ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2025 թվականի N 57-Ն
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բյուջետային ծրագրերի գնահատման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
23.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի N 57-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի և միջոցառումների (այսուհետ` ծրագիր) գնահատման գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի համատեքստում ներքոհիշյալ հասկացությունները սահմանվում են որպես՝
1) գնահատում՝ ծրագրի վերաբերյալ տեղեկատվության համակարգված հավաքագրում, ուսումնասիրություն և վերլուծություն՝ ծրագրի արդյունքայնության և արդյունավետության վերաբերյալ դատողություններ և հետևություններ իրականացնելու նպատակով.
2) մինչ-ծրագրային գնահատում՝ նոր ծրագրի (ինչպես նաև գործող ծրագրում առաջարկվող հիմնարար փոփոխությունների) գնահատում.
3) միջանկյալ գնահատում` ընթացիկ (ընթացքում գտնվող) ծրագրի գնահատում.
4) հետ-ծրագրային գնահատում` ավարտված ծրագրի գնահատում.
5) արտահերթ գնահատում՝ գնահատման տարեկան ծրագրում չներառված ծրագրի գնահատման իրականացում.
6) գնահատման ստորաբաժանում՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով գնահատման գործառույթ իրականացնող ստորաբաժանում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում.
7) գնահատող` ծրագրի գնահատումն իրականացնող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գնահատման ստորաբաժանման աշխատակից և, ըստ անհրաժեշտության, հրավիրված մասնագետ կամ փորձագետ կամ գնահատման նպատակով ընտրված կազմակերպություն.
8) գնահատող խումբ` առանձին ծրագրի գնահատման նպատակով ձևավորված գնահատողների խումբ, որը ձևավորվում է գնահատման ստորաբաժանման աշխատակիցներից և ըստ անհրաժեշտության՝ հրավիրված մասնագետներից.
9) գնահատման խորհուրդ` Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ձևավորված խորհուրդ, որը կայացնում է ծրագրի գնահատումների հետ կապված որոշումները.
10) ծրագիրն իրականացնող մարմին՝ գնահատվող ծրագրի մասով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ (ԲԳԿ) համարվող պետական մարմինը կամ ստորադաս կարգադրիչ (ԲՍԿ) համարվող պետական մարմինը, եթե ծրագրի գծով ԲԳԿ-ն և ԲՍԿ-ն տարբերվում են.
11) շահառուներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունից դուրս ֆիզիկական և իրավաբանական անձինք (քաղաքացիներ, կազմակերպություններ) կամ դրանց որոշակի խմբեր, որոնց կարիքների անմիջական բավարարմանն են ուղղված ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների արդյունքները, մատուցվող ծառայությունները կամ այլ միջոցառումները.
12) ռիսկ՝ որոշակի իրադարձությունների կամ պայմանների առաջացման հավանականություն, որը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների ծրագրի նպատակների իրագործման տեսանկյունից.
13) տեխնիկական առաջադրանք՝ յուրաքանչյուր գնահատման առաջադրանքի նկարագրական փաստաթուղթ, որը սահմանում է գնահատման նպատակը և հետազոտական հարցերի շրջանակը, մեթոդները (ներառյալ գնահատման չափանիշները), իրականացման ժամկետները և այլն.
14) գնահատման չափանիշներ՝ ստանդարտներ, որոնք վերաբերում են գնահատման գործընթացում ուսումնասիրության ենթակա ծրագրի բովանդակային ուղղություններին, որոնցից են ծրագրի արդյունքայնությունը, արդյունավետությունը.
15) գնահատման տարեկան ծրագիր՝ տարվա ընթացքում գնահատման ենթակա ծրագրերի ցանկ և դրանց գնահատման ժամանակացույց, որը կազմվում է ռիսկերի գնահատման և Կառավարության գերակայությունների հիման վրա ծրագրերի ընտրության կարգի հիման վրա.
16) արդյունքայնություն՝ բնութագրում է, թե իրականացված գործողությունների արդյունքում որքանով են իրագործվել (կամ ակնկալվում, որ կիրագործվեն) նախապես սահմանված նպատակները (ներառյալ հետևանքները, արդյունքները և ազդեցությունները).
17) արդյունավետություն՝ բնութագրում է, թե որքան ռեսուրս (մարդկային, ժամանակային, ֆինանսական, տեխնիկական և այլն) է օգտագործվել միավոր արդյունք ստանալու համար։
3. Գնահատման իրականացման հիմնական նպատակներն են՝
1) նպաստել բյուջետային միջոցների արդյունավետ բաշխմանը և օգտագործմանը, ծրագրերի կառուցվածքի, կատարողական ցուցանիշների և նպատակների սահմանման բարելավմանը և դրանց հիման վրա ապագա ծրագրերի, պետական քաղաքականության և ռազմավարությունների իրականացման բարելավումը.
2) նպաստել ծախսային առաջնահերթությունների հստակ սահմանմանը և բարելավմանը, ինչը նշանակում է, որ այլ հավասար պայմաններում բյուջետային ռեսուրսները պետք է հատկացվեն այն ծրագրերին, որոնք առավել մեծ օգուտներ են ապահովում հանրության համար.
3) ապահովել ծրագրերի իրականացման գործընթացի շարունակական բարելավումը:
2. ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
4. Գնահատման գործառույթն իրականացվում է հետևյալ սկզբունքների հիման վրա՝
1) օբյեկտիվություն և անկողմնակալություն՝ գնահատման գործընթացն իրականացվում է բացառապես ստուգված և ճշգրտված փաստերի հիման վրա՝ կիրառելով հստակ և գիտականորեն ապացուցված մեթոդաբանություն, ինչպես նաև հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի տեսակետները.
2) անկախություն՝ գնահատման ստորաբաժանումը պետք է ունենա առավելագույն անկախություն գնահատվող ծրագրերն իրականացնող մարմիններից և ստորաբաժանումներից.
3) մասնակցություն՝ գնահատման գործընթացին պետք է ապահովվի հնարավորինս մեծ թվով տեղեկացված անձանց և շահագրգիռ կողմերի մասնակցությունը.
4) վստահելիություն, հստակություն, ամբողջականություն՝ գնահատումները պետք է ամփոփվեն համապարփակ հաշվետվությունների միջոցով, որոնք պետք է լինեն ամբողջական և պարզ, հիմնված լինեն փաստերի վրա և պարունակեն հասկանալի և իրագործելի առաջարկներ։
3. ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
5. Գնահատումն իրականացնում է գնահատման ստորաբաժանումը՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով հրավիրված մասնագետների և փորձագետների։ Գնահատման արտապատվիրման դեպքում գնահատումն իրականացնում է արտաքին կազմակերպությունը, իսկ գնահատման ստորաբաժանումն իրականացնում է գնահատման որակի ապահովումը՝ որպես պատվիրատու։ Գնահատման գործընթացի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է գնահատման խորհուրդը:
6. Գնահատման խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։
7. Գնահատման խորհրդի հիմնական գործառույթներն են՝
1) հաստատել գնահատման տարեկան ծրագրերը.
2) անհրաժեշտության դեպքում՝ նախաձեռնել արտահերթ գնահատումներ` անհրաժեշտության դեպքում տարեկան հաստատված գնահատման ծրագրերում կատարելով անհրաժեշտ փոփոխություններ.
3) հաստատել գնահատման հաշվետվությունները (բացի մինչ-ծրագրային գնահատման հաշվետվություններից, որոնք ընդունվում են ի գիտություն) և գնահատման արդյունքներով կայացնել համապատասխան որոշումներ.
4) բացահայտել և լուծումներ առաջադրել գնահատման հետ կապված միջգերատեսչական խնդիրներին.
5) օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
8. Գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության՝ համապատասխան գործառույթներ ունեցող ստորաբաժանման կողմից:
9. Պաշտոնական պարտականությունները կատարելու ընթացքում գնահատողն իրավունք ունի՝
1) իր իրավասությունների շրջանակներում ողջամիտ ժամկետներում գրավոր պահանջել և ստանալ ծրագիրն իրականացնող մարմնի կամ այլ անձանց (որպիսիք են ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, ովքեր կարող են ցանկացած տեսակի տեղեկատվության տիրապետել գնահատվող ծրագրի վերաբերյալ) տրամադրության տակ գտնվող և գնահատմանն առնչվող բոլոր տեղեկությունները և փաստաթղթերի հավաստագրված օրինակները և ունենալ տեղեկատվական համակարգերի, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նաև գնահատմանն առնչվող գաղտնի տեղեկությունների հասանելիություն, իսկ ծրագիրն իրականացնող մարմինները պարտավոր են ապահովել նշված տեղեկատվության ու փաստաթղթերի հասանելիությունը և գնահատողի գրավոր պահանջով` դրանում նշված ողջամիտ ժամկետներում տրամադրել անհրաժեշտ ճշգրիտ և ամբողջական տվյալներ, հաշվետվություններ, եզրակացություններ, նյութեր և այլ փաստաթղթեր.
2) ծրագիրն իրականացնող մարմնից կամ շահառու անձանցից պահանջել սահմանված ողջամիտ ժամկետներում տրամադրել Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի, ինչպես նաև վերահսկողություն (հսկողություն) կամ աուդիտ իրականացնող այլ մարմինների հաշվետվությունները, եզրակացությունները.
3) անհրաժեշտ տեղեկատվության բացակայության դեպքում շահառուներից կամ այլ անձանցից պահանջել և ստանալ բյուջետային ծրագրերի կատարմանն առնչվող տեղեկություններ ու փաստաթղթերի պատճեններ.
4) հանդիպումներ իրականացնել ծրագիրն իրականացնող մարմնի տեղեկացված ներկայացուցիչների հետ՝ գնահատմանն առնչվող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։
10. Պաշտոնական պարտականությունները կատարելու ընթացքում գնահատողը պարտավոր է՝
1) պահպանել իր պարտականություններն իրականացնելու ընթացքում բացահայտած փաստերի կամ հանգամանքների գաղտնիությունը.
2) ապահովել գնահատման գործընթացին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանությունը:
4. ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
11. Գնահատման առարկա են հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը՝ անկախ դրանց ֆինանսավորման մեծությունից և իրականացման տևողությունից: Գնահատման առարկա կարող են հանդիսանալ ինչպես ավարտված, այնպես էլ ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, ինչպես նաև նոր ծրագրերը՝ բացառությամբ այն ծրագրերի, որոնց մասով կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգը հաստատելու մասին» N 175-Ն որոշման դրույթները:
12. Գնահատման մեթոդաբանությունը, այդ թվում՝ գնահատման տարեկան ծրագրի, գնահատման տեխնիկական առաջադրանքի և գնահատման հաշվետվության օրինակելի ձևանմուշները մշակվում են գնահատման ստորաբաժանման կողմից և հաստատվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով։
13. Գնահատման գործընթացն ընդգրկում է հետևյալ 4 հիմնական փուլերը՝
1) գնահատման պլանավորում.
2) գնահատման իրականացում.
3) գնահատման հաշվետվության կազմում.
4) հետգնահատումային հսկողության իրականացում։
5. ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ
14. Յուրաքանչյուր տարի ծրագրերի գնահատումներն իրականացվում են՝ ըստ նախապես ընդունված գնահատման տարեկան ծրագրի: Գնահատման խորհուրդն ամեն տարի հաստատում է գնահատման ստորաբաժանման կողմից ներկայացված առաջիկա տարվա գնահատման տարեկան ծրագիրը՝ մինչև գնահատումներին նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը: Գնահատման տարեկան ծրագրով սահմանվում է գնահատումների անցկացման ժամանակացույցը՝ ըստ գնահատման ենթակա ծրագրերի, գնահատման չափանիշների, տեսակների (մինչ-ծրագրային, միջանկյալ, հետ-ծրագրային) և մեթոդների:
15. Գնահատման տարեկան ծրագրում տվյալ ժամանակահատվածում գնահատման ենթակա ծրագրերը ներառվում են ռիսկերի վրա հիմնված ընտրանքի միջոցով, որի մեթոդաբանությունը, այդ թվում՝ ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը (հաշվի առնելով ոլորտային առանձնահատկությունները), դրանց հաշվարկման և գնահատման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:
16. Գնահատման տարեկան ծրագրից դուրս կարող են անցկացվել նաև արտահերթ գնահատումներ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականի հիման վրա, գնահատման խորհրդի նախաձեռնությամբ կամ գնահատման խորհրդի հետ համաձայնեցված՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջարկով: Արտահերթ գնահատումներն իրականացվում են հերթական գնահատումներից չտարբերվող մեթոդաբանությամբ։
17. Յուրաքանչյուր գնահատում սկսելուց առաջ գնահատման ստորաբաժանումը պատրաստում է այդ գնահատման տեխնիկական առաջադրանքը, որում պարտադիր նշվում են գնահատման ենթակա ծրագրի անվանումը, գնահատմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, գնահատման նպատակները և շրջանակները, գնահատման համար հասանելի ռեսուրսները՝ ներառյալ բյուջեն, գնահատման չափանիշները, մեթոդները, ժամկետը, գնահատման իրավական հիմքերը։ Արտահերթ գնահատում իրականացնելու պարագայում ներկայացվում են նաև դրա անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները:
18. Գնահատման ընթացքում անհրաժեշտություն առաջանալու դեպքում գնահատման մեթոդները, գնահատող խմբի գրավոր հիմնավորման առկայության պարագայում, կարող են վերանայվել:
6. ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
19. Գնահատման ստորաբաժանման ղեկավարը յուրաքանչյուր ծրագրի գնահատման համար ձևավորում է առանձին գնահատող խումբ:
20. Տեխնիկապես բարդ (տարատեսակ և մեծածավալ տեղեկությունների բազմատեսակ գործիքակազմով հավաքագրում և վերլուծություն ենթադրող) և նեղ ոլորտային մասնագիտացում պահանջող գնահատումները կարող են արտապատվիրակվել համապատասխան մասնագիտացում և փորձառություն ունեցող կազմակերպությունների: Գնահատումների արտապատվիրակման դեպքում գնահատման գործընթացի պատվիրատուի լիազորություններն իրականացնում է գնահատման ստորաբաժանումը: Գնահատման արտապատվիրակման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով։
21. Յուրաքանչյուր ծրագիր կարող է ենթարկվել ինչպես մինչ-ծրագրային, այնպես էլ միջանկյալ և հետագայում նաև՝ հետ-ծրագրային գնահատման։
22. Մինչ-ծրագրային գնահատումների նպատակը ծրագրերի մշակման նախնական փուլում Կառավարությունում դրանց քննարկմանն օժանդակելն է։ Մինչ-ծրագրային գնահատումներն առավել արագ են իրականացվում և ծրագրի նախնական քննարկումների փուլում լրացուցիչ տեղեկությունների ստացման աղբյուր կարող են հանդիսանալ։ Յուրաքանչյուր առանձին ծրագրի մինչ-ծրագրային գնահատման վերաբերյալ որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը։ Մինչ-ծրագրային գնահատումներն իրականացնում է գնահատման ստորաբաժանումը, գնահատման հաշվետվությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մինչ-ծրագրային գնահատման հաշվետվությունները ներկայացնում է նաև գնահատման խորհուրդ՝ ի գիտություն։
23. Միջանկյալ գնահատումը կատարվում է ընթացիկ (ներառյալ ցիկլիկ կրկնվող) և համեմատաբար երկարատև (ամբողջական) ծրագրերի համար։ Այս գնահատումները նպատակ ունեն գնահատելու նման ծրագրերի արձանագրված արդյունքներն ու արդյունավետությունը, ինչպես նաև նախատեսվող ազդեցությանը հասնելու նախադրյալներն ու հավանականությունը, դասեր քաղելու և դիտարկելու բարելավման հնարավորությունները։
24. Հետ-ծրագրային գնահատումները նպատակ ունեն գնահատելու ծրագրերի վերջնարդյունքները և ազդեցությունը, ինչպես նաև դասեր քաղելու հետագա ծրագրերի նախագծման բարելավման առումով։
25. Գնահատումը կարող է իրականացվել ինչպես գրասենյակային, այնպես էլ արտագրասենյակային (դաշտային) աշխատանքների միջոցով:
26. Գնահատումների առանձին տեսակներին ներկայացվող հատուկ պահանջները և դրանց կիրառության առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը։
7. ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
27. Գնահատումն ավարտելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գնահատող խումբն ամփոփում է գնահատման արդյունքները` կազմելով գնահատման հաշվետվության նախնական տարբերակը: Գնահատման հաշվետվությունում առանձին գլխով ներկայացվում են գնահատող խմբի եզրահանգումները և առաջարկությունները:
28. Գնահատման հաշվետվության նախնական տարբերակն այն կազմելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է ծրագիրն իրականացնող մարմին` վերջինիս մեկնաբանություններն ու արձագանքը ստանալու նպատակով:
29. Ծրագիրն իրականացնող մարմինը հաշվետվության նախագիծը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գնահատման խմբին պաշտոնապես ներկայացնում է հաշվետվության նախագծի վերաբերյալ իր գրավոր արձագանքը: Այդ արձագանքը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում գնահատող խումբը վերանայում և անհրաժեշտության դեպքում լրամշակում է հաշվետվությունը և ծրագիրն իրականացնող մարմնի սկզբնական գրավոր արձագանքի հետ այն ներկայացնում է գնահատման խորհուրդ։
30. Գնահատման խորհուրդը 15 աշխատանքային օրվա ընթացքում կարող է կա՛մ ընդունել և հաստատել գնահատման հաշվետվությունը, կա՛մ ուղարկել այն լրամշակման՝ նշելով թերություններն ու խնդիրները՝ հատկապես անդրադառնալով հաշվետվությամբ ներկայացված եզրահանգումներին և դրանցից բխող գործողությունների առաջարկություններին։
8. ՀԵՏԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
31. Գնահատման խորհուրդը գնահատման հաշվետվության վերաբերյալ որոշում կայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ծրագիրն իրականացնող մարմնին տալիս է հանձնարարականներ` սահմանելով ժամկետներ դրանց կատարման համար:
32. Ծրագիրն իրականացնող մարմինը եռամսյակային պարբերականությամբ գնահատման ստորաբաժանմանը տեղեկատվություն է տրամադրում տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ: Գնահատման ստորաբաժանումը հսկողություն է իրականացնում տրված հանձնարարականների իրականացման նկատմամբ և այդ մասին առնվազն եռամսյակային կտրվածքով գրավոր տեղեկացնում է գնահատման խորհրդին: Հետգնահատման հսկողության կարգը մշակում է գնահատման ստորաբաժանումը և հաստատում է գնահատման խորհուրդը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
23.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2025 թվական: