ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2007 թվականի N 1042-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը:
2. Սույն կարգի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների փոխադրումներ (այսուհետ` ուղևորափոխադրում) իրականացնող կազմակերպությունների, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևերից, և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` փոխադրող) վրա:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին համապատասխան:
II. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) ավտոբուսային երթուղի` փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ ավտոբուսի շարժման համար սահմանված ուղեգիծ.
2) ավտոտաղավար` երթուղու ուղեգծում տեղաբաշխված անբարենպաստ եղանակի ժամանակ ուղևորների պատսպարման և ավտոբուսների սպասման համար նախատեսված կառույց (շինություն).
3) ավտոբուսային կանգառ` ավտոբուսային երթուղու որոշակի հատվածներում (փողոցների կամ ավտոմոբիլային ճանապարհի վրա) ուղևորների նստեցման-իջեցման համար նախատեսված հատուկ բարեկարգված կառույց (շինություն) կամ տարածք.
4) ուղևորահոսք` ուղևորների թիվը, որոնք ժամանակի տվյալ պահին փաստացի երթևեկում են երթուղու տվյալ ուղղությամբ (երթով).
5) ցուցատախտակ` ուղևորների տեղեկացման համար ավտոբուսի վրա տեղադրված` երթուղու մասին տեղեկությունների ցուցանակ:
5. Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացություններն ունեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մեկնաբանված նշանակությունները:
III. ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումները կազմակերպվում են ավտոբուսային երթուղիներով և սպասարկման կանոնավորության հատկանիշով տարաբաժանվում են կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրումների երթուղիների:
7. Ըստ փոխադրումների հեռավորությունների` ավտոբուսային երթուղիները դասակարգվում են ներքաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային երթուղիների:
8. Ըստ վարչատարածքային հատկանիշի` մերձքաղաքային և միջքաղաքային երթուղիները կարող են լինել միջմարզային և ներմարզային:
9. Բնակչության սպասարկման առանձնահատկություններին համապատասխան` կանոնավոր երթուղիներն ըստ աշխատանքային ռեժիմի կարող են լինել`
1) մշտական երթուղիներ, որոնք կազմակերպվում են օրվա, շաբաթվա և ամիսների համար սահմանված հաստատուն ժամանակահատվածում.
2) լրացուցիչ երթուղիներ, որոնք կազմակերպվում են օրվա որոշակի ժամանակահատվածի համար, որպես կանոն, երթևեկության ծանրաբեռնված ժամերին.
3) սեզոնային երթուղիներ, որոնք կազմակերպվում են մշտական երթուղիների առանձնահատկություններին համապատասխան` տարվա առանձին ժամանակահատվածների համար,
4) ժամանակավոր երթուղիներ, որոնք կազմակերպվում են որոշակի ժամանակահատվածի (սեզոնի, օրվա, շաբաթվա) համար` ճանապարհային ցանցի անկանխատեսելի իրավիճակների, առանձին տեղամասերի, տրանսպորտային հանգույցների և հրապարակների փակման հետևանքով։
10. Ըստ երթևեկության ռեժիմի` երթուղիները կարող են լինել`
1) սովորական երթուղիներ` երթևեկության չվացուցակով նախատեսված բոլոր կանգառներով իրականացվող ուղևորափոխադրումներ.
2) կիսաճեպընթաց երթուղիներ` երթուղու սկզբնակետից մինչև վերջնակետ սահմանափակ կանգառներով (ուղևորների զանգվածային հաճախման կետերում` մեծ թվով աշխատողներ ունեցող կազմակերպությունների մոտ, քաղաքի կենտրոնում, արդյունաբերական հանգույցներում) իրականացվող ուղևորափոխադրումներ,
3) ճեպընթաց երթուղիներ` երթուղու սկզբնակետից մինչև վերջնակետ առանց կանգառների իրականացվող ուղևորափոխադրումներ:
11. Ներքաղաքային ավտոբուսային երթուղային ցանցն ապահովում է քաղաքի համայնքների և արդյունաբերական շրջանների, ինչպես նաև մարզամշակութային, կենցաղային, առողջապահական ու այլ նշանակության օբյեկտների, օդանավակայանների, երկաթուղային, մետրոպոլիտենի կայարանների և ավտոկայարանների (ավտոկայանների), մերձքաղաքային երթուղային ցանցը` քաղաքի և քաղաքամերձ բնակավայրերի, այգեգործական, առողջարանային, հանգստյան գոտիների, զբոսաշրջային գրավչության վայրերի ու զբոսաշրջային կենտրոնների, միջքաղաքայինը` քաղաքների և այլ բնակավայրերի, զբոսաշրջային գրավչության վայրերի ու զբոսաշրջային կենտրոնների միջև ավտոբուսային կապը։
12. Մերձքաղաքային ավտոբուսային երթուղիները պետք է`
1) կազմակերպվեն ուղևորների հարմարավետ և մատչելի սպասարկմամբ.
2) մերձեցված լինեն ուղևորակուտակումների հանգուցային կետերին (երկաթուղային կայարաններին, ավտոկայարաններին (ավտոկայաններին), տոնավաճառներին, քաղաքի շուկաներին, Երևանի մերձքաղաքային երթուղիների համար` Երևանի մետրոպոլիտենի վերջին կայարաններին).
3) քաղաքի վարչական տարածքում հնարավորության սահմաններում համատեղվեն ներքաղաքային ուղևորատար տրանսպորտի կանգառների հետ:
13. Ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիներն ընդգրկում են նաև քաղաքի այն թաղամասերը, որոնց տրանսպորտային սպասարկումը ճանապարհային ցանցի ցածր թողունակության և ընդհանուր օգտագործման տրանսպորտի այլ տեսակների համար դժվար մատչելիության պատճառով հնարավոր չէ ապահովել:
14. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ավտոկայարաններից, ավտոկայաններից և երթակարգավարական կետերից:
15. Ներքաղաքային և մերձքաղաքային ավտոբուսային երթուղիներում ուղետոմսերը վաճառվում են ավտոբուսների վարորդների կամ տոմսավաճառների կողմից, իսկ մերձքաղաքային երթուղիների սկզբնակետում` տոմսարկղերից:
16. Միջքաղաքային ավտոբուսային երթուղիներում ուղետոմսերը վաճառվում են ավտոկայարանի (ավտոկայանի) տոմսարկղերից, ինչպես նաև դրանց հետ պայմանագիր ունեցող այլ կազմակերպության տոմսարկղերից, իսկ միջանկյալ ավտոբուսային կանգառներում` վարորդների կողմից:
17. Ուղևորների նստեցումն ու իջեցումը կարող է իրականացվել միայն չվացուցակով սահմանված ավտոբուսային կանգառներում։
18. Վարորդն ավտոբուսն ընթացքի մեջ է դնում ուղևորների նստեցումն ու իջեցումն ավարտելուց և դռները փակելուց հետո, հայտարարում է կանգառները, իսկ երթուղու ուղեգծի փոփոխության դեպքում դրա մասին տեղյակ է պահում յուրաքանչյուր կանգառում։
19. Ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցը կազմակերպվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածում նշված համապատասխան մարմնի կողմից, որն իրականացնում է`
1) երթուղու ուղեգծով ուղևորահոսքի ուսումնասիրության կազմակերպում և նույն ուղղությամբ գործող այլ ավտոբուսային և տրանսպորտի տարբեր տեսակների երթուղիներով փոխադրումների ցուցանիշների վերլուծության համադրմամբ` երթուղու կազմակերպման նպատակահարմարության որոշում.
2) երթուղու արդյունավետ ուղեգծի ընտրություն և ճանապարհային պայմանների ուսումնասիրություն, ավտոբուսային կանգառների տեղաբաշխման ընտրություն.
3) փաստացի ուղևորահոսքին և վարչական տարածքի հատկանիշին համապատասխան պահանջվող տեխնիկական տվյալներով և տեղատարողությամբ ավտոբուսների ընտրություն.
4) ավտոբուսների շարժման արագությունների նորմավորում, չվացուցակների ու երթուղիների սխեմաների կազմում.
5) երթուղու ավտոբուսային կանգառների տեղակայում.
6) երթուղու և ուղևորների ավտոկայարանային (երթակարգավարական) սպասարկման կազմակերպում:
20. Կանոնավոր փոխադրումների երթուղու կանգառների տեղաբաշխման ընտրությունը կատարվում է փոխադրումների տեսակին և ուղևորահոսքի առանձնահատկություններին համապատասխան: Երկաթուղային գծանցների գոտում ավտոբուսային կանգառների տեղաբաշխումը չպետք է վատթարացնի վարորդների` մոտեցող գնացքների շարժմանը հետևելու տեսադաշտը, իսկ դրանց տեխնիկական լուծումն ավտոբուսի կանգառման դեպքում պետք է ապահովի տրանսպորտային միջոցների անարգել երթևեկությունը:
21. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների նոր երթուղու կազմակերպումը կարող է համարվել հնարավոր և նպատակահարմար, եթե երթուղու ուղեգծով գործող տրանսպորտի տեսակներով փոխադրումները չեն ապահովում առկա ուղևորահոսքի պահանջարկը, կամ տվյալ ուղղությամբ (ուղեգծով) ավտոբուսային երթուղի չի գործում:
22. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների նոր երթուղու ուղեգծի ճանապարհային պայմանների և ուղևորահոսքի ուսումնասիրությունն իրականացնում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածում նշված համապատասխան մարմնի (այսուհետ` համապատասխան մարմին) կողմից ստեղծված նոր երթուղիների կազմակերպման վերաբերյալ առաջարկությունների ուսումնասիրման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):
23. Ուղևորահոսքի ուսումնասիրությունը կատարվում է համատարած (հարցմամբ, դիտարկումներով) կամ ընտրանքային (փոխադրողների կողմից տրամադրված տվյալների կամ տոմսահաշվառման վերլուծության հիման վրա) կարգով:
24. Հանձնաժողովն ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա համապատասխան մարմին է ներկայացնում նոր ավտոբուսային երթուղու ուղեգծի ճանապարհային պայմանների և ուղևորահոսքի մասին եզրակացություն, որի հիման վրա համապատասխան մարմնի ղեկավարն ընդունում է որոշում երթուղու կազմակերպման նպատակահարմարության վերաբերյալ:
25. Նոր կազմակերպվող երթուղու սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների դասի և նշանակության ընտրությունը կատարվում է փաստացի ուղևորահոսքին և փոխադրումների տեսակին, ինչպես նաև ճանապարհային և կլիմայական պայմաններին համապատասխան:
26. Նոր կազմակերպվող ավտոբուսային կանոնավոր երթուղիներում ավտոբուսների շահագործումն իրականացվում է չվացուցակների հիման վրա: Երթուղու սպասարկման չվացուցակը պետք է մշակվի երթուղու առանձին տեղամասերում և ավտոբուսային կանգառների միջև ավտոբուսների շարժման արագությունների նորմատիվային մեծությունների հիման վրա` հաշվի առնելով վարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմը:
IV. ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ԿԱՆԳԱՌՆԵՐԻ ԵՎ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄԸ
27. Ներքաղաքային ավտոբուսային երթուղիների կանգառները կահավորվում են`
1) տվյալ կանգառով անցնող երթուղիների համարների և վերջնակետերի, տրանսպորտի տեսակների անվանումներով, ըստ օրվա ժամանակահատվածի շարժման միջակայքերի (30 րոպեից ավելի շարժման միջակայքերի դեպքում այդ կանգառով անցնող ավտոբուսների անցման ժամանակը) մասին տեղեկատվությամբ և այդ ավտոբուսային կանգառն այլ վայրերի հետ կապող երթուղիների ուղեգծերի պատկերմամբ կանգառացուցանակով.
2) ճանապարհի երթևեկելի մասից սահմանափակված կողապատով, ուղևորների նստեցման-իջեցման համար բարեկարգված տարածքով.
3) ճանապարհային ցանցում տեղի առկայության դեպքում տրանսպորտին սպասող ուղևորների տաղավարով։
28. Մերձքաղաքային ավտոբուսային երթուղիների կանգառները պետք է ունենան`
1) ուղևորների կանգառին մոտեցման ասֆալտապատ արահետներ և ավտոտաղավարի տեղադրման հնարավորությամբ ասֆալտապատ հրապարակ.
2) անձրևից, քամուց և ձյունից ուղևորների պատսպարման ավտոտաղավար.
3) կանգառացուցանակ.
4) երթուղիների ցուցանակ` երթուղիների համարների և շարժման ուղղությամբ վերջնակետերի անվանումների և ավտոբուսների տվյալ կանգառից մեկնման չվացուցակների նշմամբ և այդ ավտոբուսային կանգառն այլ վայրերի հետ կապող երթուղիների ուղեգծերի պատկերմամբ։
29. Մերձքաղաքային երթուղով ավտոբուսների շարժման 30 րոպեից պակաս միջակայքի դեպքում երթուղիների ցուցանակում չվացուցակի փոխարեն շարժման միջակայքերը կարող են նշվել աղյուսակով, որը ներառում է ավտոբուսների առաջին և վերջին մեկնման ժամանակը և շարժման միջակայքերի մեծությունը` ըստ օրվա ժամանակահատվածների։
30. Ներքաղաքային և մերձքաղաքային երթուղիներն սպասարկող ավտոբուսները պետք է ունենան հետևյալ կահավորումը`
1) դիմային ցուցատախտակ` երթուղու համարի, սկզբնակետի և վերջնակետի նշմամբ.
2) կողային ցուցատախտակ` երթուղու համարի, սկզբնակետի, վերջնակետի և հիմնական միջանկյալ ավտոբուսային կանգառների նշմամբ.
3) հետևի ցուցատախտակ` երթուղու համարի նշմամբ.
4) վարորդի (տոմսավաճառի) անվան, ազգանվան ցուցանակ.
5) երթուղու ուղեգծի ցուցանակ.
6) երթուղով ուղևորության փոխադրավարձի ցուցանակ.
7) բարձրախոս-կայան.
8) վթարի կամ անսարքության հետևանքով ավտոբուսի դռների խափանման դեպքում ուղեսրահի ապակիները ջարդելու մուրճեր.
9) ցուցանակ` երթուղին սպասարկող կազմակերպության անվանմամբ, գտնվելու վայրի և հեռախոսահամարի նշմամբ:
31. Մերձքաղաքային երթուղիներն սպասարկող ավտոբուսների սրահներում փակցվում են երթուղու փոխադրավարձի վերաբերյալ աղյուսակներ:
32. Միջքաղաքային երթուղիներն սպասարկող ավտոբուսները պետք է ունենան սույն կարգի 30-րդ կետում նշված (բացի 3-րդ ենթակետից) կահավորում:
33. Միկրոավտոբուսային երթուղիներն սպասարկող տրանսպորտային միջոցները, ըստ փոխադրումների նշանակության (ներքաղաքային, մերձքաղաքային կամ միջքաղաքային), պետք է ունենան սույն կարգի 30-րդ կետում նշված (բացի 3-րդ և 7-րդ ենթակետերից) կահավորում, ինչպես նաև թափքի վրա` «Երթուղային» տարբերանշան:
34. Ավտոբուսային երթուղիների համարակալումը կատարվում է համապատասխան մարմինների կողմից:
35. Ներքաղաքային երթուղիները համարակալվում են 001-199, միջմարզային երթուղիները` 200-ից բարձր համարներով: Ներմարզային (բացառությամբ Երևան քաղաքի) երթուղիները համարակալվում են` կիրառելով 00-000 թվերի համակցման սխեման, որտեղ առաջին երկու թվերը` սույն կարգի 36-րդ կետով մարզի համար սահմանված համարներն են, իսկ վերջին երեք թվերը` երթուղու հերթական համարը (001-199):
36. Մարզերին տրված համարներն են`
1) Արագածոտն |
01, |
2) Արարատ |
02, |
3) Արմավիր |
03, |
4) Գեղարքունիք |
04, |
5) Լոռի |
05, |
6) Կոտայք |
06, |
7) Շիրակ |
07, |
8) Սյունիք |
08, |
9) Վայոց ձոր |
09, |
10) Տավուշ |
10: |
37. Կիսաճեպընթաց երթուղիները համարակալվում են` երթուղու համարի վերջում «Ա» տառը, իսկ ճեպընթաց երթուղիների համար «Ճ» տառն ավելացնելով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |