Գլխավոր տեղեկություն
Համար
N 1503-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 18.09.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2020

 

11.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2020 թվականի N 1503-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-679-30.06.2020ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-679-30.06.2020-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Ներկայացվող նախագծերի փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ սահմանադրական դատարանի 18.06.2019 թ. ՍԴՈ-1463 որոշմամբ՝ հաշվի առնելով 2019 թվականի հոկտեմբերի 30-ից հետո ստեղծված իրավիճակը, այն է՝ ուժը կորցրած են ճանաչվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի՝ դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի իրավունքին առնչվող հիմնարար դրույթները։

Այդուհանդերձ, խնդրահարույց են նախագծերի փաթեթով առաջարկվող առանձին լուծումները։

Մասնավորապես, հաշվի առնելով դատավորի աշխատավարձից հաշվարկվող և վճարվող հարկերն ու այլ վճարները՝ դատավորի կենսաթոշակի չափը աշխատավարձի 75 տոկոսի չափով սահմանելու դեպքում կենսաթոշակի փոխհատուցման գործակիցը գործնականում կկազմի 100 տոկոս, ինչը խնդրահարույց է կենսաթոշակային ապահովության ոլորտում վարվող քաղաքականության տեսանկյունից։

Ամբողջական չեն նաև անցումային շրջանի խնդիրներին առաջադրվող լուծումները։ Բացի դրանից, նախագծերի փաթեթում առկա են ոչ հստակ կարգավորումներ: Մասնավորապես, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ 1) 2-րդ հոդվածով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 9-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 2-րդ պարբերությունները, որոնցով սահմանվում է դատավորի պաշտոն զբաղեցրած անձի՝ օրենքով սահմանված կենսաթոշակը հաշվարկելու կարգը, իսկ 3-րդ հոդվածով հղում է կատարվում հաշվարկման կարգին:

Ըստ այդմ՝ նախագծի 3-րդ հոդվածը դառնում է ավելորդ, և անհրաժեշտություն է առաջանում ուժը կորցրած ճանաչելու օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ պարբերությունը (սույն մասում նշված աշխատավարձը հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը)։

Դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի հաշվարկման կարգի բացակայության պարագայում հստակեցման կարիք ունեն նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (նախագիծ 2) դատավորի կենսաթոշակի ստորին շեմ և նախագիծ 1-ով վերին շեմ սահմանելու վերաբերյալ դրույթները:

Նախագծերի փաթեթում պահպանված չեն օրենսդրական տեխնիկայի կանոնները: Հաշվի առնելով վերը նշվածը՝ նախագծերի փաթեթի հեղինակներին առաջարկում ենք շրջանառել նախագծերի փաթեթի լրամշակված՝ ՀՀ կառավարության համար ընդունելի տարբերակը (կցվում է)։

Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծերի փաթեթն ընդունման դեպքում եռամսյա ժամկետում համապատասխան փոփոխությունները կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 57րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Դատավորի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է սույն օրենսգրքով, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով նախատեսված կարգով։

Հոդված 2. Օրենքը 57-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 57.1-ին հոդվածով.

«Հոդված 57.1. Դատավորի կենսաթոշակային ապահովությունը

1.Դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձին, եթե նրա լիազորությունները դադարել են կամ դադարեցվել են սույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով, նշանակվում է դատավորի կենսաթոշակ (բացառությամբ այն դեպքերի, երբ անձը զբաղեցնում է հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն)։ Սույն օրենքով սահմանված դատավորի կենսաթոշակի իրավունք ունեցող և պետական բյուջեից ֆինանսավորվող այլ կենսաթոշակի իրավունք ունեցող անձին նշանակվում և վճարվում է մեկ կենսաթոշակ` իր ընտրությամբ:

2. Դատավորի կենսաթոշակի չափը սահմանվում է.

1) որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված զուտ աշխատավարձի 75 տոկոսի և դատավորին նշանակված՝ անուիտետի և ծրագրային վճարների ձևով վճարվող կուտակային կենսաթոշակի ամսական չափի տարբերության չափով,

2) որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված զուտ աշխատավարձի 75 տոկոսի չափով, եթե դատավորի պաշտոն զբաղեցրած անձը կուտակային բաղադրիչի մասնակից չէ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված զուտ աշխատավարձի չափը հաշվարկվում է որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու դրա նկատմամբ հաշվարկվող հավելավճարի հանրագումարի և այդ հանրագումարից հաշվարկված եկամտային հարկի ու սոցիալական վճարի տարբերության չափով (անկախ դատավորի պաշտոն զբաղեցրած անձի՝ կուտակային բաղադրիչի մասնակից հանդիսանալու հանգամանքից)։

4. Դատավորի կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է (ավելացվում կամ նվազեցում է).

1) դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) չափը վերահաշվարկվելու դեպքում,

2) դատավորի պաշտոն զբաղեցրած անձին նշանակված՝ անուիտետի կամ ծրագրային վճարների ձևով վճարվող կուտակային կենսաթոշակի ամսական չափը փոփոխվելու կամ ծրագրային վճարների ձևով վճարվող կուտակային կենսաթոշակը դադարելու դեպքում,

3) դատավորի պաշտոն զբաղեցրած անձին անուիտետի կամ ծրագրային վճարների ձևով վճարվող կուտակային կենսաթոշակ նշանակելու դեպքում՝ եթե կուտակային կենսաթոշակը նշանակվում է դատավորի կենսաթոշակը նշանակելուց հետո։

5. Սույն հոդվածի 3–րդ մասի 2–րդ և 3–րդ կետի հիման վրա դատավորի կենսաթոշակի չափը վերահաշվարկելու համար «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված մասնակիցների ռեեստրը վարողը դատավորի կենսաթոշակը նշանակող մարմնին է տրամադրում տեղեկություններ՝ դատավորի պաշտոն զբաղեցրած անձին անուիտետի կամ ծրագրային վճարների ձևով վճարվող կուտակային կենսաթոշակ նշանակելու, կուտակային կենսաթոշակի ամսական չափը փոփոխվելու կամ ծրագրային վճարների ձևով վճարվող կուտակային կենսաթոշակը դադարելու վերաբերյալ։

6. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում (անձը ձեռք է բերում դատավորի կենսաթոշակ ստանալու իրավունք) և վճարվում է, կենսաթոշակը վճարելը դադարեցվում և վերսկսվում է, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զինվորական կենսաթոշակների համար սահմանված կարգով:

7. Դատավորի կենսաթոշակ ստանալու իրավունքը չի կարող դադարեցվել այլ աշխատանք կատարելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատավորի կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձը զբաղեցնում է հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն։

8. Սույն հոդվածով սահմանված դատավորի կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով և չափով նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից դատավորի պաշտոն զբաղեցրած անձանց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով նշանակված կենսաթոշակները վերահաշվարկվում են՝ հիմք ընդունելով նրանց զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) չափը։

Կենսաթոշակի չափը վերահաշվարկելիս կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում։

Եթե դատավորի պաշտոն զբաղեցրած անձին տրվող կենսաթոշակի չափը ավել է սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը շարունակվում է վճարվել նախկին չափով։

Սույն օրենքի հիման վրա վերահաշվարկված կենսաթոշակը համարվում է Օրենքի 57.1-ին հոդվածով նշանակված կենսաթոշակ։

Եթե դատավորի պաշտոն զբաղեցրած անձը «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը՝ 2019 թվականի հոկտեմբերի 30-ից հետո (և կենսաթոշակը չի նշանակվել Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշման կիրառման հետևանքով), ապա կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից։ Այս դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է Օրենքով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով նրանց զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) չափը։

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում 1-ին մասի 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած։

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան