Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 16.10.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
28.07.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
28.07.2023
Дата вступления в силу
28.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ԱՐԴ1/0001/07/21

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

28 հուլիսի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 24-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հետաքննիչ Ս.Սարգսյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ, հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 86161720 քրեական գործը` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով:

2. 2020 թվականի նոյեմբերի 23-ից թիվ 86161720 քրեական գործի նախաքննությունը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում:

3. Նախաքննության մարմինը 2021 թվականի հունվարի 18-ի որոշմամբ միջնորդություն է հարուցել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` խնդրելով թույլատրել խուզարկություն կատարել Արթուր Ռաֆիկի Բաղդասարյանի՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի 6/2-րդ շենքի 22-րդ բնակարանում:

4. Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի հունվարի 18-ի որոշմամբ նախաքննության մարմնի վերոնշյալ միջնորդությունը մերժվել է:

5. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ դատախազը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2021 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունվարի 18-ի որոշումը՝ թողնվել օրինական ուժի մեջ:

6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մարտի 15-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 24-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ: Բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարանները, անհիմն մերժելով նախաքննության մարմնի՝ բնակարանում խուզարկություն կատարելու մասին միջնորդությունը, թույլ են տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և խախտել է հանրային և մասնավոր շահերի հավասարակշռությունը։

7.1. Բողոքաբերը փաստարկել է, որ խուզարկության փաստական հիմքը կազմող տվյալների առկայության պայմաններում, Առաջինատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը փաստացի զրկել են քրեական հետապնդման մարմիններին` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցները ձեռնարկելու հնարավորությունից՝ սահմանելով օրենքով չնախատեսված ժամկետային սահմանափակումներ: Անդրադառնալով խուզարկության փաստական հիմքը կազմող տվյալների ձեռք բերման և այդ քննչական գործողության կատարման միջև ժամանակային կարճ խզման դեպքում խուզարկության արդյունավետությանը՝ բողոքաբերը փաստել է, որ քրեագիտության մեջ լայն տարածում գտած այդ մոտեցումը ինքնին հիմք չէ ներկայացված միջնորդությունը մերժելու համար: Իբրև հիմնավորում՝ բողոքաբերը նշել է նաև, որ իրավակիրառ պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ վարույթի հետագա փուլերում կատարված կամ կրկնակի խուզարկությունները եղել են արդյունավետ: Բողոքաբերը նաև ընդգծել է, որ քննչական գործողությունների արդյունավետությունը, հանցագործությունների քննության մեթոդիկան և առանձին քննչական գործողությունների տակտիկան ակնհայտորեն դուրս են քննչական գործողություններ կատարելու միջնորդությունը քննարկող դատարանի վերահսկողության շրջանակներից:

7.2. Բողոքաբերը փաստել է, որ օրենսդրությամբ իրավաչափորեն նախատեսված չէ որևէ ժամկետ, որի ընթացքում քրեական հետապնդման մարմինները պարտավոր են խուզարկություն կատարելու միջնորդություն ներկայացնել դատարան, իսկ ստորադաս դատարանների կողմից խուզարկության կատարման արդյունավետության և ժամանակավրեպության պատճառաբանություններով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը մերժելը ստեղծում է լրացուցիչ արհեստածին բարդություններ՝ քրեական գործերի արդյունավետ քննության տեսանկյունից:

8. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 24-ի որոշումը բեկանել և փոփոխել՝ բավարարելով նախաքննության մարմնի միջնորդությունը՝ Ա.Բաղդասարյանի՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի 6/2-րդ շենքի 22-րդ բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. «Բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին» նախաքննության մարմնի որոշման համաձայն՝ «Անհայտ անձը դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, իրացնելու նպատակով ապօրինի պատրաստել և լավաշի մեջ թաքցրել է առանձնապես խոշոր չափերի հասնող 3.53 գրամ հաստատուն քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոց և առանձանպես խոշոր չափերի հասնող 1.35 գրամ հաստատուն քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որն էլ ապօրինի իրացրել է քաղաքացի Օնիկ Մուշեղի Վարդանյանին, վերջինս էլ իր կնոջ՝ Գոհար Ռուբենի Վարդանյանի միջոցով ապօրինի իրացրել է քաղաքացի Արթուր Ռաֆիկի Բաղդասարյանին: Արթուր Ռաֆիկի Բաղդասարյանը նշված թմրամիջոցները ապօրինի փոխադրել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ և ցանկացել հիմնարկի հանձնուքների ընդունման և հանձնման կետի միջոցով փոխանցել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Էդուարդ Վոլոդիայի Ավալյանին: Ցմահ դատապարտյալ Էդուարդ Վոլոդիայի Ավալյանը չի կարողացել ապօրինի ձեռք բերել նշված թմրամիջոցները՝ իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին ժամը 11:45-ի սահմաններում նշված թմրամիջոցները հիմնարկի հանձնուքների ընդունման և հանձնման կետում զննության ժամանակ հայտնաբերվել և վերցվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի աշխատակիցների կողմից: Դեպքի առթիվ 2020 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է թիվ 86161720 քրեական գործը (...):

Նախաքննությամբ պարզվել է, որ Արթուր Ռաֆիկի Բաղդասարյանը բնակվում է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի 6/2-րդ շենքի 22-րդ բնակարանում:

Նկատի ունենալով, որ Արթուր Ռաֆիկի Բաղդասարյանի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի 6/2-րդ շենքի 22-րդ բնակարանում հնարավոր է թաքցված լինի թմրանյութեր, առանց դեղատոմսի վաճառքը արգելված դեղահաբեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներ և քրեական գործին հետաքրքրող այլ իրեր և առարկաներ, որոնց հայտնաբերումը հնարավոր կլինի բացառապես խուզարկության միջոցով, ուստի (...) միջնորդություն հարուցել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ թույլատրելու 2021 թվականի հունվարի 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում խուզարկություն կատարել Արթուր Ռաֆիկի Բաղդասարյանի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի 6/2-րդ շենքի 22-րդ բնակարանում: Միջնորդության բավարարման դեպքում խուզարկության կատարումը հանձնարարել ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցներին»2:

10. Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի հունվարի 18-ի որոշմամբ արձանագրել է. «(...) [Ա]նդրադառնալով խուզարկության արդյունավետության հարցին՝ Դատարանը արձանագրում է, որ թմրանյութերը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 26.10.2020թ., քրեական գործըհարուցվելէ 20.11.2020թ., այն Քննիչիվարույթումէգտնվում 2020թ. նոյեմբերի 23-ից, միջնորդությանը կից խուզարկություն կատարելու անհրաժեշտությունը հիմնավորող ապացույցներից ամենաուշը ձեռք է բերվել 2020թ. նոյեմբերի 4-ին, երբ դեռ հարուցված չի եղել քրեական գործ, իսկ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը դատարան է բերվել 2021թ. հունվարի 18-ին՝ դեպքը հայտնաբերելուց գրեթե 3 ամիս անց (ոչ մի ապացույց չի ներկայացվել, որը ձեռք բերված կլինի գրեթե 2 ամիս իրականացված նախաքննության ընթացքում)։ Բացի այդ՝ 2020թ. հոկտեմբերի 26-ին դեպքի վերաբերյալ բացատրություն է վերցվել այն անձից, ում բնակարանում պետք է խուզարկություն իրականացվի։ Այսինքն՝ խուզարկության հանկարծակիությունը, անկանխատեսելիությունը, որով պայմանավորված է այդ քննչական գործողության արդյունավետությունը, տվյալ պարագայում բացակայում է։ Հետևաբար՝ Դատարանը գտնում է, որ Արթուր Ռաֆիկի Բաղդասարյանը ունեցել է բավարար ժամանակ և տեղեկություն իր տանը ենթադրաբար պահվող փնտրվող թմրանյութերը կամ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին հետաքրքրող առարկաները տեղափոխելու, թաքցնելու և այլն, ուստի խուզարկությունը ժամանակավրեպ է՝ այլևս չկա ողջամիտ կասկած, որ նրա բնակարանում կարող է հայտնաբերվել փնտրվող առարկաները, հետևապես այդ քննչական գործողությունը կլինի կամայական, կկրի ձևական բնույթ, ինչն անթույլատրելի է։

Դատարանը արձանագրում է նաև, որ Քննիչի կողմից Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի 6/2-րդ շենքի 22-րդ բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է քրեադատավարական օրենքի խախտմամբ. այն է՝ չի նշել խուզարկություն կատարելու օրը և թե ում կողմից է այն իրականացվելու, ինչը վերը նշված մյուս հանգամանքների հետ համակցության մեջ ևս վկայում է միջնորդության անհիմն ու ոչ նպատակային լինելու մասին։

Այսպիսով՝ Դատարանը գտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչության ՀԿԳ քննիչ Գ.Գաբրիելյանի՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի 6/2-րդ շենքի 22-րդ բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը անհիմն է և ենթակա է մերժման։ (…)»3:

11. Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 24-ի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանի համար թեև ընդունելի է բողոքաբերի այն պնդումը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նյութերի նախապատրաստման փուլում բնակարանի խուզարկություն կատարելու կարգ չի նախատեսում, իսկ նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություն է վերցվել Արթուր Բաղդասարյանից, այնուամենայնիվ հարկ է նշել, որ ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 26-ին, որպիսի պայմաններում, եթե անգամ թմրանյութեր, առանց դեղատոմսի վաճառքն արգելված դեղահաբեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներ իրականում գտնվել են Արթուր Բաղդասարյանի մոտ, ապա ողջամտորեն քիչ է հավանականությունը, որ դրանք դեպքից ամիսներ անց դեռևս գտնվում են նրա մոտ, այն էլ այն պայմաններում, երբ Արթուր Բաղդասարյանը, դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 26-ին տալով բացատրություն, ողջամտորեն տեղեկացվել է իրականացվող վարույթի մասին, ուստի դրանից հետո անտրամաբանական է, որ վերջինը կարող է ամիսներ շարունակ իր բնակության վայրում պահել փնտրվող առարկաները:

(...)

Ինչ վերաբերում է դատարանի այն եզրահանգմանը, որ միջնորդությունը ներկայացվել է քրեադատավարական օրենքի խախտմամբ, քանի որ չի նշվել խուզարկություն կատարելու օրը և, թե ում կողմից է այն իրականացվելու, ապա Վերաքննիչ դատարանի համար թեև ընդունելի է բողոքաբերի այն պնդումը, որ միջնորդության մեջ նշել է այն ժամկետը, որի ընթացքում պետք է իրականացվեր խուզարկությունը, ինչպես նաև նշել է, թե ում կողմից այն պետք է իրականացվեր, սակայն նշվածը դեռևս բավարար չէ փաստելու, որ խուզարկության կատարումը ժամանակավրեպ չէ և դրա կատարման արդյունքում բնակարանում կարող են հայտնաբերվել գործի համար նշանակություն ունեցող առարկաները:

(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ներկայացված նյութերի շրջանակներում առաջին ատյանի դատարանի կողմից կայացվել է օրինական և հիմնավորված որոշում և թույլ չի տրվել այնպիսի դատավարական իրավունքի խախտում, ինչը հիմք կհանդիսանա տվյալ դատական ակտը բեկանելու համար: (...)»4:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Արթուր Բաղդասարյանի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

13. ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք:

2. Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայնօրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքով կարող են սահմանվել դատարանի որոշմամբ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այլ դեպքեր»։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 8-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»։

1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 12-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ` մուտք գործել նրա բնակարանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` սույն օրենսգրքով սահմանված կարգով: Բնակարանի զննումը, այնտեղ դատավարական այլ գործողություններ կատարելը, ինչպես նաև տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք գործելը այն զբաղեցնող անձանց կամքին հակառակ` քրեական դատավարության ընթացքում կարող են կատարվել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի որոշմամբ»։

Նույն օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն` «1. Քննիչը, բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ որևէ շենքում կամ այլ տեղ կամ որևէ անձի մոտ գտնվում են հանցագործության գործիքներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաև այլ առարկաներ և փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, խուզարկություն է կատարում դրանք գտնելու և վերցնելու համար։

2. Խուզարկություն կարող է կատարվել նաև հետախուզվող անձանց, հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց, ինչպես նաև դիակները հայտնաբերելու համար:

3. Բնակարանի խուզարկությունը կատարվում է միայն դատարանի որոշմամբ»:

14. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով Կոնվենցիայի 8-րդ հոդվածի մեկնաբանությանը, կայուն նախադեպային պրակտիկա է ձևավորել առ այն, որ անձի՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքին միջամտությունը, Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից պետք է լինի արդարացված, այսինքն՝

– պետք է կատարվի «օրենքին համապատասխան»,

– հետապնդի Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված մեկ կամ մի քանի օրինական նպատակ,

– այդ նպատակներին հասնելը պետք է լինի «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»5։

14.1. Վճռաբեկ դատարանը Յաշա Խաչատրյանի գործով կայացված որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «[Ի]նչ վերաբերում է այս կամ այն քննչական գործողությունը կատարելու անհրաժեշտությանը, ապա իրավասու սուբյեկտը, ելնելով գործի համար նշանակություն ունեցող պարզման ենթակա հանգամանքներից, համապատասխան քննչական գործողության կատարման փաստական և իրավական հիմքերի առկայությունից, ինքն է որոշում, թե երբ և ինչ քննչական գործողություն է հարկավոր կատարել՝ ապահովելու համար քրեական դատավարության բնականոն շարժը։ Ինչ վերաբերում է բնակարանի խուզարկությանը, ապա վարույթն իրականացնող մարմինն իրավասու է նշված քննչական գործողությունը կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ դիմել դատարան, եթե գտնում է, որ առկա են բավարար տվյալներ, որոնք հանգեցնում են ողջամիտ ենթադրության առ այն, որ տվյալ բնակարանում կարող են հայտնաբերվել գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, փաստաթղթեր, հետախուզվող կամ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձինք, ինչպես նաև դիակներ»6:

14.2. Վճռաբեկ դատարանը Սեպուհ Թադևոսյանի և Սիրուն Նաջարյանի գործով կայացված որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Բնակարանի խուզարկության կատարման (…) փաստական հիմք են «բավարար տվյալները»: Այլ խոսքով` տվյալների առկայությունն ինքնին խուզարկության կատարման փաստական հիմք չէ, քանի դեռ չի համապատասխանում բավարարության վերաբերյալ պահանջին: Տվյալների` բավարարության տեսանկյունից գնահատումը պետք է հանգեցնի այն ողջամիտ եզրահանգման, որ խուզարկության կատարման արդյունքում կարող են ձեռք բերվել փնտրվող առարկաները: Ընդ որում, օրենսդրորեն նախատեսված չէ տվյալների համակցության վերաբերյալ պահանջ: Այլ խոսքով` տվյալների բավարարության վերաբերյալ պահանջը որակական բնույթ է կրում. խուզարկության կատարման արդյունքում փնտրվող առարկաների հայտնաբերման հավանականության մասին եզրահանգումը կարող է հիմնված լինել ինչպես մեկ վերաբերելի և արժանահավատ տվյալի, այնպես էլ` տվյալների համակցության վրա (…)»7։

14.3. Վերահաստատելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին համահունչ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ քննչական գործողությունների կատարման նպատակն ընդհանրապես և խուզարկության նպատակը՝ մասնավորապես, գործով ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկատվության ստացումն ու ճշմարտության բացահայտումն է։ Վճռաբեկ դատարանը նաև ընդգծում է, որ խուզարկությունը քննչական գործողությունների շարքում առանձնանում է իր անհետաձգելի բնույթով, ինչից հետևում է, որ խուզարկության արդյունավետությունը, որպես կանոն, ենթադրում է, որ որևէ շենքում կամ այլ տեղ կամ որևէ անձի մոտ գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, փաստաթղթեր, հետախուզվող կամ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձինք, ինչպես նաև դիակներ հայտնաբերելու վերաբերյալ բավարար տվյալների, այլ կերպ՝ խուզարկության փաստական հիմքի առկայության դեպքում այն պետք է իրականացվի անհապաղ։ Սակայն այս քննչական գործողության կատարման հապաղումն ինքնին չի չեզոքացնում գործի համար նշանակություն ունեցող և որոնվող առարկաները, փաստաթղթերը կամ այլ օբյեկտները հայտնաբերելու հավանականությունը հիմնավորող փաստակազմի առկայությունը: Հետևաբար, նախաքննության մարմնի կողմից քննարկվող քննչական գործողության կատարմանն ուղղված միջոցներ անհապաղ չձեռնարկելը, այդ թվում` համապատասխան թույլտվություն ստանալու միջնորդությամբ դատարան քրեական գործ հարուցելուց տևական ժամանակ անց դիմելը, չի կարող ինքնին հիմք հանդիսանալ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու համար։ Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ թեև օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի հիման վրա խուզարկությունը դասում է անհետաձգելի քննչական գործողությունների շարքին, սակայն չի բացառում դրա կատարումը քրեական գործի քննության հետագա փուլերում։ Բացի այդ, անհապաղությունը որոշվում է՝ ելնելով կոնկրետ գործի առանձնահատկություններից, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ որևէ ժամկետ, որի ընթացքում քրեական հետապնդման մարմինները պարտավոր են խուզարկություն կատարելու միջնորդություն ներկայացնել դատարան: Ասվածից հետևում է, որ խուզարկության փաստական հիմքը կազմող տվյալների ձեռք բերման և խուզարկության կատարման ակնկալվող ժամանակի միջև որոշակի ժամանակահատվածի առկայության հանգամանքն ինքնին հիմք չէ ներկայացված միջնորդությունը դատարանի կողմից մերժելու համար, եթե դատարան ներկայացված նյութերը բավարար են հանգելու հետևության, որ բնակարանում խուզարկություն կատարելու փաստական հիմքը շարունակում է գոյություն ունենալ8:

14.4. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով անձի կողմից գործի քննության մասին տեղյակ լինելու պարագայում անձի բնակարանում խուզարկության հանկարծակիության և արդյունավետության հարցին, կրկնում է, որ անձի բնակարանում խուզարկություն կատարելու հանկարծակիությունը՝ գործի քննության մասին անձի տեղեկացվածության համատեքստում, խուզարկության իրավաչափությունը գնահատելու չափանիշ չէ, քանի որ, նախ՝ ենթադրյալ հանցանք կատարած անձը տարբեր աղբյուրներից կարող է տեղեկանալ քրեական գործի հարուցման և քննության մասին, այդ թվում՝ ինչպես իր, այնպես էլ այլ անձանց կողմից բացատրություն տալու կամ հարցաքննվելու արդյունքում, երկրորդ՝ այդ անձը քրեական գործի հարուցման և քննության մասին տեղեկացված չլինելու պայմաններում անգամ կարող է կանխատեսել քրեական գործ հարուցված լինելու հավանականությունը, ուստիև բնակարանում չպահել դեպքի պարզման համար նշանակություն ունեցող որևէ առարկա կամ փաստաթուղթ, մինչդեռ գործի քննության մասին անձի տեղեկացվածությունն ինքնին բավարար չէ՝ բացառելու ողջամիտ հավանականությունն առ այն, որ անձի բնակարանում խուզարկության կատարմամբ կարող են հայտնաբերվել քննիչի միջնորդության մեջ նշված առարկաները, փաստաթղթերը կամ այլ օբյեկտները։ Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բնակարանում խուզարկություն կատարելու միջնորդությունը մերժելու հիմքում չեն կարող դրվել այդ քննչական գործողության հանկարծակիությունը և արդյունավետությունը կասկածի տակ առնող այս կամ այն հանգամանքը (այդ թվում՝ գործի քննության մասին անձի տեղեկացվածությունը), եթե դրանով չի բացառվում բնակարանի խուզարկության կատարմամբ որոնվող օբյեկտները հայտնաբերելու ողջամիտ հավանականությունը (չի չեզոքացվում խուզարկության կատարման փաստական հիմքը)։ Հետևաբար բնակարանի խուզարկության հանկարծակիության և արդյունավետության հարցերը դատական ստուգման առարկա կարող են հանդիսանալ միայն այնքանով, որքանով դրանք կոնկրետ դեպքում ունակ կլինեն չեզոքացնելու (իսպառ բացառելու) խուզարկության կատարման արդյունքում որոնվող օբյեկտները հայտնաբերելու ողջամիտ հավանականությունը։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ խնդրո առարկա քննչական գործողության նկատմամբ նախնական դատական վերահսկողության շրջանակում, դատարանը գնահատում է անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը՝ անձի բնակարանում խուզարկությամբ գործի համար նշանակություն ունեցող առարկաներ կամ այլ օբյեկտներ հայտնաբերելու հավանականությունը, այլ ոչ թե անխուսափելիությունը հաստատող փաստական տվյալների բավարարության տեսանկյունից9:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

– նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ Ա.Բաղդասարյանի բնակության վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար, որն Առաջինատյանի դատարանի` 2021 թվականի հունվարի 18-ի որոշմամբ մերժվել է: Առաջին ատյանի դատարանը խուզարկությունը ժամանակավրեպ է համարել՝ փաստելով, որ Ա.Բաղդասարյանը ունեցել է բավարար ժամանակ և տեղեկություններ իր տանը ենթադրաբար պահվող թմրամիջոցները կամ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին հետաքրքրող առարկաները տեղափոխելու և թաքցնելու համար, հետևապես այդ քննչական գործողությունը կլինի կամայական, կկրի ձևական բնույթ, ինչն անթույլատրելի է։ Առաջին ատյանի դատարանը նշել է, որ խուզարկության հանկարծակիությունը, անկանխատեսելիությունը, որով պայմանավորված է այդ քննչական գործողության արդյունավետությունը, տվյալ պարագայում բացակայում է10:

– Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելով, արձանագրել է, որ Ա.Բաղդասարյանը, դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 26-ին տալով բացատրություն, ողջամտորեն տեղեկացվել է իրականացվող վարույթի մասին, հետևապես անտրամաբանական է, որ վերջինս կարող է ամիսներ շարունակ իր բնակության վայրում պահել փնտրվող առարկաները11:

16. Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14.4-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Բաղդասարյանի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելիս, Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես՝ անդրադառնալով ստորադաս դատարանների՝ կոնկրետ դեպքում խուզարկության արդյանուվետության բացակայության մասին եզրահանգման հիմքում դրված այն պատճառաբանությանը, որ Ա.Բաղդասարյանը, դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 26-ին տալով բացատրություն, ողջամտորեն տեղեկացվել է իրականացվող վարույթի մասին, ինչը բացառում է հանկարծակի և արդյունավետ խուզարկություն կատարելու հնարավորությունը, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ վերոնշյալ հանգամանքներն ինքնաբերաբար չեն չեզոքացնում խուզարկություն կատարելու անհրաժեշտությունը: Այլ կերպ՝ խուզարկության փաստական հիմքը կազմող տվյալների առկայության պայմաններում, նախաքննության մարմնի կողմից անձի բնակարանում խուզարկության կատարումը թույլատրելու մասին միջնորդությունը ենթադրյալ հանցագործության դեպքից հետո անհապաղ դատարան չներկայացնելն ինքնին բավարար հիմք չէ միջնորդությունը մերժելու համար։ Մինչդեռ, ստորադաս դատարանները, հիմք ընդունելով բնակարանում խուզարկություն կատարելու փաստական հիմքի առկայությունը չբացառող հանգամանքները, ոչ իրավաչափորեն սահմանափակել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցը ձեռնարկելու՝ քրեական հետապնդման մարմնի հնարավորությունը։ Արդյունքում, ստորադաս դատարանները, խուզարկություն կատարելու փաստական հիմքի առկայությունն ըստ էության կասկածի տակ չառնելով, դրա կատարման անհրաժեշտությունը ոչ իրավաչափորեն պայմանավորել են այդ քննչական գործողության կատարման բացառապես դրական արդյունքով, այն է՝ որոնվող առարկաները, փաստաթղթերը կամ այլ օբյեկտները հայտնաբերելու անխուսափելիությամբ։

16.1. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև ընդգծել, որ քննչական գործողությունների արդյունավետությունը, հանցագործությունների քննության մեթոդիկան և առանձին քննչական գործողությունների կատարման մարտավարությունը դուրս են քննչական գործողության կատարումը թույլատրելու` վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդության շրջանակներում դատարանի կողմից քննարկման ենթակա հարցերի, այլ կերպ՝ դատական վերահսկողության առարկայի շրջանակներից:

17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արթուր Բաղդասարյանի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։

18. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելով, իսկ Վերաքննիչ դատարանը` Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելով, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ և 225-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

19. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու արդյունքում Ա.Բաղդասարյանի բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարելու մասին բողոքաբերի խնդրանքին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ենթակա է բավարարման մասնակիորեն. անհրաժեշտ է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության12` նկատի ունենալով, որ բարձրագույն դատական ատյանի կողմից հիշյալ միջնորդության հնարավոր բավարարումը կզրկի Ա.Բաղդասարյանին` իր բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ դատական ակտի իրավաչափությունը դատավարության որևէ փուլում վերադաս դատական ատյանում վիճարկելու հնարավորությունից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի հունվարի 18-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 24-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

__________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 3-4:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 35-41:

4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 66-70:

5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Smirnov v. Russia գործով 2007 թվականի հունիսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 71362/01, կետ 37, Kolesnichenko v. Russia գործով 2009 թվականի ապրիլի 9-ի վճիռը, գանգատ թիվ 19856/04, կետ 30։

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Յաշա Խաչատրյանի գործով 2020 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ԵԴ/3084/07/19 որոշման 14.1-րդ կետը:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սեպուհ Թադևոսյանի և Սիրուն Նաջարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵՇԴ/0073/07/15 որոշման 22-24-րդ կետերը։

8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հովհաննես Շահինյանի գործով 2023 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԴ/0364/07/20 որոշման 14.1-րդ կետը։

9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հովհաննես Շահինյանի գործով վերը հիշատակված որոշման 15-րդ կետը։

10 Տե՛ս սույն որոշման 3-րդ, 4-րդ, 10-րդ կետերը:

11 Տե՛ս սույն որոշման 5-րդ և 11-րդ կետերը:

12 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Նախագահող`

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան