ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/1916/02/21 2024 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/1916/02/21 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. հակոբյան | |
զեկուցող | Ա. Մկրտչյան | |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | ||
ս. ՄեղրՅԱՆ |
2024 թվականի մայիսի 22-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Կարինե Գասպարյանի հայցի ընդդեմ «Երևանի համար 144 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) և երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի՝ հրամաններն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2022 թվականի որոշման դեմ Կազմակերպության բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Կարինե Գասպարյանը պահանջել է անվավեր ճանաչել Կազմակերպության տնօրենի 08.01.2021 թվականի թիվ 2 և թիվ 3, 18.01.2021 թվականի թիվ «4»-Ա ու թիվ 5 հրամանները, իրեն վերականգնել նախկին աշխատանքում, Կազմակերպությունից բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.12.2021 թվականի «Քաղաքացիական գործն առանձնացնելու մասին» որոշմամբ 18.01.2021 թվականի թիվ 5 հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու ու Կազմակերպությունից հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու հայցապահանջներն առանձնացվել են առանձին վարույթում և քաղաքացիական գործին տրվել է թիվ ԵԴ/55793/02/21 համարը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 13.05.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ վճռվել է «անվավեր ճանաչել «Երևանի համար 144 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ 08.01.2021թ. թիվ 2 հրամանը, 08.01.2021թ. թիվ 3 հրամանը և 18.01.2021թ. թիվ «4»-Ա հրամանը: Պատասխանող «Երևանի համար 144 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 12.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար: Պատասխանող «Երևանի համար 144 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ից հօգուտ Կարինե Գասպարյանի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.11.2022 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ որոշվել է «(…) Մասնակի բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/1916/02/21 քաղաքացիական գործով՝ 13.05.2022 թվականին կայացված վճիռը՝ 1/ ««Երևանի համար 144 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ 08.01.2021թ. թիվ 2 հրամանն անվավեր ճանաչելու» մասով, և այդ մասով դատական ակտը փոփոխել հետևյալ կերպ՝ ««Երևանի համար 144 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ 08.01.2021թ. թիվ 2 հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Կարինե Գասպարյանի հայցը մերժել։», 2/ «Պատասխանող «Երևանի համար 144 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 12.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար» մասով, դատական ակտը բեկանել և այն փոփոխել հետևյալ կերպ՝ «Պատասխանող «Երևանի համար 144 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 8 000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար»։ Մնացած մասով, դատական ակտը թողնել անփոփոխ։ (…)»։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ Սայադ Բադալյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կարինե Գասպարյանը (ներկայացուցիչ Տիգրան Ղազարյան)։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածները, 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 77-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը թիվ 3 հրամանի իրավաչափությունը գնահատելիս անտեսել է, որ գործում առկա գրավոր ապացույցներով և վկաների ցուցմունքներով հաստատվում է, որ հայցվորի մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ, ու տնօրենի հասցեին հնչել են անպարկեշտ արտահայտություններ և վիրավորանքներ։ Վերաքննիչ դատարանը ներկայացված ապացույցներից հետազոտել է նաև «Արձանագրություն 3» փաստաթուղթը և դրանից մեջբերում կատարել եզրափակիչ դատական ակտի պատճառաբանական մասում, սակայն չի նկատել արձանագրության մեջ նշված վիրավորական ու անպարկեշտ արտահայտությունները:
Վերաքննիչ դատարանը վկաների ցուցմունքը չի համադրել «Արձանագրություն 3» փաստաթղթի բովանդակության հետ կամ չի հետազոտել նշված ապացույցը։ Համադրելու արդյունքում Վերաքննիչ դատարանը կգար այն եզրահանգման, որ տնօրենի հասցեին հնչել են վիրավորական և անպարկեշտ արտահայտություններ, որոնք ոչ միայն անհամատեղելի են էթիկայի նորմերի հետ ու հարիր չեն հանրակրթական հաստատությունում գործող միջանձնային հարաբերություններին, այլև գործատուի ներքին կարգապահական կանոնների խախտում են։
Վերաքննիչ դատարանը թիվ «4»-Ա հրամանի իրավաչափությունը գնահատելիս հիմք է ընդունել բացառապես այն, որ հրամանն ընդունվել է՝ առանց հայցվորի գրավոր բացատրության՝ խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ գրավոր բացատրության պահանջը հայցվորն ստացել է 21․01․2021 թվականին։ Մինչդեռ հայցվորն ինքն է նշել, որ գրավոր բացատրություն ներկայացնելու վերաբերյալ պահանջն ստացել է 11.01.2021 թվականին։ Ավելին՝ վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերում Վերաքննիչ դատարանը վկայակոչել է «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքից թիվ RG005588107AM փոստային ծրարի առաքման քաղվածքը՝ նշելով, որ հայցվորը վերոնշյալ պահանջագրերն ստացել է 11.01.2021 թվականին: Գործի նյութերում առկա է նաև հետադարձ ծանուցման փոստային ծրարը, որով հաստատվում է բացատրություն ներկայացնելու պահանջը 11.01.2021 թվականին ստանալու հանգամանքը։ Հետևաբար գործատուն օրենսդրությամբ սահմանված ողջամիտ ժամկետը պահպանել է, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից: Այսինքն՝ գործատուն ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանմամբ նախապես գրավոր բացատրություն է պահանջել հայցվորից, վերջինս ստացել է այդ պահանջը և արձագանքել է դրան։ Ավելին՝ Դատարանում հայցվորն ընդունել է, որ ջերմաչափման մատյանում կատարված գրառումները չեն առնչվել ջերմաչափմանը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն՝ 08.01.2021 թվականի թիվ 3 և 18.01.2021 թվականի թիվ «4»-Ա հրամաններն անվավեր ճանաչելու մասերով, բեկանել Վերաքննիչ դատարանի 04.11.2022 թվականի որոշումն ու այդ մասերով փոփոխել՝ նշված հրամաններն անվավեր ճանաչելու պահանջների մասին հայցը մերժել։
2.1 Կարինե Գասպարյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները
16.03.2023 թվականին և 06.06.2023 թվականին Կարինե Գասպարյանի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքի պատասխաններ: 06.06.2023 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանը Վճռաբեկ դատարանը քննարկման առարկա չի դարձնում, քանի որ այն ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի խախտմամբ:
16.03.2023 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանով հայտնվել է հետևյալը.
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ բողոքաբերը «Արձանագրություն 3» վերտառությամբ փաստաթղթում նշված արտահայտությունների վերաբերյալ որևէ փաստարկ չի ներկայացրել ստորադաս դատարաններում, հետևաբար Վճռաբեկ դատարանը չի կարող անդրադառնալ այդպիսի փաստարկներին և ապացույցներին, իսկ վկաների ցուցմունքներով չի հիմնավորվում իր կողմից անպարկեշտ, վիրավորական ու զրպարտչական բնույթի արտահայտություններ կատարելու փաստը:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն արձանագրել է թիվ «4»-Ա հրամանն առանց իր գրավոր բացատրությանը սպասելու ընդունված լինելու փաստը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) «Երևանի համար 144 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի՝ որպես գործատուի և Կարինե Գասպարյանի՝ որպես աշխատողի միջև 04.05.2020 թվականին կնքվել է աշխատանքային պայմանագիր, որի 1.2 կետի համաձայն՝ գործատուն պարտավորվել է աշխատողին նշանակել Կազմակերպությունում որպես փոխտնօրեն (հատոր 1-ին, գ․թ․ 12-14).
2) «Արձանագրություն 1» վերտառությամբ ձեռագիր փաստաթղթի համաձայն՝ «2020 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանի հ. 144 հիմնական դպրոցի բուժքույր Աղավնի Զաքարյանը տնօրեն Ա. Պողոսյանին տեղեկացրեց այն մասին, որ դպրոցի մեկուսարանը փոխտնօրեն Կ․ Գասպարյանը դարձրել է դասասենյակ: (...) Ուսումնական տարվա սկզբին տնօրեն Ա. Պողոսյանը 1-ին հարկի մուտքի և բուժկետի մոտ տարածք է հատկացրել մեկուսարանի համար: (...) Մեկուսարանից դուրս են բերվել համապատասխան միջոցները, Կ. Գասպարյանը տարածքը դարձրել է դասասենյակ՝ այնտեղ տեղավորելով աշակերտական սեղան, 20 աթոռ: Հնոցապան Գևորգ Գևորգյանն աշակերտների օգնությամբ սեղաններն ու աթոռը մեկուսարանից տեղափոխել է քիմիայի և ֆիզիկայի դասասենյակներ (…)»: Ա. Պողոսյան ստորագրություն, Ա. Ծատուրյան ստորագրություն, Գ. Գևորգյան ստորագրություն, Ա. Զաքարյան ստորագրություն, Է․ Վարդանյան ստորագրություն (հատոր 1-ին, գ․թ․ 71-73).
3) «Արձանագրություն 3» վերտառությամբ ձեռագիր փաստաթղթի համաձայն՝ «Սույն (2020) թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15-ին, Երևանի հ. 144 հիմնական դպրոցի տնօրեն Ա. Պողոսյանը 1-ին հարկում գտնվող դասարանում «բնագիտություն» առարկա էր դասավանդում, երբ միջանցքից լսեց փոխտնօրեն Կ. Գասպարյանի ձայնը: Վերջինս, տեսնելով, որ մեկուսարանից հանվել են աշակերտական սեղանները (11 հատ) և աթոռները (20 հատ), սաստիկ զայրացել էր և գոռգոռում էր: Տնօրեն Ա. Պողոսյանը, լսելով այդ ձայները, դուրս եկավ VIա դասարանից, իսկ ընկեր Գասպարյանը մեկուսարանի մոտից արագ քայլերով մոտեցավ և հարձակում գործեց Ա. Պողոսյանի վրա, հրեց նրան, անվայելուչ բառեր արտաբերեց. «Ես քեզ խայտառակելու եմ, պոռնի՛կ, բո՛զ ... »: VIա դասարանի աշակերտները խուճապահար, անակնկալի եկած մոտեցան դասասենյակի դռանը, ականատես եղան Կ. Գասպարյանի՝ մանկավարժին ոչ վայել պահվածքին: Նույնիսկ տնօրենին հրելու պահին դռնապանը (…) փորձեց հեռացնել Կ. Գասպարյանին, սակայն վերջինս չէր հանդուրժում: (...) Ա. Պողոսյանը, առանց որևէ բառ արտաբերելու, կռիվ չհրահրելու համար հեռացավ իր աշխատասենյակ: Կ. Գասպարյանի գոռգոռոցը և անվայել արտահայտությունները լսվել են նաև 2-րդ հարկում»: Ա. Պողոսյան ստորագրություն, Ա. Ծատուրյան ստորագրություն, Ս. Ստեփանյան ստորագրություն, Ա. Զաքարյան ստորագրություն (հատոր 1-ին, գ.թ. 74-76).
4) գործի քննության ընթացքում որպես վկա հարցաքննվելիս Սուսաննա Ստեփանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ հայցվորի հետ աշխատանքային հարաբերությունները նորմալ են եղել, ուղղակի վերջինս կարող էր այս ու այն կողմից բաներ լսել, մեղադրել այն դեպքում, երբ ընդհանրապես նման բաներ չէին եղել: Հայտնել է, որ ստորագրել է արձանագրություն 3-ը, ամբողջությամբ պնդում է, դեկտեմբերի վերջին՝ առավոտյան ժամը 08:00-ին, մտել է դպրոց և տեսել, որ մատյանի մեջ հայցվորն անպարկեշտ բառերով գրառում է կատարել տնօրեն Պողոսյանի վերաբերյալ, հայհոյախառն, անեծքի տեսքով, երբ այդ մասին Զաքարյան Աղունն ասում էր տնօրեն Արմինե Պողոսյանին, այդ ժամանակ տիկին Գասպարյանը դուրս է եկել իր աշխատասենյակից ու սկսել է կնոջը ոչ հարիր հայհոյանքներ հնչեցնել, ինքն այդտեղ էր, այդ խոսակցությունը և հայհոյանքները լսել են նաև դպրոց եկող աշակերտները, ծնողները, օրինակ՝ անբարոյական, փողոցային, գող ու այլն, դա միշտ է եղել, 5 տարի, եթե ինչ-որ բան տիկին Գասպարյանի սրտով չի եղել, եղել են դեպքեր, որ ուսուցիչներին էլ է հայհոյել, անեծքներ է տվել, ոչ լիարժեք մթնոլորտում են աշխատել, ինքը ոչ մի բան չունի տիկին Գասպարյանի դեմ, սակայն հիմա միայն ճիշտն է ասում, մտել են դպրոց և չեն իմացել, թե այդ օրն իրենց գլխին ինչ է թափվելու, իր հուզական ու վրդովված վիճակն էլ պայմանավորված է այդքան տարվա ապրումներով, իրենք բոլորը վատն էին: Հայցվորն ունի ոչ ադեկվատ պահվածք, խոսելաոճ, իրար նույնիսկ բարևելու իրավունք չունեին, 5 տարի վախեցել են միմյանց բարևել, միմյանց հետ նույնիսկ տուն գնալու իրավունք չունեին, ինքը չի դիմել որևէ մեկին, լուռ հանդուրժել է, անձամբ է հարցեր պարզել, անցել-գնացել է, ներկայումս հանգիստ աշխատում են, ներկա է եղել բոլոր վեճերին, և՛ մեկուսարանի, և՛ ջերմաչափման մատյանի ու այլն, տիկին Գասպարյանը չէր հանդուրժում, որ դպրոցում իրենից բացի այլ ղեկավար լինի, ծնողները զանգում ասում էին՝ այդ ինչ դպրոց է, հայհոյանքները եղել են բանավոր: Դատարանի հարցին ի պատասխան հայտնել է՝ եթե դիմացինին ասում են գող, փչացած, անբարոյական, վիրավորանք չէ՞: Դրանք ասվել են տնօրեն Պողոսյանին, եղել են անձնական բնույթի, մինչդեռ դպրոցում պետք է զբաղվեն միայն ուսուցանելով, ամեն օր նույն պատմություններն ու բողոքներն են (հատոր 4-րդ, գ.թ. 63).
5) գործի քննության ընթացքում որպես վկա հարցաքննվելիս Արմինե Ծատուրյանը ցուցմունք է տվել այն մասին, որ տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալն է, արձանագրությունները կազմվել են դեպքերի թարմ տպավորությամբ, արձանագրություններում գրվածը համապատասխանում է իրականությանը, դեկտեմբերի 10-ին ականատես է եղել հետևյալ միջադեպին՝ դպրոցում մեկուսարանի տարածք էր հատկացվել, ինքն է մակնշումը փակցրել, արդեն 4-րդ դասաժամն էր, առաջին հարկում ընկեր Գասպարյանը զայրացած գոռգոռում էր՝ նշելով, որ այդտեղ մեկուսարան չի լինելու, այդ պահին տնօրենը ձայները լսելով դուրս է եկել, ընկեր Գասպարյանը մոտեցել է տնօրենին, բռնել օձիքից, վերջինս հետ-հետ է գնացել, բոզ, պոռնիկ, ես քեզ խայտառակ եմ անելու, այդ բառերը հնչել են, տնօրենը խոսքեր չի արտաբերել, Մարինե Հաջոյանն ընկել է մեջտեղ, բռնել է ընկեր Գասպարյանի թևից, բայց վերջինս զայրացած էր, չէր խոսում, ընկեր Պողոսյանը բարձրացել է վերև, էլ հետ չի գնացել դասարան, միջադեպը մեկուսարանի հետ էր կապված: Մեկ այլ դեպք էլ այն էր, որ ջերմաչափման հետ կապված գրառումներ էր կատարել մատյանում, նոր տնօրենն էլ զայրացել է, էլի դեպքեր են եղել, ես հրահանգ էի ստանում նոր տնօրենից, տիկին Գասպարյանը չէր թողնում ծանոթանայինք, ասում էր հրահանգները մի արեք: Երբ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին իրեն ոստիկանությունից կանչեցին, և ընկեր Գասպարյանն իրեն ասեց, արի ասեմ՝ ինչ ես անելու, ինքն ասել է, որ ճշմարտությունն է ասելու: Հայցվորի հետ չեզոք հարաբերություններ ունի, չեն տեսնվում, չեն շփվում, ուզում է իրեն հեռու պահել, քանի որ իր հանդեպ խարդախություններ են եղել տիկին Գասպարյանի կողմից: Մեկուսարանից բացի այլ սենյակների առկայության վերաբերյալ հայտնել է, որ ժամը 11:00-ի կողմերն առաջին դասարանցիներն ավարտում են դասը, այսինքն՝ ազատ դասասենյակ է լինում, տեսչությունից մի քանի անգամ եկել են, ակտեր են կազմել, տնօրենը պարզապես չի ցանկացել օրենք խախտել, երբ նոր տնօրեն եկավ, հարաբերությունները բարիդրացիական էին, երկու ամիս անց դարձան կոնֆլիկտային (հատոր 1-ին, գ.թ. 68).
6) գործի քննության ընթացքում որպես վկա հարցաքննվելիս Աղավնի Զաքարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ հայցվորի հետ հարաբերությունները զուտ աշխատանքային են, ինքն է ստորագրել արձանագրությունները, մեկուսարանի վերացման մասին հայտնել է նոր տնօրենին, դասասենյակը նորից վերածվել է մեկուսարանի, հայցվորն ինքն է որոշել, որ այն վերածվի դասասենյակի: Իրեն Լուսինե Բաղդասարյանն է ասել, որ դա տիկին Գասպարյանի հրահանգով է եղել: Արձանագրություններն ստորագրելուց առաջ ասել է, որ իր խոսքերն ընդունեն որպես հիմք, դասասենյակը մեկուսարանի վերածվելուց հետո դպրոցում եղել են մշտական բախումներ, անվայել, անհարգալից խոսքեր, որոնք նույնիսկ անհարմար է արտաբերելը, փոխտնօրենը տնօրենի հասցեին ինչ անվայել բառեր ասես օգտագործում էր, բոլորը կանգնած էին, Ստեփանյանը, Ծատուրյանը, մաքրուհիները, տիկին Գասպարյանն իրեն անգամ ասել է՝ ինչու է ստորագրել արձանագրությունը, (ասեիր՝ որ չես լսել), այո՛, լսել եմ, ինչպես կարող եմ ասել, որ չեմ լսել: Գրանցամատյանում պետք է արձանագրվեին ջերմաչափման արդյունքները, մինչդեռ Գասպարյանն իր և տնօրենի վերաբերյալ անթույլատրելի գրառումներ էր կատարում, տակն էլ ստորագրում էր, սակայն արտաբերել չի կարող, Լուսինե Բաղդասարյանից է լսել, որ հայցվորը մեկուսարանը դասասենյակ է դարձրել, չի տեսել, որ այդ սենյակում դասեր են անցկացվել, դպրոցում բոլորը գիտեին, որ այդ սենյակը մեկուսարան է (հատոր 4-րդ, գ.թ. 22).
7) գործի քննության ընթացքում որպես վկա հարցաքննվելիս Լուսինե Բաղդասարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ աշխատում է դպրոցում որպես ուսուցչուհի և հայցվորին ճանաչում է, հարաբերություններն աշխատանքային են, ստորագրել է արձանագրություն 1-ը, բովանդակությունը համապատասխանում է իրականությանը, չի իմացել, որ տնօրենը տեղյակ չէ, որ մեկուսարանը դարձել է դասասենյակ, հայցվորն է իրեն հրահանգել, որ դասն անցկացնի մեկուսարանում, քանի որ դասասենյակում ցուրտ էր, հարցրել է՝ որտեղ կարող է կազմակերպել աշխատանքը, տիկին Գասպարյանն ասել է, որ գնան մեկուսարան, Գևորգ Գևորգյանը կազմակերպել է սեղանների և աթոռների տեղափոխումը, ինչից հետո մեկ դասաժամ է անցկացրել տվյալ սենյակում, սովորաբար այլ դասասենյակներ լինում են, որոնք կարող էին դառնալ դասասենյակ, հստակ չի կարող ասել, ինքը պարապում էր երկարօրյա երեխաներին (հատոր 4-րդ, գ.թ. 63).
8) գործի քննության ընթացքում որպես վկա հարցաքննվելիս Գևորգ Գևորգյանը ցուցմունք է տվել այն մասին, որ հայցվորի հետ ոչ մի հարաբերություն չունի, ուսուցչուհի Մարինե Տիգրանյանի ամուսինն է, ձմռանը հնոցապան է աշխատել դպրոցում, այս պահին չի աշխատում, արձանագրության տակ ինքն է ստորագրել, իրեն չեն ասել, ինքը երեխաներին է օգնել, որպեսզի աթոռներն ու սեղանները դասավորեն այդ սենյակում, տիկին Գասպարյանն ասել է, որ տեր կանգնի երեխաներին, որ տեղափոխեն, դասավորեն, չփախնեն, այդ սենյակը պետք է դասասենյակ դառնա, մյուս օրը նոր տնօրենն ասել է, որ դա մեկուսարան է, աթոռներն ու սեղանները նորից տարել են վերև (հատոր 4-րդ, գ.թ. 63).
9) գործի քննության ընթացքում որպես վկա հարցաքննվելիս Էմմա Վարդանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ունի նորմալ հարաբերություններ և՛ տնօրենի, և՛ տիկին Գասպարյանի հետ, 2013 թվականից աշխատում է տվյալ դպրոցում՝ որպես մաքրուհի: «Արձանագրություն 1» անվանումով փաստաթուղթն ինքն է ստորագրել, չի կարդացել, չի հիշում՝ ով է ասել, որ ստորագրի: Մի անգամ ինքն առավոտյան ներս էր մտնում, տեսել է, որ տիկին Գասպարյանը և Պողոսյանը կռվում են, Ստեփանյանն էլ մեջ էր ընկել: Մատյանից տեղյակ չի եղել, մեկուսարանի հետ կապված իրեն ասել են, որ սեղան-աթոռները տեղափոխեն, տեղափոխելու անհրաժեշտության մասին իրեն ասել է Մեժլումյանը, շատ թղթեր են եղել, որ տիկին Գասպարյանն էլ տվել է, ինքն էլ վստահելով ստորագրել է (հատոր 4-րդ, գ.թ. 68).
10) Կազմակերպության տնօրենի 08.01.2021 թվականի թիվ 3 հրամանով, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 222-րդ, 223-րդ, 224-րդ, 225-րդ և 226-րդ հոդվածներով, հիմք ընդունելով այն, որ թիվ 144 հիմնական դպրոցի փոխտնօրեն ու մաթեմատիկա առարկայի ուսուցիչ Կարինե Գասպարյանը թույլ է տվել աշխատանքային կարգապահության խախտում, այն է՝ 10.12.2020 թվականին դպրոցի առաջին հարկի միջանցքում մանկավարժների և աշակերտների ներկայությամբ անպարկեշտ արտահայտություններ ու վիրավորական խոսքեր է հնչեցրել դպրոցի տնօրենի հասցեին, Կարինե Գասպարյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժի տեսակը (հատոր 1-ին, գ․թ․ 19).
11) Կարինե Գասպարյանին հասցեագրված «Պահանջ» վերտառությամբ 08.01.2021 թվականի գրությամբ տնօրեն Ա. Պողոսյանը նրանից պահանջել է նույն գրությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, գրավոր կերպով ներկայացնել բացատրություն՝ դպրոցի աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանում անթույլատրելի գրառումներ կատարելու մասին: Միաժամանակ հայտնվել է, որ նշված ժամկետում բացատրություն չներկայացնելու դեպքում կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց դրա: Նշված գրությունը Կարինե Գասպարյանն ստացել է 11.01.2021 թվականին (հիմք՝ հայցադիմումը, հայցի հիմքը և առարկան փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը, վերաքննիչ բողոքի պատասխանը), (հատոր 3-րդ, գ.թ. 57, հատոր 1-ին, գ. թ. 4-8, հատոր 2-րդ, գ. թ. 85-91, հատոր 5-րդ, գ.թ. 51-54).
12) Կազմակերպության տնօրեն Ա. Պողոսյանին հասցեագրված գրությամբ Կ. Գասպարյանը հայտնել է հետևյալը. «Իմ կողմից ուսումնասիրվեց Ձեր կողմից գրավոր բացատրություն ներկայացնելու 08.01.2021թ. ստորագրված պահանջը դպրոցի ջերմաչափման գրանցամատյանում գրառումների հետ կապված, ինչպես նաև համապատասխան իրավական ակտերը՝ ջերմաչափման մատյաններին ներկայացվող պահանջների վերաբերյալ: Քանի որ Ձեր կողմից ներկայացված գրության մեջ մատնանշված չէ, թե որոնք են համարվում անթույլատրելի գրառումները և որ գրառումների մասին է խոսքը, որպեսզի իմ կողմից հնարավոր լինի բացատրություն ներկայացնել, խնդրում եմ մատնանշել՝ որոնք են համարվում անթույլատրելի գրառումներ, ինչպիսի անթույլատրելի գրառումների մասին է խոսքը» (հատոր 3-րդ, գ.թ. 59).
13) Կազմակերպության տնօրենի 18.01.2021 թվականի թիվ «4»-Ա հրամանով, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 222-րդ, 223-րդ, 224-րդ, 225-րդ և 226-րդ հոդվածներով, հիմք ընդունելով այն, որ թիվ 144 հիմնական դպրոցի փոխտնօրեն ու «Մաթեմատիկա» առարկայի ուսուցիչ Կարինե Գասպարյանը թույլ է տվել աշխատանքային կարգապահության խախտում, այն է՝ անթույլատրելի գրագրություններ է կատարել ջերմաչափման մատյանում, աշխատողը նախկինում ևս թույլ է տվել աշխատանքային կարգապահության պարբերական խախտումներ և ունի գործող կարգապահական տույժեր, գործատուն աշխատողից գրավոր կերպով բացատրություն է պահանջել նույն հրամանում նկարագրված կարգապահական խախտման մասին՝ տրամադրելով ողջամիտ ժամկետ, Գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառի չի ներկայացրել գրավոր բացատրություն, Կարինե Գասպարյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժի տեսակը (հատոր 1-ին, գ․թ․ 48, 49):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուի կողմից աշխատողից խախտման մասին գրավոր բացատրություն պահանջելու, ինչպես նաև փաստի հաստատված լինելու հարցը պարզելիս դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում առկա բոլոր ապացույցները գնահատելու հարցերին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի՝ աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)՝ ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ աշխատանքային իրավունքները և պարտականությունները կարող են ծագել, փոփոխվել և դադարել` նույն օրենսգրքով, այլ օրենքներով, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և գործատուների այն գործողություններից, որոնք, թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ աշխատանքային օրենսդրության սկզբունքների, առաջացնում են աշխատանքային իրավունքներ և պարտականություններ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, աշխատողները և նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրականացնելիս և պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքը, գործել բարեխիղճ և ողջամիտ: (...):
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 216-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողը պարտավոր է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, (...):
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային կարգապահությունն աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով, գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված վարքագծի կանոններն են, որոնց պարտավոր են ենթարկվել բոլոր աշխատողները:
Մինչև 31.07.2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կազմակերպության ներքին կարգապահական կանոնները (գործատուի ներքին իրավական ակտը) կանոնակարգում են (...) աշխատանքային պայմանագրի կողմերի հիմնական իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, (...) աշխատողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցները, ինչպես նաև աշխատանքային հարաբերություններին վերաբերող այլ հարցեր:
Վերոգրյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրից կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտից: Ըստ այդմ, թե՛ աշխատողը, թե՛ գործատուն ձեռք են բերում փոխադարձ իրավունքներ և պարտականություններ։ Մասնավորապես՝ աշխատողը պարտավորվում է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտականությունները, պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 37-րդ հոդվածը՝ որպես աշխատանքային պարտականությունների կատարման սահմանները որոշող ընդհանուր նորմ, սահմանում է աշխատանքային իրավունքների իրացման և պարտականությունների կատարման երեք հիմնական չափանիշ՝ օրենքի պահպանում, բարեխղճություն ու ողջամտություն:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրն աշխատողին պարտավորեցնում է աշխատանքային պարտականությունները կատարել օրինականության, բարեխղճության և ողջամտության սկզբունքների պահպանմամբ: Աշխատողն աշխատանքային պարտականությունները կատարում է ոչ թե ամբողջովին իր հայեցողությամբ՝ այլ պարտադիր կերպով ենթարկվելով աշխատանքային ռեժիմին, կազմակերպության ներքին կարգապահական կանոններին, աշխատանքային կարգապահությանը, աշխատանքի սահմանված նորմաներին (տե՛ս Արմինե Աբելյանն ընդդեմ Ա/Ձ Հովհաննես Դանիելյանի թիվ ԿԴ/0125/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ աշխատողի կողմից աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով, գործատուի ներքին իրավական ակտերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով ստանձնած պարտավորությունների (այսուհետ նաև՝ աշխատանքային պարտականություններ) կատարման ընդհանուր ցուցիչը բարեխղճությունն է:
Ողջամտությունը և բարեխղճությունն աշխատանքային իրավունքների իրականացման անհրաժեշտ ընդհանուր չափանիշներն են: Նշված երկու սկզբունք-հասկացությունները, ի թիվս այլնի, կիրառվում են աշխատանքային իրավունքների և պարտականությունների կատարման սահմանները որոշելիս: Բարեխղճությունը, մասնավորապես, պահանջում է հաշվի առնել մյուս կողմի արդարացված շահը, իսկ ողջամտությունը գործողություն է՝ իրավունքի սուբյեկտի կամային ակտ, որը սերտորեն կապված է բարեխղճության հետ, քանի որ ողջամիտ վարքագիծ կարող է դրսևորել բարեխիղճ սուբյեկտը:
Վկայակոչված չափանիշներն ուղենիշային են և էական, ի թիվս այլնի, աշխատանքային պարտականությունների կատարման, ինչպես նաև աշխատողի նկատմամբ կարգապահական ներգործության հարցերը քննարկելիս (տե՛ս Գևորգ Էմին-Տերյանն ընդդեմ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի թիվ ԵԴ/39757/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2023 թվականի որոշումը):
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողությունն իրականացնում են աշխատողների ներկայացուցիչները, իսկ աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի ու կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողությունը` գործատուները (գործատուների ներկայացուցիչները):
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 222-րդ հոդվածի համաձայն՝ կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկվել միայն աշխատանքային կարգապահությունը խախտած աշխատողը:
Մինչև 31.07․2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային կարգապահության խախտում է համարվում աշխատողի մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը (հատկանշական է, որ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-160-Ն օրենքով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասը «կատարելը» բառից հետո լրացվել է «կամ սույն օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարքագծի կանոնները որևէ այլ կերպ խախտելը» բառերով):
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքային կարգապահությունը խախտող աշխատողների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական ներգործության միջոցներ:
Այսինքն՝ աշխատողի կարգապահական պատասխանատվությունն իրագործվում է նրա նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված կարգապահական սանկցիաների (ներգործության միջոցներ) կիրառմամբ:
Նշված միջոցները նախատեսվել են մինչև 23․12․2021 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածով, որի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային կարգապահությունը խախտելու համար կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերի հիմքերով աշխատանքային պայմանագրի լուծում:
Աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու իրավազորությամբ օժտված է գործատուն, ով աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իր իրավունքն իրականացնում է անհատական իրավական ակտ ընդունելու միջոցով, որի դեպքում պարտադիր է գործատուի կողմից կարգապահական տույժ կիրառելու համար օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանումը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն՝ տրամադրելով ողջամիտ ժամկետ: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց գրավոր բացատրության:
Վերոգրյալից բխում է, որ աշխատողի նկատմամբ կարող է կիրառվել կարգապահական տույժ՝ ներքոհիշյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- աշխատողը թույլ է տվել աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, աշխատանքային պայմանագրերով, գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված աշխատանքային կարգապահության կանոններից որևէ մեկի խախտում,
- խախտումը տեղի է ունեցել աշխատանքային որևէ պարտականության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով,
- խախտումը կատարվել է աշխատողի մեղքով,
- խախտումը կատարել է կոնկրետ աշխատողը:
Այսինքն՝ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը պետք է պայմանավորվի ոչ միայն կարգապահության խախտման, այլև այդ խախտման մեջ աշխատողի մեղքի առկայության, աշխատողի կողմից իր աշխատանքային պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի համակցությամբ:
Վերոնշյալի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատանքային կարգապահությունը ենթադրում է աշխատողի կողմից իր իրավունքներից բարեխիղճ օգտվելու, աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու պարտականություն: Աշխատանքային կարգապահության պահպանումը պետք է յուրաքանչյուր աշխատողի համար համարվի վարքագծի պարտադիր, այլ ոչ թե ընտրանքային կանոն, աշխատանքային կարգապահության պահպանումը յուրաքանչյուր աշխատողի պարտականությունն է, իսկ դրանով ամրագրված պարտականությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը հիմք է նրա նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված ներգործության համապատասխան միջոցների կիրառման համար:
Միաժամանակ, չնայած նրան, որ աշխատողի կողմից աշխատանքային կարգապահությունը խախտելու դեպքում գործատուն ինքն է որոշում կիրառման ենթակա կարգապահական տույժի տեսակը, այնուամենայնիվ, այն չի կարող կրել կամայական բնույթ, և յուրաքանչյուր դեպքում գործատուի ընտրած կարգապահական տույժի տեսակը պետք է համաչափ լինի աշխատողի կատարած խախտման ծանրությանը, որի ապահովմանն էլ ուղղված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածով սահմանված՝ մինչև կարգապահական տույժի կիրառումն աշխատողից խախտման մասին պարտադիր գրավոր բացատրություն պահանջելու գործատուի պարտականությունը։
Ենթադրյալ խախտում թույլ տված աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելուց առաջ գրավոր բացատրություն պահանջելու և այդ բացատրության ներկայացման համար ողջամիտ ժամանակ տրամադրելու գործատուի պարտականությունն ինքնանպատակ չէ: Այն ուղղված է աշխատողի իրավունքները և պարտականությունները հավասարակշռելուն, գործատուի կողմից ինքնիրավչությունն ու աշխատողի իրավունքների խախտումը կանխելուն:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուի կողմից աշխատողից խախտման մասին գրավոր բացատրություն պահանջելը պարտադիր է, իսկ այդ բացատրությունն աշխատողից պետք է պահանջվի մինչև կարգապահական տույժի կիրառումը` սահմանելով այդ բացատրությունը տալու համար ողջամիտ ժամկետ (տե՛ս Էդգար Գրիգորյանն ընդդեմ «Ազադ Ֆայն Քեմիքլս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/1066/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2013 թվականի որոշումը):
Նման կարգավորումը նպատակ է հետապնդում բացառելու կարգապահական տույժի կիրառման գործընթացում գործատուի գործողությունների միակողմանիությունը և ապահովելու աշխատողի՝ իր հարցի կապակցությամբ լսված լինելու իրավունքը։ Ընդ որում, գրավոր բացատրություն ներկայացնելու համար աշխատողին ողջամիտ ժամկետ տրամադրելու պահանջը նպատակ ունի աշխատողի համար ապահովելու բացատրություն ներկայացնելու իրական և լիարժեք հնարավորություն։ Մյուս կողմից, քննարկվող իրավանորմը տառացի և տրամաբանական (տրամաբանական փոխակերպման մեթոդ) կանոններով մեկնաբանելու դեպքում ստացվում է, որ մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն ցանկացած դեպքում պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն՝ դրա համար տրամադրելով ողջամիտ ժամկետ (տե՛ս Արմենակ Մարկոսյանն ընդդեմ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/42766/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.02.2021 թվականի որոշումը):
Աշխատողին կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ գործատուի կայացրած իրավական ակտը պետք է հիմնված լինի խախտման փաստի օբյեկտիվ և բազմակողմանի (հաշվի առնելով նաև աշխատողի փաստարկներն ու պատճառաբանությունները) քննության վրա:
Այլ կերպ ասած, գործատուի կողմից աշխատանքային կարգապահությունը խախտած անձի նկատմամբ պատասխանատվության համապատասխան միջոցը (կարգապահական տույժի տեսակը) ընտրելիս և այն կիրառելիս պետք է պահպանվի համաչափությունն աշխատողի կողմից կատարված խախտման ծանրության աստիճանին, դրա արդյունքում վրա հասնող իրավական հետևանքներին: Այսինքն` առավել նվազ ծանրության կարգապահական խախտման դեպքում պետք է կիրառվի առավել մեղմ աշխատանքային կարգապահական պատասխանատվության միջոց, և հակառակը: (...) Ամփոփելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ աշխատողի նկատմամբ կարգապահական տույժի կիրառումն ինքնանպատակ չէ, այն ուղղված է նաև աշխատանքային իրավահարաբերությունների կայունության պահպանմանը, որպիսի պայմաններում դրա կիրառումը չի կարող կրել ձևական բնույթ, ուստի և տույժ նշանակելիս գործատուն պարտավոր է իրավական գնահատման ենթարկել աշխատողի կատարած խախտման բնույթը, դրա ծանրությունը և արդյունքում վրա հասնող իրավական հետևանքները, աշխատողի նախկինում կատարված աշխատանքը, ինչպես նաև աշխատանքային բնականոն հարաբերությունների խաթարման պատճառ հանդիսացած այլ հանգամանքները (տե՛ս Հարություն Անտոնյանն ընդդեմ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/3661/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.10.2021 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը բոլոր դեպքերում վիճարկվող անհատական ակտը ճանաչում է անվավեր, եթե պատասխանողի կողմից խախտվել է աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտով սահմանված կարգը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած, ինչպես նաև տվյալ անհատական իրավական ակտի ընդունման օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցի տեսակներն են`
1) վկայի ցուցմունքը.
2) գրավոր ապացույցները.
3) իրեղեն ապացույցները.
4) լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները.
5) փորձագետի եզրակացությունը.
6) մասնագետի բացատրությունը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ դատարանն ապացույցները գնահատում է ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ: Միևնույն ժամանակ օրենսդրի տրամաբանությունից հետևում է, որ ձեռք բերված և հետազոտված բոլոր ապացույցների համապարփակ գնահատումը միայն կարող է բացահայտել ապացույցների միջև եղած հակասություններն ու արդյունքում թույլ տալ որոշել ապացույցների հավաստիությունը։ Եթե դատարանի կամ գործին մասնակցող անձանց մոտ կասկածներ են ծագում՝ կապված ձեռք բերված և հետազոտվող ապացույցների հավաստիության հետ, այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել՝ գործով ձեռք բերված ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու, փաստաթուղթը կազմելու ու դրա բովանդակությանը ներկայացվող պահանջները պահպանելու հանգամանքը պարզելու, անհրաժեշտության դեպքում փորձաքննություններ նշանակելու և մասնագետներ հրավիրելու միջոցով:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումը և վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունն ու բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով։ Հետազոտման նշված նպատակն իրացվում է գործով ներկայացված ապացույցներն անմիջականորեն ընկալելու, դրանց բովանդակությունը բացահայտելու, մեկ ապացույցը մյուսի հետ համեմատելու, ներկայացված ապացույցների միջև եղած հակասությունները բացահայտելու, այլ կերպ ասած` ապացույցներն առանձին-առանձին ու իրենց համակցությամբ ստուգելու և դրանց ամբողջական համակարգ կառուցելու միջոցով (տե՛ս Սասուն և Մանուշակ Ղարիբյաններն ընդդեմ Վարազդատ, Մովսես ու Արման Ադամյանների, Սիլվա Հունանյանի թիվ ԱՎԴ2/1332/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.10.2023 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ապացույցների հավաստիության և փոխադարձ կապի տեսանկյունից դրանց գնահատման նպատակն այն է, որ վերացվեն ձեռք բերված և հետազոտվող ապացույցների միջև առկա հակասությունները, փարատվեն ստացված ապացուցողական տեղեկատվության ողջ համակցության հետազոտման արդյունքում կատարված եզրահանգման հավաստիության վերաբերյալ բոլոր կասկածները։ Պարզելով ապացույցների արժանահավատությունը՝ դատարանը որոշում է դրանց բավարար լինելը, բացահայտում է ձեռք բերված և հետազոտված ապացույցների հիման վրա որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն անելու հնարավորությունը, ինչը թույլ է տալիս ստուգել նաև գործով հավաքված ապացույցների լրիվությունը (տե'ս Տիգրան Դանիելյանն ընդդեմ «Սարմէ Գրուպ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3003/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.11.2021 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապացույցների հետազոտման լրիվությունը ենթադրում է գործով ներկայացված (ձեռք բերված) բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների ընկալում ու ստուգում, փաստերի գոյության կամ բացակայության մասին վերջնական եզրահանգումներ կատարելու համար անհրաժեշտ և բավարար ամբողջ ապացուցողական նյութի վերլուծություն ու ստուգում։ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապացույցների հետազոտման բազմակողմանիությունը ենթադրում է, որ գործում առկա ապացույցների ուսումնասիրության (ընկալման) ընթացքում դատարանը պետք է հաշվի առնի գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների դատողությունն ու բացատրությունները՝ միաժամանակ իր իրավասության սահմաններում ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները ստացված փաստական տվյալների արժանահավատությունը ստուգելու համար: Ապացույցների հետազոտման օբյեկտիվությունը ենթադրում է, որ դատարանն ապացույցները հետազոտելիս որևէ կերպ չպետք է շահագրգռված լինի գործի ելքով և անկողմնակալ վերաբերմունք ցուցաբերի ապացույցների հետազոտման ընթացքում` ապահովելով կողմերի մրցակցությունն ու իրավահավասարությունը և զերծ մնալով գործի ելքի կամ այս կամ այն ապացույցի արժանահավատության վերաբերյալ նախնական դատողություններ կատարելուց։ Դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու` դրանց արժանահավատությունը և բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական և հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (տե՛ս Տիգրան Հովհաննիսյանն ընդդեմ Անթրանիկ Բողոսսյանի և Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարության օրենսդրության համաձայն՝ վկայի ցուցմունքը համարվում է քաղաքացիական գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու ինքնուրույն միջոց՝ դատական ապացույցի առանձին տեսակ, որին վերաբերող իրավակարգավորումների համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ վկան՝ որպես ապացուցողական տվյալների ստացման աղբյուր, գործի ելքում իրավաբանական շահագրգռվածություն չունեցող այն ֆիզիկական անձն է, որը կանչվում է դատարան՝ գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին իր կողմից անմիջականորեն ընկալված կամ այլ անձանց կողմից իրեն հաղորդված տեղեկությունները դատարանին հայտնելու համար։ Վկայի ցուցմունքների գնահատումը դրանց տրամաբանական վերլուծությունն է, որի նպատակն է գործի իրական փաստական հանգամանքների վերաբերյալ հավաստի տեղեկությունների վերհանումը։ Գնահատելով վկայի ցուցմունքները՝ դատարանը վերլուծում է վկայի անձնական հատկանիշները, նրա փոխհարաբերությունները գործին մասնակցող անձանց հետ, վկայի կողմից տեղեկությունների ընկալման, պահպանման և փոխանցման ողջ գործընթացը։ Դատարանը, նախազգուշացնելով վկային սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, կարող է ակնկալել, որ վկայի հայտնած տեղեկությունները արժանահավատ են, քանի դեռ հակառակը չի հիմնավորվել (տե՛ս Երեմ Հովսեփյանն ընդդեմ Աշոտ Մալխասյանի թիվ ԵԱՔԴ/4994/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2020 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը պետք է ելնի գործին մասնակցող անձի ցուցմունքի հավաստիության կանխավարկածից, քանի դեռ այլ ապացույցներով չի հերքվել վկայի հայտնած տեղեկությունների ճշմարտացիությունը: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է այն հանգամանքից, որ ցուցմունք տալ պատրաստվող վկան, նախազգուշացվելով սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ըստ էության պետք է գիտակցի ճիշտ ցուցմունք տալու կարևորությունը և այն չպահպանելու իրավական հետևանքները՝ անկախ գործի ելքով շահագրգռված լինելու հանգամանքից:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ դիմելով դատարան՝ Կարինե Գասպարյանը պահանջել է նաև անվավեր ճանաչել Կազմակերպության տնօրենի 08.01.2021 թվականի թիվ 2 և թիվ 3, 18.01.2021 թվականի թիվ «4»-Ա հրամանները:
Մինչ վճռաբեկ բողոքի հիմնավորումներին անդրադառնալը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Կազմակերպությունը Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործատուի թվով երկու՝ 08.01.2021 թվականի թիվ 3 և 18.01.2021 թվականի թիվ «4»-Ա հրամանների մասով:
Անդրադառնալով 08.01.2021 թվականի թիվ 3 հրամանի իրավաչափությանը՝ Դատարանն արձանագրել է, որ «նշված հրամանով հայցվորի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն, այն փաստական հիմքով, որ 10.12.2020 թվականին դպրոցի առաջին հարկի միջանցքում անպարկեշտ արտահայտություններ և վիրավորական խոսքեր է հնչեցրել դպրոցի տնօրենի հասցեին մանկավարժների և աշակերտների ներկայությամբ: (...) պատասխանողի կողմից չեն ներկայացվել 10.12.2020 թվականին վերոնշյալ դեպքը տեղի ունենալու փաստը հաստատող բավարար ապացույցներ, պատասխանողի կողմից ի հավաստումն թիվ 3 հրամանի իրավաչափության ներկայացվել են «Արձանագրություն 3» վերտառությամբ փաստաթուղթը, որի համաձայն՝ 10.12.2020թ., ժամը՝ 11:15-ին, տնօրեն Ա.Պողոսյանը դպրոցի առաջին հարկում դասաժամ անցկացնելիս միջանցքից լսել է փոխտնօրեն Կ.Գասպարյանի ձայնը, ով, տեսնելով, որ դպրոցի մեկուսարանից հանվել են աշակերտական սեղաններն ու աթոռները, սաստիկ զայրացել և բղավել է: Նույն արձանագրության համաձայն՝ տնօրեն Ա.Պողոսյանը, լսելով ձայները, դուրս եկավ միջանցք, իսկ Կ.Գասպարյանը, տեսնելով վերջինիս, մոտեցավ և հարձակվեց տնօրենի վրա՝ հրելով և վիրավորական արտահայտություններ կատարելով նրա նկատմամբ, ինչին ականատես դարձան դպրոցի այլ աշխատակիցներ և աշակերտներ: Դատարանը, ուսումնասիրելով վերոնշյալ արձանագրությունը, ինչպես նաև նշված արձանագրության վերաբերյալ վկաների ցուցմունքները, արձանագրում է, որ դրանք չեն հանդիսանում 10.12.2020թ. վերոնշյալ դեպքը տեղի ունենալու փաստը հաստատող արժանահավատ ապացույց, նկատի ունենալով, որ վկաների կողմից տրվել են հակասական ցուցմունքներ նշված օրը հայցվորի և տնօրենի միջև վիճաբանությունը տեղի ունենալու փաստի, ինչպես նաև «Արձանագրություն 3» վերտառությամբ փաստաթղթի բովանդակության և կազմման վերաբերյալ: Միաժամանակ, Դատարանը հարկ է համարում նշել, որ վկա Արմինե Ծատուրյանի ցուցմունքը չի դիտում որպես սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը հաստատող արժանահավատ ապացույց, քանի որ վերջինիս հարցաքննելիս, ինչպես նաև նրա ցուցմունքը մյուս վկաների տված ցուցմունքների հետ համադրելիս պարզվեց, որ Արմինե Ծատուրյանը հայցվորի հետ գտնվում է լարված հարաբերությունների մեջ և ակնհայտ բացասական վերաբերմունք է դրսևորում հայցվորի նկատմամբ, ուստի վերջինիս հայտնած տվյալները չեն կարող լինել օբյեկտիվ»:
Անդրադառնալով 18.01.2021 թվականի թիվ «4»-Ա հրամանի իրավաչափությանը՝ Դատարանը, արձանագրելով, որ «նշված հրամանով հայցվորի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն, այն փաստական հիմքով, որ վերջինս անթույլատրելի գրագրություններ է կատարել ջերմաչափման մատյանում: (...) հրամանը կայացնելիս հաշվի է առնվել նաև չմարված այլ կարգապահական տույժերի առկայությունը», քննության է առել թիվ «4»-Ա հրամանի կապակցությամբ հայցվորի կողմից խախտման վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորությունն ապահովված լինելու հարցը:
Մասնավորապես Դատարանն արձանագրել է, որ «տնօրեն Ա.Պողոսյանի՝ նույն դպրոցի փոխտնօրեն և մաթեմատիկա առարկայի ուսուցչուհի Կարինե Գասպարյանին հասցեագրված 08.01.2021թ. գրավոր բացատրություն ներկայացնելու վերաբերյալ պահանջի համաձայն՝ վերջինիցս պահանջվել է տվյալ գրությունը ստանալու պահից եռօրյա ժամկետում գրավոր կերպով ներկայացնել բացատրություն՝ դպրոցի աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանում անթույլատրելի գրառումներ կատարելու մասին: (...) Կարինե Գասպարյանի՝ (...) տնօրեն Ա.Պողոսյանին հասցեագրված գրության համաձայն՝ 08.01.2021թ. գրավոր բացատրություն ներկայացնելու վերաբերյալ պահանջի կապակցությամբ վերջինիս հայտնվել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պահանջագրում նշված չէ, թե որոնք են հանդիսանում ջերմաչափման մատյանում կատարված անթույլատրելի գրառումները, ուստի բացատրություն տալու համար անհրաժեշտ է նշել, թե որ գրառումներն են հանդիսանում անթույլատրելի և ինչպիսի գրառումների մասին է խոսքը: Հայցվորի վերոնշյալ հարցադրումը՝ «անհրաժեշտ է նշել, թե որ գրառումներն են հանդիսանում անթույլատրելի և ինչպիսի գրառումների մասին է խոսքը», պատասխանողը թողել է անպատասխան՝ 18.01.2021թ. կայացնելով վերոնշյալ հրամանը», «տվյալ դեպքում պատասխանողը, վերոնշյալ գրությամբ, հայցվորին առաջադրած բացատրություն տալու պահանջը ձևակերպել է վերացական, ոչ հստակ, որպիսի պայմաններում հայցվորն իրավաչափորեն խնդրել է կատարել հստակեցում, ինչն անտեսվել է պատասխանողի կողմից՝ փաստացի առանց հայցվորի դիրքորոշման կայացնելով վիճարկվող հրամանը, որպիսի պայմաններում Դատարանը գտնում է, որ նշված հրամանը կայացնելիս պատասխանողի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի պահանջը պահպանվել է միայն ձևական առումով՝ խախտելով նշված իրավակարգավորման նպատակային և գործառնական նշանակությունը»:
Վերոշարադրյալ պատճառաբանություններով Դատարանը 13․05․2022 թվականին վճռել է, ի թիվս այլնի, անվավեր ճանաչել Կազմակերպության տնօրենի 08.01.2021 թվականի թիվ 3 և 18.01.2021 թվականի թիվ «4»-Ա հրամանները:
Միաժամանակ Դատարանը, նկատի ունենալով, որ իր կողմից արձանագրված իրավական և փաստական հիմքերը բավարար են վիճարկվող անհատական իրավական ակտերն անվավեր ճանաչելու համար, հայցվորի մյուս փաստարկներին չի անդրադարձել:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով 08.01.2021 թվականի թիվ 3 հրամանն անվավեր ճանաչելու վերաբերյալ Դատարանի եզրահանգման իրավաչափությանը, արձանագրել է, որ «տնօրեն Ա.Պողոսյանի՝ (...) 08.01.2021թ. թիվ 3 հրամանի համաձայն՝ (...) հիմք ընդունելով այն, որ (...) Կարինե Գասպարյանը թույլ է տվել աշխատանքային կարգապահության խախտում, այն է՝ 10.12.2020 թվականին դպրոցի առաջին հարկի միջանցքում անպարկեշտ արտահայտություններ և վիրավորական խոսքեր է հնչեցրել դպրոցի տնօրենի հասցեին մանկավարժների և աշակերտների ներկայությամբ, վերջինիս նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն: Որպես վկայակոչած փաստը հաստատող ապացույցներ՝ ներկայացվել է աշխատակիցների կողմից կազմված, Ա.Պողոսյանի, Ա.Ծատուրյանի, Ս.Ստեփանյանի, Ա.Զաքարյանի կողմից ստորագրված, «Արձանագրություն 3» վերտառությամբ փաստաթուղթը, (...): Որպես վկա հարցաքննված Աղավնի Զաքարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ հայցվորի և տնօրենի միջև վիճաբանություն է եղել, որին ականատես են եղել նաև աշակերտները, որի մասին կազմվել է արձանագրություն: Հայտնել է, որ հայցվորն իրեն հարցրել է, թե ինչու է ստորագրել արձանագրությունը և ասել, որ պետք է հայտնի, որ չի լսել վիճաբանությունը։ Վկա Գևորգ Գևորգյանը ցուցմունք է տվել այն մասին, որ նախկին տնօրենը խնդրել է օգնել տեղափոխումը կատարել, իսկ հաջորդ օրը դպրոցի նոր տնօրենն ասել է, որ դա մեկուսարան է և աթոռները և սեղանները նորից տեղափոխեն: Հայտնել է, որ հայցվորն իրեն խնդրել է, որ ուշադիր լինի, որ երեխաները չփախնեն և, որ այդ ընթացքում ոչ մի վեճ չի եղել: Վկա Սուսաննա Ստեփանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ դեկտեմբեր ամսվա վերջին՝ առավոտյան ժամը 08:00-ին, մտել է դպրոց և տեսել է, թե ինչպես է հայցվորը դուրս եկել միջանցք և հայհոյել տնօրենին։ Վկա Արմինե Ծատուրյանը ցուցմունք է տվել այն մասին, որ դեկտեմբերի 10-ին հայցվորը զայրացած ասել է, որ այդտեղ չի կարող լինել մեկուսարան, տնօրենի օձիքից բռնել և վիճաբանել, ինչին ներկա էր նաև դպրոցի մաքրուհին: Վերաքննիչ դատարանն ուսումնասիրելով նշված ապացույցները, հետազոտելով վկաներ Սուսաննա Ստեփանյանի և Աղավնի Զաքարյանի ցուցմունքները, գտնում է, որ դրանցով չի ապացուցվում, թե հայցվորի կողմից տնօրենի հասցեին ինչ արտահայտություններ են հնչեցվել, վկաներից յուրաքանչյուրը փաստարկում է միայն, որ հնչեցվել են վիրավորական բնույթի արտահայտություններ, սակայն թե ինչպիսի արտահայտություններ են եղել դրանք, չեն հստակեցվում, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը ևս զրկված է դրանց՝ վիրավորական բնույթի լինել կամ չլինելու հարցը պարզելու հնարավորությունից։ Այլ կերպ ասած՝ ներկայացված արձանագրությամբ և վկաների ցուցմունքներով, այդ թվում՝ բողոքաբերի կողմից վկայակոչած Սուսաննա Ստեփանյանի և Աղավնի Զաքարյանի ցուցմունքներով, չի հաստատվում, որ հայցվորը տնօրենի հասցեին հնչեցրել է այնպիսի արտահայտություններ, որոնք վիրավորական կամ զրպարտչական բնույթի են»:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով 18.01.2021 թվականի թիվ «4»-Ա հրամանն անվավեր ճանաչելու վերաբերյալ Դատարանի եզրահանգման իրավաչափությանը, արձանագրել է, որ «Գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ թիվ «4»-Ա հրամանն արձակվել է 18.01.2021 թվականին։ Մինչ այդ տնօրեն Ա.Պողոսյանի՝ նույն դպրոցի փոխտնօրեն և մաթեմատիկա առարկայի ուսուցչուհի Կարինե Գասպարյանին հասցեագրված 08.01.2021թ. գրավոր բացատրություն ներկայացնելու վերաբերյալ պահանջի համաձայն՝ վերջինիցս պահանջվել է տվյալ գրությունը ստանալու պահից եռօրյա ժամկետում գրավոր կերպով ներկայացնել բացատրություն՝ թիվ 144 հիմնական դպրոցի աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանում անթույլատրելի գրառումներ կատարելու մասին: Նշված պահանջը Կարինե Գասպարյանը ստացել է 21․01․2021 թվականին (հատոր 3-րդ, գ․ թ․ 60) և ի պատասխան՝ հայտնել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պահանջագրում նշված չէ, թե որոնք են հանդիսանում ջերմաչափման մատյանում կատարված անթույլատրելի գրառումները, ուստի բացատրություն տալու համար անհրաժեշտ է նշել, թե որ գրառումներն են հանդիսանում անթույլատրելի և ինչպիսի գրառումների մասին է խոսքը: Մինչդեռ Գործատուն առանց սպասելու գրավոր բացատրության 18.01.2021 թվականին կայացրել է կարգապահական տույժ կիրառելու մասին հրաման՝ խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը»:
Արդյունքում Վերաքննիչ դատարանը թիվ 3 և թիվ «4»-Ա հրամանների մասով 04.11.2022 թվականի որոշմամբ մերժել է Կազմակերպության վերաքննիչ բողոքը՝ այդ մասերով Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ։
Վկայակոչված պատճառաբանություններից հետևում է, որ ստորադաս դատարանները քննարկվող հրամանների մասով հայցը բավարարելիս և վճիռն անփոփոխ թողնելիս հիմք են ընդունել այն, որ՝
- գործում առկա ապացույցներով չի հիմնավորվում 08.01.2021 թվականի թիվ 3 հրամանի հիմքում ընկած՝ հայցվոր Կարինե Գասպարյանի կողմից տնօրենի հասցեին վիրավորական արտահայտություններ կատարելու փաստը,
- մինչ 18.01.2021 թվականի թիվ «4»-Ա հրամանն ընդունելը չի ապահովվել գրավոր բացատրություն ներկայացնելու հայցվոր Կարինե Գասպարյանի իրավունքը:
Վերոգրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
- 08.01.2021 թվականի թիվ 3 հրամանի իրավաչափության մասով․
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող թիվ 10-րդ փաստից հետևում է, որ 08.01.2021 թվականի թիվ 3 հրամանով Կարինե Գասպարյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը՝ հիմք ընդունելով այն, որ վերջինս 10.12.2020 թվականին դպրոցի առաջին հարկի միջանցքում ուսուցիչների և աշակերտների ներկայությամբ տնօրենի հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ ու վիրավորական խոսքեր:
Վճռաբեկ դատարանը, համակցությամբ գնահատելով «Արձանագրություն 1» և «Արձանագրություն 3» վերտառությամբ փաստաթղթերը, դրանց բովանդակությունը, դրանք ստորագրած ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված վկաների ցուցմունքները (տե՛ս 2-9-րդ փաստերը), եզրահանգում է, որ վկայակոչված ապացույցներն իրենց համակցությամբ բավարար են հիմնավորելու այն փաստը, որ Կարինե Գասպարյանի նախաձեռնությամբ դասասենյակներից մեկի գույքը տեղափոխվել է, այնուհետև տնօրենի կարգադրությամբ վերադարձվել է նախկին վայր, ինչի կապակցությամբ 10.12.2020 թվականին Կարինե Գասպարյանի և տնօրենի միջև վեճ է ծագել (սույն գործով հայցվորի կողմից վիճարկվող թիվ 2 հրամանով հայցվորի նկատմամբ կարգապահական տույժը կիրառվել է հենց այն հիմքով, որ վերջինս կազմակերպության մեկուսարանը վերացրել է: Ընդ որում, Վերաքննիչ դատարանի վիճարկվող որոշմամբ թիվ 2 հրամանն իրավաչափ է ճանաչվել, և այդ մասով հայցը մերժվել է, այդ մասով Վերաքննիչ դատարանի որոշումը չի բողոքարկվել):
Տնօրենի հասցեին հնչեցված որոշակի արտահայտություններ արձանագրվել են «Արձանագրություն 3» վերտառությամբ փաստաթղթում և վկաների ցուցմունքներում (պոռնիկ, բոզ, փչացած, գող, անբարոյական): Մինչդեռ ո՛չ Դատարանը, ո՛չ Վերաքննիչ դատարանը «Արձանագրություն 3» վերտառությամբ փաստաթղթի բովանդակությունը, ինչպես նաև վկաներ Սուսաննա Ստեփանյանի, Արմինե Ծատուրյանի և Աղավնի Զաքարյանի ցուցմունքներն այն մասով, որով արձանագրված են որոշակի արտահայտություններ, իրենց ամբողջության մեջ, առանց բովանդակային կրճատումների, առհասարակ հետազոտման ու գնահատման առարկա չեն դարձրել, քննության առարկա չեն դարձրել արտահայտությունների բնույթը, ավելին՝ գրավոր ապացույցները և վկաների ցուցմունքները չեն համադրել միմյանց հետ: Այսինքն՝ Դատարանն ինչպես գրավոր ապացույցները, այնպես էլ վկաների ցուցմունքները բազմակողմանի և լրիվ չի հետազոտել, այլ ապացույցների հետ համակցությամբ բավարարության տեսանկյունից չի գնահատել, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերաքննիչ դատարանը, եզրահանգելով, որ գործում առկա ապացույցներով չի ապացուցվում, թե հայցվորի կողմից տնօրենի հասցեին ինչ արտահայտություններ են հնչեցվել, հաշվի չի առել, որ առնվազն գործում առկա գրավոր փաստաթղթով և թվով երեք վկաների ցուցմունքներով հիմնավորվում են արտահայտությունների որոշակիությունն ու հստակությունը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ վկա Արմինե Ծատուրյանի ցուցմունքը ոչ արժանահավատ լինելու վերաբերյալ Դատարանի հետևության հիմքում դրվել է բացառապես վկայի և հայցվոր Կարինե Գասպարյանի լարված հարաբերությունների վերաբերյալ Դատարանի գնահատողական դատողությունը՝ անտեսելով, որ վկան նախազգուշացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հակառակը հիմնավորող ապացույցների բացակայության պայմաններում միայն հարաբերությունների ենթադրական լարված բնույթը չէր կարող բավարար լինել վկայի ցուցմունքը ոչ արժանահավատ գնահատելու համար:
Արդյունքում Վերաքննիչ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու ուղղությամբ լրիվ և բազմակողմանի քննություն չի իրականացրել, գործում առկա ապացույցների՝ միմյանց հակասելու, դրանցով արտահայտությունների վիրավորական բնույթը չհիմնավորվելու վերաբերյալ իր հետևություններն արել է՝ առանց գործում առկա ապացույցները լրիվ, բազմակողմանի ու օբյեկտիվ հետազոտելու, դրանք իրենց համակցությամբ գնահատելու:
Նման պայմաններում 08.01.2021 թվականի թիվ 3 հրամանի մասով անհրաժեշտ է իրականացնել գործի նոր քննություն:
- 18.01.2021 թվականի թիվ «4»-Ա հրամանի իրավաչափության մասով․
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող թիվ 13-րդ փաստից հետևում է, որ Կարինե Գասպարյանի՝ որպես աշխատողի նկատմամբ կարգապահական տույժը կիրառվել է՝ նկատի ունենալով ջերմաչափման մատյանում անթույլատրելի գրագրություններ կատարելու, նախորդիվ կարգապահական տույժեր ունենալու, գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում առանց հարգելի պատճառի գրավոր բացատրություն չներկայացնելու հանգամանքները:
Թիվ 11-րդ փաստից հետևում է, որ թիվ «4»-Ա հրամանում նկարագրված արարքի՝ ջերմաչափման մատյանում անթույլատրելի գրագրություններ կատարելու վերաբերյալ Կարինե Գասպարյանից պահանջվել է գրավոր բացատրություն և այն ներկայացնելու համար տրամադրվել է ստանալու պահից եռօրյա ժամկետ: Գրավոր բացատրություն ներկայացնելու գործատուի պահանջը Կարինե Գասպարյանն ստացել է 11.01.2021 թվականին:
Թիվ 12-րդ փաստից հետևում է, որ թիվ «4»-Ա հրամանն ընդունվել է 18.01.2021 թվականին, այսինքն՝ գործատուի տրամադրած եռօրյա ժամկետն ավարտվելուց հետո: Միաժամանակ 11.01.2021 թվականից մինչև 18.01.2021 թվականը գործատուին գրավոր բացատրություն ներկայացված լինելու փաստը հավաստող ապացույց գործում առկա չէ. նման փաստ չի արձանագրվել նաև ստորադաս դատարանների կողմից: Ավելին՝ նշված ժամկետում (11.01.2021 թվականից մինչև 18.01.2021 թվականը) Կարինե Գասպարյանի կողմից գրավոր բացատրություն ներկայացված չլինելու մասին հնարավոր է հետևություն անել ինչպես Կարինե Գասպարյանի գրության բովանդակությունից («որպեսզի իմ կողմից հնարավոր լինի բացատրություն ներկայացնել», տե՛ս փաստ 12), այնպես էլ ստորադաս դատարանների պատճառաբանություններից, որոնցով վերջիններս անուղղակիորեն արձանագրել են գործատուի սահմանած ժամկետում գրավոր բացատրություն ներկայացված չլինելու հանգամանքը: Մասնավորապես՝ ստորադաս դատարանները եզրահանգել են, որ կարգապահական տույժը կիրառվել է առանց սպասելու գրավոր բացատրության, փաստացի առանց հայցվորի դիրքորոշման, որպիսի հետևության համար ստորադաս դատարանները հիմք են ընդունել Կարինե Գասպարյանի կողմից տնօրենին հասցեագրված գրության բովանդակությունը, որով գրավոր բացատրություն ներկայացնելու համար վերջինս կարևորել է անթույլատրելի գրառումները գործատուի կողմից մատնանշելու անհրաժեշտությունը:
Անդրադառնալով նշված անթվակիր գրությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախ՝ նկատի ունենալով, որ գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում առանց հարգելի պատճառի գրավոր բացատրություն չներկայացնելու դեպքում կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մաս), կարելի է եզրակացնել, որ կարգապահական տույժը չի կարող կիրառվել այն դեպքում, երբ բացատրությունը չի ներկայացվել հարգելի պատճառով: Այդուհանդերձ, նույնիսկ հարգելի պատճառները պետք է ներկայացվեն գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում: Այսինքն՝ գրավոր բացատրություն չներկայացնելու պատճառների հարգելիությունը ենթակա է գնահատման՝ հիմք ընդունելով գործատուի սահմանած ողջամիտ ժամկետը:
Սույն գործի քննության ընթացքում ստորադաս դատարանները Կարինե Գասպարյանի կողմից գրավոր բացատրություն ներկայացնելու համար որոշակի հարցերի վերաբերյալ գործատուի կողմից պարզաբանում ստանալու անհրաժեշտությունը համարել են հիմնավորված և բավարար՝ գրավոր բացատրություն ներկայացնելու աշխատողի իրավունքն ապահովված չլինելու փաստն արձանագրելու համար: Սակայն ստորադաս դատարաններն անտեսել են, որ գործատուն չի կրում նման պարզաբանում ներկայացնելու պարտականություն և իրավասու է բացատրություն տալու համար նախատեսված ժամկետը լրանալուց հետո այն ներկայացված չլինելը դիտարկել որպես դրա բացակայություն ու գնահատել կարգապահական տույժի կիրառման շրջանակում։ Այդուհանդերձ, եթե նույնիսկ սույն գործի փաստերի հաշվառմամբ աշխատողի կողմից առաջադրված հարցադրումները և գործատուի կողմից դրանց արձագանքելն անհրաժեշտ են եղել գրավոր բացատրություն ներկայացնելու համար, ապա այդպիսի անհրաժեշտությունը նույնպես պետք է գնահատվեր գործատուի սահմանած ողջամիտ ժամկետը պահպանելու տեսանկյունից:
Տվյալ դեպքում պարզաբանում պահանջող գրությունից հետևում է, որ աշխատողի գնահատմամբ անթույլատրելի գրառումները բացակայել են և վերջինս գործատուի սահմանած ժամկետն ավարտվելուց հետո նրան խնդրել է մատնանշել՝ որոնք են դրանք։ Գրության բովանդակությունը բավարար հիմք է գնահատելու, որ աշխատողի՝ բացատրություն ներկայացնելու իրավունքն ապահովվել է գործատուի կողմից, ինչպես նաև բավարար հիմք է հանդիսացել կարգապահական խախտման վերաբերյալ աշխատողի վերաբերմունքը, այդ թվում՝ կարգապահական տույժի կիրառման համար օրենքով սահմանված պահանջները գնահատելու համար։ Մինչդեռ Դատարանն արձանագրել է միայն, որ հրամանն ընդունվել է՝ առանց Կարինե Գասպարյանի գրավոր բացատրությանը սպասելու, իսկ Վերաքննիչ դատարանը նշել է, որ գրավոր բացատրություն ներկայացնելու գործատուի պահանջը Կարինե Գասպարյանն ստացել է 21.01.2021 թվականին այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերի և հայցվորի դիրքորոշման համաձայն՝ նշված պահանջն ստացվել է 11.01.2021 թվականին: Հետևաբար անհասկանալի է, թե Վերաքննիչ դատարանն ինչ փաստական տվյալի հիման վրա է հանգել գրավոր բացատրություն ներկայացնելու աշխատողի իրավունքն ապահովված չլինելու հետևության:
Արդյունքում ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել գրավոր ապացույցի բովանդակությունը, չեն բացահայտել գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողի կողմից պարտադիր և բարեխիղճ վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալու պատճառների հարգելիությունը:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ «4»-Ա հրամանի իրավաչափության մասով նույնպես անհրաժեշտ է իրականացնել գործի նոր քննություն: Գործի նոր քննության ժամանակ ստորադաս դատարանը պետք է քննության առարկա դարձնի նաև թիվ «4»-Ա հրամանի իրավաչափության վերաբերյալ հայցվորի մյուս փաստարկները (հրամանի հիմքում ընկած արարքի վերաբերյալ):
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոգրյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 04.11.2022 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի հանգամանքները պարզելու և գործում առկա ապացույցները լրիվ, բազմակողմանի ու իրենց համակցությամբ հետազոտելու և գնահատելու նպատակով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի 04.11.2022 թվականի որոշումը մասնակիորեն (վճիռը՝ «Երևանի համար 144 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի 08.01.2021թ. թիվ 3 հրամանը և 18.01.2021թ. թիվ «4»-Ա հրամանն անվավեր ճանաչելու, «Երևանի համար 144 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ից հօգուտ Կարինե Գասպարյանի 100.000՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու մասերով անփոփոխ թողնելու և «Երևանի համար 144 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի 12.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար» բռնագանձելու մասով բեկանելու և փոփոխելու՝ «Պատասխանող «Երևանի համար 144 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի 8 000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար» բռնագանձելու մասերով) բեկանելու ու գործը համապատասխան ստորադաս՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ բեկանված մասերով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ բեկանված մասերով սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2022 թվականի որոշումը մասնակիորեն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.05.2022 թվականի վճիռը՝ «Երևանի համար 144 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի 08.01.2021 թվականի թիվ 3 հրամանը և 18.01.2021 թվականի թիվ «4»-Ա հրամանն անվավեր ճանաչելու մասերով անփոփոխ թողնելու մասերով, բեկանել, և գործն այդ մասերով ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2022 թվականի որոշումը՝ մնացած մասերով, թողնել օրինական ուժի մեջ։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Գ. հակոբյան |
Զեկուցող |
Ա. Մկրտչյան |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | |
ս. ՄեղրՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունիսի 2024 թվական: