ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
10 սեպտեմբերի 2013 թ. |
N 46-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԿԻՑ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 34-րդ կետին, 54.1-ին հոդվածի 1-ին և 3-րդ մասերին համապատասխան`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
Հավելված Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 46-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԿԻՑ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. Երևանում տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների, հասարակական կազմակերպությունների, միավորումների, հանրության մասնակցությունն ու իրազեկումը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման նկատմամբ հանրային վերահսկողությունը ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետին կից ստեղծվում և գործում են խորհրդակցական մարմիններ (այսուհետ՝ Խորհուրդ):
2. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է օրենքների և այլ իրավական ակտերի, ինչպես նաև սույն կարգի հիման վրա:
3. Խորհրդի խնդիրներն են.
1) համայնքի բնակիչների, հասարակական կազմակերպությունների, միավորումների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտների ներգրավմամբ տվյալ ոլորտում հանրային կարևորության խնդիրների վերհանումը, դրանց վերաբերյալ կարծիքի (առաջարկ, եզրակացություն) տրամադրումը Երևանի քաղաքապետին,
2) համայնքի բնակիչների, քաղաքացիների, հասարական կազմակերպությունների, միավորումների առաջարկությունների ուսումնասիրումը, քննարկումը և դրանց վերլուծության հիման վրա կարծիքի (առաջարկ, եզրակացություն) տրամադրումը Երևանի քաղաքապետին,
3) տվյալ ոլորտի կառավարման նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացումը:
4. Երևանի քաղաքապետին կից ձևավորվում և գործում են հետևյալ Խորհուրդները.
1) համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման,
2) քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի,
3) առողջապահության, սոցիալական հարցերի և սպորտի,
4) մշակույթի և հանրակրթության,
5) տեղական արդյունաբերողների և գործարարների աջակցման, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման,
6) երիտասարդության հարցերի,
7) հանրային կապերի:
(4-րդ կետը փոփ. 19.03.14 N 130-Ն, 31.10.17 N 55-Ն)
5. Խորհուրդը ձևավորվում է մինչև 35 անդամի կազմով, իսկ համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման, քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի, ինչպես նաև տեղական արդյունաբերողների և գործարարների աջակցման, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման Խորհուրդները` մինչև 40 անդամի կազմով:
(5-րդ կետը խմբ. 19.03.14 N 130-Ն, փոփ. 31.10.17 N 55-Ն)
6. Խորհրդի անդամներին իր որոշմամբ նշանակում է Երևանի քաղաքապետը՝ աշխատակազմի, համայնքային կազմակերպությունների համապատասխան մասնագետների ընդգրկմամբ, ինչպես նաև հասարակական հիմունքներով համայնքի բնակիչների և այլ շահագրգիռ անձանց ներգրավմամբ (վերջիններիս համաձայնությամբ), ընդ որում` համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման Խորհրդի կազմում ներգրավում են նաև.
1) Երևան քաղաքի ավագանու 3 անդամ` վերջիններիս համաձայնությամբ, որոնց Երևանի քաղաքապետը նշանակում է նշված Խորհրդի կազմում ընդգրկելու մասին Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների կողմից առաջարկած թեկնածուների կազմից,
2) մինչև երեք փորձագետ՝ տվյալ բնագավառի մասնագիտական գիտելիքներ և բարձր որակավորում ունեցող, ցանկալի է հայտնի ու հեղինակություն վայելող այն անձանցից, որոնք չեն աշխատում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ դրանց ենթակայության կազմակերպություններում և նախապես հայտնել են իրենց համաձայնությունը:
(6-րդ կետը փոփ. 31.10.17 N 55-Ն)
7. Հասարակական հիմունքներով համայնքի բնակիչների և այլ շահագրգիռ անձանց նշանակումը Խորհրդի կազմում կատարվում է իրենց դիմումի համաձայն՝ հրապարակային հայտարարության հիման վրա, ըստ հայտերի ներկայացման հաջորդականության՝ մինչև սույն կարգով սահմանված անդամների առավելագույն քանակը լրանալը, ընդ որում` համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման Խորհրդի կազմում համայնքի բնակիչները ներգրավվում են յուրաքանչյուր վարչական շրջանից մեկ բնակիչ (հնարավորության դեպքում):
(7-րդ կետը փոփ. 31.10.17 N 55-Ն)
8. Խորհուրդը ձևավորված է համարվում, եթե նշանակվել են տվյալ Խորհրդի առնվազն 15 անդամ, իսկ համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման Խորհուրդը` եթե նշանակվել են առնվազն 20 անդամ:
(8-րդ կետը փոփ. 31.10.17 N 55-Ն)
9. Խորհրդի աշխատանքները իրականացվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են Խորհրդի նախագահի կողմից:
10. Խորհուրդը նախագահում է Երևանի քաղաքապետը, որը նշանակում է Խորհրդի նախագահի տեղակալին ու քարտուղարին:
Խորհրդի նախագահի տեղակալ կարող է լինել Երևանի քաղաքապետի տեղակալը կամ Երևանի գլխավոր ճարտարապետը կամ Երևանի քաղաքապետի խորհրդականը կամ օգնականը կամ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետը, իսկ քարտուղար` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցը:
11. Խորհուրդն իր նիստերը կազմակերպում է Արգիշտիի փող. 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում, եթե Երևանի քաղաքապետի կողմից այլ որոշում չի ընդունվել:
12. Խորհրդի նախագահի որոշմամբ Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել նաև այլ անձինք (հրավիրվածներ), ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
13. Խորհրդի բնականոն գործունեությունն ապահովում է Երևանի քաղաքապետը կամ նրա հանձնարարությամբ՝ աշխատակազմի համապատասխան աշխատակիցները:
14. Խորհրդի նախագահն իրականացնում է Խորհրդի գործունեության ընդհանուր ղեկավարումը:
15. Խորհրդի նախագահը՝
1) հաստատում է Խորհրդի նիստի օրակարգը,
2) հրավիրում է Խորհրդի նիստերը,
3) կազմակերպում է Խորհրդի գործունեությունը և ղեկավարում դրա աշխատանքը,
4) ստորագրում է Խորհրդի նիստի արձանագրությունը:
16. Խորհրդի նախագահի տեղակալը փոխարինում է Խորհրդի նախագահին նրա բացակայության ժամանակ:
17. Խորհրդի քարտուղարը`
1) կազմում է նիստի օրակարգը և ներկայացնում Խորհրդի նախագահի հաստատմանը,
2) իրականացնում է նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի նախապատրաստումը, ապահովում է մասնակիցների ներկայությունը,
3) պատասխանատվություն է կրում ներկայացվող նյութերի ամբողջականության համար,
4) վարում է Խորհրդի գործավարությունը, այդ թվում` նիստի արձանագրության կազմումը:
18. Խորհրդի անդամը նախագահողի կողմից կարող է հեռացվել խորհրդի տվյալ նիստից խորհրդի նիստի աշխատանքները խոչընդոտելու դեպքում, մասնավորապես եթե.
1) 2 անգամից ավելի թույլ չի տալիս Խորհրդի մյուս անդամներին ազատորեն արտահայտել իրենց կարծիքը քննարկվող հարցի վերաբերյալ և (կամ) խոչընդոտում է խորհրդի անդամի ելույթը,
2) առանց ձայնի իրավունք ստանալու 2 անգամից ավելի արտահայտում է իր կարծիքը,
3) որևէ այլ կերպ խոչընդոտում է Խորհրդի նիստի բնականոն ընթացքը:
19. Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ:
20. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են նշանակված անդամների առնվազն կեսը:
21. Խորհրդի որոշումներն ընդունվում են եզրակացությունների և առաջարկությունների ձևով և կրում են խորհրդատվական բնույթ:
22. Խորհրդի անդամներն անձամբ մասնակցում են Խորհրդի նիստերին:
23. Խորհուրդն՝ ընդհանրական կարծիքի ձևավորման համար, քննարկվող հարցերի շուրջ որոշումներ է ընդունում բաց քվեարկությամբ` ներկա մասնակիցների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան Խորհրդի անդամների ընդհանուր թվի մեկ երրորդից ավելիի կողմից ընդունվելու դեպքում:
24. Խորհրդի քարտուղարը մշակում և կազմում է նիստի օրակարգը՝ համաձայնեցնելով Խորհրդի նախագահի հետ:
25. Խորհրդի նիստի օրակարգը Խորհրդի քարտուղարը ներկայացնում է Խորհրդի անդամներին՝ նիստից առնվազն երկու աշխատանքային օր առաջ:
26. Օրակարգում կարող են մտցվել լրացուցիչ հարցեր՝ Երևանի քաղաքապետի կողմից:
27. Խորհրդի անդամն իրավունք ունի օրակարգ մտցնել լրացուցիչ հարցեր, եթե դրանք ընդունվում են քվեարկությամբ՝ տվյալ նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
28. Խորհրդի աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է Երևանի պաշտոնական համացանցային կայքում: Խորհրդի ընդունած եզրակացություններն ու առաջարկությունները հրապարակվում են ամբողջությամբ:
29. Խորհրդի անդամ կարող է լինել 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից:
30. Խորհրդի անդամ չեն կարող լինել՝
1) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք,
2) հանցագործության համար դատապարտված անձինք, որոնց դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:
31. Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են տվյալ անձին համապատասխան Խորհրդի կազմից հանելու մասին Երևանի քաղաքապետի որոշմամբ, եթե Խորհրդի անդամը՝
1) դիմում է ներկայացրել Խորհրդից դուրս գալու վերաբերյալ,
2) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
3) երեք անգամ անընդմեջ, անհարգելի պատճառով չի մասնակցել Խորհրդի նիստերի աշխատանքին,
4) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել նրա լիազորությունների իրականացմանը Խորհրդում,
5) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ,
6) նա մահացել է,
7) անձը դադարել է ավագանու անդամ լինելուց:
(հավելվածը փոփ., խմբ. 19.03.14 N 130-Ն, փոփ. 31.10.17 N 55-Ն)