ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0676/06/18 | ||
Գործ թիվ ԵԴ/0676/06/18 |
|||
|
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի | |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ՝ |
Մ. ԱՎԱԳՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ՝ դատախազ` |
Վ. ՍարգսՅԱՆԻ |
|
քննիչ՝ |
վ. Ավետիսյանի |
|
պաշտպաններ` |
Մ. ՀակոբՅԱՆԻ Ա. ՀարությունՅԱՆԻ |
2018 թվականի նոյեմբերի 15-ին |
ք. Երևանում |
դռնփակ դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հուլիսի 20-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2017 թվականի հունիսի 26-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 58157917 քրեական գործը:
2018 թվականի հունիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում թիվ 58157917 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 59103718 քրեական գործը, որն անջատվել է առանձին վարույթում:
2018 թվականի հունիսի 25-ին Վաչագան Ղազարյանը արգելանքի է վերցվել և ձերբակալվել:
Նույն օրը քրեական գործն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նախաքննությունը շարունակելու նպատակով:
Նախաքննության մարմնի` 2018 թվականի հունիսի 27-ի որոշմամբ Վաչագան Ղազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի հունիսի 28-ի որոշմամբ մեղադրյալ Վ.Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով: Նույն որոշմամբ մերժվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը:
3. Մեղադրյալ Վ.Ղազարյանի պաշտպան Մ.Հակոբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հունիսի 28-ի որոշումը մասնակիորեն բեկանել է, և մեղադրյալ Վ.Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը` 1.000.000.000 (մեկ միլիարդ) ՀՀ դրամի չափով:
4. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հուլիսի 20-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել մեղադրյալ Վ.Ղազարյանի պաշտպան Մ.Հակոբյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը:
Մեղադրյալ Վ.Ղազարյանի պաշտպան Մ.Հակոբյանը ներկայացրել է նաև վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:
Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի օգոստոսի 29-ի որոշումներով պաշտպան Մ.Հակոբյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, իսկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Վ.Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքն ունի հետևյալ բովանդակությունը. «(…) [Վ.Ղազարյանը,] հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր` 2017 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում և 2018 թվականի մայիսի 17-ին պաշտոնից ազատվելուց հետո պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում ապօրինի հարստացել է` Վաչագան Ղազարյանի գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով:
Այսպես. Վաչագան Ղազարյանը, 2008 թվականի հունիսի 19-ից 2018 թվականի մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, 2018 թվականի մայիսի 21-ին ՀՀ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր` 2017 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես և 2014, 2015, 2016, 2017 թվականներին, անփոփոխ հայտարարագրել է 11.000.000 ՀՀ դրամ, 9.500 ԱՄՆ դոլար և 12.500 եվրո դրամական միջոցներ: Որպես եկամտի միակ աղբյուր` Վաչագան Ղազարյանն իր հայտարարագրում նշել է աշխատանքի վարձատրության դիմաց ստացած 8.327.616 ՀՀ դրամը:
2018 թվականի մայիսի 17-ին հիշյալ պաշտոնից ազատվելուց հետո Վաչագան Ղազարյանը 2018 թվականի մայիսի 29-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիր, որում անփոփոխ կերպով հայտարարագրել է 11.000.000 ՀՀ դրամ, 9.500 ԱՄՆ դոլար և 12.500 եվրո դրամական միջոցներ:
2018 թվականի հունիսի 20-ին Վաչագան Ղազարյանի` Երևան քաղաքի Տերյան փողոցի 66-րդ շենքի 62-րդ բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է 35.000.000 ՀՀ դրամ, 1.110.400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, իսկ վերջինիս պատկանող ավտոտնակում հունիսի 21-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է 2.000 ԱՄՆ դոլար:
2018 թվականի հունիսի 25-ին Վաչագան Ղազարյանը Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի 13 հասցեում գտնվող «Արդշինբանկ» ՓԲ ընկերության իր հաշվեհամարից կանխիկացրել է 50.000 ԱՄՆ դոլար, իսկ Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից` 120.000 ԱՄՆ դոլար և 436.000.000 ՀՀ դրամ, որից անմիջապես հետո բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որտեղ նշված գումարները հայտնաբերվել և առգրավվել են:
Այսպիսով, Վաչագան Ղազարյանն իր` 2017 թվականի գույքի, եկամուտների, և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա` 2018 թվականի մայիսի 17-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով` 1.000.000 դրամը գերազանցող գույքի` 460.000.000 ՀՀ դրամի, 615.268.944 ՀՀ դրամին համարժեք` 1.272.900 ԱՄՆ դոլարի և 124.371.180 ՀՀ դրամին համարժեք` 218.000 եվրոյի չհայտարարագրմանը, և հաշվետու ժամակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, հետևաբար` վերջինս ապօրինի հարստացել է (…)»1:
6. Առաջին ատյանի դատարանը, բավարարելով կալանավորման միջնորդությունը և միևնույն ժամանակ մերժելով որպես խափանման միջոց գրավ կիրառելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը, ի թիվս այլնի, փաստել է. «(…) Դատարանի համար դատավարության տվյալ փուլում արձանագրված փաստական տվյալներն ու տեղեկությունները ողջամտորեն բավարար են հիմնավորված համարելու Վ.Ղազարյանի առնչությունն իրեն ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող ենթադրյալ հանցագործություններին, որոնք դասվում են դիտավորությամբ կատարված, համապատասխանաբար, ծանր [և] միջին ծանրության հանցագործությունների շարքին:
(…) [Ա]ռկա է հիմնավոր կասկածն առ այն, որ մեղադրյալ Վ.Ղազարյանն առնչվում է կատարված դեպքերին, քրեական գործի մեղադրանքին, փաստական հանգամանքներին, մեղսագրվող ենթադրյալ հանցագործություններին:
[Առաջին ատյանի դատարանը] որպես այդպիսի փաստական տվյալներ է դիտարկում սույն որոշման [մեջ] թվարկված ապացույցները և համոզմունք հայտնում, որ դրանք քրեական վարույթի տվյալ փուլում բավարար չափով հիմնավորում են Վ.Ղազարյանի առնչությունը` հիմնավոր կասկածը ենթադրյալ հանցագործությունների դեպքերին:
(…)
Անդրադառնալով մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերին` [Առաջին ատյանի դատարանը] գտնում է, որ տվյալ դեպքում Վ.Ղազարյանին վերագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը նույնպես ունեն էական նշանակություն նրա հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում, նկատի ունենալով, որ մեղսագրվող հանցանքների համար նախատեսված պատժի խստության հանգամանքը հիմք է տալիս ենթադրություն անել, որ նա, ազատության մեջ մնալով, կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից:
[Առաջին ատյանի դատարանը] գտնում է, որ հիմնավոր են վարույթն իրականացնող մարմնի ենթադրություններն այն մասին, որ Վաչագան Ղազարյանի կողմից դրամական խոշոր միջոցներ ունենալու, երկար տարիներ ազգային անվտանգության ծառայությունում բարձր պաշտոններ զբաղեցրած լինելու, ինչպես իրավապահ համակարգում, այնպես էլ այլ ոլորտներում աշխատող անձանց հետ մտերիմ հարաբերություններ ունենալու և դրանք օգտագործելու հանգամանքները ողջամտորեն կասկածի տեղիք են տալիս, որ նա, ազատության մեջ մնալու դեպքում կարող է փախուստի դիմել, թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից:
Միևնույն ժամանակ [Առաջին ատյանի դատարանը] գտնում է, որ հիմնավոր են վարույթն իրականացնող մարմնի ենթադրություններն այն մասին, որ ազատության մեջ մնալով, Վաչագան Ղազարյանը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, մասնավորապես այն անձանց վրա, որոնց հարցաքննություններով կարող են պարզվել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ, մասնավորապես, նրա բնակարանում հայտնաբերված և նրա կողմից կանխիկացված խոշոր գումարների ծագման աղբյուրի վերաբերյալ տվյալները, և որ նման պայմաններում բարձր է հավանականությունը, որ Վաչագան Ղազարյանը, գտնվելով ազատության մեջ, ինտենսիվ գործողություններ կկատարի, որոնք կխոչընդոտեն գործի արդարացի քննությանը, հնարավորություն կունենա կապ հաստատել տարբեր անձանց ու դատավարության այլ մասնակիցների հետ, ծրագրել դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակներ և իրագործել դրանք:
(…)
Նշված պայմաններում [Առաջին ատյանի դատարանը] հանգում է հետևության, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերն ու պայմանները մեղադրյալ Վ.Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար՝ չանտեսելով նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված` վերագրվող արարքի բնույթին ու վտանգավորության աստիճանին, մեղադրյալի անձին վերաբերվող և այլ էական հանգամանքներ:
Միևնույն ժամանակ, քննության առնելով պաշտպանական կողմի միջնորդությունը` գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու և մեղադրյալ Վ.Ղազարյանին գրավով ազատելու վերաբերյալ, լսելով այդ կապակցությամբ Քննիչի կարծիքը, [Առաջին ատյանի դատարանը] գտնում է, որ մեղադրյալի միջնորդությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ:
(…)
Քրեական գործով ձեռք բերված նյութերը, ապացույցները և գործի փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ մեղադրյալի կալանքի տակ չգտնվելու պայմաններում վտանգ կա, որ նա կարող է դիմել փախուստի և թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, հետևաբար կվտանգվի քրեական գործով վարույթի ընթացքում նրա ոչ պատշաճ վարքագիծը կանխելը:
Նշված պատճառաբանությամբ [Առաջին ատյանի դատարանը] հանգում է հետևության, որ մեղադրյալ Վ.Ղազարյանին կալանքից գրավով ազատելը պետք է ճանաչել անթույլատրելի, և պաշտպանի համապատասխան միջնորդությունը ենթակա է մերժման (…)»2:
7. Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, և մեղադրյալի նկատմամբ կիրառելով այլընտրանքային խափանման միջոց գրավը, ի թիվս այլնի, արձանագրել է. «(…) [Ն]երկայացված նյութերով առերևույթ չի հիմնավորվում, և վարույթն իրականացնող մարմինը Վերաքննիչ դատարանին չներկայացրեց որևէ ողջամիտ հիմնավորում, թե Վաչագան Ղազարյանի դրամական միջոցները որ ժամանակահատվածում են ավելացել` մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը, թե դրանից հետո: Ավելին` պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանին ներկայացրեց նաև «Յունիբանկ» ԲԲԸ-ից ստացված բանկային հաշվից քաղվածքը, համաձայն որի` Վաչագան Ղազարյանի հաշվին 2016 թվականի հոկտեմբերի 18-ին կատարվել է դրամային մուտք` 475.000.000 ՀՀ դրամ, որից 237.500.000-ական ՀՀ դրամը նույն օրը երկու անգամ կատարվել է տիպային ավանդ, իսկ 2018 թվականի հունիսի 25-ին կատարվել է դրամային ելք` 436.000.000 ՀՀ դրամ:
Վերոնշյալի համատեքստում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հիմնազուրկ են վարույթն իրականացնող մարմնի այն պնդումները, որ հաշվի առնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածն ուժի մեջ է մտել 2017 թվականի հուլիսի 1-ից, ապա անկախ այն հանգամանքից, թե հայտարարատու պաշտոնատար անձը երբ է ձեռք բերել ենթադրյալ ապօրինի հարստացած գույքը, 2017 թվականի հուլիսի 1-ից հետո վերջինի մոտ օրինական եկամուտները գերազանցող գույք հայտնաբերելու դեպքում նա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի:
Հետևաբար` նման պայմաններում հաշվի առնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածն ուժի մեջ է մտել 2017 թվականի հուլիսի 1-ից, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ներկայացված նյութերում Վաչագան Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքում առկա չեն հիմնավոր կասկածի մասին վկայող բավարար տվյալներ:
Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով Վաչագան Ղազարյանին մեղսագրվող արարքում հիմնավոր կասկածի առկայության հարցին, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը միջնորդության քննարկման ժամանակ բավարար տվյալներ ունեցել է Վաչագան Ղազարյանի առնչությունն իրեն մեղսագրվող նշված հանցագործությանը հաստատված համարելու համար:
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ ներկայացված նյութերից պարզ է դառնում, որ թեև 2018 թվականի ապրիլի 9-ից մեղադրյալն առերևույթ դադարել է հայտարարագիր ներկայացնելու սուբյեկտ լինելուց, սակայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն` հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնավարման ընթացքում հայտարարագրեր են ներկայացնում յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` ոչ ուշ, քան տվյալ տարվա հաջորդող տարվա մարտի 30-ը: Հետևաբար, եթե նույնիսկ վերջինը 2018 թվականի ապրիլի 9-ից հետո հայտարարատու պաշտոնատար անձ չի հանդիսացել, ապա միևնույն է մինչ այդ` 2018 թվականի մարտի 30-ի դրությամբ, նրա վրա դրված է եղել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն:
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ փուլում Վաչագան Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքում առկա են հիմնավոր կասկածի մասին վկայող բավարար տվյալներ:
Այսպիսով` Վերաքննիչ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով հիմնավոր կասկածի առկայությունը հավաստելուց հետո հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված կալանավորման հիմքերի հարցին:
(...)
Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով մեղադրյալին մեղսագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, գտնում է, որ հնարավոր պատժի խստությունն էականորեն բարձրացնում է վերջինի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ներկայացված նյութերով հիմնավորվում է նաև քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը:
Ինչ վերաբերում է, պաշտպանական կողմի այն փաստարկին, որ մեղադրյալ Վաչագան Ղազարյանը ներկայում չի հանդիսանում պաշտոնատար անձ, ինչպես նաև բերման ենթարկելու օրը Վաչագան Ղազարյանին ուղեկցող ՀՀ ՊՊԾ աշխատակիցներն իրենց դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշված փաստարկները թեև նվազեցնում են, սակայն չեն բացառում կալանավորման վերը նշված հիմքերի առկայությունը:
Այնուամենայնիվ, Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով, որ մեղադրյալին առաջադրվել է ծանր և միջին ծանրության ենթադրյալ հանցագործություններ, իսկ վերոգրյալ եզրահանգումների պայմաններում առկա է միայն միջին ծանրության հանցագործության հիմնավոր կասկածը, գտնում է, որ թեև ներկայացված նյութերում առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված` կալանավորման վերը նշված հիմքերը, սակայն, նման պայմաններում դրանք էականորեն նվազել են:
(...)
Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում, երբ առկա է միայն միջին ծանրության հանցանքի հիմնավոր կասկածը, այլընտրանքային երաշխիքն ի զորու է կանխել մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագիծը` նրան ազատ արձակելու դեպքում: Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգումը պայմանավորված է մասնավորապես այն հանգամանքով, որ մեղադրյալ Վաչագան Ղազարյանի անձը հայտնի է, նա ունի մշտական բնակության վայր, նախկինում դատապարտված չի եղել: Միաժամանակ, անդրադառնալով գրավի գումարի չափի հարցին` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ 1.000.000.000 (մեկ միլիարդ) ՀՀ դրամ գրավի վճարման երաշխիքը կարող է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ուստի մեղադրյալին գրավով կալանքից ազատ արձակելը թույլատրելի է: Վերաքննիչ դատարանը գրավի նշված գումարի չափը պայմանավորում է մասնավորապես այն հանգամանքով, որ նախ պաշտպանական կողմն է առաջարկել 20.000.000 ՀՀ դրամից սկսած ցանկացած գրավի գումարի չափ, բացի այդ, մեղադրյալի մոտ հայտնաբերվել է շուրջ 1.199.640.124 ՀՀ դրամին համարժեք գումար:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ մեղադրյալի պատշաճ վարքագիծը` քննությունից չթաքնվելը, ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը կարող է համապատասխան կարգով սահմանափակել վերջինի ելքը Հայաստանի Հանրապետությունից:
(…)»3:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի համոզմամբ` Վերաքննիչ դատարանի որոշմամբ խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 143-րդ, 288-րդ և 358-րդ հոդվածների պահանջները, ինչն ազդել է գործի ելքի վրա:
Ի հիմնավորումն վերոշարադրյալ փաստարկի` բողոքի հեղինակը, վերլուծելով անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` թիվ ԵԿԴ/0678/06/10, թիվ ՏԴ2/0009/06/11, թիվ ԼԴ/0197/06/08, թիվ ԵԿԴ/0503/06/10 և թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումները, նախևառաջ նշել է, որ անհիմն են Վերաքննիչ դատարանի դատողություններն առ այն, որ Վ.Ղազարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության առերևույթ կատարման վերաբերյալ հիմնավոր կասկածը բացակայում է: Մասնավորապես՝ բողոքաբերը վկայակոչել է Վ.Ղազարյանին պատկանող բնակարանում, ավտոտնակում, ինչպես նաև վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները, դրանք համադրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերի հետ և գտել, որ նշված փաստական տվյալների առկայությունը բավարար է դատավարության տվյալ փուլում ենթադրություն անելու, որ մեղադրյալին վերագրված արարքն առերևույթ բովանդակում է ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները:
Անդրադառնալով պաշտպանության կողմի` Վերաքննիչ դատարան ներկայացրած բանկային հաշվի քաղվածքին` բողոք բերած անձը նշել է, որ այդ քաղվածքը չի կարող դիտվել որպես Վ.Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով վերագրված արարքում հիմնավոր կասկածի առերևույթ բացակայության մասին վկայող համեմատաբար ակնհայտ փաստ։ Ավելին, ըստ բողոքաբերի՝ նշված հանգամանքն ամենևին չի փաստում, որ Վ.Ղազարյանին մեղսագրված արարքին տրված իրավական որակումն ակնհայտորեն չի համապատասխանում արարքի փաստական նկարագրությանը կամ մեղադրյալին վերագրված փաստերը հաստատող՝ միջնորդությանը կից ներկայացված նյութերին։ Այս կապակցությամբ բողոքի հեղինակը նշել է, որ եթե անգամ ներկայացված բանկային հաշվից քաղվածքը վկայում է հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներից միայն 475.000.000 ՀՀ դրամի չափով գումարի՝ մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը մեղադրյալ Վ.Ղազարյանի հաշվեհամարին մուտքագրված լինելու մասին, ապա նշված բանկային հաշվից քաղվածքով որևէ պարագայում չի հաստատվում խուզարկություններով հայտնաբերված առանձնապես խոշոր չափի մնացած՝ 1.282.400 ԱՄՆ դոլար և 230.500 եվրո գումարի՝ մեղադրյալի կողմից այդ ժամանակահատվածում ձեռք բերած լինելու հանգամանքը:
8.1. Բացի այդ, բողոքաբերն արձանագրել է, որ քննարկվող քաղվածքը հիմք ընդունելով և դրա հիման վրա հիմնավոր կասկածի բացակայությունն արձանագրելով` Վերաքննիչ դատարանը դուրս է եկել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման վերաքննիչ վերանայման սահմաններից, որպիսի մոտեցումը հակասում է Վճռաբեկ դատարանի` թիվ ՏԴ/0052/06/14 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:
8.2. Վերոգրյալի հետ մեկտեղ բողոք բերած անձը փաստել է, որ ստորադաս դատարանները հաստատված են համարել մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, այդ թվում` դատավարության մասնակիցների վրա հնարավոր անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու և վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը: Դրա համատեքստում բողոքի հեղինակը, ի թիվս այլնի, նշել է, որ հաշվի առնելով մեղադրյալին վերագրվող գործողություններում ոչ միայն միջին ծանրության, այլև ծանր հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` թիվ ԵԱՔԴ/0056/06/14 որոշմամբ արտահայտված համապատասխան իրավական դիրքորոշումները՝ մեղադրյալ Վ.Ղազարյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունն իրավաչափ չէ:
8.3. Բողոքի հեղինակն անդրադարձել է նաև Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, որ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը կարող է համապատասխան կարգով սահմանափակել վերջինի ելքը Հայաստանի Հանրապետությունից: Այդ առնչությամբ մեջբերելով ՀՀ կառավարության՝ 2006 թվականի հունիսի 22-ի թիվ 884-Ն որոշման հավելված 1-ի 5-րդ կետի «թ.» ենթակետը, ըստ որի՝ ՍԷԿՏ համակարգի շահագործման համար անհրաժեշտ տվյալների տրամադրման աղբյուր է քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից «Ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոցը կիրառելու մասին տվյալները` խափանման միջոցը կիրառելու մասին հայտարարման պահին՝ բողոքաբերը փաստել է, որ ընտրված այլընտրանքային խափանման միջոցի` գրավի պայմաններում մեղադրյալ Վ.Ղազարյանի սահմանահատումների նկատմամբ հսկողություն իրականացվել չի կարող, ուստիև Վերաքննիչ դատարանի այդպիսի դատողությունն առնվազն անհիմն է:
8.4. Բողոքաբերը նշել է նաև, որ տեղին չէ վիճարկվող դատական ակտում Վերաքննիչ դատարանի կողմից վարույթն իրականացնող մարմնի հայտարարությանը անդրադարձ կատարելը՝ նկատի ունենալով, որ անկախ վարույթն իրականացնող մարմնի՝ Վերաքննիչ դատարանում արված հայտարարությունից, մեղադրյալ Վ.Ղազարյանին մեղսագրվել է ապօրինի հարստացում ոչ թե մինչև 2017 թվականը, այլ հաշվետու ժամանակահատվածում՝ տվյալ դեպքում 2017 թվականի ընթացքում օրինական եկամուտները գերազանցող գույքի ավելացման համար:
9. Վերոշարադրյալի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը խնդրել է գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և ամբողջությամբ օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի որոշմանը կամ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործը վերադարձնել նույն դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Վ.Ղազարյանի կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության առերևույթ կատարման վերաբերյալ հիմնավոր կասկածը բացակայում է:
11. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
(…)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.
(…)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով uահմանված կարգով.
(…)
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար.
(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն`
«1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և անձնական ազատության իրավունք:
2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով:
3. Կալանավորելը, կալանքի տակ պահելը, բժշկական կամ դաստիարակչական հաստատությունում անձին հարկադրաբար տեղավորելը թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ: Եթե անձն անձնական ազատությունից զրկվել է իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով, և անձին ազատությունից զրկելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:
(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն»:
12. Կալանավորման պայմաններից մեկի` «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» էության և դրա ստուգման սահմանների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է մի շարք իրավական դիրքորոշումներ: Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ Էդգար Եղիազարյանի գործով որոշման շրջանակներում, հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի վրա, ինչպես նաև վերահաստատելով և զարգացնելով իր կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, ընդգծվել են, ի թիվս այլնի, հետևյալ հանգամանքները.
«- հիմնավոր կասկածի բացակայության դեպքում անձի ազատության իրավունքը սահմանափակելն ինքնին ապօրինի է,
- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող` հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումը այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում /մեղադրվում/ է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,
(...)
- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես` կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից (...), ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը: Միևնույն ժամանակ դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնելու կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը: Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում` ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (...),
- հիմնավոր կասկածի հարցը գնահատման ենթարկելիս վճռորոշ նշանակություն կարող են ունենալ այն իրավիճակները, երբ արարքին տրված իրավական որակումը ակնհայտորեն չհամապատասխանի արարքի փաստական նկարագրությանը (կամ անձին վերագրված փաստերը հաստատող` միջնորդությանը կից ներկայացված նյութերին), իսկ արարքի փաստական կողմն առերևույթ վկայի արարքին տրված իրավական որակման համեմատությամբ իր բնույթով առավել նվազ ծանրության ենթադրյալ հանցագործության կատարման մասին (...)»4:
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
ա) Վ.Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր` 2017 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում և 2018 թվականի մայիսի 17-ին պաշտոնից ազատվելուց հետո պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում ապօրինի հարստացել է5:
բ) Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով հիմնավոր կասկածի հարցին, նշել է, որ դատավարության տվյալ փուլում արձանագրված փաստական տվյալներն ու տեղեկությունները ողջամտորեն բավարար են հիմնավորված համարելու Վ.Ղազարյանի առնչությունն իրեն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող ենթադրյալ ծանր և միջին ծանրության հանցագործություններին6:
գ) Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ ներկայացված նյութերում առկա չեն Վ.Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքում հիմնավոր կասկածի մասին վկայող բավարար տվյալներ: Վերոգրյալի հետ մեկտեղ Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով Վ.Ղազարյանին մեղսագրվող արարքում հիմնավոր կասկածի առկայությունը7:
14. Նախորդ, ինչպես նաև սույն որոշման 5-7-րդ կետերում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում շարադրված նորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վ.Ղազարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության առերևույթ կատարման վերաբերյալ հիմնավոր կասկածի բացակայության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:
Այսպես, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ ներկայացված նյութերով առերևույթ չի հիմնավորվում, իսկ վարույթն իրականացնող մարմինը չի ներկայացրել որևէ ողջամիտ հիմնավորում, թե Վ.Ղազարյանի դրամական միջոցները որ ժամանակահատվածում են ավելացել` մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը, թե դրանից հետո8՝ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող` հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն9: Ասվածի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի մոտ խուզարկություններով հայտնաբերված գումարի չափը (471.000.000 ՀՀ դրամ, 1.282.400 դոլար, 230.500 եվրո, ընդհանուր՝ շուրջ մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն ՀՀ դրամ)10 դատավարության տվյալ փուլում արդեն իսկ ինքնին ողջամիտ կասկած է հարուցում առնվազն դրա որոշակի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առաջացման համար բավարար չափի գումարը նաև 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ավելացած լինելու հնարավորության մասին:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի փաստարկին՝ կապված «Յունիբանկ» ԲԲԸ-ից ստացված և դատարան ներկայացված բանկային հաշվից քաղվածքի հետ11, ապա Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ թեև այն կարող է առերևույթ վկայել մեղադրյալի մոտ հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներից 475.000.000 ՀՀ դրամի չափով գումարի՝ մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը մեղադրյալի հաշվեհամարին մուտքագրված լինելու մասին, սակայն այդ փաստաթուղթը որևէ կերպ չի հիմնավորում Վ.Ղազարյանի կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության առերևույթ կատարման վերաբերյալ հիմնավոր կասկածի բացակայությունը: Վերջին դիրքորոշումը Վճռաբեկ դատարանը պայմանավորում է նրանով, որ բանկային հաշվից այդ քաղվածքը կարող է առերևույթ վկայել հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներից (471.000.000 ՀՀ դրամ, 1.282.400 դոլար, 230.500 եվրո) միայն 475.000.000 ՀՀ դրամի, այլ ոչ թե նաև հայտնաբերված մնացյալ գումարի կամ այդ գումարից ապօրինի հարստացման հանցակազմի առաջացման համար բավարար մասի՝ մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը մեղադրյալի հաշվեհամարին մուտքագրված լինելու մասին:
15. Նախորդ կետում արված դատողությունները Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս եզրակացնելու, որ Վ.Ղազարյանի արարքում ապօրինի հարստանալու հանցակազմի հիմնավոր կասկածի բացակայությունը վերը նշված պատճառաբանություններով հերքելն անհիմն է և չի բխում Էդգար Եղիազարյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումներից:
16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. մեղադրյալ Վ.Ղազարյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու հարցում Վերաքննիչ դատարանն արդյոք եկել է իրավաչափ եզրահանգման:
17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը սահմանում են. «1. Գրավը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով: (…)
2. Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից»:
Կալանքը գրավով փոխարինելու հարցը լուծելիս անձին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը պատշաճ գնահատման ենթարկելու անհրաժեշտության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ս.Մարգարյանի գործով որոշման մեջ և ձևավորել հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) [Գ]րավի թույլատրելիության հարցի լուծման ժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ մեղադրյալին վերագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը գնահատելիս դատարանը պետք է գործով ներկայացված տվյալների հիման վրա պարզի մեղադրյալին վերագրվող հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը (…): Այլ խոսքով՝ (…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման հավանականությունը գնահատելիս և, հետևաբար, դրա հիման վրա մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս դատարանը, ի թիվս այլոց, պետք է պատշաճ գնահատման ենթարկի մեղսագրվող արարքի կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը բնութագրող այլ հանգամանքները:
(...) [Վ]երոնշյալ հանգամանքներն էական նշանակություն ունեն մեղադրյալի անձի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար: Ուստի, առանց դրանք գործի նյութերից բխող մյուս տվյալների հետ համադրված վերլուծության և գնահատման ենթարկելու հնարավոր չէ հիմնավորված ենթադրություն անել մեղադրյալի հետագա վարքագծի վերաբերյալ, հետևաբար հնարավոր չէ նաև օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում կայացնել անձի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ»12:
18. Սույն գործի նյութերից երևում է, որ անդրադառնալով մեղադրյալ Վ.Ղազարյանի նկատմամբ գրավի կիրառելիության հարցին՝ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ թեև ներկայացված նյութերում առկա են կալանավորման համապատասխան հիմքերը, սակայն դրանք էականորեն նվազել են, և այլընտրանքային երաշխիքն ի զորու է կանխելու մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագիծը, քանի որ առկա է միայն միջին ծանրության հանցանքի հիմնավոր կասկածը13: Այդ առումով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ելնելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումներից՝ սույն որոշման 14-15-րդ կետերում շարադրված վերլուծությունն ինքնին բավարար է (մեղադրյալին մեղսագրված արարքներից ապօրինի հարստանալը դասվում է ծանր հանցանքների շարքին) անհիմն համարելու Վերաքննիչ դատարանի այդպիսի հետևությունը: Այլ կերպ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ արտահայտման համապատասխան ձևերով ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հավանականության նվազեցումը և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը պայմանավորելն այն հանգամանքով, որ առկա է նրան մեղսագրված ենթադրյալ հանցանքներից միայն միջին ծանրության հանցանքի հիմնավոր կասկածը, արդեն իսկ վկայում է Վերաքննիչ դատարանի եզրահանգման ոչ իրավաչափ լինելու մասին:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված` Վ.Ղազարյանի անձը բնութագրող հանգամանքներին14, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոգրյալի պայմաններում դրանք չեն կարող բավարար լինել մեղադրյալի նկատմամբ գրավի` որպես այլընտրանքային խափանման միջոցի կիրառման համար:
Ասվածի համատեքստում հաշվի առնելով նաև Դ.Վարդանյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումներն առ այն, որ մեղադրյալի կողմից դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով վարույթի պատշաճ ընթացքին խոչընդոտելու վտանգի չեզոքացման գործուն երաշխիք գրավը չի կարող հանդիսանալ15՝ Վճռաբեկ դատարանն եզրակացնում է, որ մեղադրյալ Վ.Ղազարյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու հարցում Վերաքննիչ դատարանը եկել է ոչ իրավաչափ եզրահանգման:
18.1. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ մեղադրյալի պատշաճ վարքագիծը` քննությունից չթաքնվելը, ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը կարող է համապատասխան կարգով սահմանափակել վերջինի ելքը Հայաստանի Հանրապետությունից16, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ այդպիսի դատողությունը հիմնազուրկ է: Այդ առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերի՝ սույն որոշման 8.3.-րդ կետում մատնանշված փաստարկին:
Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 8.1.-րդ կետում բարձրացրած փաստարկին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գոռ Դուրյանի գործով թիվ ՏԴ/0052/06/14 որոշմամբ արտահայտված համապատասխան իրավական դիրքորոշումները տվյալ դեպքում կիրառելի չեն սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ՝ Գոռ Դուրյանի գործով որոշման և սույն գործի փաստերի նույնանման չլինելու պատճառաբանությամբ:
Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից արված և սույն որոշման 8.4.-րդ կետում մատնանշված դատողությանը, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարանը զրկված չէ վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ դատական նիստում արված հայտարարությանը գնահատական տալու հնարավորությունից:
19. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 143-րդ, 288-րդ, 358-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը, հիմնավորված հետևության հանգելով կալանավորման պայմանների և հիմքերի առկայության մասին, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ: Ուստի արդարադատության արդյունավետության շահերից ելնելով` անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հունիսի 28-ի որոշմանը` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված` կալանավորման 2 ամիս ժամկետին պետք է հաշվակցել Վ.Ղազարյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից` 2018 թվականի հունիսի 25-ից մինչև ազատ արձակվելը նրա` անազատության մեջ գտնվելու ժամկետը, իսկ Վերաքննիչ դատարանի դեպոզիտ հաշվին որպես գրավի գումար մուծված 1.000.000.000 (մեկ միլիարդ) ՀՀ դրամը մեղադրյալ Վ.Ղազարյանին կալանքի վերցնելուց հետո վերադարձնել գրավատուին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Վաչագան Ալեքսանդրի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հուլիսի 20-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի հունիսի 28-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սահմանված` կալանավորման 2 ամիս ժամկետին հաշվակցել 2018 թվականի հունիսի 25-ից մինչև ազատ արձակվելը մեղադրյալ Վ.Ղազարյանի` անազատության մեջ գտնվելու ժամկետը:
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվին որպես գրավի գումար մուծված 1.000.000.000 (մեկ միլիարդ) ՀՀ դրամը մեղադրյալ Վ.Ղազարյանին կալանքի վերցնելուց հետո վերադարձնել գրավատուին:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
______________________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 14-16։
2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 93-108։
3 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 125-139։
4 Տե՛ս Էդգար Եղիազարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշման 15-րդ կետը:
5 Մանրամասն տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։
6 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
7 Մանրամասն տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
9 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:
10 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
11 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
12 Տե՛ս Սամվել Մարգարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵԷԴ/0138/06/13 որոշման 14-րդ կետը:
13 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
14 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
15 Տե՛ս Դավիթ Վարդանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԱՔԴ/0056/06/14 որոշման 19-րդ կետը:
16 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
Նախագահող` Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ Դատավորներ` Հ. ԱՍԱՏՐՅԱՆ Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Ե. Դանիելյան Ա. ՊՈՂՈՍՅԱՆ Ս. Օհանյան
Հատուկ կարծիք հայտնած դատավոր՝ |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հոկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|