Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.30-2022.06.12 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.05.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵԿԴ/0061/01/08

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ`

Ն. Թումանյանի

 

2020 թվականի մայիսի 25-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արմեն Շայվալադի Ավագյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 14-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի՝ հիմնարար խախտման հիմքով ներկայացված բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 2251-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի և 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62202508 քրեական գործը:

2008 թվականի մարտի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասի և 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը:

2008 թվականի մարտի 2-ի որոշմամբ` թիվ 62202508 քրեական գործը միացվել է թիվ 62202608 քրեական գործին և նախաքննությունը շարունակվել է 62202608 համարով:

2008 թվականի մարտի 2-ին Արմեն Շայվալադի Ավագյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի՝ 2008 թվականի մարտի 5-ի որոշմամբ Արմեն Ավագյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2251-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի մարտի 5-ի որոշմամբ Ա.Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:

Նախաքննության մարմնի՝ 2008 թվականի մարտի 25-ի որոշմամբ Ա.Ավագյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

2008 թվականի մարտի 28-ի որոշմամբ Ա.Ավագյանի վերաբերյալ գործի նյութերն անջատվել են առանձին վարույթ և նույն թվականի մարտի 31-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ այն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի ապրիլի 25-ի դատավճռով Ա.Ավագյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

3. Ամբաստանյալ Ա.Ավագյանի պաշտպան Լ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2008 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2008 թվականի ապրիլի 25-ի դատավճիռը՝ նշանակված պատժի մասով փոփոխել է, Ա.Ավագյանի նկատմամբ նշանակված պատիժը՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:

4. 2019 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը հիմնարար խախտման հիմքով բողոք է բերել Վճռաբեկ դատարան, որը Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմինը, ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, Արմեն Ավագյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ «նա նպատակ ունենալով աջակցել 2008թ. փետրվարի 19-ին կայացած Հայաստանի Հանրապետության Նախագահի հերթական ընտրություններում ըստ նախնական տվյալների պարտություն կրած Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին ու նրա համախոհներին՝ ընտրությունների օրինականությունը միջազգային հանրության առաջ կասկածի տակ դնելու, ընտրությունների արդյունքների նկատմամբ հասարակության լայն զանգվածներում անվստահություն սերմանելու, հասարակական դժգոհություն և ընդվզումների պատրանք ստեղծելու գործում, անմիջական մասնակցություն է ունեցել ընտրությունների հաջորդ իսկ օրվանից Երևան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին:

Այնուհետև՝ երբ ազատության հրապարակում անընդմեջ իրականացվող հրապարակային զանգվածային միջոցառումների շրջանում հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, մարմնական վնասվածքներ պատճառելու, հրկիզումներ կամ ավերումներ առաջացնելու համար հարմարեցված այլ պարագաների ապօրինի շրջանառության մասին օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողները 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 06-ի սահմաններում, Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի մասնակիցներից պահանջել են հնարավորություն ընձեռել ստուգելու նրանց մոտ զենքի ու ռազմամթերքի առկայության վերաբերյալ տեղեկատվության իսկությունը և հերթական անգամ նախազգուշացրել՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպած միջոցառումը դադարեցնելու մասին, Արմեն Շայվալադի Ավագյանը՝ հրապարակում գտնվող մի խումբ այլ անձանց հետ հարձակում է գործել ոստիկանության ծառայողների նկատմամբ, որի ընթացքում առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի աշխատակցի նկատմամբ՝ ոտքերով հարվածելով նրան՝ կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»1:

6. Առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում ամբաստանյալ Ա.Ավագյանի պաշտպան Լ.Գրիգորյանը միջնորդել է նշանակել լրացուցիչ կամ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել դեպքի օրն Ա.Ավագյանի հետ ձերբակալված և ոստիկանության բաժնում պահված Խաչիկ Գասպարյանին և Ավո Ներսիսյանին: Առաջին ատյանի դատարանը միջնորդությունը մերժել է՝ պատճառաբանելով, որ պաշտպանի կողմից չեն նշվել, թե որ հանգամանքներն են պահանջում լրացուցիչ հետազոտություն և ինչպիսի նոր ապացույցների հիման վրա2:

7. Առաջին ատյանի դատարանը, Ա.Ավագյանին մեղավոր ճանաչելով մեղսագրվող հանցագործության կատարման մեջ, հիմք է ընդունել վկաներ` ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցներ Էրիկ Քոչինյանի, Մամիկոն Հակոբյանի, Ժոռա Համբարձումյանի ցուցմունքները, դատաբժշկական փորձագետի թիվ 277 եզրակացությունը, ինչպես նաև դեպքի վայրի զննության արձանագրությունները3:

8. Վերաքննիչ դատարանը նշել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Արմեն Շայվալադի Ավագյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը հիմնավորվում, իսկ ամբաստանյալի վերը բերված պատճառաբանություններն իրեն մեղավոր չճանաչելու վերաբերյալ հերքվում են գործով ձեռք բերված, ընդհանուր իրավասության դատարանի կողմից հետազոտված ապացույցներով` վկաներ Է.Քոչինյանի, (...) Մ.Հակոբյանի, (...) Ժ.Համբարձումյանի ցուցմունքներով, (...) դատաբժշկական փորձագետի թիվ 277 եզրակացությամբ, (...) դատական ակտում շարադրված փորձագիտական եզրակացություններով, դեպքի վայրի զննության արձանագրություններով:

Վերլուծելով գործի փաստական տվյալները, գնահատելով ինչպես յուրաքանչյուր ապացույց, այնպես էլ դրանք իրենց համակցությամբ Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Արմեն Ավագյանին ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը որակված է ճիշտ և նա պետք է քրեական պատասխանատվության և պատժի ենթարկվի:

Նման պայմաններում պաշտպանի վերաքննիչ բողոքում շարադրված պատճառաբանություններն այն բավարարելու հիմք համարվել չեն կարող: (...)»4:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկբողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի չեն գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, ինչը հանգեցրել է Արմեն Ավագյանի իրավունքների խախտման: Մասնավորապես, առաջադրված մեղադրանքի ձևակերպումից չի երևում, թե մեղսագրված արարքն ինչումն է արտահայտվել, առհասարակ նկարագրված չէ, թե ով կամ ովքեր են իշխանության ներկայացուցիչ հանդիսացել, հետևաբար խոսել ծառայողական պարտականությունների կատարման մասին հիմնազուրկ է: Ավելին՝ մեղադրանքի նման ձևակերպումից անհասկանալի է, թե ինչպես է ամբաստանյալն իրականացրել իր հանցավոր մտադրությունը, այսինքն՝ ինչպիսի ձև և բովանդակություն է ունեցել մեղսագրված արարքի պարտադիր հատկանիշ հանդիսացող՝ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելն այն պայմաններում, երբ վերացական կերպով նկարագրվել են հարվածներ հասցնելու գործողություններ, որոնց վերաբերյալ կոնկրետ կատարման ձևն ու եղանակը չի նկարագրվել, ինչպես նաև հստակեցված չէ հարվածների քանակը, դրա արդյունքում ֆիզիկական ցավի առկայությունը կամ բացակայությունը: Բացի այդ, հատկանշական է այն, որ քրեական գործով տուժող ճանաչված անձ չկա:

Բողոքաբերը փաստել է, որ դատական քննության ընթացքում պաշտպանի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել վկաներ Ա.Ներսիսյանին և Խ.Գասպարյանին, ովքեր ականատես են եղել իրադարձություններին և Ա.Ավագյանի հետ միասին բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Սակայն հիշյալ անձանց դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժել է:

Վկայակոչելով Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը՝ բողոքաբերը նշել է, որ սույն գործով դատարանը բացառապես հիմնվել է վիճարկվող իրադարձությանն ակտիվ ներգրավված ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա՝ պաշտպանության կողմին չտալով հակառակ ապացույցներ ներկայացնելու որևէ հնարավորություն, ինչը հանգեցրել է պաշտպանության իրավունքի սահմանափակման:

Բողոքի հեղինակը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասը, փաստել է, որ ստորադաս դատարանները գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնցով խաթարվել է արդարադատության բուն էությունը: Ըստ բողոքի հեղինակի՝ դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջները: Բողոքաբերի պնդմամբ՝ թե՛ Առաջին ատյանի և թե՛ Վերաքննիչ դատարաններն առավել արժանահավատ են համարել ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները՝ պաշտպանության կողմին չտալով հակառակ ապացույցներ ներկայացնելու որևէ հնարավորություն, ինչը հանգեցրել է պաշտպանության իրավունքի սահմանափակման:

10. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի ապրիլի 25-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 14-ի որոշումը և կայացնել արդարացման դատական ակտ` ճանաչելով ու հռչակելով Ա.Ավագյանի անմեղությունը մեղսագրված արարքում:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

12. ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա»:

Եվրոպական կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:

2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (…)»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համատեքստում դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ պետական իշխանությունները պետք է հարգեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությունը և թույլատրեն գործով վարույթի վերսկսում միայն այն դեպքերում, երբ այն կատարելու լեգիտիմ հիմքերը գերազանցում են իրավական որոշակիության սկզբունքը։ Մասնավորապես, այն դատական ակտի վերանայումը, որն օրինական ուժ է ստացել, չպետք է թույլատրվի միայն գործը վերաքննելու և նոր որոշում կայացնելու նպատակով, այլ պետք է հետապնդի դատական սխալները և արդարադատության իրականացման ընթացքում թույլ տրված խախտումները շտկելու նպատակ5:

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, «հիմնարար խախտում» հասկացությունը ենթադրում է միայն դատավարական ընթացակարգի լուրջ խախտումը, որն էապես խաթարում է նախորդ դատավարության ամբողջականությունը, կարող է հիմք հանդիսանալ ոչ անձի օգտին գործի վերանայման համար, եթե նա արդարացվել է կամ մեղավոր է ճանաչվել նվազ ծանր հանցագործության համար, քան օրենքով նախատեսվածը, որը ենթակա էր կիրառման։ Հետևաբար, նման դեպքերում, դատախազի կամ վերադաս դատարանի կողմից զուտ գործով ապացույցների պարզ վերագնահատումը չէր կարող բավարարել նշված չափանիշին։ Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է իրավիճակներին, երբ անձը մեղավոր է ճանաչվել և գործի վերանայումը կարող է լինել իր օգտին, Եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 Արձանագրության Բացատրական զեկույցի 31-րդ կետում ընդգծված է, որ «4-րդ հոդվածը չի խոչընդոտում գործի կրկնակի քննությանը՝ հօգուտ դատապարտված անձի, և դատական ակտի ցանկացած այլ փոփոխությանը` ի շահ դատապարտյալի»: Նման դեպքերում, համապատասխանաբար, խախտման բնույթը նախևառաջ ենթակա է գնահատման` պարզելու համար, թե արդյո՞ք թույլ է տրվել պաշտպանական իրավունքի խախտում, և, ըստ այդմ, արդյո՞ք գործով առկա է եղել խոչընդոտ՝ արդարադատության պատշաճ իրականացման համար։ Վերջապես, 7-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի վերանայման հիմքերն ամեն դեպքում, in fine, պետք է լինեն այնպիսին, որ «ազդեն գործի ելքի վրա»՝ կամ հօգուտ անձի, կամ հակառակը6։

12.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «[Ն]ույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը»:

12.2. Վերը մեջբերված քրեադատավարական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Մկրտիչ Սարգսյանի գործով որոշմամբ և իրավական դիրքորոշումներ արտահայտել առ այն, որ «(...) [Օ]րինական ուժի մեջ մտած դատական ակտերը կարող են վերանայվել բացառապես նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման (կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների) հիմքով։ Նման իրավակարգավորումը բխում է իրավաչափ այն գաղափարից, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը ընդհանուր կանոնից բացառություն է և, որպես այդպիսին, ենթադրում է բողոքարկման բացառիկ հիմքերի առկայություն։

Հարկ է ընդգծել, որ «հիմնարար խախտումը» ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ)։ Հիմնարար խախտման էությունը դրսևորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանակությունը՝ դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին։ (…)»7:

12.3. «Հիմնարար խախտման» էությանն անդրադարձել է նաև ՀՀ սահմանադրական դատարանը՝ թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ ընդգծելով հետևյալը. «(…) [Հիմնարար խախտումը] պետք է պատճառահետևանքային կապի մեջ գտնվի ընդունված և արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտի հետ: Քրեական արդարադատությունը, վերջին հաշվով, ուղղված է անմեղ անձին արդարացնելուն, հանցանք կատարած անձին դատապարտելուն, նրա նկատմամբ արդարացի պատիժ նշանակելուն, հանցագործությունից տուժած անձի իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելուն, նրան պատճառված վնասը հատուցելուն: Այսինքն` առերևույթ հիմնարար խախտումը պետք է արժեզրկի քրեական գործով իրականացված արդարադատությունը, նսեմացնի կայացված դատական ակտի դերն ու նշանակությունը: Մասնավորապես` այդպիսի վիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ գործը քննվել և դատական ակտը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով, կամ երբ անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որը ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական»8:

13. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

(...)

3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

դ) հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները (...)»:

14. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճռով9 արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- որոշելու համար, թե արդյոք վարույթն ընդհանուր առմամբ արդար է եղել, թե՝ ոչ, պետք է հաշվի առնել, թե արդյոք պահպանվել են պաշտպանության կողմի իրավունքները, և արդյոք դիմումատուին հնարավորություն է տրվել վիճարկելու ապացույցների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ։ Ի լրումն, ապացույցների որակը պետք է քննարկման առարկա հանդիսանա, ներառյալ` արդյոք այդ ապացույցների ձեռքբերման հանգամանքները կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության և ճշգրտության վերաբերյալ10,

- որպես ընդհանուր կանոն՝ դատարաններն են գնահատում իրենց ներկայացված ապացույցները, ինչպես նաև այն ապացույցների վերաբերելիությունը, որոնք վկայակոչում է պաշտպանության կողմը: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով նրանց թույլատրվում է, կրկին որպես ընդհանուր կանոն, որոշել՝ արդյոք անհրաժեշտ է անձանց որպես վկա կանչելը՝ կոնվենցիոն համակարգում այդ բառին տրված «ավտոնոմ» նշանակությամբ: Ապացույցները վերցնելու համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հատուկ ուշադրություն է դարձրել կողմերի հավասարության սկզբունքին համապատասխանությանը, որն արդար դատաքննության հիմնարար հայեցակետերից մեկն է, և որով ենթադրվում է, որ դիմումատուին պետք է «տրվի իր գործն այնպիսի պայմաններում ներկայացնելու ողջամիտ հնարավորություն, որն իր համար ոչ բարենպաստ պայմաններ չի ստեղծի՝ համեմատած իր հակառակորդի հետ»11,

- չնայած սովորաբար ազգային դատարաններն են որոշում կայացնում վկային կանչելու անհրաժեշտության և նպատակահարմարության վերաբերյալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բացառիկ հանգամանքներում կարող է հանգել այն եզրակացության, որ այդպես չվարվելը հակասում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածին12,

- եթե վկաներին հարցաքննելու մասին մեղադրյալի միջնորդությունն ավելորդ բարդություններ չի առաջացնում, բավարար հիմնավորված է, առնչվում է մեղադրանքի էությանը և թերևս կարող է ամրապնդել պաշտպանությունը կամ նույնիսկ հանգեցնել արդարացման դատավճռի, ապա ներպետական իշխանություններն այդ միջնորդությունը մերժելու համար պետք է համապատասխան պատճառաբանություններ ներկայացնեն13,

- չնայած դիմումատուին դատապարտելիս ներպետական դատարանները, ոստիկանության ծառայողների ցուցմունքներից բացի, հղում են կատարել այլ ապացույցների, միակ ապացույցը, որով ուղղակիորեն ենթադրվում էր դիմումատուի մասնակցությունն այդ արարքների կատարմանը, և որով տրամադրվում էր դրանց մանրամասները, տվյալ ցուցմունքներն էին։ Բոլոր մյուս ապացույցները, որոնց դատարանները հղում են կատարել, անուղղակի ապացույցներ են, և չի կարելի ասել, որ դրանք ուղղակիորեն ցույց են տալիս դիմումատուի առնչությունը մեղսագրվող արարքներին14,

- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննել է մի շարք գործեր, որոնց դեպքում հրապարակային միջոցառման ժամանակ անհատին իր պահվածքի պատճառով քրեական հետապնդման են ենթարկել և դատապարտել՝ հիմնվելով բացառապես այն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ այդ վարույթներում դատարանները պատրաստակամորեն և անվերապահորեն ընդունել են ոստիկանության ծառայողների ցուցմունքները և դիմումատուին որևէ հնարավորություն չեն տվել հակառակ ապացույցներ ներկայացնելու։ Այն վճռել է, որ այս մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, երբ մեղադրանքի կողմի միակ վկաներն այն ոստիկանության ծառայողներն են եղել, որոնք ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում, դատարանները պետք է պարտադիր օգտագործեին յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու նրանց մեղադրական ցուցմունքները15:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում ամբաստանյալ Ա.Ավագյանի պաշտպան Լ.Գրիգորյանը միջնորդել է նշանակել լրացուցիչ կամ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել դեպքի օրն Ա.Ավագյանի հետ ձերբակալված և ոստիկանության բաժնում պահված Խաչիկ Գասպարյանին և Ավո Ներսիսյանին: Առաջին ատյանի դատարանը միջնորդությունը մերժել է՝ պատճառաբանելով, որ պաշտպանի կողմից չեն նշվել, թե որ հանգամանքներն են պահանջում լրացուցիչ հետազոտություն և ինչպիսի նոր ապացույցների հիման վրա16:

15.1 Առաջին ատյանի դատարանը, 2008 թվականի ապրիլի 25-ի դատավճռով Ա.Ավագյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության մեջ, որպես արարքի կատարումը հիմնավորող ապացույցներ հիմք է ընդունել միայն վկաներ՝ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցներ Է.Քոչինյանի, Մ.Հակոբյանի, Ժ.Համբարձումյանի ցուցմունքները, դատաբժշկական փորձագետի թիվ 277 եզրակացությունը, դեպքի վայրի զննության արձանագրությունները17:

15.2 Վերաքննիչ դատարանը, 2008 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ գտել է, որ Ա.Ավագյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը հիմնավորվում, իսկ ամբաստանյալի կողմից բերված պատճառաբանություններն իրեն մեղավոր չճանաչելու վերաբերյալ հերքվում են գործով ձեռք բերված, ընդհանուր իրավասության դատարանի կողմից հետազոտված ապացույցներով18:

16. Սույն որոշման 15-15.2-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների, Մուշեղ Սաղաթելյան ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո, ինչպես նաև հաշվի առնելով այդ դիրքորոշումների համատեքստում արդար դատաքննության իրավունքի ներկայիս զարգացումը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Ա.Ավագյանի մեղադրանքը հիմնավորելիս առավելապես հիմնվելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա` չեն ապահովել Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մատնանշված՝ արդար դատաքննության իրավունքի երաշխիքները։ Դատարաններն Ա.Ավագյանի մեղքը հիմնավորող ապացուցողական զամբյուղում ծանրակշիռ դեր հատկացնելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին՝ պատշաճ գնահատման չեն ենթարկել այն, որ վերջիններս ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում, ինչը ողջամտորեն կասկածի տակ է դնում նրանց ցուցմունքների արժանահավատությունը։ Մասնավորապես, սույն գործով վճռորոշ ապացույցները, որոնցով ուղղակիորեն հիմնավորվել է Ա.Ավագյանի մասնակցությունը նրան վերագրված արարքի կատարմանը, վիճարկվող իրադարձությունների անմիջական մասնակիցներ` վկաներ` ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցներ Էրիկ Քոչինյանի, Մամիկոն Հակոբյանի ցուցմունքներն են։ Ինչ վերաբերում է այլ ապացույցներին, որոնց դատարանները հղում են կատարել, այն է` որպես վկա հարցաքննված ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակից Ժոռա Համբարձումյանի ցուցմունքը և դեպքի վայրի զննության արձանագրությունները, ապա դրանք անուղղակի ապացույցներ են և ուղղակիորեն չեն հաստատում Ա.Ավագյանի առնչությունը մեղսագրվող արարքին։ Միաժամանակ, հարկ է նկատել, որ դատաբժշկական փորձագետի եզրակացությունը վերաբերել է Ա.Ավագյանի մարմնական վնասվածքներին, հետևաբար այն առհասարակ չի կարող դիտարկվել որպես Ա.Ավագյանի մեղքը հիմնավորող ապացույց:

Նման պայմաններում, ստորադաս դատարանները չեն օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու այն ոստիկանության ծառայողների մեղադրական ցուցմունքները, որոնք ակտիվ դեր են ունեցել Ա.Ավագյանին մեղսագրվող արարքի կատարման ժամանակահատվածում: Ավելին, ինչպես նշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից՝ Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում, սույն գործով ևս պաշտպանական կողմին հնարավորություն չի ընձեռվել արդյունավետորեն վիճարկելու ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ։ Մասնավորապես, պաշտպանության կողմին լիարժեք հնարավորություն չի տրվել դատարան հրավիրելու վկաների և ապացուցողական զանգվածում ներառելու նրանց ցուցմունքները, որոնք, ըստ պաշտպանի, կասկածի տակ էին դնում ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված տվյալները և հիմնավորում էին դեպքի հանգամանքների վերաբերյալ պաշտպանության կողմի առաջ քաշված վարկածը։ Այլ կերպ, ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված տվյալներն անվերապահորեն ընդունելը՝ առանց պաշտպանության կողմին լիարժեք հնարավորություն ընձեռելու մրցակցային դատավարության պայմաններում արդյունավետորեն վիճարկելու իր դեմ տրված ցուցմունքների արժանահավատությունը, ինչպես արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով, այնպես էլ սույն գործով, հանգեցրել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի խախտման:

17. Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարելու մեջ Ա.Ավագյանի մեղավորության հարցին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.

ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի համաձայն` «Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի`

1) ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրավունք

 (…)

3) իր պաշտպանությունը նախապատրաստելու և իր ընտրած փաստաբանի հետ հաղորդակցվելու համար բավարար ժամանակ և հնարավորություններ ունենալու իրավունք»:

Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

(...)

3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

ա. իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին,

բ. բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար (…)»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի դրույթն ընդգծում է առաջադրվող «մեղադրանքի» մասին մեղադրյալին ծանուցելուն հատուկ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը: Հանցագործության վերաբերյալ մանրամասն տվյալները կարևոր դեր են խաղում քրեական դատավարությունում այն իմաստով, որ դրանց հայտարարման պահից է անձը համարվում պաշտոնապես ծանուցված նրա դեմ առաջ քաշված մեղադրանքի փաստական և իրավական հիմքերի մասին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ մեղադրանքի բնույթի և առիթների մասին տեղեկացված լինելու իրավունքը պետք է դիտել պաշտպանության նախապատրաստության իրավունքի լույսի ներքո19։

17.1 Վճռաբեկ դատարանը Գևորգ Ճաղարյանի և մյուսների գործով որոշման մեջ մեղադրանքի ձևակերպումը դիտարկելով որպես արդար դատաքննության հիմնարար իրավունքի ապահովման միջոց` իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «() [Դ]րանում, բացի հանցավորի մասին տվյալներից, հանցագործության տեղից, ժամանակից և եղանակից, մանրամասնորեն և հստակ պետք է նշվեն արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը` հանցագործության դեպքի և դրա հետ կապված հանգամանքների մանրակրկիտ նկարագրությունը: Արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացման առումով անընդունելի է, երբ իրավասու պաշտոնատար անձը համապատասխան դատավարական փաստաթղթերում մեղադրանքը ձևակերպելիս սահմանափակվի միայն քրեական օրենքով արգելված արարքի ընդհանրական նկարագրությամբ: ()

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված պահանջների պահպանմամբ մեղադրանքը ձևակերպելու դեպքում միայն առաջադրված մեղադրանքը հնարավորություն կտա մեղադրյալին պատշաճ կերպով իրականացնել իր պաշտպանության իրավունքը, ինչպես նաև կապահովվի կողմերի դատավարական իրավահավասարությունը` սեփական դիրքորոշումը հիմնավորելու և մյուս կողմի փաստարկները հերքելու համար: Նշված սկզբունքներից ցանկացած շեղում կհանգեցնի արդար դատաքննության հիմնարար արժեքի առարկայազրկման»20:

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Արմեն Ավագյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նպատակ ունենալով աջակցել 2008թ. փետրվարի 19-ին կայացած Հայաստանի Հանրապետության Նախագահի հերթական ընտրություններում ըստ նախնական տվյալների պարտություն կրած Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին ու նրա համախոհներին՝ ընտրությունների օրինականությունը միջազգային հանրության առաջ կասկածի տակ դնելու, ընտրությունների արդյունքների նկատմամբ հասարակության լայն զանգվածներում անվստահություն սերմանելու, հասարակական դժգոհություն և ընդվզումների պատրանք ստեղծելու գործում, անմիջական մասնակցություն է ունեցել ընտրությունների հաջորդ իսկ օրվանից Երևան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին:

Այնուհետև՝ երբ ազատության հրապարակում անընդմեջ իրականացվող հրապարակային զանգվածային միջոցառումների շրջանում հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, մարմնական վնասվածքներ պատճառելու, հրկիզումներ կամ ավերումներ առաջացնելու համար հարմարեցված այլ պարագաների ապօրինի շրջանառության մասին օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողները 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 06-ի սահմաններում, Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի մասնակիցներից պահանջել են հնարավորություն ընձեռել ստուգելու նրանց մոտ զենքի ու ռազմամթերքի առկայության վերաբերյալ տեղեկատվության իսկությունը և հերթական անգամ նախազգուշացրել՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպած միջոցառումը դադարեցնելու մասին, Արմեն Ավագյանը՝ հրապարակում գտնվող մի խումբ այլ անձանց հետ հարձակում է գործել ոստիկանության ծառայողների նկատմամբ, որի ընթացքում առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի աշխատակցի նկատմամբ՝ ոտքերով հարվածելով նրան՝ կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ21:

19. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքների գնահատմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ԱԱվագյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը չի համապատասխանում «մեղադրանքի» վերաբերյալ միջազգային և ներպետական պահանջներին ու Վճռաբեկ դատարանի կողմից Գևորգ Ճաղարյանի և մյուսների գործով որոշմամբ սահմանված չափանիշներին։ Մասնավորապես, մեղադրանքի ձևակերպումը պարունակում է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի դիսպոզիցիայի նկարագրությունը: Մեղադրանքի մեջ նշված չեն այնպիսի փաստական տվյալներ, որոնք հնարավորություն կընձեռեին հիմնավորված կերպով եզրահանգելու, որ ԱԱվագյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասին, այն է՝ մեղադրանքի բովանդակությունից հնարավոր չէ պատկերացում կազմել, թե ու՞մ նկատմամբ է գործադրվել բռնություն22, պարզ չէ, թե հարվածների հետևանքով կոնկրետ ու՞մ ինչպիսի վնաս է պատճառվել և ինչպե՞ս է որոշվել, որ Ա.Ավագյանի կողմից գործադրվել է հենց առողջության համար ոչ վտանգավոր բռնություն:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ԱԱվագյանին առաջադրված մեղադրանքում մանրամասնորեն և հստակ չեն նշվել արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստական տվյալները` հանցագործության դեպքի և դրա հետ կապված հանգամանքների մանրակրկիտ նկարագրությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ մեղադրանքի այդպիսի անորոշ ձևակերպման պայմաններում խախտվել է քրեական օրենքով արգելված արարքի կատարման մեջ մեղադրվող անձի իրավունքը՝ տեղեկանալու իր դեմ առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերի մասին, որպիսի պայմաններում չի ապահովվել նաև անձի պաշտպանության իրավունքի իրացումը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է արդար դատաքննության հիմնարար իրավունքի պահանջների խախտման:

20 Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Նշվածը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի և 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա բեկանելու ստորադաս դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, ճանաչելու Ա.Ավագյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել, քրեական գործի վարույթը կարճելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

21. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 21-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Արմեն Շայվալադի Ավագյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2008 թվականի ապրիլի 25-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 14-ի որոշումը բեկանել:

2. Արմեն Շայվալադի Ավագյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և արդարացնել, քրեական գործի վարույթը կարճել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

_______________________________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-րդ, թերթեր 77-78:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 61:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 68-69:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 122-124-րդ:

5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bratyakin v. Russia գործով 2006 թվականի մարտի 9-ի որոշումը, գանգատ թիվ 72776/01։

6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mihalache v. Romania գործով 2019 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 54012/10, կետ 133։

7 Տե՛ս Մկրտիչ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14 որոշման 19-20-րդ կետերը։

8 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշման 4.3-րդ կետը։

9 Տե՛ս Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08:

10 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Bykov v. Russia գործով 2009 թվականի մարտի 10-ի վճիռը, գանգատ թիվ 4378/02, 89-90-րդ կետեր, Huseyn and Others v.Azerbaijan գործով 2011 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35485/05, 199-200-րդ կետեր:

11 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kasparov and Others v. Russia գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, 57-58-րդ կետեր:

12 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Bricmont v. Belgium գործով 1989 թվականի հուլիսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 10857/84, 89-րդ կետ, Popov v. Russia գործով 2006 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատ թիվ 26853/04, 188-րդ կետ, Dorokhov v. Russia գործով 2008 թվականի փետրվարի 14-ի վճիռը, գանգատ թիվ 66802/01, 65-րդ կետ:

13 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Topić v. Croatia գործով 2013 թվականի հոկտեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 51355/10, 42-րդ կետ, Polyakov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 29-ի վճիռը, գանգատ թիվ 77018/01, 36-րդ կետ։

14 Տե՛ս Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նշված վճիռը, 206-րդ կետ։

15 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kasparov and Others v. Russia գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, 64-րդ կետ, Navalnyy and Yashin v. Russia գործով 2014 թվական դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 76201/11, 83-րդ կետ, Frumkin v. Russia գործով 2016 թվականի հունվարի 5-ի վճիռը, գանգատ թիվ 74568/12, 165-րդ կետ։

16 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

17 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

18 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

19 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Seliverstov v. Russia գործով 2008 թվականի սեպտեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ 19692/02, կետեր 16-17:

20Տե՛ս Գևորգ Ճաղարյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵՇԴ/0002/01/11 որոշման 21-րդ կետը։

21 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

22 Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայության վերաբերյալ Վահան Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԱՐԴ/0038/01/13 որոշման 14-15-րդ կետերը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան