ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 16-ին
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության օբյեկտները, ելնելով դրանց ծավալից, նշանակությունից, կարևորությունից ու բարդությունից, ինչպես նաև մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունից, ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգվում են հինգ աստիճանի (կատեգորիայի):»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «իրավաբանական անձինք,» բառերից հետո լրացնել «անհատ ձեռնարկատերերը,» բառերով.
2) «(կառուցապատողներ, քաղաքաշինական փաստաթղթեր մշակողներ, շինարարություն իրականացնողներ, քաղաքաշինական գործունեության վերահսկողություն իրականացնողներ և այլն)» բառերը փոխարինել «(կառուցապատողներ, քաղաքաշինական փաստաթղթեր կազմողներ, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականացնողներ, շինարարություն իրականացնողներ, շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնողներ, քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայություններ մատուցողներ, քաղաքաշինական գործունեության վերահսկողություն իրականացնողներ և պատասխանատու մասնագետներ)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «ա» կետի «մշակողներին» բառը փոխարինել «կազմողներին» բառով.
2) 4-րդ մասի՝
ա. «զ» կետի «մշակողը» բառը փոխարինել «կազմողը» բառով, իսկ «մշակողի» բառը՝ «կազմողի» բառով,
բ. «ը» կետի «այլ բան նախատեսված չէ» բառերը փոխարինել «ամրագրված է նման պահանջ» բառերով,
գ. «թ» կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«թ) օրենքով սահմանված կարգով ապահովել շինարարության որակի տեխնիկական հսկողություն սույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված աշխատանքների նկատմամբ:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին հոդվածով.
«Հոդված 7.1. | Քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան՝ քաղաքաշինության գործունեության սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները |
1. Քաղաքաշինական փաստաթղթեր կազմող քաղաքաշինության գործունեության սուբյեկտը՝
1) իրավունք ունի՝
ա. պետական, տեղական ինքնակառավարման և այլ մարմիններից ձեռք բերելու նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալներ, օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում և այլն) նախագծման տեխնիկական պայմանների և կառուցապատողի կողմից տեխնիկական բնութագրում նշված լրացուցիչ պայմանների (առկայության դեպքում) կատարման համար անհրաժեշտ ելակետային նյութեր,
բ. նախագծային փաստաթղթերի կազմում ընդգրկելու լրացուցիչ նյութեր,
գ. մասնակցելու օրենքով նախատեսված նախագծի համաձայնեցման փուլերին.
2) պարտավոր է՝
ա. կատարել օրենսդրության և քաղաքաշինական փաստաթղթերի նախագծման թույլտվության պահանջները,
բ. «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով ապահովել քաղաքաշինական փաստաթղթեր մշակող պատասխանատու մասնագետների հեղինակային իրավունքները աշխատանքային պայմանագրով նման պահանջի առկայության դեպքում:
2. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտը՝
1) իրավունք ունի՝
ա. քաղաքաշինական փաստաթղթերի և մեթոդաբանության վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տրամադրելու,
բ. քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն նախապատրաստելու համար կառուցապատողից, ինչպես նաև նախագիծը կազմող աշխատանքների պատասխանատու կապալառուից պահանջելու ներկայացված ճարտարապետաշինարարական լուծումները հիմնավորող՝ օրենքով սահմանված փաստաթղթեր,
գ. նյութերը լրակազմված չլինելու դեպքում դրանք վերադարձնելու պատվիրատուին՝ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու առաջարկով.
2) պարտավոր է՝
ա. փորձաքննության ընթացքում ապահովել փորձագետների մասնակցությունը քաղաքաշինական գործունեության օբյեկտի ուսումնասիրությանը, վերլուծությանը և գնահատմանը,
բ. հավաստել քաղաքաշինական փաստաթղթերով նախատեսված նախագծային լուծումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին,
գ. հրաժարվել իր կազմած նախագծերի փորձաքննությունն իրականացնելուց.
3) կարող է ունենալ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ և պարտականություններ:
3. Շինարարություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտը՝
1) իրավունք ունի`
ա. հրաժարվելու կառուցապատողի տրամադրած շինանյութերը, շինվածքները, կոնստրուկցիաները և ինժեներական սարքավորումներն օգտագործելուց, եթե դրանք չեն համապատասխանում գործող ստանդարտներին կամ նորմատիվ պահանջներին,
բ. ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերում նորմատիվ բնույթի խախտումներ հայտնաբերելիս դադարեցնելու շինարարական աշխատանքները և պահանջելու նախագծային փաստաթղթերի այլընտրանքային փորձաքննություն.
2) պարտավոր է `
ա. շինարարության ընթացքում ապահովել հաստատված նախագծի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները,
բ. սեփական միջոցներով վերացնել պայմանագրով նախատեսված ժամկետում (բայց ոչ ուշ, քան շինարարության ավարտական ակտը ձևակերպելու օրվանից մեկ տարվա ընթացքում) հայտնաբերված թերությունները, եթե դրանք շինարարության ընթացքում առաջացել են իրենց թույլ տված խախտումների հետևանքով:
4. Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտը՝
1) իրավունք ունի՝
ա. շինարարության իրականացման պատասխանատու մասնագետներին տալու ցուցումներ և հրահանգներ պետական ստանդարտներին, տեխնիկական պայմաններին և այլ նորմատիվային փաստաթղթերին, ինչպես նաև ճարտարապետաշինարարական նախագծին չհամապատասխանող նյութերի, շինվածքների կոնստրուկցիաների և ինժեներական սարքավորումների օգտագործումը բացառելու մասին,
բ. հրաժարվելու շինարարության որակի տեխնիկական հսկողությունից, եթե կառուցապատողի և (կամ) շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպության կողմից ինքնակամ իրականացված գործողությունների հետևանքով գրանցվել են նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջների կամ ճարտարապետաշինարարական նախագծային լուծումների այնպիսի շեղումներ, որոնք կարող են նվազեցնել քաղաքաշինական գործունեության օբյեկտի կրողունակությունը, կայունությունը և ազդել հուսալիության վրա,
գ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու տեխնիկական հսկողության իրականացման հետ կապված պաշտոնատար անձանց գործողությունները,
դ. շինարարական աշխատանքների բոլոր փուլերում անհրաժեշտ տեխնիկական հետազոտություններ կամ փորձարկումներ կատարելու միջոցով ստուգելու շինարարական աշխատանքների համապատասխանությունը ճարտարապետաշինարարական նախագծերին և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին.
2) պարտավոր է ՝
ա. շինարարության բոլոր փուլերում ստուգել շինարարական աշխատանքների որակն ու տեխնոլոգիական հերթականությունը, դրանց համապատասխանությունը ճարտարապետաշինարարական նախագծով տրված լուծումներին և պահանջներին,
բ. շինարարության բոլոր փուլերում ստուգել շինարարական աշխատանքների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին, հատուկ աշխատանքների տեխնիկական պայմաններին և ստուգման արդյունքներն արձանագրել կատարողական փաստաթղթերում,
գ. քաղաքաշինական գործունեության օբյեկտի կրողունակությանը, կայունությանը և հուսալիությանն սպառնացող թերությունների հայտնաբերման կամ իր տված ցուցումները ողջամիտ ժամկետում չկատարվելու կամ տեխնիկական վթարների առաջացման դեպքում դադարեցնել շինարարությունը և այդ մասին 48 ժամվա ընթացքում նշված կամ էլեկտրոնային գրանցամատյաններում առկա հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով (այսուհետ՝ կապի միջոցներ) իրազեկել կառուցապատողին և քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին,
դ. պահպանել շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման կարգով սահմանված պահանջները,
ե. անավարտ աշխատանքների և թերությունների հայտնաբերման դեպքում օբյեկտի շինարարական կապալառու կազմակերպության հետ կազմել դրանց ցանկը, սահմանել դրանց վերացման ժամկետները,
զ. տեղեկացնել կառուցապատողին հաստատված ճարտարապետաշինարարական նախագծերի, տեխնիկական պայմանների, շինարարական նորմերի և կանոնների խախտումներով կամ անորակ նյութերով, շինվածքներով կամ կոնստրուկցիաներով կատարված շինարարական աշխատանքների մասին,
է. հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ շինարարություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտին տալ պարտադիր կատարման ենթակա ցուցումներ և հրահանգներ,
ը. մասնակցել շինարարական կազմակերպությունների կողմից դադարեցված քաղաքաշինական գործունեության օբյեկտների, դրանց առանձին մասերի, կոնստրուկցիաների և հանգույցների միջանկյալ ընդունմանը դադարեցումից ոչ ուշ, քան 3 ամսվա ընթացքում, ինչպես նաև ձևակերպված համապատասխան ակտով դրանց հանձնելուն` նշելով այդ օբյեկտների փաստացի վիճակը.
3) պետք է ունենա օրենքով սահմանված համապատասխան քաղաքաշինական գործունեության իրավունք:
Քաղաքաշինական գործունեության օբյեկտի շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացումն արգելվում է տվյալ շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպության կողմից:
5. Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայություններ մատուցող քաղաքաշինության գործունեության սուբյեկտը՝
1) իրավունք ունի՝
ա. ձեռք բերելու շենքերի և շինությունների առկա նախագծային փաստաթղթերի և շահագործման պայմանների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն,
բ. իրականացնելու շենքերի և շինությունների անձնագրավորում,
գ. իրականացնելու ինժեներաերկրաբանական հետախուզում, ինժեներապաշտպան միջոցառումներ և դրանց արդյունքներով կազմելու նյութեր,
դ. իրականացնելու գեոդեզիական ծառայություններ.
2) պարտավոր է՝
ա. հետազննման արդյունքներով տալ առաջարկություններ վնասված տարրերի ուժեղացման կամ փոխարինման և վնասվածքների առաջացման պատճառների վերացման վերաբերյալ,
բ. ընտրել հետախուզման և հետազննման համար բավարար մեթոդներ և տալ խնդիրների լուծման վերջնական առաջարկություններ,
գ. կոնստրուկցիաների նյութերի ամրության և այլ բնութագրերի որոշման ժամանակ առավելություն տալ հսկողության չքայքայող մեթոդներին (մասնավորապես բետոնի ամրությունը որոշել մեխանիկական գործողության սարքերով),
դ. իրականացնել շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն` Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության պահանջներին համապատասխան:
6. 1-ին դասի քաղաքաշինական գործունեություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտները պարտավոր են ունենալ պաշտոնական կայք, որն առնվազն պետք է պարունակի տեղեկատվություն ծառայությունների, մասնագետների վերաբերյալ, ինչպես նաև ապահովի հետադարձ կապի հնարավորություն:
7. Քաղաքաշինության գործունեության սուբյեկտները պարտավոր են՝
1) պահպանել քաղաքաշինական գործունեության օբյեկտների վերաբերյալ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկությունները.
2) ապահովել քաղաքաշինական գործունեության օբյեկտներում քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան գործելակարգով սահմանված աշխատանքների և ծառայությունների կատարումը.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել վիճակագրական և այլ տեղեկություններ.
4) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:»:
Հոդված 5. Օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ.2»-«զ.6» կետերով.
«զ.2) հաստատում է հավաստագրման, վերաորակավորման և թեստավորման կարգը, հավաստագրերի ձևերը, լիցենզավորված անձանց և հավաստագրված մասնագետների ռեգիստրի ձևավորման, տվյալների փոփոխության, լրացման, գրանցամատյանի վարման կարգը, գրանցամատյանից օգտվելու հասանելիություն ունեցող պետական մարմինների ցանկը, լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորման և մոնիթորինգի իրականացման կարգը.
զ.3) հաստատում է քաղաքաշինության բնագավառում լիցենզիա և շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև, ըստ ռիսկայնության աստիճանի, քաղաքաշինական գործունեության օբյեկտների դասակարգման ցանկերը և մեթոդաբանությունը.
զ.4) հաստատում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական գործունեության իրավունք ունեցող մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման (այսուհետ` նաև ՇՄԶ) կազմակերպման և հավաստագրման հնգամյա ժամանակացույցը.
զ.5) քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրյա մասնագետների և կազմակերպությունների՝ կարճաժամկետ քաղաքաշինության գործունեության թույլտվության տրամադրման կարգը.
զ.6) քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ հաստատում է պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները.»:
Հոդված 7. Օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասում՝
1) 21-րդ կետի «բարձր և բարձրագույն» բառերը փոխարինել «4-րդ և 5-րդ» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 27-35-րդ կետերով.
«27) հաստատում է սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված մասնագիտական գործունեության տեսակներին և ենթատեսակներին համապատասխան պահանջվող մասնագիտական որակավորումների ցանկը.
28) հաստատում է սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան քաղաքաշինական գործունեության օբյեկտներում իրականացվող աշխատանքների և ծառայությունների մատուցման գործելակարգերը և պատասխանատու մասնագետների մասնագիտական բնութագրերը.
29) հաստատում է որակավորման, էթիկայի և որակի գնահատման hանձնաժողովների անհատական կազմը, աշխատակարգը, անդամների ընտրության և գործերի քննության կարգերը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձևը.
30) հաստատում է լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության և մասնագետների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը, թեստավորման հարցաշարերը, հայտարարության տեքստին ներկայացվող պահանջները.
31) հաստատում է ՇՄԶ ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը և մասնակցությանը ներկայացվող պահանջները, յուրաքանչյուր մասնագիտության գծով շնորհվող ՇՄԶ կրեդիտների տեսակները, քանակը և դրանց շնորհման չափորոշիչները.
32) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինության բնագավառում հավաստագրված մասնագետների գրանցումը.
33) օրենքով սահմանված դեպքերում իրականացնում է մասնագետների հավաստագրումը և հաստատում մասնագետներին տրվող հավաստագրերը.
34) իրականացնում է 1-ին, 2-րդ և 3-րդ կարգերի մասնագետների և 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի քաղաքաշինական գործունեություն իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների գրանցամատյանների վարումը, որտեղ առնվազն ներառվում են մասնագետների անհատական տվյալների (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարի), կրթության, որակավորման, վերաորակավորման, մասնագիտացման, մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրերի, լիցենզավորված անձի տվյալների (անվանում և գտնվելու վայր, ազգանուն, անուն, բնակության վայր և հաշվառման հասցե), լիցենզիայի գործունեության տեսակի, գործողության ժամկետի, գործողության ժամկետների երկարաձգման, լիցենզիայի, ներդիրի կամ հավաստագրերի վերաձևակերպման, գործողության կասեցման, գործողության դադարեցման և վարկանիշավորման վերաբերյալ տեղեկություններ, օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված այլ տեղեկություններ.
35) սահմանում է լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների կողմից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման որակի գնահատման չափորոշիչներ:»:
Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ V.1-ին գլխով.
«Գ Լ ՈՒ Խ V.1
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 11.1. | Շարունակական մասնագիտական զարգացումը և քաղաքաշինության բնագավառում մասնագիտական գործունեությանը ներկայացվող հիմնական պահանջները |
1. Շարունակական մասնագիտական զարգացումը քաղաքաշինության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց մասնագիտական կարողությունների, ունակությունների և հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովող գործընթաց է:
2. Քաղաքաշինության բնագավառում հավաստագրված մասնագետները մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք են, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են մասնագիտական գործունեության ՇՄԶ համապատասխան հավաստագիր և գրանցվել են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից վարվող՝ մասնագետների գրանցամատյանում (այսուհետ՝ հավաստագրված մասնագետ):
3. Մասնագետները, ըստ աշխատանքային փորձի, կատարված աշխատանքների ծավալի և բարդության, դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի՝
1) 1-ին կարգի մասնագետը կարող է քաղաքաշինական գործունեություն իրականացնել 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական գործունեության օբյեկտներում և հանդես գալ որպես 1-ին, 2-րդ և 3-րդ դասի քաղաքաշինական գործունեության տեսակների պատասխանատու մասնագետ.
2) 2-րդ կարգի մասնագետը կարող է քաղաքաշինական գործունեություն իրականացնել 1-ին, 2-րդ և 3-րդ ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական գործունեության օբյեկտներում և հանդես գալ որպես 2-րդ և 3-րդ դասի քաղաքաշինական գործունեության տեսակների պատասխանատու մասնագետ.
3) 3-րդ կարգի մասնագետը կարող է քաղաքաշինական գործունեություն իրականացնել 1-ին և 2-րդ ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական գործունեության օբյեկտներում և հանդես գալ որպես 3-րդ դասի քաղաքաշինական գործունեության տեսակների պատասխանատու մասնագետ:
4. Քաղաքաշինության բնագավառի մասնագիտական գործունեության տեսակներին համապատասխան մասնագիտական որակավորումների պահանջները հաստատվում են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի իրավական ակտով:
5. Այլ պետություններում քաղաքաշինության բնագավառի մասնագիտական կրթություն ստացած անձինք (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները) Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինության բնագավառում պատասխանատու մասնագետի գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա՝ մասնագիտական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ՇՄԶ հավաստագրերի առկայության դեպքում:
6. 3-րդ կարգի մասնագետի հավաստագիր կարող է ստանալ համապատասխան մագիստրոսի կրթական աստիճան ստացած, 90 տոկոս և ավելի միջին որակավորման գնահատական (ՄՈԳ) ունեցող անձը՝ օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու և հավաստագրման հայտը ոչ ուշ, քան համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, ներկայացնելու դեպքում, հակառակ դեպքում հավաստագրումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:
7. Վերջին հինգ տարում առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեություն իրականացրած՝ 3-րդ կարգի հավաստագիր ունեցող մասնագետը կարող է հաջորդ հնգամյա փուլում հավաստագրվել որպես 3-րդ կարգի մասնագետ՝ առանց ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակի շեմը լրացնելու:
8. Վերջին հինգ տարում առնվազն երեք տարի մասնագիտական գործունեություն իրականացրած և ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակի առնվազն 75 տոկոսը հաղթահարած համապատասխան ոլորտի մասնագետը մասնագիտական գործունեությունը շարունակելու և ՇՄԶ հավաստագիր ստանալու համար կարող է անցնել տեսական գիտելիքների և գործնական հմտությունների գնահատման գործընթաց (այսուհետ՝ թեստավորում) և ստանալ ՇՄԶ հավաստագիր:
9. Վերջին հինգ տարում ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակի 75 տոկոսի շեմը չհաղթահարած համապատասխան ոլորտի մասնագետի գործունեությունը ժամանակավոր կասեցվում է մինչև նոր ՇՄԶ հավաստագրի ստացումը (բացառությամբ սույն հոդվածի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված դեպքերի):
10. Քաղաքաշինության բնագավառում բազային մասնագիտական բարձրագույն կրթություն ունեցող ֆիզիկական անձն օրենքով սահմանված կարգով կարող է մասնակցել վերաորակավորման կրթական ծրագրերով անցկացվող դասընթացներին և գիտելիքների ստուգումը բարեհաջող անցնելուց հետո ձեռք բերել սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված քաղաքաշինական գործունեության տեսակին և ենթատեսակին համապատասխան ՇՄԶ հավաստագիր:
11. Վերաորակավորման համար ԲՈՒՀ-ի ակադեմիական կրեդիտների նվազագույն քանակը յուրաքանչյուր վերաորակավորման մասնագիտական կրթական ծրագրի համար սահմանվում է առնվազն 45 ակադեմիական կրեդիտ (Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգ՝ ԿԿՓԵՀ):
12. Վերաորակավորված մասնագետին ՇՄԶ հավաստագիր չի տրվում, եթե մասնագետը չի ապահովել սույն օրենքի 11.4-րդ հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները:
Հոդված 11.2. | Քաղաքաշինության բնագավառում գործունեության տեսակների պատասխանատու մասնագետների ՇՄԶ ապահովող միջոցառումների պլանավորումը |
1. Քաղաքաշինության բնագավառում գործունեության տեսակներին համապատասխան պատասխանատու մասնագետների ՇՄԶ ապահովող միջոցառումների պլանավորումն իրականացնում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը:
Հոդված 11.3. | Շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպման գործընթացը |
1. Շարունակական մասնագիտական զարգացումն իրականացվում է անընդհատության և բազմաձևության սկզբունքների համակցմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ՇՄԶ անընդհատությունն ապահովվում է յուրաքանչյուր հնգամյա շրջափուլով` այդ տարիների ընթացքում իրականացված մասնագիտական գործունեության, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքների և մասնագիտական հմտությունների գնահատման հիման վրա: Ձեռք բերված գիտելիքների և մասնագիտական հմտությունների համար շնորհվում են ՇՄԶ կրեդիտներ:
3. ՇՄԶ բազմաձևությունն ապահովելու համար սահմանվում են հետևյալ տեսակները.
1) տեսական գիտելիքների զարգացում՝ Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետություններում մասնագիտական դասընթացներին, սեմինարներին, սիմպոզիումներին, գիտագործնական գիտաժողովներին և համագումարներին մասնակցության միջոցով.
2) գործնական հմտությունների զարգացում՝ աշխատավայրում մասնագիտական կատարելագործման, գիտագործնական միջոցառումներին մասնակցության միջոցով.
3) ինքնակրթություն և ինքնազարգացում` հեռավար դասընթացների մասնակցության և (կամ) իրականացման կամ գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման և (կամ) գործնական ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնելու միջոցով:
4. Հավաստագրման համար անհրաժեշտ ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակը յուրաքանչյուր հնգամյա փուլի համար սահմանվում է`
1) 1-ին կարգի մասնագետների համար ` առնվազն 240 ՇՄԶ կրեդիտ.
2) 2-րդ կարգի մասնագետների համար` առնվազն 160 ՇՄԶ կրեդիտ.
3) 3-րդ կարգի մասնագետների համար` առնվազն 100 ՇՄԶ կրեդիտ:
5. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ՇՄԶ տեսակները քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի սահմանած կարգով կարող են իրականացնել տեղական, օտարերկրյա և (կամ) միջազգային հետևյալ կազմակերպությունները.
1) օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական կրթական ծրագրեր իրականացնող կրթական հաստատությունները.
2) քաղաքաշինական մասնագիտական հասարակական և ինքնակարգավորվող կազմակերպությունները.
3) շինարարական կամ նախագծային կազմակերպությունները.
4) քաղաքաշինական գործունեություն ծավալող այլ կազմակերպություններ:
Հոդված 11.4. | Շարունակական մասնագիտական զարգացման արդյունքների հավաստագրումը և ՇՄԶ հավաստագիրը |
1. Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիրը քաղաքաշինության բնագավառում պատասխանատու մասնագետի մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը հավաստող փաստաթուղթ է, որը տրվում է սույն օրենքով սահմանված՝ ՇՄԶ կրեդիտներ հավաքելու և սույն հոդվածով սահմանված ժամկետներում մասնագիտական գործունեություն իրականացնելու դեպքերում:
2. ՇՄԶ գնահատումն իրականացվում է հավաստագրման միջոցով:
3. ՇՄԶ հավաստագիրը տրվում է հինգ տարի ժամկետով: ՇՄԶ հավաստագրի ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ մասնագետը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմին հաջորդ հինգ տարիների համար ՇՄԶ հավաստագիր ստանալու նպատակով:
4. ՇՄԶ հավաստագիրը տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարելու և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու դեպքում:
5. ՇՄԶ հավաստագիրը (բացառությամբ սույն օրենքի 11.1-ին հոդվածի 6-8-րդ մասերով սահմանված դեպքերի) տրվում է, եթե մասնագետը՝
1) ըստ վերապատրաստման մակարդակի՝ լրացրել է սույն օրենքով սահմանված ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակը.
2) սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքաշինության բնագավառում իրականացվող գործունեության տեսակին և ենթատեսակին համապատասխան՝ ունի Հայաստանի Հանրապետությունում բակալավրի համապատասխան որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան կամ բազային կրթության առկայության դեպքում ձեռք է բերել վերաորակավորման համապատասխան մասնագիտական կրթություն կամ համապատասխան աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.
3) սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված քաղաքաշինական գործունեության տեսակին և ենթատեսակին համապատասխան բակալավրի որակավորման աստիճան ունենալու կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում վերջին հինգ տարում ունի անընդմեջ մասնագիտական աշխատանքի փորձառություն, իսկ համապատասխան մագիստրոսի որակավորման աստիճան ունենալու կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն համապատասխան կրթության որակավորման աստիճան ունենալու կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում վերջին հինգ տարում ունի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն.
4) տիրապետում է հայերենին:
6. ՇՄԶ հավաստագիր չի տրվում, եթե մասնագետը չի ապահովել սույն հոդվածի 3-5-րդ կամ սույն օրենքի 11.1-ին հոդվածի 6-8-րդ մասերով սահմանված պահանջները:
7. Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը հավաստագրման և թեստավորման վերաբերյալ որոշումներն ընդունում է սույն օրենքի 11․3-րդ հոդվածով սահմանված՝ ՇՄԶ ապահովող միջոցառում իրականացնող կազմակերպությունում կամ կրթական հաստատությունում գործող՝ սույն օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 29-րդ կետով սահմանված համապատասխան որակավորման հանձնաժողովի տված եզրակացության հիման վրա: Սակայն քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինն իրավունք ունի որոշման համար հիմք չընդունելու հանձնաժողովի եզրակացությունը: Այս դեպքում նա պարտավոր է իր որոշմամբ հիմնավորել հանձնաժողովի եզրակացությունը չընդունելու պատճառները:
Հոդված 11.5. | Քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետը, նրա իրավունքները և պարտականությունները |
1. Պատասխանատու մասնագետ է հանդիսանում լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտին տրամադրված լիցենզիային կից համապատասխան ներդիրում ընդգրկված անձը, որն ունի ՇՄԶ հավաստագիր և գրանցված է մասնագետների գրանցամատյանում:
2. Պատասխանատու մասնագետն իրավունք ունի՝
1) օրենքով սահմանված կարգով իր կրթությանը, որակավորմանը և մասնագիտացմանը համապատասխան իրականացնելու լիցենզավորման ենթակա և (կամ) շինարարության թույլտվություն չպահանջող քաղաքաշինության բնագավառում մասնագիտական գործունեություն.
2) ներկայացնելու ապացուցողական հիմնավորումներ, որոնք նախատեսված չեն քաղաքաշինական փաստաթղթերով.
3) քաղաքաշինական գործունեության օբյեկտին և մեթոդաբանությանը վերաբերող հարցերի վերաբերյալ ազատ արտահայտելու մասնագիտական կարծիք.
4) օրենքով սահմանված կարգով մասնակցելու սույն օրենքի 11.3-րդ հոդվածով սահմանված ՇՄԶ տեսակներին.
5) դիմելու սույն օրենքով նախատեսված էթիկայի հանձնաժողով՝ իր կարծիքով այլ պատասխանատու մասնագետի կողմից մասնագիտական էթիկայի կանոնների խախտման դեպքում․
6) օգտվելու օրենքով սահմանված այլ իրավունքներից:
3. Պատասխանատու մասնագետը պարտավոր է՝
1) քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնելիս առաջնորդվել քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջներով.
2) պահպանել օրենսդրության պահանջները.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակել, լրացնել, վարել և շրջանառել քաղաքաշինական փաստաթղթերը և անձնական ստորագրությամբ վավերացնել դրանք.
4) օրենքով սահմանված դեպքերում քաղաքաշինական գործունեության օբյեկտների վերաբերյալ պահպանել գաղտնիք պարունակող տեղեկությունները.
5) կատարելագործել իր մասնագիտական գիտելիքները և հմտությունները, մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխան մասնակցել ՇՄԶ գործընթացին.
6) իր մասնագիտական գործունեությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման մարմնի հաստատած մասնագիտական բնութագրին համապատասխան.
7) հավաստագրված մասնագետների գրանցամատյաններում ամրագրված իր տվյալների փոփոխությունների մասին 15-օրյա ժամկետում հայտնել քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին (բացառությամբ գործող տվյալների բազաներից ինքնաշխատ եղանակով տվյալների թարմացման դեպքերի).
8) պահպանել պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները․
9) կատարել օրենքով սահմանված այլ պարտավորություններ:
4. Պատասխանատու մասնագետը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
Հոդված 11.6. | ՇՄԶ հավաստագրի գործողության կասեցումը |
1. ՇՄԶ հավաստագրի գործողության կասեցումը որոշակի ժամկետով կամ որոշակի պայմաններով պատասխանատու մասնագետին ՇՄԶ հավաստագրման ենթակա մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է:
2. ՇՄԶ հավաստագրի գործողության կասեցման ընթացքում պատասխանատու մասնագետին արգելվում է կասեցման որոշմամբ սահմանված քաղաքաշինական գործունեության օբյեկտում և ժամանակահատվածում իրականացնել աշխատանքների և ծառայությունների իրականացման գործելակարգերով սահմանված գործունեություն, գործառույթ կամ գործողություն, բացառությամբ երբ դրանք ուղղված են կասեցման մասին որոշմամբ նախատեսված անհետաձգելի միջոցառումներ իրականացնելուն:
3. ՇՄԶ հավաստագրի գործողությունը կասեցնելու որոշմամբ պետք է հստակ սահմանվեն կասեցվող գործողությունը, գործառույթը կամ գործողությունները, ինչպես նաև կասեցման պատճառները, իրավական հիմքերը և ժամկետները: Եթե, խախտման բնույթից ելնելով, դրանք կամ դրանց հետևանքները հնարավոր է վերացնել պատասխանատու մասնագետին հավաստագրման ենթակա գործունեության առանձին գործառույթները կամ հավաստագրով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկելու միջոցով, ապա այդ դեպքերում հավաստագրի ողջ գործողության կասեցում չի կիրառվում:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ հավաստագրի գործողությունը կասեցնելու մասին որոշման բովանդակությանը ներկայացվող պահանջները չբավարարող՝ ՇՄԶ հավաստագրի գործողությունը կասեցնելու մասին որոշումներն անվավեր են:
5. Եթե առկա են ՇՄԶ հավաստագրի գործողության կասեցման մեկից ավելի հիմքեր, ապա կասեցման որոշում կայացվում է յուրաքանչյուր հիմքով առանձին:
6. ՇՄԶ հավաստագրի գործողությունը կասեցված է համարվում այդ մասին քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի որոշումը պատասխանատու մասնագետին կապի միջոցներով տեղեկացնելու օրվան հաջորդող օրվանից, եթե ՇՄԶ հավաստագրի գործողությունը կասեցնելու մասին որոշմամբ կամ օրենքով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
7. ՇՄԶ հավաստագրի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից: Եթե ՇՄԶ հավաստագրի գործողության կասեցման ժամկետը սահմանվել է մինչև խախտման պատճառի վերացումը, ապա ՇՄԶ հավաստագրի գործողության կասեցումը վերացված է համարվում պատասխանատու մասնագետի` խախտումները վերացնելու մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող հինգերորդ օրը, եթե այդ ժամկետում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը, նոր հանգամանքներ ի հայտ գալու հիմքով, այլ որոշում չի կայացնում կամ այլ՝ ավելի կարճ ժամկետ չի սահմանում և դրա մասին պատշաճ ձևով համապատասխան պատասխանատու մասնագետին չի հայտնում:
Հոդված 11.7. | ՇՄԶ հավաստագրի գործողության կասեցման կարգը |
1. Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը օրենսդրության պահանջների խախտման պատճառով ՇՄԶ հավաստագրի գործողությունը կարող է կասեցնել միայն քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ներկայացրած միջնորդության և համապատասխան որակավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
2. Որակավորման հանձնաժողովը հավաստագրի գործողության կասեցման հարցը քննարկում և համապատասխան եզրակացություն է տալիս սույն օրենքով և հանձնաժողովի կանոնադրությամբ նախատեսված կարգով:
3. Օրենսդրության պահանջների խախտման պատճառով ՇՄԶ հավաստագրի գործողությունը կարող է կասեցվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տևական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երեք ամսվա ընթացքում:
4. Եթե որակավորման հանձնաժողովի կողմից հավաստագրի գործողությունը կասեցնելու մասին հարցի քննարկման վերաբերյալ եզրակացություն տալուց հետո՝ 15 օրվա ընթացքում, հավաստագրի գործողության կասեցման մասին որոշում չի ընդունվում, ապա հավաստագրի գործողության կասեցման հարցը համարվում է մերժված: Այս դեպքում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինն իրավունք չունի նույն հիմքերով երկրորդ անգամ բարձրացնելու հավաստագրի գործողության կասեցման հարցը:
Հոդված 11.8. | ՇՄԶ հավաստագրի գործողության կասեցման դեպքերը |
1. ՇՄԶ հավաստագրի գործողությունը կարող է կասեցվել`
1) մասնագետի կողմից սույն օրենքով նախատեսված՝ մասնագետների գրանցամատյաններում ամրագրված իր տվյալների փոփոխությունների մասին տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին 15-օրյա ժամկետում կապի միջոցներով չհայտնելու կամ այդ փաստաթղթերը քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմին չներկայացնելու դեպքում (բացառությամբ գործող տվյալների բազաներից ինքնաշխատ եղանակով տվյալների թարմացման դեպքերի).
2) եթե ՇՄԶ հավաստագրման ենթակա գործունեության իրականացման ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներն ու պայմանները՝
ա. խախտելը անմիջական վտանգ կամ ռիսկ է պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար,
բ. երկու և ավելի անգամ խախտել է պատասխանատու մասնագետը.
3) պատասխանատվության ենթարկվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, արձանագրված խախտումը պատասխանատու մասնագետի կողմից չվերացվելու դեպքում.
4) օրենքով սահմանված վերահսկողություն և հսկողություն իրականացնող անձանց կողմից օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը պատասխանատու մասնագետի կողմից խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացվելու դեպքում.
5) մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ պատասխանատու մասնագետի կողմից էթիկայի կանոնները խախտելու դեպքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված դեպքերում ՇՄԶ հավաստագրի գործողությունը կասեցվում է մինչև խախտման պատճառի վերացումը, իսկ 5-րդ կետով նախատեսված դեպքում ՇՄԶ հավաստագրի գործողությունը կասեցվում է վեց ամիս ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով ՇՄԶ հավաստագրի գործողությունը կասեցվում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի որոշմամբ, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ:
Հոդված 11.9. | ՇՄԶ հավաստագրի գործողության դադարեցումը |
1. ՇՄԶ հավաստագրի գործողությունը դադարեցվում է`
1) հավաստագիր ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերվելու դեպքում.
2) հավաստագրված մասնագետի մահվան դեպքում.
3) մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ սույն օրենքի 11.8-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերի համաձայն հավաստագրի գործողությունը կասեցվելու դեպքում.
4) հավաստագրի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ հավաստագրով վերապահված առանձին գործողություն իրականացվելու դեպքում.
5) հավաստագիրն ուժը կորցրած ճանաչելու միջոցով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքի առկայության դեպքում ՇՄԶ հավաստագրի գործողության դադարեցման դիմում կարող է ներկայացվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, իսկ շարունակվող խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում` կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերվելու օրվանից 15-օրյա ժամկետում:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված խախտումների հայտնաբերման դեպքում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը պարտավոր է հավաստագրի գործողության դադարեցման մասին դիմումը դատարան ներկայացնել հավաստագրի գործողության կասեցման օրվանից 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետում դիմում չներկայացվելու դեպքում հավաստագրի գործողության դադարեցման հիմքը համարվում է վերացված:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով հավաստագրի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի նոր ՇՄԶ հավաստագիր ստանալու ՇՄԶ հավաստագիրը դադարեցվելուց մեկ տարի հետո:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով հավաստագրի գործողությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, դադարեցվում է դատական կարգով՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի դիմումի համաձայն:
6. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով հավաստագրի գործողությունը համարվում է դադարեցված դատարանի համապատասխան դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից:
7. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով հավաստագրի գործողությունը դադարեցվում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի որոշմամբ:
8. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով հավաստագրի գործողությունը համարվում է դադարեցված հավաստագրված մասնագետի մահվան օրվանից:
Հոդված 11.10. | Լիցենզավորված անձանց և ՇՄԶ հավաստագրված մասնագետների ռեգիստրը |
1. Լիցենզավորված անձանց և ՇՄԶ հավաստագրված մասնագետների ռեգիստրն ստեղծում և վարում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը: Ռեգիստրի հիմնական նպատակը քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց և ՇՄԶ հավաստագրված մասնագետների վերաբերյալ տվյալների հավաքումը, հաշվառումը, պահպանումը, գրանցամատյանի վարումը, մոնիթորինգի և վարկանիշավորման իրականացումը (ուսումնասիրություն, վերլուծություն, կանխատեսում) և օրենքով նախատեսված դեպքերում դրանց փոխանցումն ապահովելն է:
2. Գրանցամատյանի ձևավորման և վարման կարգը, ինչպես նաև այն պետական մարմինների ցանկը, որոնց տրամադրվում է ռեգիստրից օգտվելու հասանելիություն, հաստատում է Կառավարությունը:»:
Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածի 17-րդ մասում «մշակողին» բառը փոխարինել «կազմող լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտին» բառերով:
Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 20. | Պետական քաղաքաշինական կադաստրը, քաղաքաշինական գործունեության մոնիթորինգը և լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորումը». |
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.
«Լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորումը քաղաքաշինության գործունեության վերահսկմանն ու բարելավմանն ուղղված տվյալների հավաքման, որակի գնահատման, վերլուծության և արդյունքների գրանցման միջոցառումների համախումբ է, որը ենթադրում է որոշակի մեթոդաբանությունների և գործիքների կիրառում:
Վարկանիշավորումը դասակարգվում է ըստ նվազման չորս աստիճանի՝
1) բարձրագույն.
2) բարձր.
3) միջին.
4) ցածր:
Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորումն իրականացնում է հետևյալ փուլերով.
1) տվյալների հավաքում.
2) քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի սահմանած չափորոշիչներին համապատասխան որակի գնահատում.
3) վերլուծություն և արդյունքների գրանցում:
Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը, որակի գնահատման չափորոշիչներին համապատասխան, բարձր, միջին և ցածր աստիճանների վարկանիշավորման նպատակով լիցենզավորված գործունեության որակի գնահատումն իրականացնում է լիցենզավորված անձանց և մասնագետների գրանցամատյաններում առկա տեղեկությունների հիման վրա՝ ինքնաշխատ եղանակով:
Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը, որակի գնահատման չափորոշիչներին համապատասխան, բարձր աստիճանի վարկանիշավորում ունեցող քաղաքաշինության գործունեության սուբյեկտների՝ բարձրագույն աստիճանի վարկանիշավորման նպատակով լիցենզավորված գործունեության որակի գնահատումն իրականացնում է լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կողմից կամավորության սկզբունքով ներկայացված հայտի հիման վրա:
Բարձրագույն աստիճանի վարկանիշավորումն իրականացվում է որակի գնահատման հանձնաժողովի միջոցով:
Լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորման համար օրենքով կարող են նախատեսվել պետական տուրքեր:
Մոնիթորինգի իրականացման կարգին համապատասխան՝ քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց և ՇՄԶ հավաստագրված մասնագետների աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման մոնիթորինգի իրականացումն ապահովում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը:»:
Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 21. | Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորումը, մասնագիտական որակավորման պահանջներ նախատեսող գործունեության տեսակները, ենթատեսակները և դասային աստիճանները |
1. Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Քաղաքաշինության բնագավառում գործունեության տեսակները և համապատասխան ենթատեսակները որոնց համապաստասխան տրվում են ներդիրներ, և որոնց իրականացման համար պահանջվում են համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներ դասակարգվում են դասային աստիճանների:
3. Քաղաքաշինության բնագավառում ըստ դասային աստիճանների լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտներն իրավունք ունեն լիցենզավորված գործունեություն իրականացնելու սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված համապատասխան ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական գործունեության օբյեկտներում:
4. Քաղաքաշինության բնագավառում գործունեության տեսակներն են՝
1) քաղաքաշինական փաստաթղթերի կազմումը (բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի), որը դասակարգվում է 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի և ունի հետևյալ ենթատեսակները.
ա. էլեկտրամատակարարում (էլեկտրամատակարարման, էլեկտրալուսավորման ներքին և արտաքին ցանցեր, էլեկտրամատակարարման համակարգեր, ֆոտովոլտային և հողմաէներգետիկ կայաններ),
բ. ջերմագազամատակարարում և օդափոխություն (օդափոխության, ջեռուցման և օդի լավորակման համակարգեր, ջերմամատակարարման և գազամատակարարման համակարգեր),
գ. հիդրոտեխնիկական կառուցվածքներ (հիդրոտեխնիկական համակարգեր, հիդրոէներգետիկ կառույցներ),
դ. ջրամատակարարում և ջրահեռացում (ջրամատակարարման և ջրահեռացման ներքին և արտաքին ցանցեր, հիդրոմելորացիա),
ե. տրանսպորտային ուղիներ (ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղային գծեր և օդանավակայաններ, արհեստական կառուցվածքներ՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, էստակադաներ, հենապատեր և այլն),
զ. կապի համակարգեր (հեռահաղորդակցության և ազդանշանային համակարգեր, հաղորդակներ, ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ).
2) քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը, որը դասակարգվում է 1-ին և 2-րդ դասերի և ունի հետևյալ ենթատեսակները.
ա. ճարտարապետություն (բացառությամբ պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտների վերակառուցման և վերականգնման),
բ. քաղաքաշինություն և տարածական պլանավորում,
գ. պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտների վերակառուցում, վերականգնում,
դ. բնակելի, հասարակական և արտադրական կառույցներ,
ե. էլեկտրամատակարարում (էլեկտրամատակարարման, էլեկտրալուսավորման ներքին և արտաքին ցանցեր, էլեկտրամատակարարման համակարգեր, ֆոտովոլտային և հողմաէներգետիկ կայաններ),
զ. ջերմագազամատակարարում և օդափոխություն (օդափոխության, ջեռուցման և օդի լավորակման համակարգեր, ջերմամատակարարման և գազամատակարարման համակարգեր),
է. հիդրոտեխնիկական կառուցվածքներ (հիդրոտեխնիկական համակարգեր, հիդրոէներգետիկ կառույցներ),
ը. ջրամատակարարում և ջրահեռացում (ջրամատակարարման և ջրահեռացման ներքին և արտաքին ցանցեր, հիդրոմելորացիա),
թ. տրանսպորտային ուղիներ (ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղային գծեր և օդանավակայաններ, արհեստական կառուցվածքներ՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, էստակադաներ, հենապատեր և այլն),
ժ. կապի համակարգեր (հեռահաղորդակցության և ազդանշանային համակարգեր, հաղորդակներ, ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ),
ի. ինժեներաերկրաբանական հետախուզում.
3) շինարարության իրականացումը, որը դասակարգվում է 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի և ունի հետևյալ ենթատեսակները.
ա. բնակելի, հասարակական և արտադրական կառույցներ,
բ. էլեկտրամատակարարում (էլեկտրամատակարարման, էլեկտրալուսավորման ներքին և արտաքին ցանցեր, էլեկտրամատակարարման համակարգեր, ֆոտովոլտային և հողմաէներգետիկ կայաններ),
գ. ջերմագազամատակարարում և օդափոխություն (օդափոխության, ջեռուցման և օդի լավորակման համակարգեր, ջերմամատակարարման և գազամատակարարման համակարգեր),
դ. հիդրոտեխնիկական կառուցվածքներ (հիդրոտեխնիկական համակարգեր, հիդրոէներգետիկ կառույցներ),
ե. ջրամատակարարում և ջրահեռացում (ջրամատակարարման և ջրահեռացման ներքին և արտաքին ցանցեր, հիդրոմելորացիա),
զ. տրանսպորտային ուղիներ (ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղային գծեր և օդանավակայաններ, արհեստական կառուցվածքներ՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, էստակադաներ, հենապատեր և այլն),
է. կապի համակարգեր (հեռահաղորդակցության և ազդանշանային համակարգեր, հաղորդակներ, ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ).
4) շինարարության որակի տեխնիկական հսկողությունը, որը դասակարգվում է 1-ին և 2-րդ դասերի և ունի հետևյալ ենթատեսակները.
ա. բնակելի, հասարակական և արտադրական կառույցներ,
բ. էլեկտրամատակարարում (էլեկտրամատակարարման, էլեկտրալուսավորման ներքին և արտաքին ցանցեր, էլեկտրամատակարարման համակարգեր, ֆոտովոլտային և հողմաէներգետիկ կայաններ),
գ. ջերմագազամատակարարում և օդափոխություն (օդափոխության, ջեռուցման և օդի լավորակման համակարգեր, ջերմամատակարարման և գազամատակարարման համակարգեր),
դ. հիդրոտեխնիկական կառուցվածքներ (հիդրոտեխնիկական համակարգեր, հիդրոէներգետիկ կառույցներ),
ե. ջրամատակարարում և ջրահեռացում (ջրամատակարարման և ջրահեռացման ներքին և արտաքին ցանցեր, հիդրոմելորացիա),
զ. տրանսպորտային ուղիներ (ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղային գծեր և օդանավակայաններ, արհեստական կառուցվածքներ՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, էստակադաներ, հենապատեր և այլն),
է. կապի համակարգեր (հեռահաղորդակցության և ազդանշանային համակարգեր, հաղորդակներ, ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ).
5) քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցումը, որը դասակարգվում է 1-ին և 2-րդ դասերի և ունի հետևյալ ենթատեսակները.
ա. ինժեներաերկրաբանական հետախուզում,
բ. գեոդեզիա,
գ. շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն և անձնագրավորում:
5. Քաղաքաշինության բնագավառի գործունեության տեսակները դասակարգվում են ըստ քաղաքաշինական գործունեության օբյեկտների ռիսկայնության աստիճանի և համապատասխանաբար՝
1) 1-ին դասի գործունեության տեսակը բնորոշվում է 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական գործունեության օբյեկտներում աշխատանքների և ծառայությունների մատուցման կարողությամբ.
2) 2-րդ դասի գործունեության տեսակը բնորոշվում է 1-ին, 2-րդ և 3-րդ ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական գործունեության օբյեկտներում աշխատանքների և ծառայությունների մատուցման կարողությամբ.
3) 3-րդ դասի գործունեության տեսակը բնորոշվում է 1-ին և 2-րդ ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական գործունեության օբյեկտներում աշխատանքների և ծառայությունների մատուցման կարողությամբ:»:
Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածի 5-րդուղղ. մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Քաղաքաշինության բնագավառում շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 13. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ VIII.1-ին գլխով.
«Գ Լ ՈՒ Խ VIII.1
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հոդված 26.3. | Պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները |
1. Քաղաքաշինության բնագավառում էթիկայի կանոնները (այսուհետ՝ էթիկայի կանոններ) պատասխանատու մասնագետի մասնագիտական գործունեության վարքագծի նորմեր են՝ ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ պատասխանատվության, արհեստավարժության, մասնագիտական կատարելագործման, հանրության, գործընկերների և այլոց իրավունքների և օրինական շահերի ճանաչման վերաբերյալ:
2. Էթիկայի կանոնները տարածվում են ինչպես հանրության, գործընկերների և այլոց հարաբերությունների վրա, այնպես էլ պատասխանատու մասնագետի գործունեությամբ պայմանավորված կամ դրանից բխող ցանկացած այլ հարաբերության վրա:
3. Էթիկայի կանոնները չեն սահմանափակում հասարակական կազմակերպությունների անդամ պատասխանատու մասնագետների համար էթիկայի լրացուցիչ կանոնների կամ կանոնակարգերի ընդունումը:
Հոդված 26.4. | Էթիկայի հանձնաժողովի ձևավորման կարգը |
1. Պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնների վերաբերյալ հարցերի ուսումնասիրության համար նշանակված քննությունն անցկացնում է պատասխանատու մասնագետների էթիկայի հանձնաժողովը (այսուհետ՝ էթիկայի հանձնաժողով):
2. Էթիկայի կանոնների խախտումները քննելու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով ստեղծվում է հասարակական հիմունքներով գործող էթիկայի հանձնաժողով:
3. Էթիկայի հանձնաժողով ձևավորելու իրավական հիմք առաջանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում քաղաքաշինության բնագավառում լիցենզավորող մարմինը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին) պատահականության սկզբունքով ձևավորում է էթիկայի հանձնաժողով: Պատասխանատու մասնագետի գործատուի ներկայացուցիչը չի կարող ներգրավվել էթիկայի հանձնաժողովի կազմում:
4. Էթիկայի հանձնաժողովը կազմված է հինգ անդամից: Յուրաքանչյուր դեպքի համար ձևավորվում է պատասխանատու մասնագետի էթիկայի առանձին հանձնաժողով: Նույն անձը չի կարող երկու անգամից ավելի անընդմեջ ընտրվել հանձնաժողովի անդամ:
5. Էթիկայի հանձնաժողովում ընդգրկվում են մեկ ներկայացուցիչ քաղաքաշինության բնագավառի մասնագետների գրանցամատյանում գրանցված համապատասխան գործունեության տեսակի հավաստագիր ունեցող մասնագետներից, մեկ ներկայացուցիչ՝ պատասխանատու մասնագետների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպություններից, քաղաքաշինության բնագավառում գիտական աստիճան ունեցող մեկ գիտնական, մեկ հոգեբան և մեկ իրավաբան:
6. Էթիկայի հանձնաժողովի նախագահը և քարտուղարը նշանակվում են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնից:
7. Էթիկայի հանձնաժողովի անդամները պարտավոր են յուրաքանչյուր քննվող գործով ստորագրել շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագիր:
8. Շահերի բախման առկայության մասին հայտարարագիր ներկայացնելու դեպքում հանձնաժողովի անդամը չի մասնակցում գործի քննությանը:
9. Լիցենզավորող մարմնին շահերի բախման առկայության վերաբերյալ չհայտարարագրված տվյալներ հայտնի դառնալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվում են:
10. Էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության կարգը, էթիկայի հանձնաժողովի անհատական կազմը, էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը, գործերի քննության կարգը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձևը հաստատում է լիցենզավորող մարմինը:
11. Էթիկայի հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներն ապահովում է լիցենզավորող մարմինը:
12. Էթիկայի հանձնաժողովում քննվում են պատասխանատու մասնագետի էթիկայի՝ քրեական կամ վարչական պատասխանատվություն չնախատեսող կանոնների խախտումները:
13. Էթիկայի հանձնաժողովը գործի քննությունից հետո ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող առերևույթ արարքներ հայտնաբերվելու դեպքում կամ մասնագիտական էթիկայի կանոնների խախտման բացակայության հիմքով՝
ա. մերժել դիմումը,
բ. դադարեցնել գործի քննությունը՝ սեփական նախաձեռնությամբ գործի քննությունն սկսելու դեպքերում․
2) օրենքով քրեական կամ վարչական պատասխանատվություն չնախատեսող մասնագիտական էթիկայի կանոնների խախտման հաստատման դեպքում մեկօրյա ժամկետում՝
ա. լիցենզավորող մարմին ներկայացնել առաջարկություն՝ մեկ տարվա ընթացքում առաջին անգամ խախտում կատարած պատասխանատու մասնագետին նկատողություն տալու վերաբերյալ տեղեկությունը հավաստագրված մասնագետների գրանցամատյանում գրանցելու համար,
բ. մեկ տարվա ընթացքում պատասխանատու մասնագետի կողմից էթիկայի կանոնների կրկնակի խախտում արձանագրվելու դեպքում լիցենզավորող մարմին ներկայացնել առաջարկություն՝ պատասխանատու մասնագետին խիստ նկատողություն տալու վերաբերյալ տեղեկությունը հավաստագրված մասնագետների գրանցամատյանում գրանցելու համար,
գ. մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ պատասխանատու մասնագետի կողմից էթիկայի կանոնների խախտման դեպքում լիցենզավորող մարմին ներկայացնել առաջարկություն՝ մեկ ամիս ժամկետով կասեցնելու պատասխանատու մասնագետի հավաստագիրը՝ հիմք ընդունելով սույն օրենքի 11.8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը:
14. Էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության արդյունքներով ընդունած որոշման մասին մեկ օրվա ընթացքում կապի միջոցներով տեղեկացնում է ծառայողական քննության կողմերին:
15. Լիցենզավորող մարմինը, ըստ անհրաժեշտության, սույն հոդվածի 13-րդ մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված համապատասխան տեղեկատվությունը փոխանցում է իրավասու մարմիններին համապատասխան պատասխանատու մասնագետին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով:
16. Լիցենզավորող մարմինը սահմանած կարգով վարում է մասնագիտական էթիկայի խախտում կատարած անձանց գրանցամատյանը:»:
Հոդված 14. Օրենքի 27-րդ հոդվածը «դատական կարգով» բառերից առաջ լրացնել «վարչական կամ» բառերով:
Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 12 ամիս հետո:
Հոդված 16. Սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից՝
1) 12 ամսվա ընթացքում Կառավարությունը հաստատում է`
ա. հավաստագրման և թեստավորման, վերաորակավորման իրականացման կարգը, հավաստագրերի ձևերը,
բ. լիցենզավորված անձանց և հավաստագրված մասնագետների ռեգիստրի ձևավորման, տվյալների փոփոխության, լրացման, գրանցամատյանի վարման կարգը, գրանցամատյանից օգտվելու հասանելիություն ունեցող պետական մարմինների ցանկը, լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորման և մոնիթորինգի իրականացման կարգը,
գ. քաղաքաշինության բնագավառում լիցենզիա և շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև, ըստ ռիսկայնության աստիճանի, քաղաքաշինական գործունեության օբյեկտների դասակարգման ցանկերը և մեթոդաբանությունը,
դ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական գործունեության իրավունք ունեցող մասնագետների ՇՄԶ կազմակերպման և հավաստագրման հնգամյա ժամանակացույցը.
2) 24 ամսվա ընթացքում Կառավարությունը հաստատում է`
ա. քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրյա կազմակերպությունների և մասնագետների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության տրամադրման կարգը,
բ. քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ՝ պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները.
3) 12 ամսվա ընթացքում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը հաստատում է`
ա. Օրենքի 21-րդ հոդվածով սահմանված մասնագիտական գործունեության տեսակներին և ենթատեսակներին համապատասխան՝ պահանջվող մասնագիտական որակավորումների ցանկը,
բ. ՇՄԶ ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը և մասնակցությանը ներկայացվող պահանջները, յուրաքանչյուր մասնագիտության գծով շնորհվող կրեդիտների տեսակները, քանակը և դրանց շնորհման չափորոշիչները,
գ. լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության և մասնագետների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը.
4) 24 ամսվա ընթացքում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը`
ա. հաստատում է թեստավորման հարցաշարերը, հայտարարության տեքստին ներկայացվող պահանջները,
բ. հաստատում է, Օրենքի 21-րդ հոդվածով սահմանված քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան, քաղաքաշինական գործունեության օբյեկտներում աշխատանքների և ծառայությունների իրականացման գործելակարգերը և պատասխանատու մասնագետների մասնագիտական բնութագրերը,
գ. հաստատում է էթիկայի և որակի գնահատման hանձնաժողովների անհատական կազմը, աշխատակարգը, անդամների ընտրության և գործերի քննության կարգերը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձևը,
դ. սահմանում է լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների կողմից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման որակի գնահատման չափորոշիչները:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 13 Երևան ՀՕ-433-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.04.2023, ՀՕ-140-Ն | 12.05.2023, ՀՕ-433-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|