Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.10.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 17.10.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
04.10.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
04.10.2021
Дата вступления в силу
04.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/1026/06/20

ԵԴ/1026/06/20

Նախագահող դատավոր՝

 Ա. Բեկթաշյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

2021 թվականի հոկտեմբերի 4-ին

ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Աշոտ Հրանտի Մինասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020 թվականի նոյեմբերի 13-ին հարուցվել և ընդունվել է վարույթ թիվ 58231820 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի, 35-305-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ Աշոտ Մինասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով, 35-305-րդ հոդվածով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ մեղադրյալ ԱՄինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է:

3. ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Ա.Մարգարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2020 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 19-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հունիսի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2021 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:      

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Աշոտ Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով,  35-300-րդ հոդվածի 1-ին մասով, 35-305-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել  այն արարքների համար, որ «(...) նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր և շրջանառությունն արգելված այլ իրեր ու առարկաներ և նախնական համաձայնության գալով Արթուր Գագիկի Վանեցյանի, Աշոտ Արարատի Ավագյանի, Վահրամ Վաղինակի Բաղդասարյանի և դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ, դիտավորությամբ ստեղծելով այլ պայմաններ՝ նախապատրաստել է պետական գործչի սպանություն և իշխանության յուրացում, որպիսի գործողություններն ավարտին չեն հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով.

Այսպես.

Աշոտ Հրանտի Մինասյանը, դեռևս ինքնությունը չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և նախկինում սեփականության իրավունքով իրեն պատկանած Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոց 1/1 հասցեում գտնվող «Կանթեղ» ռեստորանային համալիրի տարածքում գտնվող շինություններից մեկում ապօրինի պահել է հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ սարքեր և շրջանառությունը սահմանափակված այլ իրեր ու առարկաներ, այդ թվում՝ 3 հատ 7,62 մմ տրամաչափի «ПК» տեսակի (7,62X54) գնդացիրներ, մեկ հատ «РПК-74» տեսակի 5,45 մմ տրամաչափի ձեռքի գնդացիր, 2 հատ օպտիկական սարքով հակատանկային նռնականետ, 3 հատ ինքնաձիգ, նշանակետի խոցման բարձր հավանականություն ունեցող 14 հատ օպտիկական սարքով հրացան, 9 արկղ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ՝ յուրաքանչյուրում 2160 հատ, 5 արկղ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 233 հատ 7.62 տրամաչափի փամփուշտներ, մարտավարական և տեխնիկական հատկանիշներով զգալի ավերածություններ առաջացնող, մարտավարական և տեխնիկական հատկություններով խոցման բարձր հավանականություն ունեցող 11 հատ պայթուցիչ, 8 հատ էլեկտրական պայթուցիչ, 1 հատ նռնակի պայթուցիչ, 13 հատ մեխանիկական պայթուցիչ, 1 կծիկ վառոդաթել, 2 հատ «ՌԳԴ» տեսակի նռնակ, 3 հատ ձեռքի նռնակի պայթուցիչ, 1 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ, 1 հատ հակատանկային նռնակի իրան, 1 հատ տրատիլային խորանարդիկ՝ ինքնաշեն մետաղական շրջանակով, 1 հատ էլեկտրական դետոնացում իրականացնող սարք:

Բացի այդ, Աշոտ Մինասյանը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում և դրա ավարտից անմիջապես հետո ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության, վարչապետի կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ, Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը դադարեցնելու և այդկերպ պետական իշխանությունը յուրացնելու դիտավորությամբ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Գագիկի Վանեցյանի, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Վաղինակի Բաղդասարյանի, Աշոտ Արարատի Ավագյանի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ, այլ պայմաններ ստեղծելով՝ ՀՀ վարչապետի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցները, այդ թվում՝ կեցության և գտնվելու վայրերի անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցները, անվտանգության աշխատակիցների կազմը ուսումնասիրելով և այդ համատեքստում ՀՀ վարչապետի սպանության և դրա կատարման տարբերակները, այդ թվում՝ ՀՀ վարչապետի անվտանգությունն ապահովող ծառայությունում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում իրենց վստահելի մարդկանց ներդնելու և այդկերպ հանցանքի կատարման խոչընդոտները վերացնելու և դրա կատարումը հեշտացնելու հարցերը քննարկելով ու համաձայնեցնելով, նախապատրաստել են պետական գործչի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի սպանությունը և բռնություն գործադրելու միջոցով իշխանությունը զավթելը, ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալը, սակայն նրանց գործողություններն ավարտին չեն հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունները բացահայտվել և կանխվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»1:

6. Առաջին ատյանի դատարանն արձանագրել է «(...) Աշոտ Մինասյանին վերագրվում են հանցավոր արարքներ, (...) որոնցից յուրաքանչյուրին Դատարանը ցանկանում է անդրադառնալ հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության հարցի քննարկման համատեքստում։ Ընդ որում, առաջադրված մեղադրանքից հստակ է (ըստ մեղադրանքի տեսանկյունի), որ պետական գործչի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստությունները նպատակին հասնելու առումով պայմանավորված են եղել մեկը մյուսով և միմյանցից անջատ չեն, քանի որ իշխանության յուրացումը սպանության տրամաբանական շարունակությունն է, մասնավորապես՝ ենթադրյալ սպանության միջոցով պետք է իրականացվեր իշխանության յուրացում։ Ուստի Դատարանը վերը նշված հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ հիմնավոր կասկածի հարցը պետք է քննարկի համադրության մեջ, այն է՝ ինչպես մեկը մյուսին հնարավոր հաստատելու, այնպես էլ միմյանց բացառելու սկզբունքով

(…)

Տվյալ դեպքում Աշոտ Մինասյանի կողմից որպես սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություններ՝ վարույթն իրականացնող մարմինը, ըստ էության, դիտարկել է պետական գործիչ հանդիսացող վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովման համակարգի ուսումնասիրությունը, ինչպես նաև անհայտ անձանց կամ անձի պատկանող շինությունում հայտնաբերված մեծ քանակությամբ զենք-զինամթերքը:

Դատարանը հարկ է համարում անդրադառնալ 2020 թվականի նոյեմբերի 14-ի հեռախոսային խոսակցությունները զննելու մասին արձանագրությանը, քանի որ վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես Աշոտ Մինասյանի՝ վարչապետին սպանելու մտադրություն ունենալու հանգամանք է դիտվել առաջին հերթին 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ ժամը 14:30-ի խոսակցությունը: Ներկայացված միջնորդության համաձայն՝ (հետո նաև հստակեցվեց դատական նիստի ժամանակ) Աշոտ Մինասյանի հետ խոսողն Աշոտ Ավագյանն է:

Նախ՝ այդ խոսակցությունը հիմնականում սկսվում է Աշոտ Մինասյանի հիվանդանոցում գտնվելու, սրտի հետ կապված խնդիրների և հնարավոր միջամտության մասին: Իսկ այն մասը, որը կարող է ինչ-որ կերպ առնչություն ունենալ առաջադրված մեղադրանքի հետ, հետևյալն է.

Խոսակիցներից ԱԱ-ն Աշոտ Ավագյանն է, իսկ Ա-ն Աշոտ Մինասյանը:

«ԱԱ: Նիկոլը ինչ ա ասե

Ա: Էս բ... տղան չի ուզում գնա, արդեն պլան ա մշակված ինչ կարգով են տալու, ինչ են տալու՝ Շուշին իրանց, Հադրութն իրանց, Ղարաբաղին կարգավիճակ, որ պետք ա լինի ճանապարհ, որով կարանք մտնենք Ղարաբաղ դուրս գանք

ԱԱ: Վայ, մերը ք..., լավ: Դե ես Վանեցյանին ասեցի վեկալեք խփեք

Ա: Դե, նոր էդ էինք խոսում՝ ես էի, ինքն էր, մեր Ղարաբաղի նախկին ԿԳԲ-ի մինիստրն էր նախկին

ԱԱ: Վեկալեք խփեք, դե հիմա ըտենցա-ըտենցա: Արա, ինչքան սուս եք մնում էդքան ըտենց ա, բնական ա էլի

(...)»:

Դատարանը հարկ է համարում ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ խոսակցություններից ուղղակիորեն կամ հստակ չի հասկացվում՝ ում խփելու մասին է խոսքը, սակայն հաշվի առնելով խոսակցության ընդհանուր բովանդակությունը, Արցախի հողերը հանձնելու հանգամանքը և դատական նիստի ժամանակ կողմերի դիրքորոշումները՝ Դատարանը համարում է, որ այդ դրվագում խոսք կարող է գնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին: Սակայն պետք է նկատել, որ խփելու մասին կարծիք կամ դիրքորոշում հայտնում է ոչ թե Աշոտ Մինասյանը, այլ Աշոտ Ավագյանը, իսկ այն, որ Աշոտ Մինասյանն ասում է, որ «նոր էդ էին խոսում (...)», չի կարող դիտվել որպես արտահայտված մտքերի իրականացմանն ուղղված գործողությունների նախապատրաստություն, քանի որ այստեղ խոսք է գնում ընդամենը մտքերի փոխանակման մասին: Եթե անգամ դիտարկենք, որ խոսքը հենց կոնկրետ անձին սպանելու մասին է, ապա նշված խոսակցությունը կարող է համարվել առավելագույնը դիտավորության բացահայտում և ոչ ավելին, ինչը որևէ դեպքում չի կարող քրեաիրավական գնահատականի արժանանալ:

Դատարանի վերոնշյալ դիրքորոշումը պայմանավորված է երկու անձանց միջև տեղի ունեցած խոսակցությունների ամբողջ բովանդակությունը գնահատելու արդյունքում, քանի որ նախ խոսակցությունը սկսվում է Աշոտ Մինասյանի հիվանդանոցում գտնվելու, սրտի հետ կապված խնդիրների և հնարավոր միջամտության շուրջ, այնուհետև՝ խոսակցությունը վերաճում է ենթադրյալ հողերը հանձնելու թեմային, որից հետո խոսք է գնում արդեն Նիկոլ Փաշինյանի ենթադրյալ խփելու մասին։ Դրանից հետո խոսակցության շարունակությունը կրկին վերաբերում է Աշոտ Մինասյանի սրտի հետ կապված առողջական խնդրին, ինչպես նաև՝ վերջինը դժգոհությունն է արտահայտում, որ չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ անի, լուծի առողջական խնդիրները, գնա ՊՆ, թե քաղաքական հարցերի լուծմամբ զբաղվի: Ինչպես երևում է՝ ոչ մի խոսք չկա իշխանության յուրացման կամ քաղաքական գործչի սպանության մասին:

Այսինքն՝ վերը նշվածը վկայում է, որ տեղի է ունենում կենցաղային բնույթի խոսակցություն, միմյանց առօրյայի հետ կապված, ինչպես նաև երկրում ստեղծված խառնաշփոթի շուրջ, իսկ այդ հնարավոր խփելու հանգամանքը դա զուտ պահի ազդեցության տակ տեսակետի արտահայտում էր, առավելագույնը՝ ցանկության բացահայտում։ Ընդ որում, խոսակցության այն միտքը, որ «վեկալեք խփեք, դե հիմա ըտենցա-ըտենցա: Արա, ինչքան սուս եք մնում էդքան ըտենց ա, բնական ա էլի» հենց խոսում է այն մասին, որ խփելու տեսակետն առաջանում է պահի ազդեցության տակ, որոշակի ձևով արտահայտում է անձի համբերությունը սպառված լինելու մասին, երբ վերջինը տեղեկանում է, որ տարածքները պետք է հանձնվեն։ Հակառակ պարագայում, չկա փաստարկված որևէ տրամաբանություն, թե ինչու պետք է այդպիսի լուրջ, վտանգավոր ենթադրյալ նպատակների իրականացումը քննարկվեր բաց հեռախոսակապի միջոցով, տարբեր կենցաղային հարցերի քննարկման միջնահատվածներում և ի վերջո կոնկրետ այդ ուղղությամբ որևէ քայլ չհստակեցվեր (եթե ընդունում ենք, որ խոսակցության նպատակը սպանության կազմակերպումն էր)։

Նույն զննության արձանագրության մեջ ներկայացված է մեկ այլ խոսակցություն, որի վերաբերյալ նշված չէ, թե այն երբ է սկսվել, ինչ հեռախոսահամարներով է կատարվել և, վերջապես, ում միջև է տեղի ունեցել: Սակայն առաջադրված մեղադրանքի տեսանկյունից կարող է նշանակություն ունենալ հետևյալ հատվածը՝ «Ա-Գնալ, շրջափակել միանգամից, լրիվին լցնել մեջը, ասել՝ անառակի լակոտներ, կամ ընտրում եք նոր վարչապետ՝ երկիրը փրկում եք, կամ հրաժարական եք տալիս բոլորդ, ռադ եք քաշում ձեր տները, նոր իշխանություն ենք ձևավորում (...)»: Այստեղ Ա-ն ենթադրվում է, որ Աշոտ Մինասյանն է, սակայն խոսակցության էությունը ոչ թե վարչապետին սպանելու, այլ միանգամայն այլ գործողությունների մասին է: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում իշխանության ձևավորման կարգը՝ ըստ էության, ասված միտքը կարող է վերաբերել Ազգային ժողովի պատգամավորներին, քանի որ վարչապետին անվստահություն հայտնելու կամ հրաժարական պահանջելու և նոր վարչապետ ընտրելու իրավասությունը նրանց է վերապահված: Հետևապես, կարևորվում է այն փաստը, որ Աշոտ Մինասյանը խոսում է ոչ թե կյանքից զրկելու միջոցով վարչապետին իշխանությունից հեռացնելու, այլ հնարավոր սահմանված կարգով նշված նպատակին հասնելու մասին: Ավելին՝ եթե դիտարկենք մեղադրանքն իշխանությունը յուրացնելու մասի տեսանկյունից, ապա խոսքը վերաբերում է ոչ թե Կառավարությանը, այլ Ազգային ժողովին, որի նկատմամբ Աշոտ Մինասյանի կողմից ոտնձգություն նախապատրաստելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը չունի որևէ դիրքորոշում: Ընդ որում, ուշադրության է արժանի, որ հիշյալ խոսակցությունը տեղի է ունեցել Աշոտ Մինասյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր անդամի միջև (այդ մասին նշեց պաշտպանական կողմը, ինչը չառարկվեց վարույթն իրականացնող մարմնի կողմից), որպիսի պայմաններում դժվար է պատկերացնել հատկապես այդ կուսակցության անդամի հետ սպանության հանգամանքներ քննարկելու հավանականությունը։ Ավելին՝ նույն խոսակցության շարունակությունը միանգամայն այլ բովանդակություն ունի և ավարտվում է ծիծաղով:

2020 թվականի նոյեմբերի 12-ին՝ ժամը 21:58-ին, Աշոտ Մինասյանը խոսակցություն է ունենում Վահրամ Բաղդասարյանի հետ (ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ արձանագրության մեջ Աշոտ Մինասյանի խոսակիցը նշված է Տ տառով): Խոսակցությունը վերաբերում է հանրահավաքին և դրանից բխող քայլերին, մասնավորապես՝ «Ա- Հա, ինչ ենք որոշում, ինչ ենք անում, այ ձեր ցավը տանեմ:

Տ- Դե արդեն ժամը 2-ին կկոնկրետացնենք, 4-ին նորից միտինգ ենք անում՝ ինչքան հնարավոր ա մեծ, դրսից ինչքան, դրսից ինչ կարանք՝ անենք, արդեն պիտի քայլեր անենք, էլի, մի քանի տարբերակ կա, հլը տեսնենք, վաղը 2-ին կքննարկենք:

Ա- Չեք զգում, որ քայլելով, միտինգ անելով բան դուրս չի գալիս:

Դե գիտենք, բայց պիտի կոնկրետ որոշում կայացնենք, թե որն ա քայլը, էլի: Հենց էդ ա, փաստորեն էս մարդուն էս դրսի ուժերը պահում են, մինչև ամսի 1-ը միանշանակ ուզում են պահեն:

Ա- Հա, իրանք ուզում են պահեն, որ էդ ամեն ինչն ավարտվի:

Տ- Դե էդ ա, էլի, ինքն էլ ուսուլիտ ա արել սաղ, շրջափակել ա իրա մնալու տեղերը, բան: Կամ պիտի բախման գնա:

Ա- Մարդ չունեք, որ մտնի իրա նույն զորքի մեջ, իրա ախռանայի, նույն Ազգային անվտանգության, ասի՝ սենց ա վիճակը, այ լակոտներ, եկեք

Տ- /ընդհ./ աշխատում են, բայց ինքը լրիվ ուրիշ մարդկանցով ա: (...)»:

Վարույթն իրականացնող մարմինը վարչապետի անվտանգության ապահովման համակարգի մեջ կողմնակի անձի ներգրավման վերաբերյալ խոսակցությունը դիտել է որպես մեղադրյալ Աշոտ Մինասյանի կողմից իշխանության յուրացման և քաղաքական գործչի սպանության կատարման համար այլ պայմաններ ստեղծել: Սակայն Դատարանը հարկ է համարում ընդգծել, որ որևէ անձի ներգրավելու ուղղությամբ եթե անգամ աշխատանքներ են տարվում, ապա դրանք կատարվում են ոչ թե Աշոտ Մինասյանի, այլ նրա խոսակցի՝ Վահրամ Բաղդասարյանի կողմից: Ավելին՝ Աշոտ Մինասյանն ընդամենն արտահայտում է դիրքորոշում՝ նման գործողություն կատարելու նպատակահարմարության վերաբերյալ, բայց միանշանակ չէ, թե ներգրավված մարդն ինչ պետք է աներ, քանի որ խոսակցությունից չի բխում նման հանգամանքը, այլ միայն նշվում է, որ իրենց մարդը մտնի «ախռանայի մեջ» և ասի «սենց ա վիճակը, այ լակոտներ եկեք», իսկ նման կենցաղային բառապաշարով խոսակցությունից ամենևին չի բխում այդ եղանակով վարչապետի սպանությանը նախապատրաստվելը:

Ինչ վերաբերում է այն մտքին, որ «չեք զգում, որ քայլելով, միտինգ անելով բան դուրս չի գալիս» և ի պատասխան հնչած՝ «դե գիտենք, բայց պիտի կոնկրետ որոշում կայացնենք, թե որն ա քայլը, էլի: Հենց էդ ա, փաստորեն էս մարդուն էս դրսի ուժերը պահում են, մինչև ամսի 1-ը միանշանակ ուզում են պահեն» նախադասությանը, ապա Դատարանը գտնում է, որ հանրահավաք անելուց հետո հաջորդ քայլի որոշումը կարող է ոչ միանշանակորեն շատ տարբեր բնույթի դրսևորումներ ունենալ: Այլ կերպ ասած՝ Դատարանը չունի որևէ հիմք կարծելու, որ հաջորդ քայլը հավանաբար վարչապետի սպանությունը պետք է լիներ, առավել ևս այն դեպքում, երբ ողջ խոսակցությունների տարբեր հատվածներում կարծիք է ասվում հանրահավաքի, շատ մարդ հավաքելու, մի քանի տարբերակներ մշակելու և այլ քայլերի մասին:

2020 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ին, տեղի ունեցած խոսակցության ժամանակ Աշոտ Մինասյանն իր խոսակից Վահրամ Բաղդասարյանի հետ քննարկում է հետևյալը.

«Ա: Իշխանը նոր հայտարարություն կատարեց,

Վ: Ինչ անենք

Ա: Մի թող Վահրամը հայտարարություն անի, Վահրամն եմ ասում, Իշխանը Սաղաթելյան, ասա չանի, բաց թողեցինք մենք ժողովրդին, մենք կորցնելու ենք ժողովրդին

Վ: Նոր սրահում էին, դրա համար Աշոտ ջան, հեսա մինչև 8:20 սպասենք, տեսնենք էլի

Ա: Հա, ընգեր, ես վախում եմ էլի, վախում եմ կորցնենք մեր ժողովրդին

Վ: Հասկանում եմ

/այլ թեմա/

Մեջբերված հատվածից ենթադրվում է, որ Աշոտ Մինասյանը հույս է կապում բազմամարդ հավաքների առկայության հետ և մտահոգվում հավաքի մասնակիցների շարքերի նոսրացումից, որպիսի հանգամանքը որևէ կերպ չի խոսում հօգուտ այն փաստի, որ երկրում ստեղծված իրավիճակի լուծումը վերջինը տեսնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանությամբ:

Հաջորդ խոսակցությունը, որին Դատարանը ցանկանում է անդրադարձ կատարել, տեղի է ունեցել սույն թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը՝ 13:37-ին: Խոսակիցներն են Աշոտ Մինասյանը և Նինելը (Դատարանին հայտնի չէ այդ անձի ինքնությունը): Այս խոսակցությունից հետաքրքրություն է ներկայացնում հետևյալ հատվածը.

«Ն: Երեխուն էլ ստե չես տեսե չէ

Ա: Չէ, չէ, չէ, ռիսկ չեմ անում

Ն: Տունը փամփուշտներ կար է Աշոտ, էն պիստալետի էր, ինչ էր:

Ա: Նինել, Նինել, իյա:

Ն: Հա ջան, կներես Աշ, ախր,

Ա: Իյա, Նինել»:

Դատարանի համար պարզ է, որ խոսակցությունը վերաբերում է ինչ-որ զենքի և փամփուշտի, սակայն որևէ կերպ տրամաբանական չէ այդ խոսակցությունը վերագրել վարչապետին սպանելուն ուղղված զենքին կամ ընդհանրապես Աշոտ Մինասյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարմանը, քանի որ առաջին հերթին՝ այդ զենքը չի հայտնաբերվել, երկրորդ՝ խոսք է գնում տանը պահվող զենքի մասին, սակայն Դատարանին ներկայացված տեղեկությունների համաձայն՝ Աշոտ Մինասյանի տանը որևէ քննչական կամ դատավարական գործողություն չի իրականացվել:

Դատարանը, ընդհանրացնելով զննության արձանագրության վերաբերյալ իր դիրքորոշումը, նշում է, որ խոսակցություններն ունեն բազմաբովանդակ բնույթ, մասնավորապես՝ մտքեր են փոխանակվում կենցաղային հարցերի, Աշոտ Մինասյանի առողջական խնդիրների, երկրում տիրող իրավիճակի, հողերի հանձնման խնդրի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետագա քայլերի, Երևան քաղաքում տեղի ունեցող հանրահավաքների, Աշոտ Մինասյանի հետագա անելիքների մասին, որոնց համադրված բովանդակության գնահատումը չի ենթադրում, որ տարբեր անձանց հետ ունեցած խոսակցություններով Աշոտ Մինասյանը քրեաիրավական տեսանկյունից նախապատրաստական աշխատանքներ է տարել քաղաքական գործչի սպանության և իշխանության յուրացման ուղղությամբ: Ընդ որում, նման ծանրության աստիճանի և հանրային բարձր վտանգավորությամբ հանցագործություններն ու դրանց նախապատրաստական աշխատանքները ենթադրում են բավականին լուրջ գործընթացներ, գաղտնիության պահպանման ու ապահովման միանգամայն այլ մակարդակ, այլ ոչ թե կենցաղային բնույթի խոսակցություններ կամ բաց կապուղով քննարկումներ:

Հետևաբար, Դատարանը նկատում է, որ խոսակցությունների ընթացքում «խփելու» և դրան այլընտրանք չլինելու կամ վարչապետի անվտանգության ապահովման համակարգի մասին մտքերը բավարար չեն Աշոտ Մինասյանի մոտ իշխանությունը յուրացնելու և քաղաքական գործչի սպանության մտադրության առկայությունը հավաստելու համար, քանի որ դրանք առավելապես բարձրաձայնված մտքեր են, և ինչպես արդեն վերը նշված է, առավելագույնը կարող են հանդիսանալ դիտավորության բացահայտում: Ավելին՝ ընդունելի է պաշտպանական կողմի այն դատողությունը, որ երկրում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ պատերազմական գործողությունները, դրա ավարտը, Արցախի և Հայաստանի համար հնարավոր ծանր հետևանքների առաջացման պատկերացումները, կարող էին շատ ու շատ մարդկանց շրջանակներում առաջացնել նման տեսակի խոսակցություններ, տեղեկատվության փոխանակումներ, զայրույթի, դժգոհության արտահայտումներ և ինչու ոչ՝ նույնիսկ ենթադրյալ վտանգավոր քայլերի դիմելու ցանկությունների բացահայտումներ։

Ինչ վերաբերում է միջնորդության մեջ նշված այն հանգամանքին, որ գաղտնիության աստիճան ապահովելու համար մեղադրյալ Աշոտ Մինասյանը խոսակիցներին դիմում է անվան սկզբնատառերով, ինչպես նաև նույն նպատակով բաց կապուղու փոխարեն օգտագործում է բջջային հավելվածներ, ապա նախ՝ սկզբնատառերով խոսելու հանգամանքը չի կարող գնահատվել Դատարանի կողմից, քանի որ ներկայացված չէ խոսակցությունների լազերային սկավառակը և Դատարանը չի լսել այդ խոսակցությունները, երկրորդ՝ զննության արձանագրության ուսումնասիրությունից չի երևում, որ բջջային հավելվածների միջոցով Աշոտ Մինասյանը ցանկացել է հատուկ բնույթի ինչ-որ խոսակցություններ վարել, առավել ևս այն մարդկանց հետ, ում նախաքննական մարմինը քննարկվող հանցագործություններում կարևորել է, այլ ընդամենը՝ ոմն Գագոյի հետ խոսելուց հարցնում է «Սիգնալ» ունես, իսկ ինչ-որ «Ժ»-ին (արձանագրությունից չի երևում ով լինելը, համարը, ժամանակահատվածը) ասում է «Վաթսափ» հավելվածին կուղարկի իր նոր մեքենայի լուսանկարները։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից նախապատրաստություն է դիտվել Աշոտ Մինասյանի կողմից ապօրինի զենքի ձեռք բերումը և պահումը, ինչպես նաև վարչապետի անվտանգության համակարգի ուսումնասիրությունն ու վարչապետի թիկնազորի մեջ իր գաղափարակից մեկին ներառելուն ուղղված գործողությունները:

Դատարանն այլևս չի անդրադառնում վարչապետի թիկնազորի ուսումնասիրությանը (արդեն իսկ քննարկված լինելու պատճառով), սակայն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հայտնաբերված մեծաքանակ զենքին ու զինամթերքին, որն ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ ձեռք է բերվել և պահվել հենց նշված նպատակի իրականացման համար:

Տվյալ դրվագով Դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում, քանի որ չկա գեթ մեկ փաստական տվյալ, որը կվկայի այն մասին, թե հատկապես երբ է ձեռքբերվել նման ծավալի զենքն ու զինամթերքը, ինչ նպատակով, և որ ամենակարևորն է, ինչի վրա է հիմնված վարույթն իրականացնող մարմնի համոզվածությունը, որ ուղղակի կապ կա հայտնաբերված ռազմամթերքի և վարչապետի սպանության նախապատրաստության միջև:

Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը համոզիչ տվյալներ չներկայացրեց այն մասին, որ հայտնաբերված զենքը ձեռք է բերվել Աշոտ Մինասյանի կողմից, որպեսզի իրականացվի պետական գործչի սպանություն, քանի որ եթե նույնիսկ ընդունելի համարվի, որ հայտնաբերված ռազմամթերքը պահվել է մեղադրյալի կողմից (այդ հանգամանքին անդրադարձ կկատարվի ստորև), ապա գոնե մեկ տվյալով չի երևում, որ դա ձեռք է բերվել սպանության իրականացման նախապատրաստվելու համար: Այլ խոսքով, եթե այդ զենքը ձեռք է բերվել ավելի վաղ, քան ենթադրյալ սպանության դիտավորությունն է առաջացել, ապա զենքի հայտնաբերումը որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես սպանության նախապատրաստություն, այլ այն պետք է որակվի որպես ինքնուրույն ավարտված հանցագործություն։

Այսպիսով՝ վերը նշվածի հաշվառմամբ՝ Դատարանը գալիս է այն հետևության, որ ներկայացված նյութերով չի հաստատվում Աշոտ Մինասյանի առնչությունը սպանության նախապատրաստության համար առաջադրված մեղադրանքում։ Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքին, ապա այս հոդվածի հիմնավոր կասկածը նույնպես բացակայում է, քանի որ եթե Դատարանը հաստատված չի համարում քաղաքական գործչի սպանության նախապատրաստության վերաբերյալ հիմնավոր կասկածը, ապա դա, առաջադրված մեղադրանքի տրամաբանությամբ, ինքնին բացառում է սպանության իրականացման միջոցով իշխանություն յուրացնելու հիմնավոր կասկածի առկայությունը:

Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի մասով առաջադրված մեղադրանքին՝ Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է ներկայացնել նաև այս հանցակազմի ամփոփ մեկնաբանությունը:

(…)

Դատարանն արձանագրում է, որ նշված շինության և հատկապես՝ առյուծի կենդանավանդակի, որտեղից հայտնաբերվել են զենքերն ու ռազմամթերքը և մեղադրյալ Աշոտ Մինասյանի միջև կապի առկայությունը որևէ կոնկրետ տվյալով, առավել ևս միջնորդության ներկայացման ժամանակ, չի հաստատվում:

Բանն այն է, որ վարույթն իրականացնող մարմինը, որպես նման կապը հիմնավորող տվյալներ, ներկայացրել է օպերատիվ զեկուցագիրը, իսկ դատական նիստում ներկայացրեց նոյեմբերի 16-ի դեպքի վայրի զննության արձանագրությունը, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պաշտոնական կայքից կատարված արտատպման պատճենը, նոյեմբերի 16-ի վկա Սեյրան Հարությունյանի հարցաքննության արձանագրությունը, նոյեմբերի 17-ի վկա Համլետ Գևորգյանի հարցաքննության արձանագրությունը, նոյեմբերի 16-ի դեպքի վայրի զննության արձանագրությունը, ՀՀ ԱԱԾ Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի պետի գրության պատճենը և կից հեռախոսային խոսակցության վերաբերյալ փաստաթուղթը, որոնք նոյեմբերի 15-ի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին որոշմանը կից դատարանին չեն ներկայացվել, (…):

(...)

Այսպես՝ պետական ռեգիստրի փաստաթղթով չի հաստատվում, որ ինչ-որ ժամանակահատվածում դրա նկատմամբ մեղադրյալ Աշոտ Մինասյանն ունեցել է իրավունքներ: Դրա մեջ նշված է, որ ՍՊ ընկերության միակ մասնակիցը հանդիսանում է Մինասյան Հրանտը, որը մեղադրյալ Աշոտ Մինասյանի հայրն է: Առաջին հայացքից թվում է, որ նման հանգամանքը բավարար է եզրակացնելու, որ Աշոտ Մինասյանը կապ ունի նշյալ համալիրի և հարակից տարածքի հետ: Սակայն պետք է նկատի ունենալ, որ այժմ այն չի պատկանում անգամ Աշոտ Մինասյանի հորը, գտնվում է «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության հաշվեկշռում (ըստ վարույթն իրականացնող մարմնի), որպիսի հանգամանքը ողջամտորեն հիմք է տալիս մտածելու, որ Աշոտ Մինասյանը միակը չէ, որը կարող է առնչություն ունենալ այդ տարածքի հետ: Այլ կերպ ասած՝ ինչու է վարույթն իրականացնող մարմինը բացառում, որ այդ համալիրի և կոնկրետ շինության հետ կարող են առնչություն ունեցած լինել Հրանտ Մինասյանը, Աշոտ Մինասյանի որդիները, «Սիսական» ջոկատի անդամները, և վերջապես բանկի աշխատակիցները, որոնց գործողությունները չեն համակարգվում ու վերահսկվում բացառապես մեղադրյալ Աշոտ Մինասյանի կողմից: Մանավանդ՝ վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէ շինության հետ առնչություն ունեցող բոլոր անձանց շրջանակը և չկա գեթ մեկ տվյալ, որը կվկայի այդ ռազմամթերքի հավաքման կամ ձեռքբերման ժամանակահատվածը և կապը Աշոտ Մինասյանի հետ:

Ինչ վերաբերում է հյուրանոցային համալիրի պահակի («Ամերիաբանկ» ՓԲ ընկերության աշխատակից) ցուցմունքին, ապա վերջինը նշել է, որ շինության այդ հատվածի (որտեղից զենքը հայտնաբերվել է) պահպանություն ինքը չի իրականացնում, այդ հատվածն իրեն տեսանելի չէ և չի կարող ասել, թե ով ելումուտ ունի այդ տարածք: Հայտնել է նաև, որ շինության քննարկվող մասը գտնվում է ճանապարհին հարակից, ինչպես նաև դրա մյուս կողմը բաց տարածք է, հետևաբար բացի ռեստորանային համալիրի տարածքից, այլ կերպ ևս հնարավոր է մուտք գործել այդտեղ:

Ասվածը հիմք է տալիս ենթադրելու, որ քննությանը հետաքրքրող տարածքը պահպանվող չէ և ունի գրեթե անսահմանափակ հասանելիություն, որպիսի պայմաններում դրա առնչությունը միայն մեղադրյալ Աշոտ Մինասյանի հետ կապելն առնվազն հիմնավոր չէ: Ավելին՝ դատական նիստում հենց քննիչը հայտնեց, որ բուն ռազմամթերք պահվելու հատվածն աստիճանավանդակով փակ է, սակայն չգիտի բանալին ում մոտ է լինում և շինության հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը հստակեցված չէ։

Համլետ Գևորգյանն իր ցուցմունքում նշել է, որ «Կանթեղ» ռեստորանային համալիրին կից Աշոտ Մինասյանն ունի 3 կոնտեյներներ, որտեղ պահում է հագուստ, սպասք և օրինական զենքերը, որոնց բանալիները գտնվել են վերջինի մոտ, սակայն 2020 թվականի սեպտեմբերի 28-ին հանձնվել է Համլետ Գևորգյանին։ Նշել է նաև, որ առյուծի վանդակի բանալիների գտնվելու վայրի մասին չունի տեղեկություններ, ինչպես նաև Աշոտ Մինասյանի հանձնարարությամբ գնացել է «օբյեկտի» մոտ՝ տեսնելու՝ մարդ կամ ավտոմեքենաներ կան, թե ոչ: Վերջինը կատարել է հանձնարարությունը և հայտնել, որ «մի հատ ԿԳԲ-ի ավտո կա, էն առյուծի վանդակի մոտ ել ման են կյամ»:

Դատարանի գնահատմամբ՝ նշված տեղեկությունները ևս չեն հանդիսանում հայտնաբերված զենքերի և մեղադրյալի միջև կապը հաստատող հանգամանքներ, քանի որ Աշոտ Մինասյանը «օբյեկտի» մոտ ունեցել է 3 կոնտեյներներ, ուստի կարող էր հետաքրքրվել հյուրանոցային համալիրի շինության շրջակայքով: Եվ վերջապես, ողջամիտ է մեղադրյալի այն տեսակետը, որ արդեն երկրում իրարանցում էր սկսվել, ինքը վարչական ձերբակալման էր ենթարկվել և ուներ այն մտավախությունը, որ իրեն կարող են հետևել և նույնիսկ՝ բռնել։ Ավելին՝ Աշոտ Մինասյանը Համլետ Գևորգյանին օբյեկտի շրջակայքում նայելու խնդրանքից հետո, ասել է, որ ինքը ևս գալիս է։ Իսկ երբ Համլետ Գևորգյանը պատասխանել է, որ ԱԱԾ-ի մեքենա կա առյուծի վանդակի հատվածում, Աշոտ Մինասյանը որևէ արտառոց արձագանք կամ անհանգստություն չի հայտնել։

Միաժամանակ, Դատարանի համար ևս ընդունելի է, որ վերը նշված անձանց խոսակցությունը, հատկապես օբյեկտի մոտ ավտոմեքենա լինելու փաստի ստուգման խնդրանքը (և առյուծի վանդակի մոտ մեքենա լինելու պատասխանը), որոշակի առումով տարօրինակ է և կարող է խոսել Աշոտ Մինասյանի մտավախությունների մասին։ Սակայն այդ մտավախությունը կարող է սահմանափակվել առավելագույնը նրանով կամ հաստատել միայն այն, որ մեղադրյալն իմացել է ռազմամթերք պահված լինելու մասին և ունեցել է մտահոգություն, ինչը որևէ կերպ չի կարող վկայել իր կողմից ձեռք բերելու, պահելու մասին, և հիմք հանդիսանա ազատությունից զրկելու համար։ Այլ խոսքով՝ ներկայացված նյութերով չի բացառվում կամ ողջամտորեն հերքվում, որ այդ վայրում չէր կարող զենք և զինամթերք պահվեր նույն Աշոտ Մինասյանի հարազատների կողմից, օրինակ՝ որդիների, ովքեր ևս ունեցել են մարտական ուղի և զենքերի հետ անմիջական առնչություն, իսկ Աշոտ Մինասյանը, այդ ամենն իմանալով, գիտակցելով, ցուցաբերած լինի մտահոգություն:

(...)

Այսպիսով՝ Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Աշոտ Մինասյանի առնչությունն առաջադրված երեք մեղադրանքներում չի հաստատվում։ Ուստի Դատարանն այլևս առարկայազուրկ է համարում կալանավորման հիմքերին անդրադառնալը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի 2017 թվականի հունիսի  22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշմամբ արտահայտված այն դիրքորոշումը, որ երբ դատարանը հաստատված չի համարում անձի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված՝ կալանավորման հիմքերի առկայության հարցի քննարկումը ոչ միայն անիմաստ է, այլև այն քննարկման առարկա դարձնելով՝ դատարանն առանձին դեպքերում իրեն կզրկի այդ հարցի կապակցությամբ հիմնավորված հետևության հանգելու հնարավորությունից, քանի որ հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայությունը փաստելն ինքնին բացառում է կալանավորման հիմքերի, մասնավորապես՝ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականության գնահատման կարևոր տարրերից մեկը՝ արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը իրավական գնահատման ենթարկելու հնարավորությունը: (…)»2:    

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) Քննարկելով հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության հարցը` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ քննիչի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերը բավարար չեն հաստատված համարելու Աշոտ Մինասյանի առնչությունը նրան ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 35-305-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով վերագրվող ենթադրյալ արարքներին:

Վերը նշվածի պայմաններում Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ քննիչի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերն Աշոտ Մինասյանի կողմից կատարված որևէ կոնկրետ գործողության մասին վկայող տեղեկություն չեն պարունակում։

Ինչ վերաբերում է Աշոտ Մինասյանի հեռախոսազրույցների ժամանակ արած արտահայտություններին, ապա Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ դրանք ըստ էության, եղել են հուզական արձագանք` Արցախի Հանրապետության որոշակի տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցնելու վերաբերյալ, քանի որ քննիչի կողմից ներկայացված նյութերում, այդ թվում` հեռախոսային մյուս խոսակցություններում առկա չեն տվյալներ այն մասին, որ Աշոտ Մինասյանը կատարել է որևէ կոնկրետ դիտավորյալ գործողություն` ուղղված ՀՀ վարչապետի սպանության և իշխանության յուրացման համար միջոցներ կամ գործիքներ ձեռք բերելուն կամ հարմարեցնելուն, կամ այդ ենթադրյալ հանցագործությունների համար որևէ այլ պայման ստեղծելուն:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Աշոտ Մինասյանի կողմից հանցագործությունները կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված` կալանավորման հիմքերի առկայության հարցի քննարկումն այլևս անիմաստ է, և Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի կարող կիրառվել:

Ամփոփելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքը պետք է մերժել` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը: (...)»3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ և 358-րդ հոդվածների պահանջները, Վերաքննիչ դատարանի որոշմամբ արձանագրված հետևություններն անհիմն են և չեն բխում քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներից:

9. Բողոքաբերն ընդգծել է, որ ստորադաս դատարանները ներկայացված փաստերի ոչ պատշաճ գնահատման արդյունքում հանգել են սխալ հետևության հիմնավոր կասկածի բացակայության մասին։

Բողոքի հեղինակը փաստարկել է, որ դատարանները, չհետևելով հանցագործությունը մեղադրյալ Ա.Մինասյանի կողմից կատարելու վերաբերյալ հիմնավոր կասկածի՝ որպես կալանավորման պայմանի, գնահատման չափանիշների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին և սխալ գնահատելով դատարան ներկայացված՝ մեղսագրվող հանցագործությունները Ա.Մինասյանի կողմից կատարելու հիմնավոր կասկածը հաստատող տվյալները, կայացրել են անհիմն և անօրինական դատական ակտեր։

9.1. Ըստ բողոքաբերի՝ քրեական գործով ձեռք բերված և դատարան ներկայացված փաստական տվյալներն իրենց համակցության մեջ վկայում են, որ առկա է հիմնավոր կասկած, որ Ա.Մինասյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքները և դրանք համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-300-րդ հոդվածի 1-ին մասով և 35-305-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին։

9.2. Բողոք բերած անձը փաստարկել է նաև, որ մեղսագրված արարքների համար սահմանված պատիժների խստությունը ծանրակշիռ գործոն է մեղադրյալի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը բարձր գնահատելու համար:

Բողոքի հեղինակն ընդգծել է, որ դատարան ներկայացված միջնորդությանը կից նյութերից երևում է, որ Ա.Մինասյանն իր հանցավոր նպատակին հասնելու համար օգտագործել է իր կապերն ու ազդեցությունն ինչպես կուսակցական գործունեությամբ զբաղվող, այնպես էլ մարտական որոշակի պատրաստվածություն անցած, ռազմական գործողություններին մասնակցած, նախկինում պաշտոնի բերումով հանրային կառավարման տարբեր ոլորտներում կայուն կապեր ունեցող անձանց շրջանում և չունենալով նշված կառույցների կամ անձանց գործունեությանը որևէ կերպ միջամտելու լիազորություն` կարողացել է անօրինական ազդեցություն գործադրել, ավելին՝ նրանց ներգրավել ու նրանց մոտ վճռականություն է հարուցել պետական գործչի սպանությունը կազմակերպելու, իշխանությունը յուրացնելու գործընթացի նախապատրաստման փուլում ընդգրկվելու հարցում: Քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով ԱՄինասյանը և ՎԲաղդասարյանը նույնիսկ քննարկումներ են ունեցել ՀՀ զինված ուժերում, ՀՀ վարչապետի անվտանգությունն ապահովող ծառայությունում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում իրենց վստահելի մարդկանց ներդնելու և այդ կերպ իշխանության յուրացմանն ուղղված խոչընդոտները վերացնելու համար:

9.3 Բողոքաբերը փաստարկել է, որ մեծ է նաև հավանականությունը, որ ԱՄինասյանը կարող է թաքցնել կամ ոչնչացնել գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, իր դերակատարությամբ խոչընդոտել հանցագործության մյուս մասնակիցների բացահայտմանը՝ այդպիսով խոչընդոտելով գործի քննությանը:

Բողոքի հեղինակն ընդգծել է նաև, որ Ա.Մինասյանի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հավանականության գնահատման համար նշանակություն ունեցող հանգամանքներ են՝ հանցագործության քննության բարդությունը, դրանում բազմաթիվ անձանց ներգրավվածությունը, քանի որ դրանով պայմանավորված տևական քննություն է անհրաժեշտ՝ հանցագործությանը ներգրավված բոլոր մասնակիցների ինքնությունը և մասնակցության աստիճանը պարզելու համար:

Բողոք բերած անձը նշել է, որ Ա.Մինասյանը կարողացել է հանգամանալից կերպով պլանավորել հանցագործության կատարումը, այն է՝ առանց խոչընդոտների ապօրինի ձեռք է բերել մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, տեղափոխել և պահել է իրեն պատկանող շինությունում, որոնց միայն քանակն ինքնին վկայում է, որ այդ հարցում վերջինս գործել է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, որոնց ինքնությունը քննության ներկա փուլում չի բացահայտվել, հետևաբար ակնհայտ է, որ ազատության մեջ մնալով՝ ԱՄինասյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ անօրինական ներգործություն ունենալու կամ հանցակիցների վարքագիծն ուղղորդելու ճանապարհով:

10. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել, կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով մեղադրյալ ԱՄինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց երկու ամիս ժամկետով կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Աշոտ Մինասյանի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-300-րդ հոդվածի 1-ին մասով, 35-305-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններ կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար։

12. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

(…) 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (…)»։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և oրենքով uահմանված կարգով.

(…) գ) անձի oրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու oրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար (…)»։

13. Վերահաստատելով և զարգացնելով կալանավորման պայմաններից «հիմնավոր կասկածի» գնահատման սահմանների վերաբերյալ Վահրամ Գևորգյանի4, Հարություն Խաչատրյանի5 գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Էդգար Եղիազարյանի գործով ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։ Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ6։

Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է հետևյալ հանգամանքները՝

- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,

- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից7, ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին` այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը։ Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ՝ արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել8, կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ և այլն)9։

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝           

- Նախաքննության մարմինը Ա.Մինասյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով, 35-305-րդ հոդվածով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով10,

- Նախաքննության մարմինը մեղադրյալ Ա.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել, որն Առաջին ատյանի դատարանի որոշմամբ մերժվել է: Առաջին ատյանի դատարանը գտել է, որ խոսակցությունների ընթացքում «խփելու» և դրան այլընտրանք չլինելու կամ վարչապետի անվտանգության ապահովման համակարգի մասին մտքերը բավարար չեն ԱՄինասյանի մոտ իշխանությունը յուրացնելու և քաղաքական գործչի սպանության մտադրության առկայությունը հավաստելու համար, քանի որ դրանք առավելապես բարձրաձայնված մտքեր են, և առավելագույնը կարող են հանդիսանալ դիտավորության բացահայտում: Առաջին ատյանի դատարանը նշել է, որ «խփելու» մասին կարծիք կամ դիրքորոշում հայտնել է ոչ թե ԱՄինասյանը, այլ ԱԱվագյանը, իսկ այն, որ ԱՄինասյանն ասել է, որ «նոր էդ էին խոսում (...)», չի կարող դիտվել որպես արտահայտված մտքերի իրականացմանն ուղղված գործողությունների նախապատրաստություն, քանի որ այստեղ խոսք է գնում ընդամենը մտքերի փոխանակման մասին: Եթե անգամ դիտարկենք, որ խոսքը հենց կոնկրետ անձին սպանելու մասին է, ապա նշված խոսակցությունը կարող է համարվել առավելագույնը դիտավորության բացահայտում և ոչ ավելին, ինչը որևէ դեպքում չի կարող քրեաիրավական գնահատականի արժանանալ: Առաջին ատյանի դատարանը նշել է, որ վարույթն իրականացնող մարմինը համոզիչ տվյալներ չներկայացրեց այն մասին, որ հայտնաբերված զենքը ձեռք է բերվել Ա.Մինասյանի կողմից, որպեսզի իրականացվի պետական գործչի սպանություն, քանի որ եթե նույնիսկ ընդունելի համարվի, որ հայտնաբերված ռազմամթերքը պահվել է մեղադրյալի կողմից, ապա գոնե մեկ տվյալով չի երևում, որ դա ձեռք է բերվել սպանության իրականացմանը նախապատրաստվելու համար: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքին, ապա, ըստ Առաջին ատյանի դատարանի, այս հոդվածով հիմնավոր կասկածը նույնպես բացակայում է, քանի որ եթե դատարանը հաստատված չի համարում քաղաքական գործչի սպանության նախապատրաստության վերաբերյալ հիմնավոր կասկածը, ապա դա, առաջադրված մեղադրանքի տրամաբանությամբ, ինքնին բացառում է սպանության իրականացման միջոցով իշխանություն յուրացնելու հիմնավոր կասկածի առկայությունը:

Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքին՝ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ նշված շինության և հատկապես՝ առյուծի կենդանավանդակի, որտեղից հայտնաբերվել են զենքերն ու ռազմամթերքը, և մեղադրյալ Ա.Մինասյանի միջև կապի առկայությունը որևէ կոնկրետ տվյալով, առավել ևս միջնորդության ներկայացման ժամանակ, չի հաստատվում: Առաջին ատյանի դատարանը նշել է, որ պետական ռեգիստրի փաստաթղթով չի հաստատվում, որ ինչ-որ ժամանակահատվածում դրա նկատմամբ մեղադրյալ Ա.Մինասյանն ունեցել է իրավունքներ: Դրա մեջ նշված է, որ ՍՊ ընկերության միակ մասնակիցը հանդիսանում է ՀՄինասյանը, որը մեղադրյալ Ա.Մինասյանի հայրն է: Առաջին հայացքից թվում է, որ նման հանգամանքը բավարար է եզրակացնելու, որ ԱՄինասյանը կապ ունի նշյալ համալիրի և հարակից տարածքի հետ: Սակայն պետք է նկատի ունենալ, որ այժմ այն չի պատկանում անգամ ԱՄինասյանի հորը, գտնվում է «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության հաշվեկշռում, որպիսի հանգամանքը ողջամտորեն հիմք է տալիս մտածելու, որ ԱՄինասյանը միակը չէ, որը կարող է առնչություն ունենալ այդ տարածքի հետ: Առաջին ատյանի դատարանը նշել է, որ ասվածը հիմք է տալիս ենթադրելու, որ քննությանը հետաքրքրող տարածքը պահպանվող չէ և ունի գրեթե անսահմանափակ հասանելիություն, որպիսի պայմաններում դրա առնչությունը միայն մեղադրյալ ԱՄինասյանի հետ կապելն առնվազն հիմնավոր չէ: Առաջին ատյանի դատարանը ողջամիտ է համարել մեղադրյալի այն տեսակետը, որ արդեն երկրում իրարանցում էր սկսվել, ինքը վարչական ձերբակալման էր ենթարկվել և ուներ այն մտավախությունը, որ իրեն կարող են հետևել և նույնիսկ՝ բռնել։ Առաջին ատյանի դատարանը նշել է, որ իր համար ևս ընդունելի է, որ անձանց խոսակցությունը, հատկապես օբյեկտի մոտ ավտոմեքենա լինելու փաստի ստուգման խնդրանքը (և առյուծի վանդակի մոտ մեքենա լինելու պատասխանը), որոշակի առումով տարօրինակ է և կարող է խոսել ԱՄինասյանի մտավախությունների մասին։ Սակայն, ըստ Առաջին ատյանի դատարանի, այդ մտավախությունը կարող է սահմանափակվել առավելագույնը նրանով կամ հաստատել միայն այն, որ մեղադրյալն իմացել է ռազմամթերք պահված լինելու մասին և ունեցել է մտահոգություն, ինչը որևէ կերպ չի կարող վկայել իր կողմից ձեռք բերելու, պահելու մասին, և հիմք հանդիսանալ ազատությունից զրկելու համար։ Ըստ Առաջին ատյանի դատարանի՝ ներկայացված նյութերով չի բացառվում կամ ողջամտորեն հերքվում, որ այդ վայրում չէր կարող զենք և զինամթերք պահվեր նույն ԱՄինասյանի հարազատների կողմից, օրինակ՝ որդիների, իսկ ԱՄինասյանը, այդ ամենն իմանալով՝ ցուցաբերած լինի մտահոգություն: Առաջին ատյանի դատարանն այնուհետև նշել է, որ այն եզրահանգման է գալիս, որ ԱՄինասյանի առնչությունն առաջադրված երեք մեղադրանքներում չի հաստատվում, ուստի այլևս առարկայազուրկ է համարում կալանավորման հիմքերին անդրադառնալը11,

- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ քննիչի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերը բավարար չեն հաստատված համարելու ԱՄինասյանի առնչությունը՝ նրան ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով, 35-305-րդ հոդվածով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով վերագրվող ենթադրյալ արարքներին: Վերաքննիչ դատարանը նշել է, որ քննիչի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերն ԱՄինասյանի կողմից կատարված որևէ կոնկրետ գործողության մասին վկայող տեղեկություն չեն պարունակում։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ մեղադրյալ ԱՄինասյանի կողմից հանցագործությունները կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում կալանավորման հիմքերի առկայության հարցի քննարկումն այլևս անիմաստ է, և ԱՄինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի կարող կիրառվել12:

15. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը՝ Ա.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը քննության առնելիս, այնպես էլ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելիս, պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել մի շարք առանցքային հանգամանքներ։

Նախևառաջ, հարկ է նկատել, որ թե՛ Առաջին ատյանի դատարանը, և թե՛ Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ ԱՄինասյանի առնչությունը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նրան առաջադրված մեղադրանքին չի հաստատվում, պատշաճ ուշադրություն չեն արժանացրել այն հանգամանքին, որ ռեստորանային համալիրը պատկանել է ԱՄինասյանի ընտանիքին՝ ձևակերպված է եղել վերջինիս հոր անվամբ: Նույն տարածքը հետագայում ԱՄինասյանի կողմից տիրապետելու և օգտագործելու մասին բավարար փաստական տեղեկություններ են արձանագրված Հ.Գևորգյանի ցուցմունքում, որը նշել է, որ տարածքում տեղադրված կոնտեյներներն օգտագործվել են ԱՄինասյանի կողմից: Միաժամանակ, ՀԳևորգյանն իր ցուցմունքով չի հայտնել, որ այլ անձինք, թեկուզ և ԱՄինասյանի հարազատները, որևէ կերպ օգտագործել են նշված տարածքը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հ.Գևորգյանի ցուցմունքը ստորադաս դատարանների կողմից պատշաճ գնահատականի չի արժանացել: Ավելին, հայտնաբերված ապօրինի զենքի հետ Ա.Մինասյանի առնչության մասին է վկայում նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան ներկայացված հեռախոսային խոսակցության բովանդակությունը, որի ժամանակ Ա.Մինասյանը, զանգահարելով ՀԳևորգյանին, խնդրել է գնալ և ստուգել՝ օբյեկտի մոտ օտար ավտոմեքենաներ կան, թե ոչ: ՀԳևորգյանն ԱՄինասյանի խնդրանքը կատարելուց հետո նրան հայտնել է ռեստորանի, իսկ ավելի կոնկրետ՝ առյուծի վանդակի մոտ ՀՀ ազգային անվտանգության ծառայության ավտոմեքենայի առկայության մասին, որից հետո ԱՄինասյանը, ըստ խոսակցության` այդ տարածք այլևս չի գնալու։

Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքաբերի այն փաստարկը, որ եթե Ա.Մինասյանը իրականում որևէ առնչություն չի ունեցել նշված համալիրի հետ, ապա անտեղի ու անհիմն կլինեին նրա մտավախությունները, որ իրեն հենց հիշյալ համալիրի մոտ պետք է փնտրեին: Մինչդեռ ստորադաս դատարանները պատշաճ ուշադրության չեն արժանացրել նաև այս հանգամանքը:

Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանի համաձայնությունն Առաջին ատյանի դատարանի՝ մասնավորապես այն դատողության հետ, որ, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով հիմնավոր կասկածը բացակայում է, անհիմն է և չի բխում վարույթն իրականացնող մարմնի միջնորդությանը կից ներկայացված տվյալներից։ Ավելին, հարկ է ընդգծել, որ սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում ստորադաս դատարանների կողմից տրված մեկնաբանությունները հակասում են սույն որոշման 12-13-րդ կետերում մեջբերված` ենթադրյալ հանցանքի կատարման «հիմնավոր կասկածի» գնահատման չափանիշին։ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև ընդգծել, որ Առաջին ատյանի դատարանը նշելով, որ ներկայացված նյութերով չի բացառվում կամ ողջամտորեն հերքվում, որ հայտնաբերված վայրում չէր կարող զենք և զինամթերք պահվեր նույն ԱՄինասյանի հարազատների կողմից, օրինակ՝ որդիների, իսկ ԱՄինասյանը, այդ ամենն իմանալով՝ ցուցաբերած լինի մտահոգություն, կիրառել է հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշը, ինչը բնորոշ է ոչ թե մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով կալանավորման միջնորդության, այլ քրեական գործի ըստ էության քննությանը։ Արդյունքում, ըստ էության խախտվել է քրեական դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքը, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը պարունակել է քրեական գործի ըստ էության քննությանը բնորոշ՝ արդարադատության իրականացման գործընթացի տարրեր։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննիչի կողմից միջնորդությանը կից ներկայացված տվյալների համակցությունը դատավարության տվյալ փուլում ողջամտորեն բավարար է գալու այն եզրահանգման, որ մեղադրյալ ԱՄինասյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը։ Այլ կերպ՝ պետք է փաստել, որ առկա է մեղադրյալ ԱՄինասյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման հիմնավոր կասկածը:

16. Նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Ա.Մինասյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար, հիմնավոր չեն։

17. Ինչ վերաբերում է Ա.Մինասյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով և 35-305-րդ հոդվածով նախատեսված արարքներ կատարելու հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններին, ապա Վճռաբեկ դատարանն այդ առումով հայտնում է իր համաձայնությունը: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներկայացված նյութերը, այդ թվում` հեռախոսային խոսակցությունների զննության արձանագրության տվյալներն իրենց համակցության մեջ բավարար չեն հիմնավոր կասկածի շեմին համապատասխան հավաստելու, որ Ա.Մինասյանը կատարել է որևէ կոնկրետ դիտավորյալ գործողություն` ուղղված պետական գործչի սպանության և իշխանության յուրացման համար միջոցներ կամ գործիքներ ձեռք բերելուն կամ հարմարեցնելուն, կամ այդ ենթադրյալ հանցագործությունների համար որևէ այլ պայման ստեղծելուն:

18. Այսպիսով, ամփոփելով սույն որոշման 15-16-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ և 135-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 19-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Վճռաբեկ դատարանը, մի կողմից՝ սահմանափակված լինելով վճռաբեկ բողոքի առարկայով և սահմաններով, մյուս կողմից՝ ապահովելով անձի՝ դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքները, դատական վերանայման սահմանների վերընթաց նվազման սկզբունքի հաշվառմամբ գտնում է, որ գործը պետք է ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ կալանավորման հիմքերի մասով նոր քննության13

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ,  415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Աշոտ Հրանտի Մինասյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 19-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորման հիմքերի մասով նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

______________________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 86-88:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 162-198:

3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 50-83:

4  Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահրամ Գևորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումը, կետեր 20-23։

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Խաչատրյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշումը, կետեր 13 և 15:

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14:

7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը։

8 Այդ առումով մանրամասն տե՛ս, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով 2012 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 23978/06։

9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 15:

10 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

11 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

12 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

13 Տե՛ս Հրայր Հովսեփյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը, կետ 29:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

  Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան