ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ ԵՎ ՍԻՄՈՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 2186/12)
Վ Ճ Ի Ռ
Հոդված 2 (դատավարական և նյութաիրավական) ● Հետապնդման ժամանակ ոստիկանության ծառայողի կողմից դիմումատուների ամուսնուն և որդուն կյանքից զրկելու փաստով հարուցված ակնհայտորեն ոչ պատշաճ քննությունը ● Ավելի քան բացարձակ անհրաժեշտությունից չբխող հանգամանքներում ուժի գործադրումը «ողջամիտ կասկածից վեր» սկզբունքով ապացուցված չլինելը |
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
20 հունիսի 2023 թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Ենգիբարյանը և Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր [Gabriele Kucsko-Stadlmayer]՝ Նախագահ,
Թիմ Այքը [Tim Eicke],
Ֆարիս Վեհաբովիչ [Faris Vehabović],
Յուլյա Անտոանելլա Մոտոկ [Iulia Antoanella Motoc],
Բրանկո Լուբարդա [Branko Lubarda],
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,
Աննա Լուիս Բորման [Anne Louise Bormann]՝ փոխարինող դատավոր,
և Անդրեա Տամիետտի [Andrea Tamietti]՝ Բաժանմունքի քարտուղար,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացիներ պրն Սերգեյ Ենգիբարյանի և տկն Անժելա Սիմոնյանի (դիմումատուներ) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2011 թվականի դեկտեմբերի 10-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 2186/12),
2-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի 2-րդ կետի և 13-րդ հոդվածի համաձայն ներկայացված՝ պրն Արման Ենգիբարյանի մահվան առնչությամբ, նրա մահվան փաստով արդյունավետ քննության ենթադրյալ բացակայության և անմեղության կանխավարկածի սկզբունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ բողոքների մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
2023 թվականի մայիսի 9-ին և 30-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նշված վերջին օրը.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Գանգատը վերաբերում է հետապնդման ժամանակ ոստիկանության ծառայողի կողմից Արման Ենգիբարյանին (պրն Ենգիբարյան) կյանքից զրկելուն։
ՓԱՍՏԵՐԸ
2. Դիմումատուները ծնվել են համապատասխանաբար 1952 և 1983 թվականներին և բնակվում են Երևանում։ Նրանք պրն Ենգիբարյանի հայրը և կինն են։ Նրանց ներկայացրել են Վանաձորում գործող իրավաբաններ պրն Է. Մարուքյանը և պրն Տ. Մատինյանը։
3. Կառավարությունը ներկայացրել է կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը։
I. ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Ա. Զինված կողոպուտների փաստով հարուցված ընթացող քննությունը
4. 2011 թվականի ապրիլի 11-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում կատարվել է ութ կողոպուտ, որոնց դեպքում անձը, ներկայանալով որպես ջրամատակարարման ընկերության աշխատակից, մուտք է գործել բնակարաններ, ատրճանակով սպառնացել բնակիչներին և գողացել է կամ փորձ է կատարել գողանալու թանկարժեք իրեր։ Ոստիկանությունը հարուցել է կողոպուտների փաստով քննություն, և կազմվել է հանցագործի ֆոտոկոմբինացված դիմանկարը։
Բ. Պրն Ենգիբարյանի վրա արձակված կրակոցը
5. 2011 թվականի հունիսի 14-ին ոստիկանության ծառայող Ա.Ա.-ն Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակի մոտակայքում կրակել է պրն Ենգիբարյանի վրա։ Պրն Ենգիբարյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նա վնասվածքների հետևանքով մահացել է։
6. Համաձայն Ա.Ա.-ի և նրա գործընկեր Ն.Պ.-ի տեղեկությունների` նրանք հետապնդել են պրն Ենգիբարյանին, քանի որ տեղեկացվել էին, որ ներկայանալով որպես ջրամատակարարման ընկերության աշխատակից նա փորձել էր մտնել բնակարան։ Հետևաբար նրանք կասկածել են, որ նա վերջերս կատարված մի շարք զինված կողոպուտները կատարող անձն էր (տես վերևում՝ 4-րդ պարբերությունը)։ Հետապնդման ժամանակ պրն Ենգիբարյանը կրակել է նրանց վրա, և Ա.Ա.-ն պատասխան կրակ է բացել:
Գ. Քննությունը
1. 2011 թվականի հունիսի 14-ին կատարված քննչական միջոցառումները
7. Կրակոցի օրը կողոպուտի փորձ կատարելու և պետական պաշտոնատար անձի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ պրն Ենգիբարյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործով քննություն:
8. Նշանակվել է պրն Ենգիբարյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն։
9. Դեպքի վայրում գտնվել է «Ekol & Voltran» տեսակի ատրճանակ՝ երեք փամփուշտով, մեկ փամփուշտի և փամփուշտի երեք պարկուճի հետ միասին: Մոտ գտնվող փողոցում հայտնաբերվել է չորրորդ փամփուշտի պարկուճը։
10. Առգրավվել է Ա.Ա.-ի «Մակարով» տեսակի ծառայողական ատրճանակը՝ չորս փամփուշտով։
11. Խուզարկվել է պրն Ենգիբարյանի բնակարանը։ Առգրավվել է հինգ գազի ատրճանակ և մետաղական առարկա։ Հայտնաբերվել է «Ekol & Voltran» տեսակի ատրճանակը կրելու թույլտվությունը։
2. Ոստիկանության ծառայողների՝ 2011 թվականի հունիսի 14-ի զեկույցները
12. Նույն օրն ավելի ուշ Ն.Պ.-ն և Ա. Ա.- ն ոստիկանության տարածքային ստորաբաժանման ղեկավարին ներկայացրել են առանձին զեկույցներ։ Քանի որ փաստերը վիճարկվել են, անհրաժեշտ է այդ զեկույցներից ներկայացնել որոշ մանրամասներ։
ա) Ն.Պ.-ի զեկույցը
13. Ըստ Ն.Պ.-ի՝ այդ օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, նա զանգ է ստացել իր ծանոթ Գ.Ս-ից, որը հայտնել է, որ մի տղամարդ է թակում իր դուռը և ասում է, որ ջրամատակարարման ընկերության աշխատակից է։ Նրա նկարագրությամբ այդ անձը եղել է ամուր կազմվածքով, կլոր դեմքով։ Ն.Պ.-ն իր ծանոթներին, այդ թվում՝ Գ.Ս.-ին, նախապես զգուշացրել էր, որ մի շարք կողոպուտներ են կատարվել մի անհայտ անձի կողմից, որը ներկայանում էր որպես ջրամատակարարման ընկերության աշխատակից։ Գ.Ս.-ի նկարագրությունը համապատասխանել է կողոպուտները կատարող անձի ֆոտոկոմբինացված դիմանկարին։ Ն.Պ.-ն հրահանգել է Գ.Ս.-ին չբացել դուռը, փորձել ժամանակ շահել, և եթե նա հեռանա՝ հետևել նրան։
14. Ն.Պ.-ն և Ա.Ա.-ն այդ մասին տեղեկացրել են քրեական գործերի քննության բաժնի պետ Ս.-ին: Ստանալով համապատասխան հրամանը՝ նրանք շարժվել են դեպի Գարեգին Նժդեհի հրապարակից ոչ հեռու գտնվող տարածք։ Այնուհետև Գ.Ս.-ն հայտնել է Ն.Պ.-ին, որ տղամարդը դուրս է եկել շենքից և քայլել դեպի Մանանդյան փողոց: Երբ ժամանել են ոստիկանության ծառայողները, Գ.Ս.- ն ցույց է տվել այդ տղամարդուն, և Ն.Պ.-ն և Ա.Ա.-ն մոտեցել են նրան: Նրանք անմիջապես նկատել են, որ նա շատ նման է կողոպուտները կատարած հանցագործի համար կազմված՝ ֆոտոկոմբինացված դիմանկարին։ Ն.Պ.-ն բռնել է տղամարդու աջ ձեռքը, իսկ Ա.Ա.-ն՝ ձախ ձեռքը, և նրանք երկուսն էլ ներկայացել են ՝ բացատրելով, որ իրենք Քրեական գործերի քննության բաժնից են: Նրանք խնդրել են այդ տղամարդուն իրենց հետ գնալ ոստիկանության բաժին՝ որոշ հարցեր պարզաբանելու համար։ Նա համաձայնել է, և Ա.Ա.-ն և Ն.Պ.-ն դեռ նրա ձեռքերը բռնած միասին մոտեցել են ոստիկանության մեքենային։
15. Փողոցը եղել է մարդաշատ, և երբ Ն.Պ.-ն փորձել է բացել դուռը, տղամարդը հրել է նրան և ազատել ձեռքը։ Ն.Պ.-ն լսել է փողոցի հակառակ կողմում գտնվող Գ.Ս.-ի ձայնը, որը նրանց հորդորել է ուշադիր լինել, քանի որ տղամարդու մոտ եղել է ատրճանակ: Այնուհետև տղամարդը հրել է Ա.Ա.-ին և ազատել մյուս ձեռքը, մի քանի քայլ հետ է գնացել և հանել է իր գոտու հետևում թաքնված սև գույնի «Բերետտա» տեսակի ատրճանակ։ Նա ատրճանակն ուղղել է Ն.Պ.-ի և Ա.Ա.-ի վրա, սպառնացել է կրակել, ապա շրջվել է և վազել դեպի ստորգետնյա անցումը: Ա.Ա.-ն և Ն.Պ.-ն հանել են իրենց ծառայողական ատրճանակները և բղավել են տղամարդու հետևից՝ պահանջելով կանգ առնել և զգուշացնելով, որ հակառակ դեպքում նրանք կկրակեն: Ա.Ա.-ն նախազգուշական կրակոց է արձակել: Նրանք վազել են տղամարդու հետևից՝ շարունակելով բղավել և պահանջել կանգ առնել և ասելով, որ հակառակ դեպքում նրանք կկրակեն: Ա.Ա.-ն արձակել է երկրորդ նախազգուշական կրակոցը, սակայն տղամարդը շարունակել է վազել։ Հետապնդելով նրան՝ նրանք մտել են ստորգետնյա անցում։
16. Երբ տղամարդը դուրս է եկել ստորգետնյա անցումից, նա ձախ ուսի վրայով կրակել է Ն.Պ.-ի վրա։ Անվտանգության նկատառումներով Ն.Պ.-ն ծնկի է իջել։ Նա բացատրել է, որ հավանաբար Ա.Ա.-ն կարծել է, որ նա վիրավորվել է, հետևաբար Ա.Ա.-ն կրակել է այդ տղամարդու ուղղությամբ։ Տղամարդը շարունակել է վազել՝ մի փոքր կռացած։ Այս դիրքում նա իր ատրճանակն ուղղել է իրենց ուղղությամբ, և Ն.Պ.-ին թվացել է, որ նա պատրաստվում է կրակել, կամ որ իրականում նորից կրակել է։ Ա.Ա.-ն կրակ է բացել երկրորդ անգամ, և տղամարդը է դեմքով ընկել է գետնին։ Ն.Պ.-ն և Ա.Ա.-ն տեսել են, որ նա ողջ է, և շտապօգնություն են կանչել։
բ) Ա.Ա.-ի զեկույցը
17. Ա.Ա.-ի զեկույցի համաձայն՝ այդ օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, նա հեռախոսազանգ է ստացել իր ծանոթ Գ.Ս.-ից, որն ասել է, որ ինչ-որ տղամարդ թակում է իր դուռը և ասում, որ ջրամատակարարման ընկերության աշխատակից է։ Ն.Պ.-ն ասել է Գ.Ս.-ին չբացել դուռը, փորձել ժամանակ շահել, մինչև նրանք ժամանեն, և եթե նա հեռանա՝ զգուշորեն հետևել նրան։ Այնուհետև Ն.Պ.-ն զանգել է Ս.-ին, որը նրանց կարգադրել է գնալ համապատասխան հասցեով և ճշտել տեղեկատվությունը և անհրաժեշտության դեպքում օգնության կանչել։
18. Ա.Ա.-ն և Ն.Պ.-ն գնացել են Գ.Ս.-ի շենք։ Ճանապարհին Գ.Ս.-ն նրանց ասել է, որ հետևում է տղամարդուն, որը դուրս էր եկել շենքից և շարժվում էր դեպի Մանանդյան փողոց։ Երբ Ա.Ա.-ն և Ն.Պ.-ն հասել են այդ վայրը, Գ.Ս.-ն նրանց ցույց է տվել այդ տղամարդուն: Նրանք կանգնեցրել են մեքենան և մոտեցել այդ տղամարդուն, որն արտաքնապես նման էր զինված կողոպուտ կատարած հանցագործի ֆոտոկոմբինացված դիմանկարին։ Ա.Ա.-ն բռնել է տղամարդու ձախ թևից, իսկ Ն.Պ.- ն բռնել է նրա աջ թևից և ներկայացել՝ ասելով, որ ինքը Քրեական գործերի քննության բաժնից է, որ կան պարզաբանելու որոշ հարցեր, և որ անհրաժեշտ է, որ տղամարդն իրենց հետ գնա ոստիկանության բաժին։ Պատասխանելով տղամարդու հարցերին՝ Ա.Ա.-ն և Ն.Պ.-ն ասել են, որ նրանք ամեն ինչ կպատմեն բաժնում:
19. Երեք տղամարդիկ քայլել են դեպի ոստիկանական մեքենան՝ Ա.Ա.-ն և Ն.Պ.-ն դեռևս տղամարդու ձեռքերը բռնած: Այնուհետև տղամարդն սկսել է փորձել ազատել ձեռքերը։ Նա հրել է Ն.Պ.-ին և ազատել ձեռքը: Այդ պահին Ա.Ա.-ն լսել է, թե ինչպես է Գ.Ս.-ն փողոցի հակառակ կողմից բղավում, որ տղամարդը զենք ունի: Տղամարդը գոտկատեղից հանել է «Բերետտա» տեսակի ատրճանակը, հետ քաշվել, ատրճանակն ուղղել ոստիկանների վրա և սպառնացել կրակել: Ա.Ա.-ն և Ն.Պ.-ն մի վայրկյան քարացել են. տղամարդը շրջվել է և վազել դեպի մոտակա ստորգետնյա անցում:
20. Ա.Ա.-ն հայտնել է, որ քանի որ նրանք տղամարդուն կասկածել են զինված կողոպուտ կատարելու մեջ, և նա դիմադրություն է ցուցաբերել մեքենա նստելիս, չի ենթարկվել օրինական պահանջին, զենքով սպառնացել է ոստիկանության ծառայողներին, ապա դիմել է փախուստի, Ն.Պ.-ն և Ա.Ա.-ն որոշել են հետապնդել և զինաթափել նրան: Նրանք հանել են իրենց ծառայողական ատրճանակները, և Ա.Ա.-ն բղավել է տղամարդու հետևից՝ պահանջելով կանգ առնել: Երբ նա կանգ չի առել, Ա.Ա.-ն նախազգուշական կրակոց է արձակել օդ: Այդուհանդերձ, տղամարդը կանգ չի առել, ուստի Ա.Ա.-ն նորից հրամայել է նրան կանգ առնել՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում նա կկրակի, և արձակել է երկրորդ նախազգուշական կրակոցը: Սակայն տղամարդը ո՛չ կանգ է առել, ո՛չ էլ դանդաղեցրել արագությունը, փոխարենը նա մտել է ստորգետնյա անցում: Ա.Ա.-ն և Ն.Պ.- ն հետապնդել են նրան ստորգետնյա անցումում՝ շարունակելով բղավել տղամարդու ետևից՝ պահանջելով որ կանգ առնի:
21. Ստորգետնյա անցումից դուրս գալիս տղամարդը ձախ ուսի վրայով մեկ կրակոց է արձակել Ն.Պ.-ի ուղղությամբ։ Ա.Ա.-ն տեսել է, թե ինչպես է Ն.Պ.-ն ծնկի իջնում, և կարծել է, թե նա վիրավորվել է: Այնուհետև, նրան զինաթափելու և նրա փախուստը կանխելու նպատակով Ա.Ա.-ն կրակել է փախչող տղամարդու մեջքի ստորին հատվածին։ Տղամարդը շարունակել է վազել, սակայն մի փոքր կռացել է։ Այդպես կռացած դիրքով նա իր ատրճանակն ուղղել է նրանց վրա, և ստեղծվել է այնպիսի տպավորություն, որ նորից պատրաստվում է կրակել կամ գուցե իսկապես երկրորդ անգամ կրակել է. ստորգետնյա անցումում Ա.Ա.-ի կրակոցի արձագանքի պատճառով նա վստահ չէր, թե տղամարդն իսկապես կրկին կրակել է, թե՝ ոչ: Կարծելով, որ իր կրակոցը չի դիպել տղամարդուն, մեկ-երկու վայրկյան անց Ա.Ա.-ն կրկին կրակել է տղամարդու մեջքի ուղղությամբ: Այս երկրորդ կրակոցից հետո տղամարդն ընկել է դեմքով գետնին:
22. Տղամարդու զենքը և նրա աջ ձեռքը եղել են նրա որովայնի տակ։ Ն.Պ.-ն և Ա.Ա.-ն անմիջապես մոտեցել են նրան և շտապօգնություն կանչել։ Քանի որ տարածքը մարդաշատ է եղել, նրանք սահմանազատել են դեպքի վայրը։ Ն.Պ.-ն զանգահարել է ոստիկանապետին և Ս.-ին և հայտնել կատարվածի մասին:
3. Վկաների ցուցմունքները
23. Դեպքի օրը հարցաքննվել են հինգ ականատեսներ, որոնք տվել են հետևյալ ցուցմունքները:
ա) Գ.Ս.-ի ցուցմունքը
24. Գ.Ս.-ն հայտնել է, որ նույն օրն ավելի վաղ նա իր բնակարանի դուռը բացել է մի տղամարդու, որը պնդել է, որ ջրամատակարարման ընկերությունից է: Գ.Ս.-ն կրկին փակել է դուռը, քանի որ այդ տղամարդը կասկածելի տեսք է ունեցել: Երբ քննիչը հարցրել է, թե ինչու է նա կասկածելի եղել, նա պատասխանել է, որ տղամարդն իր մոտ փաստաթղթեր չի ունեցել, և որ Ն.Պ.-ն երկու շաբաթ առաջ զգուշացրել էր նրան մի տղամարդու մասին, որը ներկայանում է որպես ջրամատակարարման ընկերության աշխատակից, որպեսզի ներխուժի բնակարաններ՝ կողոպուտ կատարելու համար: Դուռը փակելուց հետո նա տեսել է, թե ինչպես է հեռանալուց առաջ տղամարդը մոտենում հարևան բնակարանի դռանը: Այնուհետև Գ.Ս.-ն գնացել է իր խոհանոց և տեսել, թե ինչպես է տղամարդը դուրս գալիս շենքից և շարժվում դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ:
25. Այդ պահին Գ.Ս.-ն զանգահարել է Ն.Պ.-ին, որը նրան խնդրել է հետևել այդ տղամարդուն: Գ.Ս.-ն ասել է, որ ինքն արագ հագնվել և դուրս է եկել շենքից: Նա շարժվել է դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ, որտեղ նկատել է տղամարդուն և սկսել է հետևել նրան։
26. Այնուհետև Գ.Ս.-ն տեսել է, թե ինչպես են Ն.Պ.-ն և Ա.Ա.-ն մոտենում տղամարդուն: Ն.Պ.-ն ինչ-որ բան է ասել և տղամարդու ձեռքերից բռնած շարժվել է դեպի ոստիկանական մեքենան։ Տղամարդն սկսել է բղավել, որ կբողոքի։ Այնուհետև Գ.Ս.-ն մոտեցել է տղամարդուն և ասել, որ եթե նա ջրամատակարարման ընկերությունից է, ապա անհանգստանալու ոչինչ չունի: Տղամարդը զայրացած հետ է նայել և փորձել է ազատվել և փախչել: Այնուհետև Գ.Ս.-ն նրա գոտկատեղում նկատել է ատրճանակը և զգուշացրել ոստիկանության ծառայողներին: Տղամարդը հանել է ատրճանակը, ուղղել այն ոստիկանության ծառայողների վրա և զգուշացրել, որ կկրակի։ Այնուհետև նա շրջվել է և վազել դեպի մետրոյի կայարան տանող ստորգետնյա անցումը: Գ.Ս.-ն չի կարողացել մտաբերել, թե արդյոք դեպի կայարան ներքև վազելիս նա կրակել է իր ատրճանակից, թե՝ ոչ:
27. Ոստիկանները հանել են իրենց ատրճանակները, բղավել են տղամարդու հետևից՝ հրամայելով կանգ առնել և կրակել օդում, սակայն տղամարդը կանգ չի առել: Նրանք հետապնդել են նրան, իսկ Գ.Ս.-ն գնացել է նրանց հետևից։ Երբ ոստիկանները մոտեցել են մետրոյի խցիկներին, նրանցից մեկը երկրորդ անգամ օդ է կրակել ու նորից զգուշացրել, որ կկրակեն: Տղամարդը շրջվել է և երկու անգամ կրակել ոստիկանության ուղղությամբ։ Այնուհետև ոստիկանության ծառայողներից մեկը կրակել է տղամարդու վրա, և նա ընկել է գետնին։
բ) Հ.Ս.-ի և Լ.Ա.-ի ցուցմունքները
28. Հ.Ս.-ն և Լ.Ա.-ն տվել են նմանատիպ ցուցմունքներ։ Նրանք հայտնել են, որ ճաշելու համար այդ օրը հանդիպել են Գարեգին Նժդեհի հրապարակում։ Մոտավորապես 13։20-ին իրենց կողքին կանգ է առել մի մեքենա։ Երկու երիտասարդ տղամարդ դուրս են եկել մեքենայից և քայլել դեպի ստորգետնյա անցում։
29. Այնուհետև նրանք տեսել են, թե ինչպես են տղամարդիկ երրորդ տղամարդու ձեռքից բռնած՝ նրան տանում դեպի իրենց մեքենա։ Մեքենայի մոտ տղամարդը փորձել է ազատել ձեռքերը և հրաժարվել է նրանց հետ գնալ։ Այդ երկու տղամարդիկ նրան ասում էին, որ կգնան բաժին և այնտեղ ամեն ինչ կբացատրեն նրան։ Այնուհետև այն տղամարդը, որի ձեռքերը բռնել էին, կարողացել է ազատել իր ձեռքն ավելի ցածրահասակ տղամարդու ձեռքերից: Մեքենայից մի փոքր հեռու կանգնած տղամարդը բղավելով զգուշացրել է, որ այդ տղամարդն իր մոտ ատրճանակ ունի, և այնուհետև Հ.Ս.-ն տղամարդու գոտկատեղին նկատել է ատրճանակը: Տղամարդը հանել է ատրճանակը, թափահարելով մյուս ձեռքը՝ ազատել է այն բարձրահասակ տղամարդու ձեռքից և ատրճանակն ուղղել է նրա վրա՝ սպառնալով, որ կկրակի։ Այնուհետև տղամարդը մի քայլ հետ է քաշվել և վազել դեպի ստորգետնյա անցումը: Ավելի բարձրահասակ տղամարդը հանել է իր ատրճանակը և բղավելով կարգադրել է տղամարդուն կանգ առնել՝ ասելով, որ հակառակ դեպքում նա կկրակի, որից հետո կրակոց է արձակել օդ։ Սակայն տղամարդն արդեն հասել էր աստիճաններին և սկսել էր իջնել։ Բարձրահասակ տղամարդը երկրորդ անգամ զգուշացրել է, վազել նրա հետևից և նորից կրակել օդ: Ցածրահասակ տղամարդը վազել է նրանց հետևից և մտել ստորգետնյա անցումը:
30. Հ.Ս.-ն և Լ.Ա.-ն վազել են այդ ուղղությամբ և հասել Գարեգին Նժդեհի հրապարակի կենտրոն, որտեղից երևացել է դեպի մետրոյի կայարան տանող ստորգետնյա անցման ելքի մոտ գտնվող բաց տարածությունը, որտեղից հենց այդ պահին ստորգետնյա անցումից դուրս էր գալիս տղամարդը: Ոստիկանության երկու ծառայողները վազել են նրա հետևից՝ բղավելով, որ կանգ առնի, և զգուշացնելով, որ հակառակ դեպքում նրանք կկրակեն։ Տղամարդը ատրճանակով կրակ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ և շարունակել է վազել։ Ոստիկանության ցածրահասակ ծառայողը կրակոցի պահին թեքվել է առաջ։ Ոստիկանության մյուս ծառայողն իր ատրճանակն ուղղել է փախչող տղամարդու վրա և կրակել, որից հետո տղամարդը շարունակել է վազել՝ նախքան նորից հետ նայելը և ձեռքը հետ քաշելը: Ոստիկանության ծառայողը երկրորդ անգամ է կրակել։ Տղամարդը դեմքով ընկել է գետնին։
31. Հ.Ս.-ն բացատրել է, որ նա չգիտի, թե ով է եղել այդ տղամարդը, սակայն գիտի, որ նրան հետապնդող երկու տղամարդիկ եղել են ոստիկանության ծառայողներ, քանի որ նրանցից մեկը բղավել է, որ իրենք ոստիկանությունից են, և զգուշացրել փախչող տղամարդուն կանգ առնել, և որ հակառակ դեպքում նրանք կկրակեն: Լ.Ա.-ն պարզաբանել է, որ ինքը և Հ.Ս.-ն հասկացել են, որ երկու տղամարդիկ ոստիկաններ էին, երբ նրանք փորձում էին տղամարդուն նստեցնել իրենց մեքենան, քանի որ նրանք ասել էին, որ նրան տանում են ոստիկանության բաժին:
32. Ըստ Հ.Ս.-ի՝ ընդհանուր առմամբ հավանաբար արձակվել է 5-6 կրակոց, որից 2-ը ոստիկանության ծառայողների կողմից արձակվել է «վերևում», իսկ 2-ը՝ «ներքևում»: Հ.Ս.-ն ասել է, որ ինքը հստակ հիշում է, որ փախչող տղամարդն արձակել է առնվազն մեկ կրակոց ոստիկանության ծառայողների ուղղությամբ, սակայն չի կարող ասել, թե արդյոք նա երկրորդ կրակոցն արձակել է, թե՝ ոչ: Թե՛ Հ.Ս.-ն, թե՛ Լ.Ա.-ն հայտնել են, որ ոստիկանության բարձրահասակ ծառայողը փախչող տղամարդուց եղել է մոտ 3-4 մետր հեռավորության վրա:
գ) Ա.Բ.-ի ցուցմունքը
33. Ա.Բ.-ն Գարեգին Նժդեհի հրապարակից ոչ հեռու գտնվող ստորգետնյա անցումում զբաղվում էր առևտրով: Ժամը 13:30-ի սահմաններում նա եղել է իր խանութի դիմաց, երբ նկատել է մի վազող տղամարդու, որի հետևից վազել է մեկ այլ տղամարդ, որը բղավում և պահանջում էր, որ նա կանգ առնի: Ա.Բ.-ն կրակոց է լսել և տեսել է, որ փախչող տղամարդու ձեռքում զենք կա: Ա.Բ.-ն բացատրել է, որ իրեն թվացել է, որ փախչող տղամարդն առաջինն է կրակել, քանի որ նա ատրճանակն ուղղել էր իրեն հետապնդող տղամարդու վրա: Այնուհետև նրան հետապնդող տղամարդը, որի մոտ նույնպես ատրճանակ է եղել, երեք անգամ կրակ է արձակել փախչող տղամարդու վրա։ Առաջին երկու կրակոցներից հետո փախչող տղամարդը դեռ շարունակել է վազել, սակայն երրորդ կրակոցից հետո նա վայր է ընկել: Նրան հետապնդող տղամարդը բղավել է, որ ոստիկանությունից է, և խնդրել է ինչ-որ մեկին շտապօգնություն կանչել։ Ա.Հ.-ն (տե՛ս ստորև՝ 37-րդ պարբերությունը) իր հեռախոսը տվել է ոստիկանության ծառայողին։
34. Պատասխանելով հարցին՝ Ա.Բ.-ն ասել է, որ ոստիկանության ծառայողի և փախչող տղամարդու միջև տարածությունը եղել է մոտ 4-5 մետր, և նորից նշել է, որ փախչող տղամարդն այդ տարածությունից մեկ կրակոց է արձակել ոստիկանության ծառայողի ուղղությամբ, որից հետո վերջինս երեք կրակոց է արձակել փախչող տղամարդու վրա: Ա.Բ.-ն հավելել է, որ դրանից առաջ ոստիկանության ծառայողը բղավելով պահանջել է, որ տղամարդը կանգ առնի:
35. Պատասխանելով հաջորդ հարցերին՝ Ա.Բ.-ն հաստատել է, որ լսել է չորս կրակոց, և որ որքանով, որ ինքը տեսել է, առաջին կրակոցն արձակել է փախչող տղամարդը, իսկ մյուս երեք կրակոցներն արձակվել են ոստիկանության ծառայողի կողմից:
36. Կրկին պատասխանելով հարցին՝ Ա.Բ.-ն ասել է, որ կրակոցներից հետո, երբ տղամարդն ընկել է գետնին, նրան են մոտեցել բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ ինքը՝ Ա.Բ.-ն:
դ) Ա.Հ.-ի ցուցմունքը
37. Գարեգին Նժդեհի կայարանի մուտքի մոտ գտնվող կրպակի վաճառող Ա.Հ.-ն հայտնել է, որ 13։30-ի սահմաններում լսել է կրակոցներ։ Անմիջապես հետո նա տեսել է մի տղամարդու, որը հետապնդում էր մեկ այլ տղամարդու և բղավելով պահանջում կանգ առնել։ Փախչող տղամարդու ձեռքում նա նկատել է ատրճանակ։ Այնուհետև նա լսել է երեք կրակոց, որից հետո տղամարդը, որին հետապնդում էին, ընկել է գետնին։ Նրան հետապնդող տղամարդը խնդրել է շտապօգնություն կանչել, և նա այդպես էլ արել է:
ե) Տ.Գ.-ի ցուցմունքը
38. Տ.Գ.-ն աշխատում էր ստորգետնյա անցումում գտնվող խանութներից մեկում։ Նա ասել է, որ ժամը 13։30-ի սահմաններում ինչ-որ աղմուկ է լսել, և երբ նա խանութից դուրս է նայել, տեսել է ատրճանակը ձեռքին խանութի կողքով վազող մի տղամարդու։ Նա հետ էր նայում և ատրճանակն ուղղել էր այն տղամարդու վրա, որը հետապնդում էր նրան և բղավում, որ կանգ առնի։ Այնուհետև փախչող տղամարդը կրակոց է արձակել ատրճանակից, իսկ նրան հետապնդող տղամարդը երկու անգամ կրակել է նրա ուղղությամբ, ինչի հետևանքով փախչող տղամարդը դեմքով ընկել է գետնին։ Մարդիկ անմիջապես հավաքվել են։ Կրակոցներն արձակած տղամարդն ասել է, որ նա ոստիկանության ծառայող է, և խնդրել է ինչ-որ մեկին շտապօգնություն կանչել։ Ա.Հ.-ն այդպես էլ արել է։
39. Տ.Գ.-ն ասել է, որ որքան հիշում է, ոստիկանության ծառայողը բղավել է տղամարդու հետևից, որ կանգ առնի՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում նա կկրակի: Նա ասել է, որ միայն այդ երկու տղամարդիկ են վազել միմյանց հետևից, և որ այլևս ոչ ոք չի վազել կամ չի փախչել։ Միայն այդ երկուսն են զենք ունեցել։ Նա ասել է, որ երբ շտապօգնությունը ժամանել է, այնտեղ այնքան մարդ է եղել, որ ոչինչ չի երևացել, սակայն երբ նրանք հեռացել են, նա գետնին տեսել է արյուն և ատրճանակ:
4. Գործը Հատուկ քննչական ծառայությանը փոխանցելը
40. 2011 թվականի հունիսի 15-ին քննիչը որոշել է գործը փոխանցել Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)։ Նրա որոշման մեջ նշվել է, որ վարույթի շրջանակում պետք է իրականացվի ոստիկանության ծառայողներ Ա.Ա.-ի և Ն.Պ.-ի գործողությունների իրավական գնահատում, և որ դա ՀՔԾ քննիչների բացառիկ իրավասության շրջանակում էր։
41. Նույն օրը ՀՔԾ քննիչ Գ.Գ.-ն ստանձնել է գործի նախաքննությունը։ Նա որոշել է հարուցել անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ սպանության փաստով քննություն՝ Քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն։ Նա նշանակել է ձգաբանական փորձաքննություն և փորձագետներին է հանձնել դեպքի վայրում հայտնաբերված զենքը և փամփուշտները, Ա.Ա.-ի ծառայողական ատրճանակը, պրն Ենգիբարյանի բնակարանում հայտնաբերված իրերը և նրա մարմնից հեռացված երկու փամփուշտ։ Փորձագետներից պահանջվել է որոշել իրենց ներկայացված զենքերի տեսակները, դրանց վիճակը, ժամանակը, երբ դրանցից կրակել են վերջին անգամ, և պարզել, թե արդյոք դատաբժշկական փորձաքննության արդյունքները հաստատում են հարցաքննության ժամանակ Ա.Ա.-ի կողմից դեպքերի մասին տրված ցուցմունքները։
5. Ոստիկանության ծառայողների հարցաքննությունը
42. 2011 թվականի հունիսի 15-ի երեկոյան հարցաքննվել են ոստիկանության ծառայողներ Ա.Ա.-ն և Ն.Պ.-ն։ Նրանց ցուցմունքները հիմնականում կրկնել են նախորդ երեկոյան այս երկու տղամարդկանց կողմից իրենց զեկույցներում արդեն տրված ցուցմունքները (տե՛ս վերևում՝ 12-22-րդ պարբերությունները)։ Հետևյալ ամփոփ ներկայացված ցուցմունքները վերաբերում են միայն այն տարրերին, որոնք ավելացվել կամ պարզաբանվել են։
ա) Ա.Ա.-ի ցուցմունքը
43. Ա.Ա.-ն բացատրել է Գ.Ս.-ից ստացված հեռախոսազանգը և Գարեգին Նժդեհի հրապարակ գնալը (տե՛ս վերևում՝ 17-18-րդ պարբերությունները): Նա հայտնել է, որ Ն.Պ.-ն Գարեգին Նժդեհի հրապարակում տղամարդուն ներկայացել է որպես խուզարկու, ներկայացրել է իր անձը հաստատող փաստաթղթերը և առաջարկել նստել մեքենան՝ որոշ պարզաբանումների նպատակով բաժին գնալու համար: Ա.Ա.-ն բացատրել է, որ քանի որ իրենք կարծել են, որ այդ տղամարդը հանցագործությունը կատարած անձն է, և գիտեին, որ այդ տղամարդը զինված է, անվտանգության նկատառումներից ելնելով Ա.Ա.-ն բռնել է նրա ձախ ձեռքը, իսկ Ն.Պ.-ն՝ աջ ձեռքը:
44. Սկզբում տղամարդը հանգիստ ենթարկվել է հրահանգներին։ Երբ նրանք հասել են մեքենային, տղամարդու մոտ հիստերիա է սկսվել՝ ասելով, որ նա բողոք կներկայացնի դատախազություն, սկսել է պայքարել և փորձել է ազատվել։ Նա ազատել է իր աջ ձեռքը, և Գ.Ս.-ն բղավել է, որ նա զենք ունի։ Այնուհետև Ա.Ա.-ն պատմել է հետագա դեպքերը, ինչպես դրանք նկարագրված են եղել ոստիկանությանը ներկայացված իր զեկույցում (տե՛ս վերևում՝ 19-20-րդ պարբերությունները)։
45. Ինչ վերաբերում է ստորգետնյա անցումում տեղի ունեցած հետապնդմանը, ապա Ա.Ա.-ն հայտնել է, որ նա վազել է աջ կողմից, իսկ Ն.Պ.-ն գտնվել է ձախ կողմում՝ հետևում, մեկ մետր հեռավորության վրա։ Տղամարդը գտնվել է մոտավորապես 7-10 մետր հեռավորության վրա։ Նա նկարագրել է դեպքերը, որոնք հանգեցրել են զենքի գործադրմանը, այնպես, ինչպես դրանք նկարագրված են եղել ոստիկանությանը ներկայացված իր զեկույցում (տե՛ս վերևում՝ 21-րդ պարբերությունը)։
46. Այնուհետև մոտեցել են ստորգետնյա անցումում ծառայության նշանակված ոստիկանության պարեկային ծառայության և ոստիկանության ծառայողները։ Նրանք միասին պահպանել են դեպքի վայրը։ Հինգ րոպեից ժամանել է շտապօգնությունը։ Երբ տղամարդուն պառկեցրել են պատգարակի վրա, նրա տակ փամփուշտ է հայտնաբերվել։ Հենց այդ պահին Ա.Ա.-ն հասկացել է, որ նրա զենքը գազային ատրճանակ է եղել: Մինչ այդ նա կարծել է, որ դա մարտական զենք է։
47. Հարցաքննության վերջում Ա.Ա.-ն հավելել է, որ երբ Գ.Ս.-ն առաջին անգամ զանգահարել է իրենց, Ն.Պ.-ն անմիջապես զանգահարել և այդ մասին հայտնել է Քրեական գործերի քննության բաժնի պետին: Վերջինս կարգադրել է ստուգել այդ տեղեկությունը։ Այդ իսկ պատճառով նա և Ն.Պ.-ն գնացել են այդ տղամարդուն բռնելու և պարզելու, թե արդյոք նա այն անձն էր, որը կատարել էր կողոպուտները:
բ) Ն.Պ.-ի ցուցմունքը
48. Ն.Պ.-ն բացատրել է, որ նախկինում ևս տեղի են ունեցել կողոպուտներ, և որ նա զգուշացրել է իր ծանոթներին այդ մասին (տե՛ս վերևում՝ 4-րդ և 13-րդ պարբերությունները): Նա պարզաբանել է, որ կազմվել է կողոպուտ իրականացնող անձի ֆոտոկոմբինացված դիմանկարը։ Նա, ինչպես իր զեկույցում, պատմել է Գ.Ս.-ից ստացված հեռախոսազանգի և այնուհետև Ս.-ին կատարած իր զանգի մասին (տես վերևում՝ 13-14-րդ պարբերությունները):
49. Ինչ վերաբերում է այդ տարածք գնալուն, ապա Ն.Պ.-ն պարզաբանել է, որ իրենց վերջին հեռախոսազրույցի ժամանակ Գ.Ս.-ն Ն.Պ.-ին խնդրել է շտապել, քանի որ այդ տղամարդն ըստ երևույթին հասկացել էր, որ իրեն հետևում են: Երբ նրանք ժամանել են, Ն.Պ.-ն ներկայացել է որպես ոստիկանության ծառայող, ներկայացրել է իր անձը հաստատող փաստաթուղթը և խնդրել է տղամարդուն հետևել իրենց ոստիկանության բաժին՝ որոշ հարցեր պարզաբանելու համար: Ն.Պ.-ն հայտնել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրանք բռնել են նրա ձեռքերը, քանի որ, ըստ իրենց հասանելի տեղեկությունների, նա պետք է որ զինված լիներ:
50. Սկզբում տղամարդը հանգիստ հետևել է նրանց։ Երբ հասել են մեքենային, տղամարդն սկսել է դիմադրություն ցուցաբերել։ Նա ասել է, որ կբողոքի դատախազություն։ Ա.Ա.-ն բռնած է եղել է նրա ձախ ձեռքը, իսկ Ն.Պ.-ն՝ նրա աջ ձեռքը։ Տղամարդն սկսել է պայքարել և կարողացել է ազատվել Ն.Պ.-ի ձեռքերից։ Այնուհետև Ն.Պ.-ն կրկին պատմել է հետագա դեպքերը, ինչպես դա նկարագրված է եղել իր զեկույցում (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը)։ Նա հայտնել է, որ ոստիկանության ծառայողները շարունակել են հետապնդումը ստորգետնյա անցումում ևս, և երբ հասել են մետրոյի դռների մոտ բաց տարածությունը, տղամարդը թեքվել է դեպի Ն.Պ.-ն, որը գտնվել է նրա հետևում՝ ձախ կողմում, 8-9 մետր հեռավորության վրա, և կրակել է նրա ուղղությամբ։ Ն.Պ.-ն շարունակել է նկարագրել կրակոցներն արձակելու հանգամանքները (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը)։
6. Դիակի դատաբժշկական փորձաքննությունը
51. 2011 թվականի հունիսի 21-ին դիակի դատաբժշկական փորձաքննությունն ավարտվել է։ Դատաբժշկական փորձագետի եզրակացությունների համաձայն՝ պրն Ենգիբարյանի մահը վրա է հասել հեմոռագիկ-տրավմատիկ շոկի, գլխի սուր թափանցող բալիստիկ վնասվածքի հետևանքով գլխուղեղի աշխատանքի լուրջ խանգարման և որովայնի խոռոչի պերֆորացիոն բալիստիկ վնասվածքի հետևանքով:
7. Ձգաբանական փորձաքննության եզրակացությունը
52. 2011 թվականի հունիսի 22-ին ձգաբանական փորձաքննությունն ավարտվել է (տե՛ս վերևում՝ 41-րդ պարբերությունը)։ Եզրակացությամբ հաստատվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված «Ekol & Voltran» տեսակի ատրճանակը հրազեն չէր, և որ դրա մեջ եղած երեք փամփուշտները ռազմամթերք չէին, այլ գազային ատրճանակի համար օգտագործվող զինամթերք էին։ Դեպքի վայրում հայտնաբերված փամփուշտը ևս գազային ատրճանակի փամփուշտ էր։ Բնակարանում հայտնաբերված մետաղական իրը գազային ատրճանակի աքսեսուար էր։
53. Եզրակացության մեջ նշվել է, որ մահացածի մարմնից հայտնաբերված երկու փամփուշտներն արձակվել են Ա.Ա.-ի ատրճանակից։ Այդուհանդերձ, եզրակացությամբ գտել են, որ անհնար էր վստահորեն պնդել, որ այդ երկու փամփուշտները համապատասխանում էին դեպքի վայրում հայտնաբերված չորս պարկուճներից որևէ մեկին:
54. Փորձագետները համարել են, որ Ա.Ա.-ի ցուցմունքները գնահատելը դատաբժշկական փորձագետի իրավասության շրջանակներում չէր:
8. Վարույթին մասնակցելու առնչությամբ առաջին դիմումատուի պահանջը
55. 2011 թվականի հունիսի 27-ին առաջին դիմումատուի իրավաբանը դիմել է ՀՔԾ՝ պահանջելով առաջին դիմումատուին և իրեն ներգրավել նախաքննությանը՝ որպես պրն Ենգիբարյանի օրինական իրավահաջորդ և նրա ներկայացուցիչ: 2011 թվականի հուլիսի 1-ի գրությամբ քննիչ Գ.Գ.-ն պատասխանել է, որ պահանջը կուսումնասիրվի ոստիկանության ծառայողների գործողություններին վերջնական իրավական գնահատական տալուց հետո:
56. 2011 թվականի հուլիսի 16-ին առաջին դիմումատուի իրավաբանը բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազին՝ ներկայացված պահանջը բավարարելը մերժելու վերաբերյալ: Գլխավոր դատախազության դատախազ Վ.Մ.-ն 2011 թվականի հուլիսի 21-ի գրությամբ նշել է, որ 2011 թվականի հուլիսի 16-ի բողոքում բարձրացված հարցերը կքննարկվեն ոստիկանության ծառայողների գործողությունների իրավական գնահատականը տալուց հետո:
9. Քրեական վարույթը կարճելը
57. 2011 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ քննիչ Գ.Գ.-ն որոշել է կարճել քրեական վարույթը (տե՛ս վերևում՝ 7-րդ և 41-րդ պարբերությունները):
58. Որոշման մեջ նաև ամփոփ ներկայացվել են դեպքի փաստական հիմքերը։ Որոշման մեջ բացատրվել է, որ պրն Ենգիբարյանը մտադրություն է ունեցել գողանալու Գ.Ս.-ի գույքը։ 2011 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, ներկայանալով որպես ջրամատակարարման ընկերության աշխատակից, նա փորձել է ապօրինաբար մուտք գործել Գ.Ս.-ի բնակարան: Սակայն նա չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ Գ.Ս.-ն դուռը չի բացել և զանգահարել է ոստիկանություն: Ա.Ա.-ն և Ն.Պ.-ն, ժամանելով դեպքի վայր, փորձել են զինաթափել հանցագործին՝ իրենց պարտականություններին համապատասխան: Նրանք ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ։ Այնուամենայնիվ, պրն Ենգիբարյանը չի ենթարկվել Ա.Ա.-ի և Ն.Պ.-ի օրինական հրամաններին և փորձել է փախչել։ Փախչելիս նա կրակել է Ա.Ա.-ի և Ն.Պ.-ի ուղղությամբ, ինչը նշանակում է, որ կատարել է ոտնձգություն նրանց կյանքի և առողջությամբ նկատմամբ: Ա.Ա.-ն իր ծառայողական ատրճանակից կրակել է հանցագործի ուղղությամբ և պատճառել է մարմնական վնասվածքներ: Ավելի ուշ պրն Ենգիբարյանը մահացել է:
59. Որոշմամբ արձանագրվել է, որ երկու քրեական գործերը, մեկը՝ պրն Ենգիբարյանի ենթադրյալ արարքների փաստով (տե՛ս վերևում՝ 7-րդ պարբերությունը), և մյուսը՝ նրան կրակելու փաստով (տե՛ս վերևում՝ 41-րդ պարբերությունը), միացվել են։
60. Որոշման մեջ նշվել է, որ նախաքննությամբ պարզվել է հետևյալը։ Գ.Ս.-ն իր ընկերոջից՝ ոստիկանության ծառայող Ն.Պ.-ից, տեղեկացել է, որ անհայտ անձը ներկայանում է որպես ջրամատակարարման ընկերության աշխատակից և կատարում կողոպուտներ: Հետևաբար 2011 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 13:05-ի սահմաններում, երբ անհայտ տղամարդը ներկայացել է որպես ջրամատակարարման ընկերության աշխատակից և փորձել է մուտք գործել իր բնակարան, Գ.Ս.-ն կասկածել է նրան և զանգահարել է Ն.Պ.-ին՝ այդ մասին տեղեկացնելու համար: Ն.Պ.-ն այդ մասին հայտնել է իր ղեկավարությանը, որից հետո խնդրել է Գ.Ս.-ին հետևել այդ տղամարդուն: Ն.Պ.-ն և ոստիկանության մեկ այլ ծառայող Ա.Ա.-ն շտապել են Գ.Ս.-ի նշած փողոց՝ պարբերաբար հեռախոսակապ պահպանելով Գ.Ս.-ի հետ և ճշտելով նրանց ընթացիկ գտնվելու վայրը:
61. Ժամը 13:30-ի սահմաններում նրանք մոտեցել են Գ.Ս.-ի նշած անձին, որը պրն Ենգիբարյանն էր: Նրանք ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ, ներկայացրել են անձը հաստատող փաստաթղթեր և խնդրել են պրն Ենգիբարյանին հետևել իրենց ոստիկանության բաժին՝ պարզաբանման համար: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրանք բռնել են նրա ձեռքերը։ Հասնելով մեքենային՝ պրն Ենգիբարյանը հրաժարվել է նստել, դիմադրություն է ցուցաբերել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ և ազատել ձեռքերը: Այնուհետև նա գոտկատեղից հանել է ատրճանակը, նշանառության տակ է առել ոստիկաններին, սպառնացել է կրակել և դիմել է փախուստի։ Ոստիկանության ծառայողները հանել են իրենց ատրճանակները, և Ա.Ա.-ն զգուշացրել է պրն Ենգիբարյանին, որ նա պատրաստվում է կրակել, երկու նախազգուշական կրակոց է արձակել օդ և Ն.Պ.-ի հետ միասին սկսել է հետապնդել պրն Ենգիբարյանին։ Հետապնդման ժամանակ պրն Ենգիբարյանը հետ է շրջվել և կրակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Կրակոցից անմիջապես հետո Ա.Ա.-ն արձակել է պատասխան կրակ: Պրն Ենգիբարյանը շարունակել է վազել և փորձել է շրջվել և նորից կրակել: Ա.Ա.-ն կրակել է նրա վրա երկրորդ անգամ, որից հետո պարոն Ենգիբարյանը դեմքով ցած է ընկել: Ենգիբարյանն ավելի ուշ մահացել է վիրահատության ժամանակ:
62. Որոշման մեջ պարզաբանվել է, որ այդ փաստերը պարզվել են Ա.Ա.-ի և Ն.Պ.-ի ցուցմունքների, Գ.Ս.-ի և այլ ականատեսների ցուցմունքների, դեպքի վայրի զննության և մի շարք փորձաքննությունների հիման վրա: Այնուհետև որոշման մեջ ամփոփ նկարագրվել են ապացույցները (տե՛ս վերևում՝ 23-39-րդ և 42-54-րդ պարբերությունները):
63. Այնուհետև առանց լրացուցիչ բացատրությունների, սակայն հղում կատարելով Դատարան չներկայացված՝ քրեական գործի նյութերի էջերին, որոշման մեջ ասվել է, որ պարզվել է, որ 2011 թվականի մայիսից պարոն Ենգիբարյանը Երևանի տարբեր թաղամասերում կատարել է այլ հանցագործություններ, որոնց առնչությամբ քրեական գործը քննվում է։ Այսպիսով, քննությամբ պարզվել է, որ պրն Ենգիբարյանը Ա.Ա.-ի և Ն.Պ.-ի նկատմամբ գործադրել է կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն, և որ Ա.Ա.-ի և Ն.Պ.-ի կողմից հրազենի գործադրումը եղել է օրինական: Ոստիկանության ծառայողները գործել են «Ոստիկանության մասին» օրենքի 32-րդ հոդվածին համապատասխան (տե՛ս ստորև՝ 100-րդ պարբերությունը):
64. Ուստի քննիչ Գ.Գ.-ն որոշում է կայացրել պրն Ենգիբարյանի մահվան առնչությամբ Ա.Ա.-ի և Ն.Պ.-ի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել այն հիմքով, որ վնասը հասցրած արարքը եղել է օրինական: Պրն Ենգիբարյանի նկատմամբ չի իրականացվի քրեական հետապնդում Ա.Ա.-ի և Ն.Պ.-ի կյանքի և առողջության նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու համար, քանի որ նա մահացել էր: Որոշումը պետք է տրամադրվեր Ա.Ա.-ին և Ն.Պ.-ին և ՀՀ գլխավոր դատախազին:
65. Դիմումատուները չեն ծանուցվել այս որոշման մասին։ 2011 թվականի օգոստոսի 5-ին ԶԼՄ-ները հաղորդել են վարույթը կարճելու մասին այն հիմքով, որ նախաքննությունը ցույց էր տվել, որ ոստիկանության ծառայողների գործողությունները եղել էին օրինական:
Դ. Մի շարք կողոպուտների փաստով հարուցված քննությունը կարճելը
66. 2011 թվականի հոկտեմբերի 29-ին որոշում է կայացվել կարճել մի շարք կողոպուտների (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը) փաստով քրեական գործով քննությունը: Որոշման մեջ հղում է կատարվել ապացույցներին, որոնք հաստատում էին պրն Ենգիբարյանի մասնակցությունը կողոպուտներին։ Որոշման մեջ մասնավորապես բացատրվել է, որ տուժողներին կամ տուժողի հարևաններին ցույց են տվել պրն Ենգիբարյանի կամ նրա մարմնի լուսանկարները, և նրանք հաստատել են, որ նա եղել է այն մարդը, որը ներկայացել է որպես ջրամատակարարման ընկերության աշխատակից և մտել բնակարաններ: Այնուհետև բացատրվել է, որ պրն Ենգիբարյանի մատնահետքերը և ափի հետքերը համընկնում էին երկու տուժողների բնակարաններից վերցված մատնահետքերի և ափի հետքերի հետ:
II. ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
67. Այդ ընթացքում՝ 2011 թվականի հունիսի 17-ին, ՀՀ ոստիկանապետը հարցազրույցում հաստատել է, որ պրն Ենգիբարյանը զինված է եղել գազային ատրճանակով: Նա նշել է, որ պրն Ենգիբարյանը չորս անգամ կրակ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, և միայն նրան զինաթափելուց հետո է պարզվել, որ նրա մոտ եղած զենքը գազային ատրճանակ էր: Նա հավելել է, որ չի մեղադրում ոստիկանության ծառայողներին, քանի որ նրանք գործել են օրենքի սահմաններում։
68. 2011 թվականի հունիսի 23-ին Ոստիկանապետը ևս մեկ հարցազրույց է տվել լրատվամիջոցներին, որի ժամանակ նա հայտնել է, որ կասկած չունի, որ պրն Ենգիբարյանը մասնակցել է մի քանի կողոպուտի դեպքերի: Նա ասել է, որ մի շարք տուժողներ արդեն ճանաչել են հանցագործին, և հետևաբար պետք է բացառել այն ենթադրությունը, որ ոստիկանության ծառայողները կարող է սպանած լինեն սխալ անձի: Եզրակացնելով՝ նա ասել է, որ թեթևություն է զգացել՝ իմանալով, որ ամբողջ քաղաքը ահաբեկած հանցագործը զինաթափվել է, և որ անձամբ ինքը որպես ոստիկանապետ կարծում է, որ ամեն ինչ արվել է օրենքի շրջանակում, և որ ոստիկանության ծառայողների գործողություններում անօրինական ոչինչ չի եղել:
III. ԴԻՄՈՒՄԱՏՈՒՆԵՐԻ ՓՈՐՁԵՐԸ՝ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Ա. 2011 թվականի հունիսի 14-ին և 15-ին հարուցված քրեական գործերով միացված քննությունը կարճելու մասին որոշումը (տե՛ս վերևում՝ 7-րդ և 41-րդ պարբերությունները)
1. Քննչական մարմիններին և դատախազին ներկայացված պահանջները
69. 2011 թվականի օգոստոսի 5-ին, ծանոթանալով քրեական վարույթը կարճելու մասին տեղեկություններ պարունակող հոդվածին (տե՛ս վերևում՝ 65-րդ պարբերությունը), առաջին դիմումատուի իրավաբանը Գ.Գ.-ից պահանջել է տրամադրել որոշման պատճենը: Պատասխան չի ստացվել։ 2011 թվականի օգոստոսի 22-ին առաջին դիմումատուի իրավաբանը Գլխավոր դատախազին բողոք է ներկայացրել այն մասին, որ Գ.Գ.-ն չի տրամադրել որոշման պատճենը և ընդհանրապես չի պատասխանել 2011 թվականի օգոստոսի 5-ի իր գրությանը։
70. 2011 թվականի սեպտեմբերի 5-ին առաջին դիմումատուի իրավաբանը Գ.Գ.-ից ստացել է գրություն, որտեղ նշվել է, որ քրեական վարույթը կարճելու մասին որոշման պատճենը նրան տրամադրելու հիմքեր չկան՝ մեջբերելով Քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածը, որով սահմանվում է այն անձանց ցանկը, ում պետք է ուղարկվի որոշումը (տե՛ս ստորև` 97-րդ պարբերությունը):
71. 2011 թվականի սեպտեմբերի 7-ին առաջին դիմումատուի իրավաբանը ՀՔԾ-ին բողոք է ներկայացրել այն մասին, որ Գ.Գ.-ն ապօրինաբար հրաժարվել է տրամադրել որոշման պատճենը՝ խախտելով առաջին դիմումատուի իրավունքները՝ որպես պրն Ենգիբարյանի ծնող և օրինական իրավահաջորդ: Նա խնդրել է քրեական գործի նյութերի հետ միասին իրեն տրամադրել քրեական վարույթը կարճելու մասին որոշումը:
72. 2011 թվականի սեպտեմբերի 8-ին առաջին դիմումատուի իրավաբանը Գլխավոր դատախազին բողոք է ներկայացրել է Գ.Գ.-ի և քրեական վարույթը կարճելու մասին որոշման դեմ։ Նա պնդել է, որ պրն Ենգիբարյանին կյանքից զրկելը բացարձակ անհրաժեշտ չի եղել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով: Նա ասել է, որ քանի որ առաջին դիմումատուին ապօրինաբար մերժել են շնորհել տուժողի օրինական իրավահաջորդի կարգավիճակ, նա ստիպված էր վարույթը կարճելու մասին որոշման դեմ իր փաստարկները ներկայացնել առանց համապատասխան որոշմանը կամ գործի նյութերին ծանոթանալու։
73. 2011 թվականի սեպտեմբերի 13-ին Գ.Գ.-ն ևս մեկ գրություն է ուղարկել առաջին դիմումատուի իրավաբանին՝ նշելով, որ տվյալ որոշման պատճենը նրան տրամադրելու հիմքեր չկան։
74. 2011 թվականի սեպտեմբերի 19-ի գրությամբ դատախազ Վ.Մ.-ն տեղեկացրել է առաջին դիմումատուի իրավաբանին այն մասին, որ չկա որևէ պատճառ բեկանելու քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը, քանի որ այն օրինական էր և հիմնավորված։ Գրությանը կից ներկայացվել է որոշման պատճենը։ 2011 թվականի սեպտեմբերի 28-ին առաջին դիմումատուի իրավաբանը պատասխանել է, որ դատախազ Վ.Մ.-ն չի տրամադրել նրա բողոքը մերժելու պատշաճ կերպով պատճառաբանված որոշում։
2. Վարչական շրջանի դատարան ներկայացված դիմումը
75. 2011 թվականի սեպտեմբերի 30-ին առաջին դիմումատուի իրավաբանը Վարչական շրջանի դատարան է ներկայացրել բողոք` քրեական գործով վարույթը կարճելու մասին 2011 թվականի հուլիսի 21-ի որոշման դեմ (տե՛ս վերևում՝ 57-րդ պարբերությունը)։ Նա դատարանին խնդրել է տրամադրել գործի նյութերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննություն իրականացնող մարմինը չի տվել գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն։
76. 2011 թվականի հոկտեմբերի 31-ին երկրորդ դիմումատուն, միանալով առաջին դիմումատուի բողոքին, խնդրել է իրեն ներգրավել վարույթում։ Նա նշել է, որ ցանկանում է, որ իրեն ներկայացնի առաջին դիմումատուի իրավաբանը։
77. Չպարզված օրը Վարչական շրջանի դատարանը տրամադրել է գործի նյութերը։
78. Ծանոթանալով գործի նյութերին՝ 2011 թվականի նոյեմբերի 1-ին իրավաբանը ներկայացրել է լրացուցիչ փաստարկներ առ այն, որ ոստիկանության ծառայողների կողմից գործադրված ուժը եղել է անհամաչափ և հետևաբար չի եղել արդարացված։ Նա նաև պնդել է, որ քրեական գործով վարույթում պրն Ենգիբարյանին անօրինական կերպով չի շնորհվել «տուժողի» կարգավիճակ։ Քանի որ դիմումատուներին չի թույլատրվել մասնակցել քրեական գործով վարույթին, չի տրամադրվել վարույթը կարճելու մասին որոշումը, և ընդհանրապես չեն տրամադրվել գործի նյութերը, նրա մահվան փաստի առթիվ հարուցված նախաքննությունն արդյունավետ չի եղել։ Իրավաբանը նաև կարևորել է, որ Ա.Ա.-ն և Ն.Պ.-ն սպանությունից անմիջապես հետո չեն հարցաքննվել, և չեն ձեռնարկվել միջոցներ՝ հարցաքննվելուց առաջ դեպքի քննարկումը նրանց թույլ չտալու համար։ Արդյունքում նրանք տվել են գրեթե նույնական ցուցմունքներ։
79. Եվ վերջապես, հղում կատարելով ոստիկանապետի հրապարակային հայտարարություններին (տե՛ս վերևում՝ 67-68-րդ պարբերությունները)՝ իրավաբանը պնդել է, որ Ոստիկանապետը խախտել է անմեղության կանխավարկածի սկզբունքը պրն Ենգիբարյանի նկատմամբ։
80. 2011 թվականի նոյեմբերի 2-ի իր որոշմամբ Վարչական շրջանի դատարանը մերժել է բողոքները։ Այն չի անդրադարձել երկրորդ դիմումատուի՝ վարույթին ներգրավվելու պահանջին կամ 2011 թվականի նոյեմբերի 1-ին ներկայացված լրացուցիչ փաստարկներին (տե՛ս վերևում՝ 78-79-րդ պարբերությունները)։
3. Վերաքննիչ վարույթները
81. 2011 թվականի նոյեմբերի 11-ին դիմումատուները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ կրկին նշելով Վարչական շրջանի դատարան ներկայացված իրենց փաստարկները: Նրանք նաև բողոքել են այն մասին, որ Վարչական շրջանի դատարանը երկրորդ դիմումատուին չի ներգրավել վարույթում և պատշաճ կերպով չի անդրադարձել նրանց փաստարկներին, այդ թվում՝ 2011 թվականի նոյեմբերի 1-ին ներկայացված լրացուցիչ փաստարկներին (տե՛ս վերևում՝ 78-79-րդ պարբերությունները)։
82. 2011 թվականի նոյեմբերի 24-ի երեք առանձին գրություններով Վերաքննիչ քրեական դատարանն առաջին դիմումատուին, երկրորդ դիմումատուին և նրանց իրավաբանին համապատասխանաբար ծանուցել է այն մասին, որ 2011 թվականի դեկտեմբերի 8-ին դատարանը քննության կառնի նրանց վերաքննիչ բողոքը։ Այդուհանդերձ, ինչպես պարզ է դարձել, Վերաքննիչ դատարանը երկրորդ դիմումատուին պաշտոնապես չի ներգրավել որպես վարույթի կողմ։
83. 2011 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ Վերաքննիչ քրեական դատարանն ամբողջովին անփոփոխ է թողել Վարչական շրջանի դատարանի 2011 թվականի նոյեմբերի 2-ի որոշումը։ Այն չի անդրադարձել ներկայացված լրացուցիչ փաստարկներին (տե՛ս վերևում՝ 78-79-րդ պարբերությունները)։
84. 2012 թվականի հունվարի 11-ին դիմումատուները ներկայացրել են վճռաբեկ բողոք ավելի վաղ առաջադրված հիմքերով։ 2012 թվականի փետրվարի 24-ին Վճռաբեկ դատարանը բողոքը ճանաչել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով:
Բ. Մի շարք զինված կողոպուտների փաստով քրեական գործով քննությունը կարճելու մասին որոշումը (տե՛ս վերևում՝ 4-րդ և 66-րդ պարբերությունները)
1. Քննչական մարմիններին և դատախազին ներկայացված պահանջները
85. 2012 թվականի հունվարի 12-ին դիմումատուները ոստիկանություն են ներկայացրել գրավոր պահանջ՝ նշելով, որ պրն Ենգիբարյանի մահվան առնչությամբ դատական նիստի ընթացքում դատախազը հայտարարել է, որ կողոպուտների փաստով քրեական գործով քննությունը կարճվել է։ Նրանք պահանջել են քննությունը կարճելու մասին որոշման պատճենը։ 2012 թվականի փետրվարի 1-ին չստանալով որևէ պատասխան՝ նրանք կրկին ներկայացրել են իրենց պահանջը՝ ոստիկանության և Գլխավոր դատախազության հետ նամակագրությամբ։
86. 2012 թվականի փետրվարի 14-ին Գլխավոր դատախազությունը դիմումատուներին տեղեկացրել է այն մասին, որ դատախազը ոստիկանությանը կարգադրել է իրենց տրամադրել նշված որոշումը։ 2012 թվականի փետրվարի 20-ին ոստիկանությունը տրամադրել է որոշումը։
87. 2012 թվականի փետրվարի 29-ին դիմումատուները Գլխավոր դատախազություն են ներկայացրել է բողոք՝ պնդելով, որ քրեական գործը կարճելու որոշումն ապօրինի էր։ Նրանք պահանջել են իրենց շնորհել իրավական կարգավիճակ՝ որպես պրն Ենգիբարյանի ազգականներ։ 2012 թվականի մարտի 15-ին Երևանի դատախազությունը պատասխանել է, որ քանի որ պրն Ենգիբարյանի ազգականները գործում չունեն իրավական կարգավիճակ, նրանք չեն կարող բողոքարկել վարույթը կարճելու մասին որոշումը։
2. Վարչական շրջանի դատարան ներկայացված դիմումը
88. 2012 թվականի ապրիլի 17-ին դիմումատուները Վարչական շրջանի դատարան են ներկայացրել բողոք, որով բողոքարկել են զինված կողոպուտների փաստով քրեական գործով քննությունը կարճելու մասին որոշումը (տե՛ս վերևում՝ 66-րդ պարբերությունը) և վիճարկել են Երևանի դատախազության գործողությունների օրինականությունը։ 2012 թվականի մայիսի 18-ին Վարչական շրջանի դատարանը մերժել է բողոքը և վիճարկումը:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
89. Ստորև ամփոփ ներկայացված իրավական շրջանակը ներկայացնում է այդ ժամանակահատվածում գործող դրույթները։ Ե՛վ Քրեական օրենսգիրքը, ե՛ւ Քրեական դատավարության օրենսգիրքն այժմ ամբողջությամբ փոփոխվել են։
I. ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
90. 42-րդ հոդվածով նախատեսվում էր, որ հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է ոտնձգություն կատարողի նկատմամբ՝ անհրաժեշտ պաշտպանության վիճակում, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում։ Անձի կյանքի համար վտանգավոր բռնության սպառնալիքով զուգորդված ոտնձգությունից պաշտպանվելիս կարող է պատճառվել ցանկացած վնաս, այդ թվում՝ մահ: Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում չի համարվում և քրեական պատասխանատվության չի հանգեցնում զենքի գործադրումը զինված անձի հարձակումից պաշտպանվելու համար։
91. 107-րդ հոդվածով նախատեսվում էր, որ հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ հանցանք կատարած անձի սպանությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
92. 316-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն արգելվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը։
II. ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (ՔԴՕ)
93. ՔԴՕ-ի 11-րդ հոդվածով նախատեսվում էր, որ յուրաքանչյուր ձերբակալվածի և կալանավորվածի անհապաղ հաղորդվում են ձերբակալության կամ կալանավորման հիմքերը, ինչպես նաև այն հանցագործության փաստական հանգամանքները և իրավաբանական որակումը, որի կատարման մեջ նա կասկածվում կամ մեղադրվում է: Հոդվածով սահմանվում է, որ ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան ՔԴՕ-ով նախատեսված հիմքերով և կարգով։
94. 34-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում էր, որ հետաքննության մարմինը, քննիչը և դատախազը հանցագործության մեջ կասկածվող անձին կարող են ձերբակալել և հարցաքննել:
95. 58-րդ հոդվածով նախատեսվում էր, որ տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս: 80-րդ հոդվածը թույլ է տալիս տուժողի իրավահաջորդ ճանաչել նրա մերձավոր ազգականներից մեկին այն դեպքում, երբ տուժողը մահանում է։
96. 62-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում էր, որ կասկածյալ է այն անձը, ա) որը ձերբակալվել է հանցանք կատարելու մեջ կասկածվելու պատճառով. կամ 2) որի նկատմամբ մինչև մեղադրանք առաջադրելը խափանման միջոց ընտրելու մասին որոշում է կայացված: 63-րդ հոդվածում թվարկվում էր կասկածյալի իրավունքների ցանկը, այդ թվում՝ իր ձերբակալման պատճառներն իմանալու իրավունքը։
97. ՔԴՕ-ի 262-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում էր, որ քննիչը քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման պատճենն ուղարկում է կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, տուժողին և նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին և նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև այն ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, որոնց հաղորդումը հանդիսացել է քրեական գործը հարուցելու հիմք, տեղեկացնելով նրանց գործի նյութերին ծանոթանալու իրենց իրավունքի և բողոքարկման ընթացակարգի ու ժամկետների մասին:
98. 262-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում էր, որ 262-րդ հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանոթանալու կարճված գործի նյութերին:
III. «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ (2001)
99. «Ոստիկանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության ծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն` սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել: Ոստիկանության ծառայողը պարտավոր է նաև ձգտել, որ իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի։
100. 32-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության ծառայողներն իրավունք ունեն հրազեն գործադրել, ի թիվս այլնի, քաղաքացիներին՝ նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հարձակումից պաշտպանելիս, իր վրա կատարվող հարձակումը հետ մղելու համար, երբ իր կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, կյանքի, առողջության, սեփականության դեմ ծանր հանցագործություն կատարելու պահին բռնված անձանց կողմից փախուստի փորձը կանխելիս։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
101. Դիմումատուները բողոք են ներկայացրել այն առնչությամբ, որ ոստիկանության կողմից պրն Ենգիբարյանի սպանությունը համարվում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում այն առումով, որ այս դրույթի իմաստով դա բացարձակ անհրաժեշտ չի եղել։ Այնուհետև նրանք բողոք են ներկայացրել նույն հոդվածի համաձայն այն մասին, որ նրա մահվան առնչությամբ իշխանությունները չեն իրականացրել պատշաճ և արդյունավետ քննություն: Նրանք նաև պնդել են, որ իրենց չի տրամադրվել 2-րդ հոդվածի համաձայն իրենց ներկայացրած բողոքների մասով Կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսված իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, քանի որ քննություն իրականացնող մարմինները և դատարանները մերժել են պրն Ենգիբարյանի՝ տուժողի կարգավիճակի ճանաչումը, ինչը նրանց զրկել է վարույթում որպես նրա իրավահաջորդ հանդես գալու իրավունքն իրացնելու հնարավորությունից, և քանի որ դատարանները չեն անդրադարձել վարույթում ներգրավվելու մասին երկրորդ դիմումատուի պահանջին։
102. Դատարանը, հանդես գալով որպես գործի փաստերին օրենքով տրվելիք որակման մասնագիտացված կառույց (տե՛ս Ռոդամիլյան և այլք ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Radomilja and Others v. Croatia [GC]], թիվ 37685/10 և 22768/12, §§ 114 և 126, 2018 թվականի մարտի 20), նպատակահարմար է գտնում դիմումատուների բողոքները քննել միայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն, որի համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով:
2. Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է ուժի գործադրման, ինչը բացարձակապես անհրաժեշտ է՝
ա. ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար,
բ. օրինական ձերբակալում իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փախուստը կանխելու համար, …»:
Ա. Ընդունելիությունը
103. Կառավարությունը չի վիճարկել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն դիմումատուների ներկայացրած բողոքների ընդունելիությունը։ Դատարանը նշում է, որ դրանք ո՛չ ակնհայտորեն անհիմն են, ո՛չ էլ անընդունելի են որևէ այլ հիմքով։ Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Դիմումատուները
104. Դիմումատուները պնդել են, որ Ա.Ա.-ի կողմից գործադրված ուժը բացարձակ անհրաժեշտ չի եղել, քանի որ պրն Ենգիբարյանը լուրջ վտանգ չի ներկայացրել։ Նրանք պնդել են, որ քրեական գործի նյութերով չի ապացուցվել, որ պրն Ենգիբարյանը եղել է այն անձը, որը փորձել է մտնել Գ.Ս.-ի բնակարան։ Դրա միակ ապացույցը եղել է Գ.Ս.-ի ցուցմունքը։ Նրանք նշել են, որ Գ.Ս.-ն չի դիմել ոստիկանություն, փոխարենը զանգահարել է իր ընկերոջը։ Ա.Ա.-ն և Ն.Պ.-ն դեպքի վայր են ժամանել սովորական հագուստով, իրենց անձնական մեքենայով։ Առաջ չի քաշվել այն ենթադրությունը, որ պրն Ենգիբարյանն ինչ-որ պահի տեղեկացվել է իր կարգավիճակի մասին (որպես վկա կամ որպես կասկածյալ), կամ որ ներկայացվել են նրա նկատմամբ ազատության սահմանափակում կիրառելու պատճառները։
105. Դիմումատուները նշել են վկաների ցուցմունքներում որոշ հակասությունների մասին։ Օրինակ՝ ոստիկանության ծառայողներն իրենց ցուցմունքներում հայտնել են, որ իրենք ներկայացել են և ցույց են տվել իրենց վկայականները, սակայն սա չի հաստատվել այլ վկաներից որևէ մեկի կողմից, և ոստիկանության ծառայողները կրակելու օրը պատրաստած նախնական զեկույցում ևս չեն հայտնել, որ իրենք ցույց են տվել իրենց վկայականները (տե՛ս վերևում՝ 12-39-րդ և 42-50-րդ պարբերությունները)։ Գ.Ս.-ն ասել է, որ եղել է ոստիկանության ծառայողների և պրն Ենգիբարյանի կողքին (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը), մինչդեռ Ա.Ա.-ի զեկույցում նրա մասին նշվել է, որ նա գտնվել է փողոցի հակառակ կողմում (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը)։ Մի շարք վկաներ (տե՛ս վերևում՝ 33-39-րդ պարբերությունները) տեսել են, որ պրն Ենգիբարյանին հետապնդել է միայն մեկ և ոչ թե երկու ոստիկանության ծառայող, ինչպես պնդել են ոստիկանության ծառայողները։ Բացի ոստիկանության ծառայողներից՝ ոչ մի այլ վկա չի նշել, որ պրն Ենգիբարյանի կողմից կրակ արձակելուց հետո Ն.Պ.-ն ընկել է ծնկների վրա։
106. Այնուհետև դիմումատուները պնդել են, որ հաշվի առնելով, որ պրն Ենգիբարյանի կողմից զենքը հանելու պահին ոստիկանության ծառայողները գտնվել են նրան մոտ, և այնուհետև նրա կողմից արձակած կրակոցի ձայնը, ոստիկանության ծառայողները պետք է հասկացած լինեին, որ նրա ատրճանակը գազային էր և հետևաբար կյանքի և առողջության համար լուրջ վտանգ չէր ներկայացնում։ Նրանք պնդել են, որ Ա.Ա.-ի կողմից ենթադրաբար արձակված նախազգուշական կրակոցների կրակված պարկուճներն այդպես էլ չեն հայտնաբերվել, և որ գործի նյութերում դրանց բացակայության համար բացատրություն չի եղել: Եթե նույնիսկ ենթադրենք, որ նախազգուշական կրակոցներն արձակվել են, քանի որ ոստիկանության ծառայողների սեփական ցուցմունքների համաձայն պրն Ենգիբարյանն այդ ժամանակ փախչում էր, զարմանալի չէ, որ նա պատասխան կրակ է բացել ծառայողների ուղղությամբ, քանի որ նա կարծել է, որ այդ կրակոցներն ուղղված են եղել ուղիղ իրեն։ Դիմումատուներին նաև չի բավարարել պրն Ենգիբարյանի վրա երկրորդ անգամ կրակելու մասով Ա.Ա.-ի բացատրությունը։
107. Դիմումատուները նաև պնդել են, որ իշխանությունների կողմից պրն Ենգիբարյանի մահվան առնչությամբ չի իրականացվել պատշաճ քննություն։ Նախ նրանք պնդել են, որ իշխանությունները չեն իրականացրել ապացույցների ապահովման ողջամիտ միջոցառումներ։ Նրանք կարևորել են վկաների ցուցմունքներում անհամապատասխանությունները (տե՛ս վերևում՝ 105-րդ պարբերությունը) և այն հանգամանքը, որ նախազգուշական կրակոցների օգտագործված փամփուշտները չեն հայտնաբերվել։ Ոստիկանության ծառայողները հարցաքննվել են միայն կրակոցներից հետո երեկոյան (տե՛ս վերևում՝ 42-րդ պարբերությունը), ինչը նրանց ժամանակ է տվել միասին կամ իրենց վերադասի հետ քննարկելու տեղի ունեցած դեպքերը։ Արդյունքում, քննչական միջոցառումները չեն եղել համարժեք և բավականաչափ արագ չեն իրականացվել։
108. Ավելին, պատասխանող պետությունը պրն Ենգիբարյանի ընտանիքին չի ներգրավել քննությանը և չի ապահովել գործի համապատասխան փաստաթղթերի մատչելիությունը նրանց համար (տե՛ս վերևում՝ 55-56-րդ և 69-74-րդ պարբերությունները)։ Այն հանգամանքը, որ գործի փաստաթղթերը նրանց տրամադրվել են ավելի ուշ՝ դատարանում հարուցված վարույթի ընթացքում, բավարար չէր, քանի որ դատարանը չի դիտարկել ներկայացված բողոքը (տե՛ս վերևում՝ 78-80-րդ և 83-րդ պարբերությունները)։
109. Դիմումատուները նաև պնդել են, որ քննություն իրականացնող մարմինը չի եղել անկախ և անկողմնակալ։ Քննչական միջոցառումներ նշանակելու մասին որոշումներում կիրառվել են ոչ պատշաճ ձևակերպումներ, և արդեն կանխավ ենթադրել են պրն Ենգիբարյանի մեղավորությունը և ոստիկանության գործողությունների օրինականությունը: Ուստի քննությունը չի եղել անկախ և անկողմնակալ, քանի որ ամբողջ գործը հիմնված է եղել նույն ենթադրությունների վրա։
բ) Կառավարությունը
110. Կառավարություն պնդել է, որ պրն Ենգիբարյանի մահը վրա է հասել ոստիկանության ծառայող Ա.Ա.-ի կողմից ուժի գործադրման հետևանքով, որը, Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան, ոստիկանության երկու ծառայողների կյանքը փրկելու և այլ քաղաքացիներին անօրինական բռնությունից և զենքի պատահական գործադրումից պաշտպանելու և, Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան, օրինական ձերբակալում իրականացնելու նկատառումներից ելնելով՝ եղել է «բացարձակապես անհրաժեշտ»։
111. Նրանք ընդգծել են, որ այն ժամանակ, երբ տեղի են ունեցել դեպքերը, պրն Ենգիբարյանը կասկածվել է բռնության գործադրմամբ հանցանքներ կատարելու մեջ։ Ոստիկանության ծառայողները Գ.Ս.-ից ստացել էին հավաստի տեղեկություններ այն մասին, որ պրն Ենգիբարյանն այն անձն էր, որը փորձել էր մտնել նրա բնակարան, և պրն Ենգիբարյանը նման էր նախորդ մի շարք կողոպուտները կատարած անձի ֆոտոկոմբինացված դիմանկարին։ Հետևաբար ծառայողները կարծել են, որ պրն Ենգիբարյանը եղել է այն վտանգավոր կասկածյալը, որին նրանք փնտրում էին։ Նրա կողմից դրսևորված վարքը մեծացրել է վտանգը, քանի որ նա հրաժարվել է ենթարկվել ոստիկանության օրինական հրամաններին, դիմադրություն է ցուցաբերել ոստիկանության ծառայողների նկատմամբ և դիմել փախուստի։ Այնուհետև նա կրակել է ոստիկանների ուղղությամբ։ Այս հանգամանքներում ոստիկանությունն իրավիճակը գնահատել է որպես իրենց և մոտակայքում գտնվող քաղաքացիների կյանքի համար վտանգավոր։ Երբ Ն.Պ.-ն ընկել է ծնկների վրա, Ա.Ա.-ն կարծել է, որ նա վիրավորվել է, և համարել է, որ իր հրազենի կիրառումը եղել է պրն Ենգիբարյանի կողմից ներկայացրած վտանգը չեզոքացնելու միակ եղանակը։ Նա արձակել է երկու նախազգուշական կրակոց և կրակելուց առաջ մի քանի անգամ խնդրել է պրն Ենգիբարյանին կանգ առնել։ Հետևաբար ոստիկանները գործել են «Ոստիկանության մասին» օրենքի 29-րդ հոդվածին խիստ համապատասխան (տե՛ս վերևում՝ 99-րդ պարբերությունը): Նրանք ազնվորեն կարծել են, որ պրն Ենգիբարյանը կատարել է բռնության գործադրմամբ հանցանք, և եթե չձերբակալվեր, ապա նա կշարունակեր վտանգ ներկայացնել իրենց և երրորդ կողմերի համար։ Համապատասխանաբար ուժի գործադրումը եղել է «բացարձակապես անհրաժեշտ» և «համաչափ»։ Ինչ վերաբերում է կիրառելի իրավական շրջանակին, ապա Կառավարությունը նշել է, որ «Ոստիկանության մասին» օրենքի 32-րդ հոդվածով սահմանվում են այն հանգամանքները, որոնց դեպքում ոստիկանությունն իրավունք ունի գործադրելու հրազեն (տե՛ս վերևում՝ 100-րդ պարբերությունը)։
112. Ինչ վերաբերում է 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի շրջանակում դիմումատուների բողոքին, ապա Կառավարությունը նշել է, որ քննությունն իրականացվել է այդ հոդվածի պահանջներին համապատասխան։ Անմիջապես դեպքից հետո ձեռնարկվել են անհետաձգելի քննչական միջոցառումներ։ Նույն օրն իրականացվել է դեպքի վայրի զննություն, պահանջվել է իրականացնել դատաբժշկական փորձաքննություն, խուզարկվել է պրն Ենգիբարյանի բնակարանը, հարցաքննվել են ականատեսները, և նշանակվել է առգրավված զենքերի և փամփուշտների ձգաբանական փորձաքննություն (տե՛ս վերևում՝ 7-11-րդ, 23-39-րդ և 41-րդ պարբերությունները)։ Հաջորդ օրը, երբ պաշտոնապես հարուցվել է քրեական գործով վարույթ, հարցաքննվել են ոստիկանության համապատասխան ծառայողները (տե՛ս վերևում՝ 42-50-րդ պարբերությունները)։ Ավելին, անմիջապես դեպքից հետո ոստիկանության ներգրավված ծառայողներն իրենց վերադասներին ներկայացրել են առանձին զեկույցներ, որոնցում մանրամասն նկարագրել են դեպքերը և փաստական հանգամանքները (տե՛ս վերևում՝ 11-22-րդ պարբերությունները)։ Արդյունքում պարզվել են դեպքի բոլոր համապատասխան հանգամանքները։
113. Ավելին, սույն գործով իրականացված քննությունը եղել է անկախ։ Այն իրականացվել է ՀՔԾ-ի կողմից, որն առանձին պետական մարմին է, որն անկախ է իր գործառույթների իրականացման մեջ։ Քննությունն իրականացնող մարմնի և դրա սուբյեկտների միջև չի եղել աստիճանակարգային կամ ինստիտուցիոնալ կապ։
114. Ինչ վերաբերում է վարույթին դիմումատուների մասնակցությանը, ապա Կառավարությունը հիմնվել է ՔԴՕ-ի 58-րդ և 80-րդ հոդվածների վրա, որոնք սահմանում էին, թե ով կարող է ճանաչվել տուժող և տուժողի իրավահաջորդ (տե՛ս վերևում՝ 95-րդ պարբերությունը)։ Կարևոր է նշել, որպեսզի լինի տուժող, պետք է հաստատվի, որ կատարվել է այնպիսի արարք, որն արգելված է Քրեական օրենսգրքով։ Մինչև չավարտվի ոստիկանության ծառայողների գործողությունների իրավական գնահատումը, գործում չի կարող ճանաչվել «տուժող»՝ 58-րդ հոդվածի իմաստով, և հետևաբար տուժողի իրավահաջորդի՝ վարույթին ներգրավվելու որևէ իրավունք՝ 80-րդ հոդվածի իմաստով։ Սույն գործով պարզվել է, որ պրն Ենգիբարյանի վրա կրակելը եղել է օրինական, հետևաբար Քրեական օրենսգրքով արգելված որևէ արարք չի հաստատվել։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ներպետական դատարանները չեն անդրադարձել գործով վարույթում ներգրավվելու մասին երկրորդ դիմումատուի պահանջին, ապա Կառավարությունը պնդել է, որ նա երբեք հստակ չի պահանջել ներգրավվել՝ հստակ դատավարական կարգավիճակով։ Բոլոր դեպքերում նա ներգրավված է եղել ըստ էության։
2. Դատարանի գնահատականը
ա) Ընդհանուր սկզբունքները
115. Հաստատվել է, որ իշխանությունների կողմից ուժի գործադրումը, որը հանգեցրել է կյանքից զրկելուն, 2-րդ հոդվածի շրջանակներում է (տե՛ս օրինակ, Այվազյանն ընդդեմ Հայաստանի [Ayvazyan v. Armenia], թիվ 56717/08, § 73, 2017 թվականի հունիսի 1)։ Ինչպես երևում է 2-րդ հոդվածի 2-րդ կետի ձևակերպումից, ոստիկանության ծառայողների կողմից մահաբեր ուժի գործադրումը կարող է արդարացված լինել կոնկրետ հանգամանքներում։ Որպեսզի այն լինի արդարացված, ցանկացած ուժի գործադրում միանշանակ պետք է լինի «բացարձակապես անհրաժեշտ»՝ «ա»-«գ» ենթակետերով սահմանված մեկ կամ ավելի նպատակների իրականացման համար, և խիստ համաչափ դրան (տե՛ս Նաչովան և այլք ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ] [Nachova and Others v. Bulgaria [GC]], թիվ 43577/98 և 43579/98, § 94, ՄԻԵԴ 2005 VII. վերևում հիշատակված՝ Այվազյանի գործը, Յուխիմովիչն ընդդեմ Ուկրաինայի [Yukhymovych v. Ukraine], թիվ 11464/12, § 71, 2020 թվականի դեկտեմբերի 17): Սկզբունքորեն նման անհրաժեշտություն կարող է չլինել այն դեպքում, երբ հայտնի է, որ ձերբակալման ենթակա անձը կյանքի և առողջության համար վտանգ չի ներկայացնում և չի կասկածվում բռնության գործադրմամբ հանցանք կատարելու մեջ, նույնիսկ եթե մահաբեր ուժ չգործադրելը կարող է հանգեցնել արդարադատությունից թաքնվող անձին կալանավորելու հնարավորության կորստի (տե՛ս վերևում հիշատակված՝ Նաչովայի գործը, § 95 և դրանում հիշատակված վճիռները)։
116. Անկախ այն հանգամանքից, թե ինչ իրավաչափ նպատակ է սահմանված 2-րդ հոդվածի 2-րդ կետով, պետության համապատասխան մարմինների կողմից ուժի գործադրումը կարող է հիմնված լինել այնպիսի բարեխիղճ համոզմունքի վրա, որը ողջամիտ հիմքերով տվյալ պահին համարվում է օրինական, նույնիսկ եթե հետագայում պարզվում է, որ սխալ է եղել (տե՛ս վերևում հիշատակված՝ Յուխիմովիչի գործը, § 72)։ Այլ որոշում կայացնելը կենթադրեր ոչ իրատեսական բեռ դնել պետության և դրա իրավապահ մարմինների անձնակազմի վրա՝ իրենց պարտականությունների կատարման հարցում, հավանաբար՝ ի վնաս իրենց և մյուսների կյանքի (տե՛ս Բաբբինսն ընդդեմ Միացյալ Թագավորության [Bubbins v. the United Kingdom], թիվ 50196/99, § 138, ՄԻԵԴ 2005-II (քաղվածքներ), և վերևում հիշատակված՝ Այվազյանի գործը, § 74)։ Այս հարցին անդրադառնալիս Դատարանը կուսումնասիրի, թե արդյոք այդ համոզմունքը եղել է սուբյեկտիվորեն ողջամիտ՝ ամբողջությամբ հաշվի առնելով համապատասխան ժամանակահատվածում առկա հանգամանքները։ Եթե այդ համոզմունքը չի եղել սուբյեկտիվորեն ողջամիտ, հնարավոր է, որ Դատարանի համար դժվար կլինի ընդունել, որ դա եղել է ազնիվ և անկեղծ (տե՛ս Արմանի Դա Սիլվան ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Armani Da Silva v. the United Kingdom [GC]], թիվ 5878/08, § 244-248, ՄԻԵԴ 2016, և վերևում հիշատակված՝ Յուխիմովիչի գործը, § 72)։
117. Կառավարությունը կրում է պատասխանատվություն՝ ապացուցելու, որ ոստիկանության ծառայողների կողմից գործադրված ուժը եղել է արդարացված, որ այն բխել է բացարձակ անհրաժեշտությունից, և որ այն եղել է խիստ համաչափ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված մեկ կամ մի քանի նպատակների իրագործմանը (տե՛ս Քանգյոզը և այլք ընդդեմ Թուրքիայի [CangՓz and Others v. Turkey], թիվ 7469/06, § 106, 2016 թվականի ապրիլի 26, և վերևում հիշատակված՝ Յուխիմովիչի գործը, § 75)։ Բոլոր այն դեպքերում, երբ Դատարանը չի կարողանում պարզել գործի ճշգրիտ հանգամանքները՝ պետական մարմիններին օբյեկտիվորեն վերագրվող պատճառներով, պատասխանող Կառավարության պարտավորությունն է բավարար և համոզիչ կերպով բացատրել դեպքերի հաջորդականությունը և ներկայացնել հիմնավոր ապացույցներ, որոնք կարող են հերքել դիմումատուի պնդումները։ Եթե Կառավարություն դա չի անում, ապա Դատարանը պետք է անի լուրջ հետևություններ (տե՛ս վերևում հիշատակված՝ Յուխիմովիչի գործը, § 74)։
118. Այն դեպքում, երբ դիտավորությամբ գործադրվել է մահաբեր ուժ, պետք է հաշվի առնել ոչ միայն պետության այն մարմինների գործողությունները, որոնք իրականում կիրառել են այդ ուժը, այլ նաև դրանց ուղեկցող բոլոր հանգամանքները, այդ թվում՝ այնպիսի հարցեր, ինչպիսիք են քննության առարկա գործողությունների պլանավորումը և վերահսկողությունը (Մակարացիսն ընդդեմ Հունաստանի [ՄՊ] [Makaratzis v. Greece [GC]], թիվ 50385/99, § 59, ՄԻԵԴ 2004-XI): Երբ որոշվում է գործադրված ուժի՝ 2-րդ հոդվածին համապատասխանության հարցը, կարող է գործին վերաբերելի լինել այն հանգամանքը, թե արդյոք իրավապահ մարմինների գործողությունը պլանավորվել և վերահսկվել է այնպես, որ հնարավորինս նվազագույնի հասցվի մահաբեր ուժի հավանական գործադրումը կամ կյանքի պատահական կորստի հնարավորությունը (տե՛ս վերևում հիշատակված՝ Բաբբինսի գործը, § 136, վերևում հիշատակված՝ Այվազյանի գործը, § 75, և վերևում հիշատակված՝ Յուխիմովիչի գործը, § 73)։
119. Ապացույցները գնահատելիս Դատարանը կիրառում է «ողջամիտ կասկածից վեր» ապացուցման չափանիշը։ Այդպիսի ապացույցը կարող է բխել համատեղ գոյություն ունեցող՝ բավականաչափ հիմնավորված, հստակ և համահունչ եզրահանգումներից կամ համանման անհերքելի փաստերի կանխավարկածից (տե՛ս վերևում հիշատակված՝ Այվազյանի գործը, § 89, և վերևում հիշատակված՝ Յուխիմովիչի գործը, § 74 )։
120. Կոնվենցիայի 2-րդ հոդվածը նաև պարունակում է դրա նյութաիրավական հայեցակետի մասով ենթադրյալ խախտումների արդյունավետ քննություն իրականացնելու դատավարական պարտավորություն (տե՛ս վերևում հիշատակված՝ Այվազյանի գործը, § 76, և համապատասխան ընդհանուր սկզբունքների համառոտ նկարագրություններին ծանոթանալու համար՝ վերևում հիշատակված՝ Արմանի Դա Սիլվայի գործը, § 229 և հաջորդող պարբերություններ, և վերևում հիշատակված՝ Յուխիմովիչի գործը, §§ 63-66)։ Սույն գործի իմաստով առանձնահատուկ նշանակություն ունի այն պահանջը, որ քննությունը պետք է լինի պատշաճ կերպով իրականացված այն իմաստով, որ այն պետք է հնարավորություն տա պարզելու փաստական հանգամանքները, որոշելու, թե արդյոք գործադրված ուժն այդ հանգամանքներում արդարացված էր, թե՝ ոչ, և ի հայտ բերելու ու համապատասխան դեպքերում պատժելու մեղավորներին (վերևում հիշատակված՝ Արմանի Դա Սիլվայի գործը, § 233)։ 2-րդ հոդվածով պահանջվում է, որ քննության արդյունքները պետք է հիմնված լինեն համապատասխան բոլոր տարրերի բազմակողմանի, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծության վրա: Քննության համար ակնհայտորեն անհրաժեշտ միջոցները պատշաճ կերպով չձեռնարկելը էականորեն խոչընդոտում է գործի փաստական հանգամանքները պարզելու և մեղավորներին ի հայտ բերելու՝ նախաքննության մարմնի հնարավորությունը (նույն տեղում, § 234): Մեկ այլ վերաբերելի պահանջ, որին Դատարանը հղում է կատարել Արմանի Դա Սիլվայի գործում, այն է, որ քննությունը պետք է մատչելի լինի տուժողի ընտանիքի համար այնքանով, որքանով դա անհրաժեշտ է նրանց իրավաչափ շահերը պաշտպանելու համար (նույն տեղում, § 235)։
բ) Ընդհանուր սկզբունքների կիրառումը գործով փաստերի նկատմամբ
121. Չի վիճարկվում, որ պրն Ենգիբարյանի մահն առաջացել է ոստիկանության կողմից մահաբեր ուժ գործադրելու հետևանքով։ Հետևաբար Կառավարությունը պետք է ապացուցի, որ ոստիկանության ծառայողների կողմից գործադրված ուժը եղել է արդարացված, որ այն բխել է բացարձակ անհրաժեշտությունից, և որ այն եղել է խիստ համաչափ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված մեկ կամ մի քանի նպատակների իրագործմանը (տե՛ս վերևում՝ 117-րդ պարբերությունում հիշատակված նախադեպային իրավունքը)։ Այնուամենայնիվ, Դատարանն անհրաժեշտ է համարում նախ անդրադառնալ 2-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքի դատավարական հայեցակետին, քանի որ այն հարցը քննելը, թե արդյոք քննությունն իրականացվել է պատշաճ կերպով այն իմաստով, որ այն պետք է հնարավորություն տա պարզելու փաստական հանգամանքները և որոշելու, թե արդյոք գործադրված ուժն այդ հանգամանքներում արդարացված էր, թե՝ ոչ (տե՛ս վերևում՝ 120-րդ պարբերությունում հիշատակված նախադեպային իրավունքը), կապված է Դատարանի գնահատականի հետ, թե արդյոք Կառավարությունը բավարար կերպով կատարել է սպանությունը հիմնավորելու իր պարտականությունը (տե՛ս վերևում հիշատակված՝ Քանգյոզը և այլք գործը, § 115, և Բիսար Այհանը և այլք ընդդեմ Թուրքիայի [Bişar Ayhan and Others v. Turkey], թիվ 42329/11 և 47319/11, § 51, 2021 թվականի մայիսի 18):
i) Դատավարական հայեցակետը
122. Դատարանը նշում է, որ պրն Ենգիբարյանի վրա կրակելու և նրան կյանքից զրկելու օրվանից ի վեր ոստիկանության կողմից ձեռնարկվել են մի շարք քննչական միջոցառումներ։ Դեպքի վայրում հայտնաբերված ապացույցներն անմիջապես պահպանվել են, և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն (տե՛ս վերևում՝ 7-10-րդ պարբերությունները)։ Ա.Ա.-ն և Ն.Պ.-ն իրենց վերադասներին ներկայացրել են զեկույցներ (տե՛ս վերևում՝ 12-22-րդ պարբերությունները)։ Անմիջապես հարցաքննվել են մի շարք ականատեսներ (տե՛ս վերևում՝ 22-39-րդ պարբերությունները)։ Կրակոցի հաջորդ օրը պրն Ենգիբարյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործով քննություն, նշանակվել է ձգաբանական փորձաքննություն, և հարցաքննվել են ոստիկանության երկու ծառայողները (տե՛ս վերևում՝ 41-50-րդ պարբերությունները)։ Դիակի դատաբժշկական փորձաքննության և ձգաբանական փորձաքննության արդյունքներն արագ պատրաստվել են (տե՛ս վերևում՝ 51-54-րդ պարբերությունները)։
123. Այնուամենայնիվ, դժբախտաբար քննություն իրականացնող մարմինն անմիջապես չի հարցաքննել ոստիկանության երկու ծառայողներին՝ դավադրության ռիսկից խուսափելու համար, որոնք եղել են դեպքի գլխավոր վկաները և գտնվել են այնպիսի դիրքում, որ կարող էին ամենաշատ տեղեկությունները հայտնել կատարվածի մասին։
124. Հարկ է նաև նշել, որ ըստ երևույթին, քննիչն ընդհանրապես չի պարզել, թե արդյոք ոստիկանության ծառայողները կամ նրանց վերադասներն իրականացրել են միջոցառումներ կյանքին սպառնացող վտանգը նվազեցնելու ուղղությամբ (տե՛ս վերևում՝ 118-րդ պարբերությունում հիշատակված նախադեպային իրավունքը)։ Դատարանն ընդգծում է, որ այս դեպքում չի եղել այնպիսի պատահական գործողություն, որի ընթացքում ոստիկանության ծառայողներն անսպասելիորեն առերեսվել են բռնության իրավիճակի և ստիպված են եղել արձագանքել առանց նախապես այդ մասին մտածելու (տե՛ս, օրինակ, Ռեհբոկն ընդդեմ Սլովենիայի [Rehbock v. Slovenia], թիվ 29462/95, § 72, ՄԻԵԴ 2000-XII, և Սելնիկուն ընդդեմ Հունաստանի [Celniku v. Greece], թիվ 21449/04, § 56, 2007 թվականի հուլիսի 5, և համեմատի՛ր վերևում հիշատակված՝ Մակարացիսի գործը, § 69)։ Կարելի էր և պետք էր կատարել որոշակի պլանավորում և կազմակերպում՝ հաշվի առնելով ընդհանուր համատեքստը, հրատապությունը և իրավիճակի զարգացումները։ Առաջին հերթին, ներպետական մակարդակում անցկացված քննության շրջանակում պետք էր ուսումնասիրել բոլոր հանգամանքներում ոստիկանության իրականացրած գործողության պլանավորման շրջանակը և գնահատել այս մասով առկա թերությունները։
125. Ինչ վերաբերում է ոստիկանության իրականացրած միջոցառման նախնական փուլերին, ապա հարկ է նշել, որ քննիչը գնահատական չի տվել, թե արդյոք այս մասով եղել են դատավարական խնդիրներ, և եթե եղել են, ապա ինչպիսի ազդեցություն են ունեցել դրանք ոստիկանության իրականացրած գործողության վրա ընդհանուր առմամբ։
126. Դատարանն այնուհետև նկատում է, որ Դատարանին ներկայացված նախաքննության նյութերում առկա չէ Ս.-ի կողմից Ա.Ա.-ին և Ն.Պ.-ին տրված հստակ հրահանգների մասին պաշտոնական արձանագրություն։ Ա.Ա.-ի զեկույցի և ցուցմունքի համաձայն՝ նրանց ասվել էր գնալ այդ հասցեով և ճշտել տեղեկությունները (տե՛ս վերևում՝ 14-րդ, 17-րդ և 47-րդ պարբերությունները)։ Նրանց տրված կարգադրությունն ըստ երևույթին չի եղել այդ անձին ձերբակալելու կարգադրություն, և ըստ երևույթին այն չի ընդունվել որպես այդպիսին ոստիկանության երկու ծառայողների կողմից։ Այնուամենայնիվ, ոստիկանության ծառայողներն իրենց զեկույցներում և ցուցմունքներում ո՛չ ներկայացրել են, ո՛չ էլ նրանցից պահանջվել է ներկայացնել մանրամասներ Ս.-ի հետ իրենց շփման մասին։ Ս.-ի որևէ ցուցմունք չի տրամադրվել։
127. Կարևոր է նաև, որ քննիչը ոստիկանության ծառայողների հետ չի պարզել, թե ինչ նպատակով են նրանք գնացել Գարեգին Նժդեհի հրապարակ, իրենց կարծիքով ինչ կարգավիճակ է ունեցել պրն Ենգիբարյանն այդ ժամանակ, և ինչ են նրանք պլանավորել, եթե ընդհանրապես ինչ-որ բան պլանավորել են (տե՛ս վերևում՝ 13-22-րդ և 42-50-րդ պարբերությունները)։ Քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը չի անդրադառնում ոստիկանության իրականացրած գործողության նպատակին և շրջանակին կամ չի պարունակում համապատասխան եզրահանգումներ այդ հարցերի վերաբերյալ, չնայած այն հանգամանքին, որ դրանք կարևոր էին այս դեպքում Ա.Ա.-ի կողմից ի վերջո ուժի գործադրման գնահատման իմաստով (տե՛ս վերևում՝ 57-64-րդ պարբերությունները)։
128. Միջոցառումը կազմակերպելու և իրականացնելու մասով Ա.Ա.-ի և Ն.Պ.-ի զեկույցներում և ցուցմունքներում առկա են այլ մանրամասներ, որոնք անհրաժեշտ է լրացուցիչ պարզաբանել։ Օրինակ՝ Ն.Պ.-ի պահանջը, որ Գ.Ս.-ն հետևի տղամարդուն (տե՛ս վերևում՝ 13-րդ և 25-րդ պարբերությունները), ինչ-որ իմաստով նորմալ չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կար կասկած, որ տղամարդը զինված էր և կարող էր վտանգավոր լինել (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը)։ Կառավարությունը չի հայտնել որևէ դիրքորոշում այն մասին, թե արդյոք ոստիկանության ծառայողների կողմից իրականացված միջոցառումները եղել են ճիշտ և իրականացվել են ոստիկանության՝ օպերատիվ աշխատանքի ընթացակարգերին և կանոնակարգերին համապատասխան։
129. Դատարանը նաև գտնում է, որ բավարար չափով պարզ չեն ծառայողների կողմից պրն Ենգիբարյանին մոտենալու հանգամանքները։ Գործի նյութերից պարզվել է, որ ոստիկանության ծառայողները ժամանել են դեպքի վայր Գ.Ս.-ի հետ հեռախոսազրույցից հետո մոտ քսան րոպե անց (տե՛ս վերևում՝ 13-րդ և 28-րդ պարբերությունները), սովորական հագուստով և ավտոմեքենայով, որն ակնհայտորեն ոստիկանության մեքենա չի եղել (տե՛ս վերևում՝ 28-րդ և 31-րդ պարբերությունները)։ Միակ ապացույցը, որ առաջին անգամ պրն Ենգիբարյանին մոտենալիս նրանք ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ, հենց ոստիկանության ծառայողների զեկույցները և ցուցմունքներն են։ Ավելին, Դատարանը թերահավատ է Ա.Ա.-ի և Ն.Պ.-ի կողմից իրենց ցուցմունքներում արված պնդումներին, որոնք չեն եղել իրենց նախնական զեկույցներում, այն մասին, որ իրենք պրն Ենգիբարյանին ներկայացրել են իրենց նույնականացման փաստաթղթերը (տե՛ս վերևում՝ 43-րդ և 49-րդ պարբերությունները)։ Գ.Ս.-ն իր ցուցմունքում նշել է, որ տղամարդիկ խոսել են, սակայն չի ասել, որ ոստիկանության ծառայողները պրն Ենգիբարյանին ներկայացրել են որևէ փաստաթուղթ (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը)։ Ծառայողներից ոչ մեկը չի պնդել, որ պրն Ենգիբարյանին պարզաբանել է՝ արդյոք նա ձերբակալված է, կամ այլ կերպ կալանավորված է, կամ թե որոնք են նրա իրավունքները։ Իր զեկույցում Ա.Ա.-ն բացատրել է, որ պատասխանելով պրն Ենգիբարյանի հարցերին՝ ծառայողներն ասել են, որ ամեն ինչ կբացատրեն ոստիկանության բաժնում (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը): Դատարան ներկայացված նյութերի համաձայն՝ քննիչն ըստ երևույթին չի փորձել ստանալ պարզաբանումներ այս մասով, որպեսզի ավելի հստակեցնի պրն Ենգիբարյանին մոտենալու հանգամանքները և նրան ներկայացված տեղեկությունները։
130. Նախաքննության նյութերի համաձայն՝ ոստիկանության ծառայողները սահմանափակել են պրն Ենգիբարյանի շարժունակությունը (տե՛ս վերևում՝ 14-րդ, 18-րդ, 26-րդ և 29-րդ պարբերությունները)։ Այդ մասով նրանց լիազորությունները պարզ չէին, քանի որ Կառավարությունը չի պնդել, որ այդ ժամանակ պրն Ենգիբարյանը ձերբակալված է եղել, կամ նրա նկատմամբ կիրառվել է այլ խափանման միջոց, և ինչպես վերևում նշվել է, ոստիկանության ծառայողները չեն պնդել, որ ձերբակալել են նրան և տեղեկացրել են նրան իր իրավունքների մասին (տե՛ս վերևում՝ 93-94-րդ և 96-րդ պարբերությունները)։ Քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը չի անդրադարձել այն հարցին, թե արդյոք պրն Ենգիբարյանի շարժունակությունը սահմանափակելու համար առկա են եղել իրավական հիմքեր, և եթե եղել են, ապա արդյոք պահպանվել են Հայաստանի օրենսդրությամբ սահմանված դատավարական բոլոր պահանջները։ Իրենց ցուցմունքներում, սակայն ոչ զեկույցներում, ոստիկանության ծառայողներն ասել են, որ իրենք նրա շարժունակությունը սահմանափակել են անվտանգության նկատառումներով, քանի որ գիտեին, որ նա կարող էր զինված լինել (տե՛ս վերևում՝ 43-րդ և 49-րդ պարբերությունները, համեմատի՛ր 13-22-րդ պարբերությունների հետ)։ Թեև նրանք սահմանափակել են նրա շարժունակությունը և կարծում էին, որ նա կարող է զինված լինել, ոստիկանության ծառայողներն անմիջապես չեն խուզարկել պրն Ենգիբարյանին՝ նրա ատրճանակն առգրավելու համար, որը պետք է որ առկա լիներ նրա մոտ, եթե նա այն անձն էր, որը ցանկացել էր մտնել Գ.Ս.-ի բնակարան և հետևաբար հանդիսանում էր զինված կողոպտիչ (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը)։ Չկա ապացույց, որ նախաքննությամբ քննության է առնվել միջոցառման իրականացման այս ասպեկտը, թեև գործի նյութերից պարզ է դառնում, որ իրավիճակն արագ վատթարացել է, երբ պրն Ենգիբարյանն ազատել է իր ձեռքերը և վերցրել իր զենքը։
131. Ոստիկանության ծառայողների արձագանքը իրավիճակի վատթարացմանն ակնհայտորեն կապ ունի մահաբեր ուժի գործադրման հետ, սակայն չկան ապացույցներ, որ նախաքննությունը փորձել է պարզել, թե արդյոք տեղի ունեցած զարգացումները եղել են կանխատեսելի, և արդյոք ոստիկանությունը պատշաճ կերպով է արձագանքել։ Դատարանը նշում է, որ պրն Ենգիբարյանի փախուստից հետո առաջ չի քաշվել այնպիսի ենթադրություն, որ ոստիկանության ծառայողները կանչել են օգնության, ինչպես նրանց վերադասի կողմից կարգադրվել էր անել անհրաժեշտության դեպքում (տե՛ս վերևում՝ 17-րդ պարբերությունը)։ Այնուամենայնիվ, Ա.Ա.-ի ցուցմունքից հետևում է, որ տարածքում եղել են պարեկային ծառայության մեջ գտնվող ոստիկանության ծառայողներ, ինչպես նաև մետրոն հսկող ոստիկանության ծառայողներ (տե՛ս վերևում՝ 46-րդ պարբերությունը), որոնք կարող էին օգնել բերման ենթարկել պարոն Ենգիբարյանին, եթե նրանց խնդրեին միջամտել։ Ամենայն հավանականությամբ քննիչը չի պարզել, թե արդյոք գործի հանգամանքներում եղել են օգնության կանչելու հիմքեր, և արդյոք օգնության կանչելու դեպքում հնարավոր կլիներ կանխել մահաբեր ուժի գործադրումը։
132. Ինչ վերաբերում է հենց ուժի գործադրման հանգամանքներին, ապա, ըստ երևույթին, կրակելու պահին պրն Ենգիբարյանի և Ա.Ա.-ի միջև հեռավորության մասին վկաների և ոստիկանության ծառայողների ցուցմունքների միջև կա էական անհամապատասխանություն (համեմատե՛ք վերևում՝ 32-րդ և 34-րդ պարբերությունները վերևում՝ 45-րդ և 50-րդ պարբերությունների հետ)։ Սա հավանաբար կարող էր որոշակի ազդեցություն ունենալ այն իմաստով, թե արդյոք կրակելը եղել է այդ պահին առկա ռիսկերին համաչափ։ Ամենայն հավանականությամբ հետագայում իրապես չի քննարկվել, թե արդյոք այդ հանգամանքներում ողջամիտ է եղել այն հանգամանքը, որ ոստիկանության ծառայողները չեն հասկացել, որ պրն Ենգիբարյանի զենքը գազային ատրճանակ էր։ Արդյունքում, դեռևս պարզ չեն կրակոցներն արձակելու հստակ հանգամանքները։
133. Քանի որ քննիչը չի ուսումնասիրել բոլոր վերը նշված հարցերը, Դատարանի համար համոզիչ չէ, որ նախաքննությամբ հնարավոր է եղել պարզել այնպիսի փաստեր, որոնք հնարավորություն կտային որոշելու, թե արդյոք իրականացվել են համապատասխան միջոցառումներ կյանքին սպառնացող վտանգը նվազեցնելու ուղղությամբ, և արդյոք գործադրված ուժն այդ հանգամանքներում եղել է արդարացված։
134. Ներկայացված փաստաթղթերից և Կառավարության փաստարկներից ավելի քան ակնհայտ է, որ դիմումատուները ներգրավված չեն եղել նախաքննությանը, չեն ծանուցվել դրա արդյունքների մասին և ինքնաբերաբար չեն ունեցել քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը տեսնելու կամ ապացույցներ հանդիսացող նյութերին ծանոթանալու իրավունք (տե՛ս վերևում՝ 55-56-րդ, 65-69-րդ և 74-րդ պարբերությունները)։ Կառավարությունը չի փորձել հերքել, որ քննությունը մատչելի չի եղել դիմումատուների համար։ Փոխարենը նրանք բացատրել են, որ պատճառը եղել է այն, որ ներպետական իրավունքը թույլ չի տալիս ներգրավել մերձավոր ազգականին, եթե և քանի դեռ չի պարզվել, որ անօրինական արարքից կա «տուժող» (տե՛ս վերևում՝ 114-րդ պարբերությունը)։ Այնուամենայնիվ, Դատարանն ընդգծում է, որ 2-րդ հոդվածով պահանջվում է, որ իշխանությունների կողմից ուժի գործադրման հետևանքով առաջացած մահվան քննության համար կիրառելի ընթացակարգերը նախատեսեն մերձավոր ազգականի ներգրավվածությունը (տե՛ս վերևում՝ 120-րդ պարբերության վերջում հիշատակված նախադեպային իրավունքը)։ Քանի որ դա անհնար է եղել ներպետական իրավունքի ձևակերպման պատճառով (տե՛ս վերևում՝ 95-րդ պարբերությունը), դա ինքնին համատեղելի չէ 2-րդ հոդվածի պահանջների հետ։ Դրանից հետևում է, որ քննությունը մատչելի չի եղել դիմումատուներին այնքանով, որքանով դա անհրաժեշտ էր նրանց իրավաչափ շահերը պաշտպանելու համար։
135. Այդ պատճառները բավարար են Դատարանի համար՝ եզրակացնելու, որ սույն գործում խախտվել է 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետը։ Հետևաբար Դատարանին անհրաժեշտ չէ քննել, թե արդյոք քննությունը եղել է անկախ և անկողմնակալ (տե՛ս վերևում՝ 109-րդ և 113-րդ պարբերությունները)։
ii) Նյութաիրավական հայեցակետը
136. Դատարանը վերահաստատում է, որ պետական մարմինների կողմից մահաբեր ուժի գործադրման հետ կապված գործում Կառավարության խնդիրն է ողջամիտ կասկածից վեր ապացուցել, որ ձեռնարկվել են հնարավոր բոլոր պատշաճ միջոցները՝ կյանքին սպառնացող վտանգը նվազեցնելու ուղղությամբ, և որ գործադրված ուժը եղել է արդարացված և չի եղել ավելին, քան բացարձակապես անհրաժեշտ չափով (տե՛ս վերևում՝ 117-րդ, 118-րդ և 121-րդ պարբերությունները)։
137. Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները (տե՛ս 123-132-րդ պարբերությունները)՝ Դատարանը գտնում է, որ ներպետական մակարդակում իրականացված քննությունը եղել է այնքան ակնհայտորեն ոչ լիարժեք և այնքան հարցեր է թողել անպատասխան, որ այն թույլ չի տալիս պարզել սպանության իրական փաստերը, և Դատարանը չի կարող հիմնվել այդ քննության վերջում հանգած եզրակացության վրա (տե՛ս վերևում հիշատակված՝ Քանգյոզը և այլք գործը, § 138, և Վարդանյանը և Խալաֆյանն ընդդեմ Հայաստանի [Vardanyan and Khalafyan v. Armenia], թիվ 2265/12, § 96, 2022 թվականի նոյեմբերի 8)։ Դատարանում ներկայացված իր փաստարկներում Կառավարությունն ուղղակի հիմնվել է ներպետական քննության եզրահանգումների վրա։ Նրանք չեն ներկայացրել սույն գործում քննչական միջոցառումը կազմակերպելու և իրականացնելու և մահաբեր ուժ գործադրելու հանգամանքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կամ նյութեր։
138. Այս հանգամանքներում Կառավարությունը չի կատարել իրեն վերապահված պարտականությունը՝ ողջամիտ կասկածից վեր ապացուցելու, որ պրն Ենգիբարյանին կյանքից զրկելը եղել է այնպիսի ուժի գործադրման հետևանք, որը եղել է ոչ ավելին, քան բացարձակապես անհրաժեշտ՝ 2-րդ հոդվածի 2-րդ կետում նշված նպատակներից որևէ մեկն իրականացնելու համար (տե՛ս mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով) վերևում հիշատակված՝ Քանգյոզը և այլք գործը, § 138, և վերևում հիշատակված՝ Բիսար Այհանը և այլք գործը, § 74)։ Համապատասխանաբար սույն գործով տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
139. Դիմումատուները բողոքել են, որ ոստիկանապետի հրապարակային հայտարարությունները համարվում են պրն Ենգիբարյանի նկատմամբ անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում, ինչպես սահմանված է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետում, համաձայն որի՝
«Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական իրավախախտում կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան»:
140. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուները չեն կարող բողոք ներկայացնել 6-րդ հոդվածի 2-րդ կետի ենթադրյալ խախտման մասով տուժող ճանաչվելու առնչությամբ։ Նրանք չեն համապատասխանում Դատարանի կողմից սահմանված որևէ չափանիշի, որը թույլ է տալիս մերձավոր ազգականներին նման բողոքով դիմել Դատարան: Դիմումատուները պնդել են, որ իրենք կարող են բողոք ներկայացնել ենթադրյալ խախտման մասով տուժող ճանաչվելու առնչությամբ, քանի որ իրենք ունեն բարոյական շահագրգռվածություն՝ պրն Ենգիբարյանին առաջադրված ցանկացած մեղադրանք արդարացնելու և իրենց սեփական և ընտանիքի հեղինակությունը պաշտպանելու համար, ինչպես նաև նյութական շահ՝ իրենց նյութական իրավունքների վրա ուղղակի ազդեցության հիման վրա։
141. Հաշվի առնելով սույն գործի փաստերը՝ կողմերի փաստարկները և Կոնվենցիայի 2-րդ հոդվածի վերաբերյալ կատարած իր եզրահանգումները՝ Դատարանը համարում է, որ այն քննել է սույն գանգատում բարձրացված հիմնական իրավական հարցը, և չկա 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն բարձրացված բողոքի ընդունելիության հարցն ուսումնասիրելու և այն ըստ էության քննելու անհրաժեշտություն (տե՛ս, օրինակ, Իրավական ռեսուրսների կենտրոնը՝ ի դեմս Վալենտին Կամպեանուի, ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Centre for Legal Resources on behalf of Valentin CՉmpeanu v. Romania [GC]], թիվ 47848/08, § 156, ՄԻԵԴ 2014)։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
142. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
143. Դիմումատուները պահանջել են 28 000 եվրո՝ որպես նյութական վնասի հատուցում, և 40 000 եվրո (20 000-ական եվրո՝ յուրաքանչյուր դիմումատուին)՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։ Պահանջվող նյութական վնասները պրն Ենգիբարյանի մահվանից մինչև դիմումատուների կողմից արդարացի փոխհատուցման պահանջի ներկայացման օրն ընկած ժամանակահատվածում վաստակի կորուստն են: Պրն Ենգիբարյանը թողել է այրի և երկու փոքր երեխա, որոնք ֆինանսական աջակցության իմաստով այժմ կախված են առաջին դիմումատուից։
144. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուները չեն հիմնավորել նյութական վնասը փոխհատուցելու իրենց պահանջը։ Նրանք չեն ներկայացրել որևէ փաստաթուղթ, որը հիմնավորում է իրենց հայտարարություններն այն մասին, որ իրենք կրել են նյութական բնույթի վնաս, կամ որ այդ վնասը կազմել է 28 000 եվրո։ Դիմումատուների ենթադրյալ հոգեկան տառապանքը հիմնավորող փաստաթղթերի բացակայության պատճառով Կառավարությունը նաև չափազանցված և անհիմն է համարել որպես ոչ նյութական փոխհատուցում պահանջված գումարը։
145. Դատարանը նկատում է, որ դիմումատուները չեն ներկայացրել նյութական վնասի փոխհատուցման առնչությամբ իրենց բողոքը հիմնավորող որևէ փաստաթուղթ։ Հետևաբար բողոքը մերժվել է՝ այն համարելով անհիմն։ Մյուս կողմից, հաշվի առնելով 2-րդ հոդվածի նյութաիրավական և դատավարական հայեցակետերի խախտումները՝ Դատարանը դիմումատուներին միասին շնորհում է 39 000 եվրո՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման մասով՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։
Բ. Ծախսերը և ծախքերը
146. Դիմումատուները նաև պահանջել են 2 000 եվրո՝ Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար։ Նրանք բացատրել են, որ հաշվի առնելով իրենց ցածր եկամուտները՝ իրենց օրինական ներկայացուցիչներն ընդառաջել են իրավաբանական ծառայությունների համար Դատարանի այս վճռից հետո վճարելու իրենց խնդրանքին։
147. Կառավարությունը համարել է, որ պահանջը հիմնավորված չէր և ամբողջությամբ անհիմն էր, քանի որ դիմումատուները չեն ներկայացրել իրենց պահանջը հիմնավորող որևէ փաստաթուղթ։ Այս հանգամանքներում անհնար էր որոշել իրավական ծախսերի մասով համապատասխան գումարը, և պետք է պահանջն ամբողջությամբ մերժել։
148. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք միայն այնքանով, որքանով ապացուցվում է, որ դրանք իրականում կատարվել են և անհրաժեշտ են եղել: Ներկայացուցչի վճարներն իրականում համարվում են կատարված, եթե դիմումատուն վճարել է կամ պարտավորվել է վճարել դրանք։ Համապատասխանաբար անվճար ծառայություն մատուցած ներկայացուցիչների վճարները չեն համարվում կատարված։ Պայմանական վճարի պայմանագրով ներկայացուցչին վճարվելիք վճարներն իրականում կատարվում են միայն այն դեպքում, եթե այդ պայմանագիրը ենթակա է հարկադիր կատարման համապատասխան իրավական համակարգում (տե՛ս Մերաբիշվիլին ընդդեմ Վրաստանի [ՄՊ] [Merabishvili v. Georgia [GC]], թիվ 72508/13, § 371, 2017 թվականի նոյեմբերի 28)։
149. Սույն գործով դիմումատուները չեն ներկայացրել այնպիսի փաստաթուղթ, որն ապացուցում է, որ իրենք ունեն իրենց օրինական ներկայացուցիչների կողմից գանձվող վճարները կատարելու իրավական պարտավորություն, կամ որ իրենք կատարել են այդ վճարները։ Հետևաբար նման փաստաթղթերի բացակայության դեպքում Դատարանը չի գտնում հիմքեր՝ ընդունելու, որ դիմումատուների կողմից պահանջված ծախսերն ու ծախքերն իրապես կատարվել են նրանց կողմից: Դրանից հետևում է, որ պահանջը պետք է մերժվի։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքներն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի և՛ դատավարական, և՛ նյութաիրավական հայեցակետերի խախտում՝ Արմեն Ենգիբարյանի մահվան առնչությամբ.
3. Վճռում է, որ կարիք չկա ուսումնասիրելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ներկայացված բողոքի ընդունելության հարցը և այն ըստ էության քննելու.
4. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է ոչ նյութական վնասի դիմաց դիմումատուներին վճարի 39 000 եվրո (երեսունինը հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
5. Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի հունիսի 20-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Անդրեա Տամիետտի |
Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր՝ |
Քարտուղար |
Նախագահ |
