Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-20-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.01.25/5(1280) Հոդ.56
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի (այսուհետ՝ պատգամավոր) գործունեության իրականացման իրավական, սոցիալական և այլ երաշխիքները, ինչպես նաև պատգամավորի գործունեության երաշխիքներին առնչվող այլ հարաբերություններ:

2. Պատգամավորի գործունեության երաշխիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով, սույն օրենքով և այլ օրենքներով:

 

Հոդված 2. Պատգամավորական մանդատի անհամատեղելիությունը

 

1. Սահմանադրության 95-րդ հոդվածին համապատասխան՝ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

2. Պատգամավորական մանդատն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է`

1) դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից,

2) ազատվել առևտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոնից,

3) դուրս գալ առևտրային կազմակերպություններից կամ դրանց կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման,

4) հրաժարվել առևտրային կազմակերպությունում ուրիշի գույքի հավատարմագրային կառավարումից,

5) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոններից, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների,

6) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:

3. Եթե առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում պատգամավորի մասնաբաժնի հավատարմագրային կառավարման պայմանագիրը չի դադարել այդ կազմակերպության լուծարման կամ սնանկ ճանաչվելու հիմքով, ապա պատգամավորը պարտավոր է հավատարմագրային կառավարման պայմանագիրը դադարելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, դուրս գալ առևտրային կազմակերպությունից կամ դրա կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման: Հավատարմագրային կառավարման հանձնումն իրականացվում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կանոններին համապատասխան:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման մասին գործի քննության ընդունման օրվանից մինչև այդ գործով Սահմանադրական դատարանի վերջնական որոշման ընդունման օրը:

5. Պատգամավորի կարգավիճակով պայմանավորված պաշտոններ են Ազգային ժողովի նախագահի և նրա տեղակալների, հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների, խմբակցությունների ղեկավարների և քարտուղարների պաշտոնները, ինչպես նաև Ազգային ժողովի կամ նրա մարմինների լիազորությունների կամ գործառույթների իրականացմանն առնչվող այլ պաշտոններ:

6. Սույն օրենքի իմաստով՝ ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաև գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանք է համարվում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով սահմանված համապատասխան գործունեությունը կամ աշխատանքը:

7. Պատգամավորին գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել ողջամիտ չափը, այսինքն` այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, բայց պատգամավոր չհամարվող անձը կարող է հավակնել:

8. Պատգամավորական լիազորությունների իրականացման հետ կապված պատգամավորի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող գիտական, կրթական, ստեղծագործական աշխատանքի կամ օրենքով չարգելված այլ աշխատանքային գործունեության նկատմամբ:

9. Ազգային ժողովի բնականոն աշխատանքն ապահովելու համար պատգամավորն Ազգային ժողովի նախագահին և իր անդամակցած հանձնաժողովի նախագահին տեղյակ է պահում համատեղությամբ կատարվող գիտական, կրթական, ստեղծագործական աշխատանքի մասին:

(2-րդ հոդվածը լրաց., փոփ. 07.12.22 ՀՕ-551-Ն)

 

Հոդված 3. Պատգամավորական էթիկայի կանոնները

 

1. Սույն հոդվածի պահանջները վերաբերում են ինչպես պատգամավորի լիազորությունների իրականացմանը, այնպես էլ նրա ամենօրյա վարքագծին:

2. Պատգամավորական էթիկայի կանոններն են`

1) հարգել օրենքը և ենթարկվել օրենքին.

2) հարգել հանրության բարոյական նորմերը.

3) պահպանել Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների նիստերի և խորհրդարանական լսումների անցկացման կարգը.

4) իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով.

5) չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի.

6) իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը.

7) ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել պատգամավորին վայել վարքագիծ.

8) հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

 

Հոդված 4. Պատգամավորի շահերի բախումը

 

1. Պատգամավորի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագիծ ներկայացնելը, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկ ներկայացնելը, ինչպես նաև Ազգային ժողովի կամ նրա հանձնաժողովի նիստում ելույթ ունենալը, հարցեր տալը կամ քվեարկությանը մասնակցելը, որը թեև ինքնին օրինական է, սակայն պատգամավորը տեղյակ է կամ պարտավոր էր տեղյակ լինել, որ այն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև`

1) իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

2) իր կամ իր հետ փոխկապակցված անձի անդամակցած ոչ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

3) իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

4) իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը.

5) պաշտոնում իր ընտրությանը կամ նշանակմանը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների, ինչպես նաև որպես Ազգային ժողովի կողմից ընտրվող պաշտոնում թեկնածու՝ իր ելույթի:

2. Սույն օրենքի իմաստով պատգամավորի հետ փոխկապակցված անձինք են համարվում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ պաշտոն զբաղեցնող անձի հետ փոխկապակցված անձինք:

3. Շահերի բախում առաջանալու դեպքում պատգամավորը պարտավոր է Ազգային ժողովի կամ իր անդամակցած հանձնաժողովի նիստում ելույթից կամ քվեարկությունից առաջ հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, իսկ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալիս, Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելիս, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկ ներկայացնելիս համապատասխան փաստաթղթերի հետ ներկայացնել շահերի բախման վերաբերյալ իր գրավոր հայտարարությունը` նկարագրելով շահերի բնույթը:

4. Եթե պատգամավորն Ազգային ժողովի կամ իր անդամակցած հանձնաժողովի նիստում հանդես է գալիս շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, ապա հարցի քվեարկությունից նրա բացակայությունը համարվում է հարգելի:

5. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթները մեկնաբանելիս համարվում է, որ պատգամավորը չի առաջնորդվում իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով, եթե նա հանդես է գալիս Ազգային ժողովի հանձնաժողովի կամ խմբակցության անունից, կամ տվյալ գործողությունը`

1) վերաբերում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնարկների կամ դրանց պաշտոնատար անձանց գործունեությանը.

2) ունի համընդհանուր կիրառելիություն և անդրադառնում է հասարակության լայն շերտերի վրա այնպես, որ ողջամտորեն չի կարող մեկնաբանվել որպես պատգամավորի կամ նրա հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել.

3) վերաբերում է պատգամավորի վարձատրության չափին, գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցմանը, արտոնություններին կամ գործունեության այլ երաշխիքներին:

(4-րդ հոդվածը փոփ. 07.12.22 ՀՕ-551-Ն)

 

Հոդված 4.1. Պատգամավորի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները

 

1․ Պատգամավորի նկատմամբ կիրառվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ նվերներ ընդունելու սահմանափակումները:

(4.1-ին հոդվածը լրաց. 07.12.22 ՀՕ-551-Ն)

 

Հոդված 5. Պատգամավորի աշխատանքային գործունեությունը

 

1. Պատգամավորի աշխատավայրն Ազգային ժողովի նստավայրն է:

2. Պատգամավորի հիմնական աշխատանքային ժամանակը ներառում է Ազգային ժողովի, նրա խմբակցությունների, հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերի և խորհրդարանական լսումների անցկացման, ինչպես նաև պատգամավորի այլ լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ժամանակահատվածը: Պատգամավորի հիմնական աշխատանքային ժամանակը նորմավորված չէ:

3. Պատգամավորի վարձատրության չափը սահմանվում է օրենքով:

4. Ազգային ժողովի նիստերից, ինչպես նաև հանձնաժողովի նիստերից կամ նրա հրավիրած խորհրդարանական լսումներից անհարգելի բացակայած օրերի համար պատգամավորին աշխատավարձ չի վճարվում: Պատգամավորների բացակայությունները հաշվառում է Ազգային ժողովի աշխատակազմը:

5. Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ ծառայողական գործուղման մեկնող պատգամավորին գործուղման ծախսերի հատուցումը տրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Պատգամավորի լիազորությունների ժամանակաշրջանը հաշվարկվում է որպես հանրային ծառայության ստաժ: Պատգամավորի աշխատանքային ստաժը չի ընդմիջվում, եթե նա իր լիազորությունների ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում, անցնում է այլ աշխատանքի:

7. Պատգամավորին իր լիազորությունների ժամկետով տրվում են պատգամավորական վկայական և դիվանագիտական անձնագիր և «Ազգային ժողովի պատգամավոր» կրծքանշան:

 

Հոդված 6. Պատգամավորի հարցումները և ընդունելության իրավունքը

 

1. Պատգամավորն իրավունք ունի հարցումներով և առաջարկներով դիմելու պետական կառավարման համակարգի մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց:

2. Իրավասու պաշտոնատար անձինք պարտավոր են՝

1) տասնօրյա ժամկետում քննարկել պատգամավորի գրավոր հարցումը կամ առաջարկը և գրավոր պատասխանել նրան: Բացառիկ դեպքերում, եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու կամ առաջարկը քննարկելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը պատգամավորին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ երեսնօրյա ժամկետում, հարցումը կամ առաջարկն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում՝ պատգամավորին գրավոր տեղյակ պահելով հետաձգման պատճառների մասին.

2) պատգամավորի բարձրացրած հարցի քննարկումը կազմակերպելու դեպքում հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացնել նրան:

3. Պատգամավորը հնարավորինս սեղմ ժամկետում ընդունելության իրավունք ունի Կառավարության անդամների, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների, համայնքների ղեկավարների կամ իր գրավոր հարցմանը, առաջարկին պատասխանելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց մոտ:

4. Պատգամավորն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ներկա լինել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին։

(6-րդ հոդվածը խմբ. 16.09.19 ՀՕ-157-Ն)

 

Հոդված 7. Քաղաքացիների հետ պատգամավորի ընդունելության կազմակերպումը

 

1. Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են պատգամավորի պահանջով ամսական առնվազն մեկ օր կահավորված սենյակ կամ դահլիճ հատկացնել նրան` քաղաքացիների ընդունելության կազմակերպման համար:

 

Հոդված 8. Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու իրավունքը

 

1. Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում ունի տարկետում ստանալու իրավունք և ազատվում է զորահավաքներից ու վարժական հավաքներից:

 

Հոդված 9. Պատգամավորի բնակարանային պայմանների ապահովումը

 

1. Երևան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է Երևան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում:

 

Հոդված 10. Պատգամավորի արձակուրդը

 

1. Պատգամավորն ունի ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային oր տևողությամբ: Հիմնական արձակուրդային վճարից բացի, պատգամավորին վճարվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` իր միջին ամսական աշխատավարձի չափով:

2. Պատգամավորն ունի աշխատանքային օրենսդրությամբ սահմանված չվճարվող արձակուրդի իրավունք:

3. Պատգամավորների ամենամյա հերթական արձակուրդը տրամադրվում է ամռանը՝ հերթական նստաշրջանի ավարտից հետո:

 

Հոդված 11. Պատգամավորի գործունեության ապահովումը

 

1. Ազգային ժողովի նստավայրում պատգամավորին հատկացվում է կահավորված, տեխնիկական և կապի (այդ թվում՝ համակարգիչ, ինտերնետային կապ) միջոցներով հագեցված աշխատասենյակ, իսկ Ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ խոսափողով և անվանական էլեկտրոնային քվեարկության սարքավորումով հագեցված աշխատատեղ:

2. Պատգամավորի գործունեության մասնագիտական սպասարկումն ապահովում են նրա օգնականները և Ազգային ժողովի աշխատակազմը:

3. Օգնականը պատգամավորի հանձնարարությամբ՝

1) նախապատրաստում է պատգամավորի կողմից Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերը.

2) նախապատրաստում է պատգամավորի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ վերլուծական, տեղեկատվական և այլ նյութեր.

3) կազմակերպում է պատգամավորի մոտ քաղաքացիների ընդունելությունը.

4) կարող է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով ներկա լինել Ազգային ժողովի հանձնաժողովների հրապարակային նիստերին և խորհրդարանական լսումներին.

5) վարում է պատգամավորին ուղղված փաստաթղթերի գործավարությունը:

4. Պատգամավորի՝ վճարովի հիմունքներով աշխատող օգնականը աշխատանքի է ընդունվում իր դիմումի համաձայն և պատգամավորի ներկայացմամբ՝ ժամկետային աշխատանքային պայմանագրով:

5. Պատգամավորի՝ վճարովի հիմունքներով աշխատող օգնականը կարող է ազատվել աշխատանքից աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հիմքերով և կարգով, ինչպես նաև ազատվում է աշխատանքից պատգամավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքում:

6. Իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս պատգամավորի օգնականները օգտվում են պատգամավորի աշխատասենյակից, տեխնիկական և կապի միջոցներից:

 

Հոդված 12. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. հունվարի 14
Երևան

ՀՕ-20-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.12.2022, ՀՕ-551-Ն 02.01.2023, ՀՕ-20-Ն
16.09.2019, ՀՕ-157-Ն 14.10.2019, ՀՕ-20-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան