ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 26-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի «դ» կետը «ավանդադրման համար» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև հարկաբյուջետային և կառավարության պարտքի կառավարման քաղաքականությունների իրականացմանն աջակցելու (այդ թվում՝ կառավարության պարտքի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման) համար» բառերով։
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-16-րդ մասերով.
«14. Հարկաբյուջետային և կառավարության պարտքի կառավարման քաղաքականությունների իրականացմանն աջակցելու (այդ թվում՝ կառավարության պարտքի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման) համար պետական լիազորված մարմնի անվամբ գանձապետական միասնական հաշվում բացվում է կայունացման միջոցների ենթահաշիվ (այսուհետ՝ կայունացման հաշիվ)։
15. Կայունացման հաշվի միջոցների նպատակային միջին մակարդակը, որը հաշվարկվում է որպես տվյալ տարվա աշխատանքային օրերի միջին օրական մնացորդ, պետք է լինի Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալ տարվա բյուջետային ուղերձում տվյալ տարվա համար կանխատեսված համախառն ներքին արդյունքի մեկից մինչև երկու տոկոս միջակայքի սահմաններում:
16. Կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կարգը սահմանում է կառավարությունը՝ սույն օրենքի հիման վրա: Կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կարգով սահմանվում են՝
ա) կայունացման հաշվի նպատակները.
բ) կայունացման հաշվի համալրման և օգտագործման կարգը.
գ) կայունացման հաշվի կառավարման կարգը.
դ) կայունացման հաշվի միջոցների նպատակային միջակայքի ստորին և վերին շեմերից թույլատրելի շեղումները:»։
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կարգը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-396-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 նոյեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|