ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր Ռ. Պապոյան ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, ԵԴ/0892/01/18 նախագահող դատավոր՝ Դատավորներ` Կ. Մարդանյան Ն. Հովակիմյան Ռ. Բարսեղյան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Հ. Ասատրյանի մասնակցությամբ դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Լ. Թադևոսյանի Դ. Խաչատուրյանի Ա. Պողոսյանի Ս. Օհանյանի
1 մարտի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Գոռ Էմինի Սիմոնյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 10-ի որոշման դեմ պաշտպան Ա․Մկրտչյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2018 թվականի հունիսի 14-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հարուցվել է թիվ 16185418 քրեական գործը։ 2018 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ թիվ 16185418 քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որին շնորհվել է 69106418 համարը։
Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ թիվ 69106418 քրեական գործի շրջանակներում Գոռ Էմինի Սիմոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Նախաքննության մարմնի նույն օրվա որոշմամբ Գ․Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
1.1. Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ Գ․Սիմոնյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
2018 թվականի նոյեմբերի 13-ին Գ․Սիմոնյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին։
1.2. 2018 թվականի նոյեմբերի 14-ին Գ․Սիմոնյանի մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
2018 թվականի նոյեմբերի 28-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 26-ի դատավճռով Գ․Սիմոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում ՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ «Հոգեկան և վարքի խանգարումներ ափիոնատիպ նյութերի, կանաբինոիդների, սեդատիվ և քնաբեր նյութերի միաժամանակյա գործածության հետևանքով» կախվածության համախտանիշ ախտորոշման դեմ հարկադիր բուժմամբ՝ ըստ ազատազրկումը կրելու վայրի:
3․ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ պաշտպան Ա․Մկրտչյանի բողոքը մասնակի բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի ապրիլի 26-ի դատավճիռը մասնակի բեկանել և փոփոխել է՝ Գ․Սիմոնյանի նկատմամբ պատիժ է նշանակել՝ ազատազրկում 6 (վեց) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով։ Գ․Սիմոնյանի նկատմամբ նշանակել է հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հարկադիր բուժում՝ թմրամոլությունից:
Գ․Սիմոնյանի վարքագծի նկատմամբ հսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Ա․Մկրտչյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա։
Ըստ բողոքաբերի, Գ․Սիմոնյանը հանցանքի կատարումից հետո ընդունել է մեղքն ու գործուն զղջացել իր կողմից կատարած արարքի համար, ինչն արտահայտվել է նրա հետհանցավոր վարքագծում, մասնավորապես՝ ամբաստանյալն ունենալով լռելու իրավունք, ի սկզբանե տվել է խոստովանական ցուցմունքներ, աջակցել է քրեական գործի քննությանը՝ մասնակցելով մի շարք քննչական գործողությունների։ Վերջինս դատվածություն չունի, կամավոր հիմունքներով ստանում է մեթադոնային բուժում, ունի մի շարք առողջական խնդիրներ։
Բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանները, վկայակոչված հանգամանքների ոչ պատշաճ գնահատման հետևանքով, Գ․Սիմոնյանի նկատմամբ չեն նշանակել արդարացի պատիժ՝ տուգանքի ձևով, որն էլ հանգեցրել է նրա արդար դատաքննության իրավունքի խախտմանը։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 10-ի որոշումը և Գոռ Սիմոնյանի նկատմամբ նշանակել պատիժ՝ տուգանքի ձևով։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Գոռ Սիմոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «[Ն]ա խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի պահանջը, այն է` չունենալով թմրամիջոցներ ձեռք բերելու, պատրաստելու և վերամշակելու լիցենզավորված գործունեություն իրականացնելու իրավունք, առանց իրացման նպատակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու շուրջ նախնական համաձայնություն ձեռք բերելով Գոռ Վարդանի Հասրաթյանի հետ, ապօրինի պատրաստել և պահել է առնվազն զգալի չափի դեզոմորֆին և խոշոր չափի կոդեին տեսակի թմրամիջոցներ, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում. Գոռ Սիմոնյանը Գոռ Հասրաթյանի հետ կոդեին և դեզոմորֆին տեսակի թմրամիջոց պատրաստելու նպատակով 2018 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, հանդիպել են Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում, որտեղ գտնվող դեղատնից թմրամիջոց ապօրինի պատրաստելու համար Գոռ Հասրաթյանը գնել է կաֆետին գոլդ տեսակի 5 դեղահաբ, յոդ, 1 ամպուլ լիդոկային, սոլպադեին տեսակի 5 դեղահաբ, 3 հատ ներարկիչ, իսկ Գոռ Սիմոնյանն իր հետ բերել է բենզին, պոլիմերային տարաներ, թավա, յոդ, սոդա, լիմոնի աղ, ֆոսֆոր։ Այնուհետև, Գոռ Հասրաթյանի հետ գնացել են Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի «Վոլկսվագեն» ավտոսրահի հետնամասում գտնվող լքված տնակ, որտեղ Գոռ Հասրաթյանը հարակից հատվածից ջուր է բերել և տաքացրել այն, իսկ Գոռ Սիմոնյանն էլ կաֆետին գոլդ տեսակի 5 հատ դեղահաբը և սոլպադեին տեսակի 5 հատ դեղահաբը մանրացրել և 1 ամպուլ լիդոկայինի, ինչպես նաև սոդայի հետ լցրել է պոլիմերային 2 լիտրանոց տարայի մեջ, այնուհետև ավելացրել է 20 գրամ ջուր և այն տեղադրել եռման ջրով լցված մեկ այլ տարայի մեջ ու մոտ 10 րոպե եռացրել։ Դրանից հետո 500 մ/լ բենզին է լցրել պոլիմերային տարայի մեջ և կրկին եռացրել, ապա թափահարել պոլիմերային տարան և 50 գրամ եռացած ջուր ու լիմոնի աղ ավելացրել, որից հետո տարայի մեջ առկա ջուրը լցրել է ամանի մեջ և կրկին եռացրել։ Արդյունքում ամանի մեջ մնացել է փոշենման զանգված, ինչը լցրել է կոլբայի մեջ, վրան ավելացրել յոդ ու ֆոսֆոր և ստացել հեղուկ զանգված, որը նույնպես եռացնելով, չորացրել է։ Այնուհետև, կոլբայի մեջ լցրել է եռացրած ջուր և թափահարել, որից հետո նշված զանգվածը լցրել է ծխախոտի մոխրի մեջ՝ այդ կերպ փորձելով ստերիլիզացնել այն։ Նշված գործողությունները կատարելու արդյունքում Գոռ Սիմոնյանը և Գոռ Հասրաթյանն ապօրինի պատրաստել են առնվազն զգալի չափի դեզոմորֆին և խոշոր չափի կոդեին տեսակի թմրամիջոցներ և իրենց միացած Խաչատուր Խաչատրյանի հետ ներարկելու եղանակով օգտագործել։
Այնուհետև, Գոռ Սիմոնյանը ներարկիչի, պոլիմերային տարաների մեջ լցված թմրամիջոցների չօգտագործված մասը, գազի բալոնը, թավան տեղադրել է իր պայուսակում, վերցրել այն, որից հետո Գոռ Հասրաթյանի և Խաչատուր Խաչատրյանի հետ դուրս են եկել Լենինգրադյան փողոց, և այնտեղից էլ բերման ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին»1։
8. Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի ապրիլի 22-ի դատավճռով նշել է. «(...) Դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, հետազոտելով և գնահատելով ապացույցներն իրենց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից` հիմնված ներքին համոզմամբ, հանգում է այն հետևության, որ Գոռ Սիմոնյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք, որը որակվում է որպես առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց՝ խոշոր չափով 0,422012 գրամ քաշով կոդեին տեսակի թմրամիջոց և զգալի չափով՝ 0,184 գրամ քաշով դեզոմորֆին թմրամիջոց ապօրինի պատրաստելը և պահելը, այն որակված է ճիշտ, ամբաստանյալը նշված հանցավոր արարքը կատարել է մեղավորությամբ, վերջինս քրեական պատասխանատվության և պատժի է ենթակա այդ հոդվածով (...)»2:
9. Վերաքննիչ դատարանը 2023 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ մասնակիորեն բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի վերոգրյալ դատավճիռը, Գ․Սիմոնյանի նկատմամբ պատիժ է նշանակել՝ ազատազրկում 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով։ Գ․Սիմոնյանի նկատմամբ նշանակվել է հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հարկադիր բուժում՝ թմրամոլությունից3։
10. Պաշտպան Ա․Մկրտչյանը 2023 թվականի հուլիսի 26-ին Վճռաբեկ դատարան է ներկայացրել միջնորդություն՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիման վրա Գ․Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։
Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգային կառուցակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Գ․Սիմոնյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ սույն գործով առերևույթ առկա է քրեական հետապնդումը և քրեական գործի վարույթը բացառող հանգամանք և կրկնելով նախկինում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանները չունեն բացարձակ բնույթ և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլնի, քրեական վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում, անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե արդյո՞ք ամբաստանյալ Գ.Սիմոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2–րդ կետով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`
(...)
12) անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից. (...)»:
Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե`
(...)
3) մեղադրյալի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները. (...)»:
2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը (…)»:
Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն4` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(…)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…)»։
12․ Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթն ու քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները5։
13․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Գոռ Սիմոնյանին մեղսագրվող՝ ՀՀ քրեական 268-րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետով նախատեսված հանցանքը կատարվել է 2018 թվականի հունիսի 13-ին6: Վերոնշյալ արարքը կատարելու մեջ Գ.Սիմոնյանի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2022 թվականի ապրիլի 26-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2023 թվականի փետրվարի 10-ին7: Նշված որոշման դեմ Գ.Սիմոնյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ8:
14․ Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծության արդյունքում, հաշվի առնելով նաև Գ.Սիմոնյանի՝ 8 օր հետախուզման մեջ գտնվելու հանգամանքը9, ակնհայտ է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքի՝ որպես միջին ծանրության հանցանքի համար նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2–րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2023 թվականի հունիսի 21-ի դրությամբ՝ վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղ բել, ուստի նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ:
Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Գ.Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել։
15․ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը բողոքաբերի՝ սույն որոշման 5-րդ կետում նշված փաստարկներին անդրադառնալն առարկայազուրկ է համարում։
16. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ, 385-րդ ու 387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ամբաստանյալ Գոռ Էմինի Սիմոնյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 26-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 10-ի որոշումը՝ բեկանել։
2․ Գոռ Էմինի Սիմոնյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել ու քրեական վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
3. Գոռ Էմինի Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը` վերացնել:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
________________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 196-200:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 167-172:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 91-102:
4 Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ ամբաստանյալ Գ.Սիմոնյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումը:
5 Վաղեմության ժամկետների կիրառման պայմանների վերաբերյալ մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11, Հրանտ Մազմանյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14, Ֆարիդա Ավագիմյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14, Անդրանիկ Գրիգորյանի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումները։
6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերը:
8 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:
9 Տե՛ս սույն որոշման 1․1-րդ կետը
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. Թադևոսյան Դ. Խաչատուրյան |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: