ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ ականդատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ6/0311/05/232024 թ. | ||
Վարչական գործ թիվ ՎԴ6/0311/05/23 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Հ. Բ եդևյան | |
զեկուցող |
ռ. Հակոբյան | |
Ա. Թովմասյան Լ. Հակոբյան | ||
ք․ ՄԿՈՅԱՆ |
2024 թվականի ապրիլի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) և Կարեն Ղազարյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 31․10․2023 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի «ԹԵՂՈՒՏ» ՓԲ ընկերության ընդդեմ Ծառայության, երրորդ անձ` Կարեն Ղազարյան՝ 11.07.2023 թվականի «Հարկադիր կատարողի որոշումը վերադասության կարգով վերացնելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` «ԹԵՂՈՒՏ» ՓԲ ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել 11.07.2023 թվականի «Հարկադիր կատարողի որոշումը վերադասության կարգով վերացնելու մասին» որոշումը։ Միաժամանակ «ԹԵՂՈՒՏ» ՓԲ ընկերությունը ներկայացրել է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ․ Մուրադյան) (այսուհետ` Դատարան) 05․09․2023 թվականի որոշմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31․10․2023 թվականի որոշմամբ «ԹԵՂՈՒՏ» ՓԲ ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 05.09.2023 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը վերացվել է, և կայացվել է նոր դատական ակտ՝ «ԹԵՂՈՒՏ» ՓԲ ընկերության միջնորդությունը բավարարվել է և 11.07.2023 թվականի «Հարկադիր կատարողի որոշումը վերադասության կարգով վերացնելու մասին» որոշման կատարումը կասեցվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ՝ Օլգա Բունիաթյան) և Կարեն Ղազարյանը (ներկայացուցիչ՝ Հարություն Հարությունյան)։
Վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել։
2. Ծառայության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ և 62-րդ հոդվածները, 28-րդ հոդվածի 5-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Սույն գործով «ԹԵՂՈՒՏ» ՓԲ ընկերությունն ակնհայտ անհիմն հայցադիմում է ներկայացրել դատարան, վիճարկել է հարկադիր կատարողի կայացրած որոշումը՝ նպատակ ունենալով ձգձգել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը: Այդ նպատակով էլ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ հարկադիր կատարողի կողմից կայացրած որոշումը կասեցնելու համար:
Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը, կասեցնելով հարկադիր կատարողի կայացրած որոշման կատարումը, որևէ կերպ չի հիմնավորել հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության հիմնավոր կասկածը: Մինչդեռ, կասեցնելով հարկադիր կատարողի որոշման կատարումը, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը մնում է անկատար՝ դրանով խախտելով պահանջատիրոջ՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) ամրագրված մի շարք իրավունքներ:
Այլ կերպ ասած՝ դատական ակտի անվերապահ կատարման ենթակա լինելու տեսանկյունից օրենսդիրը սահմանել է, որ բացառապես իրավունքների խախտման հիմնավոր կասկածների դեպքում կարող է դրանց կատարմանն ուղղված որոշումների կատարումը կասեցվել, մյուս բոլոր դեպքերում այն կխախտի պահանջատիրոջ՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները։
Սույն պարագայում թիվ ԼԴ2/1713/02/20 կատարողական թերթի պահանջի կատարումը հայցվոր կողմի՝ «ԹԵՂՈՒՏ» ՓԲ ընկերության պարտականությունն է, և ոչ թե իրավունքը, և հայցվորի որևէ իրավունք սույն պարագայում չի խախտվել։
ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով 25.06.2021 թվականին կայացված որոշման մեկնաբանությունը հանգում է նրան, որ ինքնին դատական քննության ընթացքում վարչական ակտի կատարումը չի կարող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դատական պաշտպանության իրավունքի իրացման անհնարինություն հանդիսանալ։ Այսինքն, դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը և գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 31․10․2023 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը։
2.1․ Կարեն Ղազարյանի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Սույն գործով առկա է մի իրավիճակ, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պարտավորության կատարումը Վերաքննիչ դատարանը դիտարկել է որպես հայցվորի համար պոտենցիալ վնաս առաջացնող իրավիճակ։
Մասնավորապես՝ առկա է թիվ ԼԴ2/1713/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2021 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած որոշում, իսկ հայցվորի պարտականությունը ծագել է հենց այդ ակտի հիման վրա, այլ ոչ թե՝ վիճարկվող որոշման ուժով։
Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ մտած ակտով սահմանված պարտականության չկատարումը հիմք ընդունելու փոխարեն, հիմք է ընդունել ինչ-որ ենթադրական դատողություն հնարավոր վնասի մասին, ինչը չի կարող որևէ պայմանում համարվել իրավաչափ։
Հատկանշական է այն, որ հայցվորը, անհասկանալի պայմաններում վկայակոչել է թիվ ԼԴ/5407/02/19 գործով կատարողական թերթի պահանջը կատարած լինելու մասին դիրքորոշում, իսկ Վերաքննիչ դատարանը, այն հիմնավոր համարելով, որոշել է վարչական ակտի կատարումը կասեցնել, այնինչ բողոքաբերի վկայակոչած գործը որևէ փոխկապակցվածություն չունի այս գործի հետ և վերաբերում է բոլորովին այլ անձանց միջև ծագած վեճով ավարտված և տրված կատարողական թերթի։ Այսինքն՝ փաստացիորեն Վերաքննիչ դատարանն այս գործով վարչական ակտի կասեցման հիմք ընդունել է բոլորովին այլ գործով կատարողական թերթի պահանջը կատարված լինելու հանգամանքը, այն դիտարկելով որպես հիմնավոր կասկած։
Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումը չվերացվելու դեպքում, էական վնաս կպատճառվի իրավական որոշակիությանը և իրավական անվտանգությանը, ինչը նաև կոնվենցիոն իրավունքի ակնհայտ խախտում կդիտվի։ Սա կարող է հանգեցնել նրան, որ անձը կարող է իր ողջ կյանքի ընթացքում անդադար փաստարկել տարատեսակ վնասների հնարավոր ռիսկի մասին, իսկ դատարանները դրա կասկածի առկայության դեպքում փորձեն կասկածի տակ դնել իրականացված արդարադատությունը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 31․10․2023 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25․06․2021 թվականի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վիճարկման հայցը վարույթ ընդունելու հիմքով վիճարկվող վարչական ակտը կասեցվելու ընդհանուր կանոնից սահմանված բացառությանը՝ կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված որոշումը վիճարկելու պարագայում՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Դատական պաշտպանության իրավունքի իրականացումը հիմնված է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի վրա, որն անձի՝ օրենքով տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ու դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները, անձն ինքն է որոշում իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար դիմել, թե չդիմել դատարան, իրականացնել, թե չիրականացնել իր դատական պաշտպանության իրավունքը, ինքնուրույն որոշել հարուցված հայցով իր պահանջների առարկան, ծավալը, հիմքը և այլն:
Միաժամանակ, անձն իր դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս, պետք է առաջնորդվեն տվյալ դատական պաշտպանության ձևի համար օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝ այն դեպքերի, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները (…)։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կանոնի համաձայն` դատարան ներկայացված վիճարկման հայցի վարույթ ընդունելու իրավական հետևանքը վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումն է՝ մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Նշված ընդհանուր կանոնից սահմանվել են բացառություններ։ Մասնավորապես, կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտը վիճարկելու դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ վարչական ակտի կատարումը կասեցնող կանոնը նույն իրավանորմի 3-րդ կետի հիմքով չի գործում։ Միևնույն ժամանակ, նման դեպքերի համար օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու իրավական հնարավորություն՝ համապատասխան միջնորդության առկայության պարագայում:
ՀՀ վճռաբեկ դատարանը միևնույն ժամանակ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվել է վարչական դատարանի հայեցողական լիազորություն՝ նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում ևս ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու վարչական ակտի կատարումը։ Ընդ որում, վարչական ակտի կատարումը կարող է կասեցվել համապատասխան հիմքերի առկայության պարագայում միայն, հետևաբար, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը պետք է պարունակի այնպիսի փաստարկներ և դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանի մոտ կարող է ձևավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միջնորդությամբ ներկայացված փաստարկները և դրանք հիմնավորող ապացույցները պետք է վերաբերեն վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականությանը (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/0850/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.12.2020 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե.
- առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ
- անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոնշյալ պայմանների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել հայցվորի ներկայացրած այնպիսի փաստարկներով, որոնք իր իրավունքի պաշտպանությունը և կարգավիճակը վատթարացնում են։ Դատարանը վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնում է այն դեպքում, երբ դատավարության որևէ փուլում ի հայտ են գալիս հիմքեր, որոնք առաջացնում են հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկած։ Վերոնշյալ հիմքերից որևէ մեկի հնարավոր առկայությունը բավարար հիմք է դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում ընդունելու համար։
Դրանից ելնելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին` առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, և երկրորդ` անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Մասնավորապես՝ «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլևս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրույթը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված և քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, և ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը և գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության:
Օրենսդիրը նախատեսել է հիմնավոր կասկածի ենթադրությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու հնարավորություն, եթե այն հայցվորին զգալի վնաս կհասցնի, կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը (տե՛ս, Սոֆիա և Սիրվարդ Խաչատրյաններն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը)։
Նույն որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված «հիմնավոր կասկած» եզրույթի բացահայտմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «հիմնավոր կասկած» եզրույթը կարելի է մեկնաբանել որպես մտքի վիճակ, որը համոզմունքից տարբերվում է նրանով, որ մտորման առարկան դեռևս միանշանակ չի համարվում։ «Հիմնավոր կասկած» եզրույթի ներքո պետք է նկատի ունենալ այնպիսի ծանրակշիռ փաստարկներ, որոնց առկայության պարագայում դատարանի մոտ կձևավորվի ողջամիտ կասկած։ «Հիմնավոր կասկած» եզրույթի օգտագործումն ինքնանպատակ չէ, և այն պետք է հաղթահարված համարել ոչ միայն այն դեպքերում, երբ միջնորդությամբ ներկայացված փաստական տվյալներով միանշանակ հիմնավորվում է անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքը, այլև այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված փաստական տվյալներով ողջամիտ կասկած է ձևավորվում վիճարկվող ակտի կատարման պարագայում անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքի վերաբերյալ: «Հիմնավոր կասկած» եզրույթը ենթակա է մեկնաբանման կոնկրետ գործողության հնարավոր վրա հասնելու և իրավական հետևանք առաջացնելու առումով։ «Կասկած» եզրույթի օգտագործումն արդեն իսկ նշանակում է, որ խոսքը չի գնում ապացույցներով հաստատվելիք փաստի մասին։ Քննարկվող նորմի իմաստով «hիմնավոր կասկած» եզրույթը ենթադրում է, որ հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը պետք է պարունակի փաստեր կամ փաստարկներ (օրինակ՝ գույք չունենալը, անվճարունակ լինելը, բնակության վայր չունենալը և այլն), որպիսիք դատարանին թույլ կտան գալ այնպիսի հետևության, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելը հայցվորին կպատճառի զգալի վնաս կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Կասկածի ողջամտությունը չի կարող լինել վերացական կամ հայեցողական, այլ պետք է գնահատվի գործի հանգամանքների համատեքստում: Փաստի վերաբերյալ կասկածը ողջամիտ է, եթե հաստատված այլ հանգամանքները հնարավորություն չեն տալիս հետևության հանգել այդ փաստի՝ սովորականից բարձր հավանականության մասին, կամ հակառակ փաստը նույնքան ողջամիտ և հավանական է։ Այն դեպքում, երբ ի հայտ է գալիս «կասկած», այն պետք է լինի ողջամիտ, այսինքն՝ պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված:
Միևնույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նաև վերոնշյալ իրավակարգավորմանը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պարտադիրության և կատարելիության ապահովման անհրաժեշտության տեսանկյունից, նույն որոշմամբ արձանագրել է, որ թեև ՀՀ Սահմանադրությունը և Կոնվենցիան ուղղակիորեն չեն ամրագրում դատական ակտերի կատարման իրավունքը որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ, սակայն դատական ակտերի կատարումը դիտարկվում է որպես արդար դատաքննության բաղկացուցիչ տարր. այն ունի բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը միանշանակ է այն հարցում, որ դատական ակտով սահմանված պահանջի իրավունքը պետության կողմից ենթակա է պատշաճ պաշտպանության ոչ միայն դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների, այլ նաև սեփականության իրավունքի ապահովման շրջանակներում: Օրենսդիրը պարտավոր է պատշաճ կերպով կարգավորել դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի հասարակական հարաբերությունները և ստեղծել կայուն իրավական հիմք` դատական ակտերի պարտադիրության և կատարելիության սահմանադրական և կոնվենցիոն սկզբունքների իրացումն ապահովելու համար:
