ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԱՔԴ/0153/01/16 | ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյան | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ | |
Լ. Թադևոսյան | ||
|
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆ Ս. Օհանյան |
2023 թվականի օգոստոսի 9-ին |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 13-ի որոշման դեմ դատապարտյալ Ահարոն Ռաֆիկի Անտոնյանի պաշտպան Ա.Հակոբյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունվարի 22-ի դատավճռով Ահարոն Անտոնյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 38-34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։
Պաշտպան Ա.Հակոբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ պաշտպանի բողոքը մասնակիորեն բավարարվել է, դատավճիռը բեկանվել ու փոփոխվել է, և ամբաստանյալ Ա.Անտոնյանի նկատմամբ նշանակված պատիժը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան` 3 (երեք) տարի ժամկետով: Ամբաստանյալ Ա.Անտոնյանի վարքագծի նկատմամբ հսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Գեղարքունիքի մարզային մարմնի վրա:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք չի ներկայացվել, և այն մտել է օրինական ուժի մեջ:
2. Դատապարտյալ Ա.Անտոնյանը 2021 թվականի փետրվարի 23-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) միջնորդություն է ներկայացրել՝ մինչև երեք ամիս ժամանակով Հայաստանի Հանրապետության սահմանը հատելը թույլատրելու մասին, որին դատավոր Ա.Դանիելյանը 2021 թվականի մարտի 11-ին պատասխանել է գրությամբ:
3. Հիշյալ գրության դեմ պաշտպան Ա.Հակոբյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի ապրիլի 13-ի որոշմամբ թողել է առանց քննության:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դատապարտյալ Ա.Անտոնյանի պաշտպան Ա.Հակոբյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 օգոստոսի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1:
Վճռաբեկ դատարանը 2023 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակը նշել է, որ սույն գործով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառումը հանգեցրել է դատական սխալի, որն ազդել է գործի ելքի վրա, խաթարել է արդարադատության բուն էությունը և խախտել է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
Բողոքաբերի կարծիքով՝ Առաջին ատյանի դատարանը բոլոր դեպքերում պետք է քննության առներ միջնորդությունը, որի արդյունքում պետք է կայացներ այն բավարարելու կամ մերժելու մասին որոշում: Ըստ բողոքաբերի՝ Առաջին ատյանի դատարանը, գրությամբ պատասխանելով միջնորդությանը, դրսևորել է անգործություն, որի արդյունքում անհամաչափորեն սահմանափակվել է դատապարտյալ Ա.Անտոնյանի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դատարանի մատչելիության իրավունքը:
6. Բողոք բերած անձը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով վերաքննիչ բողոքն ու իրավական գնահատական չտալով 2021 թվականի մարտի 11-ի գրությանը և Առաջին ատյանի դատարանի կողմից դրսևորած անգործությանը, Ա.Անտոնյանին զրկել է իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների սահմանադրական իրավունքից։
7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բավարարել վճռաբեկ բողոքը` ամբողջությամբ բեկանելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 13-ի` վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը, և Ա.Անտոնյանին թույլատրել ժամանակավորապես՝ մինչև երեք ամիս ժամկետով, հատել Հայաստանի Հանրապետության սահմանը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Դատապարտյալ Ա.Անտոնյանը 2021 թվականի փետրվարի 23-ին Առաջին ատյանի դատարան ներկայացրած միջնորդության եզրափակիչ հատվածում նշել է հետևյալը. «(…) [Մ]իջնորդում եմ՝ ինձ՝ Ահարոն Ռաֆիկի Անտոնյանիս, թույլատրել, ժամանակավորապես, մինչև երեք ամիս ժամանակով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը, Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնելու համար»2:
9. Առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Դանիելյանը 2021 թվականի մարտի 11-ի թիվ Ե-2057/21 գրությամբ նշել է. «Ի պատասխան Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 2021 թվականի փետրվարի 23-ին ստացված Ձեր միջնորդության՝ հայտնում եմ Ձեզ, որ դատական ակտերը կատարելու փուլում դատարանն օժտված չէ ազատազրկման դատապարտված անձին, ում նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, Հայաստանի Հանրապետությունից մեկնելու թույլտվություն տալու լիազորությամբ»3:
10. Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 13-ի որոշման համաձայն` «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի (…) դրույթների ուսումնասիրությունից հետևում է, որ դրանցով Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի մարտի 11-ի գրության (որոշման) բողոքարկում նախատեսված չէ: Միևնույն ժամանակ, նշված հոդվածի 8-րդ կետի լույսի ներքո հարկ է նաև արձանագրել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որևէ այլ դրույթով նույնպես նախատեսված չէ այդ գրության (որոշման) ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոքարկելու հնարավորություն:
Կիրառելով մեկնաբանման expression unius կանոնը, որի համաձայն` սպառիչ ցանկում որևէ տարր չներառելը պետք է մեկնաբանել դրա բացառման իմաստով՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի մարտի 11-ի գրությունը (որոշումը) վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, այսինքն` այդ որոշումը վերաքննիչ բողոքարկման ենթակա չէ:
(...)
[Վ]երաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի մարտի 11-ի գրության (որոշման) դեմ դատապարտյալ Ահարոն Անտոնյանի պաշտպան Անժելիկա Հակոբյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության, քանի որ այն բերվել է գրության (որոշման) դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման»4:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով սահմանված փորձաշրջանի մեջ գտնվող դատապարտյալ Ա.Անտոնյանի միջնորդության վերաբերյալ գրության (որոշման)՝ վերաքննության կարգով բողոքարկելու դատավարական կարգ չլինելու պատճառաբանությամբ, դատապարտյալ Ա.Անտոնյանի պաշտպան Ա.Հակոբյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 13-ի որոշումը:
12. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:
ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են»:
12․1. Դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանը ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումները՝
- անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ որպես բարձրագույն արժեք, դատարանների կողմից ենթակա են անվերապահ պաշտպանության՝ կոնկրետ գործի ինչպես ըստ էության քննության, այնպես էլ հնարավոր հետագա վերաքննության շրջանակներում,
- դատական բողոքարկումը` որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի` վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները՝ պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները,
- դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար և հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու և շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետևաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը,
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- նախապայմանների խստացումը չպետք է տեղի ունենա անհամաչափ` անձանց համար ստեղծելով իրավունքների պաշտպանության խոչընդոտներ: Բացի դրանից, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ` օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն5:
13. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
13.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) անձի արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքի կապակցությամբ նշել է, որ դատարան դիմելու իրավունքը բացարձակ չէ, և կարող է որոշակի սահմանափակումների ենթարկվել. դրանք թույլատրված են այն կանխադրույթի հիման վրա, որ դատարան դիմելու իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից սահմանված կարգավորման առկայություն: Այս առումով պետություններն ունեն հայեցողության որոշակի սահման, թեև Կոնվենցիայի պահանջների պահպանման կապակցությամբ վերջնական որոշումը կայացնում է Եվրոպական դատարանը: Անհրաժեշտ է հիմնավորել, որ կիրառված սահմանափակումները դատարան դիմելու՝ անձի իրավունքն այն աստիճան չեն սահմանափակում կամ նվազեցնում, որ դրա արդյունքում խաթարվի իրավունքի բուն էությունը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին, եթե այն օրինական նպատակ չհետապնդի, և առկա չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն գործադրված միջոցի և հետապնդված նպատակի միջև6:
13.2. Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրել է`
- դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները,
- անձի` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության կարևորագույն իրավունքների սահմանափակման համար ընտրված միջոցը պետք է իրավաչափ նպատակ հետապնդի և չպետք է անհամարժեք լինի նշված իրավունքի բուն էությանն ու նշանակությանը: Այլ կերպ` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման յուրաքանչյուր դեպքում պետք է պահպանել կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև արդարացի հավասարակշռություն` բացառելով անհամաչափ խիստ միջոցներով հետապնդվող նպատակին հասնելու հնարավորությունը7:
14․ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ «Դատական որոշումը ի կատար ածելու փուլում դատապարտյալի իրավունքների ապահովումը» վերտառությամբ 429-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը դատարանի կողմից քննելիս, դատապարտյալն իրավունք ունի մասնակցել դատական նիստին և տալ ցուցմունքներ, ներկայացնել ապացույցներ, հարուցել միջնորդություններ և հայտնել բացարկներ, ծանոթանալ գործի բոլոր նյութերին, բողոքարկել դատարանի գործողությունները և որոշումները»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի համաձայն՝
«Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝
(…)
8) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ այլ դատական ակտեր»:
15. Վերլուծելով մեջբերված իրավանորմերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի ապահովումն դատական ակտի կատարման ընթացքում ծագող հարցերի լուծման փուլում դատապարտյալի իրավունքների պաշտպանության՝ քրեադատավարական օրենքը, ի թիվս այլնի, նախատեսում է, որ դատապարտյալն իրավունք ունի բողոքարկել դատարանի որոշումները։ Վերոշարադրյալ նորմերի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը, ի ապահովումն նաև այս փուլում անձի դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրացման, նախատեսել է դատավճռի կատարման առնչությամբ ծագող հարցերի լուծման արդյունքում կայացած՝ անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական ակտի վերաքննիչ բողոքարկման հնարավորություն։
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- դատապարտյալ Ա.Անտոնյանը փորձաշրջանի ընթացքում միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ խնդրելով թույլատրել մինչև երեք ամիս ժամանակով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը8,
- Առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Դանիելյանը միջնորդությանը պատասխանել է գրությամբ՝ նշելով որ դատական ակտերը կատարելու փուլում դատարանն օժտված չէ դատապարտյալին Հայաստանի Հանրապետությունից մեկնելու թույլտվություն տալու լիազորությամբ9,
- Ա.Անտոնյանի պաշտպան Ա.Հակոբյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության՝ գրության (որոշման)՝ վերաքննության կարգով բողոքարկելու դատավարական կարգ նախատեսված չլինելու պատճառաբանությամբ10:
17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն առանց քննության է թողել պաշտպան Ա.Հակոբյանի բողոքն այն դեպքում, երբ քրեադատավարական օրենքը նախատեսում է դատավճիռն ի կատար ածելու փուլում առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտերի վերաքննիչ բողոքարկման հնարավորություն։ Արդյունքում անհամաչափորեն սահմանափակվել են Ա.Անտոնյանի՝ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքները, և վերջինս զրկվել է իր միջնորդությանը գրությամբ պատասխանելու և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու թույլտվություն տալու լիազորություն չունենալու մասին Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումը վիճարկելու և այն վերադաս դատարանի կողմից ստուգման ենթարկելու հնարավորությունից։
18. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով սահմանված փորձաշրջանի մեջ գտնվող դատապարտյալ Ա.Անտոնյանի միջնորդության վերաբերյալ գրության (որոշման)՝ վերաքննության կարգով բողոքարկելու դատավարական կարգ չլինելու պատճառաբանությամբ դատապարտյալ Ա.Անտոնյանի պաշտպան Ա.Հակոբյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ:
19. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ և 429-րդ հոդվածների խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի ապրիլի 13-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 13-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_______________________________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթ 2:
3 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթ 43:
4 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթ 57:
5 Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690, 2011 թվականի փետրվարի 8-ի թիվ ՍԴՈ-936, 2015 թվականի մարտի 3-ի թիվ ՍԴՈ-1192 և 2016 թվականի մարտի 10-ի թիվ ՍԴՈ-1257 որոշումները։
6 Տե՛ս mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Philis v. Greece գործով 1991 թվականի օգոստոսի 27-ի վճիռը, գանգատներ թիվ 12750/87, 13780/88, 14003/88, կետ 59, De Geouffre de la Pradelle v. France գործով 1992 թվականի դեկտեմբերի 16-ի վճիռը, գանգատ թիվ 12964/87, կետ 28, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, կետ 229, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, կետ 50:
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Գրիգորյանի գործով 2018 թվականի հունվարի 12-ի թիվ ԵԿԴ/0026/01/17 որոշման 16-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
10 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. Թադևոսյան Ա. ՊՈՂՈՍՅԱՆ Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: