Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-425-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.11.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 16-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 40.1-ին հոդվածով.

 

«Հոդված 40.1. Պարտապանի գույքի պահատվությունը

 

1. Կատարողական գործողությունների իրականացման ժամանակ պարտապանի գույքի պահպանությունն ապահովելու անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողը գույքագրման և կատարողական այլ գործողությունների ընթացքում հայտնաբերված գույքն ի պահ է հանձնում պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց՝ համապատասխան ստացականի հիման վրա՝ գույքն ի պահ հանձնելիս պահառուին գրավոր նախազգուշացնելով արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքների համար սահմանված քրեական պատասխանատվության մասին: Կատարողական գործողությանը պարտապանի ներկա լինելու դեպքում հայտնաբերված գույքն ի պահ հանձնելիս նախապատվությունը տրվում է պարտապանին:

2. Պարտապանից առգրավված գույքի պահպանությունն ապահովելու անհրաժեշտության դեպքում առգրավված գույքը չի կարող հանձնվել պարտապանին կամ նրա հետ փոխկապակցված անձանց: Սույն հոդվածի իմաստով՝ պարտապան ֆիզիկական անձի հետ փոխկապակցված անձ են համարվում ամուսինը, պարտապանի կամ նրա ամուսնու զավակը (որդեգրվածը), ծնողը (որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, պարտապանի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները, պարտապան իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը, կոլեգիալ գործադիր մարմնի անդամները, իրավաբանական անձի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձը կամ կոլեգիալ մարմնի անդամը, իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունեցող անձինք, իրավաբանական անձի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերոնշյալ անձանց հետ փոխկապակցված ֆիզիկական անձինք:

3. Կատարողական վարույթի կողմը կարող է հարկադիր կատարողին գրավոր միջնորդություն ներկայացնել կատարողական գործողությունների իրականացման ժամանակ առգրավված գույքն իր մատնանշած՝ որպես իր մասնագիտական գործունեության նպատակներից մեկը պահատվություն իրականացնող առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպության (արհեստավարժ պահառուի) պահպանությանը հանձնելու վերաբերյալ՝ պահպանության վճար առաջանալու դեպքում վճարումը պահառուին մատնանշող կողմի հաշվին կատարելու պայմանով: Նման դեպքերում հարկադիր կատարողը գույքն ի պահ ընդունողի հետ որպես կատարողական վարույթի՝ գույքն իր մատնանշած անձին հանձնելն առաջարկող կողմի ներկայացուցիչ կնքում է գույքի պահատվության վերաբերյալ պայմանագիր: Սույն մասով սահմանված պահատվության պայմանագրի շրջանակում պահառուն պարտավոր է պահատվության առարկա գույքը հանձնել (վերադարձնել) միայն հարկադիր կատարողին, իսկ այլ անձի (այդ թվում՝ պայմանագրով պահատուին)՝ հանձնել (վերադարձնել) բացառապես հարկադիր կատարողի համաձայնությամբ: Պահատվության պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել միայն հարկադիր կատարողի համաձայնությամբ:

4. Գույքը պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց ի պահ հանձնելու անհնարինության դեպքում դրա պահպանությունը կազմակերպում է հարկադիր կատարողը հարկադիր կատարման ծառայության միջոցներով՝ գույքի պահպանության հետ կապված ծախսերը գանձելով պարտապանից, իսկ կատարողական ծախսերը պահանջատիրոջից գանձելու հիմքերի առկայության դեպքում՝ պահանջատիրոջից:

5. Հարկադիր կատարման ծառայության միջոցներով պահպանվող գույքի պահպանման անհրաժեշտությունը վերանալու դեպքում հարկադիր կատարողը սույն օրենքով սահմանված կարգով այդ մասին ծանուցում է պարտապանին (գույքի սեփականատիրոջը)՝ ծանուցման մեջ նշելով գույքի պահպանության համար կատարվող ամսական ծախսերի չափը և այն ժամկետը, որի ընթացքում գույքը պարտապանի (գույքի սեփականատիրոջ) կողմից չպահանջվելու կամ չընդունվելու դեպքում հարկադիր կատարողն իրավասու է այն տնօրինելու օրենքով սահմանված կարգով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ծանուցումն ստանալուց, իսկ գույքի պահպանման ժամկետը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով երկարաձգվելու դեպքում երկարաձգված ժամկետի ավարտից հետո՝ երկու ամսվա ընթացքում, պարտապանի (գույքի սեփականատիրոջ) կողմից գույքը չպահանջվելու կամ չընդունելու դեպքում հարկադիր կատարողն իրավասու է այն իրացնելու «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-35.4-րդ հոդվածներով սահմանված կարգով կամ ուղղակի վաճառքի միջոցով՝ գույքի իրացմամբ ստացված գումարը գույքի պահպանության հետ կապված ծախսերը պահելուց հետո փոխանցելով պարտապանին (գույքի սեփականատիրոջը):

7. Հարկադիր կատարման ծառայության միջոցներով պահպանվող՝ սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված գույքը սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ծանուցումն ստանալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, չպահանջվելու կամ չընդունվելու դեպքում ենթակա է ոչնչացման արդարադատության նախարարի սահմանած կարգով:

8. Պարտապանը (գույքի սեփականատերը) իրավունք ունի սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ծանուցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում դիմում ներկայացնելու հարկադիր կատարողին՝ հարկադիր կատարման ծառայության միջոցներով գույքի պահպանման ժամկետը մինչև վեց ամսով երկարաձգելու վերաբերյալ՝ դիմումին կցելով հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվին երկարաձգվող ժամկետի ընթացքում գույքի պահպանության ծախսերը, իսկ գույքը սույն օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով պահպանության ընդունված լինելու դեպքում՝ կատարված ծախսերի եռապատիկը վճարելը հավաստող փաստաթղթի բնօրինակը։»:

 

Հոդված 2. Օրենքի 52-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Վտարման վայրում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց բացակայության, ինչպես նաև վտարվող գույքը վտարվող անձի կամ պահանջատիրոջ կողմից ի պահ ընդունելուց հրաժարվելու դեպքում գույքի պահպանությունը սույն օրենքի 40.1-ին հոդվածով սահմանված կարգով կազմակերպում է հարկադիր կատարողը՝ կատարված ծախսերը փաստացի կատարված ծախսերի եռապատիկի չափով գանձելով պարտապանից: Պարտապանին հարկադիր վտարելու վերաբերյալ որոշումը պետք է պարունակի նաև պարզաբանում՝ վտարվող գույքն ի պահ ընդունելու պարտապանի պարտականության և դրա չկատարման հետևանքների վերաբերյալ։»:

 

Հոդված 4. Օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.

«դ) գույքային բնույթի կատարողական վարույթներով պարտապանի գույքի պահպանությունը սույն օրենքի 40.1-ին հոդվածով սահմանված կարգով հարկադիր կատարման ծառայության կողմից իրականացվելու դեպքում՝ սույն մասի «ա-գ» ենթակետերով սահմանված ծախսերից զատ՝ նաև պահպանության համար փաստացի կատարված ծախսերի չափով։»:

 

Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցվող կամ վերսկսվող կատարողական վարույթների վրա:

3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 7-րդ մասը գործում է արդարադատության նախարարի համապատասխան հրամանն ուժի մեջ մտնելու պահից:

4. Սույն օրենքի 1-ին հոդվածի 7-րդ մասով նախատեսված՝ արդարադատության նախարարի հրամանն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 12

Երևան

ՀՕ-425-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան