Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.03.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.26/22(825).1 Հոդ.450.2
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.03.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0324/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0324/02/08
2011 թ.

Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան

Դատավորներ՝ Ն. Տավարացյան

                  Ս. Միքայելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Վ. Աբելյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կառլեն և Արմեն Բաղդասարյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.03.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Կառլեն և Արմեն Բաղդասարյանների հայցի ընդդեմ Ատոմ և Մարուս Բաղդասարյանների` ժառանգությունն ընդունած համարելու, տիրապետման փաստով ըստ օրենքի և ըստ կտակի սեփականության իրավունքով ժառանգական գույքի` տան և հողամասի բաժնեմասը և մուտքային տարածությունն առանձնացնելու պահանջի մասին և Ատոմ Բաղդասարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Կառլեն և Արմեն Բաղդասարյանների և «Մալաթիա» նոտարական գրասենյակի` կտակը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին և Ատոմ և Մարուս Բաղդասարյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Կառլեն և Արմեն Բաղդասարյանների, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Շենգավիթ» տարածքային ստորաբաժանման` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կառլեն և Արմեն Բաղդասարյանները պահանջել են ժառանգությունն ընդունած համարել, առանձնացնել ժառանգական գույք հանդիսացող Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 տան և հողամասի 5/6 մասը, ինչպես նաև կողմերի մուտքային տարածքները:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ատոմ Բաղդասարյանը պահանջել է անվավեր ճանաչել Լուսիկ Բաղդասարյանի կողմից արված 22.10.1993 թվականի կտակը:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 16.06.2008 թվականի վճռով սկզբնական և հակընդդեմ հայցերը բավարարվել են մասնակիորեն:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2008 թվականի որոշմամբ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 16.06.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 11.02.2009 թվականի վճռով սկզբնական և հակընդդեմ հայցերը բավարարվել են մասնակիորեն, իսկ Ատոմ և Մարուս Բաղդասարյանների կողմից փաստացի զբաղեցրած հողամասի վրա գտնվող ինքնակամ շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու հայցապահանջի մասով գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2009 թվականի որոշմամբ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 11.02.2009 թվականի վճիռը սկզբնական և հակընդդեմ հայցերի մասով բեկանվել է` բացառությամբ գործի վարույթը կարճելու մասից, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

12.11.2009 թվականին վարույթ է ընդունվել Ատոմ և Մարուս Բաղդասարյանների հակընդդեմ հայցը` Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 հասցեի անշարժ գույքի` հողի և շինությունների նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով իրենց սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 25.12.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 հասցեում գտնվող բնակելի տան օրինական մաս հանդիսացող ամբողջ երկրորդ հարկաբաժնի նկատմամբ Կառլեն և Արմեն Բաղդասարյանները փաստացի տիրապետման ուժով ճանաչվել են ժառանգությունն ընդունած ժառանգներ, և այդ մակերեսների նկատմամբ ճանաչվել է նրանց սեփականության իրավունքը: Մուտքային տարածությունն առանձնացնելու սկզբնական հայցապահանջը բավարարվել է: Հակընդդեմ հայցը բավարարվել է ամբողջությամբ, իսկ գործի վարույթը` կտակը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.03.2010 թվականի որոշմամբ Կառլեն Բաղդասարյանի և Արմեն Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի` Դատարանի 25.12.2009 թվականի վճիռը բեկանվել է մասնակիորեն. Կառլեն և Արմեն Բաղդասարյանների սկզբնական հայցը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 հասցեում գտնվող բնակելի տան օրինական մաս հանդիսացող ամբողջ երկրորդ հարկաբաժնի նկատմամբ Կառլեն և Արմեն Բաղդասարյանները փաստացի տիրապետման ուժով ճանաչվել են ժառանգությունն ընդունած ժառանգներ, իսկ այդ մակերեսների նկատմամբ ճանաչվել է նրանց սեփականության իրավունքը, իսկ բնակելի տնով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ ճանաչվել է վերջիններիս համասեփականության իրավունքը։ Հակընդդեմ հայցը բավարարվել է` Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 հասցեում գտնվող բնակելի տան 1-ին հարկի օրինական շենք-շինությունների, ինչպես նաև բակային տարածք հանդիսացող հողատարածքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Ատոմ և Մարուս Բաղդասարյանների սեփականության իրավունքը, իսկ բնակելի տնով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ ճանաչվել է վերջիններիս համասեփականության իրավունքը: Վճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Կառլեն և Արմեն Բաղդասարյանները։

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ատոմ և Մարուս Բաղդասարյանները։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ և 279-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ, 131-րդ, 132-րդ, 218-րդ, 219-րդ և 221-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Կառլեն և Արմեն Բաղդասարյանները երբևէ չեն կատարել հակընդդեմ հայցի առարկայի նկատմամբ իրենց սեփականության իրավունքի` որևէ ձևով դադարեցնելուն ուղղված գործողություններ, այլ մշտապես տիրապետել են և միջոցներ են ձեռնարկել գույքը պահպանելու համար: Այսպես` գործում առկա ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 18.03.2008 թվականի թիվ 08-0008 եզրակացությունից հետևում է, որ Ատոմ Բաղդասարյանին պատկանող շինությունով ծանրաբեռնված հողամասի մակերեսը կազմում է 86,2 քմ, որն էլ, ըստ սկզբնական հայցով հայցվորների, Շահեն Բաղդասարյանին հատկացված 300 քմ մակերեսով հողամասի մի մասն է: Վերջինիս հետազոտվող տարածքում առկա 1-ին հարկում գտնվող 12,3 քմ խորդանոցը և 52,4 քմ մակերեսով ավտոտնակը օգտագործվում է Կառլեն և Արմեն Բաղդասարյանների հետ համատեղ: Ատոմ, Մարուս, Կառլեն և Արմեն Բաղդասարյանները համատեղ օգտագործում են նաև 203,6 քմ հողամաս, որից 131,4 քմ` շինություններից ազատ հողամաս: Տվյալ դեպքում նշված եզրակացության վերլուծության արդյունքում գալիս ենք այն եզրահանգման, որ վիճելի հասցեում առկա շինություններով չծանրաբեռնված հողամասը ընդամենը 131,4 քմ է, որն էլ ըստ էության ընդհանուր օգտագործման տարածք է: Հետևաբար, վիճարկվող որոշմամբ նշված բակային տարածքն օգտագործվում է նաև Կառլեն և Արմեն Բաղդասարյանների կողմից, ուստի այդ տարածքի նկատմամբ Ատոմ և Մարուս Բաղդասարյանների տիրապետման բարեխղճությունը բացակայում է:

Բացի այդ, Ատոմ և Մարուս Բաղդասարյանները պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 հասցեում գտնվող Շահեն Բաղդասարյանի անվամբ հատկացված 300 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շինությունների նկատմամբ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել նշված հասցեի բնակելի տան 1-ին հարկի օրինական շենք-շինությունների, ինչպես նաև բակային տարածք հանդիսացող հողատարածքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով Ատոմ և Մարուս Բաղդասարյանների սեփականության իրավունքը ճանաչելու, իսկ բնակելի տնով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ` վերջիններիս համասեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ: Այսինքն` Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել այնպիսի պահանջի վերաբերյալ, որը հակընդդեմ հայցվորները երբևէ չեն ներկայացրել: Մինչդեռ քաղաքացիական դատավարություն սկսելու հիմքը հայցն է, որը ներառում է այն ներկայացնողի պահանջը` որպես հայցի առարկա, և պահանջի հիմքում ընկած հանգամանքները` որպես հայցի հիմք, և միայն հայցվորն իրավունք ունի փոխել հայցի առարկան և հիմքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 25.03.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցն ամբողջությամբ բավարարել, իսկ հակընդդեմ հայցը մերժել կամ բեկանել Վերաքննիչ դատարանի 25.03.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Ատոմ և Մարուս Բաղդասարյանները 10-15 տարի բարեխիղճ, անընդմեջ, բացահայտ տիրապետում, օգտագործում են Երևանի Շահումյան 16 փողոցի թիվ 63 տան 1-ին հարկը, բակային տարածքը` իր մուտքի դարպասներով, այլ անձ երբեք չի հավակնել այդ տարածքին: Դեռևս Թորոս Բաղդասարյանի կենդանության ժամանակ այդ տարածքը հատկացվել է իրենց, այսինքն` նրանք կամովին հրաժարվել են այդ գույքից` ներառյալ 300 քմ մակերեսից: Իրենք եղել են հաշտ, կաթսայատուն են դրել բակի մասում, որից բոլորը օգտվում էին, սակայն տարածքը գազաֆիկացվելուց հետո որոշել են այդ տարածքը հատկացնել բողոք բերած անձանց:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 28.11.1961 թվականի կոլխոզի ժապավենային մատյանի 38 համարով տեղեկանքի համաձայն` Թորոս Բաղդասարյանին տրվել է 800 քմ տնամերձ հողամաս Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 45)։

2. Բնակելի տան կառուցման անկետայի համաձայն` բնակելի տան կառուցումը սկսվել է 1950 թվականից և ավարտվել է 1955 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 13)։

3. Երևանի 18-րդ կուսհամագումարի անվան կոլտնտեսության 21.04.1969 թվականի թիվ 3 արձանագրության որոշման համաձայն` Թորոս Բաղդասարյանին հատկացված 800 քմ հողամասից 300 քմ-ն հատկացվել է Շահեն Բաղդասարյանին` բնակելի տուն կառուցելու համար (հատոր 1-ին, գ.թ. 17)։

4. 1970 թվականին տրված գույքային թերթի համաձայն` Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 տունը` 800 քմ հողային տարածությամբ, գույքագրվել է Թորոս Բաղդասարյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 46)։

5. ՀՀ ազգային արխիվի Երևանի քաղաքային մասնաճյուղի 04.06.2007 թվականի թիվ 01-20/951 արխիվային տեղեկանքի համաձայն` պետական արխիվում պահպանվող ՀԽՍՀ Երևանի Շահումյանի շրջանի Շահումյանի անվան 18-րդ շարտհամագումարի անվան կոլտնտեսության 1973 թվականի հողային ժապավենային մատյանից պարզվում է, որ Թորոս Երեմի Բաղդասարյանի անվամբ հաշվառված է 0,05 հա հողամաս (հատոր 1-ին, գ.թ. 31)։

6. Թորոս Բաղդասարյանի և Լուսիկ Բաղդասարյանի ամուսնությունը գրանցվել է 23.09.1965 թվականին Շահումյանի շրջանի ԶԱԳՍ-ի բաժնում (հատոր 1-ին, գ.թ. 41)։

7. Թորոս Բաղդասարյանը Կառլեն և Շահեն Բաղդասարյանների հայրն է:

8. Թորոս Բաղդասարյանը մահացել է 07.11.1992 թվականին, իսկ Լուսիկ Բաղդասարյանը` 29.01.1994 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 24)։

9. Լուսիկ Բաղդասարյանը 22.10.1993 թվականին արված կտակով Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 տունն ամբողջությամբ կտակել է իր թոռ Արմեն Բաղդասարյանին (հատոր 1-ին, գ.թ. 25)։

10. Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 06.08.2007 թվականի վճռի համաձայն` Մարուս Բաղդասարյանը Շահեն Բաղդասարյանի մահից հետո ճանաչվել է նրա ժառանգությունը փաստացի տիրապետմամբ ընդունած ժառանգ (հատոր 2-րդ, գ.թ. 7)։

11. 18.03.2008 թվականի ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից տրվել է թիվ 08-0008 եզրակացությունը, համաձայն որի` Երևանի Շահումյան 16 փողոցի թիվ 63 հասցեում գտնվող հողի ընդհանուր մակերեսը կազմում է 560 քմ, որից օրինական հատկացված հողամասի սահմաններում գտնվող տարածքի մակերեսը 551 քմ է, իսկ ինքնակամ զբաղեցված հողամասի մակերեսը` 9 քմ: Կառլեն և Արմեն Բաղդասարյանների կողմից օգտագործվող շինությունների մակերեսը կազմում է 122,2 քմ, այդ թվում օրինական շինություններ` 77,1 քմ, անօրինական շինություններ` 45,1 քմ: Վերջիններիս կողմից օգտագործվող շինություններն ամբողջությամբ գտնվում են 2-րդ հարկում: Մարուս Բաղդասարյանի կողմից փաստացի օգտագործվում է 1-ին հարկաբաժնից 132,6 քմ, այդ թվում` օրինական շինություններ` 74,8 քմ, անօրինական շինություններ` 57,8 քմ: Ատոմ Բաղդասարյանի կողմից փաստացի օգտագործվող շինություններն իրենցից ամբողջությամբ ներկայացնում են անօրինական շինություններ, որոնց ներքին օգտագործելի ընդհանուր մակերեսը կազմում է 488,7 քմ, այդ թվում 86,2 քմ մակերեսը` 1-ին հարկում, 81,2 քմ մակերեսը` 2-րդ հարկում: Վերջինիս հետազոտվող տարածքում առկա 1-ին հարկում գտնվող 12,3 քմ խորդանոցը և 52,4 քմ մակերեսով ավտոտնակն օգտագործվում է Կառլեն և Արմեն Բաղդասարյանների հետ համատեղ: Միայն Ատոմ Բաղդասարյանի կողմից օգտագործվող հողի մակերեսը կազմում է 154,7 քմ, որից 54,7 քմ գտնվում է հողամասի վերջնամասում, այդ թվում 23,2 քմ զբաղված է անօրինական շինություններով, 31,6 քմ շինություններից ազատ հողամաս է, իսկ 99,9 քմ իրենից ներկայացնում է հողամասի փողոցի նկատմամբ աջ գտնվող, շինություններով զբաղեցված հողամաս: Բացի վերոգրյալից, վերջինիս կողմից Մարուս, Կառլեն և Արմեն Բաղդասարյանների հետ համատեղ օգտագործվում է նաև 203,6 քմ հողամաս, որից 131,4 քմ-ը շինություններից ազատ հողամաս է, 12,3 քմ-ը` խորդանոցով զբաղեցված հողամաս, իսկ 59,9 քմ-ը` ավտոտնակով զբաղեցված հողամաս (հատոր 1-ին, գ.թ. 114-116)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե´ս, օրինակ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյանների և Քնարիկ Աղազարյան, Մանվել Սարիբեկյան և Քնարիկ Աղազարյան ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյանների` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը)։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ (տես Սամվել Հարությունյանն ընդդեմ Վահագն Սաքանյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, թիվ ՀՅՔԴ2/0106/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2010 թվականի որոշումը

Սույն գործում առկա ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 18.03.2008 թվականի թիվ 08-0008 եզրակացության համաձայն` Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 հասցեում գտնվող հողի ընդհանուր մակերեսը կազմում է 560 քմ, որից օրինական հատկացված հողամասի սահմաններում գտնվող տարածքի մակերեսը 551 քմ է, իսկ ինքնակամ զբաղեցված հողամասի մակերեսը` 9 քմ: Կառլեն և Արմեն Բաղդասարյանների կողմից օգտագործվող շինությունների մակերեսը կազմում է 122,2 քմ, իսկ այդ շինություններն ամբողջությամբ գտնվում են 2-րդ հարկում: Մարուս Բաղդասարյանի կողմից փաստացի օգտագործվում է 1-ին հարկաբաժնից 132,6 քմ մակերես, իսկ Ատոմ Բաղդասարյանի կողմից օգտագործվող հողի մակերեսը կազմում է 154,7 քմ մակերես: Ատոմ Բաղդասարյանի կողմից Մարուս, Կառլեն և Արմեն Բաղդասարյանների հետ համատեղ օգտագործվում է նաև 203,6 քմ հողամաս, որից 131,4 քմ-ը շինություններից ազատ հողամաս է, 12,3 քմ-ը` խորդանոցով զբաղեցված հողամաս, իսկ 59,9 քմ-ը` ավտոտնակով զբաղեցված հողամաս:

Վերաքննիչ դատարանը ձեռքբերման վաղեմության ուժով Ատոմ և Մարուս Բաղդասարյանների սեփականության իրավունքը ճանաչելիս պատճառաբանել է, որ դատաքննությամբ և գործի փաստերով հաստատվել է այն հանգամանքը, որ Շահեն Բաղդասարյանը հողամասի վրա կառուցել է կարգավիճակը չորոշված բնակելի տուն, որի կառուցումից հետո շուրջ 30 տարի և ավելի այն բակային տարածքով զբաղեցվում և օգտագործվում է Շահեն Բաղդասարյանի, այնուհետև որդու` Ատոմ Բաղդասարյանի ընտանիքի կողմից, վերջիններս հոգ են տարել գույքի նկատմամբ, տիրապետել են գույքը որպես սեփականը, և այդ տարիների ընթացքում սեփականատիրոջ կողմից գույքը հետ վերցնելու գործողություններ չեն կատարվել: Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 06.08.2007 թվականի վճռի համաձայն` Մարուս Բաղդասարյանը ճանաչվել է Շահեն Բաղդասարյանի մահից հետո նրա ժառանգությունը փաստացի տիրապետմամբ ընդունած ժառանգ: Հետևաբար Դատարանը միանգամայն իրավացիորեն բնակելի տան 1-ին հարկի օրինական շենք-շինությունների, ինչպես նաև բակային տարածքի նկատմամբ ճանաչել է Մարուս Բաղդասարյանի և Ատոմ Բաղդասարյանի սեփականության իրավունքը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է գործում առկա ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի թիվ 08-0008 եզրակացությամբ հիմնավորվող այն փաստը, որ վիճելի հասցեում առկա շինություններով չծանրաբեռնված հողամասն ընդամենը 131,4 քմ է, որն էլ ընդհանուր օգտագործման տարածք է: Ուստի հիմնավոր է բողոք բերած անձանց փաստարկն այն մասին, որ վիճելի հասցեի բակային տարածքն օգտագործվում է նաև Կառլեն և Արմեն Բաղդասարյանների կողմից, հետևաբար այդ տարածքի նկատմամբ Ատոմ և Մարուս Բաղդասարյանների տիրապետման բարեխղճությունը բացակայում է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 48-րդ հոդվածի իրավական վերլուծությանը:

Մասնավորապես Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշակություն ունեցող փաստերը՝ ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից (տե´ս՝ Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի հայցն ընդդեմ Սեդա Սարգսյանի՝ գրավադրված գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, և Սեդա Սարգսյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 որոշումը):

Սույն գործով Ատոմ և Մարուս Բաղդասարյանները հակընդդեմ հայցով պահանջել են ճանաչել իրենց սեփականության իրավունքը Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 հասցեում գտնվող, Շահեն Բաղդասարյանի անվամբ հատկացված 300 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շինությունների նկատմամբ:

Մինչդեռ ինչպես Վերաքննիչ դատարանի որոշումից, այնպես էլ Դատարանի վճռից պարզ չէ, թե վիճելի հասցեի բնակելի տան 1-ին հարկի օրինական շենք-շինությունները, դրանց սպասարկող հողամասը և բակային տարածքը, որոնց նկատմամբ Վերաքննիչ դատարանի որոշմամբ ճանաչվել է հակընդդեմ հայցվորների սեփականության իրավունքը, համընկնում են արդյոք վիճելի հասցեում Շահեն Բաղդասարյանի անվամբ հատկացված 300 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շինությունների ֆիզիկական չափերի ու փաստացի կարգավիճակի հետ: Դատարանը չի տարանջատել Շահեն Բաղդասարյանի անվամբ հատկացված 300 քմ հողամասը Թորոս Բաղդասարյանին պատկանող 500 քմ հողամասից, ինչի արդյունքում պարզ չէ` վիճելի հասցեի բակային տարածքը Թորոս Բաղդասարյանին, թե Շահեն Բաղդասարյանին պատկանող հողատարածքի վրա է գտնվում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ առումով Դատարանի վճիռը որոշակի չէ, ինչն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից բողոքի քննության ժամանակ: Մասնավորապես, անհրաժեշտ է պարզել, թե Թորոս Բաղդասարյանի անվամբ հատկացված 800 քմ հողամասից Շահեն Բաղդասարյանին հատկացված 300 քմ տարածքը վիճելի հասցեում կոնկրետ որ հատվածն է զբաղեցնում և արդյոք նշված բակային տարածքը, ինչպես նաև բնակելի տան 1-ին հարկի օրինական շենք-շինություններով ծանրաբեռնված հողամասը մտնում են այդ 300 քմ տարածքի կազմի մեջ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է Դատարանի կողմից սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող մի շարք փաստեր չպարզելու հանգամանքը, ինչպես նաև սույն գործով փորձագետի կողմից տրված եզրակացությամբ պարզված գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները պատշաճ չգնահատելու փաստը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.03.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Վճռաբեկ բողոքի համար հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան