ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2023 թվականի N 1067-Ն
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147.1-ին հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում մատուցված՝ առողջապահության և կրթության ծառայությունների համար 2023 թվականի հունվարի 1-ից հետո դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված՝ առողջապահության և կրթության ծառայությունների գծով կատարված ծախսերի մասով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1067-Ն որոշման |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐ
1. Սույն հավելվածով կարգավորվում են սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունների, ընտանիքի անդամների շրջանակի և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերի հետ կապված հարաբերությունները:
2. Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգրքի) 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ժամանակացույցի համաձայն՝ տվյալ հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձի` սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե ֆիզիկական անձը հաշվետու հարկային տարվա համար դրան հաջորդող հարկային տարվա ընթացքում օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը):
3. Ֆիզիկական անձի կողմից կատարված սոցիալական ծախսերի հիմնավորման նպատակով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարի (այսուհետ՝ ՀԾՀ) առկայությունը պարտադիր է:
4. Սոցիալական ծախսերի փոխհատուցման նպատակով հաշվարկային փաստաթղթում, բացի ծառայություն ստացող ֆիզիկական անձի կամ իր ընտանիքի անդամի տվյալներից, այդ թվում՝ ՀԾՀ-ից, պետք է ներառվեն նաև սոցիալական ծախսը կատարած ֆիզիկական անձի անձնական տվյալները, այդ թվում՝ ՀԾՀ-ն։
5. Սոցիալական ծախսերի փոխհատուցման նպատակով ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները): Ընտանիքի անդամ հանդիսանալը հիմնավորվում է հետևյալ փաստաթղթերով.
1) ամուսնու դեպքում՝ ամուսնության վկայական.
2) ծնողի դեպքում՝ ծնողի՝ անձը հաստատող փաստաթուղթ և հայտարարատուի ծննդյան վկայական.
3) զավակի դեպքում՝ ծննդյան վկայական.
4) որդեգրողի, որդեգրվածի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթ:
6. Առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերը: Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված՝ տվյալ հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձ հանդիսացող՝ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի շահառուները առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել միայն ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթի ձեռք բերման ծախսերի մասով:
7. Կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նախադպրոցական, տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները:
8. Առանձին ուղղություններով սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափեր են համարվում`
1) առողջապահության գծով սոցիալական ծախսի համար՝ տարեկան առավելագույնը 50.000 դրամը.
2) կրթության գծով սոցիալական ծախսի համար՝ տարեկան առավելագույնը 100.000 դրամը:
9. Ֆիզիկական անձի՝ իր և իր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100.000 դրամ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
29.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունիսի 2023 թվական: