ժամանակային գործոնը, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։ Դրա արդյունքում չի ապահովվել և չի երաշխավորվել վերաքննիչ բողոք բերած անձի՝ բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացումը, իսկ դրա հետևանքով՝ դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը։
Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ, 302-րդ ու 372-րդ հոդվածների այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 23.05.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող և զեկուցող Գ. հակոբյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. Մեղրյան Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2025 թվական:
![loading...](/static/img/loader.gif)