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, համակարգային վերլուծության ենթարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, արձանագրել է, որ օրենսդրորեն սահմանվել է ընդհանուր կանոն, որի համաձայն՝ վիճարկման հայց ներկայացնելու միջոցով դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, հայցը դատարանում վարույթ ընդունվելու պարագայում ինքնաբերաբար` օրենքի ուժով, կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը նախատեսել է բացառություններ այդ ընդհանուր կանոնից. հատուկ դեպքերում վարույթ ընդունելուց հետո վարչական ակտը «մեխանիկորեն» չի կասեցվում, և որոշակի փաստակազմի առկայության պարագայում հայցվորի միջնորդության հիման վրա դատարանը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վիճարկվող վարչական ակտի կատարումը՝ տվյալ միջնորդության բավարարումը պայմանավորելով հետևյալ երկու ինքնուրույն պայմաններով՝ եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Օրենսդրորեն ամրագրված հիմքերից է նաև կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտի վիճարկման դեպքը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ վերոնշյալ իրավակարգավորումը սահմանելու օրենսդրի նպատակն է եղել, ըստ էության, ապահովել, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ողջամիտ ժամկետներում կատարվի, և հարկադիր կատարման գործողություններն անհարկի չերկարաձգվեն, որոնք անհամատեղելի կլինեն ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված արդար դատաքննության իրավունքի համատեքստում ողջամիտ ժամկետներում քննության հետ, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում կարևորել է նաև կատարողական վարույթների ողջամիտ ժամկետներում իրականացումը: Հակառակ պարագայում՝ անհարկի ձգձգումը կարող է կասկածի տակ դնել դրան նախորդած՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը, ինչն անթույլատրելի է: Օրենսդրորեն ամրագրված վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումը բացառող պայմաններից որևէ մեկի առկայության կամ բացակայության հարցի գնահատումը դատարանի կողմից պետք է լինի հնարավորինս հստակ, որոշակի և հիմնավորված: Տվյալ դեպքում վարչական ակտի կատարմամբ հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ նրա իրավունքների պաշտպանությունը անհնարին դառնալու հանգամանքը դատարանի կողմից պետք է ստանա համարժեք հիմնավորում, լինի պատճառաբանված, փաստարկված, որպեսզի մյուս կողմի համար հստակ և որոշակի լինեն իր սեփականության իրավունքի ժամանակավոր սահմանափակման պատճառներն ու հիմքերը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով վերահաստատել է նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ արձանագրելով, որ օրենսդրի կողմից վարչական ակտի պարտադիր կատարման կանխավարկածի սահմանման ուժով ինքնին դատական քննության ընթացքում վարչական ակտի կատարումը չի կարող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դատական պաշպանության իրավունքի իրացման անհնարինության հիմք հանդիսանալ, և որոշ բավարար, հստակ հիմնավորումների ու ապացույցների առկայության պարագայում միայն դատարանը կարող է միջնորդությունը բավարարելով կասեցնել վարչական ակտի կատարումը (տե՛ս, Սարգիս Գարգարյանն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/6001/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2022 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ դատական ակտի անհապաղ կատարումը կարող է կասեցվել բացառապես ծանրակշիռ փաստարկների առկայության պայմաններում, քանի որ դատական ակտի անկատար մնալու հանգամանքը խաթարում է պետության իրավական համակարգի ողջ բնականոն ընթացքը, որպիսի հանգամանքով պայմանավորված՝ դատական ակտերի հարկադիր կատարման վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտը վիճարկվելու դեպքում վարչական ակտի կատարումը կասեցնելու երկու վավերապայմանների կամ դրանցից առնվազն մեկի առկայության կամ բացակայության հարցը գնահատելիս դատարանները պետք է հաշվի առնեն տվյալ գործով առկա փաստական հանգամանքները, տվյալ գործի առանձնահատկությունները, վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու հայցվորի միջնորդությունը հիմնավորող փաստարկները և ներկայացված ապացույցները։
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը, վերջին հաշվով, խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է, ուստի առանց բավարար փաստական հանգամանքների առկայության, կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու պայմաններում հարկադիր կատարման գործողություններն անհարկի կձգձգվեն, ինչը կարող է կասկածի տակ դնել դրան նախորդած՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը, ինչն անթույլատրելի է (տե՛ս, Արփի Ավետիսյանն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3921/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.05.2023 թվականի որոշումը)։
Վերահաստատելով նախկինում արտահայտված վերոգրյալ իրավական դիրքորոշումներն ու մեկնաբանությունները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը․
Վիճարկման հայցի վարույթ ընդունելու իրավական հետևանք համարվող վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման ընդհանուր կանոնից բացառություններ սահմանելն ինքնանպատակ չէ։ Այն միտված է վիճարկվող վարչական ակտի կատարումն արհեստականորեն խոչընդոտելու հնարավորությունների բացառմանը, որպիսի նպատակի իրագործման համար օրենսդիրը, նախատեսելով վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման ընդհանուր կանոնից բացառություն հանդիսացող դեպքերի սպառիչ ցանկ, միաժամանակ նախատեսել է այն պայմանները, որոնց առկայության դեպքում դատարանները կարող են հաղթահարել այդ բացառությունը և կայացնել վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշում։ Մասնավորապես, վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման ընդհանուր կանոնից սահմանված բացառությունները կարող են հաղթահարվել և ըստ այդմ՝ այդ ակտի կատարումը կասեցվել, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Ընդ որում, հայցվորը պետք է ներկայացնի փաստարկված և հիմնավորված այնպիսի միջնորդություն, որը բավարար կարող է լինել դատարանի մոտ հիմնավոր կասկած ձևավորելու այն մասին, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Միայն նման փաստարկված և հիմնավորված միջնորդությունը կարող է հիմք հանդիսանալ միջնորդությունը բավարարելու և վարչական ակտի կատարումը կասեցնելու համար։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման ընդհանուր կանոնից սահմանված բացառիկ դեպքերը վերաբերում են այնպիսի վարչական ակտերին, որոնց վիճարկման պարագայում դրանց կատարման կասեցման ընդհանուր կանոնի կիրառումը կարող է առաջացնել բազմաթիվ խնդիրներ ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային իրավահարաբերությունների մասնակիցների համար։
Այսպես․ վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման ընդհանուր կանոնից սահմանված բացառությունից շեղվելու և վարչական ակտի կատարումը կասեցնելու օրենսդրական կարգավորումը դիտարկելով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պարտադիրության և կատարելիության ապահովման անհրաժեշտության տեսանկյունից, Վճռաբեկ դատարանը վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները ևս մեկ անգամ հարկ է համարում արձանագրել, որ դատական ակտերի կատարումը արդար դատաքննության բաղկացուցիչ տարր է, այն ունի բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար: Օրենսդրի նպատակն է եղել, ըստ էության, ապահովել, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ողջամիտ ժամկետներում կատարվի, և հարկադիր կատարման գործողություններն անհարկի չձգձգվեն, ինչն անհամատեղելի կլինի ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված արդար դատաքննության իրավունքի համատեքստում ողջամիտ ժամկետներում գործի քննության հետ, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներում կարևորել է նաև կատարողական վարույթների ողջամիտ ժամկետներում իրականացումը: Հակառակ պարագայում՝ անհարկի ձգձգումը կարող է կասկածի տակ դնել դրան նախորդած՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը, ինչն անթույլատրելի է:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտերի պարտադիրության սկզբունքի արդյունավետ իրացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանել է վիճարկման հայցի վարույթ ընդունելու իրավական հետևանք համարվող վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման ընդհանուր կանոնից բացառություն՝ այն դեպքերի համար, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ։ Այդուհանդերձ, հավասարակշռելով վիճելի իրավահարաբերությունների բոլոր մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ապահովումը, օրենսդիրը հնարավոր է համարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված բացառության հաղթահարումը՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը չկասեցնելու հետևանքով զգալի վնաս կրելը կամ իր իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալը հիմնավորող փաստարկներ ու ապացույցներ հայցվորի կողմից ներկայացվելու պարագայում։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` թիվ ԼԴ2/1713/02/20 քաղաքացիական գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 08․05․2023 թվականին տրվել է կատարողական թերթ, որում նշվել է, որ «ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ2/1713/02/20 քաղաքացիական գործով 13.08.2021 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ Կարեն Պատվականի Ղազարյանի հայցն ընդդեմ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության՝ Ընկերության գլխավոր տնօրենի 25.06.2020 թվականի թիվ 096-Կ հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին, բավարարվել է: Անվավեր է ճանաչվել «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության՝ Ընկերության գլխավոր տնօրենի 25.06.2020 թվականի թիվ 096-Կ հրամանը: Կարեն Պատվականի Ղազարյանը վերականգնվել է իր նախկին՝ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում: «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Կարեն Ղազարյանի բռնագանձվել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում՝ միջին աշխատավարձի չափով՝ մինչև Կարեն Պատվականի Ղազարյանին աշխատանքում փաստացի վերականգնելը» (հավելվածի գ․թ․ 35)։
Նշված կատարողական թերթի հիման վրա 16․05․2023 թվականին հարուցվել է կատարողական վարույթ (հավելվածի գ․թ․ 37)։
26․05․2023 թվականի որոշմամբ՝ փաստացի կատարված լինելու հիմքով կատարողական վարույթը կարճվել է (հավելվածի գ․թ․ 45)։
Կարեն Ղազարյանը 30․06․2023 թվականին «Կատարողական վարույթը կարճելու մասին» որոշումը վերադասության կարգով վերացնելու մասին դիմում է ներկայացրել Ծառայություն, որը Ծառայության Լոռու մարզային բաժնի պետի 11․07․2023 թվականի որոշմամբ բավարարվել է և 26․05․2023 թվականի «Կատարողական վարույթը կարճելու մասին» որոշումը վերացվել է (հավելվածի գ․թ․ 46)։
Հայցվոր «ԹԵՂՈՒՏ» ՓԲ ընկերությունը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել Ծառայության Լոռու մարզային բաժնի պետի 11․07․2023 թվականի որոշումը վիճարկելու հայցադիմում՝ միաժամանակ միջնորդելով վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնել այն պատճառաբանությամբ, որ «Հայցվորը թիվ ԼԴ/5407/02/19 քաղաքացիական գործով 02.12.2021 թվականին տրված կատարողական թերթի պահանջներն ամբողջությամբ կատարել է, ինչի վերաբերյալ Պատասխանողին ներկայացրել է դիմումներ՝ կցելով կատարողական թերթի պահանջները կատարված լինելու վերաբերյալ համապատասխան ապացույցներ: Նշված դիմումների և ներկայացված ապացույցների հիման վրա Պատասխանողն իրավացիորեն 26.05.2023 թվականին որոշում է կայացրել թիվ 10668610 կատարողական վարույթը կարճելու մասին: Մինչև սույն հայցով վեճի լուծումը Որոշման կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, նույնիսկ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը, քանի որ՝ եթե գործի քննության ընթացքում կատարվեն թիվ ԼԴ/5407/02/19 կատարողական թերթով նախատեսված գործողությունները, ապա հայցվորն առերևույթ անօրինական վարչական ակտի հետևանքով կզրկվի իր սեփականությունից, բացի այդ կատարողական վարույթը նախքան սույն գործով դատական ակտի կայացումը կարող է կարճվել՝ կատարողական թերթի պահանջները կատարված լինելու հիմքով: Միաժամանակ իր խախտված իրավունքների դատական պաշտպանության համար պետք է ձեռնարկի լրացուցիչ միջոցներ, ինչպես նաև կարող է առաջացնել անդառնալի հետևանքներ: Նման պայմաններում Որոշման չկասեցման հետևանքով Հայցվորի դատական պաշտպանության իրավունքը կիմաստազրկվի» (հավելվածի գ.թ. 9-10)։
Դատարանը 05․09․2023 թվականին կայացրել է «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշում այն հիմնավորմամբ, որ հայցվորի կողմից վիճարկվող որոշման կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդության հիմքում դրված հանգամանքները բավարար չեն եզրահանգման գալու համար այն մասին, որ ներկայացված հայցապահանջի շրջանակներում առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը (հավելվածի գ.թ. 61-62)։
Վերաքննիչ դատարանի 31.10.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշմամբ «ԹԵՂՈՒՏ» ՓԲ ընկերության ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է այն պատճառաբանությամբ, որ «(․․․) վարչական գործում առկա նյութերի ուսումնասիրությունը թույլ է տալիս պատկերացում կազմել առ այն, որ խնդրո առարկա կատարողական թերթի կատարված լինել-չլինելու վերաբերյալ վեճի շրջանակներում առանցքային դեր է խաղում հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի, և ըստ այդմ՝ բռնագանձման ենթակա գումարի չափի հարցը: Մասնավորապես՝ պահանջատեր Կարեն Ղազարյանին վճարվել է 26.06.2020-30.06.2020 թվականների համար, մինչդեռ վերջինս, համաձայն չլինելով դրա հետ, 30.06.2023 թվականին դիմել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ խնդրելով վերացնել թիվ 10668610 կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը և կատարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցման գումարի վերահաշվարկ, ինչի արդյունքում կայացվել է սույն գործով վիճարկվող՝ «Հարկադիր կատարողի որոշումը վերադասության կարգով վերացնելու մասին» 11.07.2023 թվականի որոշումը: Այսպես, սույն դեպքում հայցվորի կողմից ներկայացված փաստական տվյալները, մասնավորապես՝ պահանջատեր Կարեն Ղազարյանի՝ «ԹԵՂՈՒՏ» փակ բաժնետիրական ընկերությունում ստացած աշխատավարձի, ինչպես նաև դրա հիման վրա խնդրո առարկա կատարողական թերթի շրջանակներում վերջինիս որպես հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար վճարման ենթակա ենթադրյալ գումարի չափի (փաստացի վճարված և ըստ պահանջատիրոջ՝ վճարման ենթակա գումարների միջև առկա է մեծ տարբերություն) վերաբերյալ, Վերաքննիչ դատարանի մոտ ձևավորում են հիմնավոր կասկած, որ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվորի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «հիմնավոր կասկած»-ը պետք է հաղթահարված համարել ոչ միայն այն դեպքերում, երբ միջնորդությամբ ներկայացված փաստական տվյալներով միանշանակ հիմնավորվում է անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքը, այլև այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված փաստական տվյալներով ողջամիտ կասկած է ձևավորվում վիճարկվող ակտի կատարման պարագայում անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքի վերաբերյալ: Ընդ որում, «կասկած» եզրույթի օգտագործումն արդեն իսկ նշանակում է, որ խոսքը չի գնում ապացույցներով հաստատվելիք փաստի մասին»։
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ բողոքով ներկայացված պատճառաբանությունները հիմք են հանդիսանում Դատարանի 05.09.2023 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար, ըստ այդմ՝ բավարարել է վերաքննիչ բողոքը (հավելվածի գ.թ. 101-103)։
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը․
Փաստորեն սույն գործով Ծառայության վիճակվող 11.07.2023 թվականի «Հարկադիր կատարողի որոշումը վերադասության կարգով վերացնելու մասին» որոշումը կայացվել է պահանջատեր Կարեն Ղազարյանի դիմումի բավարարման արդյունքում՝ նպատակ ունենալով «Կատարողական վարույթը կարճելու մասին» որոշումը վերացնելու միջոցով շարունակել կատարողական գործողությունները, ստուգել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմքով տրված կատարողական թերթի պահանջների փաստացի կատարված լինելը և ապահովել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը։
Վերը նշված որոշումը հայցվոր ընկերությունը վիճարկել է՝ միաժամանակ միջնորդելով կասեցնել վիճարկվող վարչական ակտի կատարումը, իսկ որպես միջնորդության հիմնավորում, հայցվորն ըստ էության փաստարկել է, որ «թիվ ԼԴ/5407/02/19» քաղաքացիական գործով 02.12.2021 թվականին տրված կատարողական թերթի պահանջներն ամբողջությամբ կատարել է և իրավացիորեն կատարողական վարույթը կարճվել է։ Միևնույն ժամանակ հայցվորը փաստարկել է, որ գործի քննության ընթացքում «թիվ ԼԴ/5407/02/19» քաղաքացիական գործով տրված կատարողական թերթով նախատեսված գործողությունները կատարվելու պարագայում հայցվորն առերևույթ անօրինական վարչական ակտի հետևանքով կզրկվի իր սեփականությունից։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ հայցվորի կողմից չի վկայակոչվել որևէ ծանրակշիռ փաստարկ կամ չի ներկայացվել որևէ ապացույց առ այն, որ վիճարկման հայցի շրջանակներում վիճարկվող վարչական ակտի կատարումը չկասեցվելու պայմաններում իրեն կպատճառվի զգալի վնաս, կամ անհնարին կդառնա իր իրավունքների հետագա պաշտպանությունը։
Անդրադառնալով միջնորդության հիմնավորումներին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախ՝ դրանում վկայակոչվել է «թիվ ԼԴ/5407/02/19» քաղաքացիական գործով տրված կատարողական թերթի մասին, որի առնչությունը սույն գործի հետ որևէ կերպ չի փաստարկվել կամ հիմնավորվել, երկրորդ՝ հայցվորը պնդել է կատարողական թերթի պահանջներն ամբողջությամբ կատարված լինելու, այսինքն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը փաստացի կատարված լինելու մասին։ Սակայն նույն միջնորդությամբ, ի հակադրություն նախորդ պնդման, հայցվորը փաստարկել է, որ կատարողական թերթի պահանջները կատարվելու պարագայում հայցվորն առերևույթ անօրինական վարչական ակտի հետևանքով կզրկվի իր սեփականությունից։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջնորդության մեջ վկայակոչված «թիվ ԼԴ/5407/02/19» քաղաքացիական գործով տրված կատարողական թերթը խնդրո առարկա կատարողական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացած թիվ ԼԴ2/1713/02/20 քաղաքացիական գործով տրված կատարողական թերթի հետ առնչություն չունենալու, միջնորդությամբ բերված փաստարկների միջև առկա հակասությունն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։ Ավելին, Վերաքննիչ դատարանը վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը պայմանավորել է այնպիսի հանգամանքներով, որոնք վկայակոչված չեն հայցվորի միջնորդության մեջ, իսկ վկայակոչված փաստարկները չեն առնչվում թիվ ԼԴ2/1713/02/20 քաղաքացիական գործով տրված կատարողական թերթի հիմքով հարուցված կատարողական վարույթի շրջանակներում կայացված որոշման իրավաչափությանը։
Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ հատուկ ընդգծել է, որ հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու ցանկացած միջնորդություն չէ, որ կարող է դատարանի կողմից բավարարվել, և ըստ այդմ՝ հիմք հանդիսանալ վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման համար։ Առանցքային նշանակություն ունի ինչպես միջնորդության մեջ զգալի վնասի և (կամ) իրավունքների պաշտպանության անհնարինության հավանականության վկայակոչումը, այնպես էլ այդ հավանականությունն այնպիսի համոզիչ, հստակ փաստարկներով և միջնորդությանը կից ապացույցներով հիմնավորելը, որ դատարանի մոտ ձևավորվի հիմնավոր կասկած՝ հայցվորին զգալի վնաս պատճառվելու և (կամ) նրա իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու կապակցությամբ։ Այլ կերպ ասած՝ հայցվորը միջնորդությամբ պետք է նախանշի նաև վիճարկվող վարչական ակտի կատարմամբ իր համար այնպիսի անբարենպաստ իրավիճակի առաջացման սպասելիությունը, որը նյութական առումով անհամարժեք վնաս կպատճառի իրեն և (կամ) այլևս կիմաստազրկի իրավունքների հետագա պաշտպանությունը (տե՛ս, Խաչատուր Թումոյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/2659/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14․02․2024 թվականի որոշումը)։
Տվյալ դեպքում հայցվորի միջնորդությունը չի պարունակում վիճարկվող վարչական ակտի կատարմամբ իր համար այնպիսի անբարենպաստ իրավիճակի առաջացման սպասելիությունը, որը նյութական առումով անհամարժեք վնաս կպատճառի իրեն և (կամ) այլևս կիմաստազրկի իրավունքների հետագա պաշտպանությունը, որպիսի պայմաններում միջնորդությունը չէր կարող բավարարվել, ինչպիսի իրավաչափ եզրահանգման եկել է Դատարանը։
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հայցվորի կողմից վկայակոչված փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելու պայմաններում զգալի վնաս կպատճառվի իրեն, կամ անհնարին կդառնա իր իրավունքների պաշտպանությունը, ուստի սույն գործով կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու պայմաններում հարկադիր կատարման գործողություններն անհարկի կձգձգվեն, ինչը կարող է կասկածի տակ դնել դրան նախորդած՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը, ինչն անթույլատրելի է։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, վերացնելով Դատարանի որոշումը և կասեցնելով Ծառայության 11.07.2023 թվականի «Հարկադիր կատարողի որոշումը վերադասության կարգով վերացնելու մասին» որոշման կատարումը, կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը.
ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:
Տվյալ դեպքում բողոքաբեր Ծառայության կողմից, որպես իրավական փաստարկ, վկայակոչվել է թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25․06․2021 թվականի որոշումը, որով արձանագրվել է, որ ինքնին դատական քննության ընթացքում վարչական ակտի կատարումը չի կարող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դատական պաշպանության իրավունքի իրացման անհնարինություն հանդիսանալ, քանի որ օրենսդիրը սահմանել է այն կանխավարկածը, որ վարչական ակտը պետք է կատարվի, և որոշ բավարար հիմնավորումների և ապացույցների առկայության պարագայում միայն դատարանը կարող է միջնորդությունը բավարարելով կասեցնել վարչական ակտի կատարումը:
Իրացնելով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը ենթակա է կիրառման սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ինչն էական նշանակություն կունենա նշված իրավանորմի ուժով վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը քննելու գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 31․10․2023 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 31․10․2023 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող ռ. Հակոբյան ա. Թովմասյան Լ. Հակոբյան ք․ ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|