ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1980 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
16 հունիսի 2006 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1980 թվականի հոկտեմբերի 25-ին Հաագայում ստորագրված` Արդարադատության միջազգային մատչելիության մասին կոնվենցիայում (կից վերապահումներով և հայտարարություններով) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Կոնվենցիայի նպատակն է մասնակից պետությունների քաղաքացիներին և դրանց տարածքներում սովորաբար բնակվող անձանց իրավական օգնություն տրամադրելու միջոցով դյուրացնել արդարադատության միջազգային մատչելիությունը:
Ըստ կոնվենցիայի՝ նշված անձանց՝ յուրաքանչյուր մասնակից պետության տարածքում քաղաքացիական և առևտրային գործերով դատական ընթացակարգերում իրավական օգնություն տրամադրվում է ազգային ռեժիմով:
Իրավական օգնության վերաբերյալ ներկայացված դիմումներն ստանալու և ընթացք տալու համար մասնակից պետությունները պետք է ստեղծեն ինստիտուցիոնալ կառույց` Կենտրոնական մարմին:
Իրավական օգնության համար դիմումները փոխանցվում են առանց որևէ այլ իրավասու մարմնի միջամտության՝ կոնվենցիայով նախատեսված նմուշի ձևով կամ դիվանագիտական ուղիներով: Իրավական օգնության համար դիմումների փոխանցման, ընդունման կամ դրանց վերաբերյալ որոշում կայացնելու համար որևէ վճարում չի կատարվում: Նշված դիմումները պետք է քննարկվեն անհապաղ:
Կոնվենցիան առանձնացնում է այն կոնկրետ իրավահարաբերությունները, որոնց առնչությամբ միայն մասնակից պետությունները կարող են հայտարարությամբ հանդես գալ կամ վերապահում անել:
Համաձայն կոնվենցիայի` այն իրավահարաբերություններ կառաջացնի միացած պետության և միայն այն Պայմանավորվող պետությունների միջև, որոնք սահմանված կարգով առարկություններ չեն ներկայացրել նրա միանալու դեմ:
Կոնվենցիան ունի հավելվածներ:
Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիայի վերաբերյալ ներկայացրել է հայտարարություն և վերապահում:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1980 թվականի հոկտեմբերի 25-ին Հաագայում ստորագրված` Արդարադատության միջազգային մատչելիության մասին կոնվենցիայում (կից վերապահումներով և հայտարարություններով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|