ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2915-Ա |
«30» հուլիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի և «Մ.Ա. ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆԵՐ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) միջև 2024 թվականի հուլիսի 3-ին կնքված «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-24/29-2» ծածկագրով Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչների կենսամակարդակի բարելավմանն ուղղված նպատակային ծրագրով, ընտանիքների համար հիգիենայի ծանրոցների ձեռքբերման և տրամադրման գնման պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 1.1 կետի համաձայն՝ վաճառողը պարտավորվում է սույն պայմանագրով (այսուհետ պայմանագիր) սահմանված կարգով, ծավալով, ժամկետներում և հասցեով Գնորդին մատակարարել պայմանագրի N 1 հավելվածով՝ տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով նախատեսված տնտեսական ապրանքների փաթեթներ:
Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանի՝ 2023 թվականի մայիսի 15-ից Ընկերության 100% բաժնեմասի սեփականատեր և տնօրեն է հանդիսանում Լևոն Ստեփանի Կիրակոսյանը:
Միևնույն ժամանակ Լևոն Ստեփանի Կիրակոսյանը 2022 թվականի հուլիսի 8-ից մինչ օրս հանդիսանում է նաև «ՄԱԱՆ» ՍՊ ընկերության տնօրեն և բաժնետեր, իսկ «ՄԱԱՆ» ՍՊ ընկերությունը (ՀՎՀՀ՝ 02869057) 2023 թվականի փետրվարի 10-ից մինչև 2025 թվականի փետրվարի 10-ը ներառված է գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
Ընկերության 100% բաժնեմասի սեփականատեր և տնօրեն Լևոն Ստեփանի Կիրակոսյանի և «ՄԱԱՆ» ՍՊ ընկերության միջև առկա է փոխկապակցվածություն: Այսպիսով, «Մ.Ա.ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆԵՐ» ՍՊ ընկերության և «ՄԱԱՆ» ՍՊ ընկերության միջև առկա է փոխկապակցվածություն, համաձայն ՀՀ Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 119-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի, հաշվի առնելով, որ երկու ընկերությունների գործադիր տնօրենը հանդիսանում է միևնույն անձը:
«Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք` որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: ....»:
Համաձայն Կարգի 119-րդ կետի 2-րդ ենթակետի՝ գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմաստով` ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է՝
ա. տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի տասը տոկոսից ավելիին տնօրինող մասնակից,
բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ,
գ. տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող կոլեգիալ մարմնի նախագահ, անդամ,
դ. իրավաբանական անձի այնպիսի աշխատակից, որն աշխատում է գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո կամ իրավաբանական անձի կառավարման մարմինների կողմից որոշումների ընդունման հարցում որևէ էական ազդեցություն ունի:
Համաձայն Կարգի 119-րդ կետի 3-րդ ենթակետի՝ ֆիզիկական անձի կարգավիճակ չունեցող մասնակիցները համարվում են փոխկապակցված, եթե`
ա. տվյալ անձը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի, այսուհետ` բաժնետոմս) տասը և ավելի տոկոսին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջև կնքված պայմանագրին համապատասխան հնարավորություն ունի կանխորոշել մյուսի որոշումները,
բ. նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի տասը տոկոսից ավելիին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձևով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցը (բաժնետերը) և (կամ) մասնակիցները (բաժնետերերը) կամ նրանց ընտանիքի անդամները (եթե մասնակիցը ֆիզիկական անձ է) իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետել (այդ թվում` առուվաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների հիման վրա) մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի տասը տոկոսից ավելիին կամ ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն,
գ. նրանցից մեկի որևէ կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը միաժամանակ հանդիսանում է մյուս անձի որևէ կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ,
դ. նրանք գործել կամ գործում են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:
(….)
Ընդ որում Կարգի 121-րդ կետի համաձայն՝ մասնակցի՝ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման:
Պայմանագրի 8.3 կետի համաձայն՝ այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ գնման գործընթացում, մինչև պայմանագրի կնքումը, Վաճառողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Գնորդը միակողմանիորեն լուծում է պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային պայմանագիրը չկնքելու համար: Ընդ որում, Գնորդը չի կրում պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով Վաճառողի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ վերջինս պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Գնորդի կրած վնասներն այն ծավալով, որի մասով պայմանագիրը լուծվել է:
Երևանի քաղաքապետարանը՝ ղեկավարվելով Պայմանագրի 8.3 կետի պահանջով ինչպես նաև վերը նշված իրավական հիմքերով՝ միակողմանի /ամբողջությամբ/ լուծել է Պայմանագիրը։
Պայմանագրի լուծման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է տեղեկագրում սույն թվականի հուլիսի 17-ին և պայմանագիրը հուլիսի 18-ի դրությամբ համարվում է լուծված։
Ղեկավարվելով օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և 2-րդ մասով.
1. «Մ.Ա.ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆԵՐ» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
Տ. Ավինյան |