«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2006 թվականի N 798-Ն
ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետի և 36-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել գործազուրկի մահվան դեպքում թաղման նպաստի վճարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել գործազուրկի մահվան դեպքում թաղման նպաստի ֆինանսավորման հայտ-պահանջագրի ձևերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) զբաղվածության տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն) կողմից առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկի մահվան դեպքում թաղման նպաստի վճարման հետ կապված հարաբերությունները:
2. Գործազուրկի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին վճարվում է գործազրկության նպաստի եռապատիկի չափով թաղման նպաստ` թաղման նպաստ ստանալու մասին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը գործազուրկի մահվանից հետո 6 ամսվա ընթացքում տարածքային կենտրոն ներկայացվելու դեպքում:
3. Նշված գումարը վճարվում է դիմումը ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
4. Թաղման նպաստը վճարվում է Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցներից:
II. ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
5. Թաղման նպաստ ստանալու համար հուղարկավորությունը կատարած անձը դիմումի հետ միասին տարածքային կենտրոն է ներկայացնում՝
ա) իր անձնագիրը.
բ) գործազուրկի մահվան վկայականը և դրա պատճենը.
գ) տեղեկանք՝ տրված առևտրային բանկի կողմից իր անվամբ բացված բանկային հաշվի համարի և բանկի ռեկվիզիտների մասին:
6. Տարածքային կենտրոնը գործազուրկի մահվան վկայականի բնօրինակի վրա դնում է կնիք, որի վրա կատարում է գրառում՝ «Թաղման նպաստը վճարված է»: Գործազուրկի մահվան վկայականի պատճենը մնում է տարածքային կենտրոնում, իսկ բնօրինակը և հուղարկավորությունը կատարած անձի անձնագիրը վերադարձվում է:
7. Տարածքային կենտրոնը սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերի հիման վրա լրացնում է թաղման նպաստի վճարման համար անհրաժեշտ գումարի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը (այսուհետ՝ ֆինանսավորման հայտ-պահանջագիր), որը` կից գրությամբ, 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է գործակալության պետին:
8. Գործակալությունը տարածքային կենտրոնից ստացված ֆինանսավորման հայտ-պահանջագիրը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ (այսուհետ` հիմնադրամ):
9. Հիմնադրամը գործակալությունից ֆինանսավորման հայտ-պահանջագիրն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) անվանմամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին է փոխանցում ֆինանսավորման հայտ-պահանջագրով նախատեսված գումարը:
10. Աշխատակազմը սույն կարգի 9-րդ կետում նշված գումարն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժիններում աշխատակազմի անվանմամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվներին:
11. Սույն կարգի 10-րդ կետում նշված գումարն ստացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է գործազուրկի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձի` սույն կարգի 5-րդ կետում նշված բանկային հաշվի համարին:
III. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
12. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր ամիս գործակալություն է ներկայացնում թաղման նպաստի վճարման և ծախսված ֆինանսական միջոցների չափի մասին հաշվետվություն:
13. Գործակալությունն ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված հաշվետվությունները և յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և հիմնադրամ է ներկայացնում ամփոփ հաշվետվություն թաղման նպաստի ֆինանսավորման և փաստացի կատարված վճարումների մասին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |